Չեմ հիշում հիմա, թե անունն ի՞նչ էր …
Հայացքը տխուր, տխուր ու ջինջ էր։
Մորթը սեւուկ էր ու չալ էր պոչը,
Աստղերի հետ էր նրա հաչոցը …
Նրա ոռնոցը լուսնի դեմքին էր,
Ու նրա տեղը մեր տան շեմքին էր։
Հետո ամեն ինչ մեգ-մշուշում է,
Եվ մշուշի մեջ ոռնում է շունը։
… Նա մեր գնալու հոտը առել էր,
Ցավից կուչ եկել ու պառավել էր։
Տխուր էր այնպես ու սրտադող էր,
Ոռնում էր անվերջ, փորում էր հողը։
Եվ շան մասին էր իմ տատի հարցը.
– Ի՞նչ պիտի լինի խեղճ արարածը։
Հետո ամեն ինչ մեգ-մշուշում է,
Ու մշուշի մեջ ոռնում է շունը։
… Մեր բեռը կապած ու ձին բարձած էր,
Մեր դռան առաջ արցունք ու լաց էր։
Շունը կլանչում, շեմքը թողնում էր,
Փաթաթվում տատիս, տխուր ոռնում էր։
Մերթ վազում դեպի մեր քարավանը,
Մերթ ետ էր դառնում, պառկում դռանը։
Հարցում էր անում, ասես, մեր շունը.
Թե թողի՞ արդյոք այգին ու տունը,
Ծանոթ աստղերը, ծանոթ լուսինը,
Որ ամեն գիշեր մեր տան ուսին էր։
Հետո ամեն ինչ մեգ-մշուշում է,
Ու մշուշի մեջ ոռնում է շունը։
… Տխուր զնգում էր ձիու զանգակը,
Մեր ճամփան հեռու երկնքի տակ էր։
Ու քանի անգամ, ախ, քամի-քամի,
Նա եկավ հետքով մեր քարավանի։
Հեւիհեւ էր նա, լեզուն հանած էր,
Խոնավ աչքերում խոնավ մի հարց էր։
Փաթաթվում էր ինձ, լիզում էր ձեռքս,
Կիսում էր հացս, կիսում էր վերքս։
Ոռնում, վայում էր նա գիշերն ամբողջ
Ու ետ սլանում իր եկած ճամփով։
Հետո ամեն ինչ մեգ-մշուշում է,
Ու մշուշի մեջ ոռնում է շունը։
Կլանչում է նա, վազում հեւիհեւ
Մեր քարավանի ու մեր տան միջեւ …
ՓՈՒՇԸ
… Ու մինչեւ հիմա չգիտեմ հաստատ,
Դեղին տե՞նդ է դա,
Երա՞զ է,
Թե՞ հուշ …
Գնո~ւմ է, գնում հոգնած մի մանուկ
Ոտաբոբիկ է,
Ճանապարհը` փուշ։
Ամռան արեւը դաշտին ու սարին
Իր դեղին ու տաք մորմոքն է քամել,
Մանուկը նստել շիկացած քարին
Եվ ուզում է փուշն իր ոտքից հանել։
Ու մինչեւ հիմա դեղին տենդի մեջ
Արեւն իր դեղին մորմոքն է քամում …
Մանուկն ուզում է
Ոտքի փուշն հանել,
Բայց մինչեւ օրս չի’ կարողանում։
ԵՎ ՄԻ ԱՇԽԱՐՀ ՄՆԱՑ ԱՅՆՏԵՂ …
Եվ մի աշխարհ մնաց այնտեղ` բարդիներով, գետերով,
Լեռներն ի վար ծալ-ծալ իջնող անիրական եթերով։
Եվ մնացին ակնաղբյուրներ, որ բխում աջ ու ձախից
Ու արծաթե թարթիչներին լույս են տանում ու թախիծ։
Եվ կատարներ, որոնց վրա` ոտքերի տակ ձյուն ու ամպ,
Արշալույսն է միայն կանգնում իր բարբարոս մերկությամբ։
Եվ լճակներ, որ ծվարած կատարներին, վերերում,
Միայն աստծո ու աստղերի ցոլանքից են երերում։
Մնաց քամին թափառական, մնաց քարափն ամայի,
Քարափի տակ մի բուռ կանաչ ու անմոռուկ մի վայրի։
Եվ մնացին արահետներ, որ շվարած կարկամում
Ու չգիտեն, ո՞ւր են գալիս, ո՞ւր են գնում, ո՞ւր տանում։
Եվ հանդերում, լուսնյակի տակ մնացին տաղ ու կանչեր,
Որ գիշերով զարթնում հանկարծ եւ ուզում են ղողանջել։
Եվ ծայրեծայր մնաց մի գետ, որ փրփրած ծառանում,
Հետո անզոր փշրվելով, իր որձաքարն է ծամում …
ՄԵՐ ԾԻԾԵՌՆԱԿԸ
Եվ երեւի հաջորդ գարուն,
Երբ աչք բացեց մեր տան առուն,
Ծեղկեց մեր թուփն ու ծառը մեր,
Վերադարձավ ծիծառը մեր,
Որ ձագ հանի մեր տան քիվին,
Նորից երկինքն առնի թեւին,
Ճախրի թեթեւ ու թեւածի,
Լույսերի մեջ լուսաբացի …
Բայց տեսնելով թափուր մի տուն,
Մամռած մի սեմ, բակ մի տրտում,
Ի՞նչ իմանաս, նա ի՞նչ արեց …
Ա~խ, երեւի թափահարեց,
Մեկ ցած իջավ, մեկ ելավ վեր,
Ճչաց տխուր ու կարեվեր,
Եվ տեսնելով, որ արդեն բուն
Պատի խորշում դրել է բույն,
Փետուրները քամուն տված,
Մեր տան վրա տխուր ծվաց …
Եվ այլ մի հավք նստած ծառին
Երբ հարց տվեց մեր ծիծառին,
Թե` ծիծեռնակ, դու էս գարում
Ինչո՞ւ կուլաս կուց-կուց արուն,
Ի՞նչ իմանաս, ի՞նչ ձայն հանեց,
Մեր ծիծառն ի՞նչ պատասխանեց …
ԱՅՆՏԵՂ, ԱՐԵՎՈՏ ԱՅՆ ՔԱՐԱՓՆԵՐԻՆ
Այնտեղ` արեւոտ այն քարափներին
Իմ մանկությունը պիտի ղողանջեր,
Թառեր Եփրատի փրփրած թեւին
Եվ ընկուզենու կատարից կանչեր։
Կիրճերի մթին քարանձավներում
Որոներ պիտի նա գաղտնիք ու գանձ,
Սլանար պիտի հանդերի հեռուն
Ու տուն գար, ամռան բուրմունքը հագած։
Կավե կտուրից պիտի գիշերով
Ջրվորի տաղին նա ականջ դներ,
Երկնքից բռներ ասուպներ ու շող
Եվ այդ ամենը ծոցն առած, քներ …
Եվ լուսաբացին անուշ քնի մեջ
Նա լսեր պիտի երգը մաքոբի,
Ու վրան փռվեր այն երկինքը մեծ
Իբրեւ աստծո կապուտակ ոգի։
Բայց հուշի փշուր, մոխիր է ու հող,
Հանգած ասուպ է ու շող է տրտում,
Հեռավոր հովտում դանդաղ ավերվող
Քարե մի տնակ, հայրենի մի տուն։
ԿԱՊՈՒՅՏ ԱՆԴՈՒՆԴ
Եվ հիմա այնտեղ խորունկ մի ձորում
Գարունն է վառում քնքշանքն իր վայրի,
Ձնծաղկի աչքից կապույտ է ծորում,
Կապույտով լցնում անդունդն ամայի։
Աղբյուրը ժայռից ներեւ է կախում
Իր հեկեկանքն ու լույսը իր թախծի,
Եվ պատառոտված ժայռի երախում
Շվար դողում է մենավոր մի ծիլ։
Անդունդներն ի վար թավալվում են դեռ
Զարթնող որոտներ ու մեռնող ձյուներ,
Ու լեռներն ի վեր գալարվում են դեռ
Անձեւ կարոտներ ու թախծություններ։
Գարնան պաղ քամին մոլորվում ձորում,
Քարայր է մտնում, որ տխուր վայի,
Ձնծաղկի աչքից թախիծ է ծորում,
Թախիծո’վ լցնում անդունդն ամայի։
ՁԱՅՆԵՐ
… Ու գիտեմ հաստատ,
Որ երբ գիշերն է իջնում աշխարհին,
Երբ քարափներից լուսինը թել-թել ցնորք է կախում,
Երբ քարաքոսը գայլի մորթու պես ցոլանք է տալիս,
Եվ հովն է զնգում քարանձավների մթին երախում,
Այնտեղ`
Ճամփեքին ու ամայացած հովիտներն ի վեր,
Այնտեղ`
Լեռներում ու շեների մեջ այն ավերակված
Զարթնում են հանկարծ վաղեմի ձայներ,
Արձագանքներ են արթնանում հանկարծ։
Զարթնում են ձայներ,
Որ իրիկնային ղողանջ են եղել,
Եղել հորովել` հովերի մեջ տաք,
Քարափի գլխից մանկանը կանչող մոր կանչ են եղել
Ու ջրվորի տաղ` լուսնկայի տակ …
Որ վարդավառի ուրախ ու տխուր զնգոց են եղել
Ու եղել հառաչ ու եղել են սուգ,
Ձայներ, որ թաքուն ու գոց են եղել,
Եղել են հեռվից պանդուխտին կանչող,
Հարսի լի կուծքը գիշերով տանջող,
Տանջող, ախ, տանջող տաք ու խուլ շշուկ։
Ու ձայներ, ձայներ` աստծո հետ խոսող,
Ձայներ ծնկաչոք, ձայներ աղերսող,
Ձայներ խնկահոտ ու հողոտ ձայներ,
Ձայներ արեւոտ ու շողոտ ձայներ …
Արթնանում հանկարծ, իրար են գալիս,
Լուսնկայի տակ ծիծաղում, լալիս,
Զրնգում են զիլ,
Տվայտում են խուլ
Եվ լուսաբացին պապանձվում նորից,
Քար ու փշի մեջ ննջում են տխուր։