Երբ դեռ շատ փոքր տղա էի, ինձ հանձնարարում էին անգիր սովորել Լաֆոնտենի որոշ առակներ և մանրակրկտորեն բացատրում էին յուրաքանչյուրի բարոյախոսությունը։ Սովորածներիս մեջ կար «Մրջյունն ու մորեխը», որը հնարվել է երիտասարդների գլուխը մտցնելու այն օգտակար դասը, որ անկատար աշխարհում ջանասիրությունը պարգևատրվում է, իսկ թեթևսոլիկությունը՝ պատժվում: Այս հիանալի առակի մեջ (ներողություն եմ խնդրում պատմելու համար մի բան, որը, ամենայն քաղաքավարությամբ, բոլորը, գուցե և ոչ շատ ճշտորեն պետք է իմանան) մրջյունը, ձմռան պաշարը դիզելով, ժրաջան ամառ է անցկացնում, մինչ մորեխը` խոտի վրա նստած, երգում է արևին: Գալիս է ձմեռը և մրջյունը լիովին ապահովված է, մինչ մորեխի մթերանոցը դատարկ է։ Նա գնում է մրջյունի մոտ և մի փոքր ուտելիք մուրում։ Ապա մրջյունը տալիս է իր դասական պատասխանը.
– Ամռանն ի՞նչ էիր անում։
– Ներիր անկեղծությանս համար, բայց երգում էի, օր ու գիշեր երգում։
– Երգում էիր, դե ուրեմն գնա ու պարիր։
Առակի հետ հաշտվելու անկարողությունս չեմ վերագրում իմ ներհակությանը, ավելի շատ՝ մանկության, որը բարոյական առումով պակասավոր է, անհետևողականությանը։ Իմ համակրանքը ուղղված էր դեպի մորեխը և կար ժամանակ, երբ չէր լինում, որ մրջյուն տեսնեի ու ոտքս վրան չդնեի։ Այս ամփոփային (և ինչպես հետո բացահայտեցի՝ ամբողջապես մարդկային) կերպով փորձում էի արտահայտել իմ անհամաձայնությունը խոհեմության և ողջախոհության հետ:
Ինքս չհասկացա, թե ինչպես մտքիս եկավ այս առակը, երբ այն օրը ռեստորանում տեսա միայնակ միջնաճաշող Ջորջ Ռամզիին։ Երբեք չէի տեսել, որ որևէ մեկի դեմքն այսքան խորը վհատության արտահայտություն ունենար: Ուղիղ մի երևակայան կետի էր նայում։ Այնպիսի տեսք ուներ, ասես ամբողջ աշխարհի հոգսերն իր ուսերի վրա լինեին։ Կարեկցեցի նրան, իսկույն ենթադրեցի, որ նրա ձախորդ եղբայրը նորից անախորժության մեջ է նրան գցել։ Ես մոտեցա նրան և մեկնեցի ձեռքս։
– Ինչպե՞ս ես․ – հարցրի ես։
– Ուրախ-զվարթ տրամադրություն չունեմ։
– Թո՞մն է կրկին։
Նա հառաչեց։
– Այո, կրկին Թոմն է։
– Ինչո՞ւ նրանից ձեռք չես քաշում։ Նրա համար հնարավորն ու անհնարինն ես արել։ Պետք է որ արդեն հասկացած լինես, որ անհույս է։
Կարծում եմ, որ ամեն ընտանիք իր սև ոչխարն ունի։ Թոմը քսան տարի շարունակ նրա ցավագին փորձանքն էր։ Կյանքը բավականին վայելուչ կերպով էր սկսել՝ գործ էր դրել, ամուսնացել և երկու երեխա ունեցել։ Ռամզիները կատարյալ հարգանք վայելող մարդիկ էին, և կային բոլոր հիմքերը ենթադրելու, որ Թոմ Ռամզին պիտանի և պատվաբեր կարիերա պիտի ունենա։ Բայց ահա մի օր, առանց նախազգուշացման, նա հայտարարում է, որ չի սիրում աշխատանքը և որ ամուսնական կյանքն իր համար չէ։ Ցանկանում էր վայելել կյանքը։ Խրատներ լսել չէր կամենում։ Թողնում է կնոջն ու իր գործը։ Մի քիչ փող ուներ, երկու երջանիկ տարի անցկացնում է Եվրոպայի տարբեր քաղաքամայրերում: Նրա արարքների մասին լուրերը ժամանակ առ ժամանակ հասնում են իր բարեկամներին, ովքեր խորապես ցնցված էին: Անկասկած, շատ լավ ժամանակ էր անցկացնում։ Բարեկամները գլուխներն էին թափահարում և հարցնում՝ ի՞նչ էր լինելու, երբ նրա փողերը սպառվեին։ Շուտով պարզեցին՝ պարտք էր վերցնում։ Հմայիչ էր և խարդախ։ Ես երբեք չեմ հանդիպել մեկին, ում ավելի դժվար լիներ մերժել պարտք տալը։ Նա կայուն եկամուտ էր ստանում իր ընկերներից և հեշտությամբ էր նոր ընկերներ ձեռք բերում: Այնուհանդերձ միշտ ասում էր, որ անհրաժեշտությունների վրա գումար ծախսելը ձանձրալի է. զվարճալի է ծախսել այն փողը, որը ծախսում ես շքեղ բաների վրա: Այդ իսկ պատճառով կախման մեջ էր իր եղբայր Ջորջից։ Իր հմայքը եղբոր վրա կիրառել չէր ափսոսում։ Ջորջը լուրջ մարդ էր և անկարեկից էր նման հրապուրիչ սադրանքներին: Հարգարժան մարդ էր։ Մեկ-երկու անգամ հավատաց Թոմի՝ փոխվելու խոստումներին, և զգալի գումարներ տվեց, որպեսզի նա կարողանա նոր սկիզբ դնել։ Այդ գումարներով Թոմը գնեց ավտոմեքենա և մի քանի շատ գեղեցիկ զարդեր։ Սակայն, երբ հանգամանքները ստիպեցին Ջորջին գիտակցել, որ իր եղբայրը երբեք չի հանգստանա, և նա ձեռքերը լվաց իրենից, Թոմը՝ առանց երկմտելու, սկսեց եղբորից գումարներ շորթել։ Մեծապատիվ փաստաբանի համար այնքան էլ դուրեկան չէր եղբորը տեսնել իր սիրելի ռեստորանի բարի հետևում կոկտեյլներ թափահարելիս կամ իր ակումբի մուտքի մոտ՝ տաքսու վարորդի նստատեղին: Թոմն ասաց, որ բարում աշխատելը կամ տաքսի վարելը լիովին պարկեշտ աշխատանք է, բայց եթե Ջորջը կարողանար նրան աջակցել մի քանի հարյուր ֆունտով, դեմ չէր լինի հրաժարվել դրանցից հանուն ընտանիքի պատվի։ Ջորջը վճարեց։
Մեկ անգամ Թոմը քիչ էր մնում բանտում հայտնվեր։ Ջորջը սարսափելի էր բարկացել։ Անցավ այդ ամբողջ վարկաբեկիչ պատմության միջով։ Իրոք, Թոմը շատ էր չափերն անցել։ Նա անզուսպ, անմիտ ու եսասեր էր, սակայն մինչ այդ երբեք անպարկեշտ բան չէր արել, դա ասելով Ջորջն ի նկատի ուներ՝ անօրինական, և եթե գործը հասներ դատարան, նա վստահաբար կդատապարտվեր: Չես կարող թույլ տալ, որ միակ եղբայրդ բանտ ընկնի։ Այն մարդը, որին Թոմը խաբել էր՝ Քրոնշոու անունով մեկը, ոխակալ գտնվեց: Նա գործը դատարան տանելուն վճռական էր տրամադրված. ասում էր, որ Թոմը սրիկա է և պետք է պատժվի: Գործը հարթելը Ջորջին անսահման դժվարություններ և հինգ հարյուր ֆունտ սթերլինգ արժեցավ։ Ես երբեք նրան այդպիսի զայրույթի մեջ չէի տեսել, երբ նա իմացել էր, որ Թոմն ու Քրոնշոուն վճարագիրը կանխիկացնելուն պես միասին Մոնտե Կառլո են մեկնել։ Մեկ երջանիկ ամիս անցկացրին այնտեղ։
Քսան տարի շարունակ Թոմը մասնակցում էր մրցարշավների, թղթախաղով զբաղվում, փոխեփոխ լինում ամենասիրունիկ աղջիկների հետ, պարում, ուտում ամենաթանկ ռեստորաններում և գեղեցիկ հագնվում։ Միշտ այնպիսի տեսք ուներ, ասես հարսանիքի գնար։ Թեև նա քառասունվեց տարեկան էր, նրան երբեք երեսունհինգից ավել չէիք տա։ Ծայրաստիճան զվարճալի ուղեկից էր, և թեև գիտեիք, որ կատարյալ անպիտանի մեկն է, չէիք կարող չվայելել նրա ընկերակցությունը: Նա բարձր տրամադրության, անփոփոխ զվարթության և անհավատալի հմայքի տեր մարդ էր։ Երբեք չկամությամբ չեմ տվել այն գումարները, որոնք նա պարբերաբար գանձում էր ինձնից իր գոյության կարիքների համար։ Երբեք չի եղել, որ նրան հիսուն ֆունտ տամ ու չզգամ, որ ես եմ իր պարտապանը։ Թոմ Ռամզին գիտեր բոլորին, և բոլորը գիտեին Թոմ Ռամզիին։ Չէիք կարողանա նրան ձեր հավանությունը տալ, բայց և չէր ստացվի նրան չհավանել։ Խեղճ Ջորջը սրիկա եղբորից ընդամենը մեկ տարի էր մեծ, սակայն վաթսուն տարեկանի տեսք ուներ։ Քառորդ դար շարունակ տարվա ընթացքում երկու շաբաթից ավել արձակուրդ վերցրած չկար։ Ամեն առավոտ՝ ժամը ինն անց երեսունին իր աշխատասենյակում էր և մինչև ժամը վեցն այն երբեք չէր լքում: Ազնիվ, աշխատասեր և արժանավոր մարդ էր։ Ուներ լավ կին, ում հանդեպ երբեք անհավատարիմ չէր եղել՝ նույնիսկ մտքում, և չորս դուստր, ում համար նա աշխարհի ամենալավ հայրն էր։ Նպատակ էր դրել խնայելու իր եկամտի մեկ երրորդը, ծրագրել էր թոշակի անցնել հիսունհինգ տարեկանում, երբ կհեռանար գյուղական մի փոքրիկ տուն, որտեղ կմշակեր իր այգին և գոլֆ կխաղար։ Իր կյանքն անմեղ էր։ Ուրախ էր, որ ծերանում է, որովհետև իր հետ միասին ծերանում էր նաև Թոմը։ Նա շփեց ձեռքերն ու ասաց․
– Ամեն ինչ շատ լավ էր, երբ Թոմը երիտասարդ էր և գեղեցիկ, բայց նա ընդամենը մեկ տարով է ինձնից փոքր: Չորս տարի հետո կդառնա հիսուն տարեկան։ Կյանքն այլևս հեշտ չի լինի նրա համար։ Մինչև հիսուն տարեկանս ես կունենամ երեսուն հազար ֆունտ: Քսանհինգ տարի է ասում եմ, որ Թոմի վերջը տականքների կողքին է գալու։ Դեռ կտեսնենք, թե դա նրան որքանով դուր կգա։ Կտեսնենք՝ իրականում ինչն է կյանքում վարձատրվում՝ աշխատա՞նքը, թե՞ պարապ մնալը։
Խե՛ղճ Ջորջ։ Ապրումակցում էի նրան։ Հիմա, երբ նստել էի նրա կողքին, ցանկանում էի իմանալ, թե ի՞նչ խայտառակ բան է արել Թոմը։ Ջորջն ակնհայտորեն շատ զայրացած էր։
– Գիտե՞ս թե այս անգամ ինչ է արել․ – հարցրեց նա։
Ես պատրաստվեցի վատագույնին։ Մտածում էի՝ արդյո՞ք Թոմը վերջապես ոստիկանների ձեռքն է ընկել։ Ջորջը մի կերպ ստիպեց ինքն իրեն խոսել։
– Չես կարող ժխտել, որ իմ ամբողջ կյանքում ես աշխատասեր, պարկեշտ, հարգալից և ուղղամիտ եմ եղել: Աշխատանքով և գումարներ մեկ կողմ դնելով լի կյանքից հետո կարող եմ ակնկալել, որ կանցնեմ թոշակի՝ ոսկեզր արժեթղթերից փոքր եկամուտ ունենալով: Ես միշտ կատարել եմ իմ պարտքը կյանքի այն իրավիճակներում, որոնցում Աստվածային նախախնամությունն է կամեցել ինձ դնել։
– Ճիշտ ես։
– Եվ դու չես կարող ժխտել, որ Թոմը՝ պարապ, անպիտան, անառակ ու անպատիվ սրիկայի մեկն է եղել։ Եթե լիներ արդարություն, նա պիտի վաղուց աղքատանոցում լիներ:
– Ճիշտ ես։
Ջորջի դեմքը կարմրեց։
– Մի քանի շաբաթ առաջ նա նշանվեց մի կնոջ հետ, ով այնքան մեծ էր, որ կարող էր իր մայրը համարվել։ Նա շուտով մահացավ և Թոմին թողեց իր ամբողջ ունեցվածքը: Կես միլիոն ֆունտ, շքանավ, տուն Լոնդոնում ու մեկն էլ գյուղում։
Ջորջ Ռամզին բռունցքով հարվածեց սեղանին։
– Արդար չէ, ախր արդար չէ: Անիծվես դու, արդար չէ:
Չկարողացա զսպել ինձ։ Ծիծաղի պոռթկում ունեցա, երբ տեսա Ջորջի կատաղի դեմքը, թավալվեցի աթոռի վրա, որից քիչ էր մնում հատակին հայտնվեի։ Ջորջն ինձ այդպես էլ չներեց։ Մինչ Թոմն ինձ հաճախ է հրավիրում Մեյֆեյրի իր հիասքանչ տուն՝ գերազանց ճաշկերույթների, և եթե նա երբեմն ինձնից մի փոքր պարտք է վերցնում, դա անում է պարզապես իր սովորությանը համաձայն: Երբեք ոչ ավել քան մեկ սովերեն։
Թարգմանությունը անգլերենից՝ Նորայր Մանվելյանի
Աշխատանքը կատարվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանական ծրագրի շրջանակներում՝ Շուշան Ավագյանի ղեկավարության ներքո։