Ջուլիան Բարնս | Ամուսնական կապեր

Թվին Օթթերը կիսով չափ էր լցվել, երբ պատրրաստվում էր թռիչքի Գլազգոյի օդանավակայանում․ մի քանի կղզիաբնակներ, որոնք վերադառնում էին մայրցամաքից, և հանգստյան օրերից շուտ հանգստի մեկնող մի քանի զբոսաշրջիկներ՝ արշավային կոշիկներով և ուղեպարկերով։ Համարյա մեկ ժամ թռչում էին ամպերի անընդհատ փոփոխվող պատկերների վրայով։ Հետո նրանք մի փոքր իջան, և սկսեցին երևալ կղզու՝ ասես ոլորահատ սղոցով մասնատված կտորները։
Միշտ սիրել է այդ պահը։ Հրվանդանի պարանոցը, Ատլանտյան օվկիանոսի` Թրեյգ Էյս երկարաձիգ լողափը, մեծ, սպիտակ բունգալոն՝ իր մշտական աղմուկով, հետո դանդաղ շրջադարձ Օրոսայ բլրավուն կղզեխմբի վրայով, և վերջնական մոտեցումը հարթավայրին՝ շողշողացող Թրեյգ Մհորին։ Ամառային ամիսներին օդանավի մեջ կարելի է լսել մայրցամաքի բնակիչներից մեկի զիլ ձայնը, որն ուզում է տպավորություն գործել սիրելիի վրա՝ ինքնաթիռի պտուտակի աղմուկը սեփական ձայնով խլեցնել փորձելով։ «Աշխարհի միա՜կ վճարովի լողափային վայրէջքի գոտին»։ Բայց տարիքի հետ հանդուրժողական էր դարձել նույնիսկ նման բաների նկատմամբ։ Այդ ամենն այստեղի ժողովրդական բանահյուսության մի մասն է։
Նրանք կտրուկ վայրէջք կատարեցին փրփրալիքներով ծածկված լողափում, և մանր-մունր ջրափոսերով սլանալիս շիթերը սկսեցին ցայտել ինքնաթիռի թևերին։ Այնուհետև ինքնաթիռը գլավարեց դեպի աէրոկայան, իսկ մի քանի րոպե անց խախուտ երկաթյա սանդուղքով արդեն իջնում էին լողափ։ Մոտակայքում կանգնած էր կցասայլով տրակտորը, որպեսզի նրանց ուղեբեռները տաներ մի քանի յարդ այն կողմ և իջեցներ խոնավ ամբարտակի վրա, որն իբրև ուղեբեռի ստացման կայան էր ծառայում։ Նրանք, նրանց․ գիտեր, որ այսուհետ պետք է վարժվեր եզակի թվով դերանուններին։ Այդ պահից սկսած դա նրա նոր կյանքի նոր քերականությունն էր։
Կալումը սպասում էր նրան՝ հայացքը հառած նրա հետևից եկող ուղևորներին։ Նույնն էր՝ նիհար, ճերմակ մազերով և կանաչավուն բաճկոնը հագին, ամեն տարի ճիշտ այդ նույն տեսքով էր դիմավորում նրանց։ Կալումը Կալումն էր․ ոչինչ չէր հարցնում, ուղղակի սպասում էր։ Քսան կամ ավելի տարի էր, ինչ որոշակի մտերմական պաշտոնականությամբ շփվում էին միմյանց հետ։ Այժմ այդ կանոնավորությունը, այդ կրկնությունը և այն ամենը, ինչ ներառված էր դրանում, խախտվել էր։
Մինչ ֆուրգոնը շարժվում էր միակողմանի ճանապարհով, քաղաքավարի կերպով ճանապարհ զիջելով հանդիպակաց եկող ավտոմեքենաներին, Կալումին պատմեց պատմությունը, որն արդեն հոգնել էր կրկնելուց։ Հանկարծակի հոգնածություն, գլխապտույտի նոպաներ, արյան անալիզներ, տոմոգրաֆիա, հիվանդանոց, հետո էլի հիվանդանոց, հոսփիս։ Այդ ամենի արագությունը, զարգացումը և իրադարձությունների անողոք ընթացքը։ Պատմում էր առանց արցունքների և չեզոք ձայնով, այսես այդ ամենն ինչ-որ օտար մեկի հետ էր կատարվել։ Մինչև այդ պահը հենց այդպես էր արել։
Մթագույն քարե քոթեջի մոտ Կալումը կտրուկ արգելակեց։
-Աստված հոգին լուսավորի, – կամացուկ ասաց նա և վերցրեց ուղեպայուսակը։
Երբ առաջին անգամ եկել էին այդ կղզի, դեռ ամուսնացած չէին։ Նրա մատնեմատին մատանի կար՝ ի հաճույս ո՞ւմ, կա՞մ ինչին․ կղզու մտացածին բարոյականության։ Այդպիսով նրանք ցույց էին տալիս միաժամանակ և՛ իրենց գերազանցությունը, և՛ իրենց երկերեսանիությունը։ Նրանց՝ Կալումի և Ֆլորայի հյուրատանն ամրագրած սենյակը սպիտակեցված պատերով էր, պատուհաններին անձրևի չորացած կաթիլներ էին, իսկ պատուհաններից այն կողմ տեսարան էր բացվում դեպի հարթավայրը և Բեն Մարտին լեռան կտրուկ վեր բարձրացող լանջը։ Առաջին գիշերը բացահայտեցին, որ անկողինն այնքան էր ճռճռում, որ ունակ չէր հանդուրժելու ոչ մի ուրիշ ակտիվություն՝ բացի երեխաների պասիվ, գինեսթափ բեղմնավորումից։ Զավեշտալի սահմանափակման մեջ էին հայտնվել։ «Կղզային սեքս, – կամացուկ ծիծաղում էին նրանք՝ մարմիններով միմյանց հպված»։
Նոր հեռադիտակ էր գնել՝ հատուկ այդ ճանապարհորդության համար։ Կղզու խորքը լիքն էր արտույտներով և լեռնային կանեփահավերով, ճնճղուկանման թռչուններով և խաղտտիկներով։ Ջրափնյա գծով պտտվում էին կիվիվները և ձիաթռչնակները։ Բայց ամենից շատ նա սիրում էր ծովային թռչուններին, ինչպիսիք են ջրագռավները, խոլահավերը և մրրկահավերը։ Բթամատով և մեջտեղի մատով ֆոկուսավորելով հեռադիտակը՝ ժամեր շարունակ ժայռերի խոնավ լանջերի վրայից համբերատար հետևում էր նրանց օդային պտույտներին և անկախ ճախրին։ Նրա սիրելիները մրրկահավերն էին։ Թռչուններ, որոնք ողջ կյանքն անցկացնում են ծովում, միայն բույն շինելու համար են ցամաք դուրս գալիս։ Այնուհետև ձու են հանում, մեծացնում են իրենց ճուտիկին, իսկ հետո նորից հետ են գնում ծով՝ սահելով ալիքների վրայով, բարձրանալով օդային հոսանքների վրա, վերադառնալով իրենց իրական էությանը։
Կինը գերադասությունն ավելի շատ տալիս էր ծաղիկներին, քան թռչուններին։ Ծովային մեխակներ, աքլորաբբուկներ, մանուշակագույն թիթեռնածաղկավորներ, հիրիկներ։ Հիշեց, որ ինքնաբույժ կոչվող ինչ-որ բույս կար։ Այդ ամենը նրա գիտելիքներից և հիշողություններից դուրս էր, մոռացվել էր։ Ո՛չ այստեղից, ո՛չ էլ առհասարակ որևէ տեղից երբեք ծաղիկներ չէր քաղում։ «Քաղել ծաղիկը նշանակում է կնքել նրա մահկանացուն, – ասում էր նա»։ Ատում էր ծաղկամանները։ Հիվանդանոցում մյուս հիվանդները, տեսնելով, որ նրա անկողնու ոտնամասի երկաթյա սեղանիկը դատարկ էր, կարծում էին, որ նրա ընկերներն անտարբեր էին, և փորձում էին իրենց ավելորդ ծաղկեփնջերը նրան նվիրել։ Այդ ամենը շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև որ չտեղափոխվեց առանձին պալատ, դրանից հետո այդ թեման մեկընդմիշտ փակվեց։
Առաջին տարին, երբ եկել էին, Կալումը նրանց ցույց էր տվել ամբողջ կղզին։ Մի անգամ կեսօրին, երբ լողափում էին, որտեղ Կալումը սիրում էր փորել և ծովային կակղամորթներ հանել ավազի միջից, հայացքը դեպի հեռուն հառեց, և սկսեց խոսել, ասես ծովին էր դիմում․ «Գիտե՞ս պապս և տատս միմյանց երդում տալով են ամուսնացել։ Հին ժամանակներում միայն դա բավական էր ամուսիններ դառնալու համար։ Հավանել և երդում տալ։ Ամուսնանում էին, երբ լուսինը դուրս էր գալիս, և մակընթացություն էր լինում․ ասում են՝ այդ ամենը երջանկություն էր բերում։ Իսկ ամուսնությունից հետո հատակին մի հատ կոշտ ներքնակ էր լինում։ Առաջին գիշերվա համար։ Իմաստն այն էր, որ իրենց ամուսնական կյանքը հնազանդ և խոնարհ կերպով էին սկսում»։
-Օ՜, ի՜նչ հրաշալի է, Կա՛լում, – ասաց կինը։
Բայց նա զգացել էր, որ դա հանդիմանություն էր իրենց անգլիական սովորություններին, իրենց ինքնապաստանությանը, իրենց լռակյաց ստին։
Երկրորդ անգամ ամուսնությունից մի քանի շաբաթ հետո էին վերադարձել այստեղ։ Ում հանդիպում էին, ուզում էին պատմել, բայց կղզին միակ տեղն էր, որ դա անելն իմաստ չուներ։ Հավանաբար լավ էր նրանց համար․ լինել հիմարության աստիճանի երջանիկ, բայց դատապարտված լռության։ Հավանաբար դա ամուսնական կյանքը հնազանդ և խոնարհ կերպով սկսելու նրանց եղանակն էր։
Այնուամենայնիվ՝ նա զգում էր, որ Կալումն ու Ֆլորան գլխի էին ընկել։ Անկասկած, դժվար չէր գլխի ընկնել՝ հաշվի առնելով նրանց նոր հագուստները և հիմար ժպիտները։ Առաջին գիշերը Կալումն առանց պիտակ շշից վիսկի էր տվել նրանց։ Նման շշեր շատ ուներ։ Այնտեղ, անկասկած, ավելի շատ վիսկի էր խմվում, քան վաճառվում էր կղզում։
Ֆլորան պահարանի դարակից հանեց հին սվիտերը, որը ժամանակին նրա պապիկին էր պատկանել։ Դրեց խոհանոցի սեղանին և ձեռքի ափով սկսեց հարթեցնել այն։ Նա բացատրեց, որ ժամանակին կղզու կանայք իրենց գործած իրերով պատմություններ պատմելու սովորություն ունեին։ Այդ սվիտերի ձևվածքը, օրինակ, ասում էր, որ նրա պապիկը ծնունդով Էրիքսայից էր, մինչդեռ դրա զարդարանքն ու նախշերը պատմում էին նրա հավատի, ձկնորսության, ծովի և ավազի մասին։ Իսկ ուսերի վրայի զիգզագները ամուսնական կյանքի վերելքների և վայրէջքների խորհրդանիշներն էին։ Դրանք, բառիս բուն իմաստով, ամուսնական կապեր էին։
Զիգզագներ։ Ինչպես ցանկացած նորապսակ զույգ, խորամանկող վստահալից հայացքներով փոխանակվեցին՝ վստահ, որ նրանք ոչ մի վայրէջքներ չէին ունենալու, կամ գոնե չէին ունենալու այն նույն վայրէջքները, ինչ նրաց ծնողները, կամ նրանց այն ընկերները, որոնք արդեն գործել էին այդ հիմար և կանխագուշակելի սխալները։ Նրանք տարբերվելու էին, տարբերվելու էին բոլոր այն զույգերից, որոնք մինչև նրանց արդեն ամուսնացել էին։
-Կոճակների մասին պատմի՛ր նրանց, Ֆլո՛րա, – ասաց Կալումը։
Եթե սվիտերի ձևվածքը, պատմում էր այն մասին, թե դրա տերը ծնունդով որտեղից էր, ապա վզի կոճակները պատմում էին, թե ինչ ընտանիքի էր պատկանում նա։ Նա մտածեց, որ դա հավասարազոր է կրծքիդ վրա փոստային ինդեքսդ կրելուն։
Մեկ-երկու օր հետո ասաց Կալումին․
-Կուզեի, որ հիմա էլ բոլորն այդպիսի սվիտերներ կրեին։
Սովորույթների մասին գաղափար անգամ չունենալով՝ սիրում էր, երբ ուրիշները ցույց էին տալիս դրանք։
-Մեծ օգուտ էին տալիս, – պատասխանեց Կալումը։ – Շատ խեղդվող մարդկանց իրենց սվիտերներով էին ճանաչում։ Իսկ հետո կոճակներով։ Այդպես իմանում էին, թե ով էր այդ մարդը։
-Այդ մասին չէի մտածել։
-Դե՜, պատճառ չունեք։ Ենթադրելու։ Մտածելու։
Լինում էին պահեր, երբ նրան թվում էր, թե այդ կղզին ամենահեռավոր տեղն էր, որ նա երբևէ եղել էր։ Կղզու բնակիչները նույն լեզվով էին խոսում, ինչ ինքը, բայց դա ընդամենն ինչ-որ աշխարհագրական համընկնում էր։
Այս անգամ Կալումն ու Ֆլորան այնպես էին նրան վերաբերվում, ինչպես որ ենթադրել էր․ նրբազգացությամբ և համեստությամբ, որն ինքն իր անգլիական էությամբ իբրև ակնածանք էր ընդունում։ Նրանք չէին ճնշում նրան կամ կարեկցանք չէին ցուցաբերում։ Թեթևակի հպվում էին ուսին, հյուրասիրությամբ ափսե էին դնում նրա առաջ կամ դիտարկումներ էին անում եղանակի մասին։
Ամեն առավոտ Ֆլորան յուղակայուն թղթի մեջ փաթաթած սենդվիչ, մի կտոր պանիր և խնձոր էր բերում նրան։ Անցնում էր հարթավայրով և գնում դեպի Բեն Մարտին լեռը։ Ինքն իրեն ստիպելով՝ բարձրանում էր լեռան գագաթին, որտեղից պարզ երևում էին կղզին և դրա՝ ոլորահատ սղոցով մասնատված կտորները, և որտեղ կարողանում էր մենակ լինել։ Այնուհետև հեռադիտակը ձեռքին՝ շարժվում էր դեպի ժայռերը և ծովային թռչունները։ Կալումը մի անգամ պատմել էր նրան, որ հարյուրամյակներ առաջ որոշ կղզիներում մրրկահավերից յուղ էին ստանում իրենց լամպերի համար։ Տարօրինակ է, թե ինչպես էր քսան տարուց ավելի նման մանրամասնությունները թաքցրել կնոջից։ Մնացած ողջ տարին երբեք չէր մտածում այդ մասին։ Իսկ երբ կղզի էին վերադառնում, ինքն իրեն հիշեցնում էր, որ չպետք է պատմեր կնոջը, թե ինչեր էին այդտեղ ժամանակին արել մրրկահավերի հետ։
Այդ ամառ, երբ կինը գրեթե լքել էր նրան (կամ նա էր լքել կնոջը, նման հեռավորության վրա դժվար էր հստակ ասել), կակղամորթներ որոնելու էր գնացել Կալումի հետ։ Հաճախ նա մենակ էր թողնում տղամարդկանց՝ նախապատվությունը տալով իր սեփական զբաղմունքներին, այն է զբոսնել խոնավ, ոլոր-մոլոր ափագծով լողափով, որտեղ տեղատվություն էր եղել։ Այստեղ, որտեղ հղկված մանրաքարերը մի քիչ էին մեծ ավազի հատիկներից, սիրում էր գույնզգույն ապակու կտորներ հավաքել․ կոտրված շշի ապակու կտորներ, որոնք ժամանակի և ջրի շնորհիվ դարձել էին փափուկ և հարթ։ Տարիներ շարունակ հետևում էր, թե ինչպես էր կինը կիսակռացած զբոսնում, հարցասիրությամբ պպզում, ինչ-որ բան բարձրացնում, որոշները ձախ ձեռքի ափի մեջ հավաքում, իսկ մյուսները դեն նետում։
Կալումը բացատրում էր, որ սկզբում անհրաժեշտ էր ավազի մեջ փոքրիկ փոսիկ բացել, հետո մի փոքր աղ լցնել դրա վրա, հետո սպասել, մինչև որ կակղամորթը դուրս կգար իր ավազային թաքստոցից։ Ձախ ձեռքին Կալումը խոհանոցային թաթպան էր հագնում, որպեսզի չվնասվեր կակղամորթի խեցիով։ Եվ հենց որ կակղամորթը դուրս գար խեցիից, անհրաժեշտ էր արագ բռնել նրան, քանի դեռ նորից չէր թաքնվել։
Թեև Կալումը մեծ փորձ ուներ, ավազի մեջ ոչ մի շարժ չէր նկատվում, և նրանք անցում էին կատարում մյուս փոսիկին։ Աչքի պոչով հետևում էր, թե ինչպես էր կինը թափառում ծովափի երկայնքով՝ մեջքով շրջվելով դեպի նրան՝ ավելի ու ավելի էր հեռվանում՝ ինքնուրույն և գոհ այն ամենով, ինչով զբաղվում էր՝ առանց մեկ վայրկյան վարանելու։
Մի քիչ էլ աղ փոխանցելով Կալումին և տեսնելով գրոհի պատրաստ խոհանոցային թաթպանը՝ իբրև տղամարդկային համերաշխության խորհրդանիշ ասաց․
-Ամուսնական կյանքի նման մի բան է, այնպես չէ՞։
Կալումը մի փոքր խոժոռվեց․
-Ի՞նչ նկատի ունես։
-Դե՜, ինչ-որ բան ես փնտրում ավազի մեջ։ Հետո պարզվում է, որ կա՛մ դատարկ է, կա՛մ այնպիսի բան է, որ պատրաստ է արյունլվա անելու ձեռքդ, եթե բավականաչափ ուշադիր չլինես։
Հիմարություն էր դա ասելը։ Հիմարություն էր, քանի որ նա ամենևին էլ դա նկատի չուներ, մեծագույն հիմարություն էր, քանի որ ընդամենը կանխավարկած էր։ Լռությամբ ամեն ինչ ասված էր․ Կալումը վիրավորական էր համարում այդպիսի խոսակցությունները թե՛ իր, թե՛ Ֆլորայի, թե՛ առհասարակ կղզու բնակիչների համար։
Ամեն օր գնում էր զբոսանքի՝ սաստիկ թրջվելով մաղող անձրևի տակ։ Խոնավ սենդվիչ էր ուտում և հետևում, թե ինչպես էին մրրկահավերը ծովի վրա պտտվում։ Մոտեցավ Գրեյան Հեդին և նայեց ներքև՝ տափակ ժայռերին, որտեղ սիրում էին հավաքվել փոկերը։
Նախորդ տարի հետևում էին, թե ինչպես էր մի շուն, լող տալով, լողափից հասել այդտեղ, քշել փոկերին, հետո դուրս եկել ջրից և իբրև նոր հողատեր իջել ժայռի վրայից։ Այս տարի շուն չկար։
Անհավատալի է, բայց Գրեյանի ծուռումուռ լանջերից մեկին գոլֆի դաշտ կար, որտեղ տարեցտար ոչ մի գոլֆի խաղացող երբեք չէին տեսել։ Փոքրիկ կլոր կանաչ դաշտ՝ շրջապատված ցից ցանկափայտերով, որպեսզի կովերը չմտնեին այնտեղ։ Մի անգամ եզների հոտը նրանց շատ մոտ էր եկել՝ մահու չափ վախեցնելով նրա կնոջը։ Նա տեղից չշարժվեց, սկսեց կտրուկ թափահարել ձեռքերը՝ բնազդաբար բարձր գոռալով այն քաղաքական գործիչների անունները, որոնց ամենից շատն էր ատում։ Չգիտես ինչու ամենևին էլ չզարմացավ, երբ հոտը կանգ առավ։ Այս տարի եզներ չկային, որոնց կարելի էր տեսնել, արդեն բաց էին թողել նրանց։ Ըստ երևույթին, վաղուց սպանդանոցում էին հայտնվել։
Հիշեց, թե ինչպես էր Վաթերսեյ կղզու մանր ֆերմերներից մեկը նրանց պատմել «ծույլ մարգերի» մասին։ Ճիմահողից մի կտոր ես կտրում, մի հատ կարտոֆիլ ես գցում հողի մեջ, հակառակ շրջած ճիմահողով ծածկում ես այն, և վերջ։ Ժամանակը, անձրևներն ու արևի ճառագայթներն անում են մնացածը։ «Ծույլ մարգեր», ծիծաղից կնոջ շունչը կտրվում էր, ասես կարդում էր նրա մտքերը, իսկ հետո հարցրեց՝ արդյոք հենց այդպես չէր պատկերացնում անթերի բանջարանոցը։ Հիշեց, թե ինչպես էին փայլում կնոջ աչքերը, ճիշտ այն ապակյա գանձերի նման, որոնք հավաքում էր ափի մեջ։
Առավոտյան Կալումը ֆուրգոնով նորից տարավ նրան Թրեյգ Մհոր։ Քաղաքական գործիչները խոստանում էին, որ մոտ ապագայում այնտեղ նոր գոտի էր լինելու՝ նախատեսված ժամանակակից ինքնաթիռների համար։ Կղզու վերածննդի և զբոսաշրջության զարգացման մասին խոսակցություններ էին պտտվում՝ ընթացիկ դրամական օժանդակությունների զգուշացումների հետ զուգահեռ։ Թե՛ ինքը, թե՛ Կալումը չէին ուզում լսել այդ մասին։ Նա միայն ուզում էր, որ կղզին հանգիստ և խաղաղ մնար, այնպիսին, ինչպիսին նրա հիշողության մեջ էր։ Այլևս չէր վերադառնա այնտեղ, եթե ինքնաթիռները սկսեին վայէջք կատարել ասֆալտապատ գոտիներում։
Հաշվառման սեղանիկի մոտ անցավ հաշվառումը, և դուրս եկան փողոց։ Ցածր պատին հենվելով՝ Կալումը ծխախոտը վառեց։ Նայում էին բլրկածածկ խոնավ լողափին, որտեղ թաքնվում էին կակղամորթները։ Նրանց գլխավերևում ամպեր էին կուտակվել, կոնաձև հողմացույցը կախվել էր։
-Սա քե՛զ, – ասաց Կալումը՝ մի քանի բացիկ տալով նրան։
Վստահաբար հենց այդ պահին էր գնել սրճարանից։
Կղզային տեսարաններ, հարթավայրեր, լողափեր, ինքնաթիռներ՝ նման այն մեկին, որն ինքը պատրաստվում էր նստել։
-Բայց․․․
-Պետք կգան՝ իբրև հուշ։

Թարգմանությունն անգլերենից՝ Էլիզա Ստեփանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *