Առաքել Սեմիրջյանի «Կապտահեր Կյորես» եւ «Ո՞ւր» վիպակները կարդացի։
Դե, ակնհայտ բաները առաջաբանում գրված են։ Ու դրանց մասին խոսել չեմ ուզում։ Բայց Գորիսը ոչ միայն Հայաստանն ու Ղարաբաղը կապող տարածություն է՝ ոնց որ առավել, քան Լաչինը, ու չափազանց հետաքրքիր էր փաստական լիքը նյութ՝ երբեմն իսկապես ցնցող, որի լիքության մեջ քաղաքն անգամ տեղյակ չէ, որ ինքն էպիկենտրոն է՝ պատերազմից բացի՝ նաեւ բարքեր ձեւավորելու, ու էս պատճառով կարծես ավելի շատ գործ ունենաս քաղաքի հետ՝ որպես կապող ժամանակի, որպես տասնամյակներ կապող ժապավենի։ Ու իրար հակադիր բաներն էնքան են նույն կաթսայի մեջ բլթբլթում՝ Լիսկան, պազիկի վարորդն ու կտրտված հովիվները, պոռնոն, սերը, նվիրումն ու անճոռնին, թալանը, որ պատմողն անգամ ստիպված է սահմանել, որ լավ ու վատ չկա/ր։
Լավ ու վատ չկա տիեզերքում, լավ ու վատ չկա ատոմների ներքին բաժանմունքներում, որոնց ամենատակի բաժինը, որտեղ ամեն բան նույնն է եւ նաեւ իր հակառակ բանն է, կոչվում է unified space. Բայց լավ ու վատ կա սոցիումներում, լավ ու վատ կա գրականության մեջ, ու առավել քան հաճախ սոցիումի լավը արվեստի գործի (գտած) վատն է, եւ արվեստի գործի լավը, սոցիումի՝ վատը։ Հենած հիմնարար արժեքներից յուրաքանչյուրի զուտության, ոչ թե բանակցելիության վրա։ Արվեստագետը հրաժարվում է բանակցել։ Ու պետք է նաեւ կարողանա ընտրել ասել՝ եթե ասում եմ՝ սենց ա, ուրեմն սենց ա։ Ինչքան էլ գտնվեն գրականագետ խաղացող ազգայնակարծ հազարումի փինաչիներ կամ ընդհանրապես չգտնվեն գրականագետներ՝ բաները ջոկջկելու, բայց գրականությանը միշտ չէ, որ հերիքում է մնալ unified space-ում։
Սրա համա’ր կան նաեւ խմբագիրները։ Ստիպելու անել ավելին, վիզ վերցնելու ավելին, քան քանքարի քչությունը պատմող գրողի շեղատառ առաջաբանը։ Էն աստված, իմ բախտը բերել ա երբեւէ ունեցած լինել մի աշակերտ, որի դերն իմ կյանքում այլեւս ուսուցչից պակաս չէ։ Շնորհակալ եմ, Արթուր Միրզոյան։
«Ո՞ւր»-ը ցնցող էր։ Ոչ միայն էն պատճառով, որ պատերազմի մասնակցի յուրաքանչյուր օրվա նկարագրությունն էր ցնցող։ Դա սոսկ նկարագրություն չէր։ Այլ Առաքելը մի էնքան անհավանական բան էր արել. պատերազմի աբսուրդի վրա՝ վրադիր աբսուրդ էր դրել։ Ոնց որ նախադասությունը գրես ավարտես, վերջակետ դնես, հետո մի հատ էլ վերջակետ դնես։ Տենց՝ աբսուրդի կողքը մի հատ էլ էր աբսուրդ դրած։ Բայց էդ աբսուրդը էնքան տարօրինակ նոտա ուներ։ Անդադար մտածում էի՝ ինչն ա։ Ցինի՞զմը՝ չէ, դառնությո՞ւնը՝ չէ, ծանրության թեթեւությո՞ւնը՝ չէ։ Հետո գիշերը հասկացա, որ աբսուրդը պատմվում էր հեքիաթի պես։ Ոչ թե «բստրած» իմաստով, այլ էն գողտրիկությամբ, որ ունենում են հեքիաթները։ Ես չեմ կարա ասեմ՝ ոնց էր էդքան ծանրությունը դրած ու առաջացրած գողտրիկ աբսուրդ, բայց դա խորն էր գնում, խորքդ էր գնում, ու դա ավելի սարսափելի ծանր էր։ Ու էնքան ծանր ա, որ պատմողը իջնում ա էլի unified space, բայց սրա հետ արդեն չհամաձայնել չես կարող՝ էսքան մահվան մեջ ի՞նչ սեր, այ ախպեր, էսքան ցավի մեջ ի՞նչ դավաճանություն։
Եւ իսկապես…