Եղիշե Չարենց | Հատված

…Օրերը այստեղ են բերել:
Եվ ես
Այստեղից
Անցնում եմ՝ տարտամ ու երեր:

Նորից
Քայլերս դարձել են տարտամ:
Նորի՛ց ծանրացել է
Սրտիս մեջ թախիծը
Անկամ:

Գնում եմ,
Գնում եմ —
Նորից.
Գիտեմ, որ անցնում է տարին:
Գիտեմ, որ
Նորից ու նորից
Ոտքերս առել են քարի՛…

Ու շուրջս խավար է:
Ու շուրջս մշուշ է
Ու մահ:
Գիշեր է — ու վարը
Հիմա
Խարխուլ, խուլ ծփում է
Խոնավ
Խորխորատը
Հնի.
Թափվում է, թափվում է
Արյան պես կարմիր մի
Գինի…

Հեյ ո՞ւր եմ հիմա ես —
Էս ո՞ւր եմ —
Ես ո՞ւր եմ
Հասել.
Եվ ո՞ւր է,
Երկի՛ր ի՛մ,
Քո հուրը —
Փրփուրը —
Լուսե:

Էն ո՞վ է սրտին քո
Դրել իր
Կապարը —
Էն ո՞վ է թքել քո
Հրին.
Հե՜յ ո՞վ է կոփել կուռ,
Անդուլ այս խավարը՝
Մահե շիրմաքարը
Լռին:

Եվ ո՞վ է
Տվել քեզ
Այս խեղճ հոգնությունը,
Այս խեղճ հոգնությունը
Հիմա —
Երբ քո հոգնությունը
Քարի հոգնություն է —
Քարի՜ հոգնություն է
Ու մահ:

Իսկ է՞ն, որ թռել ես,
Հոգով
Փրփրել ես,
Սրտում քո կրել ես
Հուրե՜ր ու հուրե՜ր.
Հազա՜ր դար քո կամքը
Կոփել ու կռել ես —
Սրել ես քո կամքը
Հրե…

Իսկ է՞ն որ սրտիս մեջ
Հազա՜ր դար կրել եմ
Քո քաղցր գալիքը լուսե. —
…Օրերը եկե՜լ են,
Օրերը հասե՜լ են, —
Ու հուրը դարձել է քո — սև …

Եվ ի՞նչը,
Էլ ինչը
Պիտի փոթորկի քո
Հին սիրտը — իմ սիրտը հիմա.
Էլ ո՞ւմ եմ նետո՛ւմ ես
Անզոր իմ այս ճիչը,
Երկիր իմ, մորմոք իմ ու մահ…

Մենք, լուռ, շվարե՜լ ենք,
Լույսերս
Մարել ենք —
Հույսերս էն ո՞ւմ ենք տվել…
Եվ ո՞վ մեզ,
Էլ ո՞վ մեզ,
Էն ո՞վ պիտի տա —
Երկի՛ր իմ, թռիչք ու թևեր…

1918

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *