Գուստավո Ադոլֆո Բեքեր | It is strange

Տարօրինակ է, բայց…

Մենք թեյում էինք մի կնոջ տանը, ում հետ ընկերություն եմ անում ու զրուցում առօրյա իրողությունների մասին, առանց կենտրոնանալու դրանց հերոսների կամ այն հանգամանքի վրա, որ որոշ իրադրությունների նպաստողը հենց մենք ենք եղել:
Սենյակում մի գեղեցիկ, շիկահեր երիտասարդ կին կար, ով զրուցում էր մարդկանց հետ, որոնց ես չեմ ճանաչում: Եթե նա ծաղկեպսակ դրած լիներ գլխին՝ կարելի կլիներ նրան համեմատել Շեքսպիրի Օֆելիայի հետ՝ ճերմակ մաշկի ու կապույտ աչքերի մաքրության համար:
Նրա կողքին կանգնած էր մի տղամարդ, ով մի ձեռքով հենվել էր աղջկա աթոռին, իսկ մյուսով՝ խաղում էր ոսկե շղթայի հետ:
Բարձրահասակ, տարիքն առած մեկ ուրիշ տղամարդ, ով թեյի մեջ շաքար էր լցնում, ամբողջացնում էր խումբը, որտեղ ես հրաշալի ժամանակ էի անցկացնում ու ջերմությամբ սկսեցի մի պատմություն պատմել: Այս պատմությունը իրականում տեղի է ունեցել: Դրա մասին կարելի է մի ամբողջ գիրք գրել, ինչը ես մի քանի անգամ արել եմ մտքիս մեջ: Ինչեւէ, կպատմեմ Ձեզ ավելի քիչ բառերով: Ովքեր ընդունակ են հասկանալու՝ այդքան բառն էլ կբավարարի:

I
Անդրես, այդպես էր իմ պատմության հերոսի անունը, նա այն մարդկանցից էր, ում սիրտը լի էր զգացմունքներով, ու ով երբեք չէր կարողանում դրանք արտահայտել:
Ծնվելուց կարճ ժամանակ անց նա որբացավ, նրան խնամքի տակ վերցրեցին իր ազգականները: Ինձ ոչինչ հայտնի չէ իր մանկության մասին, միայն գիտեմ այնքանը, ինչքան ինքն է պատմել հոգոց հանելով. –Ամեն ինչ վերջացել է:
Մենք այսպես ենք ասում, երբ երջանիկ պահերի մասին ենք հիշում, որոնք արդեն վերջացել են:
Անդրեսը կյանք մտավ վաղ տարիքում: Չեմ ցանկանում վիրավորել որեւէ մեկին, եւ հատկապես աղքատներին, բայց նրանց որոշակի խմբի համար այս կյանքը դրախտ չէ: Անդրեսը այն մարդկանցից է, ովքեր կյանքից քաղում են լավագույնը: Պատկերացրեք միայն՝ այն մարդը, ով կյանքով ու իդեալիզմով լի է, ջանք չի խնայում իր հացը վաստակելու համար:
Սակայն երբեմն անկողնում նստած մտածում էր.
-Եթե լիներ մեկը, ում կսիրեի ողջ սրտով…Եթե կին ունենայի, կամ ձի կամ շուն…
Ու քանի որ գումար չուներ, չէր կարող ունենալ որեւէ մեկը: Այդ հանգամանքը այնքան էր տանջում նրան, որ հուսալքված սկսեց սիրել այն խալխլված սենյակը, որտեղ ապրում էր, հին կահույքը, անգամ տանտիրուհուն, ով ամենամեծ փորձանքն էր իր համար:
Սա չպետք է զարմացնի: Հովսեքը ասել է, որ Երուսաղեմի գրավման ժամանակ այն աստիճան սով է եղել, որ մայրերը սեփական երեխաներին են կերել:
Մի օր նա չնչին գումար էր վաստակել: Տուն վերադառնալիս նորածին երեխայի լացի ձայն լսեց: Նա մի քանի քայլ արեց, հետո նորից կանգ առավ: Ձայնը չէր դադարում:
-Ի՞նչ է սա, գրողը տանի:
Վերջապես ոտքը դիպավ փափուկ շարժվող ինչ-որ բանի: Դա այն շան ձագերից էր, որոնց մարդիկ նետում են աղբի մեջ, քանի որ չեն ցանկանում պահել:
-Ճակատագիրն է նրան իմ ճանապարհին դրել,-մտածեց Անդրեսը: Նա վերցրեց շանը ու թաքցրեց անձրեւանոցի մեջ ու բերեց այն խուցը, որտեղ ապրում էր:
-Ի՞նչ է սա,-բարկացած ասաց տանտիրուհին: -Մենք ավելորդ գլխացավանքի տեղ չունենք այստեղ: Հենց հիմա տարեք նրան այնտեղ, որտեղից գտել եք կամ վաղը ազատեք սենյակը:
Հաջորդ օրը Անդրեսը լքեց այդ տունը, ու հաջորդ երկուսից երեք ամիսների ընթացքում՝ եւս մի քանիսը:
Բայց այդ ամենը ոչինչ էին համեմատած այն ուրախության, որը նվիրում է շունը մեկին, ով երկար տարիներ դատապարտված էր միայնության ու տխրության: Նրանք միասին ուտում էին, միասին հանգստանում ու զբոսում:
-Փոքրիկ շուն, միայն խոսել չես կարողանում,-մշտապես ասում էր նա:

II
Դժվար է ասել ինչպես, բայց Անդրեսը ի վերջո ոտքի կանգնեց: Ու երբ արդեն բավականին փող ուներ մտածեց.
-Եթե միայն կին ունենայի, բայց մինչ այդ, իմ նման տղամարդը պետք է ինչ-որ բան ունենա առաջարկելու: Եթե կարողանայի ձի գնել: Ավելի ազնվական կենդանի, քան ձին է՝ չկա: Եւ ինչպես նա կսիրի իմ շանը: Նրանք միասին կխաղան,-մտածում էր նա:

Մի օր նա գնաց ցլամարտի դաշտ ու մինչ ցլամարտի սկսվելը զննեց մասնակից ձիերին:
Անդրեսին պատեց տխրություն, երբ ձիերին տեսավ: Նրանցից որոշները հիվանդ էին, ոսկոռները կարելի էր հաշվել, նրանք անխնամ, կեղտոտ, սոված ու անշարժ սպասում էին իրենց հերթին, ասես կանխատեսում էին սեփական մահը, որը կարճ ժամանակ հետո վերջ էր դնելու իրենց խղճալի կյանքին: Մյուսները կույր էին, հոտառությունը գրեթե կորցրած ու անընդհատ հարվածում էին գետնին, ասես միայն վտանգի հոտ էին առնում: Իսկ այս կենդանիները մի ժամանակ երիտասարդ ու գեղեցիկ էին: Միայն պատկերացրեք, թե դրանցից քանիսն են սիրված եղել, ու փաղաքշական խոսքեր լսել: Իսկ հիմա նրանց անիծում են, հայհոյում, մտրակում ու, վերջապես սպանում ցավոտ մահով, որը ծափերով ու բղավոցներով է ողջունվում:
-Եթե կարողանային հասկանալ, թե սրտի խորքում ինչ են զգում այս կենդանիները,-մտածում էր Անդրեսը,-ինչպես են դաշտի մեջտեղում մահանում սուր ցավերից: Իրականում մարդկային անհոգությունը անգերազանցելի է:
Նա ցնցվեց ցլամարտիկներից մեկի բղավոցի ձայնից, ով ստուգում էր ձիերից մեկի ոտքերը: Ձին լավ տեսք ուներ, բայց կարծես՝ դժվար ենթարկվող էր կամ լուրջ հիվանդություն ուներ:
Անդրեսը ցանկացավ գնել այդ ձին, մտածելով, որ էժան կլինի, բայց եթե խնամքի կարիք կար… Ցլամարտիկը պատրաստվում էր հեռանալ, երբ Անդրեսը կտրեց նրա ճանապարհը: Չգիտեմ ինչպես, բայց տասնհինգ րոպեում նա կարողացավ համոզել ցլամարտիկին իրեն վաճառել ձին:
-Մի վախեցիր նրան մտրակելուց,-ասաց ցլամարտիկը:
Ձին դեռ երիտասարդ էր ու կամաց-կամաց սկսեց գիրանալ ու գեղեցկանալ: Իհարկե նա ուներ կամակորություններ եւ Անդրեսից բացի որեւէ մեկին չէր ենթարկվում:
Ու նրանք ընկերացան՝ Անդրեսը, իր շունն ու ձին: Նրանք միասին ճամփորդում էին, միասին ուտում, քնում ու Անդրեսը իրեն երջանիկ էր զգում:

III
Որոշ ժամանակ անցավ: Անդրեսը հարստացավ, կամ գրեթե հարստացավ: Մի օր երկար ճանապարհ կտրելուց հետո նա հոգնեց ու նստեց մի ծառի տակ: Պայծառ, տաք գարնանային օր էր: Այնպիսի օրերից, երբ ողջ մթնոլորտը լցված է լինում ցանկություններով, երբ քամին միայն ներդաշնակություն է բերում, երբ հորիզոնը ոսկեգույն է, երբ մեզ հետեւող ամեն մի մասնիկ տխրության ու երջանկության զգացում է բերում:
-Շատ եմ սիրում այս երկու արարածներին, բայց սրտիս մեջ դեռ մի բաց տեղ կա: Ես դեռ չեմ կարողացել ցուցաբերել ամենամեծ զգացմունքը, որը ամենասրբազանն է ու մաքուրը: Եւ դրա համար ինձ կին է պետք:
Այդ պահին մի աղջիկ անցավ փողոցով, ձեռքին՝ սափոր: Անդրեսը ծարավ չէր, բայց աղջկանից ջուր խնդրեց: Աղջիկը կանգ առավ ու ջուր տվեց Անդրեսին այնպիսի ջերմությամբ, որ երիտասարդը կատարելապես հասկացավ Աստվածաշնչյան ամենասուրբ հատվածը:
-Անունդ ի՞նչ է,-հարցրեց աղջկան՝ ջուրը խմելուց հետո:
-Պլասիդա:
-Իսկ ի՞նչպես ես ապրում:
-Հայրս վաճառական էր, ով մահացավ քաղաքական հայացքների պատճառով՝ հալածված ու կործանված: Նրա մահից հետո ես ու մայրս լքեցինք գյուղը ու հիմա ապրում ենք ամսական երեք ռեալով: Մայրիկս հիվանդ է ու ես պետք է անեմ ամեն ինչ:
-Իսկ ինչու՞ չես ամուսնացել:
-Չգիտեմ: Գյուղում ասում էին, որ ես գործ անել չգիտեմ, շատ թույլ եմ ու երիտասարդ:
Հրաժեշտ տալուց հետո Անդրեսը երկար ժամանակ նայում էր աղջկա հետեւից ու երբ նա անհետացավ տեսարանից, Անդրեսը մտածեց.
-Սա՛ է այն կինը, ում կարիքը ունեմ:
Կարճ ժամանակ անց Անդրեսը ծանոթացավ աղջկա մոր հետ ու արդեն ինքնամոռաց սիրահարված էր նրա դստերը: Մի քանի ամիս անց մայրը մահացավ: Անդրեսը ամուսնացավ աղջկա հետ, ու նրանք տեղափոխվեցին մի գեղեցիկ տեսարանով տուն: Անդրեսը իսկապես հարուստ էր՝ շուն, ձի եւ կին, երբեմն նա տրորում էր աչքերը, որպեսզի համոզվի, որ դա իրականություն է, ոչ թե՝ երազ: Մեր խեղճ Անդրեսը երջանիկ էր; կատարյալ երջանիկ:

IV
Մի քանի տարի նա այդպես ապրեց, ասես օրհնված լիներ Աստծո կողմից, երբ մի գիշեր նկատեց ինչ-որ մեկին իր տան շուրջը պտտվելիս:
-Այստեղ գողեր կան,-ասաց նա կնոջը ու պատրաստվեց տեղյակ պահել քաղաքացիական պահակախմբին:

-Ու՞ր ես գնում,-կինը հարցրեց:
-Քաղաք:
-Ինչու՞:
-Իշխանություններին պետք է տեղյակ պահեմ, որ ինչ-որ մեկը պտտվում է տանս շուրջը:
Սա լսելով կինը գունատվեց:
-Ես ոտքով կգնամ, քանի որ մոտ է: Կեսօրին կվերադառնամ:
Գնալուց առաջ նա մտավ ախոռ, շոյեց ձիուն ու ասաց.
-Ցտեսություն, ընկե՛րս: Այսօր հանգստացի՛ր, երեկ շատ տանջվեցիր:
Քանի որ սովոր էր ամենուր իր տիրոջ հետ գնալ, ձին տխուր ձայներ հանեց:
Երբ Անդրեսը արդեն գնում էր, շունը սկսեց բարձր հաչել:
-Ո՛չ, չես կարող գալ ինձ հետ: Երբ քաղաք ես գալիս, սկսում ես հաչել տղաների վրա ու հավերի հետեւից ես վազում:
Գնալուց առաջ ծառաներին ասաց.
-Միայն իմ գնալուց հետո շանը բաց կթողնեք:
Նա գնաց քաղաք, խոսեց իշխանությունների հետ, մի քիչ զրուցեց քաղաքապետի հետ ու վերադարձավ տուն: Երբ մոտենում էր տանը, զարմացավ, երբ շունը չվազեց իրեն դիմավորելու: Նա սուլեց, կրկին՝ ոչ մի ձայն: Դարպասից ներս մտավ: Նույնիսկ ծառաները չկային:
-Ի՞նչ է կատարվում, գրողը տանի:
Երբ մտավ բակ, առաջին բանը, որ տեսավ՝ իր շունն էր՝ ախոռի առջեւ արյան հեղեղի մեջ պատկած: Կողքին պատառոտված կտորներ կային ու արյունոտ թելեր կախված ատամներից, կարծես փորձել է ինքն իրեն պաշտպանել ու վիրավորվել է:
Շունը պառկած էր բաց աչքերով: Նա ջանք գործադրեց ոտքի կանգնելու, թուլորեն շարժեց պոչը ու չնայած բոլոր ջանքերի՝ մահացավ:
-Ձիս, որտե՞ղ է իմ ձին,-Անդրեսը ներս մտավ ախոռ, բայց այն նույնպես դատարկ էր:

Նա դուրս եկավ ախոռից խենթացած ու կանչեց կնոջը, բայց ոչ-մի պատասխան: Ամբողջ տունը դատարկ էր: Անդրեսը փողոց դուրս եկավ ու նկատեց ձիու ոտնահետքեր, դրանք իր ձիու հետքերն էին, նա վստահ էր դրանում:
-Ակնհայտ է,-մտածեց նա,-գողերը օգտվել են իմ բացակայությունից ու իրենց կեղտոտ գործը ավարտին հասցրել, եւ հիմա կնոջս դիմաց մեծ փրկագին կպահանջեն: Բայց ի՞նչ գումարի մասին է խոսքը, ես իմ արյունը ու իմ կյանքը կտամ նրա համար: Իմ խե՜ղճ շուն,-նա արտասվեց շանը նորից տեսնելով ու սկսեց վազել ձիու հետքերով:
Նա վազում էր անդադար՝ մեկ ժամ, հետո՝ երկու եւ երեք… Ճանապարհին մարդկանց հարցնում էր՝ -Չե՞ք տեսել մի մարդու ՝ ձին հեծած ու մի կին:
-Այո,-պատասխանում էին:
-Ո՞ր կողմ էին գնում:
-Այն կողմ:
Անդրեսը հավաքեց ամբողջ ուժերը ու շարունակեց վազել: Արդեն մթնում էր: Նույն հարցին նա միեւնույն պատասխանն էր ստանում: Նա վազում ու վազում էր, մինչեւ մի գյուղ նշմարվեց հեռվում, որի մուտքի մոտ մի խումբ մարդիկ կային հավաքված: Նա մոտեցավ ու նույն հարցը տվեց մարդկանց.
– Այո, տեսել ենք մի տղամարդու ու մի կնոջ: Ու այնտեղ…կարծես՝ ձին ուժասպառ լինելուց սատկեց:
Անդրեսը նայեց մատնացույց արած կողմը ու իսկապես տեսավ իր սիրելի ձիուն, որին գյուղացիները պատրաստվում էին մաշկահան անել: Նա հազիվ կարողացավ զսպել իր հուզմունքը ու մտածեց, թե ինչ կարող է պատահած լինել կնոջ հետ:
-Իսկ դուք օգնեցի՞ք այդ խեղճ կնոջը:
-Օգնեցինք,-ասաց գյուղացիներից մեկը,-ես նրանց վաճառեցի իմ ձիերից մեկը, որպեսզի կարողանան շարունակել իրենց ճանապարհը: Նրանք շտապում էին:
-Բայց…,-Անդրեսը ընդհատեց,-այդ կինը առեւանգվել էր: Տղամարդը գող էր, ով անտեսել է նրա արցունեքներն ու աղերսանքները ու տարել նրան անհայտ ուղղությամբ:
Գյուղացիները զարմացած մեկը մյուսին նայեց:

-Այդ ի՞նչ պատմություն է, տղաս,-ասաց նրանցից մեկը,-Առեւանգվա՞ծ: Ինչու՞: Հենց նա էր շտապողը. “շտպի՛ր, շտապի՛ր”, ասում էր նա: “Մենք պետք է արագ հեռանանք այստեղից: Ես ինձ լավ չեմ զգա, քանի դեռ այստեղ եմ”: Ու անմիջապես հեռացան:
Անդրեսը սկսեց հասկանալ ամեն ինչ: Մի ամպ ծածկեց աչքերը, որը արցունք չէր դառնում ու նա ընկավ գետնին՝ խենթացած: Մի քանի օր անց՝ մահացավ: Դիահերձում կատարվեց ու բժիշկները չկարողացան մահվան պատճառը գտնել: Եթե միայն հնարավոր լիներ հետաքններ հոգին ու բացահայտել նմանատիպ մահերի պատճառները:

*
-Ուրեմն ասում եք, որ նա այդ պատճառով մահացա՞վ,-ասաց երիտասարդ տղամարդը զարմացած, ով դեռ խաղում էր շղթայով:
Ես նրան նայեցի այնպիսի հայացքով, որով ասում էի. –Միթե՞ բավարար պատճառ չէ: Բայց նա շարունակեց.
– Տարօրինակ է: Ես գիտեմ՝ ինչ է նշանակում տառապել: Վերջին մրցումների ժամանակ, երբ իմ Հերմինիան ընկավ, ձիավարժը մահացավ, իսկ ինքը կոտրեց ոտքը: Ահավոր էր, բայց ոչ այդ աստիճան…
Հիմա արդեն իմ հերթն էր նրան տարակուսանքով նայելու, երբ լսեցի մի հաճելի ձայն իմ հետեւից եկող; դա կապույտ աչքերով աղջիկն էր:
-Այո, տարօրինակ է: Ես սիրում եմ իմ Մեդոռոյին,-ասաց ու համբուրեց իր գրկի փոքրիկ շանը,-բայց եթե մի օր մահանա, կամ սպանեն նրան, չեմ կարծում, թե դրանից կգժվեմ:
Ես զարմանքից քարացել էի: Այս մարդիկ ինձ չհասկացան, կամ չցանկացան հասկանալ: Ես շրջվեցի ու հարցրեցի այն տղամարդուն, ով թեյ էր խմում ու ավելի տարեց էր, հուսալով, որ գոնե նա ինձ կհասկանա:
-Իսկ դուք ի՞նչ եք կարծում:
-Հիմա կասեմ,-ասաց նա,-Ես ամուսնացած եմ: Մենք վիճեցինք: Մենամարտ տեղի ունեցավ ու բախտս բերեց, քանի որ կարողացա վիրավորել հակառակորդիս: Պարզվեց՝ նա հիանալի երիտասարդ է, մենք մինչ օրս շփվում ենք: Նրանք երկուսն էլ հիանալի են: Դրանից հետո ես ու կինս բաժանվեցինք ու ես իմ կյանքը նվիրեցի ճամփորդություններին: Երբ Մադրիդ եմ գալիս, մնում եմ նրա տանը, որպես ընկեր, ես նրա հանդեպ ուրիշ զգացմունք չունեմ: Միայն կարող եմ ասել, որ սենտիմենտալության այս աստիճան պայթյունը տարօրինակ է: Շա՜տ տարօրինակ:

Երբ մտածում եմ իրենց պատասխանների ու վերաբերմունքի մասին մտածում եմ.
–Տարօրինակ է, այո՛: Բայց բնական է…

Թարգմանությունը՝ Էդիտա Մարգարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *