Ֆեդերիկո Իտալիանո | Հավելված երանելիների

Լուսանկարը՝ Դինո Իգնանիի

Լուսանկարը՝ Դինո Իգնանիի

Բանաստեղծ, թարգմանիչ, գրաքննադատ և գրականագիտական էսսեների հեղինակ Ֆեդերիկո Իտալիանոն ծնվել է 1976 թվականին, Գալյատեում։ Այժմ ապրում է Հռոմում և տեղի Լա Սապիենցա համալսարանում դասավանդում է համեմատական գրականություն։ Հեղինակել է բանաստեղծական վեց ժողովածու, թարգմանաբար հրատարակվել բազմաթիվ միջազգային անթոլոգիաներում, արժանացել իտալական և արտասահմանյան գրական մրցանակների։
Ակտիվորեն զբաղվում է իտալական և գերմանալեզու պոզիայի թարգմանությամբ, ժամանակակից գրականության հանրահռչակմամբ։ 2013-ին գերմանական Hanser հրատարակչության և Միխայել Կրյուգերի հետ կազմել է ժամանակակից իտալական պոեզիայի անթոլոգիան՝ Die Erschließung des Lichts, իսկ 2019-ին Յան Վագների հետ հրատարակել է հանրագիտարանային ծավալ ունեցող մերօրյա եվրոպական պոեզիայի անթոլոգիան՝ Grand Tour. Reisen durch die junge Lyrik Europas:
Ստորև ներկայացվող բանաստեղծություններն ընտրված են հեղինակի վերջին՝ La grande nevicata (Donzelli, 2023) և Habitat (Elliot, 2020) ժողովածուներից։ Հայերեն է թարգմանվում առաջին անգամ։

 

ԲԱՑԻԿ

Գրում եմ քեզ մի անծանոթ վայրից,
ուր քամիներն ասես վերածնվում են
տան անկյուններում, իսկ լուսինը
լապտեր է՝ պատված միջատներով։
Տեղ, որ չունի նախադեպ,
ուր փոստային կնիքն ինքս եմ նկարել,
հարթավայրն այս ոճական հնարք է,
իսկ տագնապը՝ քարտեզագրական տերմին։
Եթե հիմա մոտս լինեիր՝ ո՜նց կբարկանայիր,
որ գրելով այս տարածքին իրավունք եմ տվել
գոյության։ Բայց դու հանգիստ եղիր,
մյուսների նման՝ լքելու եմ և բացիկն այս.
հետեւի կողմում գտել եմ քարտեզ,
որ ուրիշ չափումներ է տանում։

Habitat (Eliot, 2020)

 

ՀՅՈՒՐԱՆՈՑ ԼԻԲՐԵՎԻԼ

Ջունգլիների հեղձուկը
մտնում է հյուրանոցի նախասրահ՝
քարշ տալով մարմինը՝ նման
իրերին փռված կտորի։

Սպասավորը բերում է բրենդի,
մինչ ես քեզ էի փնտրում հեռվում հիշողության,
որ նույնիսկ իմը չէր, այլ հուշ էր՝ մոռացված,
մաշված էջերում մի հրատարակության,

ըստ որի՝ մենք բաժանվել էինք վեպի կեսին,
կամ գուցե՝ ավելի վաղ,
երբ կեսգիշերին, առանց լապտերի,
հետ էինք դառնում ժայռեզրով,

որովհետև չկար էլ ոչ մի լաստանավ,
և ոչ մի լեզու, որ թարգմաներ մեզ։

La grande nevicata (Donzelli, 2023)

 

ՎԻԼՆՅՈՒՍ

Կան ամպեր, ծանր վարագույրներ, բարոկկո գմբեթներ,
իսկ հետո՝ քո շուրթերը
կատարյալ՝ ինչպես ոլորանը Նյարիսի,
որ պտտվում է քաղաքի շուրջը
մի անվիճարկելի խնդրանքով։

Կան փողոցներ, որ մագլցում են գաղափարի հետևից,
իսկ հետո՝ քո մտքերի
փայտակարմիր շողերն են,
ամաչկոտ մազերդ՝ ականջներիդ հետևում։

Կան կախազարդեր, թալիսմաններ, պաճուճանք սաթե,
իսկ հետո՝ քո աչքերը՝
էոցենյան անտառներ, որ դողում են
մթնշաղի անկաշկանդությամբ։

Պատշգամբներում՝ ցանցեր, իպոմեաներ ու խորդենիներ,
իսկ հետո՝ քո ծնկները,
որ կարմրում են՝ բերելով ուրախություն հոգնածին,
որ խոնարհվում են նրբորեն, համբերատար։

Կան հոսող ջրեր, առվակներ, ջրափոսեր,
իսկ հետո՝ քո ոտքերը՝
երկնի արտացոլանքի կողմնացույց ջրում՝
չափելու մեր մոտիկությունը գալիք ջրհեղեղին։

Կան պրիզմաներ, գեղադիտակներ, մարմարե գնդեր
ու ադամանդներ, իսկ հետո՝ թափանցիկ եղունգներդ,
որոնց վրա արտացոլվում են հոգիները
նախքան վերադառնալը մթին։

La grande nevicata (Donzelli, 2023)

 

ԵՐԵՎԱՆ

Սահել խավարի հատակը՝ ինչպես մեկը
ստեղծված թքից ու ստվերից,
հետո անցնել առուն,
վերում՝ գետաբերանին,

ուր ծանծաղ է ջուրը,
սողոսկել փուլ ցանկապատից՝ պատնեշ
մոխրե ծառերից ու արմատներից,
որ շրջանցել են հրամանը քարի,

մտնել լքված օդակայանի
մութ քառակուսին,
անցնել երկրորդ սրահ ու քնել
մի անկյունում մինչև լուսաբաց՝

հավատալով, թե թռչում ես Ուլան Բատոր
կամ Երևան,
և արթնանալ Լևիաթանի՝
քայքայված կողոսկրերից թափանցող լույսից։

La grande nevicata (Donzelli, 2023)

 

ԵՐՈՒՍԱՂԵՄ

Երբեմն քեզ հիշելիս, Երուսաղեմ,
սարսուռ է անցնում ողնաշարովս, մի անսահման կարոտ,
որ հասկանում եմ՝ չափազանցված է, բայց դեմն առնել չեմ կարող,
որ հալեցնում է մկաններս, այրում քունքերս,
ասես զգայարաններս հանկարծ բթանան, ու գիտեմ հաստատ,
որ բոլոր ուրախությունները, համերն ու բույրերը կարող եմ վերագտնել
միայն քո փողոցներում, քարերի մեջ ու բնակարաններում հատուկենտ։
Եվ բռնացնում եմ ինձ՝ ուսումնասիրելիս անունս, նրա համընկնումները
ցանցային արխիվներում, պատմությունը՝ արտաքսումների, կեղծիքի,
խաբեության։ Մի ժամանակ դու ներկա ցուցիչն էիր ապագայիս,
հիմա՝ կատարյալ անցյալ, վերացական կենսագրություն,
անսխալ երազ, տեսիլքների ամենացանկալի եղանակը։

La grande nevicata (Donzelli, 2023)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԵՐԱՆԵԼԻՆԵՐԻ

Երանելի են անքունները, քանզի նրանք պիտի ճաշակեն
անդրանիկ պտուղներն արշալույսի։

Երանելի են ուշացածները, քանզի մեղմ պիտի լինի
վախճանը նրանց։

Երանելի են հացթուխները, քանզի թռչունների կանուխ դայլայլը
պիտի ի փառս նրանց հնչի։

Երանելի են ծրագրավորողները, քանզի ալգորիթմ է նրանց համար
Վերջին դատաստանը։

Երանելի են նավաստիները, քանզի նրանց տունդարձը
արդարացման կարիք չունի։

Երանելի են տան սպասավորները, քանզի անբիծ է
երկնքի արքայությունը։

Երանելի են պահեստապահները, քանզի փականի ամեն գաղտնագիր
պիտի տիեզերաժողովներում քննվի։

Երանելի են պահապանները գազանանոցի,
քանզի գայլը և գառը պիտի սեղանակից լինեն,
առյուծը պիտի արածի այծքաղի պես,
և օձը կշտանա փշրանքներով։

Երանելի են սիրահարվածները, քանզի սիրելով միմյանց
պիտի տեսնեն Աստծուն։

Երանելի են մերժվածներն այլազան. գրանցամատյաններում
կմնան նրանց մականունները։

Երանելի են լուսնոտները,
քանզի նրանց ամեն կապտուկը
քարտեզ է արթնության։

Habitat (Eliot, 2020)

Թարգմանությունը՝ Տաթև Չախեանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *