Հրայր Խաչատրյան | Քոչար․ Մելամաղձություն

Ներածություն

Մենք նպատակ ենք հետապնդում հետազոտել Երվանդ Քոչարի լավագույն քանդակներից մեկը՝ «Մելամաղձությունը», որը ակտուալ է մինչև հիմա: Կփորձենք դիտարկել, թե մեծ արվեստագետը ի՞նչ պատմամշակութային ու սոցիալական իրականությունից ելնելով է ստեղծել այն, ի՞նչ անձնական, գոյաբանական, խմբային, գլոբալ խնդիրներ է փորձել արտահայտել սույն ստեղծագործությամբ: Հետազոտական աշխատանքի նպատակներից մեկն է՝ հասկանալ, թե ինչ կապ ունի քաղաքը մելամաղձության հետ և ինչպիսի՞ն է Քոչարի պատասխանն այդ ամենին իր աշխատանքով:
Պարզ է մի բան, որ 20-րդ դարը իր քաղաքական, սոցիալական, մշակութային կատակլիզմներով բավականին խիտ և էքզիստենցիալ բախումներով լի դարաշրջան էր ու դրա ականատեսներից ու ապրողներից մեկը, իհարկե, Երվանդ Քոչարն է: Պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ մենք փորձելու ենք միաձուլել մեկ քանդակի մեջ Քոչարի երկու տեղային ժամանակաշրջանները՝ եվրոպականը և խորհրդահայկականը: Ինչո՞ւ է մարդու դեմքը ձևախեղված, ինչո՞ւ է կիսատ կամ անավարտ, ինչպիսի՞ ընթացք է ստանում արականի և իգականի հավերժական բախումը կամ միաձուլումը քանդակում, ո՞րն է նրա ուղերձը, արդյո՞ք արվեստագետը փորձել է կանխորոշել ժամանակակից սերնդի ֆրագմենտարությունը, անորոշության և մելանխոլիայի գերիշխումը անհատի ու հասարակության գիտակցական դաշտում, թե՞ պատկերել է եվրոպական անկումը՝ վերապրելով բրոնզի և գրանիտի մեջ, և կամ խորհրդային տոտալիտար հասարակարգում ստեղծագործական անհատի անկումնային տրամադրությունները հայկական մշակութային լանդշաֆտում: Թերևս, սա որպես նախաբան արդեն իսկ ուրվագծում է մեր հետազոտությոան հիմնական նպատակը և վեկտորները: Փորձել միանշանակ եզրահանգման գալ, կնշանակի մենք մեր ձեռքից բաց կթողնենք այն վիթխարի մշակութաբանական, արվեստաբանական մեկնաբանությունների փունջը, որը իր մեջ ներառում է «Մելամաղձությունը»:

Մելամաղձությունը և սոցիալական իրականությունը

Շվեդ հետազոտող Կարին Յուհանիսսոնը իր՝ «Մելանխոլիայի պատմությունը» գրքում վերլուծում է, թե տարբեր պատմական դարաշրջաններում ի՞նչ մշակութային արտահայտումներ, դրսևորումներ է ունեցել մելամաղձությունը՝ կապված աշխարհագրական դիրքից, սոցիոմշակութային նորմերից, ավանդույթներից և այլն: Մենք կփորձենք հասկանալ, թե Երվանդ Քոչարի քանդակը մելամաղձության, ո՞ր տեսակին է պատկանում, բայց մինչ այդ մի պահ պատկերացնենք, թե ի՞նչ էր զգում Երվանդ Քոչարը «Մելամաղձությունը» կերտելիս, ուժեղ անհատի օտարվածությունը իր հասարակական միջավայրի՞ց, ներհայեցողություն դեպի իր անցյալը՞, խորհրդային դոմինանտ գաղափարաբանության քննադատու՞մ, ապագա սերնդի դիագնո՞զ, թե՞ գենդերային ավանդական դերերի արժեզրկում, կամ էլ կին և տղամարդ անքակտելիության պայքարը ուրբանիստական ճնշող մշակույթի դեմ:
Ավստրիացի մեծ բանաստեղծ Ռայներ Մարիա Ռիլկեն իր «Սոնետներ Օրփեոսին» բանաստեղծական շարքում գրում է.
Ամբողջականությունը ցրվեց և հանդուրժում ենք Մասերը, Օգնություն չկա
Ռիլկեի այս տողերը նույնչափ Քոչարի մելամաղձությունն են արտահայտում, երկուսն էլ հենման կետ չունեն, կորցրել են իրենց լիարժեքությունը և՛ պարզ է, որ այս ամենը նաև հասարակական կոնտեքստում է դիտարկվում, երկուսն էլ զգայուն են, այսինքն չէին կարող անտարբեր մնալ այն թշվառության, ժանտախտի հետ, որը շրջապատում էր իրենց, երկու տարբեր իրականություններ բայց նույն ներքին փորձառությունը, նույն կանխատեսումները…
Ի՞նչ է տեսել Քոչարը: Նրա ներունակ տեսողությունը, փախուստը արտաքին աշխարհից դեպի իր ներքին եսը կամ այլ կերպ ասած էսկապիզմը իր ժամանակների մարդու մեխանիզացման դիտարկումն է, հրաժարումը իր անհատականությունից հանուն սին գաղափարների, որոնք չեն ծառայում նրա Մարդ (անհատ) դառնալու կայացմանը: Քանի որ տվյալ քանդակը բազմաբովանդակ և բազմաշերտ է, մեր բոլոր մշակութային դիտարկումները, կարծում ենք, որ ներառվել են Քոչարի գեղագիտական ներհայեցողության մեջ: Մելամաղձության մեջ Քոչարը պատկերում է այն, ինչը մի քանի տարի հետո Եվրոպայում Ալբերոտ Ջակոմետին իրացնում է «Քայլող մարդը» քանդակով, որը համարվում է 20-րդ դարի հետպատերազմյան եվրոպայի մելանխոլիայի մանիֆեստը: Տարբեր մշակութային կեցություններ տարբեր գեղագիտական հայեցողություններ, տեխնիկական լուծումներ, ձևեր… սակայն նույն թիրախը՝ մարդը, օտարված, մաշված, հյուծված իր հանդեպ բռնությունից, անկումային տրամադրություններից, անկայուն հոգեկան վիճակով, ով չգիտի, թե ուր պետք է քայլի՝ առաջ թե՞ հետ՝ անցյալ, որտե՞ղ պետք է փնտրի իր ելքի բանալին:
Կարծում ենք, որ Քոչարը շատ լավ հասկանում էր խորհրդահայ տարածքում իր ժամանակի մարդու հոգեբանական, գոյաբանական, հասարակական բախումները, ապրումները իր հոգեկանում, ով շատ անգամ զգում է այդ ամենը, բայց չունի լուծում, ուստի անդամահատված է, թերի, անորոշ, փախչող իրականությունից, որը անդեմ է, ցավ ու տառապանք պատճառող, պահանջող, պարտադրող, ճնշող ու կլանող, բայց ոչ խնամող, քանի որ քաղաքային է, ոչ երկրային ուստի՝ մելամաղձային: Երվանդ Քոչարի մելանխոլիան չի քայլում, ի տարբերություն եվրոպականի (Ջակոմետիի քայլող մարդը քայլ է կատարում դեպի անորոշություն), կծկված է մարմնի մի մասը պաշտպանված մաշկով, մյուսը` կորսված, անհետ կորած և միայն հիշողության լաբիրինթոսում պետք է փորձի հետ բերել իր երբեմնի ինքնությունը, այսինքն պետք է վերադառնա դեպի իր բնական ելակետը՝ բնություն: Հնարավոր էր արդյոք այդպիսի վերադարձ ապահովել՝ ներթափանցելով երևակայական ճամփորդությամբ դեպի դարերի խորքը, դեպի նախամարդը, սա՞ էր ուզում Քոչարը, երբ մարդը արդեն անդառնալիորեն մշակութայնացված է, ուրբանացված՝ անկախ իր կամքից և ցանկությունից: Քանդակը պատմում է մարդու զգայունակության, խոցելիության, մենության անկախ բազմամարդ քաղաքի առկայությունից, վերջինս ավելի է սրացնում, դիմազրկում, այն ինդիվիդուալ հատկանիշները, որոնք ժամանակին կրում էր անհատը, այսպիսով ստեղծվում է մի մարդ, որին իտալացի փիլիսոփա Ջորջիո Ագամբենը կասեր մարդը առանց բովանդակության: Ի վերջո Երվանդ Քոչարի ստեղծած մելամաղձություն ինչ տեսակի է, ինչ է բովանդակում մեզ, նայելուց քանդակը մենք նկատում ենք մելանխոլիայի երկու հստակ դրսևորումների հետ հուսատության (acedia) և կարոտի: Քոչարը վավերագրում է, որ հոմո սապիենսը կորցրել է իր երբեմնի բնական շփումը, միջավայրը և այդ անդրոգեն քանդակը գոյաբանական, մշակութային, քաղաքակրթական մի մեծ ուղերձ է մարդկության արվեստի միջոցով:

Մելամաղձությունը և մելանխոլիայի արվեստաբանական նոր ընթերցում

Գեղագիտությունը և մելանխոլիան երկար պատմություն ունեն, մելամաղձության դրսևորումները արվեստում քիչ չեն Ալբրեխտ Դյուրերից սկսած մինչև Օրհան Փամուք, վերջինս Ստամբուլը նկարագրելիս ասում է, որ սա տխրության քաղաք է, նկատի ունենալով քաղաքի երբեմնի փառքը և անհետացող հին քաղաքային շերտը, սակայն հ կուզեմ դիտարկենք թե ինչպիսի կերպարանափոխության է ենթարկվել մելանխոլիա հասկացությունը արվեստում տարբեր դարաշրջաններում, պարզ է նաև, որ մելամաղձության տակ մենք հասկանում ենք այն հոգեբանական կարգավիճակը (անհատի կամ խմբի), որին հատկանշական է զգայունությունը, խոցելիությունը, հուսահատությունը, դատարկությունը, ձանձրույթը (սփլին), հոգնությունը, փախուստը իրականությունից, կարոտը դեպի անդառնալին ու կորսվածը, որը պետք է վերականգնվի կամ վերադառնա անհատի կամ խմբի սուբյեկտիվ իրականության կամ ժամանակի զգացողության մեջ, սրանք մելանխոլիայի տարբեր դրսևորումներն են, որոնք տեղ են գտել արվեստի պատմության մեջ տարբեր արվեստագետների կողմից: Մենք գիտենք անվանի արվեստագետներ, ովքեր ռոմանտիկ էին և համապատասխանում էին իրենց հոգեբանական կեցվածքով մելանխոլիային Մարսել Պրուստ, Ջորջ Գորդոն Բայրոն, Շառլ Բոդլեր, Փաուլ Քլե և իհարկե Երվանդ Քոչարը: Բոլոր վեր նշված մարդիկ փոխանցում են իրենց մտորումները, զգացումները և մտավախությունները իրենց գեղարվեստական լեզվի միջոցով: Քոչարը ստեղծում է իր առանձին կոսմոսը, տարբերվող ձեռագիրը այս հարցի վերաբերյալ, պատահական չէ, որ քանդակի մի մասը թափանցիկ է չկա պաշտպանողական շերտ (մարմին), որը թաքնվի հոգին՝ մարդու ներքին դիմանկարը, ուստի նա կարող է տրվել տարատեսակ ազդեցությունների, լինել իներտ, կլանող, վերցնող առանց իր ցանկության, ընտրության, կամազուրկ մի էակ, որ չգիտի ինչպես դիմագրավել տեխնիկական պրոգրես կոչված արհավիրքին և եթե խորացնենք քանդակի մշակութաբանական մեկնաբանությունը կարող ենք նաև Քոչարին համարել ֆուտուրոլոգ կանխորոշելով արհեստական բանակության հաղթարշավը ժամանակակից աշխարհում և դրանով իսկ ազդարարումը, որ մարդը կորցնում է իրեն, իր ուժը, իր ստեղծարար սկիզբը, արտադրողականությունը, այսինքն այն բոլոր անհատական ու հասարակական ատրիբուտները, որոնք թույլ էին տալիս մարդուն ստեղծագորել, արարել, կերտել մարդկության և հասարակության համար, կորչում է Էրոսը տեղ տալով Թանատոսին, այն է մարդուն, անհատին, համայնքին, խմբին տանելով դեպի սիմվոլիկ ինքնասպանութանը նրան դարձնելով մեխանիկական կառուցվածք, իներտ զանգված, անդադար սպառող կերպար, որը անընդհատ խժռում է մատուցվածը, այլ ոչ թե վերաիմասավորում, վերլուծում իր գոյության ճգնաժամային պահերը, քննադատում անորակ, անբովանդակ որպես արվեստի քողի տակ անցկացնող աշխատանքները, որոնք աֆֆեկտի ու մտածելու համար չեն, այլ մարդուն դանդաղ քնեցման, անջատման, երազայինին տրվելու համար:

Հոդվածը գրվել է ՆՓԱԿ-ի հետ համատեղ համագործակցությամբ և նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ: Նախագիծը նվիրվում է ՆՓԱԿ-ի համահիմնադիր Էդուարդ Պալասանյանի հիշատակին:

Օգտագործված գրականության ցանկ

1. К. Юханнисон. История меланхолии. 2022. 320с.
2. Р.М.Рильке. Сонеты к Орфею. 2012. 128с.
3. Д.Агамбен. Человек Без содержания. 2018. 160с.
4. Ակտուալ արվեստ, #10 (15), Եր.: 2021թ, 93 էջ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *