Ջորջիո Ագամբեն | Արհեստական ինտելեկտի և բնական հիմարության առնչությամբ

«Սկսվում է բարբարոսության մի դարաշրջան, և գիտությունը կծառայի դրան»։ Բարբարոսության դարաշրջանը դեռ չի ավարտվել, և Նիցշեի այս ախտորոշումն այսօր ճշգրտորեն հաստատվում է։

Գիտություններն այնպիսի ջանասիրությամբ են ձգտում բավարարել՝ նույնիսկ նախապես գուշակել, հասարակության ամենայն պահանջ, որ երբ վերջինս որոշեց, թե այլևս ո՛չ ցանկություն ունի, ո՛չ էլ մտածելու կարողություն, գիտությունը նրան անմիջապես մատակարարեց մի սարք, որին տվեց «Արհեստական ինտելեկտ» անունը (կարճիվ՝ AI)։

Անունը, սակայն, թափանցիկ չէ, քանի որ խնդիրն այն չէ, որ այն արհեստական է (մտածումը՝ իբրև լեզվից անբաժան մի երևույթ, միշտ ներառում է որոշակի արվեստ կամ արվեստականություն), այլ այն, որ վերջինս գտնվում է այն սուբյեկտի մտքից դուրս, որը մտածում է կամ պետք է մտածեր։ Այս առումով այն հիշեցնում է Ավերոեսի[1] «առանձնացյալ ինտելեկտը», որը՝ ըստ այդ հանճարեղ անդալուզցի փիլիսոփայի, ընդհանուր էր ամենքի համար։

Ավերոեսի համար խնդիրը, հետևաբար, այն էր, թե ինչ հարաբերություն կարող է լինել այդ առանձնացյալ ինտելեկտի և անհատի միջև։ Եթե ինտելեկտը զատված է անհատներից, ապա ինչպես կարող են նրանք միավորվել դրա հետ՝ մտածելու համար։ Նրա պատասխանը հետևյալն էր. առանձին մարդիկ հաղորդակցվում էին առանձնացյալ ինտելեկտի հետ երևակայության միջոցով, որը մնում է անհատական։

Այն փաստը, որ այս խնդիրը չի բարձրացվում արհեստական ինտելեկտի պարագայում, անշուշտ, վկայում է մեր դարաշրջանի բարբարոսության և երևակայության բացարձակ պակասի մասին։ Եթե այն լիներ պարզապես մի գործիք՝ ինչպես մեխանիկական հաշվիչները, ապա այս հարցն իսկապես չէր առաջանա։ Բայց եթե ենթադրվում է (ինչպես փաստորեն ընդունված է), որ, Ավերոյեսի առանձնացյալ ինտելեկտի նման, արհեստական ինտելեկտն ինքն է մտածում, ապա այն հարցը, թե ինչ հարաբերություն ունի այն մտածող սուբյեկտի հետ, այլևս անշրջանցելի է դառնում։

Բազլեն մի անգամ ասել է, որ մեր ժամանակներում ինտելեկտը հայտնվել է հիմարների ձեռքում։ Հնարավոր է, ուրեմն, որ մեր դարաշրջանի վճռորոշ խնդիրն ունի հետևյալ ձևակերպումը. ինչպե՞ս կարող է հիմարը՝ այսինքն՝ նա, ով չի մտածում, հարաբերության մեջ մտնել մի ինտելեկտի հետ, որը պնդում է, թե մտածում է իր սահմաններից դուրս։

 

Մարդկության վերջին օրերը

1915 թ․ հոկտեմբերից՝ Մեծ պատերազմի բռնկման լուրն առնելուց հետո, Կառլ Կրաուսն[2] սկսեց գրել «Մարսի թատրոնի համար» նախատեսված իր դրաման՝ «Մարդկության վերջին օրերը», որը չցանկացավ բեմադրել, քանզի, ինչպես ինքն էր ասում, «այս աշխարհի թատրոնի հանդիսատեսը դժվար թե դիմանար այդ տեսարանին»։ Դրաման, կամ ավելի ստույգ, ինչպես նշված է ենթավերնագրում՝ «հինգ գործողությամբ ողբերգությունը» — «նրանց արյան արյունն ու հիմնանյութի (sostanza) հիմնանյութն էր այն անիրական, անըմբռնելի տարիների, որոնք անմատչելի էին ցանկացած զգոն մտքի, անհասանելի ցանկացած հիշողության համար և պահպանվել էին լոկ արյունալի մի երազում․ այն տարիների, երբ մարդկության ողբերգություն խաղում օպերետային կերպարներ էին»։

Եվ «Ահեղ դատաստանի» մեջ, որը գրել է պատերազմի ավարտից հետո, Կրաուսը խոսում է իր «մեծ ժամանակի» մասին՝ այն ժամանակի, «որը նա ճանաչել էր, երբ այն դեռ այնքան փոքր էր, և որը նորից կփոքրանա, եթե դեռ ժամանակ մնա դրա համար», ժամանակի, «երբ տեղի է ունենում այն, որ անկարելի էր պատկերացնել, և պետք է տեղի ունենա այն, որն այլևս հնարավոր չէ պատկերացնել, և որը, եթե հնարավոր լիներ պատկերացնել, տեղի չէր էլ ունենա»։

Ինչպես յուրաքանչյուր անողոքորեն հստակ խոսք, Կրաուսի սույն ախտորոշումը լիովին համապատասխանում է մեր ապրած իրավիճակին։ Մարդկության վերջին օրերը մեր օրերն են, եթե ճշմարիտ է, որ յուրաքանչյուր օր վերջինն է, որ վախճանաբանությունը (escatologia), որը բաց է միայն նրանց համար, որոնք ի զորու են այն հասկանալ, պատմական կացություն է՝ գերազանցապես։

Հատկապես պատերազմի մասով՝ մեր ժամանակի առնչությամբ կարելի է ասել, ինչպես ասում է Կրաուսը, որ այն «ի զորու չլինելով ապրել որևէ բան և պատկերացնել այն, չի սոսկում անգամ իր իսկ կործանումից»։ Եվ արդյո՞ք այսօր էլ ճշմարիտ չէ, երբ ընթացիկ պատերազմի շուրջ հյուսված ստերը նպատակ ունեն արդարացնելու բոլոր գալիք պատերազմները, որ «այն իրողությունը, թե պատերազմ լինելու է, ընկալելի է դառնում հենց նրանց համար, որոնց համար «պատերազմ է» կարգախոսը թույլատրել և սքողել է ամենայն խայտառակություն»։

Եվ, ամենայն հավանականությամբ, ինչպես Ավստրիան 1919-ին, այնպես էլ Եվրոպան չի կարողանա գոյատևել իր ստերի ու խայտառակությունների ծանրության տակ և վերջում ստիպված կլինի կրկնել կայսրի խոսքերը, որոնցով ավարտվում է գիրքը. Ich habe es nicht gewollt — «Ես չեմ ցանկացել այդ»։

Թարգմանությունը՝ Սահակ Գալոյանի

[1] Աբու ալ-Վալիդ Մուհամադ իբն Ահմադ իբն Ռուշդ (Ավերոես անվամբ առավել հայտնի է Եվրոպայի արևմտյան հատվածում) – անդալուզցի մաթեմատիկոս, աստղագետ և փիլիսոփա։

[2] Կառլ Կրաուս (Karl Kraus, 1874-1936) – ավստրիացի գրող և հրապարակախոս։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *