Գոհար Արթենյան | Լուիզա  Ասլանեանի  «Հարցականի  ուղիներով»  վէպը

Արեւելեան  եւ  արեւմտեան  արժէհամակարգի  հակադիր արտացոլումը  Լուիզա  Ասլանեանի  «Հարցականի  ուղիներով»  վէպում

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Այս քննական էսսէն վերաբերում է Լուիզա Ասլանեանի «Հարցականի ուղիներով» ստեղծագործութեանը։ Հեղինակը ստորագրել է «Լաս» գրական ծածկանունով․ Լուիզա Ասլանեան Սրապիոնի։ Վէպը լույս է տեսել 1936թ․ Փարիզում։[1] Այն կենսագրական գործ է՝ կազմուած երեք մասերից․ «Արևելեան գորգը», «Կլիմայ», «Քաոսի միջից»։ Հեղինակը չի նշում վէպի կենսագրական լինելու մասին, բայց գրողի կենսագրութիւնը, վէպի բովանդակութիւնը յուշում են այդ փաստը։ Վէպի իրադարձութիւնները նախ տեղի են ունենում Թաւրիզի հայ միջավայրում, յետոյ՝ Փարիզում։ Վէպի առանցքը արեւելեան եւ արեւմտեան արժէհամակարգերի փոխազդեցութեան բովում հերոսների կեանքի պատմութիւնն է, աշխարհընկալման տարբերութիւնները, որոնք փոխում են հերոսների կեանքի հունը, տեղում առաջացնում ընկերային-հոգեբանական տարատեսակ խնդիրներ, անկումներ։ Վէպում ուղեկցող գիծ են ժամանակի աշխարհքաղաքական իրադարձութիւնները․ պատերազմական տարիներ, Հայաստանի Առաջին Հանրապետութեան հռչակում, բոլշեւիզմ։

Քննական էսսէյի խնդիր ընտրեցի վէպի կերպարների կեանքում արեւելեան եւ արեւմտեան արժէհամակարգերի (մտածողութեան, կենսակերպի, ձգտումների տարբերութիւններ) դրսեւորումները եւ ազդեցութիւնները ներկայացնելն ու վերլուծելը, քանի որ ըստ իս՝ այս խնդիրը արտացոլուած է վէպի երեք մասերում եւ ունի հիմնային բնոյթ։

Սփիւռքահայ գրականութեան որևէ հեղինակի գործ վերլուծելը ինձ համար հետաքրքրական է, քանի որ կարեւոր եմ համարում ճանաչել Հայաստանից դուրս ստեղծագործած հայ հեղինակներին։ Ընթերցելով Լուիզա Ասլանեանի «Հարցականի ուղիներով» ստեղծագործութիւնը, հնարաւոր է շատ հարցեր եւ արժէքներ տեսնել այլ դիտանկիւնից։ Վէպի բազմաշերտութիւնը եւ Լասի իրապաշտական մօտեցումը տալիս են այդ հնարաւորութիւնը։

Նախապէս ծանօթ լինելով ֆրանսահայ գրականութեան որոշ հեղինակների՝ Լասի անունը ինձ համար նորութիւն էր։ Առաջին անգամ հեղինակի եւ վէպի մասին տեղեկութիւններ ունկնդրելով, ընթերցելով, դրանք ինձ հետաքրքիր թուացին՝ մի քանի պատճառներով․ նախ՝ հեղինակի կեանքի դաժան հանգուցալուծումը եւ այդ խոտոր ճանապարհներին նրա դրսեւորած զարմանալի կենսասիրութիւնը, լաւատեսութիւնը, պայքարի կամքը։ Վէպի կենսագրական լինելը պիտի թոյլ տար հեղինակին աւելի լավ հասկանալու, ըմբռնելու, թէ արեւելեան ջերմ ոգով այդ ստեղծագործողի գրելու ձիրքի աղբիւրը որտեղ է, եւ «յանուն որ՞ արժէքների» նա անցավ «հարցական ուղիներով»։

Վէպը գրուած է արեւելահայերէն, ունի ինքնատիպ պարզ բառապաշար, բայց իր պարզութեան մէջ վէպի լեզուն հարուստ է, իսկ կարդալու ընթացքը՝ չյոգնեցնող։ Որոշ էջերում հանդիպում են ռուսերէն եւ ֆրանսերէն բառեր, որոնք աւելի տիպիկ են դարձնում պատկերները, հետաքրքիր՝ երկխօսութիւնները։ Վէպում կենտրոնական կերպար եւ հիմնական գաղափար գտնելը դժուար է, քանի որ հեղինակը իրար զուգահեռ ընթացող իրավիճակներ է ներկայացնում եւ այդ ամէնի ազդեցութիւնով կերտում է բոլոր կերպարների կեանքի ուղի։ Մեկ գաղափարի շուրջ չի ծաւալվում հեղինակը, այլ բազմակողմանի մօտեցմամբ ցուցադրում է մարդկային տարբեր մտածողութիւններով ապրած կեանք եւ հանգուցալուծուած ճակատագրեր։

Սփիւռքահայ իրականութեան մէջ, գրական քննադատութիւններով հանդերձ[2], Լասի ստեղծագործութիւնը, ի վերջոյ, արժանացաւ դրական արձագանքի։ Ըստ իս՝ Լասը վէպը վերնագրել է «Հարցականի ուղիներով», ոչ թէ նշելու համար լուծումների ճանապարհները, այլ ցուցադրելու համար իր վեպի հերոսների անցած խճողուած ուղիները՝ կարեւոր հարցերի պատասխաններ որոնելիս։

Քննական էսսէն կազմուած է 2 հիմնական բաժիններից․ «Արեւելքը» եւ «Արեւմուտքը», որոնցից իւրաքանչիւրում անդրադարձել եմ վէպում արտացոլուած երկու հակադիր արժէհամակարգերին, արժէհամակարգային տարբերութիւնների դրսեւորումներին, հերոսների կեանքում այդ ամէնի ազդեցութիւններին։

 

ԱՐԵՒԵԼՔԸ

Վէպի առաջին մասը կրում է «Արեւելեան գորգը» խորագիրը, որտեղ իւրաքանչիւր յատուած յագեցած է արեւելեան միջաւայրին յատուկ նկարագրութիւններով։ Առաջին մասին խորհրդանշական կերպով համապատասխանող վերնագիր է ընտրել գրողը․ արեւելեան գորգի նմանուող պատմութիւն՝ հիւսուած եւ քարկապուած տարբեր իրադարձութիւններով, զգացմունքներով, բնապատկերների նկարագրութիւններով, բնաւորութիւններով եւ ապրումներով։ Վէպի սկիզբը բաւականին պարզունակ է գրուած․ հեքիաթ է պատմում վէպի նշանակալի կերպարներից մէկը՝ Բեհեզ տատը, ով արեւելեան աւանդապաշտ ընտանիքի հիմնական եւ օրինակելի դէմքն է եւ իր շուրջ է համախմբել ընտանիքը՝ իր կենցաղով, վարքուբարքով։ Միայն հեքիաթի վերջում ենք հասկանում, որ դա ստեղծագործութեան մէջ ստեղծագործութիւն է։ Բուն պատմութիւնը սկսւում է յետոյ։ Հեքիաթներ, երազներ եւ վերացարկուած այլ պատումներ կարելի է գտնել վէպի միւս մասերում եւս, որոնք խորքում յուշումներ կամ կանխատեսումներ են իրադարձութիւնների յետագայ ընթացքի մասին։

Պարզութիւնը եւ մակերեսայնութիւնը միայն վէպի սկզբում էին։ Իրականում գիտէի, որ վէպի սկզբում գրուած պարզ հեքիաթին պիտի անդրադառնամ եւ վերյիշեմ վէպի ընթերցման աւարտին, եւ այդ ժամանակ կհասկանամ, թէ գրողը ինչ ուղիներով փորձեց ինձ տանել, ինչ խնդիրներ փորձեց ցույց տալ՝ արեւելեան հեքիաթից մինչեւ կեանքի կոշտ եւ իրական կողմեր։ Իր գրական արժէքով, պարզ բառապաշարով, նկարագրութիւնների մանրամասնութիւններով բաւականին հետաքրքիր ստեղծագործութիւն է, թէեւ՝ որոշ տեղերում նկարագրութիւնների խտութիւնը շատ է։ Զգացւում է, որ կենսագրական է, եւ, որ վեպի հերոսներից մէկը Լուիզա Ասլանեանի կերպարի մարմնաւորումն է․ Անուշի մանկական կերպարը, ըստ իս՝ հեղինակն ինքն է։ Բոլոր կերպարները բնաւորութեան իւրօրինակ գծեր ունեն, իրարից շատ տարբերուող են։ Հիմնականում բոլորը արտայայտուած զգացմունքայնութիւն ունեցող կերպարներ են, ինչը բնորոշ է արեւելեան քաղաքակրթութեանը։

Կերպարների հոգեբանական նկարագիրը մտորումների տեղիք է տալիս։ Յաճախ առաջին հայեացքից հոգեբանօրէն առողջ կերպարի մէջ ինչ-որ պահից սկսում ենք նկատել ուրիշ խմորումներ, որոնցով անսքողվում են կերպարի մութ կողմերը։

Արեւելեան քաղաքին բնորոշ գեղեցկութիւններով յագեցած Թաւրիզում երջանիկ է ապրում Նուբարի ընտանիքը։ Այնտեղ աւանդական բարքեր են․ ամէնքը գիտէ իր տեղն ու դէրը ընտանիքում, եւ նրանց կենսակերպը համեմուած է արեւելեան ջերմութեամբ։ Արեւելքի հանդէպ սէրը զգացւում է հեղինակի տողերից, երբ նկարագրում է «Փարիզ» տպարան տանող արահետը, մրգավաճառների խանութը, իրենց տան կահաւորանքը, պարտէզը, hարսանիքի տեսարանները, տարուայ եղանակների հերթափոխը, հաց թխելու արարողութիւնը, տաք թոնրի շուրջ համախմբուելու եւ տատից հեքիաթներ լսելու իրենց սովորութիւնը։ Տատի եւ թոռների, բայց յատկապէս Անուշի կերպարի հետ ջերմ հարաբերութիւնը հիմք է ծառայում, որ Անուշի կերպարը յետագայում դրսեւորուի հարուստ եւ յագեցած մարդկային դրական նկրտումներով։

Կերպարները սիրում են արեւելեան միջավայրը, իրենց հոգիների մէջ այն ջերմ անկիւն է, բայց կարծես չեն գիտակցում դա, եւ անընդհատ իմաստի փնտրտուքների մէջ են՝ այլուր, «դեպի իրենց իրականութիւնից դուրս աշխարհ»։

Արեւելքի մարդուն բնորոշ ջերմութիւնը եւ արեւմտեան քաղաքակրթութիւնը ամփոփող կերպար է ընտանիքի հայրը՝ Նուբարը։ Նա իր այս տեսակով ձգտում է, որ իր զաւակները առնչվեն քաղաքակիրթ աշխարհին՝ ուսման, գիտութեան եւ լուսաւորութեան բարձունքներից, բայց հաւատարիմ մնան իրենց ծագմանը։ Իր զաւակներին, բացի այս քաջալերանքը, նաեւ զգացական գրագիտութեամբ է մօտենում․ օրինակ՝ փոքր դստեր հետ տանիք բարձրանալը, նրա մանկական հարցերին պատասխանելը, գրկելը, գգուանքը, ընտանիքի նկատմամբ ջերմեռանդ հետեւողականութիւնը, ընտանեկան համախմբուածութիւն ստեղծելը եւ այլն։ Կարծում եմ, որ ամենախտացուածն է Նուբարի կերպարը, քանի որ գնահատելով իրենց ունեցածը արեւելքում, մտածում է քաղաքակիրթ աշխարհին հասնելու համար զարգանալ գիտութեամբ եւ չթողնել տրուած գեղեցիկ անկիւնը։ Կշռադատուած վերաբերմունքով կերպար է Նուբարը, «յանպատրաստից թռիչքների» կողմնակիցը չէ․ հակուած է ոչ թէ զէնքով, այլ ծանրակշիռ գաղափարախօսութիւններով ազգային հարցերը կարգաւորելու։

« –Յեղափողութիւնը կարող է շուռ տալ մեր ազգի վիճակը, բայց վախենում եմ, Արտօ, մենք տակը մնանք․․․»[3], – ահա մի միտք, որտեղ արտացոլւում է նրա էութիւնը։

« –Մեր փրկութիւնը,Արտօ- ասաց նա ծանրութեամբ, – մեր փրկութիւնը կրթութեան մէջ է։ Դարեր շարունակ մեր ազգը վառ է պահել լուսաւորութեան ջահը Արեւելքում։ Հայը միշտ լոյսի ճամփաներով է քայլել, եւ եթէ այսօր մենք կանք, ապրում ենք, եթէ չենք ձուլուել ասիական բազմաթիւ ժողովուրդների նման, շնորհիւ նրա, որ սիրել ենք գիրն ու գրականութիւնը։ Պէտք է կրթւել, զարգանալ, լուսաւորել մեր միտքը եւ կանգնել մարդկութեան առաջ որպէս հաւասար անդամ։ Կրթութիւնը ուժ կու տայ խեղճերին, կամք՝ անկամներին, հավատ՝ թերահաւատներին»։[4]

Մեկ այլ կերպար, որ Նուբարի կերպարի հակապատկերն է, հասարակ անկիրթ արեւելքցի նամակաբեր Սէթի կերպարն է։ Իհարկե՝ անընդհատ առնչուելով քաղաքակիրթ արեւմուտքին ձգտող իր հայրենակիցներին, Սէթի կերպարը եւս զարգացում է ապրում․ ի վերջոյ, գոնէ տառաճանաչ է դառնում։ Նրա կերպարի միջոցով Լասը արտայայտում է պարզ, բայց շատ կարեւոր գաղափար հոգու անմահութեան եւ ամէնուր լինելու մասին։ Ամէնը արեւելքի մարդուն բնորոշ, բնութեանը համաձույլ եւ իր ունեցածով գոհացող տեսակի ապրումներ են, եւ Սէթը երջանիկ լինելու համար կարիք չունի կրթութեան եւ գիտութեան․ ինքն այդպէս էլ բաւականութիւն է զգում, երբ օրինակ՝ իր լուռ տանը արեւի շողքերն են ցոլում, ինքը երգում է․․․ Կերպարներին խօսեցնելու միջոցով գրողը կարողանում է իր ներհակ մտքերը փոխանցել։ Հասկանալի են իր վայրիվերումները, երկդիմի մտածողութիւնը․ ինչպէ՞ս թողնել սիրելի եւ հոգեհարազատ արեւելքը, ձգտե՞լ արեւմտեան զարգացած քաղաքակրթութեանը։

Արեւելքի ջերմեռանդութեամբ լցուած երիտասարդները, սէրը իրենց հոգում ամբարած, նույնիսկ չէն մտածում մէկ օր այդ ապրումների նահանջի մասին։ Նրանք հոգեկան բաւարարուածութեան են հասնում իրենց ունեցածով եւ գալիքի մասին լուսաւոր պատկերացումներով։ Նրանք, աշխարհի թելադրանքով, իրենց ժամանակի աշխարհքաղաքական իրադարձութիւնների համապատկերում ձգտում են գնալ, փոխել, կրողը լինել հայրենակերտման հեռաւոր ու լղոզված, բազմախութ գաղափարախօսութիւնների, եւ չեն զգում կամ հասկանում՝ ինչպէս է այդ ամէնը «իրենց հեռացնում իրենցից», քայքայում է աննկատ, եւ մի օր կերպարները, յատկապես վէպի վերջում, իրենց իսկական էութիւնից շեղուած, կեանքի անիւների տակ չարչարուած մարդիկ պիտի դուրս գան, ովքեր, ցաւօք, իրենց պատկերացրած լուսավորութիւնը պիտի չտեսնեն։

«Արեւելքը խարխափում է խաւարի մէջ․․․Հապա դու ազատիր այստեղի մարդուն ծանր աշխատանքներից, տուր նրան մեքենայ, տուր նրան կեանքը շահելու միջոցներ․․․Մենք դեռ այնքա՜ն հեռու ենք քաղաքակրթութից․․․»[5]։

Իրենց փախուստը եւ մերժումի առարկան «ձանձրալի արեւելքն» էր, արեւելքի թուացեալ ոչ քաղաքակիրթ մարդը․ կարծես՝ իրենք իրենցից էին փախչում։ Բայց մի՞թէ կարելի է գտնել կամ դառնալ ուրիշ մեկը, զարգանալ, երբ դու քանդում ես քո հիմքերը, մերժում քեզ լուսաւորող հիմնային արժէքները։

Կարծում եմ, որ հայրենիքին եւ ինքնութեանը սպառնացող վտանգները, ճիշտ է, որ անհնար էր լուծել առանց քաղաքակիրթ աշխարհում գաղափարական ամուր հենքեր ունենալու, հաւասարութեան, բանակցութեան, բայց այդ ճանապարհը վէպի հերոսների պարագայում պէտք էր կերտել թրծւելու, ունեցածը մաքրագործելու եւ հղկելու միջոցով։

Վէպի սկզբում արեւելեան միջավայրը կարծէս միշտ յաղթում է իր դրսեւորումներով։ Նույն տօնախմբութեան ժամանակ մի սրահից լսւում են ֆրանսիական վալսի հնչիւններ, միւսից՝ արեւելեան մելամաղձոտ մի երգի՝ լարային գործիքի եւ դափի նուագակցութեամբ, եւ վերջինս գերում է նույնիսկ եւրոպացի հիւրերի հոգին։ Կամ՝ քաղքենի դաստիարակութեամբ եւ նիստուկացով հայ կանանց կողքին Թաւրիզի հայուհիների արտաքին տեսքը, դրսեւորումները, իւրօրինակ գեղեցկութիւնը ավելի ցայտուն են երեւում։ Համաչափ եւ գծագրուած վայրի բնութեանը նմանուող գեղեցկութիւնը աւելի ցայտուն են երեւում։ Գծագրուած պարերի կողքին յանկարծ հիանալի է նկատւում կերպարներից մէկի՝ Շողերի արեւելեան պարը։

Տիգրանի կերպարի մէջ հոգու-մտքի պայքարը արտայայտութիւն է գտնում արեւելք-արեւմուտք տարբերութիւններով եւ կերպարը ինքը գիտակցում է իր մէջ տեղի ունեցող պայքարը։

Հաւատքի եւ սնահաւատութտեան դրսեւրումներ շատ կան վէպում։ Այս վերջինը եւս արեւելեան մշակոյթին բնորոշ արտայայտութիւն է․ մոգութեան միջոցով կանխագուշակումներ անելը, հիւանդութիւններ բուժելը եւ այլն։

Արեւելեան հոգեկերտուածով դէպի քաղաքակիրթ աշխարհը ձգտելու կամքով են յատկանշւում գրքի երիտասարդ կերպարները, քանի որ մանկուց դաստիարակուած էին այդ ոգով, մինչդեռ աւելի հասուն դառնալով միայն, իրենց «հոգու արեւելքը» կորցնելուց յետոյ են հասկանում, թէ ինչպիսի ունայն լաբիրինթոսում են խարխափում։ Օտարոտի արեւմուտքում իրենց ունեցած վեհ գաղափարները նուաղում են, եւ նույնիսկ եթէ յետ գնան իրենց արեւելքը, այլեւս երբէք պիտի չլինեն առաջուանը, պիտի չկարողանան վերազգալ եւ երջանիկ լինել՝ ինչպէս մի ժամանակ էին ապրում։

Կրթութեան եւ լուսաւորութեան գաղափարախօսութիւնը լաւագույնս իրականցնողը Զաւենի կերպարն էր, բայց հենց նա դարձաւ ամենաանկումային եւ հոգեբանօրէն քայքայուած կերպարը վերջում։

Արեւելքի ջերմութեամբ սնուցուած հոգիները կուլ գնացին արեւմտեան անտարբեր ու սառն կարգերին եւ ունայնացան, կորցրին իրենց հոգու լոյսը եւ էութեան փայլը։

Լասը դեռ մանկուց (եթե իսկապես Անուշի կերպարը իր ալտէր էգոն է) աղէտի պատկերացմամբ էր մեծացել։ Օրինակ՝ իր փոքրիկ հայ ընկերոջ հետ ջարդերի մասին զրոյցները, պատկերացումները այդ մասին են վկայում։ Կամ՝ հայդուկների հանդէպ նրա հետաքրքրվածութիւնը, որ նույնպէս պայքարի ակորդներ է պարունակում։ Նա չէր անցել աղէտի բովով, բայց ասես ներքին մղում ուներ հասկանալու, ապրելու եւ հոգու ճիչը բարձրացնելու հայրենիքի ու ինքնութեան հարցերում արդարութեան համար։ Նա դեռ մանկուց իր ընտանիքում օտար լինելու զգացումներ ուներ, թէ ծնողները իրեն պարզապէս գտել են, գուցէ ինքը մի որբուկ է․․․

Աղէտը պատկերացրած, եւ դրանից ազդւած հոգի է հեղինակը, եւ կարծում եմ՝ գերմանական արգելարանում իր հոգեկան աննկուն դիմադրութեան հիմքը սա է։

Արեւելեան գեղեցիկ պատկերները եւ կերպարների երջանկութիւնը վերջ են գտնում մի խորհրդանշական իրադարձութիւնով, երբ մահանում է ընտանիքի տատը, ով այդ ամբողջ աւանդականութեան հիմնադիրը կարծես լիներ։
ԱՐԵՒՄՈՒՏՔԸ
Վէպի երկրորդ եւ երրորդ մասերում աւելի շատ են արեւմտեան արժէհամակարգային դրսեւորումները եւ դրանց պատկերները։ Երկրորդ մասը, որ վերնագրուած է «Կլիմայ», խորքում խորհրդանշում է նախ անցնող տարիների պարապ կրկնութիւնը, եւ յետոյ՝ «եղանակային փոփոխութիւնը» արեւելեանից արեւմտեանի, կերպարների զգացական փոփոխութիւնները, մեծ իրադարձութիւնները, որ յատկապես այս մասից սկսեալ տեղի են ունենում։

Արեւմտեան լուսաւոր քաղաքակրթութիւնը իււրացրած մի կերպար՝ Զաւենը, Ռուսաստանից հայրենի Թաւրիզ է վերադառնում՝ ռուս կնոջ հետ ամուսնացած։ Միջավայրի զարմացած եւ օտարոտի, մեկտեղ՝ տարակուսած դէմքերը ասես երեւում են վէպում։

Յայտնի է, որ արեւելեան քաղաքակրթութեանը բնորոշ չեն խառն ամուսնութիւնները, եւ վէպում տեղի ունեցած այս իրադարձութիւնը այնքան օտարի հանդէպ վերաբերմունքի խնդիրներ առաջ չի բերում, որքան ներքին վայրիվերումներ Զաւենի կերպարում, եւ այդ ամէնը, ի վերջոյ, աւելի սուր արտայայտութիւն է ստանում արեւելեան միջաւայրում։ Զաւենը, որ ներքին յակում ուներ դեպի բնօրրանում տեսած եւ զգացած ջերմութիւնը, իր կնոջ մի սառն ժպիտից բախւում է չհասկացուած լինելու քայքայող գաղափարին, եւ այդ անկումները դրսեւորւում են նրա յետագայ կեանքում։

Կարծում եմ, որ վէպի այդ դրուագի համար համահունչ է Վահան Տերեանի «Երկիր Նայիրի» բանաստեղծական շարքից այս քառատողը․
Այնպէս անխինդ են եւ նման լացի
Երգերն իմ երկրի, այնպէ՜ս տխրագին,
Մեզ չի հասկանա օտարերկրացին,
Մեզ չի հասկանա սառն օտարուհին․․․․[6]

Վէպի երկրորդ մասում ներկայացված որոշ դրուագներ ցուցադրում են ազգային եւ համամարդկային արժէքների բախում։ Բախման կողմերից մէկը հայրերի ազգամետ սերունդն է, միւս կողմը՝ արեւմտեան աշխարհի վարքուբարքը իււրացրած, խորը գաղափարներով կրթուած եւ արեւելեան պահպանողական եւ աւանդական նիստուկացը, ձանձրալի կեանքը քննադատող, այդ ամէնին դեմ գնացող Զաւենի կերպարը։

Առօրէական պարզ խօսակցութիւնից երկխօսութիւնը հասնում է լուրջ բախման․
«–Հայ ժողովուրդը, որդի՛ս, ունի հող, երկիր, բնակչութիւն, հարստութիւն․․․Յետոյ մեր, հոգեկան, մեր կուլտուրական արժէքները․․․»։
« –Մեր արժէքնե՜րը․․․Երբ մարդ ծանօթանում է մեծ ժողովուրդների պատմութեան, գրականութեան, փիլիսոփայութեան հետ, զգում է այն ժամանակ, որ մեր արժէքները ոչինչ են, ոչի՜նչ․․․Գիտութեան ու արուեստի անծայր ու անյատակ ծովի մէջ ընկած մի քանի կաթիլներ, եւ ուրիշ ոչինչ․․․»:
« –Մենք ունենք հարուստ գրականութիւն․․․․ Միջնադարեան կրօնական մեր երգերը, Յովհաննէս Մանդակունուց սկսած մինչեւ Ներսէս Շնորհալի․․․․ Իսկ Նարեկացին, Ֆրիկը, Մկրտիչ Նաղաշը, Աղթամարի Գրիգորը, Նահապետ Քուչակը եւ Սայաթ-Նովան․․․»:
«–Դրանցից եւ ոչ մէկը ոչինչ չեն աւելացնում համամարդկային արժէքների վրայ․․․»:[7]

Լասի ազգային գաղափարները աւելի շատ Նուբարի կերպարի միջոցով արտայայտուած խօսքերին են համապատասխանում, ազգային արժէքները գնահատում է գրողը։ Վէպում ոչ բոլոր կերպարներն են օժտուած այսպիսի ծայրայեղական եւ ժխտողական մտածողութեամբ։

Համաշխարհային գրականութեան ու արուեստի մէջ ստեղծուած գնահատելի գործեր, գլուխգործոցներ կան, այո, բայց կարծում եմ, որ հայ ազգի մէջ էլ եղել են կարեւոր դեմքեր, ովքեր իւրօրինակ տեղ ունեն այդ ասպարեզում եւ նշանակալի են։ Օրինակ՝ Նարեկացին, ում «Մատեանը» համարւում է համամարդկային ժառանգութեան գործ։ Եւ զուր կամ չհիմնավորուած ազգայնատենչական արտայայտութիւն չէ սա, կամ անհող սնապարծութիւն, այլ իրողութիւն է։ Գրելով կրօնական թեմայով, Նարեկացին մարդ-արարիչ փոխհարաբերութեան համատեքստում ստեղծել է այնպիսի գործ, որ անկախ կրօնական պատկանելութիւնից ամեն մարդու կարող է վերաբերվել։

Ֆրանսիացի հայագէտ Ժան-Պիեռ Մահէն Գրիգոր Նարեկացուն նուիրուած իր աշխատութեան մէջ, «Մատեանի» կառուցուածքը վերլուծելիս, կարծիք է յայտնել «Մատեանի» միաժամանակ «բազմաստեղանի» լինելու, պատմական այժմէականութեան հետ ունեցած սերտ կապերի եւ անժամանակ, համամարդկային եւ մշտնջենաւոր բնոյթի մասին։[8]

Ընդունում եմ, որ միշտ հնարաւոր է գտնել մտքի աւելի խորը մանրապատկերներ։

Արեւմտեան աշխարհի դժուարութիւնները երեւան են գալիս, երբ քաղաքակրթութեան ձգտող վէպի կերպարները հասնում են Փարիզ։ Փարիզեան կեանքի իրադարձութիւնները նկարագրուած են «Քաոսի միջից» խորագրով մասում։ Աղմկոտ քաղաքի համայնապատկերում զգալի է իրենց օտար լինելու փաստը, ապրում են այդ զգացումների գիտակցութեամբ, մոլորւում Փարիզի եւ «սեփական մտքերի փողոցներում»։

Ունայն են զգում այնքան, որ իրենք իրենց հարց տալու դէպքում չգիտեն՝ ինչ պատասխանել․ ո՞վ են, ի՞նչ են ուզում, ի՞նչ են փնտրում։ Օտարոտի է արեւմտեան քաղաքը իրենց, ազդեցիկ են քաղաքի պատկերները։

Ազգային գաղափարախօսութիւնները կարծես նուաղում են մեծ աշխարհի մէջ։ Իրենք, ուսման, քաղաքակրթութեան հետքերով Փարիզ եկած, հոգեփոխւում են եւ գիտակցում իրենց՝ սեփական անձից հեռանալը։ Մեքենայի օժանդակութիւնը գնահատող արեւելքցին, արեւմուտքում ինքն է դառնում մեքենայ, եւ փոխանակ իր կենսակերպը դիւրին դարձնելու՝ ընկղմւում է առօրէական կեղեքող մի յորձանուտի մէջ։

Արտոյի հայրենատենչ եւ պայքարի հակուած կերպարը արեւմտեան իրականութեան մեջ քայքայուող տեսակի օրինակ է։ Նա ամաչում է իր մշակոյթին բնորոշ գլխարկով փողոց դուրս գալ, փորձում է ուղիներ փնտրել քաղաքակիրթ աշխարհում խաղաղութեան հասնելու, բայց իրեն հոգեկան անդորր եւ բաւարարութիւն են պատճառում հայրենի հող ու ջրի իր պահած մասունքները, շվին, որ երբեմն կնվագեր, իր կորցրած սիրո լուսանկարը։ Արեւմտեան սառն եւ չեզոք աշխարհում նման բաները դիւրաւ հասկանալի չեն, ընդամենը՝ աւելորդ սենտիմենտալութիւն․․․ Իրենք գիտեն, որ անգոյ են կատարեալ անծանօթ այդ աշխարհում։

Եւ երբ գնացքի կայարանում, հրաժեշտի պահին Անուշի հոգում Բագրատին նայելիս զրնգում է, որ․․․ «–Քո աչքերը նման են Բեհեզ տատի աչքերին․․․»[9],
այս տողով յառնում է նրանց հոգիների ողջ արեւելեան իսկութիւնը, որով դժուար պիտի լիներ ապրել եւ պայքարել օտար ափերում։

Կարօտը, նրանց աչքերում վառուող յոյսը փոշիանում են արեւմտեան միջավայրի ամենակուլ ազդեցութիւնից, աղմուկից։ Վերադարձը արեւելք դառնում է երազի պէս մի բան:

«–Բազմաթիւ ուղիներով գնացինք մենք, մայրիկ, եւ բազմաթիւ ուժեր եկան ու բախուեցին մեր հոգիների մէջ, բայց այդ բախումից ծնուել է հիմայ նորը։ Իրար են խառնւում եւ իրար մէջ են ձուլւում երազն ու իրականութիւնը, միտքն ու հոգին, հեքիաթն ու մեքենան, արեւելքը եւ արեւմուտքը։ Բացուել է արդէն մի Նոր Դար եւ այդ Նոր Դարի ոսկէ դռների առաջ կանգնել է նոր մարդը։ Նա ճեղքում է տագնապը կեանքի, եւ շուարած հոգին դուրս է գալիս դարի ճիգերի միջից, դուրս է գալիս՝ գլուխը դէմ տուած երկնքին․․․ Նոր ափ է դուրս եկել եւ մեր հոգին, հայի հոգին»։[10]

Վէպի աւարտին հիմնական կերպարը, որ ինքը հեղինակն է, լաւատեսական նոտայով եւ յոյսի ակորդներով է աւարտում արեւելքից արեւմուտք իրենց անցած հարցական ուղիների հանգուցալուծումը։ Անընդհատ պայքարի եւ համադրման այդ համատեքստում իր ներշնչումն է փոխանցում, որ ազգային գաղափարները մի օր կկարողանան յառնել մեծ աշխարհում, կնուաճեն արդարութիւն։

 

ԱՄՓՈՓՈՒՄ

Այս քննական էսսէով փորձեցի ներկայացնել արեւելեան եւ արեւմտեան քաղաքակրթութիւնների արժէհամակարգային տարբերութիւններով պայմանաւորուած այն խնդիրները, որոնք ազդեցութիւն ունեցան Լասի «Հարցականի ուղիներով» վէպի կերպարների կեանքում։ Վէպի կերպարները իրենց հոգեբանութեամբ, բնաւորութիւններով արեւելեան արժէքների կրողներ էին, այդպէս էին դաստիարակուած։ Հոգեւոր եւ զգացական մակարդակներում ունեին աւելի մեծ զարգացուածութիւն, քան գործնական, առօրէական կամ նիւթական մակարդակներում։ Միանգամից տեղափոխուելով մեծ քաղաք, որը անծանօթ էր իրենց հոգեկերտուածքին, կերպարները լուրջ բախման ենթարկուեցին։ Դժուար է ասել, թէ իրենց նպատակադրումը (կրթութեան ու լուսաւորութեան միջոցով քաղաքակիրթ աշխարհին հաւասարուել, լսելի ձայն դառնալ) իրենց ջանքերի, կրած տառապանքների համեմատ լիարժէք փոխհատուցում ստացաւ։

Գուցէ՝ այս կերպարները իրենց հայրենի քաղաքը չլքելու դէպքում, անձնապէս աւելի երջանիկ մարդիկ լինեին, եւ իրենց կեանքը ունայն չդառնար, խաղաղ հոգով աւելիով կարողանային օգտակար լինել սիրելի հայրենիքին։

Վէպի վերջին յատուածում Լասը պատկերում է որոշ կերպարների հայրենի քաղաք վերադառնալը։ Միայն վերադարձի տեսարանն է։ Թէ նրանց կեանքը Փարիզից Թաւրիզ վերադառնալուց յետոյ ինչպէս է դասաւորւում՝ անյայտ է։

Հեղինակը կեանքի բաւականին բարդ ուղիներով անցաւ եւ այդ «հարցական ուղիների» մասին պատմեց իր կենսագրական վէպում, բայց պատասխանները յետագայ սեփական կեանքով ցոյց տուեց։

Վեպը իր կեանքն է, եւ հեղինակն ինքը միակն է ամբողջ վէպում, որ յետոյ դրսեւորուել կարողացաւ ազգային եւ համամարդկային արժէքների մէջ հաւասար կերպով։ Ազգայինի շրջանակներում՝ միշտ գաղութահայ ներկայանալով, հայերէն գրական գործեր ստեղծելով, իսկ համամարդկային արժէքների շրջանակներում՝ հակաֆաշիստական գործունէութեամբ։

Նրան յաջողուեց ժամանակի իրեն բաժին ընկած յորձանուտի մէջ իր առաւելագոյնը տալ, անել, լինել, պարզապէս՝ այդ ամէնը նրա պարագայում կեանք արժեացաւ։

Վէպը իր շարադրանքով եւ կառուցուածքով ընդունելի է, գրական արժէքով՝ իսկապէս կարեւոր։ Վէպը մասամբ պահպանել է իր արդիականութիւնը, շատ մէջբերումներ կարելի է գտնել, որ մեր ժամանակներում եւս գործուն են, դիպուկ՝ ներկայ օրերում։ Կցանկանայի, որ ընթերցող աւելի լայն շրջանակներ կարդան «Հարցականի ուղիներով» վէպը՝ սփիւռքահայ գրականութեան ներկայացուցիչներին ճանաչելու, մարդկային հոգին ուրիշ լոյսի ներքոյ տեսնելու համար։

Մէջբերում գրքից․
«Կեանքի մէջ ամեն ինչ կարող են խլել ձեզանից, բայց ոչ ոք չի կարող խլել ձեր հոգին, ձեր անձը, ձեր ինքնութիւնը»։

 

ՀՂՈՒՄՆԵՐ
1. Լուիզա Ասլանեան (Լաս) Հարցականի ուղիներով, «Հայպետհրատ», Երեւան 1959, էջ 3-5
2. Տես՝ Վէմ, Գրախօսական․ Լուիզա Ասլանեան (ԼԱՍ) «Հարցականի ուղիներով» վէպ, 1936․ Փարիզ, 514 էջ, էջ 118
3. Տես՝ Լուիզա Ասլանեան (ԼԱՍ), Հարցականի ուղիներով, վէպ I, Փարիզ, 1936, էջ 91
4. Նոյն գրքում, էջ 89
5. Տես՝ Լուիզա Ասլանեան (ԼԱՍ), Հարցականի ուղիներով, վէպ I, Փարիզ, 1936, էջ 91
6. Տես՝ Վահան Տերեան, Բանաստեղծութիւններ․ Լիակատար ժողովածու, «ՀԽՍՀ պետական հրատարակութիւն», Երեւան, 1940, էջ 268
7. Տես՝ Լուիզա Ասլանեան (ԼԱՍ), Հարցականի ուղիներով, վէպ II, Փարիզ, 1936, էջ 256
8. Տես՝ Ժան-Պիեռ Մահէ, Ողբերգութեան մատեանի կառուցուածքի եւ ստեղծագործման մի քանի հարցեր, «Պատմաբանասիրական հանդէս» 1986, հատոր 4, էջ 105
9. Տես՝ Լուիզա Ասլանեան (ԼԱՍ), Հարցականի ուղիներով վէպ III, Փարիզ, 1936, էջ 510
10. Տես՝ Լուիզա Ասլանեան (Լաս) Հարցականի ուղիներով, «Հայպետհրատ», Երեւան 1959, էջ 535-536

ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՑԱՆԿ
1. Լուիզա Ասլանեան (Լաս), Հարցականի ուղիներով, վէպ I, Փարիզ, 1936
2. Լուիզա Ասլանեան (Լաս), Հարցականի ուղիներով, վէպ II, III, Փարիզ, 1936
3. Լուիզա Ասլանեան (Լաս), Հարցականի ուղիներով, «Հայպետհրատ», Երեւան, 1959
4. Վէմ, Գրախօսական․ Լուիզա Ասլանեան (ԼԱՍ) «Հարցականի ուղիներով» վէպ, 1936 Փարիզ, 514 էջ
5. Վահան Տերեան, Բանաստեղծութիւններ․ Լիակատար ժողովածու, «ՀԽՍՀ պետական հրատարակչութիւն», Երեւան, 1940
6. Ժան-Պիեռ Մահէ, Ողբերգութեան մատեանի կառուցուածքի եւ ստեղծագործման մի քանի հարցեր, «Պատմաբանասիրական հանդէս», հատոր 4, 1986

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *