Արշալույս Ջանիկյան | Չարենցը՝ ուսուցիչ

Ես բախտ եմ ունեցել Չարենցի հետ ուսուցիչ լինելու, նրա հետ ապրելու 1920 թվականի խառնաշփոթ, ողբերգական օրերը: Դպրոցը, որ կազմակերպված էր Երևանի հիվանդ երեխաների ամերիկյան մանկատանը կից, բաղկացած էր երեք դասարանից՝ հետևյալ ուսուցչական կազմով. երրորդ դասարանի դաստիարակ-ուսուցիչ՝ Եղիշե Չարենց, երկրորդ դասարանի ուսուցչուհի՝ Արփիկ Աստվածատրյան (հետագայում՝ Չարենց), առաջին դասարանում՝ ես:

Բանաստեղծ Չարենցը դարձել էր ուսուցիչ և որբանոցի կիսաքաղց երեխաներին հայոց լեզու ու թվաբանություն էր սովորեցնում՝ սնվելով մանկատան խղճուկ սնունդով և միշտ համոզված լինելով, որ դա ժամանակավոր երևույթ է: Որբանոցի կառավարչուհին՝ Լուսնթագ Խանիկյանը, գնահատելով Չարենցի արժանիքները, հնարավորություն էր ստեղծել, որ նա կարողանա նաև ստեղծագործել ու գրել. որբանոցում նրա համար առանձնացրել էր մի փոքր սենյակ: Այդ սենյակում են ծնվել Չարենցի «Երգ ժողովրդի մասին», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի», «Երազ տեսա, Սայաթ-Նովան մոտս էկավ սազը ձեռին», «Ես իմ անուշ Հայաստանի» և ուրիշ շատ պոեմներ ու բալլադներ, որոնց ընթերցումը մենք՝ ուսուցիչներս, լսել ենք առաջինը:

Չարենցը սիրում էր արտասանել առանձնապես Վահան Տերյանի բանաստեղծությունները. կարդում էր զգացմունքով, գեղեցիկ: Ձեռքերը բարձրացրած, օրորվելով արտասանում էր. «Օրերն եկան ու անցան և ինձ ոչինչ չմնաց»… Հետո մռայլվում էր, նյարդայնանում, ուզում էր մի բան ջարդել: Մի անգամ, հիշում եմ, ձեռքից գցեց բաժակը, կոտրեց, հետո զղջաց, խաղաղվեց ու ժպտաց մանկան անմեղությամբ: Նման պոռթկումներ հաճախակի էին պատահում. դա Չարենցի հակասական բնավորության արտահայտությունն էր, որը դրսևորվում էր անգամ առօրյա հարցերում:

Հապա նրա սրամիտ կատակներն ու սուր ծաղրանքը: Պատմում էր, թե ինչպես մի խմբապետ իր թիկնապահներով հաղթական տեսքով մտնում է մի գյուղ և տեսնում փողոցում, պատերի տակ նստած խղճուկ գյուղացիներին: — Բարև՛ քաջերին,— գոչում է խմբապետը: Գյուղացիները կանգնում ու խոնարհ պատասխանում են. — Բարև, աղա ջան… Խմբապետը հարց է տալիս. — Ձեր մեջ բոլշևիկ, կոմսոմոլ չկա՞: — Կա՛, աղա ջան,— և ցույց են տալիս գյուղի տերտերին,— սա մեր կոմսոմոլն է: Այս դեպքը Չարենցը պատմում էր ու քահ-քահ ծիծաղում:

Որբանոցում Չարենցին այցելում էին արվեստագետներ, երիտասարդներ, անում էին շարժեր (ծաղրանկարներ): Մի անգամ նկարել էր մի գործչի. — Աղջկերք, եկեք ձեզ ցույց տամ Հայաստանի աքլորին, սիրուն է, չէ՞. այսօր փողոցում տեսա: Մի ուրիշ անգամ կարմիր կտորի վրա սև գույնով հիերոգլիֆներ էր նկարել ու մեզ առաջարկում էր գլխի թասակ կարել:

Չարենցը անչափ սիրում էր հայկական երգերը ու սովորեցնում էր աշակերտներին, բայց ավելի շատ սիրում էր լսել Կոմիտասի, Սայաթ-Նովայի երգերը: Հաճախ մեր մանկատան դաստիարակչուհի Ազնիվին խնդրում էր երգել ու ինքն էլ հետը կամաց ձայնակցում էր: — Ազնիվ, սիրելիս,— երեխայի պես խնդրում էր նա,— երգի՛ր, տեսնում ես ձայն չունեմ, բայց քեզ հետ երգում եմ: Դու լավ ես երգում, երգի՛ր ինձ համար:

Չարենցը մեզ պատմում էր Կարսի կյանքից. հիշում էր Կարսաչայը, Կարսի բերդը: «Ի՜նչ անմահական օդ է Ղարսի օդը, մի անգամ ոտով գնացել եմ մինչև Բաշկատիկլար»,— ասում էր ու ծիծաղում:

1921 թ. գարնանը Չարենցը բոլշևիկների հետ հեռացավ Երևանից: Մի քանի օր հետո դաշնակցականները խուզարկեցին մեր մանկատունը և ինձ ու Արփիկին կալանքի տակ վերցրին՝ որպես բոլշևիկյան ագիտատորներ և Չարենցին հետևողներ: Մանկատան դպրոցի պարապմունքները դադարեցին: Մենք վերսկսեցինք մեր աշխատանքը, երբ հաղթական կարմիր բանակը մտավ Երևան:

Կարմիր բանակը Երևան մտավ: Նրանց հետ էր Չարենցը: Անհուն հրճվանքով նա մեզ մոտ եկավ՝ հրացանը ձեռքին ու մի տեսակ պարծանքով:

Մենք դպրոցի դասերը սկսեցինք առանց Չարենցի. նա վերադարձավ իր բուն կոչմանը: Սակայն Չարենցը իր կապերը չխզեց մեր ուսուցչական կոլեկտիվից, մանավանդ՝ սիրելի Արփիկից: Ինչքա՜ն ուրախ օրեր ենք անցկացրել Չարենցի հետ, ինչքան ենք երեքով շրջել Երևանի այդ ժամանակվա զբոսավայր Աստաֆյան փողոցում ու հիշել մեր մանկատան կիսաքաղց օրերը:

Անցան տարիներ: 1927 թ. գարնանը Արփիկը Մոսկվայում էր: Չարենցը վերադարձել էր արտասահմանից, բայց դեռ չէինք հանդիպել: Մի երեկո չարաբաստիկ լուր լսեցի. Չարենցը մի խենթ տրամադրության ժամանակ կրակել էր մի օրիորդի վրա և թեթև վիրավորել: Նրան բանտարկեցին: Հեռագրեցի Արփիկին: Արփիկը եկավ և կայարանից անմիջապես Չարենցի մոտ գնաց: Ես և Արփիկի քույրը սպասում էինք բանտի մոտ: Մի առ ժամանակ հետո Արփիկը դուրս եկավ բանտից՝ ժպտալով. «Ոչինչ, դատարկ բան է»: Արփիկը հավատում էր Չարենցին, հասկանում էր նրա բնավորության ելևէջները, նրա տարօրինակությունները և հակասական պոռթկումները:

Սկսվեցին Արփիկի ամենօրյա այցելությունները Չարենցին բանտում, որոնց քանիցս ներկա եմ եղել ես: Խցիկում Չարենցը բանտարկված էր առանձին. նա այնտեղ աշխատում էր, գրում: Սակայն Արփիկը ծանր հիվանդացավ. անհրաժեշտ էր վիրահատություն: Պառկեցրինք Երևանի 2-րդ հիվանդանոցում ու ամեն օր այցելում էինք նրան: Արտաքուստ կարծես թե ապաքինվում էր, բայց վիրահատության ուշացման պատճառով մահացավ:

Գնացի հիվանդանոց: Բակում Արփիկի դագաղն է՝ շրջապատված բազմությամբ: Եկավ Չարենցը: Ինձ տեսավ, մոտեցավ և լալով ասաց. «Տեսա՞ր՝ ինչ եղավ, իմ Արփիկը մեռավ, ընկերուհիդ…»:

Արփիկի դիակը տանն է: Չարենցը խելագարի նման աղմկում է, լաց է լինում: Նրան ետ են պահում, գրկում են ընկերները, բայց ոչինչ չի օգնում. դագաղի մոտ Չարենցը նայում է Արփիկի անշնչացած դեմքին և փայփայում այն: Չարենցի պահանջով հանում են հանգուցյալի դիմակը և ձեռքը: Թաղման օրը Չարենցը դագաղի մեջ դրեց մի թանկագին իր, բայց ոչ ոք չգիտեր, թե ինչ:

Արտատապված է «Գարուն», 1967, թիվ 8-9-ից։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *