Կարինե Աշուղյան | Մարինա Ցվետաևա․ պոեզիա և փիլիսոփայությունը

Ո՞րն է գրականության և գիտության իմաստը, ի՞նչ նպատակների են ուղղված դրանք, վերջին հաշվով: Արդյո՞ք հասկացված և ըմբռնելի լինելը գրողի և գիտնականի թաքունանթաքույց մղումներից կարևորներից չէ՞: Իսկ գրողներից՝ բանաստեղծի և գիտնականներից՝ փիլիսոփայի մղումներն արդյո՞ք ապշելու չափ ավելի շատ չեն ընդհանրական հոգեհարազատ: Գիտությունն անվերջ ջանում է փոխել, վերափոխել, հեղափոխել, հեշտացնել, երկարացնել կյանքը, գրականությունը՝ նույնը՝ իր եղանակներով: Եվ, եթե կուզեք, միայն փիլիսոփան ու բանաստեղծն են, որ այդ ամենից առաջ և այդ ամենից հետո Մարդու և Մարդկության Սերն են փնտրում: Եվ նրանք ըմբռնում էլ ակնկալում են հանուն Սիրո, որ իրենց Բառ ու Բանի արձագանքն է: Հասկացված լինելուց հետո, հասկացված լինելուց շատ՝ լինել սիրելի, սիրված, ապրել բազում սրտերի նվիրական երկինքներում:

«Ամեն պոետ, ըստ էության, տարագիր է: Երկնային Արքայությունից հայտնված երկրային դրախտի տարագիր է: Պոետի վրա, ցանկացած արվեստագետի վրա, բայց առավելապես պոետի վրա, անհարմարավետության մի տեսակ դրոշմ կա, որով նույնիսկ իր տանն է նա ճանաչվում: Պոետը Անմահությունից ժամանակի մեջ հայտնված, իր երկինք չվերադարձած տարագիր է: Պատկերացրեք ամենատարբեր պոետների և մտովի նրանց շարք կանգնեցրեք. ո՞ւմ դեմքին ներկայություն կա: Բոլորն ԱՅՆՏԵՂ են: Երկրայնությունը, ժողովրդականությունը, ազգությունը, ռասան, դասակարգը, ինքը՝ ժամանակը, որի մեջ նրանք արարում են, ընդհանրապես ամենայնը, միայն երևութական, մակերևութական կողմն է, պոետի առաջին կամ յոթերորդ մորթը, որից անընդհատ դուրս գալով է նա զբաղված:

«Ժամը քանիսն է»՝ նրան հարցրեցին այստեղ: Եվ նա պատասխանեց զարմանալի՝ «Ժամն է Հավերժի». Մանդելշտամն է գրում Բատյուշկովի մասին: Եվ՝ «Ո՞ր հազարամյակն է բակում, սիրելիս»՝ Բորիս Պաստեռնակն է գրում ինքն իր մասին: Ըստ էության, բոլոր ժամանակների բոլոր պոետները նույն բանն են ասում: Եվ այդ բանն այդպես էլ մնում է աշխարհի կեղևին, ինչպես տեսանելի աշխարհը՝ բանաստեղծի մաշկին»:

Մարինա Ցվետաևայի այս խոհերը զարմանալիորեն նույնությամբ վերաբերում են նաև փիլիսոփային: Փիլիսոփայի և բանաստեղծի ճակատագրական ընդհանրությունը բխում է փիլիսոփայության և գրականության, մասնավորապես պոեզիայի, աստվածաշնորհ դերերից և աշխարհում ամեն ինչի ու միմյանց հանդեպ փոխհարաբերությունների բնույթից: Իբրև ըմբռնելու փորձի ելակետ՝ անշուշտ, կարելի էր ընդունել հինպյութագորական կատարսիսը, պոետիկայի պլատոնյան ըմբռնումը՝ որպես գաղափարի գաղափարի պատճեն և ուրեմն՝ ապարդյուն և մինչևիսկ՝ անօգտակար, որ սնում է հոգու ստորակարգ մղումներն ու հույզերը, պոեզիայի արիստոտելյան ըմբռնումը՝ պոեզիան պատմությունից առավել փիլիսոփայական է, առավել արժեքավոր, քանի որ պոեզիան խոսում է ընդհանուրի, իսկ պատմությունը՝ եզակիի մասին:

Սակայն մասնավորապես Ցվետաևայի պոեզիայի փիլիսոփայությունը հետաքրքիր է քննել փոքր ինչ այլ դիտանկյունից: Փիլիսոփայության և գրականության փոխհարաբերությունների առանձնահատուկ նշանակությունը կանխորոշված է նրանցից յուրաքանչյուրի դերով. ինչպես գիտությունների համակարգում փիլիսոփայությունն է մայրն ու ակունքը, այնպես էլ գրականությունն է արվեստների բուրգի գագաթը: «Գիտություն և փիլիսոփայություն» և «Արվեստ և գրականություն» արտահայտություններն հենց այս առաջնահերթություններն են ընդգծում: Եվ հենց այդ պատճառով է փիլիսոփայության և գրականության փոխառնչությունների չափազանց գայթակղիչ ոլորտն ընդամենն ուրվագծվել ու կռահվել է, առավել ևս՝ փիլիսոփայության և պոեզիայի, որը, իր հերթին, գրականության բուրգի գագաթն է: Ներըմբռնման մակարդակով այս արտառոց շրջանցման պատճառը (եթե, իհարկե, հաշվի չառնենք ողջ միջնադարում արծարծված և վերարծարծված պոետիկայի վերաբերյալ մեկնությունները, նաև հերմենևտիկական գրականությունը, որն, ըստ էության խնդիրների այլ խումբ է քննարկում), թերևս, «Ես փիլիսոփա եմ» և «Ես բանաստեղծ եմ» խոստովանությունների՝ հավասարապես առաջ բերող ինչ-որ ակնածանքի, Աստծուն և Անմահությանը մերձենալու փորձի, մինչևիսկ բնազանցական սարսափի ու սարսուռի մեջ է: «Ես քիմիկոս եմ» (կարող եք թվարկել ձեզ հայտնի անխտիր բոլոր գիտնականներին) և կամ «Ես թատերագիր եմ» (դարձյալ առաջարկում եմ թվարկել անխտիր բոլոր արվեստագետներին) ասողները, համաձայնվեք, հասարակության աչքին բոլորովին նման չեն այն առաջիններին. առանձնապես տպավորիչ արդյունքի համար պատկերացրեք «Ես բանաստեղծ եմ և փիլիսոփա» ասողին, այդպես ապրող-ստեղծագործողին. նույնիսկ սովորականից բարձր ինտելեկտուալի ականջին այդ բառերը կնշանակեն «Ես հրեշտակ եմ» և կամ նույնիսկ (այ քեզ հանդուգն խելագար)՝ «Ես ճանաչում եմ Աստծուն»: Կամ գոնե՝ «Ես մարգարե եմ»: Այլ առիթով Թոյնբին է նկատում, որ «բանաստեղծը, որ ունակ է տեսնելու Այս Աշխարհի պայծառակերպությունը Աստծո Թագավորության օգնությամբ, պետք է ինչ-որ չափով մարգարե լինի, քանզի նա տիրապետում է աստվածային ճանաչողության ներզգացողությանը, ինչը լոկ պոեզիան նրան չի կարող տալ»:

Աստծո չափ միայնակ և իրենց մենությունը ստեղծագործության մեջ զեղելու ունակ են բացառապես փիլիսոփան և բանաստեղծը: «Պոեզիան հենց այն առանձնահատուկ արվեստն է, – գրում է Հեգելը, – որից ճյուղավորվում է միաժամանակ ինքնին արվեստը, և որը կրոնական պատկերացումների՝ որպես այդպիսիք, ինչպես նաև գիտական մտածողության արձակի փիլիսոփայական իմաստության համար անցման կետ է դառնում… Պոեզիան արդեն նույնիսկ կապված էլ չէ բացառապես որևէ գեղարվեստական ձևի հետ, այլ վերածվում է համընդհանուր արվեստի, որն ընդունակ է ցանկացած ձևի մեջ մշակել և արտահայտել ցանկացած բովանդակություն, որն ընդհանրապես հնարավոր է երևակայել, քանի որ նրա իսկական հումքը մնում է բուն երևակայությունը, ինչպես և արվեստի մնացյալ բոլոր տեսակներինը»: Ի դեպ, երբ Իպոլիտ Տենը արվեստագետի «քնքուշ զգացողությունը, թրթռուն համակեցությունը, իրերի ներքին ակամա վերարտադրությունը, նրանց տիրապետող հատկանիշի և շրջապատող բոլոր ներդաշնակությունների ըմբռնողությունն» է նշում՝ ի տարբերություն փիլիսոփայի «մանրամասնության ճշգրիտ դիտողության և հիշողության», նույնիսկ այդկերպ է ընդգծվում դրանց յուրահատուկ առաջնային դերն ու ընդհանրությունը:

Նորից դառնալով փիլիսոփայության և գրականության առնչություններին՝ ուղղակի նկատենք, որ պոեզիայի փիլիսոփայությունը ուսումնասիրության առանձին ոլորտ է, ճիշտ այնպես, ինչպես արվեստի փիլիսոփայության մեջ յուրահատուկ է գրականության փիլիսոփայության առարկան: Եվ կրկնենք ոչ պակաս կարևոր այն զատորոշումը, որ դեռ Շելինգն է շեշտել՝ արվեստի փիլիսոփայությունը և էսթետիկան, գեղագիտությունը ինքնուրույն գիտակարգեր են, արվեստի փիլիսոփայությունը չի կարելի նույնացնել պոետիկայի կամ արվեստի ուսումնասիրության այլ եղանակի հետ, քանի որ արվեստի փիլիսոփայությունը ենթադրում է պատմական և փիլիսոփայական հավաքական կառույց, որի նպատակն է սահմանել արվեստի տեղը ունիվերսումում:

Փիլիսոփայության և գրականության ճակատագրական խաչման կետը կեցության, կյանքի իմաստի հարցն է: Պատահական չէ Ավետիք Իսահակյանի՝ կյանքի իմաստը փնտրող հերոսը խոստովանում՝ «Բանաստեղծներն են հասկացել դույզն-ինչ և թոթովել են իմաստը նրա»: «Միայն բանաստեղծը, – ասում է Կ. Զարյանը, – իր ենթագիտակցության մեջ, ավազների կույտերում հրաշագործ հատիկներ կարող է ջոկել: Միայն սուրբը՝ քանի դարերից ի վեր անհետացած մեր մեջ, կարող է տեսնել մանուկը այն, որ լաթերի մեջ փաթաթած՝ օրորում է մեր գաղտնի էությունը»:

Փիլիսոփայության և գրականության այդ խաչմերուկից հետո, սակայն, յուրաքանչյուրն ընթանում է իր ճանապարհով, որի մասին, թերևս, լավագույնս Կամյուն է ասում. «Դոստոևսկու բոլոր հերոսներին հուզում է կյանքի իմաստի հարցը. գոյությունը սուտ է կամ հավերժական: Եթե Դոստոևսկին բավարարվեր այս հարցերի քննությամբ, փիլիսոփա կլիներ, բայց քանի որ նկարագրում է, թե մտքի նման խաղերը մարդկային կյանքում ինչ հետևանքներ կարող են ունենալ, գեղագետ է»:

Մարդկային կյանքի և քաղաքակրթության, գրականության և պոեզիայի իմաստը, Ժամանակն ու Անմահությունը հավասարապես ըմբռնելու փորձ են Մարինա Ցվետաևայի՝ փիլիսոփայող բանաստեղծի և քնարաշունչ փիլիսոփայի խորհրդածությունները: Բացառիկության գիտակցությամբ է նա գրել.

«Ի՞նչ է նշանակում ժամանակն ընդհանրապես, որպեսզի նրան ծառայեմ: Իմ ժամանակը վաղը կանցնի, ինչպես երեկ ուրիշներինն է անցել, ինչպես վաղը չէ մյուս օրը քոնը կանցնի և այդպես՝ միշտ և ամենքինը:
Բանաստեղծի ծառայությունն իր ժամանակին ակամա է, ճակատագրական է. չեմ կարող չծառայել: Աստծո առաջ իմ մեղքը իմ ծառայությունն է իմ դարին: Բանաստեղծի ամուսնությունը ժամանակի հետ բռնի ամուսնություն է: Ամուսնություն, որից, ինչպես բռնության ամեն մի զոհ, ամաչում և խուսափում են, ապագայի բանաստեղծներն այդպես փախչում են դեպի անցյալ, ներկաները՝ դեպի ապագա, կարծես ժամանակը պակաս է ժամանակ, եթե իմը չէ… Բռնի ամուսնություն է և ուրեմն՝ անհուսալի: Լավագույն դեպքում՝ դանդաղ գործողության ռումբ, վատագույն դեպքում՝ մշտական դավաճանություններ մեր միակ սիրելիի, բազումի մեջ միակի հետ: Գայլին ոնց էլ կերակրես՝ աչքն անտառին կմնա: Մենք բոլորս Հավերժության մթին անտառի գայլեր ենք:

Ծառայել ժամանակին՝ նշանակում է ծառայել հերթափոխին, դավաճանությանը, մահվանը: Ես կարծում եմ, թե դեռ ծառայում եմ ներկային, բայց արդեն՝ անցյալին, բայց արդեն՝ ապագային: Որտե՞ղ է այդ ներկա ժամանակը, ինչի՞ մեջ:
Վազորդի հետ կարելի է վազել, բայց եթե գիտես, որ նա վազում է դեպի Ոչ մի տեղ, մի՞շտ է վազում, վազում է, որովհետև վազո՞ւմ է, վազում է հանուն վազելո՞ւ… Որ նրա վազքն ինքնանպատա՞կ է: Արժե՞ վազել նրա հետ:
Առաջընթա՞ց: Մինչև ո՞ւր: Իսկ եթե վաղը մինչև Երկրագնդի վերջն էլ տանում է դեպի անդո՞ւնդ:
Առաջ ընթանալ ոչ թե դեպի վերջը՝ Նպատակը, այյ վերջը՝ ոչինչը: Եթե երբևէ երկրային աստվածները կսովորեն սերնդեսերունդ չվախճանվել, փրկել Երկրագունդը չկեցությունի՞ց: Երկրային կյանքի անցավորությունը կամ անվերջությունը հավասարաչափ զարհուրելի են, քանզի հավասարաչափ ունայն են»:

Անցավորության վրա իմ թշվառ
Հայացք ես նետում վերևից անբառ,
Քարեղեն ես դու, իսկ ես երգասաց, Արձան ես, իսկ ես թևեր ու սլացք:

Գիտեմ` Հավերժի համար այս նրբին
Մայիսը միայն մի պահ է չնչին,
Բայց թռչուն եմ ես, ու մի՛ կշտամբիր.
Կրծքով եմ բացում ճամփան թռիչքի:

Ցվետաևան, որպես ճշմարիտ մեծություն, անկեղծ է իր ինքնագնահատանքի մեջ.

Պոեզիայի նպատակի, արդիականության, գնահատման չափանիշների, հավերժության խնդիրներն առատորեն արծարծված են Ցվետաևայի և՛ խոհագրությունների, և՛ բուն պոեզիայի մեջ: Լինելով միայն բանաստեղծներին լիովին ընկալելի բանաստեղծ՝ Ցվետաևան իր շռայլ շռնդալից ապրումներից կերտում է իր գրական աշխարհը, ուր մուտք ունեն բացառապես տառապալից կենսափորձ ունեցող և խորապես ինտելեկտուալները. «Երկնքի տակ ամենքը տեղ ունեն»՝ բոլորից լավ դա գիտեն լեռները և միայնակ հետիոտները»:

Մեծերը չեն կարող շատ լինել: Չեն կարող շատ լինել փիլիսոփաները և բանաստեղծները: Պոետի կոչման բացառիկության գիտակցությամբ է նա գրել.

«Իսկ չիմանալ սեփական արժեքը՝ իմանալով մնացած բոլորի (հատկապես բարձրի) արժեքը, ամենայն արժեքավորից չիմանալ հենց միայն սեփական արժեքը, դա կա՛մ ինչ-որ չափով կուրություն է, կա՛մ ամենաշահախնդիր կեղծավորություն: Բոլոր ճշմարիտ մեծություններն իմացել են իրենց արժեքը՝ սկսած Պուշկինից (մինչև Պուշկին, կամ, թերևս, վերջացրած Պուշկինով, քանի որ Պուշկինից հետո ես առաջինն եմ, որ այսքան անթաքույց, այսքան անշահախնդիր, այսքան անառարկելիորեն համոզված՝ հրճվել եմ իմ ուժով: Իմ ուժի արժեքով», գրում է բանաստեղծը:

Եվ, այնուամենայնիվ, ո՞րն է պոեզիայի իմաստը՝ հույզերից մաքրվե՞լը, ապրումները զեղե՞լը, այդպիսով հաճույք ստանալն ու պատճառե՞լը, ի՞նչն է պակասում աղմուկով ազդարարվող, բայց մեռելածին գործերին՝ այս հարցերի պատասխանները փնտրելիս՝ Ցվետաևան նկատում է. «Ինձ իմ դարը կարող է ճնշել, ես ինքս ինձ կարող եմ ճնշել, որովհետև ես հենց իմ դարն եմ, ավելին ասեմ (չէ՞ որ պատահում է). օտար դարում ստեղծված օտարի գործը կարող է իմից ցանկալի լինել և՝ ոչ թե ուժի, այլ հոգեհարազատության պատճառով, ուրիշի երեխան մորը կարող է ավելի սիրելի լինել, քան իր չսիրած ամուսնուն քաշած սեփականը, այսինքն՝ ես իմ զավակին, իմ դարին դատապարտված եմ, ուրիշը ծնել, որքան էլ կամենայի, չեմ կարող: Իմ դարն անցյալ դարից ավելի շատ սիրել չեմ կարող, արարել ուրիշ դար՝ նույնպես չեմ կարող. արարվածը չեն արարում, արարում են դեռ չեղածը: Անկարելի է ընտրել սեփական զավակներին՝ տրված և ենթադրյալ»:

Եվ հետո՝ «Հանճարը լիիրավ կարող է ժամանակի մասին ասել այն, ինչ Լյուդովիկոսը՝ պետության՝ Ժամանակը ես եմ (կամ Ժամանակը մենք ենք)»: Եվ նա իբրև մեկ կամ երեք դար ուշացողի օրինակ հիշատակում է 18-րդ դարի գերմանացի բանաստեղծ Հյոլդեռլինին, որ անտիկ բառապաշար ուներ և թվում էր ոչ թե մեկ, այլ 18 դար ուշացած, և ում միայն 20-րդ դարում միայն սկսեցին կարդալ: Որովհետև արվեստի մեջ չեն ուշանում, և արվեստն ինքնին առաջընթաց է, բայց այն ետ նայելով է առաջ գնում: Թերևս, արժե հիշատակել ուշ գնահատված և սակայն միշտ արդիական մեկ ուրիշ բանաստեղծի՝ Վիլյամ Բլեյքի օրինակը ևս: Նրա ամենահայտնի բանաստեղծություններից մեկը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, «ըստ դրանցից մեկի, այդ բանաստեղծությունը մարդու Բանաստեղծական Հանճարի ազատագրության գաղափարի ջատագովումն է: Մարդու էության խորքերում թաքնված Բանաստեղծական Հանճարը, ըստ Բլեյքի, ի զորու է նրա առջև բացելու հոգևոր-հոգեկան կյանքի այն ուղիները, որոնք հնարավոր են դարձնելու մարդկության փրկությունը, իրականության զարգացումն ու առաջընթացը… Բլեյքն իր «Անմեղության երգերում» ասում է. «Կապույտ երկինքը՝ մի ծաղկի մեջ, Մի բուռ աճյունի մեջ՝ հավիտենությունը, Ամբողջ աշխարհը պահել ափի մեջ, Ամեն վայրկյանի մեջ տեսնել հավերժությունը»: Անկարելի է այստեղ չհիշել մի ուրիշ հանճարի՝ Պուշկինի «Մարգարեն», բայց դա այլ խոսակցության թեմա է, իհարկե:

Կրկին վերադառնալով Ցվետաևային՝ նկատենք, որ նրա մտածումը արվեստի յուրօրինակ առաջընթացի մասին նույնական է փիլիսոփայության առաջընթացին. եթե գիտության առաջընթացը վերձիգ և միաձիգ է՝ Էյնշտեյնը անպայման մեծ է Կոպեռնիկոսից, ապա փիլիսոփայության և արվեստի պարագայում առաջընթացի մեկնությունն այլ է. Հեգելը մեծ չէ Արիստոտելից, ինչպես Չարենցը մեծ չէ Նարեկացուց:

Պոեզիայի իմաստը Մ. Ցվետաևան, կարծես թե, սահմանել է Ռիլկեին տված իր գնահատականում. «Արդյո՞ք ժամանակակից է Ռիլկեն՝ այդ հեռավորներից հեռավորը, վեհերից վեհը, միայնակներից միայնակը, – գրում է նա, – Ռիլկեն, որ ժամանակակից Մայակովսկուն նման չէ՝ նա ոչ ժամանակի պատկերն է, ոչ՝ ցուցադրումը. Ռիլկեն ժամանակի հակակշիռն է… Պատերազմներ, սպանդ, երկպառակություններ և՝ Ռիլկե: Հանուն Ռիլկեի հողը թողություն կտա մեր ժամանակի մեղքերին: Ռիլկեն մեր ժամանակի հակաթույնն է: Նա մեր ժամանակին անհրաժեշտ է այնպես, ինչպես հոգևորականը՝ մարտադաշտում, որպեսզի մեկի ու մյուսի, նրանց ու մեզ համար աղոթի, դեռ ողջերին օծի, իսկ արդեն ընկածներին վերջին հաղորդությունը տա»: Թերևս, այս խորհրդածությունների մեջ է ամփոփված պոեզիայի փիլիսոփայության՝ Ցվետաևայի ըմբռնումը:

Մահվանը հմայող նրա բանաստեղծությունն ինչ-որ իմաստով (թեև առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ) այդ նույն հավատամքից է գալիս.

Օ, խավարների և աշխարհակալ
Մահու սևի լեռ,
Տիրոջ շնորհը վերադարձնելու
Իմ ժամն է հասել:

Հրաժարվում եմ անմարդ, դաժան այս
Մեծ գժանոցից,
Հրաժարվում եմ միացնել ձայնս
Գայլի ոռնոցին:

Շնաձկների հետ հարթավայրի
Կաղկանձել վայրի,
Անթռիչք անթև թիկունքների հետ
Լող տալ հեշտ թեթև:

Հարկավոր չեն ինձ ունկեր և աչքերն
Իմ գարնանացող,
Ես քո աշխարհին այս խելացնոր
Մի բառ ունեմ՝ ոչ:

Ի դեպ, մի նրբիմաստ դիտարկում կա՝ գրողները լինում են երկու կարգի՝ ոմանք նայում են հայելուն, ոմանք՝ ոչ: Իսկապես, չէ՞ որ գրողության մեջ թատրոնի չափաբաժին կա, հանդիսականին ընթերցողին դուր գալու անկեղծ մղում կամ կեղծ ծեքծեքում: Բայց այդ պարզ ու հասկանալի «հայելիին» Ցվետաևայի դեպքում բոլորովին այլ է: Նա ոչ նայում է հայելուն, ոչ՝ խուսափում, նա ուղղակի ապրում է հայելու մեջ: Շատ հայելիների, որոնցից ոմանք մոգական են, գուցե՝ «ծուռ», հոգեպես անհավասարակշիռներին հակացուցված, բայց միշտ՝ հայելիները միայն իր և Աստծո աչքերի համար են՝ Մարինայի ընթերցողը, ինչ էլ որ ինքն ասի կամ գրի, նախևառաջ ինքն ու Աստված են: Եվ ուրեմն՝ իր հոգու քույրերն ու եղբայրները, որ նույն տարագիրներն են՝ անկախ երկրային թիթեռնակյաց օրերից, ազգությունից ու նյութի հետ կապված ամենայնից:

Խիզախորեն իր մահվանն ընդառաջ գնալով՝ Ցվետաևան, միևնույն է, չժխտեց պոեզիայի անմահության խորհուրդը, որովհետև գիտեր, որ Հավերժի ժամն է, և որ հարյուր տարի, հազար տարի անց էլ այսպես կարդալու և սիրելու են իրեն: Նրանք, ովքեր այնքան քիչ են և իրարից այնքան բաժանված (տարածությամբ, ժամանակով, նյութով…), որ ամենաճիշտը սիրելիներին Երկնքում սպասելն է:

Մ. Ցվետաևայի բանաստեղծություններից մեջբերումների թարգմանությունը՝ Կարինե Աշուղյանի:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *