Վիքիպեդիան «ընտանիք» հասկացությունը սահմանում է որպես սոցիալական ինստիտուտ, հասարակության բազային բջիջ։ Այսինքն՝ տղամարդու և կնոջ միություն, որոնք հոժարակամ ամուսնանում են, միավորվում կենցաղի ընդհանրությամբ ու երեխաներ ունենալու և դաստիարակելու ձգտմամբ։
Այսօր թվում է, թե արդիական է մնացել միայն ամուսնանալու հոժարակամությունը։ Մնացյալ ամեն բան խիստ շեղվել է։ Տեսնում ենք բազմաթիվ ընտանիքներ, որտեղ ամուսիններից մեկն աշխատանքի բերումով գնում է այլ քաղաք կամ մեկնում այլ պետություն, որպեսզի կերակրի հայրենիքում մնացած ընտանիքին։ Համարելո՞ւ ենք ընտանիք այն զույգերին, որոնք չեն ցանկանում երեխաներ ունենալ։ Ինչպե՞ս վերաբերվել համասեռամոլ ամուսնություններին։ Դրանք գոյություն ունեն՝ անկախ նրանից՝ դուր է գալիս մեզ դա, թե ոչ։
Աշխարհը սրընթաց փոխվում է, դրա հետ փոխվում է նաև ընտանիքը։
Քրիստոնեական ամուսնության հիասքանչ օրինակ. աղջիկ և տղա, որոնք չեն ունեցել նախաամուսնական որևէ փորձ, ծնողների օրհնությամբ պսակադրվում են եկեղեցում, իրագործում են պսակադրության ընթացքում որպես կանխապայման դրված բոլոր դրույթները. «…եւ կինը երկնչի…»[1] և այլն։ Անձամբ ես երբեք չեմ հանդիպել մի այնպիսի զույգի, որն ապրում է բյուրեղապակյա քրիստոնեական ամուսնական կյանքով։ Իսկն ասած՝ դա լիովին համապատասխանում է իմ վաղեմի ենթադրությանը. քրիստոնեությունը փառահեղ հայեցակարգ է, բայց՝ անիրագործելի։
Բայց ինչպե՞ս լուծեն ընտանեկան կյանքի խնդիրները կատարելության չհասնող մարդիկ, որոնք խախտում են և՛ պսակի սրբությունը, և՛ նույնիսկ մնացած պատվիրանները. մե՛րթ ստում են, մե՛րթ՝ գողանում… Ի՞նչ անենք մենք՝ խեղճերս… Նվազագույնը երկու պատասխան կա. առաջինը՝ մեզ վրա վերցնել ինքնակատարելագործման և համբերության ծանր լուծը, իսկ երկրորդը՝ բաժանվել։ Անմիջապես բաժանվել, քանի որ աշխարհում չկա ավելի կործանարար բան, քան վատ ամուսնությունը։ Եթե կարողացել եք անցնել առաջին ուղիով, ապա հենց դա է իսկական ընտանեկան երջանկությունը։ Եթե հաջողվել է բաժանվել՝ առանց վնասելու երեխաներին, առանց վիրավորելու և ստորացնելու նախկին զուգընկերոջը, դա հաղթանակ է։
Մի զույգի եմ ճանաչում, որի երեխաներից մեկը որդեգրված է, մյուսը՝ արտամուսնական, իսկ արդեն ամուսնությունից հետո են ծնվել մյուս երկուսը։ Ամեն բան կարգին է, բոլորը սիրում են միմյանց, թեև ծնողների համար մի փոքր բարդ է։ Երեխաները դեռ փոքր են։ Սակայն հոգ չէ, դիմանում են… Ամենևին ոտնձգություն չեմ անում «ավանդական արժեքների» նկատմամբ։ Երջանկություն եմ ցանկանում բոլոր նրանց, ովքեր ընտանիքի կառուցումը դիտարկում են որպես հաստատուն, անսասան մի բան. նույնիսկ դեմ չեմ ավագ երեց Սիլվեստրի կողմից XVI դարում գրված հայտնի «Դոմոստրոյ» աշխատության կիրառմանը կենցաղում։ Այնտեղ ցուցումներ ու հանձնարարություններ կան կյանքի բոլոր դեպքերի համար։ Իսկ այդ ընթացքում կյանքն առաջ է շարժվում սարսափելի արագությամբ, և ոչ ոք չի կարող ասել՝ արդյոք հազար տարի հետո կպահպանվի ընտանիքի այժմյան կաղապարը, թե ոչ… Բայց սե՜րը չի փոխվի։ Հենց դրան էլ հուսալու ենք։ Հենց դրան էլ հավատալու ենք։
[1] ՊՕՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԹՈՒՂԹԸ ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ (5:33)
Թարգմանություն ռուսերենից` Էլիզա Ստեփանյանի
