(դեկտեմբեր, 1917)
Լլոյդ Ջորջը և Վիլսոնը վերջերս հայտարարեցին պատերազմը կանխելուն ուղղված իրենց անսասան կամքի մասին: Իտալական պալատում սոցիալիստ Մերգարիին, որը մարդկային և անկեղծ խոսքեր էր ասում, խելագարի պես էին վերաբերվում: Եվ Վոլֆի հեռագիրը, որում հերքվում է նոր գերմանական խաղաղության առաջարկը, արձանագրում է. «Գերմանիան և նրա դաշնակիցները որևէ պատճառ չունեն կրկնելու իրենց լիարժեք խաղաղության հասնելու մասին առաջարկը»:
Այսպիսով, ամեն ինչ սովորականի պես է, և աշխարհի որ անկյունում էլ խաղաղ խոտի մի ճյուղ ցանկանա աճել, այնտեղ անմիջապես ոտք է դնում մեխված կրունկով զինվորական կոշիկը:
Բայց միաժամանակ կարելի է կարդալ, թե ինչպես են սկսվել խաղաղության բանակցությունները Բրեստ-Լիտովսկում, ինչպես է պարոն Քյուլմանը սկսել բանակցությունները՝ անդրադառնալով Սուրբ Ծննդյան կարևորությանը և մեջբերելով երկրում խաղաղություն հաստատելու մասին Ավետարանի խոսքերը: Եթե նա լուրջ է վերաբերում դրան, եթե նա երբևէ գոնե մոտիկից ըմբռնել է այդ սարսափելի խոսքերի իմաստը, ապա պետք է խաղաղություն հաստատվի: Դժբախտաբար, պետական գործիչների կողմից աստվածաշնչյան մեջբերումներ հնչեցնելը մինչ օրս դրական արդյունքներ չի տվել:
Արդեն տևական ժամանակ է, ինչ ողջ աշխարհը հայացքը հառել է երկու վայրի: Այս երկու վայրերում կարող է բացահայտվել ազգերի ճակատագիրը, լսելի լինել ապագայի կանչը և սպառնացող աղետը: Արևելքում աշխարհը մեծ լարվածությամբ հետևում է Բրեստ-Լիտովսկում ընթացող խաղաղության բանակցություններին: Միաժամանակ, սակայն, բոլորը սարսափով են լսում Գերմանիայի արևմտյան ճակատի մասին, քանի որ զգում են, գիտեն, որ եթե նախապես հրաշք տեղի չունենա, կկատարվի ամենասարսափելի բանը՝ աշխարհում երբևէ տեսած ամենադաժան, ամենաարյունալի, ամենաանողոք հսկա ճակատամարտը:
Բոլորը գիտեն սա, և բոլորը, բացառությամբ մի քանի համարձակ քաղաքական հռետորների և պատերազմը շահարկողների, դողում են դրա առջև: Զանգվածային խեղդամահությամբ հաջողության հասնելու մասին կարծիքներն ու հույսերը տարբեր են: Երկու կուսակցություններում էլ կա փոքրամասնություն, որը լրջորեն հավատում է վճռական հաղթանակին: Բայց նա, ով ունի մտածելու ունակության մի փոքր նշույլ, չի հավատում մարդկության իդեալական նպատակների իրականացմանը, որոնց մասին այդքան շատ են խոսում բոլոր պետական գործիչներն իրենց ելույթներում: Որքան ավելի արյունալի և ավերիչ են դառնում Առաջին համաշխարհային պատերազմի վերջին ճակատամարտերը, այնքան քիչ բան կարելի է հուսալ ապագայի համար, այնքան քիչ են մեղմվում ատելությունն ու մրցակցությունը, այնքան նվազում է պատերազմի հանցավոր միջոցներով քաղաքական նպատակներն իրագործելու անհնարինությունը: Եթե կուսակցություններից մեկն իրականում հասնի վերջնական հաղթանակի (և սա միակ նպատակն է, որով առաջնորդներն արդարացնում են իրենց ատելության ելույթները), ապա «միլիտարիզմը», որն արդարացիորեն արհամարհվում է, հաջողությամբ կհաղթի խաղում: Չարժե մտածել, թե որքան աննպատակ, որքան խելակորույս են ռազմական գործչի բոլոր ջանքերը, եթե նույնիսկ ենթադրենք, որ իրենց իդեալական նպատակների մասին մեկ խոսք երբևէ լուրջ է ասվել և սրտից է բխում: Դա թվում է մտացածին:
Եվ այս անհույս մոլորությունների մեջ խճճվելու, այս միմյանց հակասող ծրագրերի և հույսերի համար մի՞թե պետք է սկսվի անհավանական չափերի հասնող սպանությունների ևս մեկ շարք: Մինչ բոլոր ազգերը, որոնք պատերազմի պատճառած տառապանքների նույնիսկ աննշան փորձառությունն են ունեցել, շունչը պահած սպասում են և աղոթում Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունների համար, մինչ ողջ աշխարհը սրտանց իր երախտագիտությունն է հայտնում ռուսներին՝ պատերազմն արմատապես հաղթելիս ազգերի մեջ առաջինը լինելու համար, մինչ աշխարհի կեսը տառապում է սովից, և մարդկային ողջ արժեքավոր աշխատանքը կա՛մ ջուրն է լցվում, կա՛մ կրճատվում է կիսով չափ, մինչ այս ամենը տեղի է ունենում Ֆրանսիայում, նախապատրաստական աշխատանքներ են կատարվում մի բանի համար, որի մասին գրեթե տատանվում ես բարձրաձայն խոսել. դա հսկայական կոտորածն է, որը պետք է որոշի պատերազմի ելքը, բայց չի որոշի հերոսության և համբերության վերջին անիմաստ զորահավաքը, դինամիտի և մեքենաների վերջին սարսափելի հաղթանակը մարդկային կյանքի և մարդկային ոգու նկատմամբ:
Հաշվի առնելով այս իրավիճակը՝ մեր բոլորիս, երկրի վրա յուրաքանչյուր բարի մտադրություն ունեցող մարդու միակ և սրբազան պարտականությունն է՝ չզինվել անտարբերությամբ և թույլ տալ, որ ամեն ինչ իր հունով ընթանա, այլ անել առավելագույնը՝ կանխելու այդ վերջնարդյունքը:
«Իսկ ի՞նչ անել»,- բղավում եք դուք: Մենք պետական գործիչներ և կառավարիչներ էինք, մենք, անկասկած, մեր բաժինն արեցինք, բայց մենք այժմ չունենք իշխանություն:
Այս պատասխանը ցանկալի է յուրաքանչյուրին, երբ նա պատասխանատվություն է կրում և քանի դեռ դրանից հրդեհ չի բռնկվում: Երբ հարց եք ուղղում քաղաքական գործիչներին ու առաջնորդներին, նրանք բոլորը թափահարում են գլուխները և խոստովանում իրենց անզորությունը: Այնպես որ, նրանք չեն փակում ձեր ճանապարհը:
Խոչընդոտը մեր բոլորի անտարբերությունն ու վախկոտությունն են, մեր բոլորի անհնազանդությունն ու իռացիոնալությունը: Ինչպես Սոնինոն հրաժարվեց քաջարի Մերգարիին «ասել որևէ բան, որը կարող էր դուր գալ թշնամուն», ինչպես Վոլֆի հեռագիրն է պնդում, որ Գերմանիայում «չկա ոչ մի պատճառ» խաղաղության համար հնարավոր ամեն ինչ անելու, այնպես էլ մենք բոլորս ենք վարվում ամեն օր: Մենք իրերն ընդունում ենք այնպես, ինչպես դրանք կան, ուրախանում ենք հաղթանակներով, ափսոսում մեր սեփական կուսակցության պարտությունների համար, անուղղակի հաստատում և ընդունում ենք պատերազմը որպես քաղաքականության միջոց:
Ա՜խ, յուրաքանչյուր ժողովուրդ և յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր մարդ ողջ Եվրոպայում և դրանից դուրս ունի բավարար «պատճառներ»՝ իր վերջին և հզոր ուժը ցույց տալու հանուն այն խաղաղության, որը տենչում են բոլորը: Երկրում միայն մարդկանց անհետացող փոքրամասնությունն է իսկապես ցանկանում շարունակվող պատերազմ, սակայն, նրանք, անշուշտ, արժանանում են մեր արհամարհանքին և ամենաանկեղծ ատելությանը: Ոչ ոք, բացի մի քանի հիվանդ մոլեռանդներից կամ անբարեխիղճ հանցագործներից, ամենևին էլ չի հետաքրքրվում պատերազմով, և, այնուամենայնիվ, այն անհասկանալի ձևով շարունակվում է և շարունակվում. բոլորը քաջաբար զինվում են հանուն այն բանի, ինչը, ենթադրաբար, Արևմուտքի վերջին սպանդանոցն է:
Սա հնարավոր է միայն այն պատճառով, որ մենք բոլորս չափազանց ծույլ ենք, չափազանց հարմարվող, չափազանց ամաչկոտ: Սա հնարավոր է միայն այն պատճառով, որ մեր սրտի խորքում գաղտնի կերպով արդարացնում և հանդուրժում ենք պատերազմը, որովհետև մենք անընդհատ անտեսում ենք մեր իմացությունը և հոգիների ճանաչողությունը, և, Աստծո անունով, թույլ ենք տալիս, որ տապալված սայլը շարունակի գլորվել: Այդպես են վարվում կառավարիչները, այդպես են վարվում բանակները, այդպես ենք վարվում մենք՝ հանդիսատեսներս: Մենք բոլորս գիտենք, որ պատերազմը կարող է ավարտվել անկեղծ կամքի շնորհիվ: Մենք գիտենք, որ յուրաքանչյուր ոք զգայուն է արձագանքում իր կարիքների բավարարմանը, ինչը հաջողությամբ է պսակվել, չնայած ողջ դիմադրությանը: Մենք հիացմունքով և սրտի խորը բաբախյունով էինք դիտում, թե ինչպես ռուսները վայր դրեցին զենքերը և հայտարարեցին խաղաղության հասնելու իրենց կամքի մասին: Չկար մի ժողովուրդ, որն իր սրտով և խղճով խորապես չհուզվեր այդ հրաշալի դերասանական խաղով: Բայց հաջորդ պահին ակամա հրաժարվում են նման պարտադրված զգացմունքներից: Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր քաղաքական գործիչ կողմ է հեղափոխությանը, բանականությանը և զենքի պարտությանը, բայց միայն այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է թշնամուն, ոչ երբեք՝ իրենց:
Եթե ցուցաբերենք լրջություն, կարող ենք հաղթել պատերազմում: Ռուսները մեզ կրկին ցույց են տվել հին կրոնական, սրբազան ուսմունքն այն մասին, թե ինչպես թույլերը կարող են լինել ամենաուժեղը: Ինչո՞ւ ոչ ոք չի հետևում դրան: Ինչո՞ւ են խորհրդարաններն ու պալատներն ամենուրեք բավարարվում առօրյա մանրուքների մասին նույն հին զրույցներով և ոչ մի դեպքում չեն պահպանում էական, ներկայումս միակ կարևոր գաղափարը: Ինչո՞ւ է ազգային ինքնորոշման գաղափարը հասանելի միայն այնտեղ, որտեղ դրանից շահույթ է ակնկալվում: Ինչո՞ւ են մարդիկ դեռ հավատում պաշտոնական խոսնակների կեղծ, իդեալիստական արտահայտություններին: Վաղուց է ասվել, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի այն կառավարությունը, որը ցանկանում է, և որին արժանի է: Դե ուրեմն մենք՝ եվրոպացիներս, ունենք այն, ինչ ուզում ենք և ինչին արժանի ենք. դա պատերազմի արյունալի և դաժան տիրապետությունն է:
Բայց մենք դա չենք ցանկանում: Մենք բոլորս հակառակն ենք ուզում: Բացի շահագործողների մի փոքր խմբից, ոչ ոք չի ցանկանում, որ երկրում այս ամոթալի և տխուր վիճակը շարունակվի: Ուրեմն եկեք շարժվենք առաջ: Եկեք արտահայտենք մեր ամեն կերպ խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը: Եկեք զերծ մնանք նման անօգուտ սադրանքներից, ինչպիսին է Վոլֆի ժխտումը, պաշտպանվենք նաև Սոնինոյի նման խոսքերից: Հասել է ժամը, երբ թեթևակի նվաստացումը, զիջումը, մարդկայնության մի ժեստը այլևս չեն կարող վնասել: Հիմա, երբ մենք բոլորս արյունով ենք պատվել, չպետք է ուշադրություն դարձնենք ազգային փոքր սնապարծություններին:
Պետական գործչին, որը դեռևս ցանկանում է համաշխարհային քաղաքականությունն ուղղորդել՝ հենվելով զուտ ազգայնական և եսասիրական ծրագրերի վրա, որը դեռևս չի լսել մարդկության կոչը, ցանկալի է այսօր հեռացնելը, քան այնժամ, երբ նրա հիմարության պատճառով միլիոնավոր մարդիկ արյուն կթափեն:
Եվ մենք՝ բոլորս, մեծ ու փոքր, ռազմատենչ ու չեզոք կողմերս, եկեք կույր չլինենք այս պահին սարսափելի նախազգուշացման նկատմամբ, երբ նման անհավանական մի բան է պատրաստվում: Խաղաղությունն այստեղ է: Այն այստեղ է՝ որպես միտք, որպես ցանկություն, որպես առաջարկ, որպես լուռ գործող ուժ՝ բոլոր կողմերից, բոլոր սրտերում: Եթե յուրաքանչյուր անհատ բացի իր սիրտը, եթե բոլորը կամք և պատրաստակամություն ցուցաբերեն՝ հասնելու խաղաղության հաստատմանը, լինեն իրենց մտքերի, իրենց ինտուիցիայի կրողն ու ուղեցույցը, եթե յուրաքանչյուր բարի մտադրություններ ունեցող մարդ այժմ ծառայի միայն նրան, որ խաղաղության հասնելու կամքը չհանդիպի խափանումների, մեկուսացնող շերտերի, խոչընդոտների, ապա մենք կհասնենք խաղաղության:
Եվ այդժամ մենք բոլորս, որ միասին օգնել էինք նրան կանչել և կկարողանանք մեզ արժանի զգալ նրա մեծ առաջադրանքների համար, այդ ընթացքում չենք կրել որևէ այլ միտք, որն ավելի ուժեղ լինի, քան մեր մեղսակցության մասին միտքը:
- Սիդնեյ Սոնինո (1847-1922) – իտալացի պետական և քաղաքական գործիչ, երկու անգամ ղեկավարել է Իտալիայի նախարարների կաբինետը: Պատմության մեջ Իտալիայի նախարարների խորհրդի հրեական ծագում ունեցող առաջին առաջնորդն է:
- Ռիխարդ ֆոն Քյուլմանը Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը ստորագրողներից է:
Թարգմանությունը գերմաներենից՝ Թագուհի Հակոբյանի

