Գովք գրականությանն ու պատրանքին
Ես կարդալ սովորել եմ հինգ տարեկանում, Կոչաբամբայի (Բոլիվիա) լա Սալյեի վարժարանում, եղբայր Խուստինիանոյի դասարանում: Դա է եղել իմ կյանքի ամենանշանակալի իրադարձությունը: Գրեթե յոթանասուն տարի անց ես հստակ հիշում եմ, թե ինչպես այդ հրաշքը՝ նկարազարդ գրքերի բառերի վերծանումը, հարստացրեց իմ կյանքը՝ կոտրելով ժամանակի և տարածության պատնեշները և թույլ տալով ինձ քսան մղոն ստորջրյա ճամփորդություն կատարել կապիտան Նեմոյի հետ, խարդախ Ռիշելյեի ժամանակներում դ’ Արտանյանի, Աթոսի, Պորտոսի և Արամիսի հետ պայքարել թագուհուն սպառնացող խարդավանքների դեմ, կամ՝ Ժան Վալժան դարձած՝ քարշ գալ Փարիզի կոյուղիներում՝ Մարիուսի անհաղորդ մարմինը շալակս առած:
Ընթերցանությունը երազը կյանքի էր վերածում և կյանքը՝ երազի, և ինձ նման փոքրիկ մարդուկին հասանելի դարձնում գրականության աշխարհը: Մայրս ինձ պատմել է, որ առաջին գրածներս իմ կարդացած պատմությունների շարունակություններն են եղել, որովհետև տխրում էի, որ վերջանում էին, կամ ուզում էի փոխել վերջաբանը: Գուցեև անգիտակցորեն հենց այդ բանն անելով էլ անց եմ կացրել կյանքս. ժամանակի մեջ երկարաձգելով այդ պատմությունները՝ մինչ մեծանում էի, հասունանում և ծերանում, պատմություններ, որոնք իմ մանկությունը լցրել էին հուզավառությամբ ու արկածներով:
Կցանկանայի, որ մայրս այստեղ լիներ, որ սովորաբար հուզվում էր և արտասվում Ամադո Ներվոյի և Պաբլո Ներուդայի պոեմները կարդալիս, նաև մեծաքիթ և փայլող ճաղատով Պեդրո պապիկս, որ գովաբանում էր բանաստեղծություններս, և քեռի Լուչոն, որ շա՜տ է ոգևորել ինձ, որ կաշվիցս դուրս գամ գրելու համար, թեև այդ ժամանակներում և այդ վայրում գրականությունը շատ վատ էր կերակրում իր մշակներին: Ողջ կյանքում այնպիսի մարդիկ են եղել կողքիս, ովքեր սիրում էին ինձ ու թև տալիս և վարակում ինձ իրենց հավատով, երբ տատանվում էի: Նրանց շնորհիվ և, անտարակույս, նաև իմ համառության և փոքր-ինչ էլ բախտի, կարողացել եմ իմ ժամանակի մեծ մասը նվիրաբերել այս կրքին, արատին և հրաշքին, ինչպիսին գրելն է՝ ստեղծել զուգահեռ մի կյանք, որտեղ ապաստան ենք գտնում նեղություններից, որ բնական է դարձնում արտասովորը և արտասովորը՝ բնական, ցրում քաոսը, գեղեցկացնում տգեղը, հավերժացնում պահը և մահը դարձնում անցողական մի ներկայացում:
Հեշտ չէր պատմություններ գրելը: Բառերի վերածվելիս մտահղացումները թոշնում էին թղթի վրա, և գաղափարներն ու կերպարներն՝ անզորանում: Ինչպե՞ս էր պետք վերակենդանացնել նրանց: Բարեբախտաբար, այնտեղ էին վարպետները, որպեսզի նրանցից սովորեի և հետևեի նրանց օրինակին: Ֆլոբերն ինձ սովորեցրեց, որ տաղանդը խիստ կարգապահություն և երկարատև համբերատարություն է: Ֆոլքները՝ որ ձևն է (գիրը և կառուցվածքը) հարստացնում կամ աղքատացնում թեման: Մարտորելը, Սերվանտեսը, Դիքքենսը, Բալզակը, Տոլստոյը, Կոնրադը, Թոմաս Մաննը՝ որ թվաքանակը և միջավայրը նույնքան կարևոր են վեպում, որքան ոճական ճկունությունը և պատմելու ստրատեգիան: Սարտրը՝ որ բառերը գործողություններ են, և որ այժմեականությանը և ամենալավ կարծիքներին համահունչ վեպը, թատերական ստեղծագործությունը, էսսեն կարող են փոխել պատմության ընթացքը: Քամյուն և Օրուելը՝ որ բարոյախոսությունից զուրկ գրականությունն անմարդկային է, իսկ Մառլոն՝ որ հերոսականությունն ու էպիկականությունը նույնքան արդիական են այժմ, որքան որ արգոնավորդների, Իլիականի և Ոդիսականի ժամանակներում:
Եթե ես իմ այս խոսքի մեջ հիշատակեի բոլոր այն գրողներին, ում քիչ թե շատ պարտական եմ, նրանց ստվերները մեզ մթության մեջ կթաղեին: Անհամար են նրանք: Բացի պատմելու արհեստի գաղտնիքների բացահայտելը, նրանք ինձ մղել են ուսումնասիրելու մարդկային էության խորքերը, հիանալ նրա սխրանքներով և սարսռալ նրա հրեշավոր արարքներից: Նրանք իմ ամենապատրաստակամ բարեկամներն են եղել, իմ շնորհի ոգեշնչողները, ում գրքերում ես հայտնաբերեցի, որ ամենավատ իրավիճակներում անգամ հույսեր կան և որ արժե ապրել, թեկուզ զուտ այն բանի համար, որ առանց կյանքի ո՛չ կարդալ էինք կարողանալու, ո՛չ պատմություններ հորինել:
Երբեմն հարց եմ տվել ինքս ինձ, թե իմ երկրի նման սակավաթիվ ընթերցողներ ունեցող և այդքան աղքատ, անգրագետ մարդկանցով ու անարդարություններով լի երկրներում, որտեղ մշակույթը շատ քչերի առանձնաշնորհն էր, արդյո՞ք գրելը սոլիպսիստական շքեղություն չէ: Սակայն այդ կասկածները երբեք չեն խեղդել իմ շնորհը, և ես շարունակել եմ գրել նույնիսկ այն ժամանակ, երբ հանապազօրյա հաց վաստակելու համար իմ արած այլ աշխատանքները կլանում էին ժամանակիս մեծ մասը: Կարծում եմ, ճիշտ եմ վարվել, որովհետև եթե գրականության ծաղկման համար մի հասարակության մեջ պարտադիր պայման լիներ սկզբում հասնել բարձր մշակույթի, ազատության, բարեկեցության և արդարության, այն երբեք գոյություն չէր ունենա: Ընդհակառակը, գրականության, նրա ձևավորած պատկերացումների, ներշնչած իղձերի ու ձգտումների և իրականությունից այն հիասթափության շնորհիվ, որով վերադառնում ենք դեպի գեղեցիկ անուրջներ կատարած ճամփորդությունից, հասարակությունն այժմ նվազ դաժան է, քան երբ հեքիաթասացները սկսեցին մարդասիրական դարձնել կյանքն իրենց հեքիաթներով: Առանց լավ գրքեր կարդալու մենք ավելի վատը կլինեինք, քան կանք, ավելի հարմարվողական, պակաս անհանգիստ և անհնազանդ, և քննադատ ոգին՝ առաջընթացի շարժիչ ուժը, գոյություն անգամ չէր ունենա: Գրելու նման ընթերցելը նույնպես բողոք է կյանքի թերությունների դեմ: Ով պատրանքների մեջ է փնտրում այն, ինչ չունի, առանց այդ բանն ասելու անհրաժեշտությունն ունենալու, չգիտակցելով անգամ ասում է, որ կյանքը, այնպիսին, ինչպիսին կա, բավարար չէ հագեցնելու բացարձակի հանդեպ մեր ծարավը՝ մարդկային էության հիմքը, և որ այն պետք է ավելի լավը լիներ: Մենք պատրանքներ ենք հորինում, որպեսզի որևէ կերպ կարողանանք ապրել այն բոլոր կյանքերը, որ կցանկանայինք ունենալ, երբ ընդամենը հազիվ մեկն ունենք:
Առանց պատրանքների մենք ավելի պակաս կգիտակցեինք ազատության կարևորությունը, որպեսզի կյանքն ավելի ապրելի լինի, և թե ինչ դժոխքի է վերածվում կյանքը, երբ ոտնատակ է տրվում որևէ տիրանի, գաղափարախոսության կամ կրոնի կողմից: Ովքեր կասկածում են, թե գրականությունը գեղեցկության և երջանկության երազանքի մեջ մեզ միավորելուց բացի, նաև զգոն է դարձնում մեզ ամեն տեսակ ճնշումների հանդեպ, ինքներդ ձեզ հարց տվեք, թե ինչու՞ են այն բոլոր կառավարությունները, որոնք ստանձնել են խանձարուրից մինչև գերեզման հսկել քաղաքացիների վարքը, այդքան վախենում նրանից, որ գրաքննության համակարգեր են ստեղծում այն ճնշելու համար և այդքան նախանձախնդրությամբ հսկում անկախ գրողներին: Նրանք այդ անում են, որովհետև գիտեն, թե ինչ ռիսկի են դիմում թույլ տալով, որ երևակայությունը հոսի գրքերի միջով, գիտեն, թե ինչ ապստամբ են դառնում պատրանքները, երբ ընթերցողը այդ պատրանքների մեջ արտացոլված և հենց այդ պատրանքները հնարավոր դարձնող ազատությունը համեմատում է այն խավարամտության և երկյուղի հետ, որ դարանակալ հսկում են իրեն իրական աշխարհում: Ուզեն թե չուզեն, իմանան թե ոչ, գրողները պատմություններ հորինելիս անբավարարվածություն են քարոզում, ցույց տալով, որ աշխարհը վատ է ստեղծված, որ երևակայական կյանքն ավելի հարուստ է, քան առօրեականը: Այս փաստը, եթե արմատներ է գցում ընկալման և գիտակցության մեջ, քաղաքացիներին ավելի դժվար կառավարելի է դարձնում, ավելի դժվար ընդունող նրանց ստերը, ովքեր կցանկանային հավատացնել իրենց, թե կախաղանների, ինկվիզիտորների և բանտապանների կողքին մարդիկ ավելի լավ ու ապահով են ապրում:
Լավ գրականությունը կամուրջներ է գցում տարբեր մարդկանց միջև, և վայելք, տառապանք կամ զարմանք պատճառելով, մեզ միավորում մեկս մյուսից բաժանող լեզուների, հավատի, սովորույթների, ավանդույթների և համոզմունքների ներքո: Երբ ճերմակ մեծ կետը կապիտան Ահաբին իր հետ ծովի անդունդն է քաշում, ընթերցողների սիրտը միատեսակ է ճմլվում, լինեն Տոկիոյում, Լիմայում թե Տամբուկտուում: Երբ Էմմա Բովարին մկնդեղ է խմում, Աննա Կարենինան գնացքի տակ նետվում, իսկ Ժուլիեն Սորելը կառափնարան բարձրանում, և երբ «Հարավը» պատմվածքում ոստիկան Խուան Դալմանը դուրս է գալիս պամպայի կրպակից՝ դեմ առ դեմ հանդիպելու մարդասպանի դանակին, կամ հասկանում ենք, որ Կոմալայի՝ Պեդրո Պարամոյի գյուղի բոլոր բնակիչները մեռած են, նույնն է ընթերցողի սարսուռը, լինի Բուդդհային, Կոնֆուցիոսին, Քրիստոսին, Ալլահին պաշտող թե կոստյում-փողկապ, բուռնուս, կիմոնո կամ փողքավոր շալվար հագած ագնոստիկ: Գրականությունը մարդկային բազմազանության մեջ եղբայրություն է ծնում և խորտակում այն պատնեշները, որոնք տգիտությունը, գաղափարախոսությունները, կրոնները, լեզուներն ու անհեթեթություններն են բարձրացնում մարդկանց միջև:
Ինչպես բոլոր դարաշրջաններն են ունեցել իրենց սարսափները, մերն էլ մոլեռանդների՝ մահապարտ ահաբեկիչների դարաշրջան է՝ մի հին համոզմունք, թե սպանելով դրախտ են ընկնում, թե անմեղների արյունը լվանում է համընդհանուր անպատվությունը, շտկում անարդարությունը և ճշմարտություն հաստատում կեղծ համոզմունքների վրա: Ամեն օր աշխարհի տարբեր ծագերում անհամար մարդիկ զոհ են դառնում նրանց, ովքեր իրենց բացարձակ ճշմարտությունների կրող են զգում: Կարծում էինք, թե ամբողջատիրական տերությունների կործանումով համագոյակցում, խաղաղություն, բազմակարծություն, մարդկային իրավունքներ կհաստատվեին, և աշխարհը ետևում կթողներ հոլոքոստները, ցեղասպանությունները, ամենակործան հարձակումներն ու պատերազմները: Այդպիսի բան տեղի չունեցավ: Ֆանատիզմի պատճառով թեժացող բարբարոսության նոր ձևեր են ավելանում, և զանգվածային ոչնչացման զենքի բազմապատկման պայմաններում չի կարելի բացառել, որ ցանկացած խելագար որևէ խմբավորում մի օր միջուկային աղետ հրահրի: Պետք է կանխել նրանց, դեմ դուրս գալ և ջախջախել: Շատ չեն նրանք, թեև նրանց հանցագործությունների արձագանքը թնդում է մոլորակով մեկ, և սարսափից ծնկի են բերում մեզ նրանց հրահրած մղձավանջները: Մենք չպետք է երկնչենք նրանց պատճառով, ովքեր ուզում են խլել մեզնից այն ազատությունը, որ քայլ առ քայլ նվաճել ենք քաղաքակրթության երկարատև սխրագործությամբ: Պաշտպանենք ազատ ժողովրդավարությունը, որն իր բոլոր սահմանափակումներով հանդերձ շարունակում է նշանակել քաղաքական բազմակարծություն, համագոյակցում, հանդուրժողականություն, մարդկային իրավունքներ, քննադատության ընդունում, օրինականություն, ազատ ընտրություններ, իշխանության հերթագայում, այն ամենն, ինչ մեզ աստիճանաբար հանել է գազանային կյանքից և մոտեցրել (թեև երբեք չենք հասնի դրան) այն գեղեցիկ և կատարյալ կյանքին, որ գրականությունն է պատկերում, այն կյանքին, որին միայն հորինելով, գրել-կարդալով կարող ենք արժանանալ: Դիմակայելով մարդասպան մոլեռանդներին՝ մենք պաշտպանում ենք երազելու և այդ երազանքներն իրական դարձնելու մեր իրավունքը:
Երիտասարդ տարիներիս իմ սերնդակից շատ գրողների նման ես մարքսիստ եմ եղել և հավատացել, թե սոցիալիզմն է լինելու իմ երկրում, Լատինական Ամերիկայում և մնացած երրորդ կարգի պետություններում ամրապնդվող շահագործման և սոցիալական անարդարությունների դեմ պայքարելու միջոցը: Իմ հիասթափությունն ադմինիստրատիվ սոցիալիզմից և կոլեկտիվիզմից և իմ անցումը ժողովրդավար և ազատական լինելուն, ինչպիսին եմ այժմ (ինչպիսին աշխատում եմ լինել) երկարատև է եղել, դժվարին և ավարտին է հասել դանդաղ և այնպիսի իրադարձությունների կողքին, ինչպիսիք են Կուբայական հեղափոխության այլափոխումը, որ սկզբնական շրջանում այնքան խանդավառել էր ինձ, Սովետական Միության ավտորիտար և ուղղահայաց մոդելը, այլախոհների վկայությունը, որ կարողանում էր դուրս սահել Գուլագի փշալարերի արանքից, Վարշավայի Դաշինքի երկրների հարձակումը Չեխոսլովակիայի վրա, և շնորհիվ այնպիսի մտածողների, ինչպիսիք են Ռայմոնդ Արոնը, Ժան Ֆրանսուա Ռևելը, Իսայահ Բեռլինը և Կառլ Պոպպերը, ում պարտական եմ ժողովրդավարական մշակույթի և բաց հասարակությունների իմ վերագնահատման համար: Այս վարպետները պայծառ մտքի և արիության օրինակ են ծառայել այն ժամանակ, երբ Արևմուտքի ինտելիգենցիան, ամենաթողության կամ պատեհապաշտության պատճառով, թվում էր, թե սովետական սոցիալիզմի կախարդանքին է ենթարկվել, կամ՝ է՛լ ավելի վատ, չինական մշակութային հեղափոխության արյունալի խառնաշփոթին:
Երեխա ժամանակ ֆրանսիական գրականությունից ցնցված՝ երազում էի երբևէ Փարիզ գնալ, կարծում էի, թե այնտեղ ապրելը և Բալզակի, Ստենդալի, Բոդլերի, Պրուստի շնչած օդը շնչելն ինձ կօգնի իսկական գրող դառնալ, և եթե Պերուից դուրս չգայի, սոսկ կիրակնօրյա և տոնավաճառային օրերի փսևդոգրող էի դառնալու: Եվ իսկապես Ֆրանսիային, ֆրանսիական մշակույթին եմ պարտական այն անմոռանալի դասերի համար, թե՝ գրականությունն ինչպես շնորհ է, այնպես էլ կարգապահություն, աշխատանք և համառություն: Ես ապրել եմ այնտեղ, երբ Սարտրն ու Քամյուն ողջ էին և գրում էին, Իոնեսկոյի, Բեքետի, Բատայի և Սիորանի, Բրեխտի թատրոնի, Ինգմար Բերգմանի կինոյի, Ժան Վիլարի TNP1-ի և Ժան Լուի Բարոյի Օդեոնի, Նոր Ալիքի2 ու Նոր վեպի3 և նոր խոսքի, գրական գեղեցկագույն պիեսների, Անդրե Մառլոյի, և թերևս այն ժամանակվա Եվրոպայի ամենադիտարժան ներկայացման՝ գենրալ դե Գոլի մամլո ասուլիսների և օլիմպիական թնդյունների տարիներին: Սակայն Ֆրանսիային թերևս ամենաշատը երախտապարտ եմ Լատինական Ամերիկայի հայտնագործման համար: Ես այնտեղ իմացա, որ Պերուն մի մասնիկն է այն մեծ համայնքի, որտեղ միավորվում են պատմությունը, աշխարհագրությունը, հասրակական և քաղաքական խնդիրները, գոյության որոշակի մի ձև և այն անուշ լեզուն, որով խոսում և գրում էի: Եվ որ այդ նույն տարիներին ստեղծում էր նոր և մեծ թափ առնող մի գրականություն: Ես այնտեղ եմ կարդացել Բորխեսին, Օկտավիո Պասին, Կորտասարին, Ֆուենտեսին, Կաբրերա Ինֆանտեսին, Ռուլֆոյին, Օնետտիին, Կարպենտիերին, Էդվարդսին, Դոնոսոյին և շատ ուրիշների, ում ստեղծագործությունները հեղափոխում էին խոսքը` իսպաներեն լեզվում և ում շնորհիվ Եվրոպան և աշխարհի մեծ մասը բացահայտում էին, որ Լատինական Ամերիկան ոչ միայն հեղաշրջումների, օպերետային հրամանատարների, մորուքավոր պարտիզանների, մամբոյի և չաչաչայի մարակաների4 մայրցամաք է, այլ նաև գեղեցիկը սփռող և համընդհանուր լեզվով խոսող գաղափարների, գեղարվեստական ձևերի և գրական ֆանտազիաների մայրցամաք:
Այդ ժամանակվանից մինչ օրս, ոչ առանց բախումների և սայթաքումների, Լատինական Ամերիկան հետզհետե զարգացավ, թեև ինչպես Սեսար Վալյեխոյի բանաստեղծությունն է ասում, դեռևս Կան, եղբայրներ, շատ անելիքներ: Այժմ ավելի քիչ ենք տառապում դիկտատուրայից, քան նախկինում, բացի Կուբան և նրա ածանցյալ թեկնածուն՝ Վենեսուելան և մի քանի այլ պոպուլիստական և խեղկատակային փսևդոդեմոկրատիաներ, ինչպիսին Բոլիվիայինն ու Նիկարագուայինն է: Սակայն մայրցամաքի մնացած մասում, լավ թե վատ, դեմոկրատիան գործում է ժողովրդական լայն զանգվածների համաձայնության օժանդակությամբ, և առաջին անգամ մեր պատմության մեջ ունենք աջեր և ձախեր, որոնք ինչպես Բրազիլիայում, Չիլիում, Ուրուգվայում, Պերուում, Կոլումբիայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Մեքսիկայում և գրեթե ողջ Կենտրոնական Ամերիկայում հարգում են օրենքը, քննադատության ազատությունը, ընտրությունները և իշխանության փոփոխությունները: Սա է լավագույն ուղին և եթե տևական լինի, պայքարի թաքնված կոռուպցիայի դեմ, շարունակի ինտեգրվել աշխարհին, Լատինական Ամերիկան վերջապես կդադարի ապագայի մայրցամաք լինելուց և կդառնա ներկայի մայրցամաք:
Ես ինձ երբեք օտար չեմ զգացել Եվրոպայում, և, անկեղծ ասած, և ո՛չ մի տեղ: Ամենուրեք, որտեղ ապրել եմ՝ Փարիզ, Լոնդոն, Բարսելոն, Մադրիդ, Բեռլին, Վաշինգտոն, Նյու Յորք, Բրազիլիա կամ Դոմինիկյան Հանրապետություն, ես ինձ իմ տանն եմ զգացել: Միշտ գտել եմ մի հարազատ վայր, որտեղ կարող էի ապրել խաղաղ աշխատելով, նոր բաներ սովորել, անրջել, բարեկամներ, ընթերցելու լավ բաներ և գրելու թեմաներ գտնել: Ես չեմ կարծում, որ իմ՝ աշխարհի քաղաքացի դառնալը (առանց դրա հատուկ մտադրությունն ունենալու) թուլացրել է իմ մեջ այն, ինչ «արմատներ» են անվանում՝ իմ երկրի հետ ինձ կապող թելերը (թեև դա էլ մեծ նշանակություն չէր ունենա), որովհետև եթե այդպես լիներ, պերուական ապրածս փորձը չէր շարունակի ոգեշնչել ինձ որպես գրող և միշտ երևան չէին գա իմ պատմություններում, անգամ այն դեպքում, երբ թվում է, թե դրանք Պերուից շատ հեռու են տեղի ունենում: Կարծում եմ, որ երկար ժամանակ ծննդավայրից հեռու ապրելն ավելի շուտ ուժգնացրել է այդ կապերը՝ ավելացնելով նրանց ավելի պայծառ մի հեռանկար և կարոտ, որ կարողանում է տարբերել ածանցյալը էականից և պահպանում է հիշողությունների արձագանքը: Սերը երկրի հանդեպ, որտեղ մարդ ծնվել է, չի կարող պարտադրված լինել, այլ ցանկացած այլ սիրո նման սրտի ինքնաբերական թրթիռ է, ինչպես այն սերը, որը կապում է սիրեցյալներին, ծնողներին ու զավակներին, ընկերներին:
Ես հոգուս մեջ եմ կրում Պերուն, քանզի այնտեղ եմ ծնվել, այնտեղ մեծացել, կրթվել և ապրել մանկության ու պատանության այն փորձությունները, որ ձևավորել են իմ անձը, կռել իմ շնորհը, քանզի այնտեղ եմ սիրել, ատել, վայելել, տառապել ու երազել: Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, ավելի շատ է ազդում ինձ վրա, հուզում, զայրացնում, քան այն, ինչ կատարվում է այլ վայրերում: Ես դա չեմ փնտրել, չեմ ներշնչել ինձ, պարզապես այդպես է: Որոշ հայրենակիցներ ինձ մեղադրել են որպես դավաճան, և քիչ էր մնացել կորցնեի քաղաքացիությունս, երբ վերջին բռնապետության ժամանակ աշխարհի ժողովրդավար կառավարություններին խնդրեցի դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցներ կիրառել կառավարության նկատմամբ, ինչպես միշտ վարվել եմ ցանկացած տիպի բոլոր բռնապետությունների հետ՝ Պինոչետի, Ֆիդել Կաստրոյի, Աֆղանստանի թալիբանների, Իրանի իմամների, Հարավային Աֆրիկայի ապարտեիդի, Բիրմայի (ներկայումս Մյանմա) համազգեստավոր սատրապների: Եվ վաղը նորից այդպես կվարվեի, եթե (նախախնամությունը դա չի կամենա, և պերուացիները թույլ չեն տա) Պերուն մեկ անգամ ևս հեղաշրջման զոհ դառնար, որը կործաներ մեր դյուրաբեկ ժողովրդավարությունը: Դա հապճեպ ու նեղացած զգացմունքային քայլ չէր, ինչպես որոշ՝ մյուսներին իրենց սեփական փոքրոգության դիրքերից դատելու սովոր պոլիգրաֆներ գրեցին: Դա իմ այն համոզմունքին համահունչ քայլ էր, որ բռնապետությունը բացարձակ չարիք է որևէ երկրի համար, դաժանության ու կոռուպցիայի, խոր վերքերի աղբյուր, որոնք երկար ժամանակ չեն փակվում, թունավորում են նրա ապագան և անառողջ արարքներ ու սովորույթներ ծնում, որոնք շարունակվում են սերնդե-սերունդ, ուշացնելով ժողովրդավարական վերակառուցումը: Եվ հենց դրա համար էլ բռնապետություններն առանց ներողամտության պետք է ոչնչացվեն ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով, ընդհուպ մինչև տնտեսական պատժամիջոցները: Ցավալի է, որ ժողովրդավարական կառավարությունները օրինակ ծառայելու փոխարեն, այնպիսիներին համերաշխություն ցուցաբերելու փոխարեն, ինչպիսիք են Կուբայի Դամաս դե Բլանկո5 շարժումը, վենեսուելցի ընդդիմադիրները, կամ Աուն Սան Սու Չժին և Լյու Սյաոբոն, ովքեր խիզախորեն դեմ են դուրս գալիս այն բռնապետություններին, ում լծի տակ տառապում են, հաճախ ներողամտություն են ցուցաբերում ոչ թե նրանց հանդեպ, այլ` նրանց դահիճների: Այդ խիզախները, իրենց ազատության համար պայքարելով, նաև մեր ազատության համար են պայքարում:
Իմ հայրենակիցներից մեկը՝ Խոսե Մարիա Արգեդասը, Պերուն անվանել է «ամեն տեսակ արյան երկիր»: Չեմ կարծում, թե այլ բանաձև լինի, որ ավելի լավ բնորոշի Պերուն: Դա ենք մենք, և բոլոր պերուացիներս դա ենք կրում մեր հոգում, մեզ դուր գա թե ոչ. աշխարհի բոլոր ծագերից եկած ավանդույթների, ռասաների, կրոնների և մշակույթների մի ընդհանրություն: Ես հպարտությամբ եմ լցվում ինձ նախաիսպանական մշակույթների ժառանգորդը զգալով, որ գործվածքներ ու ծածկոցներ են պատրաստել Նասկայի6 և Պարակասի7 փետուրներից և մոչիկական8 կամ ինկական խեցեղեն, որ այժմ աշխարհի լավագույն թանգարաններում են ցուցադրվում, Մաչու Պիկչուի, Գրան Չիմուի, Չան Չանի, Կուելապի, Սիպանի, Վհուկի, Արևի և Լուսնի անցքերի շինարարների և այն իսպանացիների, ովքեր իրենց խուրջիններով, սրերով ու ձիերով Պերու բերեցին Հունաստանը, Հռոմը, հրեաքրիստոնեական ավանդույթը, Վերածնունդը, Սերվանտեսին, Քևեդոյին ու Գոնգորային և Անդերում քաղցրած Կաստիլյայի կտրուկ լեզուն: Եվ որ Իսպանիայի հետ նաև Աֆրիկան եկավ իր եռանդով, իր երաժշտությամբ և իր անհանգիստ երևակայությամբ՝ հարստացնելու պերուական տարասեռությունը: Եթե մի փոքր փորփրենք, կբացահայտենք, որ Պերուն Բորխեսի Ալեֆի նման ողջ աշխարհի մանրակերտն է: Ի՜նչ արտասովոր առանձնաշնորհ մի երկրի համար, որ ինքնություն չունի, քանի որ բոլոր տեսակի ինքնություններն ունի:
Ամերիկայի նվաճումը բռնի և դաժան է եղել, ինչպես բոլոր նվաճումներն, անշուշտ, և մենք պարտավոր ենք քննադատել այն, սակայն առանց մոռանալու, որ ովքեր կատարել են այդ թալանն ու հանցանքները, մեծամասամբ մեր նախապապերն են եղել՝ իսպանացիներ, որ Ամերիկա են մեկնել և հարմարվել այնտեղ և ոչ նրանք, ովքեր իրենց հողում են մնացել: Եվ որպեսզի այդ քննադատությունը արդարացի լինի, պետք է ինքնաքննադատություն լինի: Որովհետև երկու հարյուր տարի առաջ Իսպանիայից անկախանալուց հետո, նրանք, ովքեր նախկին գաղութներում իշխանության գլուխ անցան, հնդկացուն ազատագրելու և նրա նախկին նվաստացումների դիմաց արդարություն հաստատելու փոխարեն շարունակեցին նույնպիսի վայրագությամբ և ագահությամբ շահագործել նրան, ինչպես կոնքիստադորները, և որոշ երկրներում նաև արյունալի հաշվեհարդար տեսնելով կամ իսպառ ոչնչացնելով նրան: Ամենայն պարզությամբ ասենք. արդեն երկու հարյուր տարի բացառապես մենք ենք պատասխանատու տեղաբնիկ կանանց ազատագրման համար և մենք այն չենք իրականացրել: Տեղաբնիկ կինը շարունակում է կախյալ վիճակում լինել ողջ Լատինական Ամերիկայում: Ոչ մի բացառություն չկա այս անարգանքի և խայտառակության համար:
Ես Իսպանիան նույնքան եմ սիրում, որքան Պերուն, և իմ պարտքը նրա հանդեպ նույնքան մեծ է, որքան երախտիքս: Եթե Իսպանիան չլիներ, ես երբեք այս ամբիոնին չէի հասնի, և ոչ էլ ճանաչված գրող կլինեի, և թերևս ինչպես իմ տարաբախտ գրչակիցներից շատերը, կմնայի հաջողություն, հրատարակիչներ, մրցանակներ, ընթերցողներ չունեցող գրողների կողքին, ում տաղանդը գուցե (տխուր մխիթարանք) մի օր ապագան կբացահայտեր: Իսպանիայում են հրատարակվել բոլոր իմ գրքերը, այնտեղ եմ մեծ ճանաչում ստացել, Կառլոս Բառալի և Կարմեն Բարսելսի և այլոց նման բարեկամներ ձեռք բերել, ովքեր կաշվից դուրս են եկել, որ իմ պատմություններն ընթերցողներ ունենան: Եվ Իսպանիան է ինձ երկրորդ քաղաքացիություն տվել, երբ կարող էի իմը կորցնել: Ես երբեք դույզն-իսկ անհամատեղելիություն չեմ զգացել պերուացի լինելուս և իսպանական անձնագիր ունենալուս միջև, որովհետև միշտ զգացել եմ, որ Իսպանիան և Պերուն միևնույն բանի երկու երեսն են, և ոչ միայն իմ փոքր անձի հարցում, այլև այնպիսի էական իրողություններում, ինչպիսիք պատմությունը, լեզուն և մշակույթն են:
Իսպանական հողում իմ ապրած բոլոր տարիներից սրտի թրթիռով եմ հիշում այն հինգը, որոնք անց եմ կացրել իմ սիրելի Բարսելոնում յոթանասունականների սկզբին: Դեռ գործում և մահապատժի էր դատապարտում Ֆրանկոյի դիկտատուրան, սակայն արդեն իր դարն ապրած ցնցոտիավոր բրածո էր դարձել և հատկապես մշակութային դաշտում անընդունակ էր երբեմնի վերահսկողությունը պահպանելու: Նոր ելքեր և ճեղքեր էին բացվում, որ գրաքննությունը չէր հասցնում կարկատել, և դրանց շնորհիվ իսպանական հասարակությունը նոր գաղափարներ, գրքեր, մտավոր հոսանքներ և գեղարվեստական արժեքներ ու ձևեր էր կլանում, որ մինչ այդ արգելված էին կործանարարների կողմից: Ոչ մի քաղաք այդքան լավ և այդքան շատ օգուտ չի քաղել այդ սկզբից, ստեղծագործելու և գաղափարների դաշտում նման խմորումներ չի ապրել, ինչպես Բարսելոնը: Այն դարձել էր Իսպանիայի մշակութային մայրաքաղաքը, այն վայրը, որտեղ պետք է լիներ մարդ գալիք ազատության նախանշանները շնչելու համար: Եվ որոշ իմաստով նաև Լատինական Ամերիկայի մայրաքաղաքն էր լատինամերիկյան երկրներից սերող նկարիչների, գրողների, հրատարակիչների և արվեստագետների քանակով, ովքեր կա՛մ հաստատվում էին այնտեղ, կա՛մ գնում գալիս, որովհետև Բարսելոնն այն վայրն էր, ուր պետք էր գտնվել, եթե մարդ ուզում էր մեր ժամանակների բանաստեղծ, վիպասան, նկարիչ կամ կոմպոզիտոր լինել: Ինձ համար դրանք ընկերության, բարեկամության, համաձայնության և մտավոր բեղմնավոր աշխատանքի անմոռանալի տարիներ էին: Եվ ինչպես առաջ Փարիզը, Բարսելոնը Բաբելոնյան աշտարակ էր դարձել, կոսմոպոլիտ ու համընդհանուր մի քաղաք, որտեղ ապրելն ու աշխատելը խթանիչ ուժ էր, և որտեղ քաղաքացիական պատերազմի տարիներից ի վեր առաջին անգամ խառնվեցին ու եղբայրացան իսպանացի և լատինամերիկյան գրողները՝ ընդունելով, որ միևնույն ավանդույթների տերն են և դաշնակից անդամը համընդհանուր մի նախաձեռնության և համոզմունքի. որ դիկտատուրայի վախճանն անխուսափելի էր և ժողովրդավարական Իսպանիայում մշակույթն էր լինելու գլխավոր հերոսը:
Թեև ամեն բան հենց այդպես տեղի չունեցավ, համենայն դեպս իսպանական անցումը դիկտատուրայից ժողովրդավարության ժամանակակից պատմության լավագույն էջերից եղավ, մի այնպիսի օրինակ, երբ հաղթանակ են տանում ողջախոհությունն ու ռացիոնալիզմը, և հակառակորդ քաղաքական գործիչները աղանդավորականությունը մի կողմ են դնում հանուն համընդհանուր բարօրության, երբ կարող են այնպիսի հրաշալի իրողություններ կատարվել, ինչպես մոգական ռեալիզմի վեպերում: Իսպանական անցումը ինքնիշխանությունից ազատություն, ենթազարգացումից բարգավաճում, տնտեսական հակասություններ և երրորդ աշխարհի պետություններին հատուկ անհավասարություն ունեցող երկրից միջին դաս ունեցող երկիր դառնալը, նրա՝ Եվրոպային ինտեգրվելը և կարճ ժամանակահատվածում ժողովրդավարական մշակույթի որդեգրումը հիացրեց ողջ աշխարհին և թափ հաղորդեց Իսպանիայի մոդեռնիզացմանը: Ինձ համար հուզիչ և ուսանելի մի փորձ էր շատ մոտիկից, երբեմն էլ հենց ներսից այդ ամենն ապրելը: Աստված տա, որ ազգայնամոլությունը՝ ժամանակակից աշխարհի, ինչպես նաև Իսպանիայի անբուժելի այդ չարիքը, չձախողի այդ հաջողակ պատմությունը:
Ես ատում եմ ազգայնամոլության, գավառական գաղափարախոսության (կամ ավելի ճիշտ՝ կրոնի) անհեռատես, բացառող բոլոր ձևերը, որ նեղացնում են մտավոր հորիզոնն ու իրենց խորքում էթնիկական, ռասիստական կանխակալ դատողություններ քողարկում, որոնք ծննդավայրի անկանխատեսելի հանգամանքը գերագույն արժեք են դարձնում, բարոյական և գոյաբանական առանձնաշնորհ: Կրոնի հետ միասին ազգայնամոլությունը պատմության վատթարագույն սպանդների պատճառն է եղել, ինչպես օրինակ երկու համաշխարհային պատերազմները և Միջին Արևելքի ներկայիս արյունահեղությունը: Ոչինչ այնքան չի նպաստել, որ Լատինական Ամերիկան անդամահատված, արնաքամ եղած լինի անիմաստ կռիվներում ու երկպառակություններում և աստղաբաշխական միջոցներ քամուն տված չլինի սպառազինության համար, դպրոցներ, գրադարաններ ու հիվանդանոցներ կառուցելու փոխարեն, ինչպես ազգայնամոլությունը:
Չպետք է կասկածելի, «օտարին» մերժող, միշտ բռնության սերմեր պարունակող ազգայնամոլությունը շփոթել հայրենասիրության հետ՝ այն առողջ և ազնիվ սիրո զգացման հետ այն հողի հանդեպ, որտեղ մարդ լույս աշխարհ է եկել, որտեղ ապրել են իր նախնիները և կերտել իրենց առաջին երազանքները, որտեղ հարազատ բնապատկերներն են, սիրելի մարդիկ և դեպքերը, որոնք հիշողության մեխն ու միայնությունից պաշտպանվելու վահաններն են դառնում: Հայրենիքը դրոշն ու հիմնը չեն, ոչ էլ խորհրդանիշ դարձած հերոսների մասին անհերքելի ճառերը, այլ` մի բուռ հող ու մարդիկ, որ բնակություն են հաստատում մեր հուշերում և մելամաղձոտ գույներով ներկում այդ հուշերը, այն ջերմ զգացումը, որ ուր էլ որ լինենք, գոյություն ունի մի օջախ, ուր կարող ենք վերադառնալ:
Պերուն ինձ համար մի Արեքիպա է, որտեղ ծնվել եմ, սակայն երբեք չեմ ապրել, մի քաղաք, որին մայրս, տատիկ-պապիկներս ու քեռիներս ծանոթացրել են իրենց հուշերի և կարոտի միջոցով, որովհետև իմ ամբողջ տոհմը, ինչպես սովորաբար բոլոր արեքիպցիներն են վարվում, իր անդաստական գոյության ընթացքում միշտ իր հոգում տարել է իր Ճերմակ Քաղաքը: Նաև անապատային Պիուրան է, եղջերենին ու տոկուն ավանակը, որին իմ երիտասարդ ժամանակվա պիուրցիները «օտար ոտք» էին անվանում (գեղեցիկ և թախծոտ մականուն), որտեղ ես բացահայտեցի, որ երեխաներին արագիլները չեն բերում, այլ զույգերն են ստեղծում նրանց՝ մահացու մեղք հանդիսացող բարբարոսություններ անելով: Սան Միգել վարժարանն է և Վարյետեի Թատրոնը, որտեղ առաջին անգամ բեմ բարձրացած տեսա իմ գրած փոքրիկ ստեղծագործությունը: Դիեգո Ֆեռե և Կոլումբոս փողոցների անկյունն է լիմայական Միրաֆլորեսում (մենք այն Ուրախ Թաղամաս էինք անվանում), որտեղ կարճ տաբատս երկարի փոխեցի, ծխեցի իմ առաջին սիգարետը, պարել, սիրահարվել և աղջիկներին սեր խոստովանել սովորեցի: Լա Կրոնիկա օրաթերթի փոշոտ և խարխուլ խմբագրությունն է, որտեղ տասնվեց տարեկանում դուրս հանեցի լրագրողական իմ առաջին զենքերը, մի աշխատանք, որ գրականության հետ միասին զբաղեցրել է գրեթե իմ ողջ կյանքը և գրքերի նման ինձ օգնել ավելին ապրելու, ավելի լավ ճանաչելու աշխարհը և ամեն տեղի և ամեն կարգի մարդկանց հետ շփվելու՝ հրաշալի, լավ, վատ ու գարշելի: Լեոնսիո Պրադո ռազմական վարժարանն է, որտեղ ես իմացա, որ Պերուն այն միջին կարգի ռեդուկտային փոքրիկ երկիրը չէր, որտեղ բանտարկված ու պաշտպանված ապրել էի մինչ այդ, այլ` ընդարձակ, հին, արյունահեղ, անհավասար և ամեն տեսակ հասարակական փոթորիկներից ցնցվող մի երկիր: Կահուիդեի9 ընդհատակյա խմբակներն են, որտեղ մի բուռ սանմարկոսցիներով10 համաշխարհային հեղափոխություն էինք նախապատրաստում: Պերուն նաև Ազատագրական Շարժման իմ ընկեր-ընկերուհիներն են, որոնց հետ երեք տարի շարունակ ռումբերի, ահաբեկիչների հոսանքազրկումների ու սպանությունների կողքին աշխատեցինք ի պաշտպանություն ազատության կուլտուրայի և ժողովրդավարության:
Պերուն Պատրիսիան է՝ ցցված քթիկով ու անհնազանդ բնավորությամբ այդ պարգևը, ում հետ բախտ եմ ունեցել ամուսնանալ 45 տարի առաջ, և ով դեռևս դիմանում է այն մոլություններին, նևրոզներին ու պոռթկումներին, որոնք ինձ օգնում են գրել: Առանց նրա իմ կյանքը վաղուց տարալուծված կլիներ քաոսային մի ջրապտույտում, և ծնված չէին լինի Ալվարոն, Գոնսալոն, Մորգանան, ոչ էլ մեր վեց թոռնիկները, ովքեր երկարացնում և ուրախությամբ են լցնում մեր գոյությունը: Նա ամեն բան անում է և ամեն բան լավ է անում: Լուծում է խնդիրները, ղեկավարում տնտեսությունը, կարգավորում է քաոսը, շրջանակների մեջ է պահում լրագրողներին և քթերն ամեն տեղ խոթողներին, խնայում է իմ ժամանակը, որոշում հանդիպումներն ու ճամփորդությունները, քանդում ու հավաքում ճամպրուկները, և այնքան մեծահոգի է, որ անգամ երբ կարծում է, թե կշտամբում է ինձ, ամենամեծ գովասանքն է անում. «Մա՛րիո, գրելուց բացի ուրիշ ոչ մի բանի համար դու պիտանի չես»:
Նորից գրականությանը դառնանք: Մանկության դրախտն ինձ համար առասպել չէ, այլ` իրականություն, որն ապրել ու վայելել եմ Կոչաբամբայում, երեք բակ ունեցող մեր տոհմական մեծ տանը, որտեղ զարմուհիներիս ու դպրոցական ընկերներիս հետ կարող էինք բեմադրել Տարզանի ու Սալգարի պատմությունները, ինչպես նաև Պիուրայի քաղաքապետարանում, որի ձեղնահարկում չղջիկներն էին բնավորվում՝ անխոս ստվերներ, որ առեղծվածներով էին լցնում այդ տաք երկրի աստղազարդ գիշերները: Այդ տարիներին գրելը մի խաղ էր, որը խաղալու համար ինձ գովում էր իմ ընտանիքը, հաճելի մի բան, որ ծափահարությունների էր արժանացնում ինձ՝ թոռնիկիս, քրոջորդուս և անհայր որդուս, որովհետև հայրս մահացել էր և երկինք գնացել: Նա բարձրահասակ և գեղեցիկ երիտասարդ տղամարդ էր, ծովայինի համազգեստով, ում լուսանկարը զարդարում էր իմ գիշերասեղանը, որին ես աղոթում ու համբուրում էի քնելուց առաջ: Պիուրյան մի առավոտ,- որից մինչև այժմ էլ կարծում եմ, որ ուշքի չեմ եկել,- մայրս հայտնեց, որ այդ սենյորն իրականում ողջ էր, և որ հենց այդ նույն օրը գնալու էինք Լիմա՝ նրա հետ ապրելու: Ես տասնմեկ տարեկան էի, և այդ ժամանակվանից ի վեր ամեն բան փոխվեց: Ես կորցրի անմեղությունս և բացահայտեցի միայնությունը, իրավունքը, հասուն կյանքն ու վախը: Փրկությունս եղավ կարդալը, լավ գրքեր կարդալը, ապաստան գտնելն այն աշխարհներում, որտեղ ապրելը ոգևորող էր, բուռն, արկած արկածի ետևից, որտեղ կարող էի ազատ զգալ ինձ և կրկին երջանիկ լինել: Նաև գրելը եղավ՝ թաքուն, ինչպես մարդ անխոստովանելի մի արատավոր սովորության է տրվում, արգելված մի կրքի: Գրականությունը դադարեց խաղ լինել: Դարձավ չարիքին դիմակայելու, բողոքելու, ընդվզելու, անհանդուրժելիից փախչելու միջոց, ապրելու իմ փաստարկը: Այդ ժամանակվանից մինչ օրս այն բոլոր իրավիճակներում, երբ ընկճված ու զարկված եմ զգացել ինձ, հուսալքության ափերին նետված, հոգով և մարմնով գրչի մշակի իմ գործին հանձնվելը թունելի ելքը ցույց տվող լույս է եղել ինձ համար, փրկության այն տախտակը, որ ափ է հասցնում նավաբեկյալին:
Եվ թեև շատ թանկ է նստում ինձ վրա, շատ քրտինք թափել է պահանջում, և ինչպես ցանկացած գրող երբեմն կաթվածահար լինելու, երևակայության երաշտի սպառնալիք եմ զգում, ոչինչ ինձ այնպիսի վայելք չի պատճառել կյանքում, որքան ամիսներ ու տարիներ անցկացնելը որևէ պատմություն կառուցելով՝ սկսած նրա անորոշ ծլարձակումից, այն պատկերից, որ հիշողությունն ամբարել է ապրած որևէ փորձից, որ անհանգստություն է դարձել, խանդավառություն, պատրանք, որ հետագայում ծիլեր է տվել մի ծրագրում և որոշման մեջ՝ փորձելու պատրանքների այդ պղտոր մշուշը պատմություն դարձնելու: «Գրելն ապրելու կերպ է»,- ասել է Ֆլոբերը: Այո՛, շատ ճիշտ է, անուրջներով ու խինդով ապրելու կերպ և գլխում բոցկլտացող մի հուր, կռիվ տալով անհնազանդ բառերի հետ մինչև նրանց ենթարկվելը, ուսումնասիրելով մեծ աշխարհը ցանկալի ավարի ետևից ընկած որսորդի նման՝ սնելու համար սաղմնային վիճակում գտնվող պատրանքը և մեղմելու ցանկացած պատմության այն գայլային ախորժակը, որ մեծանալիս կցանկանար կուլ տալ բոլոր պատմությունները: Հասնել գլխապտույտ զգալու աստիճանին, որին մեզ տանում է հղացման շրջանում գտնվող վեպը, երբ ձև է ստանում և թվում է, թե սկսում է ինքնուրույն ապրել այն կերպարների հետ միասին, որոնք շարժվում են, գործում, մտածում, զգում և հարգանք ու պատկառանք պահանջում, ում այլևս չի կարելի ո՛չ կամայական պահվածք պարտադրել, ո՛չ զրկել իրենց ինքնիշխան ազատությունից՝ առանց նրանց սպանելու այնպես, որ պատմությունը չկորցնի համոզիչ լինելու ուժը. դա մի ապրում է, որ շարունակում է հմայել ինձ, ինչպես առաջին անգամ, և այնքան լիուլի ու գլխապտույտ հարուցող ձևով, ինչպես սիրած կնոջ հետ օրեր, շաբաթներ, ամիսներ շարունակ անդադար սեր անելը:
Պատրանքի մասին խոսելիս ես շատ խոսեցի վեպի և քիչ՝ թատրոնի՝ նրա սքանչելի ձևերից մեկի մասին: Մեծ անարդարություն, անշուշտ: Թատրոնն իմ առաջին սերն է եղել, այն ժամանակվանից ի վեր, երբ դեռ պատանի՝ Լիմայի Սեգուրա թատրոնում դիտեցի Արթուր Միլլերի «Ճամփորդի մահը»՝ մի ներկայացում, որ գերազանցեց ապրումներս և ինձ դրդեց ինկերի վերաբերյալ դրամա գրելու: Եթե հիսունական թվականների Լիմայում թատերական շարժ լիներ, ես ավելի շուտ դրամատուրգ կդառնայի, քան վիպասան: Չկար, և դա ավելի ու ավելի ինձ կողմնորոշեց դեպի արձակը: Սակայն թատրոնի հանդեպ իմ սերը երբեք չի մարել, ղունղունալով նիրհել է վեպերի ստվերի տակ՝ որպես գայթակղություն և կարոտ, հատկապես այն ժամանակ, երբ որևէ գերող պիես եմ դիտել: Յոթանասունականների վերջում իմ հարյուրամյա մորաքույր տատիկներից մեկի՝ Մամայեի երկարամյա հիշողությունը, որ կյանքի վերջին տարիներին շրջապատող իրականության հետ խզել էր կապերը, որպեսզի ապաստան գտներ հուշերի և պատրանքների մեջ, ինձ մի պատմություն հուշեց: Մի տեսակ մարգարեաբար զգացի, որ այդ պատմությունը թատրոնի համար էր, որ միայն բեմի վրա կենդանություն և հաջողված հորինվածքի փայլ ձեռք կբերեր: Սկսնակի գրգռված թրթիռով գրեցի և այնքան երկար ժամանակ բավականություն ստացա այն բեմի վրա տեսնելով, գլխավոր հերոսուհու դերում Նորմա Ալեանդրոյի հետ միասին, որ այդ ժամանակվանից ի վեր մի վեպի և մյուսի, մի էսսեի ու մյուսի արանքում բազմիցս կրկնել եմ նույն զանցանքը: Իհարկե, երբեք չեմ պատկերացրել, որ յոթանասուն տարեկան հասակում բեմ կբարձրանայի (ավելի ճիշտ պետք է ասեի քարշ կգայի) ելույթ ունենալու: Այս վախ ներշնչող արկածը ինձ ստիպեց առաջին անգամ միս ու արյունով ապրել հրաշքը, այն է՝ մի մարդու համար, որ կյանքն անց է կացրել պատրանքներ գրելով, մի քանի ժամով մարմնավորել երևակայական մի կերպար, հանդիսատեսի առջև ապրել պատրանքը: Երբեք չեմ կարողանալու բավարար չափով երախտիքս հայտնել իմ սիրելի բարեկամներ ռեժիսոր Խոան Օլյեին և դերասանուհի Աիտանա Սանչես Խիխոնին՝ ինձ թև տալու համար, որպեսզի ես իրենց հետ կիսեմ այս ֆանտաստիկ փորձությունը (չնայած դրան ուղեկցած խուճապիս):
Գրականությունը կյանքի կեղծ պատկերումն է, և այդուհանդերձ, մեզ օգնում է ավելի լավ հասկանալ այն, կողմնորոշվել այն լաբիրինթոսում, որտեղ ծնվել ենք, որով անցնում ենք ու մեռնում: Այն մեզ փոխհատուցում է իրական կյանքի պատճառած անհաջողություններն ու ձախողումները, և նրա շնորհիվ վերծանում ենք, գոնե մասամբ, այն հիերոգլիֆը, որը սովորաբար մարդկանց մեծամասնության համար գոյն է, հատկապես նրանց, ում ավելի շատ կասկած ենք ներշնչում, քան արժանահավատություն և խոստովանում ենք մեր շփոթմունքը այնպիսի թեմաների առջև, ինչպիսիք են տրանսցենդենտությունը, անհատական և կոլեկտիվ ճակատագիրը, հոգին, պատմության իմաստը կամ անիմաստությունը, ռացիոնալ գիտակցության այսդին ու անդին:
Ինձ միշտ գայթակղել է պատկերացնելու այն ստուգապես չհաստատված իրավիճակը, երբ մեր դեռևս կենդանիներից հազիվ տարբերվող նախնիները նոր ծնված լեզվով, որ նրանց թույլ էր տալիս հաղորդակցվել միմյանց հետ, քարայրներում, օջախի շուրջ, սպառնալիքներից փոթորկվող գիշերվա մեջ, – կայծակներ, որոտներ, գազանների մռնչյուններ,- սկսել են պատմություններ հորինել և պատմել իրար: Դա մեր ճակատագրի բեկումնային պահն է եղել, որովհետև ձայնով և պատմողի երևակայությամբ հմայված պարզունակ արարածների այդ պահակախմբում է սկսվել քաղաքակրթությունը, այն երկար ընթացքը, որ կամաց-կամաց մեզ մարդայնացնելու էր և տանելու դեպի անկախ անհատ հորինելուն և նրան ցեղից պոկելուն, դեպի գիտությունը, արվեստը, իրավունքը, ազատությունը, բնության խորքերն ուսումնասիրելը, մարդկային մարմնին, տիեզերքին և դեպի աստղերը թռչելուն: Այդ պատմությունները, հեքիաթները, առասպելները, լեգենդները, որոնք առաջին անգամ որպես նոր երաժշտություն են հնչել բոլորովին անծանոթ և վտանգներով լի աշխարհի հանելուկներից ու վտանգներից վախվորած ունկնդիրների առջև, պետք է որ սառը ցնցուղ լինեին, հանգստություն այն կենդանի հոգիների համար, ում համար գոյություն ունենալ՝ նշանակում էր միայն ուտել, տարերքներից թաքնվել, սպանել և շնանալ: Երբ սկսեցին կոլեկտիվ երազել, հեքիաթներ պատմողների դրդումով իրար հետ կիսել երազանքները, դադարեցին կապված մնալ գոյապայքարի՝ անասնականացնող գործերի հողմապտույտի ջրհորին, և նրանց կյանքը երազ դարձավ, վայելք, երևակայություն և հեղաշրջող ծրագիր. կոտրել այդ անազատությունը և փոխել ու լավացնել, պայքար՝ այդ ցանկություններն ու հավակնություններն իրականացնելու համար, որոնք նրանց մեջ երևակայական կյանքի պատկեր էին ստեղծում, նաև հետաքրքրություն՝ պարզելու իրենց շուրջ սփռված գաղտնիքները:
Այս երբեք չընդհատված գործընթացը հարստացավ, երբ ծնունդ առավ գիրը, և պատմությունները, բացի լսվելուց, կարողացան ընթերցվել նաև և գրականության ընձեռած կայունությանը հասան: Այդ իսկ պատճառով անդադար պետք է կրկնել, մինչև նոր սերունդներին դրանում համոզելը. պատրանքն ավելին է, քան ուղղակի ժամանց, ավելին, քան ընկալունակությունը սրող մտավարժանք, և այն քննադատական ոգի է արթնացնում: Դա անհրաժեշտ պայման է, որպեսզի քաղաքակրթությունը շարունակի իր գոյությունը՝ թարմանալով և մեր մեջ պահպանելով մարդկային լավագույնը: Որպեսզի ետ չնահանջենք դեպի չհաղորդակցվելու վայրենի վիճակին, և կյանքը չնեղանա մինչև մասնագետների պրագմատիզմը, ովքեր իրերը տեսնում են խորությամբ, սակայն անտեսում են այն, ինչ շրջապատում է իրենց, նախորդում և շարունակվում: Որպեսզի մեր իսկ ստեղծած մեքենաները մեզ ծառայեցնելու փոխարեն նրանց ծառան ու գերին չդառնանք: Որովհետև աշխարհն առանց գրականության՝ ցանկություններից, իդեալներից, անհնազանդությունից զուրկ մի աշխարհ կլինի, ավտոմատների մի աշխարհ՝ զուրկ այն բանից, ինչը մարդ արարածին իսկապես մարդ է դարձնում, այսինքն՝ ինքն իրենից դուրս գալու և մեկ ուրիշի մեջ՝ մեր երազանքների կավից թրծված այլոց մեջ մտնելու ունակությունից:
Քարայրից մինչև երկնաքերներ, մահակից մինչև զանգվածային ոչնչացման զենք, տոհմային տավտալոգիական կյանքից մինչև գլոբալիզացիայի դարաշրջան գրականության պատրանքները բազմապատկել են մարդկային փորձը, թույլ չտալով, որ մենք՝ կին թե տղամարդ, տեղի տանք թմբիրին, ինքնամփոփությանը, համակերպությանը: Ոչինչ այնպիսի անհանգստություն չի սերմանել, այնքան չի շարժել մեր երևակայությունն ու ցանկությունները, որքան այդ ստերով լի կյանքը, որ ավելացնում ենք մեր ունեցածին գրականության շնորհիվ, որպեսզի մեծ արկածների, ուժեղ կրքերի գլխավոր հերոսը լինենք, որ իրական կյանքը երբեք չի տա մեզ: Գրականության ստերը մեր՝ վերափոխված, տենչերով վարակված ընթերցողներիս միջոցով են իրական դառնում, նաև երևակայության մեղքով՝ մշտական կասկածի մեջ գորշ իրականության հանդեպ: Կախարդանք է, որ երազում ենք ունենալ այն, ինչ չունենք, լինել այն, ինչ չենք, հասնել այն անհնարին գոյությանը, որտեղ հեթանոս աստվածների նման մեզ երկրային և հարատև ենք զգում միաժամանակ, գրականությունը մեր հոգիներում անհաշտություն և անհնազանդություն է ծնում, որոնք կանգնած են բոլոր այն սխրանքների ետևում, որոնք նպաստել են բռնությունը նվազեցնելուն մարդկային հարաբերություններում: Բռնությունը նվազեցնելուն, և ոչ վերջ տալուն: Որովհետև մեր պատմությունը, բարեբախտաբար, միշտ անավարտ պատմություն է լինելու: Դրա համար էլ պետք է շարունակենք երազել, կարդալ և գրել, ամենաարդյունավետ միջոցը, որ գտել ենք մեր անցողիկ վիճակը թեթևացնելու, ժամանակի որդը ոչնչացնելու և անհնարինը հնարավոր դարձնելու համար:
Ստոկհոլմ, 07 դեկտեմբերի 2010 թ.
Իսպաներենից թարգմանեց Կառա Չոբանյանը
Ծանոթագրություններ
1. TNP (Theatre national populaire), ֆր. Ազգային Ժողովրդական Թատրոն (ծ.թ.)
2. Նոր ալիք – շարժում ֆրանսիական կինոարվեստում (ծ.թ.)
3. Նոր վեպ – գրական շարժում Ֆրանսիայում (ծ.թ.)
4. Մարակա – երաժշտական գործիք (ծ.թ.)
5. Դամաս դե Բլանկո – Սպիտակազգեստ տիկնայք, քաղբանտարկյալների կանանց և հարազատներին միավորող շարժում Կուբայում (ծ.թ.)
6. Նասկա – նախաինկական քաղաքակրթությունից եկող բնակավայր Պերուում (ծ.թ.)
7. Պարակաս – նախաինկական քաղաքակրթությունից եկող բնակավայր Պերուում (ծ.թ.)
8. Մոչիկներ – Պերուի հնդկացիներ (ծ.թ.)
9. Կահուիդե – ինկ ռազմիկ, որ պարտության պահին իսպանացիների ձեռքը չընկնելու համար նետվել է բարձր աշտարակից (ծ.թ.)
10. Սանմարկոսցիներ – Լիմայի Սան Մարկոսի անվան ազգային մեծ համալսարանի ուսանողներ (ծ.թ.)
“Նարցիս”-ում եմ կարդացել:
Շնորհակալություն Գրանիշին և թարգմանիչ Կարինէ Չոբանինյանին,
կարծում եմ վերջին տարիների լավագոյն և ազդեցիկ Նոբելյան ճառերից էր:
Արամ Պաչյան, հիմիկվանից պատրաստվի, որ դու էլ ես գրելու: