ՎԱՀԵ ԳՈԴԵԼ | Խճանկարի դրվագներ

Վահե Գոդել

Այս տարվա օգոստոսի 16-ին լրացավ շվեյցարացի հայազգի բանաստեղծ, հայ բանաստեղծության նվիրված և վաստակաշատ թարգմանիչ Վահե Գոդելի ծննդյան 80-ամյակը: Այդ առթիվ «Լուսաբաց» հրատարակչությունը տպագրության է պատրաստում բանաստեղծի նոր ժողովածուն՝ «Երկուսի միջև» վերնագրով: Հրապարակում ենք գրքի թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի տրամադրած մի հատված այդ գրքից::

——————————–

Բանաստեղծությունը մասնագիտություն չէ. ապաստան չէ. առավելևս մի առարկա չէ, որ կարելի է բռնել, ջարդել կամ դեն նետել՝ կախված հանգամանքներից: Բանաստեղծությունը հոտ չունի. նա նստած չէ՝ ո՛չ վերևում, ո՛չ ներքևում, ոչ էլ նույնիսկ ծայրամասում. նա ոչ բարիք է, ոչ էլ չարիք. նա խոշորանում է, ծռվում, պակասում, մաշվում, և ոչինչ չես կարող անել: Ո՛չ քաղցր է, ո՛չ դառը: Շոյում է, խայթում, ծակում, ծանր է… Ամենաշատը մի թեթև ծակծկոց ես զգում ճակատի խոռոչում, որովայնում, ձախ ուսին… Բանաստեղծությունը մի ուռուցք է, մի այտուցք, ցցվածք, ելունդ. ինքնաբույս մի ճյուղ, որ աճում է մարդկային գոյության ամբողջ ընթացքում. օդի մեջ կախված մի նրբին արմատ է, որ քսվում է հողին, տարածվում, պատուհանների վրայով, հարկից հարկ ծուլորեն սահում և մնում կես ճանապարհին կախված: Բանաստեղծությունը մի խոռոչ է, մի դատարկություն, մի բեկոր, թերզարգացած մի անդամ, մի հիվանդ շուն, անփականք մի բանալի, անկոպ մի աչք, փետրած մի թռչուն, մի ստվեր, մի լույս, անսպասելի հորդում. ինչ-որ բան, ինչ-որ մեկը, որը (որին) կուզեինք պահել մեր կողքին և գիտենք, որ կորցնելու ենք (1962):

«Zwischen fast nichts und nichts wehrt sich und blՖht weiss die Kirsche» (Հանս Մագնուս Էնցեսբերգեր) :
Ամեն մի բառ թաքցնում է մի անդունդ: Որքան ավելի եմ խոսում, այնքան ավելի եմ խրվում:
Ես խոսում եմ, ես խլրտում եմ… շրջված կրիա՝ սառցե արևի տակ:
(Անապատ կողոպտող, բեկորներ փշրող, անշարժ ճանապարհորդ, կույր տեսանող, հալածված որսորդ, ստվերների որսորդ – ստվեր):
Ես իմ փրկությունն եմ փնտրում մի նախադասության մեջ, որ երգում է:
«Ես հառաջանում եմ խավարի մեջ և նշաններ տնկում»(Օկտավիո Պաս):
– Ի՞նչ անել անապատի մեջտեղում: – Պարապը դարձնել ցանկալի:
Իդեալականը կլիներ, որ շղթայվող այս բոլոր բառերն ինձ թվային մի ամբողջական նախադասություն, առանց մի ճեղքի, առանց ջնջվածքի, և որ ավարտը միանար սկզբին:
Որքան ավելի եմ ընկղմում, այնքան ավելի եմ բարձրանում:
Ամեն մի երգող բերան աշխարհի կենտրոնն է:
(La vida. La muerte. La suerte. La nada) :
Ամեն մի բառ մի թևաբախում է:
«Բառը մտքի ֆալլոսն է կենտրոնում տնկված»(Գոտֆրիդ Բենն):
Բառերն ապրում են իմ մեջ՝ լռության շրջափակում:
Այլաբանությունների պահապան, վանկեր հավաքող, ես ապրում եմ-ես մեռնում եմ-հոտի մեջտեղում:
– Անո՞ւն: – Ոչ: – Ես պարտավոր են ձեզ գրանցել: – Գրանցեք. Անանվանելի: – Ծնվել եք…: – Անէություն:
Գրում ես միշտ վասն ոչնչի. շարունակ վազում ես, աշխատում ի վնաս քեզ… Այո, բայց մաքրազտելով արդյոք մի անգնահատելի շահույթ չեն ստանո՞ւմ:
«Ես գրում եմ առանց իմանալու, թե ուր եմ գնում»(Ռոբեր Պենժե):
Ես շարունակ տատանվում եմ Պարապի վախի և Ոչնչի կանչի միջև… բայց մյուս կողմից նշան եմ բռնում ամբողջությանը, գրկում Ամբողջը (և ստույգ է՝ ով շատ է գրկում…). խա Ամբողջի և Ոչնչի Լիության և Դատարկության խաղն է, «սա գրելու խենթ խաղն է»(Մալարմե)… շախմատի և ռուսական ռուլետի տարօրինակ խառնուրդ: Ամեն ինչ խաղացվում է կենտրոնում, դրանից դուրս չկա ոչինչ (մոխիր):
«Կարողացիր առանց արևի հասունանալ սառույցի մեջ»(Միշո):
Տապալված բոլոր պատերը Պարապի պատերն են կանգնեցնում՝ կույր, անշոշափելի, աներևույթ (կուրացնող):
(Ինչպես մի խճանկարող, ինչպես մի ռապսոդ («երգեր կարող»)… բայցև ինչպես մի պարող դերվիշ (աներևույթ մի անիվ, որի առեղն է իմ բերանը…), կամ թե մի տեսակ հավաքող, որն ի վերջո պիտի հավաքի այն, ինչ հավաքվում է…):
Իմ առաջին գրքույկը վերնագրելով «Խայթվածքներ» (ես քսան տարեկան էի), ես դեռ չգիտեի, որ այդ բառը հարազատություն ունի «կտոր» բառի հետ. խայթել, վիրավորել, կտրել, սեղմել… բայցև թափանցել, գնալ անդինը և այդպիսով սահմաններն անցնել… Մի պատառ պոկելով ես խաբում եմ իմ քաղցը, ես մնում եմ իմ քաղցի հետ… Բայց միաժամանակ հեռվից, ինչպես մի երկար թունելի ավարտին, ինձնից դուրս տեսնում եմ հագեցումը, լիացումը… Ով ասում է «պատառ»(խայթվածք), ասում է նախաճաշակ:
«Հետքն ասես դեգերում է, որն ուղղություն է տալիս»(Էդուար Գլիսսան):
Ոչ հեռավոր անցյալում ես գրիչ էի վերցնում փախչելու համար: Այսօր ես գրում եմ Այսօր ես գրում եմ թաղվելու համար:
Լռությունը հետապնդում է ինձ քայլ առ քայլ, ես սողոսկում եմ լռության աղահանքը:
(Ինչպես կույրը, որին ձայնի յուրաքանչյուր շեղումը բացահայտում է այն ամենաթաքունը, որ կարող է արտահայտել հայացքը,: Ինչպես աչքերը կապած մի որսորդ, որն իր հոտառությունից զատ ուրիշ զենք չունի):
«Միայն խեղդվածը կարող է խոսել գետի մասին»(Էդմոն Ժաբես):
«Պոեզիայի տեղը ժամանակակից մշակույթո՞ւմ…»: Ընդհատակյա, ինչպես միշտ… բայց առավել քան երբեք անզետեղելի… Հետևաբար, ի վերջո, անառիկ: (Անցնել բոլոր սահմաններն՝ ունենալով լոկ մի նպատակ՝ գտնելու բնական սահմանները):
Պատահում է, որ «ուրիշ տեղում», «օտար» բանաստեղծության մեջ գտնում ես մի տեսակ միջնորդ, այսինքն՝ բանալի: Թարգմանիչն իսկապես չէր կարողանա նավավար լինել, եթե չկարողանար ինքն անցնել մեկ ափից մյուսը… բայց այն, ինչ վաղուց ձգտել ես գրել և երբեք չես կարողացել անել, պատահում է, որ մի գեղեցիկ օր հաջողվում է մեկ այլ հեղինակ թարգմանելիս, «ուրիշին» նվիրվելիս, նրան, որ այլ է. այդպիսով դառնում ես «ուրիշ»:
«Ամեն ինչ վառվեց: / Բարեբախտաբար ծաղիկները հասցրել էին բացվել»(Տաշիբանա Հոկուշի):
«Պարապը բաց պահեք. դա արվեստներից ամենամեծն է»(Պետեր Հանդկե): Այո, այնպես անել, որ ստեղծագործությունը մեկ ծայրից մյուսը լինի բաց:
(Շոշափել, ճանաչել դեմքը բացակայության: Հավաքել լռության վկայությունները: Խոհարարել պարապը՝ բառի երկու իմաստներով):
Եթե այրվողը ցանկանում է ձերբազատվել ճիշտ այնքան, որքան կաշկանդում են շղթաները… և հակառակը, խզումի մեջ են ուժ գտնում հարաբերություն զարգացնելու, ցանցի հյուսվածքը շարունակելու, փախուստի արվեստը մշակելու, քաոսը զսպելու:
«Միայն ոչնչի մեջ է, որ ամեն ինչ իրեն զգում է ազատ»(Կլոդել):
Լույս աշխարհ գալով Լեմանի ծայրին, Արվ և Ռոն գետերի միջև, գրեթե միշտ ապրելով Շվեյցարիայի այս՝ զարմանալիորեն արտառոց և կիսակղզիացած շրջանում, արդեն ճիշտ երեսում տարի է, ինչ ապրում եմ սահմանից մի կիլոմետր հեռավորության վրա, մերձքաղաքային մի գոտիում, որն ասես ֆրանսիական ամենամոտիկ քաղաքի շարունակությունը լինի… Ասել է, թե վաղուց ի վեր հատուկ սեր ունեմ սահմանային շրջանների հանդեպ: Այո, ես սիրում եմ այդ միջանկյալ, խաչասերած, երկիմաստ տարածքները, ուր Այստեղն ու Այնտեղը ասես դավ են նյութում, փոխներթափանցում, թաքուն բեղմնավորում. ես սիրում եմ սահմանակից վայրերը, մասնավորապես նրանք, որտեղ հաստատվել է ռիթմի և գործողության, աղեղի և քնարի, պատմվածքի և անպատմելիի խառնուրդը… «հորինվածքի սահմանագծին» (Խուարրոս) եմ ապրում իմ ամենագեղեցիկ գլխապտույտները:
«Մեր ամբողջ լեզուն բաղկացած է փոքրիկ, կարճատև երազներից»(Վալերի):
Զարնված անխիղճ խճաքարերի վրայով թռչելիս, մի լոր է ընկնում ինչպես խիճ:
Հիշողությունն ու տեսողությունը կորցրած մի թռչնակ փշրում է երկնի հայելին:
Տապանագիրը ծածկելով, հոգնատանջ մի գերեզմանափոր, արևի տակ հանգստանում է գերեզմանաքարին նստած:
(Դու Ֆուի էշալոտները, Լի Քինչժաոյի թեյի փոքրիկ գավաթը… Պոնժի վանդակը, խճաքարը, սիգարետը… Ֆոլլենի կոտրված շիշը, կորած ձեռնոցը, կռնատ տիկնիկը…):
«Ծառն ամեն վայրկյան մի նոր բան է»(Նիցշե):
Գրել նշանակում է ամեն ինչով փայփայել ցանկությունը՝ երկարաձգելու դեգերումները, սնվելու սեփական կորստով:
«Գրել նշանակում է ճամփորդել»(Բյուտոր): Այո, բայց իմանալով, որ «չես մեկնում»:
Գրել: Մեկնել: Կամ ավելի շուտ, «trespasser». կտրել անցնել, հաղթահարել սահմանները (հետևաբար, խախտել), բայցև մոռանալ և, ի վերջո, մեռնել… Այո, բայց ճիշտն ասած, մի՞թե մեռած չենք արդեն: Գրելով մի՞թե չենք փորձում վերածնվել, վերսկսել, վերադառնել ինքդ քեզ: «Դրանք բառեր են, եղած-չեղածը դա է, պետք է շարունակել»(Բեկետ): Խոսել դեգերումը, խոտորումը: Խոսեցնել հետքը: Գրել՝ առանց իմանալու, թե ուր ես գնում: Տրվել դրան… Դրան չեն տրվում, բայց ամեն անգամ գալիս են հեռվից… (1998):
«Ես ջանում եմ ինքս ինձ ապացուցել, որ գոյություն ունեմ»(Ռամյուզ):

Ֆրանսերենից թարգմանեց Ալեքսանդր Թոփչյանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *