ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ | Բանաստեղծություններ

Աշոտ Ալեքսանյան
Հավիտենս հավիտենից

Մութ գիշեր է և Ակն Աստծո
անրջում է խուփ կոպի տակ,
և խավարն է ահագնացող
պատսպարում երազ և կյանք:

Զարթնել եմ ու աչք եմ ածում
ստվերներին մանվածապատ,
և նվվում է մեջս, հածում
հոգեզեղումն աստվածամարտ:

Կյանքն իր հունով է ընթանում,
մահն իր ճամփեն անգիր գիտի,
հանդիպում է ու բաժանվում
զույգն այդ` առանց հրաժեշտի:

Ո ՞վ և ինչու՞, ե՞րբ կամ որտե՞ղ`
որոշված է ողջը նախուստ,
այնպես որ չի’ք Տիրոջ աչքից
ո’չ վրիպում, ո’չ իսկ փախուստ:

Գգվանք, կտղանք ու եռուզեռ`
մահախուճապ իրարանցում,
ո ՞ր հտպիտն է ողջն այս բուծել
արարչության մսաղացում:

Բացվի՞ պիտի կոպը Աստծո
զսպօղակի մղլակի պես,
որ խմբերթն այս սևամաղձոտ
մի օր անի արևերես:

Լույսն այնուհետ պիտի խուժի՞
շիթերով գիրթ ու ցիրուցան,
և ներխուժմամբ իր այդ գուժի
սկիզբը վերջի արարչության:

…Զի երթևեկն ինքնամատույց
երբ հասնի իր վերջնակետին,
խորշակնահար Ակն անպաճույճ
իր վախճանը գտնի պիտի:

Ե՞րբ կավարտվի, ու՞ր կպարպվի
հերթափոխն այս խոտորընթաց,
վերևն Աստված` չի իմացվի
խոկն անեղին խոր քուն մտած:

Հայտնի է լոկ, որ կոպն Աստծո
ծանրացել է հուր-հավիտյան,
զի նրա’ն էլ չկա պրծում
բիրտ օրենքից ձգողության:

Օտարումի շքահանդես

Օրերն անկարգ ու անկամորդ
հավաքվում են մի օր ի մի
ու կատարվում է հոգեխորթ
շքահանդեսն օտարումի:

Մնում ես դու մերկ ու մոլար
աշխարհի դեմ` ականջը խուլ,
ներսում` մտքեր խռովարար,
դրսում` տագնապ ամենակուլ:

Կրկնվում ես ամենայն օր`
ինքդ քեզ ես արդեն ցիտում,
ու քայլում ես մտամոլոր`
տնից գործի ու գործից տուն:

Դատարկվել է միտք ու հոգի
ու ողորկվել հերկը ոգու,
ցանքսը սակավ եղավ կրկին,
բերքը մնաց անտերուդուս:

…Մի’ վհատվիր, քայլի’ր անկանգ,
արբեցումի դուռը թակիր,
ու թե բացվի` խրախճական
սեղաններին մատռվակվիր:

Հակի’ր աչքդ աստանդական,
ձիրքդ մսխի’ր հանուն գոյի,
ու ցասումով արարչական
գոցիր դուռը երկնավորի:

Հոգ չէ’ սակայն, կգան օրեր
բազմախոստում ու հոգեշահ,
և դու նորից կնորոգես
անցյալների վարկն անկաշառ:

Պեղես ընդերքն ու գտածոն
շաղ տաս դատարկ օրերի մեջ,
և լիացումն անմնացորդ
մսխես իսպառ ու անտնտես:

Վերջին օրով` այս կյանքի հետ
հաշիվները դեռ չփակած,
դեռ մի բան էլ պիտի անես`
վարկատուին օրհնելուց զատ.

վարկի տոկոսը պիտ մարե’ս`
պարտամուրհակն ապակնքած,
դողդոջ ձեռքդ անուժ հակես
ու մրափես` աչքերդ բաց:

ԵԹԵՐ

Տիեզերական գաղտնարան`
հրաշքների զարդատուփ,
քեզ այդ ո՞վ է հորինել
այդքան բաց և այդքան խուփ.
ո’չ վերև կա, ո’չ ներքև,
ո’չ իսկ կենտրոն ծանրության,
ա’րդ, որտե՞ղ է զետեղվել
հիմնաքարդ շինության:
Առեղծված ես, որ չունի
ո’չ լուծմունք, ո’չ ապացույց,
վարկածների խաչուղի`
հավիտյանս անմատույց :
Մենք, որ ապրում ենք այստեղ`
զնդանում այս հարկադիր,
միշտ քո լույսին ակնդետ,
քո կոչնակին ունկնդիր,
հիմնաքարն ենք գուցե այն,
որ թրծվում է ու հղկվում`
շաղափվելով շարունակ
գնդաձև իր պատյանում,
և սեղմվելով ինքն իր մեջ`
խտանյութն այս հազվագյուտ
վերածում է սնամեջ
փորձանոթի հողանյութ:
Մեր հաշվին ես օրեցօր
ընդարձակվում շարունակ,
արտահեղվում նորիցնոր`
պարունակ առ պարունակ:
Մենք կորչում ենք, սակայն դու
հորինվում ես վերստին,
կլանելով մակաբույծ
մեր ավիշը կաթնծիր:
Մեր երկուսին շաղկապող
մի մալուխ կա զանգվածեղ,
աներևույթ շոշափող,
զոր կոչի ԵԹԵՐ:
Գաղտնաբառն այս մոգական`
հնում միտք էր ու ոգի,
հաղորդակ էր բացազատ`
տիեզերական կապուղի,
բայց դարձել է անթափանց
պատ ու պատնեշ մշտագոց,
թափոնների գերեզման`
տիեզերական աղբանոց :
Խոր վիրապն է մեզ նետել`
Սանդարամետն անիծյալ,
հանել երկինք` զգետնել
այժմ, միշտ և հավիտյան:

24. 12. 2010

Կհագնես ներկայի պատմուճանը,
Կկապես հուշերիդ հնոտին,
Կհեծնես գալիքի երիվարը,
Կսուրաս, ուր որ աչքդ կտրի:

Աշխարհում ամեն ինչ առաջվանն է,
Զարկերակդ տնքում է` մտի’ր,
Որտեղ փա’յլ` այնտեղ քո հանգրվանը,
Ըմբոշխնի’ր և բնավ երկմտիր:

Կանգնեցրու’ ուղտերի քարավանը,
Խլխլի’ր քո ավարը անգին,
Գրիչն ա’ռ ու ընկի’ր թղթի ջանը,
Վերագրի’ր պատահարը կյանքին:

Կգրես հերթական շարականը,
Թղթառաջքն ու պատգամն` ըստ հերթի,
Կնշես ճշմարիտ թվականը,
Կծալես, կդնես մեկդի:

Կշրջե’ս չապրածիդ դարձերեսը,
Մայրուղու կփոխես փակուղին.
Թուղթուգի’ր էր կյանքի ասպարեզը,
Վերջնագիրն էլ դաջված է կողին:

Կմսխե’ս օրերիդ պարտաթուղթը,
Կհանձնե’ս մուրհակներդ տողին,
Ինքը կյա’նքն էլ նժույգ է և ուղտ է`
Քառատրոփ` տապալվում է հողին:

Խաղից դուրս` ոչ-ոքի

Ո’չ օրենք կա, ո’չ հոգի,
խաղից դուրս են ամենը,
կա՞ մեկը, որ ամոքի,
անբարեհույս մեր գենը:

Գուցե դու՞ ես այդ մեկը,
բայց լուր չունես տակավին,
ուրիշ ո՞վ կա, ո’չ մեկը`
անապատ է ամայի:

Աշխարհն իր շուրջն է դառնում,
դիցուք` մարդ ես դու մի քիչ,
փակվել ես քո տակառում
խիղճդ խաղաղ ու հանգիստ:

Փոքրացել ես ու մտել,
խփվում ես չորս պատերիդ,
քո մեջ այդ ի՞նչ ես գտել,
այդքան ջերմ ու մտերիմ:

Ե’լ, էլ հերի’ք մրափես,
ո’չ խլուրդ ես, ո’չ հավկուր,
տե’ս թե ինչպես են լափել
շրջակայքը` մաս-մաքուր:

Ոտատեղ իսկ չմնաց,
որ ծնրադիր աղոթես,
քո բաժին բախտը ողբաս
ու աշխարհը նզովես:

Մնա քո մեջ, մի’ շեղվիր,
և մի’ փորձիր ընկալվել,
ինքդ քո մեջ անթեղվի’ր,
կանթեղվելու չկա բեմ:

Ո’չ օրենք կա, ո’չ հոգի,
խաղից դուրս են ամենը,
ֆուտբո՞լ է սա…, դե չոքի’ր,
երբ ջարդում են ոտքերը:

Մահն հետևանք է մեր կենսաձևի
Տուրք Մուզիլի Թյորլեսին

Մահն հետևանք է մեր կենսաձևի,
մեր ապրումների կիսատ-պռատ,
մեր մեջ ընկլուզված ցաքուցրիվ
խոհերի` անսկիզբ ու անավարտ,

նրանք չեն հոսում հանդարտ ու լուռ,
ինչպես հորձանքը խաղաղավետ,
այլ ցած են ընկնում ու տապալվում
մեր մեջ` խմբովի, այլև մեկ-մեկ,

մեր մեջ են ընկնում քարերի պես,
երկնքից թափվող ասուպների,
ճեղքելով անձուկ անցքերը սև
և մթագնելով միտք ու հոգի:

Մահն հետևանք է մեր կենսաձևի,
մեր ապրումների կիսատ-պռատ,
մեր մեջ ընկլուզված ցաքուցրիվ
խոհերի` անսկիզբ ու անավարտ:

Փարիզ, 21.11.2010

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *