Հարցազրույց բանաստեղծ Հակոբ Մովսեսի հետ
-Գրականությունը դարձել է տնայնագործական զբաղմունք, ինքներս ստեղծում՝ ինքներս էլ սպառում ենք: Հասարակությանն այլեւս պետք չե՞ն պոետիկ խոսքը, բառային պատկերը:
– Գրականությունը հասարակական գիտություն չէ, այն գոյաբանություն է կամ դրա նման մի բան: Այն պետք է հետաքրքրի ոչ թե հասարակությանը, այլ անհատին: Գրականությանը հասարակագիտական գործառույթ վերագրելը 20-րդ դարին բնորոշ մոտեցում է, երբ գրականության զանգվածայնության հարցը դարձավ մի տեսակ բանվորական հարց` ո՞նց անենք, որ բոլորը գիրք կարդան, գրականությունն էլ «դեմոկրատացվի»: Հասարակական կամ քաղաքական խնդիրը գրականության խնդիր կարող է դառնալ իբրեւ գոյաբանական խնդիր: Շեքսպիրյան անմեռ ողբերգության մեջ Դանեմարքի «քաղաքական խնդիրը» («Դանեմարքը բանտ է բանտի մեջ») նրա իշխանի համար գոյության վերլուծության ֆոն է: Մեր ողբերգությունն այն չէ, որ այսօր Հայաստանում հասարակությանը պոետիկ խոսք պետք չէ, այլ այն, որ մեր ժամանակակից գրականությունը զրկված է անհատականի չափաբերումներից: Ընդհակառակը, այն ստեղծվում է հասարակական պահանջներ բավարարելու համար: Դա է բոլոր սերիալների, էժանագին շոուների, մեզանում կուսակցական, ռաբիսական, գողական եւ բոզական գրականության տարածման պատճառը:
– Ամեն ոք իր աշխատանքով է ապրում, իսկ գրողը չպե՞տք է իր հացն իր գրչով վաստակի:
– Լավ գիտես, որ Հոմերոսից մինչեւ Ռիլկե ոչ մի գրող գրականությամբ չի ապրել: Գրականությունը միայն մի քանի երջանիկ (թե՞ դժբախտ) պատահականությամբ է գրողի սոցիալական հարցերը լուծել: Դրանք իրար հետ չխառնենք. գրականությունը շատ թաքուն բան է եւ թաքուն էլ պետք է արվի: Իսկ գուցե երկար ժամանակ թաքուն էլ պետք է մնա՞:
– Իսկ գրականությունը դերակատարություն չունի՞ կյանքում:
– Ունի այնքանով, որքանով բնության եւ բնութենական ամեն երեւույթ, ասենք` աստղը, վարդը – սրանք դեր ունե՞ն կյանքում: Իհարկե, ունեն, եւ ահա այս ծիրում գրականությունն էլ իր դերն ունի, եւ եթե այն կյանքից հանես, աշխարհը փուլ կգա: Իսկ եթե դու նկատի ունես` զուտ քաղաքական կամ սոցիալական, կամ հասարակական – իհարկե, չունի: Ոչ էլ հավատացեք, թե այն նրա համար է, որ պատկերի կյանքը: Որովհետեւ գրականությունը ոչ թե պատկերված իրականությունն է, այլ ինքնագիտակցության հասցված իրականությունը:
– Այդ դեպքում ինչի՞ համար է գրականությունը:
– Նիցշեն տվել է նրա սպառիչ մի բնութագիրը, տվյալ խոսակցության մեջ այն շատ հարմար է. գրականությունը եւ ընդհանրապես ողջ արվեստը ոչ թե իրականությունն է, այլ եւս մի իրականություն: Այս «եւս մի»-ն ոչ երկրորդ է նշանակում, ոչ` այլ, ոչ էլ` նույնը: Այն, իմ պատկերացմամբ, նշանակում է ինքնավար եւ ազատ: Ես կասեի` սուվերեն: Ուրեմն, գրականությունը ինքնավար, ազատ եւ սուվերեն մի իրականություն է, որը կարող է երբեմն խաչվել, երբեմն բաժանվել, երբեմն ենթարկվել, երբեմն էլ իրեն ենթարկել բուն իրականությունը – ինչպես որ նրա ինքնիշխան կամքը կթելադրի: Ես կարծում եմ, որ ամենասուտ գրականությունն «իրապաշտ» գրականությունն է, որովհետեւ ամենաանիրական բանը իրականությունն է: Իրականությունը գրականությունը վերածում է անեկդոտի: Ոտի վրա պատմվելիքը դրվում է թղթին: Էլ չասած այն մասին, որ առավոտյան անկողնուցդ թռչում եւ «իրականություն» ես վազում` այս խմբագրությունում, այն սրճարանում լսածդ բամբասանքները հավաքելու, կեսօրին քո քուչի լեզվով գրառելու եւ երեկոյան տպագրության իջեցնելու համար:
– Նոր հասարակարգ, նոր հայացք. նոր է նաեւ երիտասարդական գրականությունը, ի՞նչ տպավորություն է թողնում այն:
– Երիտասարդների մասին պետք է լավ բաներ ասել, նաեւ կարծիք կա, որ նրանց հետ պետք է լավ լինել: Դա ես էլ եմ հասկանում: Բայց ինձ թույլ տվեք չկեղծել եւ ասել հետեւյալը: Մեր երիտասարդական,- թեեւ ինչո՞ւ միայն երիտասարդական,- գրականության միջավայրում իրականության մասին ստեղծվել է մի պատկերացում, որը ոչ գոյաբանական է, ոչ էկզիստենցիալ, ոչ էլ, ինչպես ասում են, «կյանքային»,- այլ զուտ կենցաղային: Դրա համար էլ «կյանքը պատկերելու» «ռեալիզմով» նկատվում եւ նկարագրվում է հիմնականում այն, ինչը կենցաղ է: Մեր երիտասարդական գրականությունը, մի քանի լուրջ բացառություններով, եւ հատկապես պոեզիան, գոյությունը, կյանքը եւ կենցաղը խառնում է իրար: Նրա հիմնական թեմաներն են` ես տնից ելա կամ մնացի տանը, չայ խմեցի, սեքսով զբաղվեցի, հումոր արեցի, ծիծաղեցի, փսխեցի: Սրա մեջ է դրվում ազատության երիտասարդական ավյունը, որը կարող էր սարեր շուռ տալ: Ինչպես որ կյանքն է շփոթվում կենցաղի հետ, այդպես էլ Էֆեկտիզացիան շփոթվում է ազատության հետ: Այս պատճառով երկրորդ մի անցանկալի գիծ է հայտնվում. քանի որ «բացասական տարրի էֆեկտն ամենամեծն է» (Ա. Քամյու), մեր երիտասարդական գրականության մեջ իշխում է «կյանքը փիս է» միամիտ կեցվածքը, ինչը մղում է նրան, որ հանգուցյալ Պետոյի կերպարում «պետոյական հանճարեղ ժեստը» նկատելու փոխարեն (ես նկատի ունեմ այն դետալը, որ երբ սրճարանի այցելուներից մեկը շիշ hավաքող Պետոյին շամպայն նվիրեց` Պետոն շամպայնը թափեց աղբարկղի մեջ եւ շիշը վերցրեց) նկատվում է այն, ինչը նրա կերպարի մեջ ամենատեսանելին եւ, ուրեմն, ամենապրիմիտիվն էր, որ նրա աչքը «հոտել» էր: Սա նշանակում է ընթերցողի հայացքը չշրջել այս կամ այն ուղղությամբ, այլ այն ուղղել քեզ եւ կվալտով՝ շրխկ, տալ նրա գլխին:- Մի երկրորդ գիծ. մեր երիտասարդ գրականությունը մի տեսակ գավառական-հիպպիական է: Ես կուզենայի, որ դա չլիներ: Ես նաեւ կուզենայի,- շատ կուզենայի,- որ երիտասարդ գրողը լեզվական նկարագիր ունենար, ինչը ես շատ քչերի մոտ եմ տեսնում:
– Այդպիսին է գրականությունը, իսկ մեր կյա՞նքն ինչպիսին է, գուցե հենց կյանքն էլ արտացոլվո՞ւմ է գրականության մեջ:
– Եվ հենց դա էլ, ինչպես ասացի վերեւում, ամենատխուրն է: Գրականությունը մեխանիկական լուսանկարչություն չէ: Երկրորդ. գրականությունը, ի վերջո, դրականություն է: Հիշո՞ւմ եք թաքնիմաց պատմությունը. Հիսուս իր աշակերտներով անցնում էր մի քանի օր արդեն սատկած շան նեխած լեշի մոտով, եւ բոլորը նողկանքով քթերը բռնեցին: «Բայց տեսեք ինչ գեղեցիկ ատամներ ունի»,- ասաց Հիսուս:- Գրականությունը, այո, ի վերջո դրականություն է:
– Այսօր հասարակությունը գրողից ավելին է պահանջում, չի բավարարվում միայն գրողի գրելով: Տեղի՞ն է հասարակական պահանջը:
– Երեւի Դուք նկատի ունեք գրողի հասարակական-քաղաքական պահվածքը եւ դերը:- Գրողն այդ դերը, իհարկե, ունի, բայց` գրելով: Պարտադիր չէ, որ գրողը «ակտիվ քաղաքական կեցվածք» ունենա: Գրողը քաղաքական, հասարակական հարցերով կզբաղվի, թե չի զբաղվի, իր հասարակական կերպարի հարցն է: Լեւոն Շանթը, որքան գիտեմ, Դաշնակցական կուսակցության անդամ էր, բայց նրա գրածներից կուսակցականի հոտ չի գալիս: Իսկ այ, տաղանդավորագույն բանաստեղծ Մայակովսկին, ում գրածներից այդ հոտը գալիս է, այսօր այդ մասով մեռած է: Տաղանդավոր գրողներ Մաքսիմ Գորկու «Մայրը» կամ Բերտոլդ Բրեխտի սոցռեալիստական բանաստեղծությունը մեռած են: Մի հավատացեք Սոնա Վանի փողերը գողացած, կաշառակերության համար համալսարանից հեռացված «Նոբելյան մրցանակի թեկնածու» գող եւ գողի որդի այն բոլոր խլեստակովներին եւ պանիկովսկիներին, ովքեր հերիք չէ` իբր բանաստեղծություն են գրում, դեռ նաեւ քաղաքական պոեզիա են քարոզում. դրանցից «փիս հոտ է գալիս»,- այսպես խոսեց Զրադաշտը:
– Հասարակարգը փոխվել է, իսկ գրողի միջավայրն արդյո՞ք նորացել է:
– Եթե Գրողների միության մասին եք հարցնում` ապա իմ կարծիքը հայտնի է դեռեւս 1990 թվականից: Ստեղծագործական միություններն այսօր կատարելու ֆունկցիաներ չունեն:
– Բայց, անկախ գրողից եւ միջավայրից, մարդիկ չեն կարդում, ասում են՝ ձեր գրածը մեզ պետք չէ: Ի՞նչ պատահեց, թուղթ ու գի՞ր արեցին:
– Դե, նայած ինչ են կարդում եւ ինչ չեն կարդում: Եթե մարդիկ որոշ գրականություն չեն կարդում` գուցե դա լավ ճաշակի արտահայտություն է: Եթե որոշ գրականություն կարդում են` գուցե դա էլ վատ ճաշակի արտահայտություն է: Բայց դա չէ ամենասարսափելին, այլ այն, որ Հայաստանը գրքի կենտրոն հռչակելու առթիվ Երեւանում փակվեց Հրապարակի վրա տասնամյակներ շարունակ գործող միակ ավանդական գրախանութը: Ասում են` տեղը բանկ, կոնյակի խանութ կամ բենզալցակայան են սարքելու: Ես այդ առիթով շնորհավորում եմ ՀՀ մշակույթի նախարարին:
– Չորս կողմից ասում են, որ գրականություն չկա Հայաստանում: Իսկապե՞ս արժեքավոր գրող ու ստեղծագործություն չունենք մենք այսօր:
– Հայաստանում այսօր 5-6 տաղանդավորագույն գրողներ կան, որ եթե ապրեին եւ ստեղծագործեին Գերմանիայում, պատիվ կբերեին ժամանակակից գերմանական գրականությանը: Ասել, թե այսօր գրականություն չկա՝ կամ տգիտություն է, կամ չարախոսություն:
– Ասում են՝ ազատության պայմաններում են մեծ գործեր արարվում, այսօր մարդն ազա՞տ է Հայաստանում:
– Գրողը բոլոր պարագաներում ազատ է: Եթե ազատ չէ` գրող չէ: Անցած դարի կեսերին Սովետական Միության գաղափարախոսական ժանտախտի պայմաններում աշխարհի մի քանի ամենաազատ մարդիկ – Պաստեռնակի, Բուլգակովի, Տարկովսկու նման – ապրում էին հենց Սովետական Միությունում: Մեր այսօրվա ազատ միջավայրում ազատները նրանք են եւ այնքանով են ազատ, ովքեր ազատ էին նաեւ անցած դարի 60-70-80 թթ.: Սովետ չտեսած նոր սերնդի ազատության դրսեւորումներն առավելապես ձեւական են, քան բովանդակային: Մենք դեռեւս չենք գիտակցել, որ ամենամեծ ստրկությունը ազատության ստրկությունն է: Ազատ է այն մարդը, ով ազատ է նաեւ ազատությունից: Չե՞ք հավատում: «Իմ սիրելի Լու, կրկին դիմում եմ Ձեզ իմ ամենախորունկ, ամենանվիրական խնդրանքով. դարձե՜ք ինքներդ Դուք: Սկզբում պետք է ազատվել շղթաներից, բայց հարդյունս պետք է ազատվել նաեւ այդ ազատությունից»,- այսպես է գրում աշխարհի ամենաազատ մարդկանցից մեկը` Նիցշեն, իր ժամանակի ամենաազատ կանանցից մեկին, ում նա սիրում էր, եւ ով չուզեցավ լսել նրան: Թույլ կտա՞ք մի խոսք, որը ես մի ամիս առաջ ասացի մի «ազատի», ով ուզում էր ինձ համոզել, որ Հայաստանում շատ ազատ մարդիկ կան: Ես նրան ասացի. Աստված փրկի երրորդ երկրի ազատամիտներից, ինտելեկտուալներից եւ պոռնիկներից:
– Մեր ժամանակն ինչպե՞ս կբնորոշեք:
– Երկրագնդի բնակչության թիվը գնալով ավելանում է, բայց մարդու թիվը գնալով պակասում է: Մեր ժամանակի ամենաբնորոշ հատկանիշը մարդու պակասն է, այո, մարդը գնալով պակասում է: Բանաստեղծությունը ոչ թե այդ ավելացող բնակչության ժամանցներից է, այլ այդ պակասող մարդու ապաստաններից:
Հարցազրույցը վարեց Հուսիկ Արան
Առանց երկմտանքի կստորագրեի Հակոբ Մովսեսի բոլոր պատասխանների տակ:
Առանց երկմտանքի կստորագրեի յուրաքանչյուր պատասխանի տակ:
Կարդացի, մտածում էի ինչ լավ հարցազրույց է` բայց այս մի նախադասությունը հօդս ցնդեցրեց ստեղծած մշակութաբանական, աստվածասիրական, գրական-դրական տպավորությունը` մի հավատացեք Սոնա Վանի փողերը գողացած, կաշառակերության համար համալսարանից հեռացված «Նոբելյան մրցանակի թեկնածու» գող եւ գողի որդի այն բոլոր խլեստակովներին եւ պանիկովսկիներին, ովքեր հերիք չէ` իբր բանաստեղծություն են գրում, դեռ նաեւ քաղաքական պոեզիա են քարոզում. դրանցից «փիս հոտ է գալիս»,- այսպես խոսեց Զրադաշտը:
Մի տեսակ նսեմացրեց, իջացրեց հողին հավասարացրեց, ինքն իջավ..
…էս մարդկանց ցեղը անհետացման է գնում, իրենց իրազեկվածությամբ…
Մենք դեռ չենք գիտակցել, որ ամենամեծ ստրկությունը ազատության ստրկությունն է…
ազատ է այն մարդը, ով ազատ է նաև ազատությունից…
խորունմ բանաստեղծը նաև խորունկ մարդ և մտավորական կլինի…
գրականությունը իրականության ԻՆՔԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է…Այո