«Եթե Լեւոն Ներսիսյանը կարողանար պարապ խոսել, նա ակադեմիկոս կլիներ»: Նրա ծննդյան 75-ամյակն էլ, որը լրանում է դեկտեմբերի 24-ին, թերեւս այլ կերպ կնշվեր: Մարդը, որին այսօր հիշում էին «Հայելի» ակումբում, որեւէ կոչում չի ստացել, նա պարզապես արտգրականության դասախոս էր, որի՝ ժամանակին մի դասախոսություն լսելն արդեն իսկ այսօր բավարար է հպարտանալու համար:
«Պարապ բաներին տրվողը չէր: Իր լռելու մեջ անշուշտ ասպետ էր, նաեւ խոսելու մեջ էր ասպետ: Եվ այդ ասպետականությունը ամբողջ կյանքի ընթացքում կարմիր թելի պես տարավ: Մտքի ասպետ, հոգեւոր ճանապարհ անցնելու ասպետ նրանց համար, ովքեր հավատում էին, թե կարելի է չծախվել սիստեմին, չծախվել ուժին, չծախվել ստին: Եվ ինքը դրա առաջնորդն էր մի քանի սերնդի համար»,- այսօր անկեղծացել էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, որը Լեւոն Ներսիսյանի մտերիմներից էր: Նա հիշում է, երբ մի անգամ հարցրել է Լեւոն Ներսիսյանին, թե ինչու գրի չի առնում իր մտքերը, վերջինս պատասխանել է. «Ես չեմ կարող ապրել մտքի պերիֆերիայում»:
«Հայելի» ակումբի հյուրերը՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ու բանաստեղծ Հակոբ Մովսեսն այսօր հավատացնում էին, թե հիշվելու համար պարտադիր չէ մտքերը թղթին հանձնելը: «Երբ այն հանձնում ես թղթին, այն վերածվում է մեռած մարմնի»,- ասում էր Հակոբ Մովսեսը: ««Ես կդառնամ հող, գիրս մնա հիշատակող». այս հոգեբանությունը այնքան է արմատացած, որ թվում է, թե ալտերնատիվ չունի: Իրականում ունի, պետք է ապրել եւ ապրելը լինի որպես դաս, օրինակ»,- ասում էր Տիգրան Մանսուրյանը, որի համար գերադասելի է մարդը, որ ապրում է, քան. « 20 հատոր գրողը, որը գրում է մի բանի մասին, որին տեղյակ չէ»:
Լեւոն Ներսիսյանն, ըստ ակումբի հյուրերի, կարողանում էր ապրել եւ ապրեցնել իր շրջապատին, ընկերներին: Մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը պատմում էր, որ 1990-ականների մութ տարիներին, ինքը Գերմանիա կատարած այցերից հետո մշտապես բերում էր Լեւոն Ներսիսյանի ուզածը: «Բերե՞լ ես իմ վիսկին: Բեր, այս ցրտի մեջ մորթենք»,- այս բառերով էր դիմավորում Հակոբ Մովսեսին տաք ծածկոցներով փաթաթված Լեւոն Ներսիսյանը: Ի դեպ, վերջինիս այդ տարիներին չի մոռացել նախկին ուսանող Վանո Սիրադեղյանը, որը պարբերաբար նավթ է ուղարկել իր դասախոսին:
Լեւոն Ներսիսյանը ազատ մարդ էր իր մտքերով, կենցաղով, կենսակերպով, ազատ էր, քանի որ, Հակոբ Մովսեսի բառերով, «կարողացել էր ազատվել իր ներքին անասունից, որից հետո միայն կարող ես ազատ լինել»: Հակոբ Մովսեսը ծիծաղելով ասում էր. «Նա տարերային աղետ էր ժողովրդի եւ հասարակության համար», հետո բացատրում. «Որովհետեւ թշնամի էր քաղքենիության, ստի, կեղծիքի»:
«Լենգենդ»,- Լեւոն Ներսիսյանին բնութագրելու համար այս բառը օգտագործեցին «Հայելի» ակումբի հյուրերը: Իսկ ինչքա՞ն կապրի այդ լեգենդը: «Եթե Լեւոն Ներսիսյանը կանհետանա, ինքը չի լինի մեղավորը, եթե կանհետանա, ուրեմն մեզ պետք չի ինքը, մեր հոգու տախտակներին այն տեղը չկա, որտեղ այդ լեգենդը պետք է դրվի»,- ասաց Հակոբ Մովսեսը:
Ի դեպ, 1999թ նոյեմբերի 27-ին, երբ մահացավ Լեւոն Ներսիսյանը, վերջին հրաժեշտի համար նրա դին չթույլատրվեց դնել ԵՊՀ-ում, քանի որ գիտական աստիճան չուներ:
Ողորմած Լեւոն Էֆենտիին (նրան այդպէս էի անուանում՝ ըստ իր կամքին) ոչ ոք լաւ չէր ճանաչում, որքան ես, որ եղել եմ իր ուսանողը, իր ընկերը, սեղանակիցը եւ վատ ու լաւ ժամանակների մտերիմը։ Տասնեակ նկարներ եւ յուշեր ունեմ նրա հետ։ Մի անգամ հարցրեցի մեր դասախօսների մէկին, թէ ի՛նչ կարծիք ունի Ներսիսեանի մասին։ Նա լուրջ դէմքով ասաց. «Մենք բոլորս ճանճեր ենք նրա շուրջը»։ Հիմա ես չեմ զարմանում նրա ասածի վրայ։