ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ | Բանաստեղծություններ

Վարդան Հակոբյան

ԿԱՐԱՊԻ ԾԱՐԱՎԸ` ՎԵՐՋԻՆ ԵՐԳԻՑ ԱՌԱՋ

Ուզում էի համբուրել պարանոցդ և հանկարծ
թռավ կարապը
անցնող վայրկյանները նախապահեր են քանի որ
ամեն ինչ միշտ լինում է հետո անգամ հետոն
անձրևի շնորհիվ խոտերն այնքան են արագ բարձրացել
որ քարը չի երևում բայց
հոգ չէ ես նստում եմ նրա վրա
անշուշտ փիլիսոփայական քար չէ այն
իսկ եթե Է ապա
այնքանով որ նույն այդ քարին իրիկունները մեկ-մեկ նստում էր
Հաբի պապս ու իր ծանր, շատ ծանր ծխամորճի պեծերը մութին տալով
նայում տխուր աստղերին
ես մի թելախոտի վրա հավաքում եմ բոլոր այն աչքերը
որոնցով դու ինձ նայել ես
հյուսում եմ մի շարանուկ չմոռանալով
նրա մեջ հելուզել նաև մեր հանդերի ծաղիկները այնուհետև
կախելով այն ժայռի մի ծառից կամ ծերպից ձեռքերս այնպես եմ
տարածում իբրև ժայռը վերցրել եմ ափերիս մեջ
և մնում է միայն ասեք
որտեղ ցած դնեմ որ չխանգարի ձեզ

ամենուրեք ջարդված վրձիններ են շուրջս
անձրևածեծ իրենք իրենց մոռացած երանգներ
գունախաբ ու անտիրական ինչպես թռչող կարապը որը
երկնքից երևի թե երբեք չի իջնելու

ուր են շորերս
ես այնպես մորեմերկ եմ որ ամենքի մեջ իմ վիճակը
ծիծաղ է հարուցում հա-հա-հա
մինչդեռ կարծում եմ ծիծաղելի պիտի լիներ հագվել-ծածկվելը
դա անբնական է այնքան ու այնքան ոչ անկեղծ
որ թվում է համբուրում ես
ինտերնետով կամ առնվազն բջջային հեռախոսով

լուսնից ընկնող արծաթե խնձորածաղիկներն իմ հասցեով
հղված հեռագրեր են և
որքան էլ ջանքեր թափի չի կարող ագռավը դրանք որսալ օդում

Կոլումբոսի փայտանավակն ասում են
շինված էր Իզաբելա թագուհու թաքուն նվիրած փայտից
որը երկրի վրա ամենաթանկն է
իհարկե Քրիստոսի խաչափայտից հետո

Պատմությունը անցյալ չէ այլ արյան այնպիսի տեսակ որի կարգը
չկա իրենից դուրս հետևապես
ամեն մի ներերակային սրսկում ստույգ
սպանություն է լինի մարդ թե ազգություն

Իմ եսը տիեզերական շարժման բարենորոգում է
և հորիզոնի հաշվին անվերջ ընդլայնվում է պահը

վրձինների կողքին ցանուցիր նոտաներ եմ տեսնում
ինչու՞ է այդպես հարցնում եմ և պատասխանում են որ
գորգեր են փռում
այստեղով անցնելու է թագավորը

մի աստղ երկինք է հրավիրում լեռան առուներին
և չերգելն ավելի անիմաստ է քան երգելը

Հետգրություն
Երբ կարապը երկնքում ծարավում է նա կտուցն աննկատ խրում է ամպերի մեջ
բայց մեկ է ծարավը չի անցնում
և ես հիմա այն բրուտն եմ, որ կուլաներ է թրծում միայն կարապավիզ կանթերով

ՎԱՅՐԿՅԱՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆԻ

Խարույկից պոկված համբույրի ձիերը սլանում են խելագար վարգով,
և հանկարծ նրանց ոտքի տակ միանգամից բացվում է դուռը լեռան,
և ձիակառքը, որի մեջ ես ու դու ենք, սուզվում է հավերժության մեջ:

Ականջդ դիր հողին և ունկնդրիր, եթե երբևէ խրխինջ լսվի հեռավոր
ընդերքներից, ուրեմն, իմացիր` ես ու դու վերադառնում ենք, և թող Գանձասարի
զանգերն ավետեն, որ իմ բացակա պահերի միանձնուհին ես դու:

Ես ու դու պատկանում ենք թռչունների այն տեսակին,
որը չկա, բայց կուզենայինք, որ լիներ, և նրանց գուցե
հանդիպում ենք միայն պատրանքների մեջ:

Ես ամբողջովին միեղեն եմ իմ խոսք ու ձայնի հետ, և
ինչ էլ ասվի` ծաղկի իմաստն անպայման մեղուն է,
երկնքի իմաստը թևն է, թևի իմաստը` սերը:

Իմ ներուժը ես փոխառնում եմ սովորական խոտից,
հույսից, մանուշակից, ջրվեժից, ճանապարհից, կարոտից և այն
մի հատիկ բառից, որ դեռ չես շշնջացել ինձ:

Մեղրագետն ասում է. «Կամուրջը նրա համար է, որ ես մարմնամարզուհու նման
անցնեմ նրա տակով. ցատկ` հրե օղակով»: Ես
կրկնում եմ ջրին` իմ բառի իմաստն այն է, որ մինչև վերջ
չհասկացվի:

ՏԽՈՒՐ ՀԵՌՈՒ

Դու երբեք ինձ մոտիկ չես լինում, և
ես սկսել եմ արդեն սիրել… հեռուն,
իսկ հեռվի մեջ`
անհայտությունը: Հետքերով գնացողը
չի հասնում, նա պարզապես կրկնում է
նախորդ ուղևորներին: Դու նախորդ չունես`
եթե չհաշվենք թռչուններին
երազների:
Ուզո՞ւմ ես` երամի հետ թռիր-արի,
ես քեզ կճանաչեմ իմ սրտի ցավից:

Սպասումների անհունում, ամենախորքում ջրերի
մի մոմածաղիկ է վառվում`
հովանի է նրան աջը Հիսուսի.
քեզ սիրո խոսքեր
ասելուց առաջ
ես միշտ նայում եմ այդ լույսին:

Փա՞կ են ուղիները: Իսկ ինձ
բացում է ինքը` ճամփան, քայլ առ քայլ,

և հեռուն դառնում է
արգելված խնձորի նման գայթակղիչ:

Ես դողու՜մ եմ մոմալույսի խորքում: Եթե ծաղկի
թոշնելը չլիներ, նա չէր լինի ծաղիկ, իսկ
երբ սիրում են ինքնամոռաց (այդպես լինում է
հազար տարին մեկ) ծաղկի ցողունը
ջարդված տեղից
կպչում-բուսնում է, դալարում նորից: Ես չգիտեմ, կարո ՞ղ եմ
լինել այնպիսին, որ դու լինես
ամենալավը: Մեր միջև`
սարեր-ձորեր… Իսկ այնտեղ, ուր
լեռներն են ճեմում, զարմանալի մաքուր ու զարմանալի
զրնգուն է օդը, և թռչունները թեթև են
հաղթահարում այն:
Թռչունները… Նրանք մանրիկ-մանրիկ կտցում-հանում են
իմ նյարդերը, ես
թեթևանում եմ,
դատարկվում եմ այնքան, որ հավքերը դրանից հետո
բույն են հյուսում կրծքավանդակիս մեջ, ճիշտ այնտեղ, ուր
մի ժամանակ երգում էր
սիրտս:

Լռելը դարձել է անհնար, թեպետ մեկ-մեկ իմ
վերարկուի փոխարեն ինձ եմ կախում լռության գամերից`
զգեստների պահարանում, իսկ
վերարկուս գնում, անարգել զբաղեցնում է ինձ հատկացված
աթոռը: Ես երազից,
աստղերից կչքվեի, թե չլինեին աչքերդ:
Թախծոտ հայացք ունի հեռուն:

Ափս պարզում եմ հաճախ` կարող ես այնտեղ
ցանքս անել,
կուզես` հուշերի,
կուզես` անուրջների.
այնպես արագ են աչքերդ ծլում: Աշնանացա՜ն է:

Երեկ ձեռքով կանգնեցրի քո թռչող պատուհանը,
որով դու երբեմն-երբեմն գլուխդ հանում,
ձեռքով էիր անում ինձ: Ես անցյալ-կորուսյալ
քարեր եմ հավաքում, օրեր եմ հավաքում, հավաքում եմ ձեղուններ,
ու դռներ… Որտե ՞ղ եմ վաղը ապրելու,
եթե կորցնեմ հանգրվանս
վերջին`
հույսը հանդիպման: Հիշո ՞ւմ ես, միշտ ասում էիր,
թե մենք միասին բնակվելու ենք ինչ – որ մի անհայտ
ծաղկի կոկոնում, իսկ
ծաղիկը հեռվում է, հեռուն էլ հեռու է, յոթ ծովերի խորքում:

Ես իմ օրերի վազքում ինքս ինձ մրցակցում եմ,
և երբ, ի վերջո, հատում եմ եզրագիծը սահմանված,
տեսնում եմ, որ
իմ ստվերն ինձանից հետ է մնացել` ուղիղ… մեկ դարով,
այսինքն` այնքան, որքան դու հիմա հեռու ես ինձանից, և
ավելի ես հեռանում, քան տարածությունն է իմ ու քո միջև:

Ես իմ հեռուն նվիրում եմ բանաստեղծությանը, որ ապրում է կոկոնից դուրս:

ԱՆՀԵԹԵԹ ՍԵՐ

Երեկո էր ուշ, երբ փոքրիկ քաղաքի բոլոր տղամարդիկ,
ասես` խոսքները մեկ արած, տներից հայհոյանքներով դուրս արեցին
իրենց կանանց: Եվ փողոցները լցվեցին մարդաթող կանանցով, որոնք
բաժանվելուց հետո ավելի էին
գեղեցկացել: Միայն ես էի, որին հաղթել էր կինը և տնից
քշել: Իսկական ազատությունը լինում է միշտ վտարանդի: Եվ
պատուհանից գեշ խանդով նայող տղամարդկանցից մեկը, տեսնելով, թե
կանայք ինչպես են լուսնալույսի տակ շրջապատել ինձ, և
ինչպես է նրանցից ամեն մեկն ուզում մատի ծայրով դիպչել թեկուզ
շորիս` կարոտի չլսվող շշուկներով,
վերցրեց իր որսորդական հրացանը և միանգամից պարպեց
ինձ վրա: Այդ պահին ես զգացի, որ պարկուճները
լցված էին առնվազն արջերի համար նախատեսված
գնդակներով: Կրակոցից սթափված և հանկարծակի փոշմանած տղամարդիկ
իրար հրմշտելով ու ոտաբոբիկ (որը` կիսավարտիք, որը` հենակներով),
թափվում են փողոց և յուրաքանչյուրն իր կնկանը տանում է տուն: Մենակ
իմ կինն էր, որ խռիվ մազերով փռվել էր դիակիս վրա` փողոցի ուղիղ մեջտեղում,
անասելի քաղցր ողբ էր ասում ու պատառոտում
կուրծքը: Իսկ Սայաթ-Նովան դեռ թափառում էր երազների ոսկեմանյակ
մշուշներում. «Հենչանք ըլի դուն վրես լաս` մազդ շաղ տալով, աչքի լուս»:

Անձրևն ամբողջ գիշեր` կնկանս արցունքները խառնած իմ արյան
կաթիլների հետ, ծով էր տանում: Փողոցի անզույգ շները կարգով պպզել էին
մեր շուրջ և աննախանձ հետևում էին դեպքերի հետագա
ընթացքին: Ինձ թաղելու մասին ոչ ոք չէր մտածում, և
ես, օգտվելով առիթից, շարունակում էի հաշվել
լուսադեմի երկնքում դեռևս չմարած աստղերը: Նրանք այնքան շատ էին:

ԲԱՌԻ ՄԵՆԱԹԱՏՐՈՆԸ

Շարժում գործողություն դինամիկա ժամանակ
բնավորություն ուժանակ տիպ տիպար այսինքն բառ
որ անվրեպ կրակոցով կանխում է ստանիսլավսկու
բեմ հանած հրացանին
որ երեսով շրջված ժամացույցի դեմքն ուղղում է

ԴԵՊԻ

քո ժամանակը մտածումի աշխարհագրությունը
ընթացքը պատմության աստղաբախշությունը
աշխարհազորայինը
բանաստեղծությունը

պոլեմիկան
աղջկական պորտը-վարդերի իմիտացիա-
գաղտնածաղիկը-թևերը խոնարհաբար ամփոփած ծառակտցար- սերը
օրգազմը տիեզերական մորեխն արտ ուտող
օձի գլխավերևում կանգնած տխրաբույր ծաղիկը
գորտը եսենինի ականջի տակ զլած ձայնի ինքնատիպ
ալիքներով որ գովերգում է ծննդավայր ճահիճը
քաղաքային աղբանոցը ուր շները հանդիպում են որպես
սիրո սուրհանդակներ դրախտը ուր դեռ սպասում են
եվային թեև այստեղ խիստ կարևոր է նաև
ադամի չհամաձայնությունը պահպանակը մեղուն որ երբեմն
նեկտար է որոնում հանրային զուգարաններում
լինելը մի կողմ չլինելը համլետի և
տոլստոյի գավազան-գայիսոնը որ զայրագին իջնում է
այն մի քայլաչափ հողին ուր կանգնած է շեքսպիրը
պատուհանի ջարդված ապակին որտեղով
ներս սողոսկած շողը սիրահետում է ամառվա գրկում
անշոր ու անվերմակ քուն մտած աղջնակին
անգրիմ աներաժշտական չնոտավորվող անզգեստ
աննկարելի անթատրոն անռեժիսոր առավել ևս
անհուշարար անտոմս ու անհանդիսական պահը
մարմնի լուսային էֆեկտները ներերակային
հոսանքների այրումը բոմժը որ չի սիրում
տկլոր աղջիկներին եթե ինքը չէ իր ձեռքով դանդաղ
աղոթք մրմնջալու նման հանել նրանց զգեստները
իսկ վերջում
ամոթույքը ծածկող ներքնաշորիկը իջեցրել ատամներով
բառը դերասան է որ ուտում է բեմը
և թշնամի է ամեն մի դերասանության
բառը բանաձև է որը միշտ թերի է

բառը մենալռություն է
վարագույր
ծափահարելու կարիք չկա
պարզապես մաքուր թոքերով ծիծաղեք իմ բառերի վրա

շնորհակալություն ես փորձում էի ձեր համբերությունը

ԱՆՈՐՈՇ ԱՇՈՒՆ

Ջրվեժը Սահյանի ձեռքով մի երկու բուռ ջուր է ցողում իր օրերից հոգնած,
սփրթնած երկնքի դեմքին, և աշնան խոնջացած
գիշերը խաղաղված գնում է եղեգնուտներում հանգչելու:

Թեև հավքերը ծառերի ճյուղերին ամփոփվել են վաղուց,
բայց նրանց թևերը դեռ թռչում են ամպերից վեր, անհուններում,
պեծին տվող աստղիկների հսկայական շուրջառի մեջ:

Ես` արդեն ճերմակ բիձա, հասակով մեկ պառկել եմ հորիզոնի վրա, մշուշների
բացատում. այս ե ՞րբ հեռացան հեր ու մեր: Եվ թե իմ թոռնիկներից
քաշվելս չլիներ, «մայրիկ» կկանչեի ու կհեկեկայի` ինչպես երեխա ժամանակ:

ԱՅՆՏԵՂ, ՈՒՐ ՀԱՏՎՈՒՄ ԵՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԸ

Անմեղությունը հաղթահարում է մեղքը, և եղջերավոր ջրերը
դադար են առնում ոսկե ձկնիկների հիշողության մեջ: Հանդիպման ժամը,
վայրը միշտ նախընտրում են, անգամ ծառն այն, որի սաղարթների մեջ
խշշում է լուսինը, մինչ բաժանումը լինում է այնտեղ, ուր և երբ պատահի:
Ես փաթաթում եմ ոտքերս մշտադալար ճանապարհների երազներով,
որ հանգստանամ: Բայրոնի թոռնուհին` Էնն Բլանտը, ինչ – որ նվագներ է լցնում
ունկերիս մեջ, և ես ինքնասպան գրողների ոսկորներ եմ
հավաքում դաշտերում:

Ահա երգեր եմ ձոնում օրիորդ լույսին, որ մի թեթև երես առել և
ֆոքսթրոթ է ցուցադրում քամուն տրված ծառի տակ: Ես սիրում եմ
սնվել խավարով, որը դեռ տաք է նոր մարած
արևաշողերից և որի վրա մաղադանոսի, հուշատերևի,
հույսի աղցան կա մի քիչ: Դու ինձ կերտել ես կապույտ բազալտից
ու հավատում ես, որ ես առյուծ եմ առնվազն, ու ինձ մնում է` ի ՞նչ,
աշխարհով մեկ մռնչալ հաղթական ու գլուխս դնել փափուկ կրծքիդ:

Բարև, փոթորիկ: Լեռը գնչուհու պարն է նախընտրել,
ծաղկաշող փեշերը ալեվետում են աջուձախ, վարուվեր,
և աստղերն ականջoղերի պես թափվում են շուրջը, ես
նրանցից մի զույգ վերցնում ու բերում եմ քեզ, և դու
դրանց կանացի բույրից խանդի տեսարան ես սարքում: Հնում,
երբ ասպետներն ուզում էին բաժանվել գլուխ տանող աղջիկներից,
գնում էին անմար հուր բերելու և այլևս չէին վերադառնում:

Զատիկը որոշել էր այցելել լուսնին և ծառն ի վեր ելնում էր,
երբ ծառը խելագարորեն շրջվեց ու գլխիվայր կանգնեց հողին,
արմատներով` երկինք: Ինչ – որ լքում կա ամենուրեք: Զատիկը թռավ,
կրծքիս կպավ անօգնական, և ես նրան տվի աստղերի բանալին`
խնձորենու մի թերթիկ: Լույսն ինձ կապել է իմ ստվերից և ուրուկված
ձիու նման չեմ կարող տեղս փոխել: Ուր է ծաղիկը` լոտոս
անունով, մի քիչ ծամեմ, ասում են` հարյուր տարվա մոռացում է բերում:
Ենթաերանգների մեջ միշտ թախիծ է լինում անբացելի: Ես դեռևս
չլքված բոզերին տանում եմ ծաղիկ արածացնելու, Ջոյս, և որքան էլ
տարօրինակ թվա, Ոսկե ձկնիկը նրանց մեջ է. «Կեր կամ դարձիր կեր»:
Ձայնի նվաճած տարածքներում աճում է լռությունը, որն
ավելի շատ է ունկնդրվում, քան Բեթհովենը կամ Բախը: Հիմա արևը շեղվել է
ընթացքից, և գաղափարը հոգեվարքի մեջ է, և նյութը շարունակում է
ձևավորել մարդուն, ինձ ու քեզ` նախապատրաստելով աշխարհի վերջը:

Անմեղությունը հաղթահարում է մեղքը, և եղջերավոր ջրերը
դադար են առնում ոսկե ձկնիկների հիշողության մեջ: Հանդիպման ժամը,
վայրը միշտ նախընտրում են, անգամ ծառն այն, որի սաղարթների մեջ
խշշում է լուսինը, մինչ բաժանումը լինում է այնտեղ, ուր և երբ պատահի:
Ես փաթաթում եմ ոտքերս մշտադալար ճանապարհների երազներով,
որ հանգստանամ: Բայրոնի թոռնուհին` Էնն Բլանտը, ինչ-որ նվագներ է լցնում
ունկերիս մեջ, և ես ինքնասպան գրողների
ոսկորներ եմ հավաքում դաշտերում:

Ոչ մի կապ չկա: Բացարձակապես: Ոչ մի կապ: Պարզապես ծնունդը չի ներվում:

Գրանիշ [offline] 2

Share Button

1 Կարծիք

  • Սամվել Ավդալյան says:

    Հրաշալի պոեզիա է, ոչ մի ինքնախաբեություն,իսկաական ապրեցնող խոսք: Իսկական մտավորական եք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *