կամ ԷՐՈՏԻԶՄԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ՎԵՊՈՒՄ
Ֆիլմերի վարձույթի այս կամ այն տաղավարից էրոտիկ ֆիլմ վերցնելու և նայելու համար տարիքային որոշակի սահմանափակումներ կան: Իրեն հարգող որևէ հեռուստաալիք, եթե իր եթերում նման ֆիլմ է ցուցադրում, ապա նախապես նշում է, որ ֆիլմը նախատեսված է այսինչ տարիքից բարձր հեռուստալսարանի համար: Հասունության ճանապարհը բռնած շատ պարմանիներ այսօր իրենց առաջին էրոտիկ հետաքրքրությունները բավարարելու համար ժամերով «մոլորվում են» ինտերնետային «գայթակղիչ» կայքերում: Չէ՜, կարծեք` վիճակագրային վրիպում թույլ տվեցինք` ոչ միայն և ոչ այնքան պարմանիները, համարիա` բոլորը, լավ` շատերը:
Բերածս օրինակները առաջին հայացքից ոչ մի կապ չունեն այն նյութի հետ, որի մասին պատրաստվում եմ պատմել: Մեր պատմությունը եկեք սկսենք մի հարցով, որի պատասխանը եթե գտանք, ապա կիմաստավորվի թե՜ իմ պատմածը և թե՜ հատկապես Ձեր` ընթերցողներիդ, հույսով եմ, թանկագին ժամանակը, որ ծախսելու եք այս նյութը կարդալու համար: Այսպիսով հարցը` «Ինչու՞ մարդիկ իրենց էրոտիկ հետաքրքրությունները բավարարելու համար գիրք չեն կարդում»: Հենց սկզբից կանխեմ առաջին ընդիմացողներին` հավաստիացնելով, որ նույնիսկ ժամանակակից հայ վեպում էրոտիկ տեսարանների առատությունը հաճախ գերազանցում է այդ ժանրի մի շարք ֆիլմերի օրինակները: Ասեմ ավելին` մեր վեպերում էլ կան այս ժանրի բոլոր դրսևորումները էրոտիկայից մինչև պոռնոգրաֆիա, ընդ որում` իրենց հետաքրքրող հատվածներ կարող են ընթերցել նաև սեռական փաքրամասնությունների ներկայացուցիչները, այսինքն` ժամանակակից հայ վիպասանները չեն զլանում պատկերել նաև լեսբիական ու հոմոսեքսուալիստական սիրո դրսևորումները: Քիչ չեն նրանք, ովքեր մեր վիպասաններին անընդհատ քննադատում են Էրոտիկ նկարագրությունների համար: Գրողներից Արմեն Շեկոյանը այդ քննադատողներին իր «Հայկական ժամանակ» վեպի հատորներից մեկում պատասխանել էր` նկատելով, որ եթե նկարիչներն ու կինոռեժիսորները իրենց կտավներում կամ ֆիլմերում չեն խուսափում նման տեսարաններ պատկերելուց և դա նորմալ է ընդունվում, ապա ինչու գրողը պիտի խուսափի մարդկային հարաբերությունների նաև այդ երեսը գրականություն բերելուց: Արդի հայ մեկ այլ վիպասան` Գուրգեն Խանջյանը, իր հարցազրույցներից մեկում փորձում է հիմնավորել գրականության մեջ բաց տեսարանների պատկերման իր կոնցեպցիան. «Սեռական բաց տեսարանները իմ գրականության մեջ միշտ էլ ֆունկցիա են ունեցել, ինքնանպատակ չեն եղել: Այո, նրանք և՜ էրոտիկ լիցք ունեն, որն անհրաժեշտ է արձակ գրականությանը լիարժեք լինելու համար, և՜ աշխարհայցք կարող են ներկայացնել»: Փաստորեն, ըստ գրողի, ինչպես սովորական մարդուն է սեռական կյանքը անհրաժեշտ լիարժեք լինելու համար, այնպես էլ` գրականությանը` մարդկային կյանքը լիարժեք պատկերելու համար:
Գրական երկի վերնագրում սովորաբար ոչ մի ակնարկ չի լինում ասենք վեպում հանդիպող բաց տեսարանների մասին, սակայն ժամանակակից կյանքը պատկերող բազմաթիվ ստեղծագործություններ համարիա թե չեն կարողանում յոլա գնալ սեռական կյանքը նկարագրող ծավալուն պատկերներից: Հետաքրքիր է ստեղծագործությունների հոգեբանական այն սահմանը, որի արդյունքում սիրային էրոտիկ պատկերները պոռնոգրաֆիական երանգ են ստանում: Սովորաբար պատճառներից մեկը, որ շատ հաճախ նույնիսկ չգիտակցված է մնում հենց իրենց` հեղինակների կողմից, սիրային տեսարանի զույգի փոխհարաբերությունների տեսակն է: Եթե սիրով զբաղվող զույգի հարաբերությունները մարմնական ձգտումից զատ այլ շերտեր չեն ընդգրկում, այսինքն` սիրո մասին խոսք չկա, ապա մերձեցման նկարագրությունը հաճախ պոռնոգրաֆիական մանրամասնությունների է հասնում, որովհետև տեսարանի հերոսների մոտ զգացմունքին փոխարինելու է գալիս բնազդը: Գուրգեն Խանջյանը սեռական կյանքի պատկերման այս տեսակը շատ դիպուկ է բնութագրում հենց իր վեպի նման հատվածներից մեկում. «Գևորգը աղջկան կոպտորեն գիրկն առավ ու պառկեցրեց մահճակալին: «Դուռը կիսաբաց անե՞մ,- հարցրեց»: «Չէ, շան ներկայությունը հերիք է»,- ասաց Նունեն փոխված ձայնով, մահճակալին ծնկի իջած, դեմքով դեպի զարմացած տաքսան: Երկուսն էլ իրենց շուն էին պատկերացնում, Նունեն նույնպես շնավարի գռմռում էր շան վրա: Շներից էլ կոպիտ էին մերձենում, բայց իրենց ուզածն էր, ու փոխհատուցվեց աննկարագրելի օրգազմով, որի ընթացքում ոռնում էին: Նունեն դեռ շարունակում էր կիսաձայն մռնչալ, երբ Գևորգը շրջեց նրան, պառկեցրեց ու բերանքսիվայր ընկավ կրծքին: … Մեծ կրքից երկու ճմրթված անձեռոցիկ էր մնացել` գետնին ընկած»: Ռուս գրականագետներից մեկը` Միխայիլ Էպշտեյնը, վերլուծելով տարբեր ժողովուրդների գրականությունների մեջ էրոսի դրսևորումների կերպը, գրում է. «Կապանքներից ազատված էրոսն ամենևին էլ ազատ էրոսը չէ, այլ գուցե` ճիշտ հակառակը: Էրոսը իրավաունք ստացավ մոտենալ օբյեկտներին, բայց դրանք իր համար այդպես էլ օբյեկտ մնացին` հեռու, օտարված: Այստեղից էլ` էրոտիկ պատկերների պոռնոգրաֆիական երանգները»: Բոլորովին այլ է պատկերը, երբ սիրային մերձեցման տեսարանը հասունանում է վեպի ընթացքում հերոսների փոխհարաբերությունների զարգացմամբ: Այստեղ ևս հեղինակները չեն խուսափում էրոտիկ մանրամասնումներից, սակայն զգացմունքային լիցքը սեռական մերձեցման նկարագրությունը պահում է գեղագիտականի սահմաններում:
Հետաքրքիր է, որ սեռական կյանքի նկարագրություններ են հանդիպում նաև արդի պատմավեպերում, ուր էրոտիկ տեսարանների գործող անձինք ոչ թե հեղինակների հորինած կերպարներն են, այլ մեր պատմության հայտնի հերոսները` արքաներից ու թագուհիներից մինչև, մեղա-մեղա, հոգևորականներ: Ասենք` մի քանի էջ ծավալով պատկերվում է Արշակ արքայի ու Փառանձեմ թագուհու առաջին մերձեցման պատմությունը. «Առաջին գիշերը, երբ Արշակ արքան գնացել է Փառանձեմի մոտ, նա բազմոցին է պառկած եղել ու շուտ է մերկացել, աչքերը շոշափել է` պաղ, քիթ-բերանը շուրթերի մեջ է առել` պաղ, մազերը դեմքին է հոսեցրել,` պաղ, լեզուն ստինքներին է հպել` պաղ, մատների տակ ողնաշարի փոսիկներն ու հետույքը` պաղ…», իսկ թե ինչպես է ամենի ինչ «տաքացել», կարդացեք ինքներդ /Լևոն Խեչոյան «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի»/: Ժանրային ու թեմատիկ որոնումները մեկ-մեկ պսակվում են նոր ու շատ բնութագրական ձևակերպումների հայտնությամբ, օրինակ մեր հեղինակներից Զորայր Խալափյանը պատմավեպ է գրել Արա Գեղեցիկի ու Շամիրամի մասին և ժանրային առումով իր ստեղծագործությունը համարել է «պատմաէրոտիկ սիրավեպ», ինչը ընդգծել է իր վեպի ենթավերնագրում: Մեկ այլ հեղինակի` Վահրամ Մարտիրոսյանի «Հանուն խաչի ծպտվածները» պատմավեպի էրոտիկ տեսարանի «զոհն» է դառնում հոգևորական-պատմիչը` Մատթեոս ՈՒռհայեցին ու կաթոլիկ եկեղեցու միանձնուհին. «Ես գցեցի նրան խոտերին ու համբուրեցի բերանը: Հետո շորերը հանեցի, ինքս էլ համարյա լրիվ մերկացա ու գրկեցի մարմինը: Սեղմում էր ինձ ավելի ու ավելի ուժեղ, մինչև մեղմ ասաց` Մատե՜, այսինքն` Մատթեոս: Առանց «տեր»-ի, «տեր հայր»-ի: «Մատե՜, կամա՜ց»: Ես բարձր հառաչ արձակեցի, համբուրեցի ուսերը, կուրծքը, հետո բացեցի ոտքերը… Երկու անգամ ճանաչեցի նրան: Համարյա առանց դադարի: Հետո` ևս մեկ անգամ… Շատ լավ էր»: Մեր գրականության մեջ էրոտիկայի լիարժեք ինտեգրմանը խանգարող հանգամանքներից մեկը բարոյական ինչ-ինչ տաբուներից զատ նաև համապատասխան բառապաշարի աղքատությունն է: Մենք հայերս սեռական կյանքի մանրամասների մասին չենք մշակել համապատասխան լեզվանյութ, ավելի ճիշտ` մեր կյանքի այդ շերտի համար չունենք գրական լեզվին մոտ բառապաշար, որը արձանագրված լիներ ոչ միայն բառարաններում ու բժշկագիտական ուսումնասիրություններում, այլ ադեկվատ կիրառություն ունենար նաև հասարակության տարբեր շերտերում: Սեռական կյանքին վերաբերող մեր բառապաշարի հիմնական շերտը փողոցային ժարգոնի լեզվանյութն է, որի օգտագործումը գրականության մեջ շատ նպատակահարմար չէ, մյուս կողմից էլ ճիշտ չէ հասարակությանը /պոտենցիալ ընթերցողին/ խորթ գիտական ու բժշկական «մեռած» տերմինների միջոցով պատկերել մարդկային փոխհարաբերությունների մի այնպիսի կենդանի ու գերանկեղծ ոլորտ, ինչպիսին սեռական կյանքն է: Այսպիսով` ժամանակակից հայ գրականությունն արդեն գիտակցում է, որ ինքն այլևս «թաքցնելու» բան չունի և պիտի ընդգրկի փոխհարաբերությունների նաև ինտիպ շերտերը, սակայն դեռ ճանապարհին է` գտնելու լեզվական այն համապատասխան որակաները, որոնց միջոցով ինտիմությունը չի հատի գռեհկաբության սահմանը:
Էրոտիզմի նման առատ կիրառությունով հանդերձ` մեզանում այդպես էլ «էրոտիկ գրականություն» ժանրային իմաստով չի ստեղծվում: Այսինքն` սեռական կյանքի պատկերները մեր գրականություն են մտնում այլ ժանրերի միջնորդավորությամբ, ինչպես ֆիլմերում է լինում, ասենք` «Հիմնական բնազդ» ֆիլմը ժանրային առումով հոգեբանական, դեդեկտիվ դրամա է, ուր կան մի շարք էրոտիկ տեսարաններ: Էրոտիկայի ներկայությունը ժամանակակից հայ վեպում միջոց է` աշխարհայացքային ինչ-ինչ առանձնահատկություններ գրականություն բերելու համար, և չի դարձել նպատակ` որպես առանձին ժանր` «էրոտիկ գրականություն», հանդես գալու համար: Փաստորեն գրականության մեջ էրոտիզմը առիթ է դառնում հասարակության փոխհարաբերությունները ու մարդկային բնության տարատեսակ դրսևորումները վերլուծելու համար, այսինք` էրոտիզմը մեր գրականության մեջ ավելի շուտ մտածել է տալիս, քան օգնում ցրվել առօրյա զանազան հոգսերից ու թոթափել կենցաղային ստրեսները: Ահա թե ինչու` մարդիկ իրենց էրոտիկ հետաքրքրությունները բավարարելու համար այդպես էլ գիրք չեն կարդում, և սեքսը մեծ արձակում (այսինքն` վեպերում) նույնքան պոպուլիար չի դարձել, որքան հայտնի հեռուստանովելում էր («Սեքսը մեծ քաղաքում»):
Շատ հետաքրքիր դիտանկյուն է ընտրված նման հետաքրքրաշարժ թեմայի ուսումնասիրման համար,նաև շատ լավ է,որ փորձ է արվել այս թեմայի ուսումնասիրության ոլորտը տեղափոխել գրակնության դաշտ,սակայն Վահրամ ջան,իմ կարծիքով, հոդված շատ կիսատ է մնացել,միայն որոշ ենթադրույթներ ես առաջ քաշել,վերլուծել ու արագ փակել թեման:Առաջարկում եմ,առավել լայն ուսումնասիրության ենթարկել նյութն ու մի ամբողջական աշխատանք գրել այդ թեմայով:
Կիսում եմ Հասմիկի տեսակետը… ի սկզբանե այս հոդվածը նախատեսված էր որպես մեծ խոսակցության, քննարկման նախաբան-ուղեցույց: Վահրամի բարձրացրած խնդիրներն իրոք ուսումնասիրության ու քննարկման հսկայական տիրույթ են բացում:
Հոդվածը լավն էր..մի քիչ գրականագիտանալու տեղ ունի: Գրվել է մասսայական ու փոքր ծավալներին սովոր ընթերցողի համար, բայց չեմ կարծում, որ քննարկման շատ նյութ ու կարիք կա: Ինձ թվում է այն նյութը որ ունենք կարող էր և չլիներ, քանի որ հիմնականում այդ տեսարանները ինքնանպատակ են և վեպերի հետագա հյուսվածքներում գրեթե դեր չեն խաղում: Հիմնականում ըստ իս խայծի արժեք ունեն: Բայց հիմնական առանձնահատկությունները շատ ճիշտ էին նկատված: Հատկապես կարևոր էր համեմատությունը կինոյի հետ, քանի որ երկու դեպքում էլ էական է կադրը, երևակայությունը և դրանից ծնվող որոշակի զգացողությունները:
Իմ կարծիքով գրողը հնարավոր է նաև էրոտիկ տեսարաներ է ստեղծում, և այնպիսի տեսարաններ, որոնք իր պրակտիկայում, չեն եղել ու հնարավոր է չեն էլ լինելու և այդ ամենը իր, իսկ սեփական գրով թույլ է տալիս բացահայտելու բնազդի չերևացող, թաքնված կամ քուն մտած կողմը, երևակայության հնարավորությունները, որը շատ դեպքերում տանում է դեպի պոռնոգրաֆիան: Մեր գրականության մեջ ինձ թվում է ծայրահեղ իրավիճակ է ստեղծվել` կամ կամի արանքում ենք, թերևս…Կամ պոռնոգրաֆիա է կամ` էրոտիկա… կարծում եմ սեքսի մուտքը տեքստի մեջ և նրա փիլիսոփայական ու կենսական կապը կհամադրվի գրողի անհատական աշխարհայացի շրջանակում, որը կամ հմայք կպերի կամ նողկանք….
Վահրամ ջան լավն էր հոդվածը, ապրես, շատ հետաքրքիր է…
Շատ լավ է գրված:Մի նկատառում այս թեմայով.Անթաքույց,լիակատար «մերկությունը» տեղ չի թողնում ընթերցողի երևակայությանը:Իմ կարծիքով մեր գրականության «ամենաէրոտիկ» երկը «Միրհավն» է,որ սոսկ ակնարկների միջոցով է ընթերցողին փոխանցում Դիլանի ապրումներն ու զգացածը:
Պարզունակ հոդված է, մինչդեռ կարելի էր խորանալ և այդ ամենի մեջ հոգեբանական, հոգեվերլուծական, ֆենոմենոլոգիական թափանցումներ: Ասեմ, որ հեղինակը մեղադրելով շատերին կաշկանդվածության մեջ` ինքն առավել կաշկանդված է: