Աղավնի Գրիգորյան | Տանձենին

Բնիկ երևանցի է: Ինչ իրեն հիշում է այս բակում է ապրում, արդեն քանի՜ տարի, հաշիվն անգամ կորցրել է: Ուրիշ է իրենց բակը: Նման չի կենտրոնի անդեմ բակերին, ուր ամեն տարի փոխվում են բնակիչները, ուր մեկը մյուսին բարև անգամ չեն տալիս: Ուրիշ է իրենց բակը, յուրահատուկ` հին ու բարի բնակիչներով: Բոլորին ճանաչում է ու սիրում:
Երբեմն փորձում է բակի լռության մեջ մտովի հետ գնալ, մանկությունից որոշ դրվագներ է հիշում, աղոտ… Առաջին բերքն է հիշում: Ինչ անհանգիստ էր, ո՜նց էր պաշտպանում, փայփայում առաջին մի քանի փոքրիկ տանձերը. այդպեսէլ ոչ մեկը մինչև աշուն չդիմացան`դեռ թույլ էր, կարկուտից վնասվեցին, թափվեցին: Ձեռքի վիրակապն է հիշում ու պատվասված փոքրիկ շիվը, որ շուտով աճեց, տերևակալեց… Հաջորդ տարի հարևանները հիացան իր բերքով ու մինչ օրս ամեն աշուն հյութեղ կարմրադեղին տանձ են համտեսում: Չէ՛, բնավ չի չափազանցնում, բնակիչների կարծիքն է ընդամենը…
Մութ տարիներին բախտը բերեց. դեռ երիտասարդ էր, բունը բարակ, մի քանի ժամ էլ չէր վառվի` չկտրեցին: Թաղի տղաները ուշ գիշերով գնում էին, հետո ձյան վրա քարշ տալով մի-մի մեծ գերան կտրած բերում կողքի անտառից, դողում էր, ասես իր մաշկի վրա զգում էր ամեն կտրած ծառի վերքը…
Անտառ էլ չի մնացել վաղուց, իսկ ինքր դեռ նույն տեղում է, անգամ ցանցով պաշտպանված. սիրված ու ապահով է զգում իրեն: Տարիների ընթացքում ճյուղերը տարածեց, երկարեց, բարձրացավ, հիմա արդեն երրորդ հարկի պատուհանին է հասել:
Սկզբում առաջին հարկի Հովհնաննեսն էր խնամում, բնին դեղ քսում, հիմա արդեն ծեր է, տկար` որդին է թոռան հետ գարնանը փխրեցնում, մի քիչ պարարտանյութ ավելացնում: Ճյուղերն է խշխշացնում ի նշան շնորհակալության, երբ փոքրիկ Հովիկը դույլով ջուր է բերում ու զովացնում իրեն ամռան տապին:
Չորս ընկեր էին` նույն բակում, տարբեր շքամուտքերի առաջ, իրար հետ զրուցելով, օրն անցնում էր: Հասակակիցներ էին, միասին էին մեծացել: Բերքատու միայն ինքն էր, ու երբ մյուս ծառերը քահ-քահ ծիծաղում էին հերթական կատակից հետո` ուժգին թափահարելով իրենց ճյուղերը, ինքն ավելի զգուշ էր, որ հանկարծ բերքը չվնասի… Չորս ընկեր էին, ամառ թե ձմեռ կողք կողքի, տասնյակ տարիներ…
…Կողքի շենքում շինարարություն սկսվեց, իրենց բակում էլ առավոտից երեկո` քննարկումներ, վիճում էին, ինչ-որ բանի շուրջ փորձում համաձայնության գալ: Հետո վարչությունից մարդ եկավ, շենքը բոլոր կողմերից ուսումնասիրեց, չափումներ արեց, ու գնաց: Առավոտյան լռությունը խզեց սուր կտրող գործիքի դղրդյունը: Կես ժամում կողք-կողքի տապալվեցին երեք ընկերները: Դողաց, ցավից կուչ եկավ, իր մաշկի վրա մահվան սառնությունը զգաց` այնքա՜ն մոտ: Ընկած ծառաբները մանրացրին, լցրեցին մեքենայի թափքն ու տարան: Մնաց մենակ կանգնած …
Օրեր անց հարևանների խոսակցությունից հասկացավ. իրենց մուտքում թույլ չէին տվել փոփոխություններ անել` անկյունային էր ու մի քանի մետրի վրա դեպի կողքի բանուկ փողոց տանող աստիճանները խանգարում էին: Փրկվեց հատումից, բայց կորցրեց ընկերներին: Հատված ծառերի տեղում մի քանի օրում բետոնե սյուներ կանգնեցրին: Թուլացավ, խեղճացավ, դեռ աշուն չեկած տերևները թափվեցին:
-Հովհաննես եղբայր, էս ծառը չորացել է, կտրի՛,-լսեց մի օր հարևան Աբոյի խորհուրդը:
-Գարնանը կերևա…-հնչեց Հովհաննեսի պատասխանը: Սիրտը կծկվեց, ճյուղերը թուլացած կախվեցին: Իր կյանքի ամենաերկար ու դաժան ձմեռն էր, ահով սպասում էր գարնան գալուն:
…Զորեղ է բնությունը, գարնանը վերականգնվեց, ներքևի մի քանի չորացած ճյուղը Հովհաննեսի տղան կտրեց, ծառը թեթևացած շնչեց ու բացվեցին սպիտակ, նուրբ-վարդագույն երանգով ծաղիկները: Հովհաննեսը նստեց ծառի տակ, ձեռքը տարավ բնին, ստուգեց, ձեռքով մի քանի տեղ կեղևին թխթխկացրեց, հետո գոհ արտաբերեց.
-Լավ բերք կլինի աշնանը…
Ինքն էլ թևավորվեց ու փայլեց կանաչ սաղարթով:
Մենակությանը սովորեց, ցավը` չանցավ… Շենքն առաջ տվեցին մի քանի ամսում` ընկերների կանգնած տեղում …
…Այս գարնանը ծանոթացավ փոքրիկ դեկորատիվ նռան ծառին`առաջին հարկի խոհանոցում է բնակվում: Արագ ընկերացան: Փոքրիկ Նուռը նոր երանգ մտցրեց իր կյանքում: Ամեն առավոտ, երբ տանտիրուհին բացում է պատուհանը, փոքրիկ նռան ծառն ուղղում է մազերի կարմիր ժապավենը` տանտիրուհու նվերը, հատիկ-հատիկ մաքրում, փայլեցնում է առանց այն էլ մաքուր տերևները, ապա կոկետ ողջունում իրեն, միաժամանակ ակնհայտ սպասում է, որ իրեն հաճոյախոսեն: ժպտում է ի պատասխան ու ողջունում` չմոռանալով նկատել փոքրիկ պչրուհու գեղեցկությունը: Երիտասարդ է, կանցնի, ժպտում է կրկին: Մի քանի գովեստի խոսք իր հասցեին լսելուց հետո Փոքրիկ Նուռը հարմար տեղավորվում է, այնպես որ արևը չայրի,չվնասի իր թավիշ տերևներն ու խնդրում մի բան պատմել, ինքն էլ սիրով համաձայնում է: Պատմում է բակի բնակիչներից, ինչե՜ր ասես չի տեսել ու լսել այս տարիների ընթացքում.այս բակն իր մեծ ընտանիքն է, բոլորին ճանաչում է ու սիրում: Բակի անկարգ տղաները, որ քաշքշում էին իր ճյուղերը, վաղուց մեծացել են, երրորդ հարկի Արամն ընտանիք է կազմել, արդեն երրորդին են սպասում: Մի պահ լռում է, սպասումով նայում երկրորդ հարկի իջեցված վարագույրին… Փոքրիկ Նուռն ուշադիր լսում է իր պատմությունները, մերթ ընդ մերթ հիացմունքի բացականչություններով միայն ընդհատելով դրանք :
…Սիրում է ամառային երեկոները, ճյուղերն այնքան են երկարել, որ բաց պատուհանից լավ լսում է հեռուստացույցի ձայնը, նախորդ տարի հեռուստատեսությունից եկան, նկարեցին իրենց բակը: Ո՜նց սիրտը տրոփեց, երբ Արամի զույգ աղջիկները միաբերան ձայնեցին «Մեր տանձենին…» ու իրար հրելով տեղավորվեցին բազմոցին`հեռուստացույցի առաջ: Ինքն էլ ձգվե՜ց, ձգվե՜ց ու տեսավ իր կանաչ սաղարթը կապույտ էկրանից: Ի՜նչ օր էր…
…Աստիճաններին նորից ձյուն է նստել, մի քանի խիզախ փորձում են տոտիկ-տոտիկ իջնել` բազրիքից ամուր բռնված, մյուսները կանգնում են, ձեռքերը թափ տալիս ու գնում ետ` շենքը շրջանցելու: Իր ճյուղերն էլ ձյունից ծանրացել են: Բոլոր ճյուղերից վաղուց հավաքել են բերքը, մի քանի տանձ է միայն մնացել երկրորդ հարկի պատշգամբին մոտ ճյուղին.… ու հիմա ձյան տակ փոքրիկ լապտերներ են հիշեցնում … Հավաքեց ճյուղերը, մոտեցրեց իրար ու քնեց: Գարնանն իրենց բակում ավելացում են սպասում, ինքն էլ բոլորից անհամբեր է….
01.11.2016
Մադրիդ

Share Button

4 Կարծիք

  • Հարգելի <>, անգնահատելի գործ եք անում, ճանաչելի և հասանելի դարձնում մեր երիտասարդ ստեղծագործողների թե’ անունները, թե’ գործերը: Միայն մի խնդրանք. նախքան տպագրելը սրբագրեք` թեկուզ փոքր, աննշան թվացող վրիպակները:

  • Ашик Маранджян says:

    Агавни джан – очень красиво и +++. У тебя очень редкий дар – представителей мира растений и животных перенести в наш человеческий мир и весьма деликатно и изящно наделать им человеческим чувствами. Это очень сложно и “опасно” – но ты решаешь все “проблемы” блестяще – это талант, это Божий Дар – так держать.

  • Anahit khazanchyan says:

    Bravo…….

  • Սեդրակ Երկանեան says:

    Հրաշալի է՜…..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *