Սիրտս քարացել էր Սվիֆթի գերեզմանի մոտ. Սուրբ Պատրիկի տաճարն այնքան մաքուր էր, այնքան ամայի եւ այնքան լեցուն հայրենասեր մարմարե արձաններով, այնքան խորունկ էր թվում սառը ժայռերի տակ կանգնած հուսահատ Դիանան, որի կողքին Ստելլան էր: Գերմանացի տնային տնտեսուհու ձեռքով երկու քառակուսի արույրե ափսե էին փայլեցրել. մեծը Սվիֆթի համար էր, փոքրը՝ Ստելլայի: Ես կցանկանայի ունենալ կոշտ, խոշոր, երկար ցողունով տատասկափշեր, մի քանի այլ, փշոտ, քնքուշ ծաղիկներ, գուցե հասմիկ կամ ցախկեռաս. դա գեղեցիկ նվեր կլիներ նրանցից երկուսի համար, բայց իմ ձեռքերը եկեղեցու պես դատարկ էին, այնքան սառը եւ այնքան մաքուր: Պետական դրոշները կախված էին կողք-կողքի, կիսով չափ իրար կցված. նրանցից փոշո՞ւ հոտ էր գալիս: Նրանց թվում էր, թե փոշու հոտ էին առել, բայց միայն բորբոսի հոտ էր գալիս, ինչպես բոլոր եկեղեցիներում, որտեղ դարեր շարունակ խունկ չէին վառել: Ես զգացի, որ ինձ վրա կրակում են սառցե ասեղներով: Ես փախա, միայն մուտքի մոտ հայտնաբերեցի, որ եկեղեցում մարդ կա: Մաքրուհին, որը թրջում էր մուտքը մոխրաջրով, մաքրում էր այն ամենն, ինչը բավականին մաքուր էր:
Մայր տաճարի դիմաց կանգնած էր մի մոլորված մուրացկան, եւ նա առաջին մարդն էր, ում հանդիպեցի: Միայն հարավային երկրներում կան այսպիսի մուրացկաններ, իսկ հարավում արեւը փայլում է: Այստեղ, լայնության 53-րդ աստիճանից հյուսիս ընկած հատվածում, աղքատությունը, ջախջախվածությունն այլ կերպ են արտահայտվում, քան լայնության 30-րդ աստիճանի հարավում: Անձրեւը հորդում էր աղքատության վրա, եւ այստեղ աղբը չէր կարող գեղեցիկ թվալ նույնիսկ անուղղելի էսթետին: Թշվառությունը նստած է այստեղ՝ սուրբ Պատրիկի շրջակայքում գտնվող աղքատ թաղամասերում, ինչ-որ տեղ, անկյուններում, որոշ տներում դեռ այնպես, ինչպես Սվիֆթը կարող էր տեսած լինել այն դեռեւս 1743 թվականին:
Մուրացկանի վերարկուի երկու թեւերն էլ դատարկ կախված էին մարմնից. վերջույթների այս ծածկոցները, որոնք այլեւս իրենը չէին, կեղտոտ էին: Էպիլեպտիկ նոպաները ցնցեցին նրա դեմքը. այնուամենայնիվ, նրա նեղ, մուգ դեմքին աչքի էր զարնում մի գեղեցկություն, որը կգրանցվի ցանկացած այլ նոթատետրում, բացի իմ սեփականից: Ես ստիպված էի վառել սիգարետը նրա շուրթերի արանքում, փող դնել վերարկուի գրպանը. այդ պահին ինձ համարյա թվաց, թե փողը դնում եմ դիակի վրա: Խավարը կախված էր Դուբլինի վրա. սեւի եւ սպիտակի արանքում մոխրագույնի ցանկացած երանգ ընտրել էր իր փոքրիկ ամպը երկնքում, իսկ երկինքը ծածկված էր անթիվ մոխրագույն փետուրներով: Ոչ մի գիծ, ոչ մի կտոր իռլանդական կանաչից. մուրացկանն այս երկնքի տակ դանդաղ, կծկվելով քայլեց սուրբ Պատրիկի այգուց դեպի տնակային թաղամասերը:
Տնակային թաղամասերի որոշ անկյուններում կեղտը սեւ փաթիլների պես ծածկել էր պատուհանի ապակիները, կարծես ծխնելույզներից եւ կոյուղուց դիտմամբ նետվել էր նրանց վրա: Այստեղ, սակայն, միտումնավոր ոչինչ տեղի չի ունենում այդքան հեշտությամբ, եւ ոչ էլ դա տեղի է ունենում ինքնաբերաբար: Այստեղ լինում է խմիչք, սեր, աղոթք եւ նզովք, Աստծուն սիրում են կատաղի եւ նույնքան էլ կատաղի ատում են նրան:
Տասնամյակներով եւ հարյուրամյակներով այդ աղբը կուտակել են մութ բակերում, ինչը Սվիֆթի աչքը դեռ չէր տեսել. դա ժամանակի ճնշող նստվածքն էր: Անպիտան վաճառողների խանութների ցուցափեղկերում վայրի, գունագեղ կիչն էր, եւ ես վերջապես գտա իմ ճանապարհորդական ուղղություններից մեկը: Մահճակալն առանձնացված էր կաշվե վարագույրով. հարբեցողը խմելիս ձիու պես փակվում է՝ վիսկիի եւ ցավի հետ միայնակ մնալու համար, եւ քանի դեռ փողը բավականացնում է, նա հավատով կամ անհավատությամբ խորասուզվում է ժամանակի մեջ, պասիվության մեջ: Մինչ նա ստիպված է լինում նորից հայտնվել ջրի երեսին, հոգնած, անիմաստ եւ անօգնական թիավարման շարժումներ անելով, մի նավ անխուսափելիորեն սահում է Ստիքսի մութ ջրերի վրայով: Զարմանալի չէր, որ այդ երկու բարերում տեղ չկա երկրի աշխատող կանանց համար. այստեղ տղամարդը միայնակ է իր վիսկիի հետ, հեռու է այն բոլոր նախաձեռնություններից, որոնք նա սկսել էր, նախաձեռնություններ, որոնք կոչվում են ընտանիք, մասնագիտություն, պատիվ, ընկերություն: Վիսկին դառն է, հանգստացնող, իսկ ջրի համար դեպի արեւմուտք, ինչ-որ տեղ գնալու համար, 4000 կիլոմետր է պետք անցնել, եւ կան այնպիսիք, որոնք դեպի արեւելք գնալու համար երկու ծով են անցնում, քանի որ հավատում են իրենց գործին եւ առաջընթացին: Այո՛, վիսկին դառն է, հանգստացնող, եւ տանտերը հաջորդ բաժակը խմում է երկհարկանի տանը: Նրա աչքերը սթափ են, կապույտ, նա հավատում է այն ամենին, ինչին չեն հավատում իրեն հավատացողները: Որքան կարող են տեւել կատակներն ու հայհոյանքները, ուրիշների հույսերն ու աղոթքները, որքան կարելի է նստել փայտամշակման արհեստանոցի պանելների արանքում կամ միայնակ հար բեցողի պես պառկել մահճակալին: Արդեն նկատելի է, թե ինչպես է սուզարկղը՝ միայնակ հարբեցողի նավը, ավելի ու ավելի խորասուզվում ժամանակի մութ խորքերում, հայտնվում ավերակների ու ձկների կողքին, սակայն այստեղ էլ չի գտնում հանգիստ, քանի որ ստորջրյա սուզորդները կատարելագործել են իրենց սարքավորումները: Այսպիսով, դուրս եկեք, շունչ քաշեք եւ վերադարձեք այն գործունեությանը, որը կոչվում է պատիվ, աշխատանք, ընտանիք, հասարակություն, նախքան սուզարկղը կփորփրեն սուզորդները: «Որքա՞ն »: Շատ մետաղադրամներ էին գերել պանդոկապետի խոշոր, կապույտ աչքերը:
Երկինքը դեռ փետրավորված էր մոխրագույնի բազմազանությամբ. երբ ես քայլում էի դեպի եկեղեցի, իռլանդական անհամար կանաչ թավուտները չէին երեւում: Շատ քիչ ժամանակ էր անցել. մուրացկանը կանգնած էր եկեղեցու մուտքի մոտ, սիգարետը, որը դրել էի նրա բերանին, դպրոցական տղաները հանեցին խնամքով, մասնատեցին, որ ոչ մի մասնիկ չկորչի, իսկ մնացորդը խցկեցին մուրացկանի վերարկուի գրպանը: Հետո վերցրեցին նրա գլխարկը (ո՞վ կմտնի Աստծո տաճար՝ գլխարկը գլխին, թեկուզ երկու ձեռքերն էլ կորցրած լինի), դուռը բացեցին նրա առջեւ, վերարկուի դատարկ թեւերը բախվեցին դռան շրջանակին. դրանք թաց էին եւ կեղտոտ, ասես նա դրանք քարշ էր տվել ջրհեղեղի միջով: Ոչ ոք, սակայն, ուշադրություն չդարձրեց այդ կեղտին:
Սուրբ Պատրիկի տաճարն այնպես դատարկ էր, մաքուր եւ գեղեցիկ. այդ եկեղեցին լիքն էր մարդկանցով, կիչով, այն ոչ թե կեղտոտ էր, այլ թափթփված. այդպիսին են բազմազավակ ընտանիքների բնակարանները: Ես լսել եմ, որ մարդիկ, որոնցից մեկը գերմանացի է , տարածում են գերմանական մշակույթի օրհնություններն Իռլանդիայում, եւ նրանք այդպես խոշոր գումարներ են վաստակում Իռլանդիայում գիպսից կերտված ֆիգուրներից: Կիչ արտադրողների դեմ զայրույթը թուլանում է միայն այն դեպքում, երբ նրանք մինչ արտադրությունն աղոթում են. եւ նրանք որքան ընդվզող են, այնքան լավ, որքան կիչի համակիր են, այնքան լավ, քանի որ դա հենց «ինքնին կյանքն է» ( զգույշ եղեք աղոթելիս, որովհետեւ կյանքը հենց «ինքնին կյանքն է»):
Մուգ մազերով գեղեցկուհին վիրավորված հրեշտակի դեմքով աղոթում է սուրբ Մագդաղենացու արձանի դիմաց, գունատ դեմքն ասես կանաչում է, այդ մտքերն ու աղոթքները գրանցված են գրքում, որին ես ծանոթ չեմ: Դպրոցականները, թեւերի տակ դրած մահակներով, աղոթում են Խաչի ճանապարհին, մութ անկյուններում վառվում են նավթի լամպեր՝ Հիսուսի սրտի առջեւ, փոքրիկ ծաղկի առջեւ, սուրբ Անտոնիոսի , Ֆրանցիսկոսի առջեւ. այստեղ կրոնին լիովին հաղորդակցվել են: Մուրացկանը նստում է վերջին նստարանին եւ իր՝ էպիլեպսիայից ցնցվող դեմքը մտցնում է սրահ, որտեղ դեռ օդում կախված են խունկի ամպերը:
Զարգացած արդյունաբերության նոր եւ նշանակալի ձեռքբերումներն են Մարիամի գլխի շուրջ նեոնային լուսապսակը եւ սուրբ ջրի ֆոսֆորային խաչը, որը վարդագույն փայլփլում է եկեղեցու մթնշաղում: Արդյո՞ք գրքում առանձին կնշվի այն մասին, թե ովքեր են աղոթել այստեղ կիչից առաջ եւ ովքեր են աղոթել Իտալիայում Ֆրա Անժելիկայի որմնանկարների առջեւ: Կանաչ, գունատ դեմքով սեւահեր գեղեցկուհին դեռ նայում է Մագդալենային, մուրացկանի դեմքը դեռ թրթռում է, նրա ամբողջ մարմինը դողում է, ցնցումներից գրպանի մետաղադրամները զրնգում են: Նետվող մահակներով տղաները կարծես ճանաչում են մուրացկանին, կարծես թե հասկանում են դեմքի թրթռոցը, մեղմ բամբասանքը. նրանցից մեկը ձեռքը մտցնում է մուրացկանի գրպանը, եւ տղայի կեղտոտ ձեռքին չորս մետաղադրամ է հայտնվում՝ երկու կոպեկ, մեկ վեցպենսանոց եւ մեկ երեքպենսանոց: Մեկ կոպեկն ու երեք պենսանոցը մնում են տղայի ձեռքում, մնացորդն ընկնում է ընծաների տուփի մեջ: Այստեղ ընդգծված են մաթեմատիկայի, հոգեբանության եւ տնտեսագիտության սահմանները, բոլոր ավելի կամ պակաս ճշգրիտ գիտությունների սահմանները կտրուկ արտահայտված են էպիլեպտիկ մուրացկանի դեմքի ցնցումներում: Սակայն դա բավարար հիմք չէ, որպեսզի կարողանամ վստահել նրան: Սվիֆթի գերեզմանի սառնությունը դեռեւս պահպանվել է իմ սրտում. մաքրություն, դատարկություն, մարմարե պատկերներ եւ կինը, որը մաքրում էր այն ամենը, ինչը բավականաչափ մաքուր էր: Սուրբ Պատրիկի տաճարը գեղեցիկ է, այդ եկեղեցին ապականված է, սակայն այնտեղ անցուդարձ կա, եւ ես նրա նստարանների վրա հայտնաբերեցի այն ամենն, ինչը կարելի էր գտնել բազմաթիվ իռլանդական եկեղեցիների նստարաններին՝ փոքր, արծնապատ սալիկներ, որոնք կանչում են աղոթքի: Աղոթք Մայքլ Օ’ Նիլի հոգու համար, որը մահացավ 1933 թվականի հունվարի 17-ին, 60 տարեկանում: Աղոթք Մերի Քիգանի հոգու համար, որը մահացավ 1945 թվականի մայիսի 9-ին, տասնութ տարեկանում: Ինչպիսի~ բարեպաշտ եւ հմուտ ճնշում. հանգուցյալները կենդանանում են, նրանց մահվան ամսաթիվը ծանոթ է նրան, որն իր փորձառությամբ կարդում է այդ օրվա, այդ ամսվա, այդ տարվա օրացույցը: Հիտլերը թրթռացող դեմքով սպասում էր իշխանության գալուն, երբ վաթսուն տարեկանում այստեղ մահացավ Մայքլ Օ’ Նիլը, երբ Գերմանիան կապիտուլյացիայի ենթարկվեց, եւ տասնութ տարեկանում մահացավ Մերի Քիգանը: Աղոթք Քեւին Քեսսիդիի համար, որը մահացավ 1930 թվականի դեկտեմբերի 20-ին, տասներեք տարեկանում, եւ այն ինձ համար էլեկտրական ցնցման պես հարված էր, քանի որ 1930 թվականի դեկտեմբերին ես ինքս տասներեք տարեկան էի: Քյոլնի հարավային մասում գտնվող շքեղ, բազմաբնակարան շենքի մի մեծ, մութ բնակարանում, որն այդպես էր կոչվում 1908 թվականին, ես հայտնվեցի Սուրբ ծննդյան բացիկը ձեռքիս: Արձակուրդները սկսվել էին, եւ ես ձմեռային փողոցին նայում էի դարչնագույն վարագույրի պատառոտված կտորի հետեւից:
Ես տեսա կարմրավուն փողոցը, որն ասես բեմական նկարներով ծածկված լիներ, տեսա կարմրած ձյան կույտերը, քաղաքի վրա տարածված կարմիր երկինքը, լսեցի տրամվայի դղրդյունը, երբ այն վերջին կայարանում նմանվեց ժապավենի, տեսա նաեւ այդ աղաղակող կարմիրը: Բայց երբ ես դեմքս մտցրեցի վարագույրների մեջ, տեսա այն ամենն, ինչ իրականում կար: Գեղեցիկ կղզիների մերձակայքը շագանակագույն էր, ասֆալտը՝ սեւ, տրամվայը վատ խնամված ատամների գույն ուներ: Երբ տրամվայը հայտնվեց օղակի մեջ, լսեցի նրա դղրդյունը, ծառերի մերկ ճյուղերը պատվեցին բաց կանաչով:
Այդ օրը, Դուբլինում, տասներեք տարեկանում մահացավ Քեւին Քեսսիդին, որն իմ հասակակիցն էր: Այստեղ է կանգնեցվել նրա տապանքարը: Dies irae, dies illa երգն էր հնչում երգեհոնով, եւ մինչ ես պահարանից կհանեի սահնակը սահելու համար, ծալեցի հաշվետվությունս, դպրոցականները զբաղեցրին նստարանները, խունկը, մոմը, արծաթե վրձինները հայտնվեցին սեւ ծածկոցի վրա: Ես լատիներենից երկու ստացա, իսկ Քեւինի դագաղը դրվեց գերեզմանում:
Ավելի ուշ, երբ ես դուրս եկա եկեղեցուց եւ քայլում էի փողոցներով, Քեւին Քեսսիդին միշտ իմ կողքին էր: Նա իմ տարիքի էր, երեսունյոթ տարեկան, կենսուրախ: Նա երեք երեխաների հայր էր, ապրում էր սուրբ Պատրիկի մերձակայքում գտնվող աղքատ թաղամասում, վիսկին զով, սառը եւ թանկ էր, իսկ Սվիֆթի գերեզմանից սառույց էր թափվում նրա վրա: Մուգ մազերով կնոջ դեմքը գունատ կանաչավուն էր, նա պարտքեր ուներ եւ, ինչպես բազմաթիվ մարդիկ, մի փոքրիկ տուն՝ Լոնդոնում: Հազարավոր մարդկանց պես էլ նա Դուբլինում ուներ համեստ, երկհարկանի տուն, որն անուղղելի էսթետը կանվաներ աղքատիկ, ցածր խավին պատկանող, բորբոսնած եւ ամայի (բայց զգուշացիր էսթետ, այդ տներից մեկում ծնվել է Ջեյմս Ջոյսը, մյուսում՝ Շոն Օ Քեյսին): Երբ ես վերադարձա մեկտեղանոց մահճակալի մոտ, Քեւինի ստվերն այնքան մոտ էր, որ բաժակը չմոտեցրեցի նրա բերանին: Ես խմեցի Քեւին Քեսսիդիի համար, որը մահացավ 20.12.1930թ., տաներեք տարեկանում: Ես խմեցի նրա՛ համար:
Թարգմանությունը գերմաներենից՝ Թագուհի Հակոբյանի
(«Իռլանդական օրագիր» գրքից)
- Կիչ- մշակութային եւ գեղագիտական կատեգորիա է, որը ներառում է զանգվածային արտադրության եւ արվեստի գործեր: Կիչի ֆենոմենը բնորոշ է զանգվածային մշակույթին, քանի որ այն բավարարում է զանգվածի կարիքները եւ չունի կրթության կամ դիտողականության աստիճանի սահմանափակում`ինչպես արվեստի պատմության, այնպես էլ այլ ոլորտներում:
- Շոն Օ~ Քեյսի (1880-1964) – իռլանդացի դրամատուրգ: