
Նա չէր ուզում իր պատվարժան ընտանիքի անդամներից առաջինը սկսել պատմությունների շարքը. նրանցից յուրաքանչյուրն իր սեփական պատմությունը պիտի պատմեր սուրբծննդյան խարույկի շուրջ, և նա համեստորեն առաջարկեց, որ ավելի ճիշտ կլինի, եթե «Ջոնը՝ մեր հարգարժան հյուրընկալողը» (որի առողջության համար դեռ պիտի խմեր), սկսի այդ շարքը: Ինչ վերաբերում է իրեն՝ ասաց, որ իրոք պատրաստ չէ առաջնորդելու, բայց երբ այս ու այն կողմից միաձայն աղաղակեցին, որ ինքը պիտի, կարող է, անհրաժեշտ է, որ սկսի, նա ձեռքերը շփելով վեր կացավ, ոտքերը հանեց բազմոցի տակից ու սկսեց:
— Կասկած չունեմ (ասաց աղքատ ազգականը), որ զարմացնելու եմ ընտանիքիս խմբված անդամներին, և հատկապես Ջոնին՝ մեր հարգարժան հյուրընկալողին, որին անչափ պարտական ենք այս հրաշալի հյուրընկալության, մեզ այսօր զբաղեցնելու, նաև խոստովանության համար, որ հիմա պիտի անեմ: Բայց եթե դուք ինձ պատիվ անեք ու զարմանաք այն ամենի վրա, ինչ դուրս է գալիս իմ պես աննշան մեկի բերանից, կարող եմ միայն ասել, որ պատմելիս ծայրահեղ զգույշ կլինեմ:
Ես այն չեմ, ինչ պիտի լինեի. ես լրիվ ուրիշ մարդ եմ: Գուցե մինչև շարունակելս մի հայացք նետեմ այն մեկին, որ պիտի լինեի: Ենթադրվում է, եթե չեմ սխալվում, սխալվելուս դեպքում էլ (որ շատ հավանական է) ընտանիքիս անդամներն ինձ կուղղեն (այստեղ աղքատ ազգականը մեղմորեն շուրջը նայեց՝ հակասություն չկա՞ր արդյոք), որ ես, բացի ինձանից, ուրիշ ոչ ոքի թշնամին չեմ: Որ երբևէ հաջողություններ չեմ ունեցել և ոչ մի հարցում: Որ չեմ հաջողել բիզնեսում, որովհետև ես բիզնեսի մարդ չեմ, դյուրահավատ եմ… գործընկերոջս շահախնդիր մտադրություններին պատրաստ չլինելով։ Որ սիրո հարցում էլ բախտս չի բերել, որովհետև զարմանալիորեն վստահող եմ, ու կարծում էի, թե անհնար է, որ Քրիստիանան ինձ խաբի: Որ չեմ արդարացրել հորեղբորս՝ Չիլլի սպասելիքներն ինձանից. նրա ուզածի պես կտրուկ չեմ եղել կյանքի հարցերում: Որ ամբողջ կյանքում մարդկանց վստահել եմ ու, բնականաբար, հիասթափվել: Որ հիմա վաթսունին մոտ ամուրի եմ, որ համեստ միջոցներով է ապրում՝ եռամսյակը մեկ տրվող նպաստներով. ինչպես տեսնում եմ՝ Ջոնը՝ մեր հարգարժան հյուրընկալողը, դեմ է, որ այս թեման շոշափեմ:
Ահա և իմ ներկայիս զբաղմունքների ու սովորույթների կանխավարկածը. ապրում եմ Քլեֆըմ փողոցում գտնվող մի կացարանում. մի շատ մաքուր, մութ սենյակ է պատվարժան տան մեջ. ցերեկները տանը չեմ լինում, սովորաբար առավոտյան իննին եմ տանից դուրս գալիս՝ իբր գործի եմ գնում: Նախաճաշին իմ հաց-կարագն ու կես բաժակ սուրճն եմ ընդունում հին մի սրճարանում՝ Վեստմինսթեր կամրջի մոտակայքում: Ապա՝ Քաղաք եմ գնում, չգիտեմ էլ՝ ինչու, ու նստում Գերըվեյի սրճարանում, երևի փոփոխության համար, հետո քայլում եմ մի փոքր, զննում որոշ գրասենյակներ ու այլ աշխատավայրեր, որտեղ ինձ հանդուրժում են որոշ ազգականներ կամ ծանոթներ, և որտեղ ցուրտ եղանակներին խարույկի կողքին եմ կանգնում: Այսպես է անցնում իմ օրը մինչև ժամը հինգը, հետո ճաշում եմ. վրաս, միջին հաշվով, մեկ շիլինգ ու երեք պենս է նստում:
Եվ քանի որ մի քիչ գումար է ավելանում իմ երեկոյան զբաղմունքների համար, տուն գնալիս մտնում եմ այն հին սրճարանն ու թեյում, երբեմն՝ մի կտոր կարմրահացով: Ու հենց ժամացույցի մեծ սլաքը կրկին իր պտույտն է կատարում դեպի առավոտվա ժամերը, ոտքերս նորից դեպի Քլեֆըմ փողոցն եմ ուղղում ու տուն հասնելուն պես քնում. կրակ վառելը թանկ է, և ընտանիքի անդամները դեմ են, ասում են՝ հոգսի ու կեղտի բույն է: Երբեմն ազգականներիցս կամ ծանոթներիցս մեկն ինձ մեծ սիրով ճաշի է հրավիրում: Սա հիմնականում տոն օրերին է լինում, որից հետո, սովորության համաձայն, այգում զբոսնում եմ: Ես մենակյաց մարդ եմ ու շատ հազվադեպ եմ որևէ մեկի հետ զբոսնում. ոչ թե նրա համար, որ քրջոտ տեսք ունեմ, ես ամենևին էլ քրջոտ տեսք չունեմ՝ միշտ էլ մի լավ, սև կոստյում եմ կրում (կամ ավելի ճիշտ օքսֆորդյան ոճի հագուստ, որն ասես սև լինի, և շատ ավելի լավն է), բայց ես ցածր խոսելու սովորություն ունեմ, բավական հանգիստ եմ, բարձր տրամադրություն չունեմ, և գիտակցում եմ, որ ցանկալի ուղեկից չեմ: Այս համընդհանուր կանոնից միակ շեղումը զարմիկիս տղան է՝ Փոքրիկ Ֆրենկը: Ես այդ երեխային մի յուրահատուկ սիրով եմ սիրում, ինքն էլ է ինձ շատ լավ վերաբերում: Նա էությամբ աշխույժ տղա է, բազմության մեջ այս ու այն կողմ է վազվզում, ու նրան չեն էլ նկատում: Ես և նա, սակայն, հիանալի հարաբերությունների մեջ ենք: Ինձ թվում է, որ ժամանակի ընթացքում այդ խեղճ երեխան կժառանգի ընտանիքում իմ այդ տարօրինակ դիրքը։
Մենք խոսում ենք, բայց քիչ. այդուհանդերձ՝ հասկանում ենք իրար: Ձեռք ձեռքի բռնած զբոսնում ենք, և առանց շատ խոսելու էլ նա գիտի, թե ինչ եմ ասում, ես էլ գիտեմ՝ ինքն ինչ է ասում: Երբ շատ փոքր էր, նրան տանում էի խաղալիքների խանութների պատուհանների մոտ ու ներսի խաղալիքները ցույց տալիս: Զարմանալի է. այնքա՜ն շուտ հասկացավ, որ իր համար անթիվ-անհամար խաղալիքներ կգնեի, եթե ունենայի դրա հնարավորությունը:
Փոքրիկ Ֆրենկն ու ես գնում ու դրսից Հուշարձանին ենք նայում (Հուշարձանը նրան շատ է դուր գալիս), նաև Կամուրջներին ենք նայում, առհասարակ ամեն տեսարանի, որին նայելն անվճար է: Իմ տարեդարձներից երկուսը տավարի սառեցրած մսով ենք նշել, կես գին վճարելով ներկայացում դիտել. անչափ հետաքրքիր էր: Մի անգամ քայլում էինք Լոմբարդ փողոցով (այնտեղով հաճախ ենք անցնում. ասել եմ, որ այնտեղ շատ հարուստներ են ապրում, շատ է սիրում Լոմբարդ փողոցը), երբ մի անցորդ տղամարդ ասաց ինձ. «Պարո՛ն, ձեր փոքրիկ տղան ձեռնոցը գցեց»: Հավատացնում եմ ձեզ, կներեք, իհարկե, այս չնչին հանգամանքը նշելուս համար, երեխային ինձ վերագրելու այս պատահական միջադեպը սրտիս դիպավ ու ստիպեց, որ աչքերումս անտեղին արցունքներ հայտնվեն:
Երբ Փոքրիկ Ֆրենկին տանեն գյուղի դպրոց, ես գլուխս կկորցնեմ, բայց ամիսը մեկ հաստատ այնտեղ ու օրվա երկրորդ կեսին կտեսնեմ նրան: Ինձ ասել են, որ այդ ժամերին նա դաշտում խաղալիս կլինի, և եթե իմ այցելություններին դեմ լինեն ու ստացվի այնպես, որ ես անհանգստացնում եմ նրան, ես կարող եմ նրան հեռվից նայել, առանց նրա՝ ինձ տեսնելու, ու նորից ետ գալ: Նրա մայրն ազնվական ծագում ունի, և, որքան գիտեմ, դուրը չի գալիս, որ այդքան մտերիմ ենք: Գիտեմ, որ դրանով նրա ամաչկոտ բնավորությունը չեմ շտկելու, բայց գիտեմ նաև, որ նա ինձ շատ կկարոտի, եթե ընդհանրապես չտեսնվենք:
Եթե մահանամ Քլեֆըմ փողոցում, ես այս աշխարհին շատ բան թողած չեմ լինի. շատ ավելին վերցրած կլինեմ աշխարհից, բայց այնպես է ստացվել, որ ես մի լուսավոր տղայի դիմանկար ունեմ՝ գանգրահեր է, հագին՝ մի բաց փթված օձիքով վերնաշապիկ, որը կրծքի տակ ալեկոծվում է (դիմանկարը մայրս էր պատվիրել, բայց չեմ կարողանում հավատալ, որ այդպիսին եմ եղել), սա, որ վաճառեն, դիմացը ոչինչ չեն ստանա. պիտի խնդրեմ, որ Ֆրենկին փոխանցեն: Ես դրա հետ մեկտեղ մի փոքրիկ նամակ եմ գրել իմ սիրելի տղային. գրել եմ, որ շատ եմ ցավում, որ բաժանվում ենք, թեև ստիպված եմ խոստովանել, որ այստեղ մնալու ոչ մի պատճառ չունեմ: Նրան, կարողացածիս չափով, մի քանի փոքր խորհուրդ եմ տվել՝ զգուշանալ ոչ մեկի, բացի ինքն իր թշնամին լինելու հետևանքներից, նաև ջանացել եմ հավատացնել նրան, որ ինչից ես եմ վախենում, նա պիտի լոկ կորուստ համարի, ցույց տալով, որ բոլորի համար, բացի իրենից, ես ավելորդ մեկն եմ եղել, և որ թեև ինչ-ինչ պատճառներով այս վիթխարի խմբում (հասարակության մեջ) իմ տեղը չեմ գտել, երբեք չեմ նեղվել դրանից:
Այսպիսին է (ասաց աղքատ ազգականը, կոկորդը մաքրելով, և սկսեց մի փոքր ավելի բարձր խոսել) ընդհանուր տպավորությունն իմ մասին: Հիմա արժե նշել այն հանգամանքը, որ կաղապարում է պատմությանս ասելիքն ու նպատակը. այս ամենը սխալ է: Սա իմ կյանքը չէ, սրանք էլ իմ սովորությունները չեն: Ես նույնիսկ Քլեֆըմ փողոցում չեմ ապրում: Եթե համեմատական անցկացնենք, շատ հազվադեպ եմ այնտեղ լինում: Բնակվում եմ ավելի շատ մի… (գրեթե ամաչում եմ այս բառն ասել. այնքան վերամբարձ է հնչում) մի Ամրոցում: Ի նկատի չունեմ, թե սա հին, բարոնական բնակարան է, բայց սա մի վայր է, որը միշտ բոլորին հայտնի է եղել հենց Ամրոց անունով: Ես պատմությանս ապացույցներն այստեղ եմ պահում:
Ահա թե ինչպիսին են դրանք.
Դա այն ժամանակ էր, երբ Ջոն Սփեթթերին (որն իմ օգնականն էր) ինձ գործընկեր դարձրեցի, երբ ես դեռ ընդամենը քսանհինգամյա պատանի էի, որն ապրում էի հորեղբոր՝ Չիլլի տանը: Հորեղբորիցս էական սպասելիքներ չունեի, քանզի համարձակվել էի Քրիստիանային ամուսնության առաջարկ անել: Երկար ժամանակ էր, որ սիրում էի նրան. շատ գեղեցիկ էր ու հմայիչ՝ բոլոր առումներով: Բայց այրի մորն այնքան էլ չէի վստահում. մի տեսակ շահադիտական նպատակներ ուներ, բայց փորձում էի որքան հնարավոր է լավը մտածել նրա մասին՝ հանուն Քրիստիանայի: Քրիստիանայից բացի ոչ մեկին երբևէ չէի սիրել, նա ինձ համար մի ամբողջ աշխարհ էր, նույնիսկ շատ ավելին՝ մեր մանկությունից ի վեր։
Մոր հավանությունը ստանալով՝ Քրիստիանան ընդունեց ինձ, և ես, իրոք, շատ երջանիկ էի: Հորեղբայր Չիլլի տանը իմ կյանքը մի տեսակ անգույն էր, իսկ ձեղնահարկում գտնվող իմ սենյակը ձանձրալի, աղքատիկ ու ցուրտ էր, ասես բանտախուց լիներ հյուսիսային մի խոժոռ դղյակում: Սակայն, ունենալով Քրիստիանայի սերը, այլևս ոչինչ չէի ուզում աշխարհում. ես ինձ բաժին հասած բախտը ոչ մի բանի հետ չէի փոխի:
Ագահությունը, ցավոք սրտի, հորեղբայր Չիլլի գլխավոր թերությունն էր: Չնայած հարուստ լինելուն՝ կորզում էր, պլոկում, ճանկում ու դժբախտ կյանքով ապրում: Քրիստիանայի՝ ունեցվածքից զուրկ լինելու պատճառով որոշ ժամանակ չէի համարձակվում նրան խոստովանել մեր նշանադրության մասին, սակայն նամակով պատմեցի ամեն ինչ: Մի գիշեր, երբ գնում էր քնելու, նամակը ձեռքը դրեցի: Հաջորդ առավոտ աստիճաններից ցած էի իջնում ու դողում էի դեկտեմբերյան ցուրտ օդից, որը դրսում ավելի սառն էր, քան հորեղբորս չտաքացվող բնակարանում (փողոցում ձմեռվա արևը մերթընդմերթ շողում էր և անցնող ուրախ դեմքերից ու ձայներից կենդանանում), հոգիս ճմլվում էր երկար ու ցածրիկ ճաշարան գնալիս, որտեղ հորեղբայրս էր նստած: Ընդարձակ սենյակ էր՝ փոքր բուխարիով, ներսում մի մեծ եռակողմ պատուհան կար. գիշերվա անձրևը, ասես անտուն մարդկանց արցունքներով, նշումներ էր արել դրա վրա: Սենյակը նայում էր դեպի անմշակ բակը՝ ճաքճքած քարե սալահատակով ու կիսահան եղած, ժանգոտած ցանկապատով, ուստի պատուհանից նայելիս մի անհրապույր շինություն էր երևում, որտեղ մի ժամանակ դիահերձարան է եղել (այն մեծ վիրաբույժի օրոք, որն այս տունը վարկով հորեղբորս էր տվել): Մենք միշտ այնքան վաղ էինք արթնանում, որ տարվա այդ եղանակին մոմի լույսի տակ էինք նախաճաշում: Երբ գնում էի սենյակ, հորեղբայրս ցրտից այնքան էր կծկված իր բազկաթոռին՝ կողքին մի թույլ մոմ, որ ես մինչև շատ չմոտեցա սեղանին, չնկատեցի նրան:
Հենց ձեռքս մեկնեցի նրան, բռնեց իր ձեռնափայտն ու (նշեմ, որ նա տանը միշտ ձեռնափայտով էր քայլում) փնչացրեց վրաս, ասաց. «Ա՛յ հիմա՛ր»:
«Հորեղբա՛յր,- ի պատասխան ասացի ես,- ես չէի սպասում, որ դու այսչափ կբարկանաս»: Չնայած շատ խոժոռ ու դժվար ծերուկ էր, միևնույնն է՝ չէի սպասում:
«Դու չէի՜ր սպասում,- ասաց նա,- դու ե՞րբ ես սպասում որ, ե՞րբ ես հաշվարկում ու հեռուն նայում, զզվելի շո՛ւն»:
«Վատ խոսքեր ես ասում, հորեղբա՛յր»:
«Վատ խոսքե՞ր: Սրանք դեռ ի՞նչ են քեզ նման հիմարի համար,- ասաց:- Բեթսի Սնեփ, այստե՛ղ արի: Սրան նայիր»:
Բեթսի Սնեփը մի թոռոմած, տգեղադեմ, դալուկ ծեր կին էր. մեր միակ տնասերը, որ առավոտվա այս ժամին միշտ զբաղված էր հորեղբորս ոտքերը շփելով: Հորեղբայրս, երբ խնդրում էր նրան ինձ նայել, իր նիհար ձեռքով բռնեց նրա գլխի կատարից (կողքին պպզած էր) ու նրա դեմքը դեպի իմ կողմը շրջեց: Անհանգստության պահին գլխումս մի միտք ակամայից նրանց երկուսին Դիահերձարանի հետ կապեց:
«Նայի՜ր այս անողնաշար փսլնքոտին,- ասաց հորեղբայրս,- այս մանկիկի՜ն նայիր: Սա այն երիտասարդն է, որ, ասում են, բացի իրենից ոչ մեկի թշնամին չէ: Սա այն երիտասարդն է, որը չի կարող ասել ոչ: Սա այն նույն երիտասարդն է, որն իր բիզնեսից այնքա՜ն մեծ շահույթ ուներ, որ հանկարծ գործընկերոջ կարիք ունեցավ: Սա հենց այն երիտասարդն է, որը պատրաստվում է ամուսնանալ մի կնոջ հետ, որ մի փեննի անգամ չունի, մեկը, որ ինքնակամ իրեն գցում է իմ մահը շահարկող ջեզաբելների ձեռքը»:
Արդեն գիտեի՝ որքան մեծ էր հորեղբորս կատաղությունը, քանզի նախկինում ոչինչ չէր կարող նրան ստիպել այդ վերջին բառն արտաբերել. նա դա այնքա՜ն զզվանքով էր մեջը պահել, այդպիսի բան նա ո՛չ երբևէ ասել էր, ո՛չ էլ՝ ակնարկել:
«Իմ մահը,- կրկնեց նա, ասես ինձ մարտահրավեր էր նետում, գուցե նաև մահ բառի հանդեպ իր սեփական ատելությանն էր մարտահրավեր նետում,- իմ մահը… մահը… մահը… բայց ես կխափանեմ նրանց մտադրությունները: Մի վերջին անգամ էլ քաղցդ բավարարիր այս տանիքի տակ, տկար թշվառակա՛ն, ու թող կերածդ կոկորդիդ կանգնի»:
Կարելի է ենթադրել, որ նախաճաշի ախորժակ այդքան էլ չունեի, նախաճաշ, որին այս պայմաններում էի հրավիրվել, թեև իմ մշտական տեղը զբաղեցրեցի: Տեսնում էի, որ հորեղբայրս ուրանում է ինձ այլևս, սակայն, ունենալով Քրիստիանայի սերը, հանդուրժում էի:
Նա իր հացի ու կաթի ափսեն սովորականի պես դատարկեց, միայն ափսեն ծնկների վրա դրեց ու աթոռը սեղանի հակառակ կողմը շրջեց, որ ինձ չտեսնի: Երբ ավարտեց, զգուշորեն փչեց մոմն, ու ցուրտ, թշվառ ու սև քարի գույն հագած օրը հայացքը հառեց մեզ:
«Հիմա, միսթր Մայքլ,- ասաց նա,- նախքան կբաժանվենք, կուզենայի քո ներկայությամբ այս կանանց հետ մի քանի խոսք փոխանակել»:
«Ինչպես կուզես, սը՛ր,- պատասխանեցի,- բայց դու քեզ խաբում ես ու դաժանորեն մոլորեցնում նաև մեզ, եթե կարծում ես, թե այս ամենի տակ բացի մաքուր, անշահախնդիր ու հավատարիմ սիրուց այլ բան է ընկած»:
Սրան նա ընդամենը պատասխանեց. «Դու ստո՛ւմ ես» և ուրիշ ոչ մի բառ:
Մենք քայլում էինք կիսահալված ձյան ու կիսասառը անձրևի միջով դեպի տունը, որտեղ Քրիստիանան ու իր մայրն էին ապրում: Հորեղբայրս նրանց շատ լավ էր ճանաչում: Նրանք նախաճաշում էին և զարմացած էին այդ ժամին մեզ տեսնել:
«Ես՝ ձեր ծառան, մե՛մ»,- ասաց հորեղբայրս մորը:
«Համարձակվում եմ ասել, որ կռահում եք իմ այցի նպատակը, մե՛մ: Ինչպես տեսնում եմ՝ մաքուր, անշահախնդիր, հավատարիմ սիրո մթնոլորտ է տիրում այստեղ: Ուրախ եմ, որ կարողացել եմ այն ամբողջացնել ու բերել եմ ձեր փեսային, մե՛մ, իսկ ձեզ՝ ձեր ամուսնուն, մի՛սս: Այս երիտասարդը միանգամայն անծանոթ է ինձ, բայց հաջողություն եմ մաղթում իր այս խելացի գործարքում»:
Դուրս գալիս գոռաց վրաս, և ես նրան այլևս չտեսա:
Ընդհանուր առմամբ սխալ է ենթադրել (շարունակեց աղքատ ազգականը), որ իմ սիրելի Քրիստիանան մոր ազդեցության տակ ամուսնացել է հարուստ մեկի հետ, որի կառքի անիվների կեղտը մշտապես, այս փոխված ժամանակներում, անցնելիս ինձ վրա է թռչում, երբ Քրիստիանան անցնում է կառքով։ Ո՛չ, ո՛չ: Նա ինձ հետ ամուսնացավ:
Ահա թե ինչ պատահեց, որ մենք սպասվածից շուտ ամուսնացանք: Ես մի համեստ տուն վարձեցի և միշտ, հանուն նրա, խնայում էի ու ամեն ինչ նախօրոք պլանավորում, երբ մի օր նա ինձ հետ խոսեց ամենայն անկեղծությամբ և ասաց.
«Սիրելի՛ Մայքլ, ես քեզ եմ տվել սիրտս: Ասել եմ՝ սիրում եմ քեզ: Ինքս ինձ խոստացել եմ, որ քո կինն եմ լինելու: Ես հիմա, այս լավ ու վատ փոփոխությունների մեջ քոնն եմ նույնքան, որքան ասես ամուսնացած լինեինք հենց այն օրը, երբ այսպիսի խոսակցություններ սկսեցին մեր միջև: Ես քեզ լավ եմ ճանաչում և գիտեմ, որ եթե մենք բաժանվենք, եթե մեր միասնությունը փլուզվի, քո ամբողջ կյանքը ստվերի տակ կառնվի, և այն ամենն ինչ կարող էր ավելի ուժեղ լինել քո բնավորության մեջ, այս աշխարհի հետ քո բախման հետևանքով կթուլանա, և քեզնից բան չի մնա»:
«Աստված ինձ օգնական, Քրիստիա՛նա,- ասացի ես,- ճիշտ ես ասում»:
«Մա՛յքլ,- ասաց նա՝ ձեռքը ձեռքիս մեջ դնելով անկեղծ նվիրվածությամբ,- արի երբեք իրարից չբաժանվենք: Միայն ուզում եմ ասել, որ ես կարող եմ բավարարվել քո ունեցած միջոցներով, և լավ գիտեմ, որ երջանիկ ես: Ես սրտիս խորքից եմ խոսում: Այլևս երբեք միայնակ մի՛ պայքարիր, արի պայքարենք միասին: Սիրելի՛ Մայքլ, ճիշտ չէ, որ ես քեզանից գաղտնիք ունեմ, որի մասին դու կասկած անգամ չունես, սակայն որը կրծում է հոգիս: Մայրս՝ առանց հաշվի առնելու, որ այն ինչ դու կորցրել ես, ես էլ եմ կորցրել, հարուստների կողմն է նայում ու ինձ մեկ այլ բան պարտադրում, ի դժբախտություն ինձ: Ես չեմ կարող հանդուրժել այս ամենը, քանզի սա հանդուրժել, կնշանակի ինձ քո հանդեպ սխալ պահել: Ես ավելի շուտ քեզ հետ կպայքարեմ, քան կհետևեմ նրան: Ես քո տվածից ավելի լավ տուն չեմ ուզում: Գիտեմ, որ կձգտես ու ավելի համարձակ կաշխատես, եթե ես ամբողջովին քոնը լինեմ, և թող հենց այդպես էլ լինի»:
Ես այդ օրն, իրոք, օրհնվեցի, և մի նոր աշխարհ բացվեց ինձ համար: Քիչ ժամանակ անց մենք ամուսնացանք, և ես կնոջս մեր երջանիկ տունը տարա: Հենց այս ժամանակվանից սկսեցինք ապրել տանը, որ ասում էի՝ Ամրոց, որտեղ ապրում ենք մինչ օրս: Մեր բոլոր երեխաներն այնտեղ են ծնվել: Մեր առաջին երեխան (հիմա ամուսնացած է), փոքրիկ աղջիկ էր, որին Քրիստիանա անվանեցինք: Նրա տղան Փոքրիկ Ֆրենկին այնքան նման է, որ հազիվ եմ տարբերում:
Ներկայիս տպավորությունը գործընկերոջս և իմ հարաբերությունների մասին նույնպես բավական սխալ է: Նա ինձ հետ սառը չի եղել, չի վերաբերվել որպես աղքատ ապուշի, երբ հորեղբորս հետ վերջնականապես ընդհարվեցի, ոչ էլ դրանից հետո աստիճանաբար ներգրավվել է իմ բիզնեսի մեջ և ինձ դուրս շպրտել: Ընդհակառակը՝ ինձ ամենայն բարեխղճությամբ ու պատվով է վերաբերվել:
Մեր միջև հետևյալն է եղել. հորեղբորիցս բաժանվելու օրը, նույնիսկ նախքան մեր գրասենյակ գնալը (արկղերը հետո ինքն ուղարկեց. դրանց փոխադրման համար չվճարեցի), իջա մեր փոքրիկ գրասենյակը, որը մեր փոքրիկ նավամատույցի վրա էր գտնվում՝ դեպի գետը տեսարանով, և այդտեղ Ջոն Սփեթթերին պատմեցի կատարվածը: Ջոնը որպես պատասխան չասաց, թե ծեր, հարուստ բարեկամները սովորական բան են, և որ սերն ու զգացմունքը խաբուսիկ են ու հորինվածք: Նա այսպես ասաց.
«Մա՛յքլ,- ասաց Ջոնը,- մենք միասին սովորել ենք դպրոցում, ես սովորաբար ավելի ճարպիկ էի և ավելի լավ համբավ ձեռք բերեցի»:
«Ճիշտ որ, Ջո՛ն»:
«Չնայած՝ վերցնում էի գրքերդ ու կորցնում, գրպանիդ գումարն եմ վերցրել և երբեք չեմ վերադարձրել, ստիպել եմ, որ ավելի բարձր գնով, քան ինքս էի ձեռք բերել, գնես վնասված դանակներս և քեզ վրա եմ բարդել իմ կոտրած պատուհանները»,- ասաց Ջոնը։
«Չարժե հիշատակել այս ամենը, Ջո՛ն Սփեթթեր,- ասացի ես,- բայց, իհարկե, ճիշտ ես ասում»:
«Երբ դու դեռ նոր էիր այս գործը սկսել, որ ծաղկելու մեծ հնարավորություն ուներ,- շարունակեց Ջոնը,- քեզ դիմեցի, ու թեև ցանկացած գործ պատրաստ էի անել, դու ինձ քո օգնականը դարձրեցիր»:
«Նորից եմ ասում՝ պետք չէ հիշատակել, իմ սիրելի՛ Ջոն Սփեթթեր,- ասացի ես,- չնայած՝ էլի ճիշտ ես ասում»:
«Եվ համարելով որ գործից գլուխ եմ հանում և որ ես, իսկապես, օգուտ էի տալիս գործին, դու չցանկացար ինձ այդ պաշտոնում թողնել և ինձ քո գործընկերը դարձրիր»:
«Սա ավելի չարժե հիշատակել, քան քո նշած փոքր հանգամանքներից յուրաքանչյուրը, սիրելի՛ Ջոն,- ասացի ես,- քանի որ ես զգացել և հիմա էլ զգում եմ քո առավելություններն ու իմ թերությունները»:
«Իսկ հիմա, իմ լա՛վ ընկեր,- ասաց Ջոնը՝ ձեռքս բռնելով ճիշտ ինչպես դպրոցական տարիներին (իսկ մինչ այդ մեր գրասենյակի պատուհանից երևացող այն երկու նավակները, ասես նավի ետևի պատուհաններ լինեին, հոսանքի ուղղությամբ գետն ի վար էին թեթև լողում, ինչպես ես ու Ջոնը փոխադարձ վստահության և հավատի մեջ կնավարկեինք մեր կյանքի ողջ ճանապարհորդության ընթացքում),- թող այստեղ, այս ընկերական միջավայրում, փոխըմբռնում լինի մեր միջև: Դու չափազանց հանդարտ մարդ ես, Մա՛յքլ: Դու, բացի քեզնից, ոչ մեկի թշնամին չես: Եթե ես աչք փակեի բնավորությանդ այդ վնասող գծի վրա ուսս թոթվելով ու ձեռքսեղմումով ու հոգոց հանելով, և եթե հետագայում չարաշահեի քո վստահությունը…»
«Բայց դու այն երբեք չես չարաշահի, Ջո՛ն»,- նկատեցի ես:
«Երբե՛ք,- ասաց նա:- Եզրափակեմ խոսքս. ասում եմ՝ եթե ես հետագայում չարաշահեի քո վստահությունը՝ մեր ընդհանուր գործի մի մասը գաղտնի պահելով, մյուս մասը լուսաբանելով, հետո նորից առաջինը մի քիչ երևան հանելով, և այսպես շարունակ, ես ավելի կհզորանայի՝ քեզ ավելի թուլացնելով այնքան ժամանակ, մինչև ես կհայտնվեի վերելքի ճանապարհին, իսկ դու հետևում կմնայիր՝ չնչին խնայողություններով՝ ինձանից հազարավոր մղոններ հեռու»:
«Անշո՛ւշտ»,- ասացի ես:
«Այս ամենից, Մա՛յքլ,- ասաց Ջոն Սփեթթերը,- կամ սա իրականություն դառնալու ամենաչնչին հնարավորությունից խուսափելու համար, մեր միջև բացառիկ անկեղծություն պետք է լինի: Իրարից ոչինչ գաղտնի չպիտի պահենք և մի ընդհանուր շահ պիտի ունենանք»:
«Իմ սիրելի՛ Ջոն Սփեթթեր, ես էլ հենց դա եմ ուզում»:
«Եվ քանի որ դու չափազանց դյուրահավատ ես,- շարունակեց Ջոնը (դեմքից ընկերասիրություն էր հորդում),- ինձ պիտի թույլ տաս քո բնավորության մեջ այդ թերության առաջն առնել, որ որպես առավելություն է ընկալվում, չկարծես, թե կատակում եմ…»:
«Իմ սիրելի՛ Ջոն Սփեթթեր,- ընդհատեցի ես,- ՉԵՄ ասում, թե կատակում ես: Ուզում եմ ուղղել դա»:
«Ես նույնպես»,- ասաց Ջոնը:
«Ճիշտ այդպես,- բղավեցի ես,- երկուսս էլ նույն նպատակն ունենք, և պատվով դրան իրականցմանը ձգտելով և մեկս մյուսիս լիովին վստահելով, ու նույն շահը հետապնդելով՝ կունենանք պտղաբեր և ուրախ համագործակցություն»:
«Համոզված եմ դրանում»,- հավելեց Ջոն Սփեթթերը, և մենք ավելի մեղմորեն իրար ձեռք սեղմեցինք:
Ես Ջոնին իմ Ամրոց տարա, և միասին շատ ուրախ օր անցկացրինք: Մեր համագործակցությունը արագ ծաղկում էր: Ընկերս և գործընկերս, ինչպես և կանխազգում էի, ցանկացած ժամանակ օգնության ձեռք էր մեկնում, և ինձ ու իմ գործերը բարելավելով, խորապես ընդունում էր իր կյանքում ցանկացած փոքրիկ վերելք, որին իմ միջոցով էր հասել:
Ես շատ հարուստ չեմ (ասաց աղքատ ազգականը՝ ձեռքերը շփելիս կրակին նայելով), քանզի իմ առաջ երբեք այդպիսի նպատակ չեմ դրել, բայց ես բավարար միջոցներ ունեմ և կարող եմ ինձ թույլ տալ ցանկացած տեսակի համեստ ցանկություններ ու փափագներ: Իմ Ամրոցը հոյակերտ պալատ չէ, բայց այն շատ հարմար է, և տաք ու զվարթ օդ կա ներսում՝ իսկական Տան պատկեր:
Մեր մեծ աղջիկը, որը մորը շատ է նման, ամուսնացավ Ջոն Սփեթթերի մեծ որդու հետ: Մեր երկու ընտանիքները շատ ամուր կապով են կապված: Հաճելի է, երբ երեկոները միասին հավաքվում ենք (մի բան, որը շատ հաճախ է լինում), և Ջոնն ու ես հին օրերն ենք հիշում և այն ընդհանուր շահը, որ միշտ ուղեկցել է մեզ:
Իմ Ամրոցում ես իսկապես չգիտեմ, թե ինչ է մենակությունը: Մեր երեխաներից կամ թոռներից ոմանք միշտ մոտակայքում են, իսկ ժառանգներիս երիտասարդ ձայները բերկրալի են (Օ, որքա՜ն բերկրալի) ականջիս: Իմ ամենասիրելի և նվիրված կինը՝ հավերժ հավատարիմ, հավերժ սիրող, հավերժ օգնելու պատրաստ և ուժ տվող ու մխիթարող, անգին օրհնությունն է իմ տան, որից ցայտում են տանս մնացած բոլոր օրհնությունները։ Մենք բավական երաժշտական ընտանիք ենք, և երբ Քրիստիանան տեսնում է ինձ մի փոքր հոգնած կամ ընկճված, վազում է դաշնամուրի մոտ ու մի քաղցր մեղեդի նվագում՝ այն, որ միշտ նվագում է մեր նշանադրության առաջին օրից:
Այնքան թույլ մարդ եմ, որ ուրիշ ոչ մեկի կատարմամբ այս մեղեդին չեմ կարող լսել: Մի անգամ Թատրոնում եմ լսել, երբ գնացել էի այնտեղ Փոքրիկ Ֆրենկի հետ, և տղան զարմանքով հարցրեց. «Զարմի՛կ Մայքլ, այս ո՞ւմ տաք արցունքները ձեռքիս թափվեցին»:
Այսպիսին է իմ Ամրոցը, և այսպիսին են այնտեղ պահպանված կյանքիս իրական մարմնամասները: Ես Փոքրիկ Ֆրենկին հաճախ եմ այնտեղ տանում: Թոռներս նրան մեծ սիրով են ընդունում ու միասին խաղում են: Տարվա այս ժամանակը (Սուրբ Ծնունդ և Նոր Տարի) ես հազվադեպ եմ իմ Ամրոցից դուրս գալիս, քանզի այս եղանակի հետ կապված հիշողություններն են ինձ այստեղ պահում, իսկ եղանակի խորհուրդներն ինձ սովորեցնում են, որ այստեղ լինելը հարմար է:
«Եվ Ամրոցը…»,- նկատեց մի խոհեմ, բարի ձայն ներկաների միջից:
«Այո, իմ Ամրոցը,- ասաց աղքատ ազգականը՝ գլուխը շարժելով և հայացքը՝ դեռ կրակին,- օդում է: Ջոնը՝ մեր հարգարժան հյուրընկալողը, ճիշտ նկատեց: Իմ Ամրոցն օդում է: Ես ավարտեցի պատմությունս։ Հաջորդն ո՞ւմ հերթն է»։
Թարգմանությունը անգլերենից՝ Լիլիթ Ղազարյանի
