Պատմություն հակադարձ ուղղությամբ. ճակատագրի ևս մեկ տպավորիչ տարբերակ ու բացատրություն
Սուսաննա Հարությունյանն արդեն ութ գիրք ունի հրապարակած, որոնց մեծ մասը սակայն ընթերցողի մեծ մասը չի տեսել, ես էլ չեմ տեսել նախորդները, միայն այս վերջինը նա ինձ անձամբ նվիրեց, և ես հաճույքով կարդացի: Ես նրան հայտնաբերել եմ վաղուց, սակայն՝ ռուսերեն թարգմանած իր պատմվածքներից: 2003-ին վրացի և աբխազ գործընկերներիս հետ կովկասյան արձակագիրների ժողովածու էի պատրաստում ռուսերեն («Время жить»), որի համար էլ առաջին անգամ ընտրեցի Սուսաննայի պատմվածքները: Հայերեն դժվար է նրա շատ գործեր գտնել համացանցում: Տպաքանակներն էլ շատ փոքր են: Մեր գրական ոլորտը խորշայնացած է, և փաստորեն խմբակներն են միմյանց ճանաչում հիմնականում՝ ԽԾԲ սկզբունքով հաճախ: Մինչդեռ Սուսաննայի գրական վարպետությունը դուրս է որևէ խմբակայնությունից և համահայկական մակարդակի է, ինչպես նաև միջազգային: Կարդալը կարևոր է, նույնիսկ եթե տեղյակ եք որ նա մի շարք պարգևատրումներ ունի, եթե անվանը տեղյակ եք՝ դա քիչ է: Կարդալը կարևոր է:
Նրա երկու գիրք, ներառյալ սույն վեպը, որի մասին խոսում եմ, հասանելի դարձան նաև էլեկտրոնային տարբերակով այժմ, շնորհիվ Յավրուհրատի[1]:
Նրա պատվածքները՝ նովելային մեծ մասամբ, շատ հստակ պրոֆեսիոնալ գործեր են, որ ինձ վաղուց են դուր գալիս. ես դրանց ու իր գրական խոհանոցի մասին զրուցեցի նրա հետ վերջերս[2]:
Իսկ ահա վեպի մասին չհասցրեցի զրուցել, քանի որ պատմվածքների շուրջ զրույցը ողջ ժամանակը սպառեց: Հիմա ուզում եմ գրել, քանի թարմ է տպավորությունս:
Վեպը շատ նշանակալի է, ժանրով փաստորեն ասք է մի գյուղի մասին:
Սուսաննա Հարությունյանը կերտում է գյուղի մի կերպար, որը լի է հարստությամբ նաև այն պատճառով, որովհետև գեղարվեստորեն քարտեզագրում է ևս մեկ մաս հայոց աշխարհի. և՛ «աշխարհագրական» իմաստով՝ «սպիտակ բիծը» լցնում, և՛ մշակույթի ու գրականության ու հոգևորի լմնման իմաստով. քանի որ մեր կետագծային մշակույթում չափից դուրս շատ են այդպիսի «սպիտակ բծերը»: Նա խոսեցնում է, ինչպես Հրանտ Մաթևոսյանն էր ասում, նրանց, ովքեր պատմության դասագրքերում այլապես չէին արտացոլվելու, քանի որ մեծ «իշխի» մասշտաբներով՝ լավագույն դեպքում ստատիստիկա են, ոչ թե «հերոս», ոչ թե «պատմության գործող անձ»: Այդ լրացումը՝ հայոց արձակի «քարտեզի», հատկապես պիտի գնահատվի. հաճախ չի դա կատարվում հաջողությամբ ու գեղարվեստորեն համոզիչ, ու երբ կատարվում է՝ մեր գրականության մեջ իրադարձություն է:
Ինչն է հատկապես տպավորիչ. լեզուն շատ մշակված է ու հարուստ և ընթերցողին հարստացնող. ոչ միայն տեղական տերմիններով, երբ կարևոր բառեր վերադառնում են ակտիվ բառապաշար, նաև՝ ոճը շատ խնամված է ու մշակված: Երբեմն Սուսաննայի պատմվածքները, որտեղ սյուժեն է կարևոր՝ իրադարձությունների շարքը, ավելի բազմաոճ են և դա չհիմնավորված է, իսկ այստեղ ողջը մի ընթացքով է գրված, չհաշված գուցե այն ավելի աղքատիկ ու հեղինակին հատկապես չսիրելի իրադարձությունների մասին մի քանի էջը, երբ միլիցիան և այլք հետևում են ռազմագերիներին:
Շատ հարուստ է պատկերավորությունը. և՛ բնության նկարագրությունները, և՛ հեղինակի ու հերոսների խոսքի մեջ եղածը: Բնության նկարագրությունն ինձ հատկապես հետաքրքիր է, քանի որ Սևանի շուրջ է գործողությունը կատարվում, իսկ ես Սևանի Շորժա ափի հետ հատուկ հարաբերություն ունեմ մանկուց, մնացած կողմերն էլ լավ գիտեմ՝ կղզի, Մարտունու կողմ, և ինձ հետաքրքիր էր միշտ Վարդենիսի ափը, որն ավելի քիչ բացատրելի էր, ու Սուսաննայի նկարագրածը շատ կարևոր է այդ բացը լրացնելու հարցում:
Իմաստությունն ու պատկերավորությունը հեղինակի ու գործող անձանց խոսքի մեջ շատ հաճախ է ու հարուստ, մտածելու հսկայական տեղ է տալիս: Դրանցից ամեն մեկը երևի կարող էր Սուսաննայի նովելների առանձին մեխ լինել, իր նովելները հաճախ այդպես են կառուցված. մի որևէ իմաստության անսպասելի ի հայտ գալու վրա: Եթե թերություն է՝ ապա այն, որ գործող անձանց կողմից արտահայտվող իմաստությունները երբեմն հարիր չեն իրենց իսկ գետնահար կենցաղին ու խեղճ ճակատագրին, այսինքն այդպես մտածող ու հասկացող, այդքան իմաստուն մարդը վայ թե իրեն այլ ճակատագիր ընտրեր, ասենք՝ ողջ կյանքը գյուղում փախած թաքուն չապրեր: Սրա հետ կապված է նաև մեկ այլ հանգամանք. որ հեղինակի կողմից ձևակերպած իմաստությունն ու հերոսներինը հաճախ նույն ոճի է, այսինքն կարծես հեղինակն իր բառերը դրած լինի հերոսի բերան:
Սյուժեն, ինչպես ասացի, ասք է: Շատ կարևոր են այն դրվագները, որոնք ցույց են տալիս դիպվածները՝ հերոսների նախորդ կյանքից (ցեղասպանությունից, մինչ այդ, հատկապես այդ ընթացքում, նաև դրանից անմիջապես հետո) և «այսօրվա» (մոտավորապես՝ 20-րդ դ. քսանական-երեսնականներ)՝ հետցեղասպանական գյուղական կյանքից: Ցեղասպանային գրականությանը մեծ գլխավոր ավելացում եմ համարում հավելյալ ու աննախադեպ սարսափների արձանագրումը, որ Սուսաննային հաջողվել է. «ներքին» սարսափների, այսինքն ոչ թե այն, ինչ թուրքն է արել, այլ այն, ինչպե՛ս է այդ արհավիրքն ազդում մարդկանց հոգեբանության վրա, ի՛նչ արարքների մղում նրանց ու ի՛նչ մարդ թողնում դրանից հետո, դա վերապրածներից ի՛նչ մարդ կռում:
Վեպը լի է սարսափելի դաժան պատկերներով, և՛ ցեղասպանության ժամանակներից, և՛ դրանից հետո՝ գյուղի կյանքում տեղի ունեցող: Դա այն մոտեցնում է «սև» գրականությանը, սակայն իհարկե շատ լավ իմաստով: Սուսաննան ընդհանրապես դաժանությունից չի խորշում, ես դա գիտեի իր պատմվածքներից: Այդ դաժանությունը՝ որ ներծծված է նրա գրականության մեջ, որոշակի հետևությունների առիթ է տալիս, որը կանեմ սույն սյունյակի վերջում:
Ես քիչ եմ կարդացել Խեչոյան կամ Վրեժ Իսրայելյան, բայց ինչ որ կարդացել եմ՝ հենց դա է ուշադրությունս գրավել. հենց այդ դաժանությունների անսքող պատկերը գյուղական կյանքի: Նախաանկախային գրականության մեջ դա կարծես չկար կամ այդքան ակնառու չէր, իմ կարդացածում չի հանդիպել կամ քիչ է հանդիպել: Մինչ այդ էլ կար մեր պատմվածքագրությունում, ասենք Վրթանես Փափազյանի և շատ ուրիշների գրածներում, բայց մի տեսակ շատ ավելի մեղմիկ, «հումանիստական»: Կամ ինձ էր այդպես թվում, քանի որ իմ կյանքից հեռու էր: Ասենք, Բակունցի «Ալպիական մանուշակում» կնոջ նկատմամբ բռնությունը նույնպես այդ ոլորտից է, բայց սովետական ժամանակվա ինձ թվում էր անցած-գնացած բան, ու էլի շատ աչք խփող չէր:
Իմ սովետական ժամանակ դա կար բանավոր պատմությունների մեջ ու իմ սեփական ապրածի, ասենք դպրոցահասակ երեխաներիս դաժանությունը հենց Երևանում էլ: Գրականության մեջ՝ գրեթե ոչ: Երբ ղաչաղները երեխայի աչքի առաջ սպանում են հորը Հրանտի մի գործում՝ ինձ թվում էր դա դաժանության գագաթնակետ:
Գուցե գրականության մեջ այն ժամանակ դաժանություն այդքան չկար ցենզուրայի պատճառով, գուցե՝ որովհետև ինչ էլ լինի՝ բայց կար հույս, սովետի գաղափարախոսության մարած, մարող, բայց էլի առկայծող հույսը:
Գուցե այդ դաժանությունն է, որ նաև պայմանավորում է մեր «պոստմոդեռն» գրականությունը՝ «խրատից զուրկ», մեկ այլ, ոչ «սուսաննայական», ոչ «գրողների միութենական» խորշում այլ կերպ արտացոլվող:
Դաժանությունն այն է, երբ կատարվում է անարդար դաժանություն ու ոչ հերոսները, ոչ հեղինակը դրա վրա ռեֆլեքսիա չեն անում շատ, դա իրադրությունն է «ինչպես որ կա». դա իրոք «էպիկական», «հոմերոսյան» ժամանակներ են, երբ «խիղճ» հասկացության հետքրիստոնեական, վերածննդային, լուսավորչական ու մոդեռնիստական ըմբռնումը՝ այդ գալարներով զարգացած, զտված դարերի ընթացքում՝ չկա: Եթե մինչ այդ չկար որովհետև չէր հայտնաբերվել՝ ապա այժմ չկա որովհետև չի դիմացել դաժանությանը, «կրվել» է, աղավաղվել: Հենց այդ էին ասում Եվրոպայի էկզիստենցիալիստները. որ պատերազմից, նացիզմից հետո հնարավոր չէ այլևս հին տեսակի գրականություն:
»»»
Բացի «հոմերոսյան» ու ընդհանրապես «էպոսային» արձակից՝ հայտնի է, որ այդ դաժանությունը հատուկ է նաև հեքիաթներին: Վերջերս հաճելի պատճառով (մի երեխայի պիտի զվարճացնեի) վերընթերցում էի Անդերսենի «Ձյունե թագուհին»: Թվում է, հեքիաթը հենց դաժանության դեմ է: Սակայն կա այնտեղ մի պահ, որը նման թվաց և՛ «նախաքրիստոնեական» գրականությանը, և՛ Սուսաննայի վեպին. երբ արքայազնն ու արքայադուստրը ճանապարհում են Գեռդային ոսկեզօծ կառքով, հետն ուղարկելով նաև մի շարք ծառաների՝ կառքի վրա հարձակվում են ավազակները: Ավազակապետուհու դուստրը փրկում է միայն Գեռդային. առարկում ժամանակին, երբ ավազակապետուհին ուզում էր նաև Գեռդայի կոկորդը կտրել: Եվ հետո այդ աղջիկը, դաժանության հետ խաղալով հանդերձ, դրսևորում է մեծահոգության խոշոր տաղանդ՝ ոգեշնչված Գեռդայի հավատարիմ ու անձնազոհ կերպարից:
Սակայն Գեռդայի հետ ճամփա ընկած ծառաները կոտորվում են տեղնուտեղը, երբ ավազակները հարձակվում են կառքի վրա, անխնա, ու այլևս երբևէ մեջտեղ չեն գալիս. ոչ լուր, ոչ ափսոսանք նրանց մասին… Ավելին. ոչ միայն Գեռդան, իր Կային փրկելով տարված, նրանց երբևէ չի հիշում, ոչ էլ նրանց ժամանակին ուղարկած արքայադուստրն ու արքայազնը… Ամենակարևորը՝ Գեռդայի վերաբերմունքը դեպ ավազակապետուհու աղջիկը չի փոխվում դրանից, չի մթագնում նույնիսկ ապագայում, երբ նրանք ընկերանում են: Նա փաստորեն սիրում է այդ աղջկան, չնայած այդ սպանդին:
Մի պահ երևացին այդ ստատիստները, այդ «ստատիստիկան», փորձելով ծառայել, ինչպես որ իրենց հանձնարարված էր՝ ու կորան, կոտորված, ասես չէին էլ եղել, ու մի տող մնաց միայն նրանց ճակատագրի մասին՝ համաշխարհային հեքիաթում:
Նմա՞ն է արդյոք դա «Ռոզենկրանցի ու Գիլդենստերնի օրենքին»՝ այդպես վարպետորեն Ստոպպարդի կողմից վերհանված. որ անցողիկ կերպարները գոյություն ունեն միայն այն պահին, երբ դեր ունեն, ու կորում են անհետ դերի վերանալու հետ… իսկ հետո գուցե նորից հայտնվեն, եթե պետք են ու դեռ կոտորված չեն… Թե՞ Անդերսենը հատուկ է այդպես արել, որովհետև հեքիաթի ժանրի օրենքն է դա՝ այդ դաժանությունը. գոնե երբեմն՝ լինել անողորմ՝ մարդկանց նկատմամբ, ինչպես կույր կյանքն ինքը: Եվ ոչ միայն կոտորվողների, այլև նրանց, ովքեր այդ կոտորածներին ներկա են ու շարունակում են հետո ապրել՝ երբևէ չնշելով, չհիշելով կոտորվող/կոտորվածների:
Սուսաննայի վեպում այդպես չէ. ցեղասպանության զոհերին հիշում են, իսկ եթե ոչ՝ ապրելու ուժ ունենալու խաթր միայն, որ վերացարկվեն: Բայց երբեմն ու ոմանց այնտեղ էլ չեն հիշում. տես ստորև:
Դա միակ պահն է Անդերսենի հեքիաթում, երբ անսքող դաժանությունը չի ռեֆլեքսավորվում, և այդ պատճառով աչք է խփում: Ու չես հասկանում. արդյոք հեղինակի բացթողում է դա, ժանրի օրենք, ժամանակի «բարք» թե հերոսների որակ:
Ֆոլկլորային գրականությունը լի է այդպիսի «չմոտիվացված» դաժանության դրվագներով:
Լրիվ ճշգրիտ լինելու համար նշենք նաև, որ աղջիկը մեղավոր չէր. աղջիկը միայն փրկում է Գեռդային և հետո իր մեծահոգությամբ՝ օգնում փրկել Կային. մեղավորն իր մայրն է և այլ մեծահասակ ավազակները: Եթե Գեռդան կամ հեղինակը դա ինչ-որ ձևով արտահայտեին՝ հարց չէր առաջանա: Բայց նրանք չեն անում:
Եվ ճիշտ հակառակ կերպով է ծնողի դաժանությունն ազդում դստեր նկատմամբ վերաբերմունքի վրա մեկ այլ գործում, Լև Տոլստոյի «Պարահանդեսից հետո» պատմվածքում, մի վաթսուն տարի այս հեքիաթից հետո գրված (և, իհարկե, այլ, ոչ ֆոլկլորային ժանրի գործ). այստեղ հենց (ծնողի) այդ դաժանությունն է գլխավոր հերոսը, և հենց այն է, որ սպանում է սերը դստեր նկատմամբ: Տոլստոյն ասում է, որ պատահական դաժանություն չի լինում, և որ չի լինում արդարացված դաժանություն:
»»»
Եվ դա պատահական չէ:
«Ժամանակակից» մոդեռն վեպը (ասենք, Սերվանտեսից սկսած) ստեղծվել էր այդ ռեֆլեքսիայի շահագործման վրա, խղճի հարցի շուրջ: Հենց դրանով էլ «էպոսից» ու «ֆոլկլորից» տարբեր էր: Երբ խղճի հարցի շուրջ կրկին ռեֆլեքսիան չկա, այս անգամ արդեն «իմաստունանալուց հետո», «Տոլստոյից հետո», այսինքն ոչ թե «նայիվորեն». երբ այն թողնված է միայն ընթերցողին՝ ապա ժամանակակից վեպն այլևս մոդեռնիստական չէ: Իսկ ինչպիսին է՝ դեռ չգիտենք, քանի որ առանց արժևորման արժեք ունենալը դժվար է:
Դրա համար է նաև, որ Սուսաննայինը «ասքի» ժանր է:
Իհարկե դրա (խղճի «արկածների») թրթիռ կա, դողդոջ: Ասենք՝ աբորտ անել թե չէ թուրքի բեղմնավորած սաղմերին՝ գյուղում շատերը մտածում են, ոմանք երկմտում: Սակայն հենց այն, որ հենց այդ գաղափարի մասին մտածելն արդե՛ն իսկ դուրս է չարի և բարու սահմաններից՝ մտքներովը չի անցնում վայ թե, համենայն դեպս չի ֆիքսվում ռեֆլեքսավորված, բացի տեքստից մակաբերվող՝ ընթերցողի սեփական ռեֆլեքսիայի: Եվ կարող ես հասկանալ, թե ինչու են ուզում աբորտ անել. վախ կա, որ կմեծանան ու «թուրք կդառնան» ու էլի սարսափ կանեն: Դա վրեժ չէ, այլ վախ երևի: Սակայն դա նշանակում է մարդու բանականության շատ խոշոր հանգում, խոտորում, խոշտանգում, քանի որ այդքան խորիմաստ ու գեղեցիկ մտքեր արտահայտող գյուղը չպիտի որ տատամսեր հաջորդ քայլն անելու բանականության, որ նույնիսկ Ստալինն էր արել ինչ-որ պահի, իհարկե իր կարիքներից ելնելով, – և եզրակացնել, որ պտուղը ծնողի համար պատասխանատու չէ:
Սա այն է, ինչ Գեռդան է անում. նա ավազակապետուհու դստերն իր մոր դաժանության համար չի մեղադրում. և այն է, ինչ չի անում Տոլստոյը, որի հերոսը հրաժարվում է իր անմեղ և գեղեցկատես սիրուց՝ նրա հոր դաժանության պատճառով:
Ահա և հանկարծ տեսնում ենք, որ, վայ թե, անխուսափելի է ծնողի դաժանության դեպքում պտղի ապագա դաժանության մասին չմտածելը: Բայց անխուսափելի չէ, այդ մտածելով հանդերձ, մեծահոգի ու անկանխակալ լինելը:
Գուցե այդ դաժանության առատությունը ժամանակակից հայ արձակում հայա՞ցք է, ոչ թե համաշխարհային ընթացք, այլ հենց այդ՝ խղճի ռեա՞կցիա. երբ ամեն դաժանություն հատուկ է արձանագրվում ու սարսափեցնում, ու իր նշանակությունն ուռճացնում: Իսկ ավելի մեծ ու ապահով հասարակություններում՝ անցնում է ավելի աննկա՞տ: Այսինքն դա հենց մեր առանձնահատուկ քրիստոնեականությա՞ն, խղճի՞ հետևանք է:
Միգուցե և երևի: Վեպը միայն տալիս է դիպվածների հաջորդականությունը, հարցն այս կերպ ձևակերպված՝ գրեթե չի դիտարկվում ո՛չ հեղինակի, ո՛չ հերոսների կողմից: Միգուցե միտումնավոր: Բայց վայ թե վեպն իր նաև ա՛յս նպատակին հասել է, եթե այդպիսին ուներ. նաև ա՛յս հարցը բարձրացնել: Իսկ սա գլխավոր հարցն է և՛ արձակի, և՛ մեր կյանքի:
Ինչպես միշտ, թեև շատ ավելի ծավալուն գործ է, քան իր փոքր պատմվածքները՝ սակայն Սուսաննան շատ ժուժկալ է գրում, բազմաբառություն չկա բացարձակապես, չհաշված, ինչպես ասացի, բնության նկարագրությունների որոշ ծավալումը: Ընդհակառակը. հենց կուզենայի որ մի քիչ ավելի ծավալվեր, որ իմ այդ հարցին բացատրություն տար. խի՞ղճն է արդյոք պատճառն այդ դաժանության ընդգծման, թե՞ անխղճությունը, խղճի մահը բերել են դաժանության իրոք համատարածության:
»»»
Վեպը ասք է ի՛նչ իմաստով. այն պատմում է մի գաղտնի գյուղի պատմություն, փաստորեն հիմնադրումից (և հիմնադրման պատճառից՝ ցեղասպանություն) մինչև հայտնաբերումը սովետական «իշխանության» (կողքի գյուղերի, միլիցեքի և այլն) կողմից: Հերոսները լավ գծագրված են, սակայն ասքային, «էպիկական» հարաբերությունների մեջ են միմյանց հետ:
Ժամանակակից վեպն ունի առնվազն երեք շրջանակ (տես իմ գրածը Փամուկի վեպի մասին[3]). իր բուն ընթացքը. այն ասոցիացիան, ավելացումը, որ ընթերցողն է հավելում նրան (ասենք՝ իմ ասածը Սևանի մասին իմ հատուկ վերաբերմունքի վերաբերյալ). և՝ հավելյալ ինտրիգ, հանգույց և լուծում, որն արդեն ցույց է տալիս հերոսների հարաբերությունների բախումն ու լուծումը: Այս վերջինը Սուսաննայի մոտ գրեթե բացակայում է: Եթե, ասենք, Հարութն իրոք սիրահարվեր Նախշունին՝ դա կարող էր այդ հավելյալը դառնալ, կամ այդ (չ) սիրահարվելու գիծը եթե ավելի ընդգծվեր ու դառնար վեպի սյուժեի հենասյուն: Եթե Նախշունի առաջին երկվորյակի մահը շարունակվեր քննարկվել, ողբերգություն դառնար՝ դա կարող էր դառնալ այդպիսի գիծ: Բայց մոռացվում է մեկընդմիշտ, ոչ մայրն է դրա մասին հիշատակում, ոչ Հարութը, ոչ քույրը, ոչ հեղինակը, դեպքից հետո մինչև վեպի ավարտ (ինչպես որ ծառաների մասին մոռացվեց Անդերսենի մոտ մեկընդմիշտ):
Ամեն սկիզբ, ամեն հնարավոր հանգույց կարծես կորչում է Սևանի սորուն ավազների մեջ, ասես հայոց պատմությունը, որ նույնպես լի է անավարտ սկզբներով:
Մի պատմություն առաջանում է վերջերին մոտ. ռազմագերիներինը. և հենց առաջին տողից պարզ դարձավ, որ մյուս երկվորյակը գնալու է նրանցից մեկի հետ, և այդ սերն է լինելու վեպի հանգուցալուծումը: Պարզվում է, որ Կոնրադ Լորենցն[4] էր այդ գերմանացին լինելու: Օռնիտոլոգ: Կարելի է ասել՝ ագռավագետ: Դա շատ լավ է, և վեպը հենց դրանով էլ ավարտվում է, սակայն սիրո այդ պատմության պոտենցիալը՝ դառնալ ավելի խոշոր հանգույց, էլի չի իրագործված:
Եվ այդպես շատ էպիզոդներ կան, որ կարող էին պոտենցիալ հավելյալ հանգույց դառնալ բայց չեն դառնում: Նույնիսկ, ասենք, երբ Հարութն ու Նախշունն անհետանում են՝ արտաքսված, էլի դրա վերաբերյալ գրեթե ոչ մի ռեֆլեքսիա ոչ հերոսների, ոչ հեղինակի մոտ չենք գտնում արտահայտված, միայն կարող ենք ինքներս երևակայել, որ գուցե ուժեղ Հարութը համաձայնեց արտաքսվել, հպատակվել արտաքսվելուն, որ գնա գտնի Նախշունին Սիբիրներում:
Ասքին համապատասխան՝ գյուղի գլխավոր իրադարձությունները, դրանց՝ ամեն ինչ խորտակող հոսքը կարծես ամեն անգամ գերակշռում են հերոսների հարաբերությունների հնարավոր զարգացումներին, կտրում դրանց թելերը: Հերոսները կատարվածն ընդունում են որպես այդպիսին: Գուցե նյութն է «ճնշում», և հեղինակը չէր ուզում այն «արհեստականացնել»՝ «հորինելով» հավելյալ անցքեր, որոնք ավելի սերտ կկապեին միմյանց հերոսների հարաբերությունները, էպիկական հայացքին կավելացնեին ներքին՝ «առաջին դեմքից» հերոսների տվայտանք, հայացք…
Երբ հերոսները կատարվածն ընդունում են որպես այդպիսին՝ «երրորդ դեմք» է մնում միայն. էպիկա, ասք, գործողություն, ոչ թե միտք, ռեֆլեքսիա, զգացում, որ թույլ կտար ճակատագրի ճիրանները հաղթահարել ավելի հաղթական ձևով, քան միայն վերապրել փորձելը: Միտքն ու խիղճն անքակտելիորեն կապված են, մեկը մյուսն է ծնում:
Բայց, ինչպես նշեցի, գուցե այդ կատարվածի դաժանության նշանակալիությունը չափազանցվա՞ծ է: Հենց դրա համա՞ր ենք լիճը ծով անվանում: Մեր փոքրիկ ողբերգությունը փորձում մեյդան հանել ու առևտու՞ր անել: Որովհետև չափից դուրս շատ քրիստոնյա՞ ենք, որ երևակայում ենք, որ խղճի արձանը պիտի դրվեր է՞ս հողին[5]:
»»»
Եվ այստեղ գալիս է դիագնոստիկ մասը, բայց մինչև դրան անցնելը՝ վերջացնեմ նախորդ միտքը:
Ուրեմն թերությու՞ն է թե ոչ այդ երրորդ շրջանակի բացակայությունը: Եթե համարենք սա ասքային ժանրի վեպ՝ ապա ոչ: Ուրիշ ի՞նչ հայկական վեպ կա որտեղ այդ երրորդ շրջանակը կա: Ամենահիմնաքարայինները՝ «Վերքն» ու «Նայիրին», կարծես դա նույնպես չունեն: «Աբկայը» (Մեսրոպ Հարությունյանի) ունի ու հենց դրա մասին է: «Արշակ երկրորդը» (Պերճ Զեյթունցյանի) կարծես ուներ (ի միջի այլոց, Սուսաննայի գյուղը մի քիչ «Արշակավան» է): «Ադամամութը» (Վահագն Գրիգորյանի) հաստատ ունի ու էլի դրա մասին է: Ուրեմն, «Վերքի» կամ «Նայիրիի» պես է սա. դրա համար այս գործը կարելի է անվանել «վեպ-ասք»: Գյուղի գեղարվեստական տարեգրություն, որ հասնում է սիմվոլիկ ընդհանրացման:
Եվ հիմա այդ ընդհանրացման մասին:
Վերնագիրը շատ խոսուն է. այսինքն Նոյից առաջ մեղքը լի էր, սակայն Նոյը նաև նոր սկիզբ էր: Ագռավներն անիմաստ էին, քանի դեռ մեղքը լի էր, ու նրանք կորցրել էին իրենց կարողությունը՝ մեղքերի մեջ կողմնորոշվել, ճիշտ հասկանալ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, ինչն է լավ, ինչը՝ վատ: Կղզյակային ավանդույթ ու բարոյական աստիճանակարգ էին ստեղծում՝ խռնված նախորդ՝ «նախամեղքի» խաղաղ ավանդական կյանքի ու հետո՝ սարսափի ու ողբերգության ժամանակից ստացված իմպուլսի հետ: Ժամանակավոր այդ համակարգը պիտի քանդվեր, բայց քանդվում է ոչ համատարած մաքրող ջրհեղեղով (ջրհեղեղ էլ կա, բայց այդքան մեծ չէ), այլ՝ մեկ այլ ագռավների հրոսակաերամի գալով՝ սովետական համակարգի ու դրանից ծնկաչոք եղածների:
Սարսափ, դաժանություն ու պոտենցիալով՝ լավ նորմալ գեղեցիկ մարդիկ, որոնք փորձում են այդ իրադրության մեջ մարդ մնալ, սակայն ոչ հույս ունեն, ոչ հավատ, ոչ էլ ուժ են զգում իրենց մեջ՝ որ կարող են իրենց ճակատագիրը փոխել: Գրեթե ոչ ոք: Հավատ չունեն իրենց մարդկային էությանը և կորցրել են բարոյական գլխավոր աստիճանակարգը՝ որ սպանությունը մեղք է, քանի որ իրենց այնքան են սպանել՝ որ թուրքին ի պատասխան սպանելն արդեն մեղք չի կարող համարվել: Կամ՝ պարզապես մահվան տրվելը:
Այդ դիագնոզը, որ ես ինքս էլ եմ մտածել հետցեղասպանական ժողովրդի փսիխոզի վերաբերյալ, բացատրում է և այն, թե ինչու սովետական կարգերին այդպես լիաբուռ տրվեցին, դրա անմարդկային մասին՝ դրա մարդկային մասի հետ. և ինչու այժմ էլ հանրապետությունը չի կառուցվում. դա ցեղասպանություն ապրած ու հետո սովետ ապրած ու հետո արցախյան կռիվ ապրած մարդիկ են, որոնք չեն կարողանում տարբերակել որ թուրքին և ցանկացած մարդու – աստվածադեմ մարդու – սպանելն էլ է մեղք, չնայած թուրքի ողջ արած ու չարածին. իհա՛րկե նրանք ագռավներ են Նոյից առաջ, այսինքն Քրիստոսից շատ ու շատ առաջ: Մեղք ունե՞ն դրանում իրենք թե ոչ: Գուցեև ոչ: Ճակատագիրն էր այդպիսին: Բայց ինչպես, տարօրինակաբար, Գորկին է ասել՝ մարդը ոչ թե պարագաների հանրագումարն է, այլ պարագաներին դիմադրելու հանրագումարը: Թաքուն գյուղը դիմադրում էր ինչպես կարող էր: Եվ դա, վայ թե, քիչ էր, ավելի նպատակասլաց հանճար ու հերոսություն էր պետք, դրանց կուլտիվացիա:
Բայց դե եղածն առայժմս սա է:
Կարդա՛լ, կարդա՛լ: Ու մտածել:
[1] Ահա. https://yavrumyan.blogspot.am/p/ebook.html
https://books.google.am/books?id=IpowDwAAQBAJ&
[2] Ահա. http://am.epfarmenia.am/talk-show-with-susanna-harutyunyan/
[3] http://gtergab.com/ru/news/prose/on-orhan-pamuks-snow/129/
[4] Լորենցի կենսագրությանը, հատկապես նացիզմի տարիների նրա կյանքին ծանոթացողները կհասկանան, թե որքան հավելյալ խորքեր կան այդ զուգադիպության մեջ. որ նա գերությունն անց է կացնում Սևանի ափի գաղտնի գյուղի մոտակայքում՝ ցեղասպանությունից փախածների շրջապատում:
[5] Ալյուզիա՝ Հրանտ Մաթևոսյանի «Չեզոք գոտի» պիեսի գործող անձանց խոսքերին: