էուջենիո Մոնտալե | Մտավորականը

Մտավորականը աղցանը համեմում է լիմոնի յուղով:
Մտավորականը կարծում է, թե Վերդիին շատ ուշ է հաջողվել տիրապետել իր փեշակին, քանի որ ծեր հասակում է ստեղծել իր մեծագույն
գլուխգործոցը` «Ֆալստաֆը»:
Մտավորականը գերադասում է մաքուր երաժշտություն, հատկապես Բախինը (որի անունն արտասանում է քմային ուժեղ շեշտադրությամբ):
Մտավորականը դուրս է գալիս կոմունիստական կուսակցության շարքերից, սակայն չի համարում, որ ճիշտ են նրանք, ովքեր երբեք չեն անդամակցել այս կուսակցությանը:
Մտավորականը կարող է նաև հայտնաբերել Վերդիին, սակայն այդ դեպքում նրա հասցրած վնասն ավելի մեծ կլինի:
Մտավորականը կարծում է, թե ժամանակակից պոեզիան հումանիստական չէ, սակայն թուլություն ունի վերացական նկարչության հանդեպ:
Մտավորականը վերջնականապես եզրակացնում է, որ ժամանակակից պոեզիան հագեցած է հումանիզմով. ահա թե ինչու է աղետն անկասելի:
Մտավորականը «Պայացների» նախերգանքը շփոթում է «Ձոն Ցնծության» հետ, բայց բողոքում է, թե իտալերեն լեզուն նվազ երաժշտական է:
Մտավորականը որոշում է դուրս գալ փղոսկրե աշտարակից:
Բարեբախտաբար, ոչ ոք դա չի նկատում:
Մտավորականը համոզված է, որ արվեստն իր համար է ստեղծված: Ավելի վատ կլինի, եթե նա կարծի, թե այն ժողովրդի համար է:
Մտավորականը երազում է դոլարով աշխատավարձ ստանալու մասին և հայտարարում, թե «Եվրոպան պետք է միավորվի, այլապես` կկործանվի»:
Մտավորականն աշխատավարձը դոլարով չի ստանում և ասում է, թե՝ «Արևմուտքի մայրամուտը մոտ է»:
Մտավորականը սիրում է բալետ, դոդեկաֆոնիկ երաժշտություն և B1 խմբի վիտամիններով հարուստ Ապերիտիվներ:
«Բայց` կոկտեյլը շատ չոր, խնդրում եմ»:
Մտավորականը փայտե կոճակներով շապիկ է հագնում և ասում, թե Փարիզն անկում է ապրում:
Գուցեև այդպես է, սակայն իսկական անկումն այն կլիներ, եթե Փարիզը նրա մասին մտածեր:
Դժբախտաբար, երբեմն այդպես պատահում է:
«Սեն Ժերմեն դե Պրեն, սակայն, որոշակի ոճ դեռ պահպանում է…»:
Մտավորականն ասում է, թե եկել է ինտելեկտուալիզմից հրաժարվելու պահը:
Մտավորականն ասում է, թե Շվեյցարիան ձանձրալի երկիր է:
Մտավորականն ասում է, թե Անգլիայում, վերջիվերջո, կերակուրն այնքան էլ վատը չէ: Ոչ մի կաթով սուրճ` սովը կոտրում է չինական թեյով և մրգօղիով:
Մտավորականը փնտրում է իր «երկրորդ փեշակը»: Իսկ առաջի՞նը:
Մտավորականը պաշտպանում է ազատությունը` մեկնելով Պրահա և Վարշավա, իսկ հարցաքննությանժամանակ ասում է, թե` «իրեն ստիպել են դա անել»:
Մտավորականը գրական մրցանակ չի ստանում և ասում է, թե բոլոր մրցանակները մաֆիայի ձեռքում են:
Մտավորականը գրական մրցանակ է ստանում և ընդունում է, որ մաֆիա կոչվածի մեջ էլ ինչ-որ մի լավ բան կա: («Նոր Քաղցր Ոճի»* պոետներն էլ բանդայի անդամներ էին):
Մտավորականը բանաստեղծություններ է գրում, որոնք ոչ ոք չի կարդում, և եզրակացնում է, թե մեր ժամանակները պոեզիայի համար չեն:
Մտավորականն իր հեղինակած գրքերը չի վաճառում ու պահանջում է պետության միջամտությունը:
Մտավորականն ուզում է, որ պոեզիան լինի ժողովրդի համար, երաժշտությունը` «սերիալ»**, և նկարչությունը` վերացական, այսինքն` կոնկրետ:
Մտավորականն ասում է, թե այն քննադատները, ովքեր իրենով չեն զբաղվում, սնանկ են:
Մտավորականը հակվում է նեոռեալիզմին, որովհետև բուրժուազիան այլևս սպառված է: «Հետո, սակայն, անհրաժեշտ է նորովի արարել մարդուն»:
Մտավորականը թարգմանվել կամ թարգմանվելու է այլ լեզուներով: Իր հրատարակիչը «հաջողացրել է» նրա մի գրքի տպագրությունը:
Մտավորականը չի հանդուրժում արվեստի գործերին պետության միջամտությունը, սակայն բողոքում է, թե թատրոնն ու կինոն քիչ հատկացումներ են ստանում:
Մտավորականը կարծում է, թե անհրաժեշտ է բարեփոխել Ակադեմիան, որպեսզի ինքը նրա անդամը դառնա և, հատկապես, որպեսզի անդամ չդառնան Ա-ն, Բ-ն, Գ-ն…
Մտավորականը դեմ է արվեստների պլանավորմանը, սակայն այն կարծիքին է, որ Ա-ին, Բ-ին և Գ-ին պետք է արգելել գրելը:
Մտավորականն ատում է երրորդ ուժը, որովհետև մերը զանգվածների ժամանակն է:
Մտավորականն ատում է զանգվածներին ու կարծում, թե «Պարտեզ փակեալ» լավ բան է:
Մտավորականն ասում է, թե Շեքսպիրը եթե կենդանի լիներ` կինո կնկարահաներ: Իսկ առայժմ ինքն է ուզում դա անել:
Մտավորականը ժամադրության է գալիս լրագրերի մի խուրձ ձեռքին, ներողություն է խնդրում ուշանալու համար և հրաժեշտ տալիս` ասելով, թե պետք է մի տեղ գնա:
Ու՞ր է գնալու: Պետք է «Գուշակության մրցույթ» հայտարարվի դա իմանալու համար:

Թարգմանությունը իտալերենից Գագիկ Բաղդասարյանի

* XIII դարի բանաստեղծական շարժում Իտալիայում, որին մասնակցում էր նաեւ Դանտե Ալիգիերին:
** դոդեկաֆոնիկ

Արտատպված է «Նարցիս» հանդես, թիվ 6, 2007թ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *