Արման Թովմասյան | Աշնան կիսատության մեջ

1.Մենք նորից հասկացանք,
Որ 1000 տարվա ընթացքում
Միայն սովորել ենք
Նոր բառերով սգալ
Հին կորուստները,
Իսկ ապրել չգիտենք։

 

2. Ասպետները մեռան
Առանց աստծու,
Ու անապատում
Ոչ մի ծաղիկ չաճեց
Վերադարձի,
Դարեր անցան
Ու բոլորին
Մի քանի տարեթվի մեջ թաղեցին,
Մի քանի քննության մեջ
Բարձր բալեր տվին,
Մի քանի ֆիլմ նկարեցին
Ու գլխավոր հերոսի
Մեջքին խաչ տնկեցին,
Բայց չհիշեցին,
Բայց չգրեցին,
Որ սրով աստծուն էին փնտրում
Ու չգտան:

 

3. Բոլոր չսիրած գրքերս
Պահել եմ տանիքում,
Ու երբ հոգնում եմ
Կյանքի տաք գրկից,
Բացում եմ
Ու էջեր թերթում,
Ինչպես դու,
Որ երբեմն
Հիշում ես ինձ։

 

4. Ես ամեն օր
Բռնում եմ ցուրտը
Ու պահում
Գրքի էջերում,
Որ երբ անսովոր
Զգամ հանկարծահաս
Երջանկությունից,
Նրանց գտնեմ նորից։

 

5. Աշնան կիսատության մեջ
Հեշտ է լքելը,
Դրսում քայլում են
Կռիվ շտապող
Հերթական ոտքերը,
Ու թվում է,
Մեղավոր են նրանք,
Որ ուզում են սիրել,
Որ ուզում են
Պարել բոլոր տերևների հետ,
Պատերազմ է,
Ու քամին հեռվից
Մի բուռ կարոտ է
Լցնում անվերադարձ,
Աշնան կիսատության մեջ
Հեշտ է լքելը,
Երբ ապրելու համար
Ժամանակ չկա,
Ու բոլոր ոտքերը
Կռիվ են շտապում
Բոլորից հեռու,
Աշնանից հեռու։

 

6. Աստվածները մեռան
Մահկանացուների մեջ,
Ու նրանց չփրկեց
Հավերժական կյանքը,
Որ խոստացել էին
Մարդկանց անգամ։

 

7. Ամպերը շոյում են
Ստինքները սարի,
Ես մատներս
Սովորության ուժով
Շարժում եմ օդում։

 

8. Հայր,
Դարեր շարունակ
Քեզ կամ խաչում են
Կամ ձոնում ճենճոտ լեշեր
Իբրև ընծա,
Քեզ դրեցին հազար ու մի
Քարե մարմինների մեջ
Ու հազար ու մի անուն տվեցին,
Քեզ դրեցին փայտի վրա
Ու աշխարից աշխարհ
Պատերին գամեցին,
Ու միայնությունը քո
Վերից աշխարհը ծորաց։
Քո անունով սպանեցին իրար,
Քո անունով հերքեցին իրար,
Բոլորը փնտրեցին քեզ
Ու գտան մի դատավոր,
Ով ստեղծեց տիեզերքն ամբողջ,
Որ բոլորին մի ահեղ ժամի
Գրողի ծոցն ուղարկի,
Ու միայնությունը քո
Վերից աշխարհ ծորաց։
Սարերի գլխին վանքեր դրին,
Քաղաքները լցրին
Բյուր շքեղությամբ ոսկու,
Ու մեկը քո մասունքն առավ
Ու գոչեց` կփրկի մարդկանց,
Ու միայնությունը քո
Վերից աշխարհ ծորաց։
Հայր,
Ուզում եմ մի մակույկ վերցնել
Ու անցնել բոլոր ծովերը,
Որ միայնությունդ
Բոլոր ջրերին հավաքեմ,
Ամեն։

 

9. Շունս հոտոտելով
Տարավ դեպի
Նեխած սնդուկը։
Բացեցի`
Բանաստեղծությունն էր։
2 տարի է,
Ինչ չեմ գրել։

 

10. Բոլոր մեռած
Երազանքներիս փոխարեն
Ոսկե ձկներ գնեցի։
Երեկ մեկը
Սատկեց։

 

11. Բառեր գնեցի
Նոր բացված մոլից։
Հիմա չգիտեմ`
Ինչպես հագնեմ
Հին մտքերիս հետ
Որ մի քիչ սազի։

 

12. Իսկ մտածել ես,
Թե ինչ տխուր է
Լինելը Աստված,
Երբ ոչինչ չկա
Անիմանալի։

 

13. Սիրում եմ խաղալ
Ձկներիս հետ,
Ինչպես նա,
Որ ստեղծել է
Ակվարիումն այս
Մեզ համար։
Ամեն։

 

14. Որոշեցի գրել
Ամենաանիմաստ
Բանաստեղծությունը
Ու վերնագրեցի`
Փորձում եմ փրկվել
Ինքնախաբկանքից։

 

15. Ինչպես դժվար է
Հավատալ
Աստծու գոյությանը,
Երբ իսկապես
Ուզում ես մեռնել,
Իսկ նա
Մի նոր հանդերձյալ կյանք
Փաթաթում է վրադ։

 

16.Երկար-բարակ
Փողոցներում
Ապրելուց հետո
Գիշերը մեռավ
Մի շրջմոլիկ,
Ու ոչ ոք չիմացավ,
Որ փողոցների
Միայնությունը
Նորից որբ մնաց։

 

17․Ես երջանիկ եմ հիմա,
Կատու եմ պահում՝
Անունը միայնություն,
Ու երբ հարցնում են՝
Ինչով եմ զբաղվում,
Խաղաղ ասում եմ՝
Միայնության
Հետ եմ խաղում։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *