ակվարիումիս ձկները
գլխի են ընկել
որ կյանքը չի ավարտվում
ապակիներով
ապակիներից այն կողմ
ձկներիս երկինքն է
որի մասին երազում են նրանք
ու հատավում, որ մահվանից հետո կընկնեն այնտեղ
ես ձկների աստվածն եմ
միացնում ու անջատում եմ
ձկների արևը
տալիս եմ կերը հանապազօրյա
չեմ տանում փորձության
բայց փրկում եմ չարից
նրանցից ոմանք
գուցե
չեն հավատում իմ գոյությանը
իսկ մյուսները
փակում են աչքերը
մանտրաներ շշնջում
ու միստիկ էքստազի պահին
երազում հետս միաձուլվելու մասին
հիմար ձկներ
ինձ մեկ են կասկածները
ու ես չեմ էլ լսում աղոթքները ձեր
եթե մոռանում եմ կերակրել ձեզ,
դրա պատճառը այն չէ,
որ դուք չեք հիշել ինձ,
այլ որ ես եմ մոռացել ձեր մասին
վերջ ի վերջո
ես իմ ակվարիումն ունեմ
իմ երկինքը
իմ Աստվածը
ու խնդիրները նույն
Թարգմանությունը ռուսերենից՝ Անահիտ Ղասախեցյանի