Ալիս Մանրո | Խիճ

Ալիս Մանրո

2222222

«Զանգակ» հրատարակչություն ԵՐԵՎԱՆ –2016

Մենք խճի մի փոսի մոտ էինք ապրում այն ժա­մանակ: Խճափոսը մեծ չէր, ամեն դեպքում՝ ոչ այնքան, որ վիթխարի մեքենաներով դատարկած լինեին, այլ մի փոքրածավալ փոս էր, որից երևի մի ֆերմեր տարիներ առաջ փող էր սարքել: Ըստ էության, փոսն այնքան անխորն էր, որ կարելի էր մտածել, թե այլ բանի համար է փորվել, տան հիմքի համար, ասենք, որն այդպես էլ առաջ չի գնացել:
Փոսի վրա ուշադրություն հրավիրողը մայրս էր միշտ: «Մենք ավտոսպասարկման կայանի ճանապարհին հա­րակից հին խճափոսի մոտ ենք ապրում»,— ասում էր մարդկանց ու ծիծաղում, որովհետև անչափ ուրախ էր՝ թողած լինելու իր նախկին տունը, փողոցը, ամուսնուն, իր ապրած նախկին կյանքն ընդհանրապես:

Այդ կյանքը հազիվ եմ հիշում: Այսինքն՝ որոշ մա­սերը հիշում եմ շատ պարզորեն, բայց առանց կապակ­ցությունների, իսկ դրանք անհրաժեշտ են ճիշտ պատկե­րը կազմելու համար: Ամբողջը, որ մնացել է գլխիս մեջ փոքր քաղաքի այդ տնից, արջուկներով պաստառն է՝ իմ հին սենյակի պատին: Այս նոր տանը, որն ըստ էության անվավոր կցասայլ էր, քույրս՝ Քարոն, ու ես նեղ, իրար վրա սեղմված մահճակներ ունեինք: Երբ նոր էինք այն­տեղ տեղափոխվել, Քարոն հետս շատ էր մեր հին տնից խոսում՝ փորձելով ինձ այս կամ այն բանը հիշել տալ: Նա այսպես խոսում էր, երբ մենք անկողնում էինք, ու հիմնականում խոսակցությունն ավարտվում էր նրանով, որ ես դժվարանում էի հիշել, իսկ նա հերսոտում էր: Եր­բեմն կարծես հիշում էլ էի, բայց հակառակությունից կամ սխալվելու վախից ձևացնում էի, թե չեմ հիշում:

Ամառ էր, երբ կցասայլ տեղափոխվեցինք: Մեր շունն էլ հետներս էր: Բլիթսին: Բլիթսին հավանում է այստեղ, ասում էր մայրս, ու իրոք այդպես էր: Ո՞ր շունը հոժար չէր լինի քաղաքի փողոցը լայնաբաց դաշտով փոխարինելուն, թեկուզև փողոցն այդ ընդարձակ սիզա­մարգեր ու մեծ տներ ունենար: Նա հաչոց–կլանչոց էր ձեռնարկում յուրաքանչյուր անցնող մեքենայի ուղղու­թյամբ, կարծես փողոցն իր սեփականությունն էր, ու եր­բեմն–երբեմն տուն էր բերում սատկեցրած սկյուռիկ կամ արջամուկ: Սկզբից Քարոն շատ էր ազդվում դրանից, ու Նիլը ստիպված էր լինում խոսել հետը, բացատրել շան բնույթն ու կյանքի շղթան, որում որոշ արարածներ պետք է ուտեն մյուսներին:

— Բայց մենք նրան շան կեր ենք տալիս,— հակա­ռակվեց Քարոն, ու Նիլն ասաց.

— Իսկ եթե չտայի՞նք: Ենթադրենք՝ մի օր մենք բո­լորս վերանում ենք, ու նա պետք է իր մասին հոգ տանի:

— Ես չեմ վերանալու,— ասաց Քարոն,— չեմ վերա­նալու, ես միշտ լավ խնամելու եմ Բլիթսիին:

— Կարծո՞ւմ ես,— ասաց Նիլն, ու մայրս ներս մտավ, շեղեց նրան: Նիլը միշտ պատրաստ էր ամերիկացիների կամ ատոմային ռումբի թեման կցելու, իսկ մայրս համոզ­ված չէր, որ մենք պատրաստ ենք դրան: Չգիտեր, որ երբ Նիլն առաջին անգամ շոշափեց այդ թեման, ես կարծեցի՝ նա ինչ–որ ատոմային բուլկու1[1] մասին է խոսում: Գիտեի, որ մեկնաբանությանս մեջ սխալ կա, բայց հո հարցեր չէի՞ տալու, որ վրաս ծիծաղեին:

Նիլը դերասան էր: Քաղաքում պրոֆեսիոնալ ամա­ռային թատրոն կար, որ նորություն էր այն ժամանակ, որի հանդեպ շատերը դրական էին տրամադրված, մյուսներն էլ անհանգստանում էին, թե կարող է գլխին թափթփուկներ հավաքել: Մայրս ու հայրս ջատագովների շարքում էին, մայրս՝ ավելի, քանի որ ավելի շատ ժա­մանակ ուներ: Հայրս ապահովագրական գործակալ էր ու շատ էր ճամփորդում: Մայրս իրեն զբաղեցնում էր թատրոնի համար դրամահավաքի տարատեսակ ծրագ­րերով և իր բարեգործական ծառայությունն էր մատու­ցում թատրոնին՝ աշխատելով որպես հսկիչ: Նա բավա­րար բարետես ու երիտասարդ էր, որ դերասանուհու տեղ անցներ: Սկսել էր դերասանուհու պես էլ հագնվել՝ թիկ­նոցներ, երկար փեշեր ու երկարակախ վզնոցներ: Մա­զերն սկսեց առանց հարդարման թողնել ու դադարեց շպարվել: Անշուշտ, ես այն ժամանակ չէի հասկացել կամ հատուկ ուշադրություն չէի դարձրել փոփոխություննե­րին: Իմ մայրը իմ մայրն էր: Բայց Քարոն, անկասկած, նկատել էր: Ու հայրս էլ՝ պիտի որ: Չնայած նրա բնա­վորությունից ու մորս հանդեպ զգացմունքներից դատե­լով՝ կարծում եմ՝ հպարտացած կլինի, թե ինչ լավ տեսք ունի իր կինն այդ ազատարար ոճի մեջ և ինչքան է սա­զում թատերական մարդկանց աշխարհին: Երբ ավելի ուշ խոսեց այդ ժամանակվա մասին, ասաց, որ միշտ էլ հավանություն է տվել արվեստներին: Պատկերացնում եմ հիմա, թե ինչքան սրտմտած կլինի մայրս՝ նվաստանա­լով ու ծիծաղելով, որ թաքցնի նվաստացումը, եթե հայրս այդ հայտարարությունը թատրոնի նրա ընկերների առաջ արած լինի:

Հետո դեպքերն այնպես զարգացան, որ կարելի էր կանխատեսել, ու հավանաբար կանխատեսված էլ էր, բայց ոչ հորս կողմից: Չգիտեմ՝ դա մյուս կամավորնե­րի հետ նո՞ւյնպես պատահեց: Ինչն հաստատապես գի­տեմ, չնայած չեմ հիշում, հայրս լացեց ու մի ամբողջ օր տան մեջ մորս հետևից ման եկավ՝ աչքից բաց չթողնելով նրան ու հրաժարվելով հավատալ: Ու փոխանակ նրան փարատելու՝ մայրս մի այնպիսի բան ասաց, որ վիճակը վատթարացրեց:

— Ասաց, որ երեխան Նիլից է:

— Վստա՞հ էր:

— Լրիվ: Հաշվարկ է արել:

— Հետո՞ ինչ եղավ:

Հայրս վերջ տվեց լացելուն: Պետք է աշխատանքի վերադառնար: Մայրս հավաքեց մեր իրերը ու մեզ տա­րավ ապրելու Նիլի գտած կցասայլում, քաղաքից դուրս: Հետագայում ասաց, որ ինքն էլ էր լացել: Բայց նաև, որ սկսել էր զգալ, որ կենդանանում է: Գուցե կյանքում առա­ջին անգամ իսկապես կենդանացած էր զգում: Զգում էր, որ ասես հնարավորություն տված լինեն իրեն, ու նա կյանքը նորից էր սկսել: Հեռացել էր իր արծաթի, ճենա­պակու, կահավորման ծրագրերի, ծաղկանոցի ու նույնիսկ գրապահարաններում շարված իր գրքերի վրայով: Հիմա այլևս ապրելու էր, ոչ թե կարդալու: Հագուստը թողել էր կախված հանդերձասենյակում ու բարձրակրունկ կոշիկ­ները՝ պատի պահարաններում: Ադամանդյա մատանին ու ամուսնական մատանին թողել էր զարդասեղանին: Մե­տաքսե գիշերազգեստները՝ իրենց դարակներում: Նպա­տակ ուներ գոնե որոշ ժամանակ դաշտերում մերկ ման գալ, քանի եղանակը տաք էր:

Այս միտքը չաշխատեց, որովհետև երբ փորձարկեց այն, Քարոն գլուխն առավ ու թաքնվեց ակողնու իր բնում, և նույնիսկ Նիլն ասաց, որ հիացած չէ այդ գաղափարով:

Ի՞նչ էր նա այս ամենի մասին մտածում: Նիլը: Իր փի­լիսոփայությունը, ինչպես հետո արտահայտվեց, եղած ամեն ինչին ընդառաջ գնալն էր: Ամեն ինչ պարգև է: Տա­լիս ենք ու վերցնում ենք:

Այսպես խոսող մարդիկ կասկածելի են ինձ համար, բայց չեմ կարող ասել, որ դրա իրավունքն ունեմ:

Նա իսկական դերասան չէր: Գործը որպես փորձար­կում էր ձեռնարկել: Տեսնելու՝ ինչ կարող էր բացահայ­տել իր մեջ: Քոլեջում, մինչև դուրս մնալը, Էդիպ արքա­յում երգչախմբի մեջ մի դեր էր ունեցել: Սա դուր էր եկել նրան. արձակի՛ր քեզ ու ձուլվի՛ր մյուսներին: Հետո մի օր Թորոնթոյում պատահաբար հանդիպել էր մի ընկե­րոջ, ով գնում էր՝ փորձելու վերջերս քաղաք եկած թա­տերախմբում ամառային աշխատանքի տեղավորվել: Նա էլ հետը գնաց, ուրիշ անելիք չուներ, ու դուրս եկավ, որ գործը նրան տվեցին, իսկ ընկերոջը մերժեցին: Բան­քո[2] էր խաղալու: Երբեմն Բանքոյի ուրվականը անտեսա­նելի են անում, երբեմն՝ ոչ: Այս անգամ ուզում էին տեսա­նելի տարբերակը փորձել, ու Նիլի չափսերը իսկն էին: Գերազանց չափսեր էին: Կարգին ուրվական էր:

Նա ամեն դեպքում մտադրվել էր ձմեռը մեր քաղա­քում անցկացնել, մինչև մայրս օդ հանեց իր անակնկալը: Կցասայլն արդեն ընկել էր Նիլի աչքին: Նա ատաղձա­գործական բավարար փորձ ուներ՝ ստանձնելու թատրո­նի վերանորոգման գործը, որը յոլա կտաներ մինչև գա­րուն: Մինչև այդտեղ էր ուզում մտածել, ոչ ավելի:

Քարոն ստիպված չէր լինի նույնիսկ դպրոցը փոխել: Դպրոցական ավտոբուսը վերցնում էր նրան խճափոսի կողքով անցնող կարճ փողոցի ծայրից: Նա պետք է այս նոր տեղի երեխաների հետ ընկերանար և գուցե պետք է որոշ բաներ բացատրեր քաղաքի իր ընկերներին, ում հետ սովորում էր անցած տարի, բայց այդպես էլ չիմա­ցա՝ սրանում երբևէ դժվարություններ ունեցա՞վ, թե՞ ոչ:

Բլիթսին ճամփի վրա միշտ նրա տուն գալուն էր սպասում:

Ես մանկապարտեզ չէի գնում, որովհետև մայրս մե­քենա չուներ: Բայց յոլա էի գնում առանց այլ երեխանե­րի, դեմ չէի: Քարոն, երբ տուն գար, հերիքում էր ինձ: Ու մայրս էլ հաճախ խաղային տրամադրության մեջ էր լինում: Այդ ձմեռ, հենց ձյունեց, ես ու նա ձնեմարդ սար­քեցինք, ու նա ասաց՝ անունը Նիլ դնե՞նք: Ես համաձայ­նեցի, ու մենք ծիծաղելի դարձնելու համար դրա վրա տարբեր բաներ կպցրինք: Հետո որոշեցինք, որ հենց նա տուն գա, ես կվազեմ դուրս ու կգոռամ՝ Նի՜լը, Նի՜լը, բայց ուղղորդված կլինեմ դեպի ձնեմարդը: Այդպես էլ արեցի, բայց Նիլը մեքենայից իջավ կատաղած ու փրփրած ու գոռաց վրաս, թե տակն էի ընկնում:

Դա այն քիչ անգամներից էր, որ տեսնում էի նրան որպես հայր հանդես գալիս:

Ձմեռային այդ կարճ օրերը պիտի որ տարօրինակ եղած լինեն ինձ համար. քաղաքում մթնշաղի հետ լույ­սերն սկսում էին աճել: Բայց երեխաները սովորում են փոփոխություններին: Երբեմն մեր մյուս տան մա­սին էի մտածում: Ոչ էն է՝ կարոտում էի նրան, ոչ էն է՝ ուզում էի էլի այնտեղ ապրել. պարզապես մտածում էի՝ ինչ եղավ, ուր գնաց:

Մորս լավ ժամերը Նիլի հետ գիշերվա մեջ էին կայա­նում: Եթե արթնանում էի ու զուգարան էի ուզում, պիտի կանչեի նրան: Ուրախ, բայց անշտապ կգար՝ վրան ինչ–որ կտոր կամ մի բան փաթաթած, իր հոտով, որ ես ասոցաց­նում էի մոմի լույսի ու երաժշտության հետ: Նաև սիրո:

Մի բան, որ այնքան էլ համոզիչ չէր, այնուամենայ­նիվ պատահեց, բայց ես դրա մեջ ոչ մի իմաստ չդրեցի այն ժամանակ: Մեր շուն Բլիթսին շատ մեծ չէր, բայց այնքան փոքր էլ չէր, որ տեղավորվեր Քարոյի վերարկուի տակ: Չգիտեմ՝ ոնց էր հարմարեցրել դա: Ոչ թե մեկ, այլ երկու անգամ: Նա շանը պահել էր վերարկուի տակ ու ավ­տոբուս էր նստել, հետո փոխանակ ուղիղ դպրոց գնալուն՝ Բլիթսիին քաղաքի մեր հին տունն էր տարել, որը մի թա­ղամաս այն կողմ էր: Այստեղ՝ ձմեռային պատշգամբում, որ փակված չէր եղել, հայրս գտել էր շանը, երբ տուն էր դարձել իր միայնակ ճաշին: Մեծ էր եղել զարմանքը, որ նա հասել է այնտեղ, պատմվածքների շների պես գտել է տան ճամփան: Քարոն մեծագույն պոռչտուք սարքեց տանը՝ պնդելով, որ ամբողջ առավոտ շանը չի տեսել: Բայց հետո թույլ տվեց այս ամենը նորից կրկնելու սխալը, մի շաբաթ անց երևի, և այս անգամ չնայած ավտոբուսում կամ դպրոցում ոչ ոք չկասկածեց նրան՝ կասկածեց մայրս:

Չեմ հիշում, գուցե հայրս ետ բերեց Բլիթսիին: Չեմ կարող նրան պատկերացնել ոչ մեր կցասայլում, ոչ դռան շեմին, ոչ էլ նույնիսկ դրա ճանապարհին: Գուցե Նիլը գնաց, նրան բերեց: Բայց սա պատկերացնելն էլ շատ հեշտ չէ:

Եթե այնպես եմ արտահայտվել մինչև հիմա, որ թվում է, թե Քարոն իբր անուրախ էր կամ ամբողջ ժա­մանակ խառնակչություններ էր անում, ապա այդպես չէ բնավ: Ինչպես ասել եմ, նա իսկապես փորձում էր ինձ հետ խոսել այդ բաների մասին, գիշերը՝ անկողնում, բայց մշտական դժգոհություններ չէր արծարծում: Խոժոռ լի­նելը նրան հատուկ չէր: Նա խորապես մտահոգ էր լավ տպավորություն գործելու մեջ: Նրան դուր էր գալիս դուր գալ մարդկանց, սիրում էր սենյակի օդը մի բանի խոստու­մով լցնել, որ կարելի էր նույնիսկ զվարթություն կոչել: Նա ավելի էր այդ մասին մտածում, քան ես:

Նա ամենաշատն էր մեր մորը քաշել, մտածում եմ հիմա:

Պետք է որ շան հետ կապված որոշ հարցեր տված լինեն, ու կարծեմ՝ հիշում եմ դրանց մի մասը:

— Հանաքի համար եմ արել:

— Դու ուզում ես գնալ հորդ հետ ապրե՞լ: Վստահ եմ, որ սա հարցվել է, ու վստահ եմ, որ նա ասել է ոչ:

Ես նրան ոչինչ չհարցրի: Նրա արածն ինձ տարօրի­նակ չէր թվում: Հավանաբար այդպես է կրտսեր երեխա­ների մոտ. ինչ էլ անի արտասովոր կամային այդ ավագը, նրանց անսովոր չի թվում:

Մեր նամակները փոստային թիթեղյա արկղի մեջ էին գցվում, որ կանգնած էր փողոցի ծայրին: Ես ու մայրս ամեն օր քայլում էինք այնտեղ, եթե չափազանց քամոտ չէր լինում, տեսնելու ինչ կա մեզ համար: Գնում էինք իմ ցերեկային քնից հետո: Երբեմն տնից դուրս գալու մեր միակ անգամն էր լինում դա: Առավոտյան հեռուստատե­սային մանկական հաղորդումներ էինք նայում, կամ նա կարդում էր, ես՝ նայում: (Նա շատ երկար չթողեց կար­դալը): Պահածոյացված ինչ–որ ապուր էինք տաքացնում ճաշի համար, հետո ես գնում էի քնելու, իսկ մայրս էլի կարդում էր: Նա արդեն լավ խոշոր էր՝ երեխան փորում, որ շարժվում էր որովայնի մեջ այնպես, որ ես կարող էի զգալ շարժվելը: Անունը Բրենդի էր լինելու — արդեն Բրենդի էր — լիներ աղջիկ, թե տղա:

Մի օր, երբ փողոցով իջնում էինք փոստարկղը ստու­գելու ու դրանից շատ հեռու չէինք արդեն, մայրս կանգ առավ ու լրիվ անշարժացավ:

— Սո՛ւս,— ասաց ինձ, չնայած ես ոչ մի բառ չէի ասել ու նույնիսկ ձյունը ոտով դես–դեն անելու խաղը չէի խաղում:

— Ես բան չեմ ասել,— ասացի ես:

— Սո՛ւս: Հե՛տ դարձիր:

— Բայց նամակը չենք վերցրել:

— Ոչինչ: Քայլի՛ր:

Հետո ես նկատեցի, որ Բլիթսին, որ միշտ հետ­ներս էր լինում՝ մեր հետևից կամ առջևից, այնտեղ չէր: Մեկ այլ շուն կար փողոցի հակառակ կողմում՝ փոստարկ­ղից մի քանի քայլի վրա:

Հենց տուն մտանք, մայրս զանգեց թատրոն, ու Բլիթ­սիին, որ դռանը մեզ էր սպասում, ներս թողեց: Զանգին պատասխանող չեղավ: Հետո զանգեց դպրոց ու խնդրեց, որ ավտոբուսի վարորդին ասեն՝ Քարոյին մինչև տուն բե­րի: Պարզվեց՝ հնարավոր չէ, որովհետև ինչ Նիլը վերջին անգամ մաքրել էր փողոցը, նորից ձյուն էր եկել: Բայց վարորդը անպայման կնայի, մինչև Քարոն տուն մտնի: Մինչ այդ ոչ ոք գայլ չէր տեսել այդ կողմերում:

Նիլն այն կարծիքին էր, որ գայլ չի էլ եղել: Իսկ եթե անգամ եղել է, ասում էր, վնաս չի կարող տալ՝ ձմեռային քնի թուլությունը վրան:

Քարոն ասաց, որ գայլերը ձմռանը քուն չեն մտնում: Մենք դպրոցում անցել ենք գայլերի մասին: Մայրս հորդորում էր, որ Նիլը հրացան ճարի:

— Ուզում ես՝ հրացան ճարեմ ու էդ խեղճուկրակ անիծյալի վերջը տա՞մ, որ երևի մի բույն ձագ ունի թփերի մեջ, որոնց փորձում է պաշտպանել, ոնց դու ես պաշտպանում քոնոնց,— ասաց հանգիստ: Քարոն ասաց.

— Երկու: Երկու ձագ են ունենում գայլերը ամեն անգամ:

— Լավ, հա: Ես մորդ հետ եմ խոսում:

— Չես իմանա,— ասաց մայրս,— չես իմանա՝ հարցը սոված ձագերն են, թե ինչն են: Երբեք չէի լսել, որ մայրս այդպես խոսեր նրա հետ: Նիլն ասաց.

— Հանգիստ, հանգիստ: Արի մի քիչ մտածենք: Զենքն անտանելի բան է: Թե գնամ, հրացան առնեմ, ի՞նչ պիտի ասեմ էդ դեպքում: Պիտի ասեմ, որ Վիետնամը նորմա՞լ էր: Որ ես է՞լ կարող էի Վիետնամ գնացած լինել:

— Դու ամերիկացի չես:

— Մի՛ փորձիր ինձ հունից հանել:

Սա էր եղածը, քիչ թե շատ, ու ավարտվեց նրանով, որ Նիլը ստիպված չեղավ հրացան առնել: Էլ երբեք չտե­սանք գայլին, եթե գայլ էր իհարկե: Կարծում եմ՝ մայրս դադարեց փոստը ստուգելու գնալ, բայց այսպես թե այն­պես մեծ փորն էլ էր նեղում արդեն:

Ձյունը նվազում էր կախարդական ձևով: Ծառերը դեռ անտերև էին, ու առավոտները մայրս ստիպում էր Քարոյին վերարկու հագնել, բայց նա ցերեկը դպրոցից տուն էր գալիս՝ վերարկուն հետևից քարշ գցած:

Մայրս ասում էր, որ երեխան երկվորյակ է, բայց բժիշկը չհաստատեց:

— Հա–հա,— ասում էր Նիլը՝ լինելով երկվորյակների գաղափարի ջատագով,— ի՞նչ են հասկանում բժիշկները:

Խճի փոսը մինչև բերանը լցվել էր հալված ձյուն ու անձրևով, այնպես որ Քարոն ավտոբուսին հասնե­լու համար պիտի եզրով շրջանցեր այն: Փոքրիկ լիճ էր կապել՝ մլմլացող ու անշարժ, պարզ երկնքի տակ ըն­կողմանած: Քարոն առանց մեծ հույսի հարցրեց՝ կա­րո՞ղ ենք դրա մեջ խաղալ:

Մայրս ասաց՝ խելագար հո չե՞ս:

— Մի տասը մետր կլինի խորությունը: Նիլն ասաց՝ գուցե հինգ: Քարոն էլ թե՝ հենց բերանի մոտ չի լինի: Մայրս պնդեց՝ խորն է:

— Միանգամից խորն է,— ասաց,— ծովափի նման չի, հերանիծա՛ծ, հեռու մնացեք դրանից:

Նա արդեն շատ էր հայհոյանք գործածում, երևի ավելի, քան Նիլը, և ավելի համբերահատ ձայնով:

— Շա՞նն էլ է պետք դրանից հեռու պահել,— հարց­րեց Նիլին: Նիլը պատասխանեց, որ դա խնդիր չէ:

— Շները կարող են լողալ:

Շաբաթ օր էր: Քարոն հետս Ընկերական հսկան[3] էր նայում ու ամեն ինչ փչացնող մեկնաբանություններ անում: Նիլը պառկած էր բազմոցին, որը բացվում ու նրա ու մորս անկողինն էր դառնում: Նա իր այն գլանակնե­րից էր ծխում, որոնք գործի տեղը չէին ծխվի, այդպիսով մնում էին շաբաթ–կիրակի օրերի վրա: Քարոն մեկ–մեկ կպչում էր նրան, ուզում էր փորձել: Մի անգամ տվեց, բայց ասաց՝ մորս չասի:

Ես էլ այնտեղ էի, ու ե՛ս ասացի:

Մայրս տագնապ բարձրացրեց, բայց տուրուդմփոց չեղավ:

— Գիտես, որ հերն ուզի, մի վայրկյանում էս երեխե­քին կթռցնի էստեղից,— ասաց նա,— էլ չկրկնվի:

— Էլ չի կրկնվի,— համաձայնելով ասաց Նիլը,— բայց ի՞նչ պիտի անի, նրանց Բրնձի Խրթասալիկ կոչվող թունավոր զահրումարո՞վ պիտի կերակրի:

Սկզբից բոլորովին չէինք տեսնում մեր հորը: Հետո՝ Ծննդյան տոներից վերջ, շաբաթ օրերի ծրագիր մշակ­վեց: Մայրս, երբ վերադառնայինք, հարցնում էր՝ լավ ժամանակ անցկացրի՞ք: Ես միշտ հա էի ասում ու հա­վատում էի ասածիս, որովհետև մտածում էի, որ կինո գնալը կամ Հյուրոն լճին նայելը կամ էլ ռեստորանում ուտելը լավ ժամանակ անցկացնել է նշանակում: Քա­րոն էլ էր ասում հա, բայց այնպիսի տոնով, որ նշանա­կում էր՝ քո գործը չէ: Հետո հայրս ձմեռային արձակուր­դին գնաց Կուբա (մայրս նշեց սա՝ մի փոքր անակնկալի եկած կամ գուցե հավանություն տալով) ու վերադար­ձավ անդադար ձգձգվող գրիպով, ու այցելությունները կասեցվեցին: Ենթադրվում էր, որ կվերականգնվեն գարնանը, բայց դեռ նորություն չկար:

Երբ հեռուստացույցն անջատեցին, ինձ ու Քարոյին ուղարկեցին դրսում վազվզելու, ինչպես ասաց մայրս, ու թարմ օդ շնչելու: Մենք շանը հետներս տարանք:

Երբ արդեն դրսում էինք, առաջին բանը, որ արե­ցինք, վզներիս կապած շարֆերը թուլացնելն ու հետև­ներիցս քարշ գցելն էր: (Բանն այն է, չնայած սրանք կողք կողքի դրած չենք լինի, որ մորս հղիությունն ինչ­քան առաջանում, նրա վարքագիծն այնքան փոխվում էր, դառնում էր սովորական մայրական, գոնե երբ բանը վե­րաբերում էր շարֆերին, որոնց կարիքը չունեինք, կամ կանոնավոր սնվելուն: Անսանձ այն ձևերի գործարկումը, որ աշնանը կային, չեզոքացել էր): Քարոն հարցրեց՝ ի՞նչ անենք, ես էլ ասացի՝ չգիտեմ: Սա ձևական հարց էր նրա կողմից, իսկ ես անկեղծ ճիշտն էի ասում: Թողեցինք, որ շունը մեզ առաջնորդի ուր կուզի, ու Բլիթսիի միտքն էր գնալ, խճի փոսին նայել: Քամին մանր ալիքներով մտրա­կում էր ջուրը, ու մենք շատ շուտով մրսեցինք ու շարֆերը նորից փաթաթեցինք:

Չգիտեմ՝ ինչքան ժամանակ անցկացրինք պար­զապես լճի շուրջը պտտվելով, գիտեինք, որ կցասայ­լից մեզ չեն տեսնում: Քիչ անց սկսեցի հասկանալ, որ ինձ հանձնարարություններ են տրվում:

Ես պետք է հետ գնայի կցասայլ ու Նիլին ու մորս մի բան ասեի:

Որ շունը ջուրն է ընկել:

Շունը ջուրն է ընկել, ու Քարոն վախեցավ, որ կխոր­տակվի:

Բլիթսին: Խորտակվըվեց: Խորտակվեց:

Բայց Բլթիսին ջրում չէ:

Կարող է լինել: Քարոն էլ կթռչի, որ փրկի նրան:

Էլի հակափաստարկներ բերած կլինեմ՝ չի ընկել, չես ընկել, կարող էր, բայց չի ընկել. էս տեսակ բաներ: Համ էլ հիշում էի, որ Նիլն ասել էր, որ շները չեն խեղդվում:

Քարոն հանձնարարեց անել այն, ինչ ասվել էր ինձ:

Ինչո՞ւ:

Հնարավոր է՝ տվել եմ այս հարցը կամ պարզապես կանգնել եմ այնտեղ՝ չենթարկվելով նրան ու փորձելով նոր փաստարկներ բերել:

Մտքումս տեսնում եմ, թե ինչպես Քարոն վերցնում է Բլիթսիին ու նետում է ջուրը, չնայած Բլիթսին փորձում է նրա վերարկուից կառչել: Հետո Քարոն հետ է գնում, հետ է գնում ու վազելով թափ հավաքելով՝ ցատկում է ջուրը: Վազելը, ցատկելը, հանկարծ ջուրը նետվելը: Բայց չեմ կարողանում մտաբերել ճողփյունի ձայնը, մինչ ցայտերը մեկը մյուսի հետևից խփվում են ջրին: Ոչ մեծ են, ոչ փոքր: Հավանաբար մինչ այդ արդեն շրջվել էի կցասայլի կողմը. երևի:

Երբ երազում տեսնում եմ սա, միշտ վազում եմ: Ու ոչ դեպի կցասայլը, այլ հետ՝ դեպի խճափոսը: Տեսնում եմ՝ ինչպես է Բլիթսին թպրտում ջրում, ինչպես է Քարոն լողում դեպի շունը, լողում է ուժեղ, որ փրկի նրան: Ես տեսնում եմ նրա բաց շագանակագույն քառեկավոր վե­րարկուն, թիկնոց–շարֆը ու նրա հպարտ հաղթանակած դեմքը և կարմիր մազերի՝ ջրից մգացած ծայրերը: Իմ անելիքը նայելն ու ուրախանալն է. ինձնից այլ բան չի պահանջվում ի վերջո:

Իրականում արածս փոքր զառիվերով բարձրանալն ու դեպի կցասայլը քայլելն էր: Ու երբ հասա, նստեցի: Այնպես, ասես շեմք կամ նստարան լիներ, բայց կցա­սայլը սրանցից ոչ մեկը չուներ: Նստեցի ու սպասեցի, թե ինչ էր լինելու հետո:

Սա վավերականորեն գիտեմ: Չգիտեմ, սակայն, թե ծրագիրս ինչ էր, ու ինչ էի մտածում: Գուցե սպասում էի Քարոյի սարքած դրամայի հաջորդ արարի՞ն: Կամ շան:

Հինգ րոպեի չա՞փ նստեցի այնտեղ: Ավելի՞: Պակա՞ս: Չգիտեմ: Շատ ցուրտ չէր:

Մի անգամ սա իմանալու համար մասնագետի մոտ գնացի, ու նա hամոզեց (որոշ ժամանակ հավատում էի սրան), որ ես կցասայլի դուռը քաշած ու փակ գտած պիտի լինեի: Փակ էր, որովհետև մայրս ու Նիլը սեքս էին անում ու փակել էին, որ իրենց չխանգարեին: Եթե ես դուռը ծե­ծեի, կբարկանային: Հոգեբանը բավարարված էր ինձ այդ համոզմանը բերելուց, ես էլ էի բավարարված: Որոշ ժամանակ: Բայց այլևս չեմ մտածում, որ դա ճիշտ է: Չեմ կարծում, որ դուռը կփակեին, որովհետև գիտեմ, որ մի անգամ չէին փակել, ու Քարոն ներս էր մտել, իսկ նրանք ծիծաղել էին նրա դեմքի արտահայտության վրա:

Գուցե հիշել էի, որ Նիլն ասել էր, որ շները չեն խեղդ­վում, որը նշանակում էր, որ Քարոն Բլիթսիին փրկելու կարիք չէր ունենա: Այդ իսկ պատճառով նա չէր կարողանա իր սեփական խաղը գլուխ բերել: Աջուձախ խա­ղեր էին Քարոյի շուրջը:

Գուցե մտածել էի, որ նա լողա՞լ գիտի: Ինը տարե­կանում շատ երեխաներ են լողում: Ու պարզվեց՝ Քարոն, փաստորեն, լողի մի դասի գնացել էր նախորդ ամառ, հետո մենք տեղափոխվել էինք, ու էլ չէր գնացել: Նա երևի մտածել էր, որ գլուխ կհանի, իսկ ես՝ որ նա կա­րող է անել ինչ մտքին դնի:

Հոգեբանը չառաջարկեց այն վարկածը, որ ես կա­րող էի զզված լինել Քարոյի հրահանգները կատարե­լուց, բայց ես ունեցա այդ միտքը: Այն ամբողջովին ճիշտ չի թվում, չնայած: Եթե ավելի մեծ եղած լինեի՝ գուցե: Այն ժամանակ ես դեռ ակնկալում էի, որ Քարոն լցնի իմ աշխարհը:

Ինչքա՞ն նստեցի այնտեղ: Հավանաբար, ոչ երկար: Ու հնարավոր է, որ դուռը թակեցի էլ: Մի փոքր անց: Մի կամ երկու րոպե: Ամեն դեպքում, մայրս ինչ–որ պահի բա­ցեց դուռը առանց պատճառի: Նախազգացում էր երևի:

Հաջորդ բանը. ես ներսում եմ: Մայրս ղժում է Նի­լի վրա՝ փորձելով ինչ–որ բան հասկացնել: Նիլը ել­նում–կանգնում է ու այդպես կանգնած խոսում է նրա հետ, դիպչում է նրան մեղմությամբ, քնքշությամբ, սփո­փաձայն: Բայց նրա ուզածն ամենևին դա չէ, ու մայրս իրեն պոկում է տեղից ու նետվում է դռնից դուրս: Նիլը գլուխն է տմբացնում ու նայում է իր բոբիկ ոտքերին: Իր մեծ, անօգնական թվացող թաթերին:

Կարծեմ ինձ մի բան է ասում երգեցիկ տխուր ձայ­նով: Տարօրինակ է: Սրանից այն կողմ ոչինչ չեմ հիշում:

Մայրս իրեն չէր նետել ջուրը: Ցնցումից ծննդաբերա­կան ցավերը չէին բռնել: Եղբայրս՝ Բրենթը, թաղումից մի շաբաթ կամ տասն օր հետո նոր ծնվեց՝ ժամկետը լիար­ժեք լրացած: Թե որտեղ էր մայրս մինչև ծննդաբերության գնալը, չգիտեմ: Հավանաբար հիվանդանոցում էին պահում ու անզգայացնում էին, ինչքան վիճակը թույլ էր տալիս:

Թաղման օրը միանգամայն լավ եմ հիշում: Մի շատ հաճելի ու հանգիստ կին, որին չէի ճանաչում (անունը Ջոզի էր) ինձ զբոսանքի տարավ: Ճոճանակ գնացինք, որտեղ նաև տիկնիկային փոքրիկ տնակ կար, որի մեջ կարող էի հանգիստ տեղավորվել: Հետո իմ սիրած ուտե­լիքները կերանք, բայց ոչ այնքան, որ վատանայի: Ջո­զին մեկն էր, ում հետագայում շատ լավ էի ճանաչելու: Նա հորս ընկերն էր, ում հետ Կուբայում էր ծանոթացել, ու ամուսնալուծությունից հետո դարձավ իմ խորթ մայրը, հորս՝ երկրորդ կինը:

Մայրս ուշքի եկավ: Ստիպված էր: Պետք է խնամեր Բրենթին, շատ ժամանակ՝ նաև ինձ: Ես հավանաբար հորս ու Ջոզիի մոտ մնացի, մինչև նա հաստատվում էր այն տանը, որտեղ ծրագրում էր ապրել մնացած կյանքը: Չեմ հիշում, թե Բրենթի հետ այնտեղ եղած լինեմ, քանի դեռ այնքան չէր մեծացել, որ իր թիկնակով աթոռին նստեր:

Մայրս վերադարձավ թատրոնի իր հին պարտակա­նություններին: Սկզբից երևի առաջվա նման էր աշխա­տում՝ որպես կամավոր հսկիչ, բայց ժամանակի հետ, երբ ես արդեն դպրոց էի գնում, դա իսկական աշխատանքի վերածվեց՝ աշխատավարձով ու շուրջտարյա պարտա­կանություններով: Նա բիզնես մենեջերն էր: Թատրոնը շատ վայրիվերումներ ճաշակեց, բայց կենդանի մնաց ու մնում է մինչև այսօր:

Նիլը թաղումներին չէր հավատում, այնպես որ Քա­րոյի թաղմանը չեկավ: Բրենթին էլ երբեք չտեսավ: Նա­մակ էր գրել (սրա մասին ես ավելի ուշ իմացա), որ քան­զի չի պատրաստվում որպես հայր հանդես գալ, ավելի լավ է՝ բեմը լքի ներկայացման սկզբից: Բրենթի մոտ երբեք նրա մասին չէի հիշատակում, որովհետև մտա­ծում էի՝ դա ցավ կպատճառի մորս: Նաև որովհետև Բրենթը նրան՝ Նիլին, նման լինելու այնքան քիչ նշան­ներ էր ցույց տալիս և փաստացիորեն այնքան նման էր հորս, որ ես ակամայից մտածում էի՝ ի՞նչ էր արդյոք ան­ցել–դարձել այն ժամանակ, երբ նա սաղմնավորվել էր: Հայրս երբեք սրա մասին բան չի ասել և չէր ասի: Նա Բրենթին վերաբերվում է այնպես, ինչպես ինձ, բայց այն­պիսի մարդ է, որ բոլոր դեպքերում էլ նույնը կաներ:

Հայրս ու Ջոզին չունեցան իրենց երեխաները, բայց չեմ կարծում, թե նեղվում են դրանից: Ջոզին միակ մարդն է, ով երբևէ խոսում է Քարոյից, այն էլ՝ ոչ շատ հա­ճախ: Ասում է, որ հայրս մորս պատասխանատու չի հա­մարում: Նաև՝ որ ասել է, որ ինքը մի տեսակ խրված էր գործերի մեջ, մինչ մայրս ավելի հուզումնալից կյանք էր ուզում: Հորս պետք էր թափ տալ, ու թափ տվին: Դրա համար մեղավոր զգալուց օգուտ չկա: Առանց դրա երբեք չէր հանդիպի Ջոզիին, ու երկուսով երբեք այդքան երջա­նիկ չէին լինի:

— Երկուսով՝ ո՞վ,— կհարցնեի՝ մանրամասնելու, ու հայրս աներկբայորեն կպատասխաներ.

— Ջոզին: Ջոզին, իհարկե:

Մորս հնարավոր չէ այն ժամանակները հիշեցնել, ու ես չեմ էլ փորձում: Գիտեմ, որ մեքենայով գնացել է այն­տեղ՝ մեր ապրած տեղը, ու ամեն բան անճանաչելիորեն փոխված է գտել՝ գերժամանակակից տներ՝ կանգնած անբերրի հողի վրա: Սրա մասին խոսեց մի փոքր քա­մահրանքով, որ այդպիսի տներն արթնացնում էին մեջը: Ես ինքս էլ գնացի այնտեղ, բայց ոչ ոքի չասացի: Եղածը քչփորելն ու վերհանելը, որ կատարվում է ընտանիքնե­րում մեր օրերում, ինձ սխալ ու անիմաստ է թվում:

Նույնիսկ այնտեղ, որտեղ խճափոսն էր առաջ, տուն է կանգնած հիմա՝ հողը տակին լցված, հարթեցված:

Զուգընկերուհիս՝ Ռութանը, ինձնից երիտասարդ է, բայց ավելի ողջամիտ է երևի: Կամ ավելի լավատես՝ իմ դևերին դուրս քշելու հարցում, ինչպես նա է ասում: Ես երբեք Նիլի հետ կապ չէի հաստատի, եթե նա չստիպեր: Իհարկե, երկար ժամանակ ես ձև չունեի ու նաև միտք չունեի Նիլին հանդիպելու: Նա էր, որ ի վերջո գրեց ինձ: Շնորհավորանքների մի կարճ երկտող էր, իր ասելով՝ Շրջանավարտների թերթում լուսանկարս տեսնելուց հե­տո: Թե ինչ էր անում՝ Շրջանավարտների թերթը նայե­լով, գաղափար չունեմ: Ես ակադեմիական այն պատ­վոգրերից էի ստացել, որոնք փոքր շրջանակում են մի բան նշանակում, ու քիչ բան՝ այլուր:

Նա հազիվ մի հիսուն մղոն է հեռու ապրում այնտե­ղից, որտեղ ես դասավանդում եմ, ու դուրս է գալիս նաև՝ որտեղ քոլեջ եմ գնացել: Հետաքրքիր է՝ այն ժամանակ եղե՞լ է այնտեղ: Այդքան մոտ: Գիտական աստիճան ստա­ցե՞լ է:

Սկզբից բոլորովին մտադիր չէի պատասխանել երկ­տողին, բայց Ռութանին ասացի, ու նա խորհուրդ տվեց մտածել այդ մասին: Արդյունքը եղավ այն, որ ես Նի­լին էլեկտրոնային նամակ ուղարկեցի, ու մենք պայմա­նավորվեցինք: Նրան հանդիպելու էի իր քաղաքում՝ հա­մալսարանական սրճարանի խաղաղ միջավայրում: Ինքս ինձ ասում էի, որ եթե անտանելի լինի — չգիտեմ՝ ինչ նկատի ունեի — ես պարզապես խաչ կքաշեմ, ու վերջ:

Նրա հասակն ավելի կարճ էր, քան առաջ, ինչպես մտապահում ենք մեծերին մանկության միջից: Մազերը նոսրացել էին ու կարճ կտրված, կպած էին գլխին: Ինձ համար մի բաժակ թեյ վերցրեց: Նա ինքն էլ թեյ էր խմում:

Ինչպե՞ս է ապրուստ վաստակում:

Ասաց, որ աշակերտներ է պարապում քննություննե­րի համար: Նաև՝ շարադրությունների գործում է օգնում: Երբեմն, կարելի է ասել, ինքն է գրում: Իհարկե, փող է վերցնում դրա դիմաց:

— Միլիոնատեր դառնալու միջոց չէ, վստահեցնում եմ քեզ:

Մի կեղտոտ ծակուռում է ապրում: Կամ կիսակեղ­տոտ: Վատ չէ, սրտովն է: Շորերը Sally Ann[4]–ից է առ­նում: Դրա դեմ էլ բան չունի:

— Համընկնում է իմ սկզբունքներին:

Ես սրանցից ոչ մեկի համար չշնորհավորեցի նրան, ու անկեղծ ասած՝ չեմ կարծում, թե նա սպասում էր շնոր­հավորանքի:

— Ինչևէ, դժվար թե իմ կենսաձևը քեզ շատ հե­տաքրքրի: Մտածում եմ՝ կուզեիր ավելի շուտ իմանալ՝ ոնց էդ բանը պատահեց: Չիմացա՝ խոսքս ոնց դասավորեմ:

— Ինձ քարկոծում էին,— ասաց,— ու, որ ավելին է, ես լողորդ չէի: Որտեղ մեծացել եմ, շատ լողավազաններ չկային: Ես ինքս էլ կխեղդվեի: Սա՞ էիր ուզում իմանալ:

Ասացի՝ ամենաշատը քո մասին չէ, որ մտածել եմ: Ու նա եղավ երրորդ մարդը, ում հարցրի՝ ի՞նչ ես կարծում, ի՞նչ էր Քարոյի մտքինը:

Հոգեբանն ասել էր՝ դժվար է իմանալ: «Հավա­նաբար նա ինքն էլ չգիտեր՝ ինչ է ուզածը: Գուցե ուշադ­րությո՞ւն: Չեմ կարծում, թե մտադրվել էր խեղդվել: Կամ էլ ուզում էր ցույց տալ, թե ինչքան վա՞տ է զգում»:

Ռութանն էլ ասում էր՝ «Գուցե ստիպելու ձեր մորն անել այն, ինչ ի՞նքն էր ուզում, որ աներ: Ստիպելու նրան մտափոխվել ու հետ գնալ հորդ մո՞տ»:

Նիլն ասաց.

—Կապ չունի: Գուցե մտածել էր, որ իր կարողացա­ծից լավ կարող է լողալ: Գուցե չգիտեր, թե ջրում ինչ էին դառնալու ձմեռային ծանր շորերը: Կամ՝ որ շուրջը որևէ մեկն ի վիճակի չէր  օգնելու նրան:

Նա ինձ ասաց.

Ժամանակդ մի՛ վատնիր: Հո չե՞ս փորձում մտածել՝ ինչ կլիներ, եթե շտապեիր ու լուր տայիր: Չես փորձում մեղքը վրադ վերցնել, չէ՞:

Ասացի, որ դրա մասին մտածել եմ, բայց՝ ոչ:

— Խնդիրը երջանիկ լինելն է,— ասաց,— անկախ ամեն ինչից: Պարզապես փորձիր: Դու կարող ես: Ավե­լի ու ավելի կհեշտանա: Հանգամանքները կապ չունեն: Հավատա: Ընդունիր ամեն ինչ, ու ցավը կչքանա: Կամ կթեթևանա, ինչևէ, ու ամեն բան տեղը կընկնի, կյանքդ հեշտ կգնա:

Այժմ մնաս բարով:

Հասկանում եմ՝ ինչ էր ասում: Հենց դա է պետք անել, իսկապես: Բայց մտքիս մեջ Քարոն շարունակում է վազել ու նետվել ջուրը, հաղթած լինի կարծես, ու ես դեռ կապանքված եմ, դեռ սպասում եմ, որ բացատրի ինձ, սպասում եմ ջրի ճողփյունին:

[1] Անգլ. ՝ bun (բուլկի) և bomb (ռումբ) բառերը գրեթե նույնահունչ են, ինչը երեխայի մոտ շփոթմունք է առաջացնում:

[2]  Լորդ Բանքո — Շեքսպիրի «Մակբեթ» ողբերգության գործող անձանցից մեկը:
[3] Կանադական հայտնի մանկական հեռուստածրագիր, որ հեռա­րձակվում էր CBC–ով: Երեք կերպարներից մեկը հսկան էր, որի անունն Ընկերական էր:

[4]  Բարեգործական «Փրկության բանակ» (անգլ.՝ The Salvation Army) կազմակերպության երկրորդ ձեռք խանութները Կանադայում:

Թարգմանությունն անգլերենից՝ ԱՆՆԱ ԴԱՎԹՅԱՆԻ

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *