ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի ունեցավ հայ մեծանուն բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ,Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղեւոնդ Ալիշանի «Սիսական. տեղագրություն Սյունյաց աշխարհի» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է հայ տպագրության 500-ամյակին եւ վերահրատարակվել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հովանավորությամբ: Բացման խոսքով հանդես եկավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Նա, կարեւորելով գրքի վերահրատարակումը, կարծիք հայտնեց, որ միայն դպրոցական դասագրքերից սերտած «Պլպուլն Ավարայրի» ու «Մասիսու սարերն» բավական են, որ Ալիշանը դասվի հայ մեծերի շարքը: Նա անդրադարձավ Ղեւոնդ Ալիշանի հայագիտությանը եւ աշխարհագրությանը նվիրված ժառանգությանը` հիշեցնելով մեծն բանաստեղծի խոսքերը` «Շրջահայաց եղեք, սիրեցեք հայոց լեզուն, Հայաստան աշխարհը եւ միմյանց»:
Հայագիտության գրեթե բոլոր բնագավառներում հսկայական վաստակ ունի Մխիթարյան միաբանության նահապետը` Հայր Ղեւոնդ Ալիշանը: Նա գրական ասպարեզ է իջել որպես բանաստեղծ: Բանաստեղծական մնայուն իր ժառանգությամբ Ղազարոս Աղայանի բնորոշմամբ նա դարձավ «Նահապետ հազար թոռների»: Ալիշանը վիթխարի ու անկրկնելի անհատականություն էր. 60 հատոր կազմող նրա գրական ժառանգությունը դարձավ հայ մտքի պսակը:
Ղեւոնդ Ալիշանի ժառանգության մեջ ուրույն տեղ են զբաղեցնում պատմական ու աշխարհագրական բնույթի գործերը: Նա տեղագրել է Հայաստանի բոլոր նահանգները, գավառները, քաղաքներն ու գյուղերը. տվել է դրանց բնութագրերը, պատմությունը, նկարագրել նյութական մշակույթի հուշարձանները: Նրա նպատակն էր 20 գրքով լույս ընծայել Հայաստանի բոլոր նահանգների ամբողջական նկարագիրը: 1870-ական թվականներին նա ձեռնամուխ է լինում աներեւակայելի այդ գործին: Առանց գեթ մեկ անգամ Հայաստանում լինելու` նա գրեց Շիրակի, Արարատի, Սյունիքի, Հայոց Կիլիկիայի վերաբերյալ ծավալուն աշխատություններ: Անավարտ մնացին Աղվանքին եւ Արցախին նվիրված նրա գրքերը: Պատմական Հայաստանի նահանգներին նվիրված այս գործերը շարունակում են անգնահատելի աղբյուրներ հանդիսանալ մերօրյա հետազոտողների համար:
Դեռեւս նրա կենդանության օրոք ասույթ էր դարձել մեծ Նահապետին բնութագրող այն միտքը, թե Ալիշանը մեծ ու հեռատես աչք է, որ Վենետիկում ապրելով` կարողանում է համրել Հայաստանի բոլոր քարերը:
Այսօր էլ սերունդները բարձր են գնահատում Ղեւոնդ Ալիշանի վաստակն ու անմնացորդ նվիրումը հայ մշակույթին: Դրա վառ ապացույցը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ «Հայագիտակ» հրատարակչության լույս ընծայած «Սիսական. տեղագրություն Սյունյաց աշխարհի» գրքի վերահրատարակությունն է: Այն նվիրված է հայ տպագրության 500-ամյակին: Այս փառահեղ աշխատությունը Սյունյաց աշխարհի մասին հանրագիտարանային տեղեկությունների, հոգեւոր սննդի հարուստ մի շտեմարան է: Թող որ Սուրեն Խաչատրյանի հայրենանվեր այս նախաձեռնությունը օրինակ ծառայի մեր մյուս հայորդիների համար` տեր կանգնելու մեր մշակութային հարուստ ժառանգությանը եւ սերունդներին այն փոխանցելու գործում»:
Շատ ուրախ եմ Հայր Ալիշանի նշանավոր գրքի վերահրատարակումի համար շատ շնորհակալ կլինեմ եթէ ուղղորդեիք թէ որտեղից կարող եմ գնել լինի առ ցանց լինի գրախանութի անուն: