Առաքել Սեմիրջյան | Կոր

– Հիմա նա անհայտության մե՞ջ է կորել, թե՞ պարզապես նրա հետքն է անհետացել։
Երբ առաջին անգամ տատը թոռան զանգը չստացավ, հենց էդ հարցն անցավ մտքով։
Շաբաթը մեկ թոռը զանգում էր ու հարցնում․- Տատ ո՞նց ես, տատն էլ՝ Բալես շատ լավ եմ, մի շաբաթ էլ անցավ, օրացույցի միջից էս մի էջն էլ ջնջեցի։
Աղջկա ու փեսայի՝ ավտոյով ձորը գլորվելուց հետո պստոն էնքան մանր էր եղել, որ հայտնվել էր դռան ու նստարանի արանքում ու ողջ մնացել։ Հետո մի քանի ժամ չէին կարողացել գտնել, մինչև մի պուճուր ձայն էր հանել ու տենց էլ սաղ-սալամաթ բերել ու հանձնել էին տատուն, թե պահի՝ միակ խնամակալը դու ես։ Տատն էլ ճնշման ու ռևմատիզմի մասին չէր բարձրաձայնել՝ գրկել էր թոռանը ու ինքն իր մեջ երդում տվել, որ էս երեխու գլխից ոչ մի մազ չպիտի պակասի։ Տենց էլ արել էր, օրը մի հատ թարմ ձու մինուճար հավից ստացել ու խաշել տվել էր թոռանը, մինչև հաջորդ գարուն, երբ նոր վառեկ էր առել ու մինչև էդ վառեկը կսկսեր ձու ածել, հին հավին ձեռք չէր տվել ու ոնց որ տատ ու թոռ, էդ երկու ջահել ու ահել հավերն էլ իրար հետ հաշտ ու խաղաղ ապրել էին։ Էն պահից սկսած, երբ վառեկը սկսել էր ձու ածել՝ հին հավին մորթել էր ու հավի ջրով փլավ գցել, բայց նենց էր մորթել, որ հանկարծ հավի թափված արյունն ու հոգեվարքի թփրտոցը թոռը չտեսնի, որովհետև արյունից վախ ուներ էն օրից սկսած, ինչ ծնողների հետ գլորվել էր ձորը։
Առավոտը մի ձվով, ամսվա մեջ տատու թոշակով, մի փոքր էլ ծնողազրկության նպաստով ու տան դիմացի բաղ-բողչայով թոռը ողջ-առողջ մեծացել էր՝ մինչև բանակի տարիքի հասնելը, որից հետո պետք է հայրենիքի հանդեպ իր պարքը մատուցեր։
– Հայրենիքը մեղավոր չէր իր հանդեպ պարտք ունեցողների հանդեպ, ոչ էլ պարտքատերերն էին մեղավոր պարտք վերցնելու համար,- մտածում էր տատը, ու անհամբեր սպասում հերթական թոշակի օրվան։
– Երևի ես եմ մեղավոր, որ երդվեցի, որ թոռանս գլխից ոչ մի մազ չպիտի պակասի,- շարունակում էր մտածել տատը։
– Հիմա թոռս բանակում ի՞նչ պիտի է ուտի։ Բա որ մրսի իմ բալեն։
Էն օրն էլ զորամասի մուտքի մոտ քաչալացած թոռանը տեսել էր ու հասկացել, որ երդումը ընդհանրապես չի կատարել, որովհետև արդեն հազարավոր մազեր էր պակաս եղել նրա գլխից։ Եկել էր տուն ու իրեն պատեպատ տվել, բայց վերջում ինքզինքը հավաքել էր, որ ոչինչ՝ 2 տարի է, շաբաթը մեկ կապոց կպատրաստեմ ու կուղարկեմ, թող թոռս հանկարծ սոված չմնա։
Ճնշմանն ու ռևմատիզմին ինսուլտն ու ինֆարկտն էլ են ավելացել, սակայն իր մեջ ուժ է գտել ու ոչ մի շաբաթ բաց չի թողել, չաստերի հասցեներն է անգիր արել, ու պարտաճանաչորեն փոստ գնացել, երբ փոստը չի աշխատել, ավտոկայան է գնացել ու էդ ուղղությամբ շարժվող մի երթուղային գտել ու թոռան կապոցը ուղարկել։
Եղել է՝ կապոցը հասել է, եղել է՝ չի հասել, բայց թոռը ամեն շաբաթ զանգել ու ասել է ․- Տատ էդ ի՜նչ համով էր։
Ու էդպես անդադար 17 ամիս, ավելի շուտ՝ ոչ թե ամիս՝ այլ 73 շաբաթ ու մի քիչ, որովհետև տատու համար ժամանակը ոչ թե ամիսով է աշխատել, այլ շաբաթով է հաշվվել։
Ոչ էլ տարվա եղանակներն են հաշվի մեջ եղել, բայց հիշում էր, որ մի քիչ ցուրտ էր, որովհետև ցրտին ռևմատիզմը իրեն ավելի զգացնել էր տալիս, ճնշումն էլ մի փոքր ավելի բարձրանում ու էդ օրերն էր, երբ զանգ չէր ստացել ու տենց շաբաթները ավելացել էին ու էլի զանգ չէր եղել։ Ինքը ավելի էր կռացել, կուզը ավելի կորացել ու հայացքը հառել հողին։
Տատը պարտաճանաչ ամեն շաբաթ մի կապոց էր սարքել, ու անհայտ զորամասի հասցեով ուղարկել։ Կապոցի մեջ մի հատ թարմ խաշած ձու էր դրել, որ թոռը եթե հանկարծ գտնի ուղարկածը՝ անմիջապես հասկանա իրենն է ու տատը նրա մասին չի մոռացել։
— Հիմա նա անհայտության մեջ է կորել, թե՞ պարզապես նրա հետքն է անհետացել․- մտածում էր տատը։
– Բայց հաստատ չի մրսում, չէ՞, թե՞ սոված է իմ բալեն։ Բայց ինչի՞ չկարողացա նենց անել, որ մազերը չխուզեն։ Երևի մեղավորը ես եմ, որ երդում տվեցի։ Դրա համար պետք չէր նենց բանի վրա երդվեի, որ երբեք չէի կարողանալու պահել։ Այս շաբաթ լրիվ ուրիշ հասցեով կուղարկեմ կապոցը, կարող է էս անգամ գտնի․․․

Հեղինակի  «Հետողորմյա», «Կապտահեր Կյորես» գրքերը կարող եք փնտրել «Անտարես» հրատարակչության կայքում 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *