Երբ առաջին անգամ ուղտ նստեցի, գլուխս մի թեթև պտտվեց, և ուղտի ծուռ սապատների վրայից աշխարհն էլ ծուռ թվաց։ Պատերազմը դեռ չէր սկսվել, իսկ իրականում ոչ էլ ավարտվել էր, երբ ընկերոջս` տաղանդաշատ նկարիչ Արմեն Հինավուրցյանի հետ հրավիրվեցինք Անթալիա` մասնակցելու Սևծովյան ավազանի երկրների նկարիչների մի միջազգային ցուցահանդես-մրցույթի։ Հրավերը մեզ հասավ ընկերոջս ապուպապի սահմռկեցուցիչ սպանությունից համարյա հարյուր տարի հետո։ Ու թեև ականատեսները վաղուց հեռացել էին այս անիրավ աշխարհից, դեպքը հիշողության նյարդին կառչած հանդգնել էր գալ ու միախառնվել թոռանթոռան վրձնի վարպետական թրթիռներին։ Ու քանի որ պատերազմը դեռ չէր սկսվել, իսկ իրականում ոչ էլ ավարտվել էր, ակնկալվում էր, որ ցուցահանդեսը՝ իր խորհրդավոր «Ապաշխարանք» գլխագրով, անկախ անցյալի մութ ու արյունոտ էջերից, մի փոքր մխիթարանք էր բերելու արվեստագետի մեր չարչարանքներին, ու մեր կտավներին մի քանի գույն ու երանգ, մի քանի քաջալերանք ավելացնելու հետ՝ հընթացս նպաստեր տարածաշրջանային խաղաղության բազմաչարչար գործընթացին։ Մշակութային դիվանագիտություն են ասում, ինչ են ասում։ Ու հատկապես գնահատելի էր այն հանգամանքը, որ «Դրախտ» երանելի անունը կրող հյուրանոցը, որ առատաձեռն կազմակերպիչները պատվիրել էին մեզ համար՝ «օլ-ինքլյուզիվ» էր, հինգ հարյուր մետր շառավղով ցանկացած ուտելիք, իսկ ինչն ավելի կարևոր է՝ խմելիք, բացարձակ անվճար էր, էլ չասած ծովի տաք ու հոգեպարար ալիքների մասին։
– Թքած թե ձրի պանիր միայն թակարդում է լինում,- ասելու էր տաղանդաշատ նկարիչ Հինավուրցյանը։
– Էն Այվազովսկին սուլթանի մեդալները իզուր էլ էշ-էշ տարավ ջուրը գցեց,-ցինիկանալու էի ես։
– Ջուրը չգցեց, սիրելի շանը նվիրեց,-հրճվելու էր ընկերս։
– Ձրի խաղաղություն,-սրամտելու էի ես։
Եթե տաղանդաշատ նկարիչ Արմեն Հինավուրցյանին մի խաղաղ մարդ եք պատկերացնում, հավանաբար ես եմ մեղավոր, որ իմ մեղմացուցիչ գրչով նման պատրանք ստեղծեցի։ Նկարիչն ամբողջ ճանապարհին խոսում էր հարյուր տարի առաջ իր սպանված ապուպապի վրեժը լուծելու՝ ընձեռված բացառիկ հնարավորության մասին։ Կտավն էլ, որ մի շնչով ծեփել ու հետն էր բերել ցուցադրելու համար՝ անցյալի ողբերգության ինչ-ինչ ակնարկներ էին պարունակում ու գիտակ լսարանին հատուկ հուշելու հարկ էլ չէր լինի։ «Ապաշխարանք դրախտում»՝ հենց այդպես էլ վերնագրել էր, իբր ցուցահանդեսի ոգուն ու գաղափարին իր երախտիքի տուրքը մատուցելու շարժառիթով։ Իրականում, մի ծով էր նկարել, հավանաբար Սև ծովը, որի ալիքների փրփուրին կարմրին էր տալիս հարյուրամյա արյունը, որ տեղ-տեղ ժամանակի վրձնով լերդացել ու սև երանգ էր ստացել։
Ինչ-ինչ, նրանք հյուրընկալության հարգը գիտեն, եթե չեն սպանում՝ տեղը տեղին պատվում են, հինգ հարյուր մետր շառավղով` «օլ-ինքլուզիվ»։ Հյուրընկալության հատուկ խումբը ամեն ինչ անում էր, որ մենք զգանք ինչպես մեր տանը, ուզում էինք խմել՝ հեռվում կանգնում ու համբերատար սպասում էին, որ չխանգարեն այդ կարևոր ծեսին։ Ուզում էինք լողալ ծովափին՝ պատրաստված, լողազգեստով ու փրկօղակներով գալիս էին մեզ հետ՝ բան է թե հանկարծ խեղդվելու լինենք՝ իրենց հյուրընկալ ձեռքը մեկնեն կամ թե փրկօղակը նետեն օգնության։
– Ճիշտ է, Այվազովսկին մեդալները ջուրը գցեց, բայց իր կտավները հետագայում պետք եկան էն ցնդած բիձին, անունը չեմ հիշում,-մտորում էր տաղանդավոր նկարիչ Հինավուրցյանը,-հյուպատոսին մոլորեցնելու համար։
– Իրականում նա էր խոր մոլորության մեջ,-թեման ցրում էի ես,-ավելի ճիշտ ճանապարհներ կան, ասենք՝ արվեստը, մշակութային դիվանագիտությունը։
– Կարմիր ներկ եմ բերել հետս, ամեն դեպքում,-շշնջում էր ընկերս,-որդան կարմիր, վերջում շաղ եմ տալու ցուցահանդեսի բեմահարթակին` ի նշան երախտագիտության։
– Շշշ․․․,- ցուցամատս շուրթերիս էի դնում ես,- իբր ասածը լուրջ ընդունելով։
Մենք մեզ զգում էինք ինչպես մեր տանը։ Մենք մեր տանն էինք։ Հյուընկալության խումբը՝ երեք հոգի, մշտապես ուղեկցում էր մեզ։ Երեքն էլ՝ տարբեր գերատեսչություններից, այն կառույցներից, որ պատասխանատու են հյուրընկալության վեհ գաղափարի համար։ Մեկը պատասխանատու էր մեր անվտանգության համար, մյուսը՝ բարօրության, երրորդը` զվարճանքի։ Ու քանի որ հեռուներում մեծացող որդուս դպրոցական դասարանում կային այդ ցեղի` նույնանուն երեք զավակ ու նրանց տարբերակելու համար հաճախ անվանում էինք Մեծ Մըրթ, Միջնակ Մըրթ ու Փոքր Մըրթ, որոշեցինք մեր գործը հեշտացնելու համար այս երեքին էլ համաբանության օրենքին հլու՝ մենք մերոնցով անվանել Մըրթ Մեկ, Մըրթ Երկու, Մըրթ Երեք։
Մըրթ Մեկը մեզ պետքարան էր ուղեկցում ու հետևում, որ այդ կարևոր արարողության ժամանակ մեզ վտանգ չսպառնա, գոտիներս ինչպես հարկն է ձգենք, վերնաշապիկի ճոթերը դրստենք, մի խոսքով նման մանր-մունր հարցերի գծով էր՝ ինչպես ասում են։ Մըրթ Երկուսը սրբիչներն ու փրկօղակներն էր պահում, իսկ Մըրթ Երեքը, որ ներկայացավ որպես զբոսաշրջության ուղեկցորդ, չգիտես ինչու սրան-նրան էր ճանապարհը հարցնում, երբ պետք էր լինում մի կարևոր տեսարժան վայր գտնել։ Մի խոսքով՝ օլ-ինքլյուզիվ։
Մինչ մենք հինգ հարյուր մետր շառավղով սկսեցինք չեզոքացնել թշնամական ցանկացած ոտնձգություն, պարզվեց տեղական ցածրակարգ գինին, որ օլ-ինքլուզիվի ցանկում էր ներառված, ոչ էլ արյան համ ուներ։ Գլգլալեն իջնում էր մեր ըմպանով ու ջերմացնում մեր հոգիները։
– Տարօրինակ է, ոչ մի արյան համ,- զարմանում էր ընկերս։
– Դե հարյուր տարի է անցել,- ուշադրություն մի դարձրու,- տարակուսանքը ցրում էի ես։
Մըրթ Մեկը պատմում էր, որ մինչև ականջները սիրահարված է Կարինեին, ում հետ չորս տարի առցանց գրագրություն է վարում։
– Մենք սիրում ենք իրար,- հավաստիացնում էր նա ու լուսանկարը պարզում մեզ` ճանաչու՞մ եք, գեղեցկուհի է։
– Էհ, մեր երկրում կա շուրջ հինգ հազար Կարինե, բոլորն էլ` գեղեցկուհի` բացատրում էի ես։
– Չգիտեմ ինչ կլինի,- հոգոց էր հանում Մըրթ Մեկը, ու մենք համոզում էինք նրան, որ Կարինեն աշխարհի ամենահմայիչ աղջիկն է ու արժե երբևէ հանուն նրա լողալ գետի հոսանքին հակառակ։
– Ափսոս, քո ապուպապը գուցե սպանել է իմ ապուպապին, – երազին սառը ցնցուղ էր ցայում վաստակավոր նկարիչ Հինավուրցյանը։
Մըրթ Երկուսը, որ սրբիչն ու փրկօղակն էր պահում, իր հերթին հետևում էր, որ չխախտենք հյուրընկալության կարգն ու կանոնը։ Երբ ուղտ բանցենող տղային ինձ օգնելու համար գլանակի պես ներս ոլորած հինգ դոլար տվեցի, իբր աննկատ՝ Մըրթ Երկուսը անմիջապես իրար խառնվեց, հետ խլեց դրամը ու խցկեց գրպանս։
– Ուղտն էլ է մերը, հյուրերն էլ են մերը՝ օլ-ինքլյուզիվ,-բացատրեց նա։
Ասեմ, որ ուղտի վրայից աշխարհն այլ էր երևում, թե սապատներն էին ծուռ, թե՝ աշխարհը։ Բայց ամեն ինչ անցողիկ է, բարձրանում ես ուղտի վրա, գլուխդ մի թեթև պտտվում է, որոշ բաներ հասկանում ես, որոշներն էլ մութ են մնում, հետո` իջնում, հինգ դոլարը մեկնում ես տղային, ու ամեն ինչ վերադառնում է ի շրջանս յուր, ասես ոչինչ էլ չի եղել։
– Իսկ գուցե քո ապուպապն է սպանել իմ ապուպապին,- Մըրթ Երկուսին էր դիմում տաղանդաշատ ընկերս։
– Չէ հա, ուղտից ընկած կլինի,-իբր կատակում էր Մըրթ Երկուսը։
Մըրթ Երեքն էլ վատ տղա չէր, բայց կատակելու գլուխ չուներ։ Նա լրջորեն ցուցադրում էր քաղաքամուտքի կամարի վրայի «Ուրարտու» մակագրությունը, բացատրում այդ հնամենի երկրի կապը իր ցեղակիցների արմատների հետ ու հպարտանում։ Ի վերջո զբոսաշրջության ուղեկցորդ էր։ Բայց ի ծնե լինելով զբոսաշրջության մեծ վարպետ, հենց միանգամից արդարացավ, թե ապուպապերի հարցից բան չի հասկանում։ Բացատրեց, որ մի չորրորդ մարդ էլ կա՝ Շեքյուրեն, իսկական հարցի փորձագետ, որ հիմա կկանչի նրան ու մենք մեզ իսկապես կզգանք ինչպես մեր տանը։ Մինչ մենք սպասում էինք փորձագետին, գինին գլգլալեն մեր ըմպանով գլորվում էր ցած ու մի աներևակայելի ջերմությամբ պարուրում մեր հոգիները։ Մըրթ Երկուսը անվերջ պատմում էր, թե ինչ չքնաղ էակ է իր Կարինեն, թե վաղ թե ուշ հասնելու է նրան ու մեծ երկիր բերի։ Մըրթ Երկուսն ու Մըրթ Երեքը անվերջ ժպտում էին հիմարավուն ժպիտով, իսկ տաղանդաշատ նկարիչ Հինավուրցյանն արդեն սպառնում էր պատմել իր ապուպապի սահմռկեցուցիչ սպանության բոլոր մանրամասները, մի արնաշաղախ պատմություն, որին ամեն փխրուն սիրտ չէր դիմանա։
– Մի օր համբերի, ցուցահանդեսին կմեխես, մրցանակը քոնն է,- իբր հանգստացնում էի ես։
Ամեն ինչ շաղվում էր մեր աչքի առաջ, ուղտն արդեն չորս սապատանի մի հրեշ էր մեր աչքին, որ հիմա թուքը կկուտակի բերանում ու կթքի աշխարհի երեսին։ Մենք փորձել էինք ամեն ամեն ինչ, հինգ հարյուր մետր շառավղով։ Մենք կլլել էինք թափանցիկ և գունավոր բոլոր տեսակի հեղուկները, ու նույնիսկ տեղական զզվելի անիսոնը, ու պատրաստ էինք փսխել մեր մաղձը մեր դառը ճակատագրի վրա, երբ իր ողջ շքեղությամբ հայտնվեց չորրորդ մարդը` Շեքյուրեն։ Ես ասեմ մարդ, դուք պատկերացրեք մի արևելյան դշխուհի։
– Շեքյուրե,-ներկայացավ նա,- դուք մեր հյուրերն եք, և ես պարտավոր եմ ապահովել ձեր հոգու ներդաշնակությունը։
Ասեմ, որ Շեքյուրեի սև կրակոտ աչքերն ու հրաշագեղ մարմնամասերը ոչ մի ընդհանուր բան չունեին տաղանդաշատ նկարիչ Հինավուրցյանի ապուպապի սահմռկեցուցիչ սպանության հետ։
– Մենք մեծ երկիր ենք,- ասում էր Շեքյուրեն,-մեծ ազգերը մեծ սխալներ են գործում, փոքրերը՝ փոքր։ Հիմա խաղաղության դարաշրջան է։
– Իսկ եթե քո ապուպապը սպանել է իմ ապուպապին,-արդեն համարյա թոթովում էր նկարիչ ընկերս։
– Առաջարկում եմ երաժշտություն լսել, մոռանալ անցյալի արյունոտ էջերը, ընդհանուր ապագա կառուցել,- ժպտում էր Շեքյուրեն, ու աչքերից կրակ էր թափվում։
– Իսկ եթե քո պապը մարդասպա՞ն է,- անդրդվելի էր տաղանդաշատ նկարիչը,- իսկ եթե․․․
Շեքյուրեն ընկղմվել էր պատմության խրթին խորխորատներ մեջ։ Դրությունը փրկելու համար նա գործի էր դրել կախարդի ողջ հմայքը։ Նազանի ձեռքերը այսուայնկողմ էին տարուբերվում, հյութեղ կուրծքը աշխույժ թրթռում էր ու խտտում մեր ծածուկ երևակայությունը։ Թվում էր, թե ու որ է՝ շառաչուն ապտակը կիջնի տաղանդաշատ նկարչի՝ գինուց կաս կարմիր կտրած դեմքին ու կսթափեցնի նրան, ուր որ է՝ կաքցանի նրա կոկորդը ու կսկսի անխղճաբար խեղդել, ուր որ է՝ ճանկերը աչքը կխրի, երբ մեր նկարիչը օդում ճարպկորեն որսաց Շեքյուրեի նազանի ձեռքը ու ․․․ մի քնքուշ համբույր դրոշմեց ափին։ Մի քանի վայրկյան լռություն, և հռհռոցը տարածվեց հինգ հարյուր մետր շառավղով։ Հռհռում էի ես։ Հռհռում էին Մըրթ Մեկը, Մըրթ Երկուսն ու Մըրթ Երեքը։ Հռհռում էր Շեքյուրեն։ Հռհռում էր տաղանդաշատ նկարիչ Արմեն Հինավուրցյանը։ Եթե Կարինեն այդտեղ լիներ, Մըրթ Մեկը ամուսնության առաջարկ կաներ նրան։ Եթե նկարչի ապուպապը այդտեղ լիներ, հաստատ ինքն էլ ծիծաղից կմեռներ։
Այդ գիշեր տաղանդաշատ նկարիչ Արմեն Հինավուրցյանը երազ տեսավ։ Շահած մրցանակը` սուլթանի շռայլ մակարգրությամբ «Կարմիր վրձինը» սիրելի շան վզին կապեց, հետո նավարկեց ծովի խորքը ու զզվանքով ալիքների ողորմածությանը հանձնեց, ճիշտ մեծ ծովանկարչի պես։ Ապուպապը երկնքից ժպտաց ու թփթփացրեց ուսին։
Երբ առավոտյան, խիղճներս հանգիստ, բացեցինք մեր աչքերը, ընկերս ասաց.
– Լիակատար դրախտի համար մեզ միայն սև սուրճն է պակասում, հենց ծովի ափին, ոտքներս ջրի մեջ կախած։
Այ սա դրախտ է որ կա, իսկական ապաշխարանք։ Ծովի գոլ ծփանքը խտտում էր մեր մերկ ու անմեղ ոտքերը։ Շեքյուրեն հանդարտ լողում էր ու կոհակ առ կոհակ մոտենում մեզ։ Այ քեզ բան․․․ Եվս մի քանի մետր, և ձկնիկը ցանցը կընկնի։ Այ սա իսկական վերջաբան կլինի հա։ Այ թե կարթի կեռիկից կախված ոնց կթփրտա, ինչ տեսարան կլինի, կուզենք ջուրը կնետենք, չենք ուզի՝ չենք նետի։ Կուզենք ձեռքը կպաչենք, չենք ուզի` չենք պաչի։
– Վրձի՛նս, – գոռալու էր տաղանդաշատ նկարիչը։
– Ու՛ղտ բերեք ինձ,-գոռալու էի ես։
Բայց ցավոք, միշտ չէ, որ պատմությունը մեր ուզածով է լինում, հաճախ խոտոր ընթացք է բռնում։ Մանավանդ, երբ գործին Շեքյուրեի պես կրակոտ մեկն է խառնված։ Այնպես որ, մեզ տեսնելով աղջիկը պիտի այլայլվեր ու կտրուկ շրջադարձով ու բաթերֆլայ լողաոճով հօդս ցնդեցներ մեր սին հույսերը։ Խումարի թեթև գլխապտույտը ավելի էր գեղեցկացրել նրան։ Շեքյուրեն չքնաղ էր հանց ջրահարս։ Նրա սլացիկ ու հյութեղ մարմինը համաչափ ճողփյուններով ճեղքում էր ծովի փրփրաշատ ալիքները ու հանդարտ հեռանում դեպի պատմության հարյուրամյա խորքերը։ Մենք կկոցել էինք մեր աչքերը, որ ավելի երկար վայելեինք խումարի բերած ճոճքը։ Ծովը ալեկոծվում էր ու տեղ-տեղ կարմրին տալիս…

