Վարդուհի Բադալյան | Ածուխը

Կտակել էր ամեն ինչ սև կատվին: Ի՞նչ իմանար, որ հետո կատուն վերցնելու էր իր կտակած տեսախցիկն ու կառավարության շենքում լուսանկարներ էր անելու, որոնք բնավ ենթակա չէին հրապարակման: Կամ էլ, որ կատուն իր կտակած դյուրակիր համակարգչի օգնությամբ հրապակելու է այդ նկարներն իր իսկ բացած «Ամենատես» բլոգում: Չէր կարող գուշակել, որ իր մահից հետո այնքան հայտնի է դառնալու, որ Ռեինկարնացիոն վարչությունը որոշում է կայացնելու իրեն վերակենդանացնել՝ հարցաքննելու համար: Այլապես կոչնչացներ ամեն ինչ, կվառեր տունը, բայց կատվին ոչ մի գրոշ չէր թողնի:
– Էս ի՞նչ օյին բերիր գլխիս, Ածուխ, իմ համար մեռած էի՝ ոչ մի դարդ, ոչ մի ուրախություն: Չկայի ու դա ավելի լավ էր, քան ցանկացած նիրվանա կամ դրախտ, իսկ քո պատճառով ինձ բռնեցին ու անգոյությունից ետ շպրտեցին էս ցավերի աշխարհ:
Սև կատուն՝ Ածուխը, մռլտալու էր, չափելու էր ծայրից ծայր տիրոջ բանտախուցը (թույլ էր տալիս մարդուն իրեն կատվի տեր երևակայել) ու ձևանալու էր անասուն՝ ասելու ունակությունից զրկված անաստված մի կենդանի:
Ու նախկին լրագրողն իրեն խելագար էր կարծելու: Ինքնասպանությունն ու չգոյությունը համարելու էր խեղված մտքի զառանցանք, քանի դեռ կատուն լռելայն լվացվում է սենյակի անկյունում: Տիրն անգամ չնկատեց, որ երբ քննչական կոմիտեից մորուքների ու խոժոռ հոնքերի դեզով ինքնահաստատվող երեք պարոնները մտան բանտախուց, Ածուխն անհետացավ:
Առաջին պարոնը՝ այն մեկը, որ միշտ կարմիր վերնաշապիկով էր, մոտեցավ, կանգնեց գլխավերևում ու երկար, անձայն նայում էր իր դիմաց գամված երիտասարդին (վերակենդանացրած մարդկանց որոշ ժամանակ կապած էին պահում՝ զոմբիների մասին սնահավատ սարսափի ու ասեկոսեների ստվերն էր քաղաքակիրթ աշխարհում):
– Գիտես՝ ինչու ենք քեզ վերակենդանացրել:
Նախադասությունը հարցական չէր՝ հաստատական էր: Առաջին հարցաքննության ժամանակ ևս, երբ ինքը գաղափար անգամ չուներ՝ ինչու, նախադասությունն էլի հաստատական էր, ու դա ինքնամոռաց կատաղության էր մատնում իր տեսակը՝ ինքնաբուխ, անկեղծ, բռնկուն:
Ու հանկարծ հանճարեղ միտք փայլատակեց՝ կատաղել, ուրեմն կատաղել: Զոմբի կձևանա, որ իրեն տեղում սպանեն: Փորձեց հիշել, թե ինչ ցնդաբանություններ է կարդացել դեղին մամուլում՝ իբր մահ տարածող վերակենդանացվածների մասին: Ու առաջինը հիշեց սահմռկեցուցիչ ձայները: Այստեղ Ածուխը հասավ օգնության: Իր կյանքում լսած զզվելիագույն հնչյունները կատվի սիրային երգերն էին գարնանն ընդառաջ: Անտանելի հարևանուհու համար էլ ավելի անտանելի կերպար դառնալու ձևը գտել էր՝ հենց սա սկսում էր բողոքել կատվից, ինքը կատվի ձայներից էր արձակում՝ թմբկաթաղանթը ճանկռող, նյարդերը ոլորող ձայներից:
Հիմա էլ սկսեց ջղաձգվել ու Ածուխին նմանակել: Քննչական կոմիտեի խոժոռ դեմքերն ընկրկեցին ու համենայն դեպս մոտեցան դռանը: Իսկ ինքը շարունակում էր կատվազգիների ոռնոցն ու ամբողջ մարմնով թպրտում մեկ այլ դիցական կերպարի՝ դիվահարի պես: Կատարվեց անկանխատեսելին՝ ձախ ձեռքը դուրս պրծավ կոտրված ձեռնաշղթայից:
– Հիմա որ հաստատ կսպանեն, – փայլատակեց մտքում ուրախության առաջին կայծը վերջին օրերի սևի ֆոնին:
Հնչեց երեք կրակոց: Դեռ չէր մեռել: Շուռ եկավ ապիկար քննիչների ուղղությամբ՝ մտքում հայհոյելով, որ կարգին կրակել էլ չգիտեն ու տեսավ երեքի դիակները՝ հատակին փռված:
Եվս հինգ դիակ կանգնած էին նրանց գլխավերևում: Մեռելների դիմակներով մարդիկ էին՝ արմատական ընդդիմությունից, որ ցանկացած կառավարության սարսափի էր մատնում ու ցանկացած հարց լուծում հրազենով:
– Եկել ենք քեզ ազատենք, եղբայր, – ասաց լողլողը՝ հանելով դիմակը:
Տիրն ինքն իրեն որոշեց, որ եթե շարունակի զոմբի ձևանալ, իրեն կսպանեն: Ոռնաց, մլռտաց, թպրտաց:
– Հանճարեղ է մտածված, ասաց ևս մեկը, հանեց դիմակն ու ահավասիկ՝ իր առաջ ձերդ գերազանցություն անտանելին էր, երիցս անիծյալ հարևանուհին՝ Նարը:
– Չգիտեի, որ դու էլ ես ընդդիմություն, – քրթմնջաց Տիրը:
– Ես էլ եմ հաճելիորեն զարմացած, – ասաց Նարինեն, – Ածուխն էլ:
– Ածուխն ի՞նչ կապ ունի:
– Կատվի խնամակալությունը ոչ ոք չէր ստանձնում, ես իմ մոտ վերցրի ճարահատյալ: Ածուխը պատմեց, որ «Ամենատեսը» քո բլոգն է: Ամբողջ աշխարհն էր քննարկում քո հերոսությունը, այդպես մերկացնել կառավարությունն ու ինքնասպան լինել՝ զրկելով նրանց քո վրա ուժ գործադրելու ու հերքում կորզելու ցանկացած հնարավորոթյունից: Ես, ընդդիմություն լինելով հանդերձ, երևի ի վիճակի չլինեի դրան գնալ:
Տիրն ամբողջ պատմությունից իր համար առանձնացրեց «Ածուխը պատմեց» արտահայտությունը: Ու սևեռվեց դրա վրա:
– Ածո՞ւխը: Պատմե՞ց:
– Հա, – Նարը հայացքով նշան արեց ու ուղեկիցները դուրս եկան բանտախցից:
– Ո՞նց:
– Հա՜, ուզում ես իմանալ հեռազգացությամբ, թե՞ բառերով: Քո կատուն կարողանում է հոդաբաշխ խոսել՝ մարդու նման:
«Այդ մարդիկ են, որ կարողանում են իմ նման խոսել». մտածեց չգիտես որտեղից հայտնված Ածուխը: Մտքերը նա չբարձրաձայնեց, փոխարենը մռլտաց ու քսմսվեց տիրոջ ոտքերին՝ հարմար մեթոդ էր թափվող մորթուց ազատվելու համար:
– Ածուխ, ասա նրան, – Նարինեի բառերում ոգևորության կրակ կար:
Ածուխի աչքերը հասկացող, բայց խոսքի մենաշնորհին չտիրապետող արտահայտություն ունեին:
– Խոսա՛, այ տղա, – Նարի ձայնում էլևէջում էր նյարդերի դողը:
Ածուխի հայացքում ելևէջում էր հեգնանքը, մասնավորապես՝ այն բոցկլտում էր, երբ կատուն նայում էր Նարինեին և իսպառ չքանում, երբ շրջվում էր Տիրի ուղղությամբ:
– Ի՞նչ օյին հանեցիր գլխիս, Նար, – Տիրի ձայնը թևաթափ էր:
– Ի՞նչ օյին, մեռած էիր, ասել եմ, որ «Ամենատեսը» քո բլոգն էր, լուրը քամու բերանն ընկած տարածվել է, աշնան փետրահան ծառերի տերևների պես քշվել ուր պատահի, լցվել ջրանցքները և…
«Գրողի տարած գրող, առանց պաթոսի ոչինչ ի վիճակի չէ նկարագրել». – մտածեց Ածուխը:
… ու հիմա բոլորը գիտեն, որ դու քո կյանքը զոհել ես հանուն մեքենայությունների բացահայտման:
– Նար, ես գժվել էի, ախր, լրիվ ցնդել՝ հավատում էի, որ ամեն ինչ Ածուխն է արել, կատուն, հասկանո՞ւմ ես, կա-տուն:
– Բան չեմ հասկանում, ի՞նչն է կատուն արել:
– Լուսանկարները, հրապարակումը, ամեն ինչ: Իմ դիակը դեռ չսառած դու առնում ես տեսախցիկը, չեմ հասկանում ոնց սողոսկում շենք ու նկարում այդ ամբողջ քաոսը, ինչից ես երբեք տեղյակ չէի լինի, եթե չլիներ ձեր զզվելի ընդդիմությունը: Դա էլ հերիք չի, իմ համակարգչով ամեն ինչ ճպպացնում ես՝ գնա, ու ինձ դեմ տալիս հոտի թույլ ոչխար՝ հոշոտեն:
Նարինեն մի քանի վայրկյան մարմնավորված տարակուսանք էր, հետո կարծեց՝ սկսել է կռահել:
– Լավ մարտավարություն է, – ժպտաց, – հանճարեղ ես մտածել՝ ամեն ինչ հերքել: Համաձայն եմ, ես իմ վրա կվերցնեմ քո հերոսությունը, ես պատրաստ եմ թիրախ դառնալ, եթե դու ավելի մեծ գործերի պլաններ ունես:
Տիրը հուսահատ նստեց հատակին:
– Նար, ես իրականում ոչ մի լուսանկար չեմ արել, ես ուղղակի զզված էի կյանքից ու ինձ վերջ եմ տվել: Ես գաղափար չունեմ՝ ինչ դավեր են նյութվում, ոնց իմ բլոգը դարձավ հրապարակման սկզբնաղբյուր: Ոչ մի բանից ես գաղափար չունեմ, բայց ունեմ աշխարհի ամենահարգելի ալիբին՝ քանի այդ ամենը կատարվում էր, ես մեռած էի: Ես անգամ գաղափար չունեմ՝ ով է արել նկարները, դրանք ևս իմը չեն: Ու չկա ոչ մի պատկերացում, թեկուզ հեռավոր, հորիզոնին ձուլվող կռահումի թրթիռ, թե ով կարող է լինել այս դավադրության հեղինակը:
– Ածուխը:
Տիրի կատաղած ճիչը ստիպեց սենյակից դուրս եկած տղաներին վերադառնալ: Հետո տուն գնալու ճանապարհը նա մառախուղի մեջ էր հիշում: Պարզվեց մի քանի օր ուշաթափ ընկած էր: Հետո պատմեցին, որ քանի ինքը քնած էր, հեղափոխություն է սկսվել:
Ու Տիրն արեց այն, ինչ վստահ էր, որ կյանքում չի անի՝ միացավ հեղափոխությանը: Ավելի ուշ, երբ ինքն էլ չէր հասկանում, թե որ սատանան նրան հասցրեց խորհրդարան, նա պատշգամբում կանգնած աստղային անձրևին էր հետևում: Կատուն ցատկեց, թառեց կողքին:
– Հասա՞ր ուզածիդ, – հեգնանքով ասաց Տիրը:
– Այո:
Կատուն առաջին անգամ էր իր հետ խոսում, բայց Տիրը սպասում էր դրան ու անգամ չզարմացավ:
– Ու ինչի՞դ էր պետք, որ ես խորհրդարանում լինեի:
– Մենք միասին կմշակենք կենդանիների իրավունքների պաշտպանության օրինագիծ:
Տիրը փորձում էր բնորոշել կատվի ձայնը, պատկերավոր նկարագրել ինքն իրեն, թե ինչպիսին է կատվային խոսքը, բայց մտքում միայն մի բառ էր պտտվում՝ վայելուչ: Ածուխն այդ պահին պատկառանք էր ներշնչում:
– Երբ օրենքն ընդունվի, կարո՞ղ եմ մեռնել, կթողե՞ս, – քրթմնջաց Տիրը:
– Իսկ ո՞ր գրողի տարածն այդ դեպքում կհետևի օրենքի իրագործմանը:
– Վարչապետը՝ Նարինեն:
Կատուն անխոս ցած ցատկեց բազրիքից:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *