Կիկի Դիմուլա | Ալո՛, ալո՛, լսու՞մ եք

***
Ալո՛, ալո՛, լսու՞մ եք: Ալո՛,
հեռվից եմ զանգում: Չի լսվու՞մ,
ի՞նչ, հեռավորությունից դու՞րս է:
Բջջային տարածքի՞ց եք խոսում:
Զրոն նորի՞ց սեղմեմ: Նորի՞ց:
Հիմա լսու՞մ եք:
Մամայիս կտա՞ք, խնդրու՜մ եմ:
Ինչ համարով եմ զանգե՞լ: Երկինք եմ զանգում,
այս համարն են տվել: Այդտեղ չէ՞:
Կհաղորդե՞ք իրեն, եթե մի բան ճչամ:
Շատ կարևոր է, ասեք իրեն:
Երազումս տեսա, որ մահացել է,
իսկ ես` տակս թրջած հեծկլտացող մանուկ,
վախն ինձ հեղեղել է ոտքից գլուխ
ու չորանալու միտք էլ չունի:
Թող գա` իր մանկան տակը փոխի:
Թե չի կարող գալ, ասեք նրան նաև,
որ հասել է նրա էն հին սաստումը`
թե ծերուկն ինձ կուտի, եթե ճաշս չուտեմ:
Հասել է` դարձել եմ ծերության կերակուր:
Երազագեղ պանդոկում չէ:
Այլ` հայելու բացած
Մի անշուք ճաշարանում:

 

Հոգնակի թիվը 

Սերը`
հասարակ գոյական,
շատ էական,
եզակի թիվ,
սեռը` ոչ իգական, ոչ արական,
սեռը` անպաշտպան:
Հոգնակիում`
անպաշտպան սերեր:

Վախը`
գոյական,
սկզբում` եզակի թիվ
և ապա հոգնակի`
վախեր:
Վախեր
ամեն ինչի հանդեպ այսուհետ:

Հիշողությունը`
վշտերի հատուկ անուն,
եզակի թիվ,
միայն եզակի
ու անխոնարհելի:
Հիշողություն, հիշողություն, հիշողություն:

Գիշերը`
գոյական անուն,
իգական սեռ,
եզակի թիվ:
Հոգնակիում`
գիշերները:
Գիշերներն այսուհետ:

 

*****
Քո մասին խոսք չի եղել
իղձերիս մեջ երբեք:
Երազներս երբեք
քեզ չեն կանխատեսել:
Նախազգացումներս
բնավ չեն հանդիպել քեզ:
Երևակայությունս նույնպես:
Եվ սակայն
անորոշ մի պահի
որոշակի է դառնում իմ մեջ
արդեն իսկ պատրաստ մի զգացմունք:

 

Թարգմանությունը հունարենից՝ Շամրիկ Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *