Դեբորա Էյջր | Ամառային գիշերներ

Լիճը

Բակը կիսով չափ բակ է,
կիսով չափ՝ լիճ կապույտ, կապույտ՝ դիակի պես:
Ու լիճը կպատմի բաներ, որոնք դու տենչում ես լսել․
գնա այստեղից:
Ժամը երեքն է: Չոր տերևները խշշում են մարակաների պես:
Վիսկիագույն խոտը
կոտրվում է ամեն քայլափոխի, և ծառերը դանդաղորեն գիտակցում են, որ մերկ են:
Որքա՞ն ես մնալու:
Որովհետև լիճը տալիս է հարցեր, որոնք դու նույնպես կուզեիր լսել:
Ամիսներ են անցել այդ օրից,
իրականում ամեն ինչ է անցել։ Այն օրից, երբ սև շինությունները կանգնեցին երկնքին հանդիման, անձրևը սուլեց մայթերից
և ոլորվեց քո շուրջը:
Օ, որքան սպառնալից էին նախկինում թվում այս պողոտաները:
Ես գիտեմ, թե ինչն ես կարոտում
երգում է այս լիճը: Մեքենայի ազդանշանների
հառաչանքը պիկ ժամին:
Քաղցր սուրճը: Մուրճի պես հարվածող քամին։
Սիրեցյալի տաքությունը:
Փողոցներին կիսաձայն սիրո երգեր երգող ծղրիդները:

Ամառային գիշերներ

Լամոնի, Այովա

Գործարանի շչակն ասում է աշխատողներին, որ տուն գնալու ժամանակն է,
ասում է, որ երեկոն սկսվել է:
Երբ ապրեմ բարձրահասակ տղամարդու հետ,

որին չեմ սիրում, կթափառեմ փողոցներով՝ երազելով Իտալիայի մասին:
Երբ պողոտաներով քայլելիս լինեմ
նրա հետ, նա կասի՝ նայիր, այնտեղ՝
վարդագույն խճաքարերի արանքում, գոմաղբ է, որ շաղախի է նման:

Դրա քաղցր բույրը չորեքշաբթի գիշերներին,
գիշերն աճուրդից առաջ,
երբ կովերի թշվառությունը ողջունում է ինձ

քաղաքի միջով դեպի տուն ընթանալիս:
Լիճը խաղաղվում է՝ հոգնած իմ ստերից:
Ե՞րբ ես կրկին ճիշտը կասեմ:

Շչակը: Իմ սիրելին տանն է:
Գիշեր, մենք տանն ենք մնում և չեղարկում օրերը:

 

Գիշերը Այովայում

Անձրևաբեր ամպերը ջնջում են Լամոնիի երկնքի աստղերը:
Դալուկ լույսեր: Ցորենի պահեստահորեր: Արձակ շներ: Կովեր, որոնց գարշահոտությունը ներարկվում է սակավաթիվ տներին,
որոնց տխուր ձայները փոթորկում են տափաստանները կարոտով:

 

Միայնակ
Ցանկապատի վրայով մահացածները սկսում են
իրենց ճանապարհորդությունը: Ժամը ինն է:
Դու այսօր առաջին անգամ
միայնակ ես: Տղաները քնած են: Ամուսինդ՝ դրսում:

Գարեջրի շիշը քրտնում է ձեռքումդ,
իսկ ծովային նարդոսը խցանում է օդը անուշահոտությամբ: Մտածի՛ր ինքդ քո մասին:
Ոչինչ չկա անելու, ձեռքերդ հանգստանում են

ուրիշներին խնամելով անցկացրած շաբաթներից հետո:
Մտքերդ վերափոխվում են նրան,
թե արդյոք կարագը կբավականացնի մեկ շաբաթվա համար, և թե որքան մեքենան կարող է ընթանալ իր՝ գազի կես բաքով:

 

Առավոտ
Դու գիտես՝ ինչ զգացողություն է արթնանալ երազից համոզված, որ կարող ես թռչել,
և որ որևէ մեկը, երկար ժամանակ հեռացած, վերադարձել է,
և դու լցված ես բաղձանքով,
մի պահ միայն, անցնել ճանապարհը և ոչինչ չզգալ

կամ տեսնել սիրելիին և զգալ ամեն ինչ: Գուցե մի առավոտ,
խոզանակը մազերիդ միջով անցկացնելիս կմտածես՝

կյանքիդ որքան մասն ես անցկացրել
այս գործի, ստորագրելու
կամ մշուշոտ կիսախավարի մեջ արթնանալու

և աշխատանքի պատրաստվելու վրա: Օրը սկսվում է առաջին հերթին այլ մարդկանց կարիքներից,
և քո մտքերը տարածվում են շնչառության պես:

Ազատ ժամերին, միայնակ ժամերին,
մինչ օրը սկսվում է, ամբողջ աշխարհը
աստիճանաբար վերահայտնվում է մեքենա առ մեքենա:

 

Թարգմանությունը անգլերենից՝ Աիդա Հարությունյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *