Ծովինար Խաչատրյան | Ձմեռ պապի քարտուղարները

Ավտոբուսը դուրս եկավ կենտրոնից, մտավ Մյասնիկյան պողոտա ու փնչալով, հռնդյունով սկսեց հաղթահարել վերընթաց ճանապարհը, որը տանում էր դեպի քաղաքից կտրված թաղամասերը: Գնում էի ծանոթուհուս մոտ՝ հիվանդատես. նոր էր վիրահատվել: Նրա երեքսենյականոց բնակարանի մի սենյակում հինգ տարի ապրել ենք վարձով՝ մինչն բնակարան ստանալը: Մտերմացել ենք. տասնմեկ տարի է անցել, բայց մեր կապը չի ընդհատվել:
Մեքենայի միալար նվվոցն ու հոգնածությունը թմրություն ու աչքերիս նինջ բերեցին: Հիշողության թևերով հասա մանկություն, հեռավոր ու տաք հայրական տան համուհոտն առա, տարեմուտի նախօրեին մորս պատրաստած նապաստակի համը հիշեցի: Խաշում էր, տաք-տաք համեմում սոխով, թթվաշ նռան հատիկներով: Տոնածառը, որ միշտ դափնու ծառի մի ճյուղն էր, զարդարում էինք հաստ ստվարաթղթից պատրաստված, գունավոր, փայլուն թղթերով երեսպատված՝ կենդանիների և թռչունների պատկերներով: Զարդաշղթաներն ինքներս էինք պատրաստում: Կախում էինք կոնֆետների շարանը և աչալուրջ հետևում, որ ոչ-ոք ժամանակից շուտ չպոկի: Փոքր քույրս պտտվում էր շուրջը.
Տոնածառ ջան, տոնածառ,
գլխովդ շոռ տամ,
կամփետդ կոլ տամ:
Տարեվերջին սովորաբար խոզ էինք մորթում: Հալելու համար նախատեսված սալի վրա մսի բարակ շերտ էին թողնում, որ հետո համով «ճղրիկ» ստացվի: Մեծ մամենց գյուղում դրան «կտորիճ» էին ասում, իսկ ուրիշ տեղերում՝ «խորխոզիկ»: Մի բուռ ճղրիկը մի ճոթ հացով ուտելուց հետո, կարող էիր ողջ օրը խաղալ, վազվզել, աղբյուրը գնալ՝ առանց քաղց զգալու: Հալած յուղը լցնում էին կարասները, մինչև գարուն հերիքում էր: Դրանով հալվա էին սաքում, խորիզով բիշի թխում թոնրի մեջ: Ամեն բան պատրաստելուց հետո, մայրս մեզ վազեցնում էր մենակ ապրող Սոնա տատիկի տուն:
– Մարդիդ ամագը ցաքուցրիվ ես անում,- նախատում էր հարևան Անուշ տատը:
– Ոչինչ, օտար տեղ հարազատ ունենք, ցուրտ Սիբիրի բանակում տեգոր տղա ունենք, թող ոտները քարի չդիպչի,- պատասխանում էր մայրս՝ նրան մեկնելով իր բաժինը:
Երեկոյան հայրս վերցնում էր թառը, հավեսով նվագում՝ ոգեշնչված պահերին թառի իրանը մոտեցնելով ականջին: Նրան էր միանում մայրս՝ իր անուշ ձայնով: Քույրերով պարում էինք՝ մայրիկի սովորեցրածի պես, իսկ երկու եղբայրներս, որ մեզնից փոքր էին, բավարարվում էին թռչկոտելով: Մայրս պատմում էր, որ հայրիկն իր թառով ու ինքն իր երգուպարով՝ Շուշվա մանկավարժական տեխնիկումի ինքնագործ խմբի զարդն էին:
Երանելի հուշերիս թելն ընդհատում է մանկան լացի ձայնը:
Երկու շարք առաջ, հակադիր նստարանի կնոջ գրկի աղջիկը, լացելով, ջանում է խլել իրենց մոտ նստած տղայի գիրքը: Տղան հեռու է տանում այն, որից քրոջ լացն ավելի է բորբոքվում, վեր ածվում ճչոցի: Նրանց դեմհանդիման նստած տղամարդը, ում թիկունքն էինք միայն տեսնում, լուռ պոկում է տղայի ձեռքից գիրքն ու տալիս աղջկան: Տղայի մեծ-մեծ աչքերն ավելի են խոշորանում ու լցվում արցունքով: Նա կուլ է տալիս լացը, շրջվում դեպի պատուհանը, դուրս նայում: Նրա կուչ եկած ուսերի, սեղմված շրթունքների, խեղճացած կեցվածքի մեջ սրտաճմլիկ բան կար: Չէի կարողանում հայացքս կտրել նրանից: Փոքրիկն աղմուկով պատառոտում է գիրքն ու թափում: Նրան ոչ-ոք չի կանգնեցնում:
– Մի թողեք, աղտոտում է,- կողքից նկատողություն է անում մի կին:
– Ոչինչ, կհավաքեմ, խամ չեմ:
Կողքիս նստած կինը հառաչում է ու պատմում. «Խեղճ տղա… Այս կնոջը Սիրուն Սուսան էին ասում, որին դժբախտացրել է սեփական մայրը: Անուշադիր ու թափթփվածի մեկն է եղել, դեռ տարին չբոլորած աղջկան այնքան է վայր գցել, որ վնասել է գլուխն ու ումբը: Սկեսուրը երեխուն գիրկն է տվել, դուրս արել: Հավաքարարություն էր անում, ապրելու համար տեղ էին տվել վերելակի մոտի պահեստանման սենյակում: Երեխան անտեր էր մեծանում, հարևաններն էին նայում: Կաղում էր, բայց մայրը ոչ հավես, ոչ էլ ժամանակ ուներ նրա համար: Նույն շենքում մեկ սենյականոց ազատվեց, մենակ ապրող ծեր տատիկը մահացավ: Իրեն հատկացրին՝ որպես միայնակ մոր: Տասնյոթ տարեկանում Սուսանը հղիացավ, բերեց տղային: Մայրն արդեն չկա, վատ հիվանդությունից մեռավ: Աղջիկն էլ է հավաքարար: Այս մարդն էլ աղբատար մեքենայի վարորդ է, հեռու շրջաններից է, ապրում է Սուսանի մոտ, հավաքած փողը ժամանակ առ ժամանակ տանում, ընտանիքին տալիս, ետ գալիս: Աղջիկն իրենն է»:
Հիշեցի, որ տարիներ առաջ, երբ դեռ բնակվում էի այս թաղամասում, մի քանի անգամ ականատես եղա տհաճ միջադեպի՝ հետևի նստարանին տղաներով շրջապատված աղջիկ կար, ում խոսեցնում, ծիծաղում էին: Ուշադրությունս գրավել էր այն, որ աղջկա փարթամ մարմինը, թմբլիկ թևերը չէին համապատասխանում սպիտակամաշկ, կլոր, մանկական դեմքին ու խաժ աչքերի հիմարավուն ժպիտին: Մոխրագույն, խռիվ մազերը սկիզբ էին առնում նեղ ճակատի մեջտեղից, դիզվում գլխին ու անկանոն թափվում ուսերին: Ծիծաղելիս՝ աչքերը փակվում էին, ավելի շուտ, ծիծաղում էին նշաձև աչքերի պոչուկները:
– Սուսան, մեզնից ո՞ւմ ես հավանում, ո՞վ է դուրդ գալիս, ո՞վ է սիրուն:
– Սիրունը ես եմ, Սիրուն Սուսանն եմ…
Վարորդները ճանաչում էին աղջկան, ստիպում էին, որ իր կանգառում իջնի:
– Սուսան, մի՛ իջիր, արի՛ մեզ հետ:
Վարորդն այնքան էր սպասում, մինչև ուղևորներից մեկն ու մեկը սաստում էր ուսանող տղաներին, որոնց հանրակացարանը հաջորդ կանգառում էր, Սուսանի թևից բռնած իջեցնում. «Գնա՛, ռա՛դ եղիր, վեր ընկիր տա՛նը»:
Իջնում ենք նույն կանգառում: Հայացքով նրանց եմ փնտրում: Առջևից գնում է տղամարդը, հետևից կինը՝ աղջկա ձեռքը բռնած, լոնգ-լոնգ անելով: Շատ էր չաղացել, երևի դրանից էլ կաղությունն ավելի ցցուն էր դարձել: Նրանք ետ չէին նայում:
Տղան մնացել էր կանգառում կանգնած. երևի դեռևս չէր կարողանում հաշտվել կատարվածի հետ: Նստում է նստարանին: Հեռանալ չէի կարողանում: Գնացի և լուռ նստեցի կողքին: Ինչ-որ բան էի ուզում ասել, բայց հարմար բառեր չէի գտնում: Կարող էի ասել, որ տղա ջան, կյանքը բարդ է, ամեն մարդ տանում է իր խաչը… Բայց ի՞նչ կփոխվեր դրանից…
– Անունդ ի՞նչ է:
– Հոսո… Հովսեփիկ:
– Հովսեփ, կարծեմ մոտակայքում գրախանութ կա: Գնանք, քեզ համար գիրք առնեմ: Կարդալ սիրում ես, չէ՞:
– Հա՛: Հեքիաթներ եմ սիրում:
Մի քիչ զարմացած, քիչ թերահավատ նայեց ինձ, վեր կացավ: Գնացինք:
Չգիտեմ՝ օրն էր արդեն մոտենում ավարտին, թե՞ խոնավ մառախուղն էր ստեղծում այդ տպավորությունը: Տարվա ամենակարճ օրերն էին, ավելի շուտ՝ ցերեկները, որոնք աննկատ ու անսպասելի մթնում էին, ու գալիս էին երկարաշունչ, չվերջացող գիշերները:
– Ընտրի՛ր, որ գիրքն ուզում ես:
Նա չորս նկարազարդ գրքույկ ընտրեց: Ես ավելացրի մեկ տասնյակի չափ տետրեր, մի քանի գրիչ ու դարձա նրան.
– Ինչո՞վ ես սիրում զբաղվել:
– Նկարե՛լ եմ սիրում:
Երեք նկարչական ալբոմ վերցրի, մեկ տուփ գունավոր մատիտներ, սրիչ ու ջնջոց, մեկ տուփ պլաստիլին: Աչքս ընկավ խայտաբղետ հագուկապով, փոքրիկ տիկնիկին:
– Սա՛ էլ քույրիկիդ համար, որ զբաղվի ու քեզ չխանգարի կարդալ կամ նկարել:
– Միևնույն է, կխանգարի՛,- ասաց ու անքեն ժպտաց: – Գիրքը մեր դասղեկն էր նվիրել:
Վաճառողուհին գնումները տեղավորեց մի մեծ տոպրակի մեջ, որի վրա Ձմեռ Պապի նկարն էր: Տոպրակը տղային մեկնեցի:
– Տանը կասես, որ նվերները Ձմեռ Պապիկից ես ստացել: – Որպեսզի ասածս համոզիչ հնչի, ավելացրի.- Հովսեփիկ ջան, գիտե՞ս, Ձմեռ Պապին հաճախ չի հասցնում նվերներ բաժանել բոլոր երեխաներին, որովհետև նրանք շատ-շատ են, դրա համար էլ նրան օգնում են իր քարտուղարները, որոնց նա փող է ուղարկում: Նրանցից մեկն էլ ես եմ:
Կարծում եմ՝ հավատաց: Նույնիսկ ինքս մի քիչ հավատացի իմ հորինվածքին: Շարժվեցինք դեպի դուռը: Տղան հանկարծ կանգ առավ և երկչոտ հայացքով ինձ նայեց: Զգացի, որ ասելու բան ունի:
– Մի՛ վարանիր, ասա՛:
– Իսկ… Ձմեռ Պապիկի փողից էլի՞ կա քո մոտ:
– Այո, կա,- ասացի վստահաբար:
– Ես շուտվանից այստեղ մի բան եմ տեսել…
Նա մոտեցավ խաղալիքներին, գտավ իր հավանած փոքրիկ, կարմիր, մետաղյա իրանով ավտոն, որի դռները բացվում էին, և երևում էին ներսի նստարանն ու ղեկը: Չնայած մեքենայի գինը կրկնակի անգամ գերազանցում էր մեր նախկին բոլոր գնումների գումարը, ես չնահանջեցի. «քարտուղար» էի, չէ՞… Երբ մեքենան նրան մեկնեցի, աչքերը կենդանացան, փայլ առան: Ավելի մոտեցավ ինձ ու գաղտնիք ասելու պես, շշնջաց ականջիս.
– Երբ մեծանամ, սրանի՛ց առնելու եմ, իսկակա՛նը…
– Անպայմա՛ն կառնես, եթե լա՛վ սովորես, աշխատասե՛ր լինես:
– Հա՛, կլինե՛մ,- ասաց վստահ, անվարան:
Դուրս եկանք ու զարմացանք, կարկամեցինք… Սա այն աշխարհը չէր, որ թողել էինք խանութ մտնելուց առաջ: Հմայված, կախարդված նայում էինք: Խոշոր փաթիլներով ձյուն էր գալիս, թեկուզ հիդրոօդերևութաբաններն այս Ամանորին ձյուն չէին խոստացել: Փաթիլները խաղում էին օդում, պարելով իջնում ցած: Համատարած սպիտակ էր, չկար նախկին գորշությունը: Խանութների, շենքերի վրա փայլփլում էին գունավոր լույսերը: Հրաշք փաթիլներն այս ամենն իրենց գիրկն էին առել, պարուրել ձյունե շղթաներով, միավորել, կապել միմյանց, և աշխարհը մի հսկա տոնածառ էր դարձել:
– Վերջապե՛ս,- ասացի հիացմունքից վերացած ու ինքնագոհ:
– Դու գիտեի՞ր, որ ձյուն է գալու,- զարմացավ տղան:
– Այո՛,- ասացի կեղծ մեծամտությամբ ու ծիծաղեցի:
Տղան առաջին անգամ նայեց ուղիղ աչքերիս մեջ, նայեց կենտրոնացած, հետաքրքրված, զարմացած, ապա՝ հիացած, ինձ թվաց՝ նույնիսկ երջանիկ: Ես նրան մեկնեցի ձեռքս, նա սեղմեց այն, ժպտաց ու հեռացավ: Քիչ անց կանգ առավ, շրջվեց ու գոռաց՝ շնորհակալություն:
– Առա՛յժմ,- գոռացի ի պատասխան: – Բարի՛ Նոր տարի:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *