Ու ես գնում էի, երկի՛ր … Աջ ու ձախից
Ինձ հետ ջրերդ էին գնում
Մաքուր,
Կապույտ
Ու սանձակոծ։
Մաքուր,
Կապույտ
Մի տանջանքով
Զարկում էին վեմ ու քարի
Եվ ժայռերի
Ժանգոտ ու շեկ ժանիքներից հոշոտվելով,
Ոռնում էին որոտաձայն ու փրփրում։
Վիհերի մեջ,
Վիհերի դեմ
Իրենք իրենց խենթ քրքրում
Ու ծովերին էին տանում
Կապույտ զովը լեռան ձյունի։
Իսկ ես ծարավ էի սաստիկ …
Քարափների
Ու վիհերի շուրթերի պես
Պատառոտվել,
Այրվում էին շուրթերս չոր,
Ճաքճքում էր մաշկն իմ տոչոր,
Մի կաթիլ ջուր էր թախանձում …
Բայց արեւը վերից խանձում,
Ողողում էր
Ինձ հրեղեն իր քրքիջով։
Իմ այդ տեսիլք-տենդի միջով
Անվերջ գնում էի, երկի’ր,
Եվ քո ջրերն էին ինձ հետ անվերջ գնում`
Մաքուր,
Կապույտ
Ու սանձակոծ …
ԾՈՒՆԿԻ ԵԿ ԾՈՒՆԿԻ …
Ծննդավայրս … Ծունկի եկ, ծունկի
Եվ գնա դանդաղ, եւ գնա բոբիկ,
Երեկոն, նման կապույտ արցունքի,
Թառել է ձորի քարեղեն կոպին։
Ծննդավայրս … Բարդիներն ի վեր`
Սրբատաշ ու պարզ մի զանգակատուն,
Հողե տանիքներ ու հողե քիվեր,
Որոնցից դեռ տաք արեւ է կաթում։
Ծննդավայրս … Իմն է ամեն ինչ …
Ծննդավայրս … Քարափ է ու կալ …
Հեկեկո՞ւմ էր միշտ այս աղբյուրը ջինջ,
Թե՞ նոր սկսեց այսպես հեկեկալ։
Եվ ղողանջում են հեռավոր ձայներ
Երազում լսած ձայների հանգույն,
Եվ ոլորվում են քարոտ կածաններ
Ու թախծություններ մանուշակագույն։
Ես որոնում եմ մեր տնակը հին,
Պիտի որ լինի նա ահա այստեղ,
Իրիկնամուտի լո՞ւյսն է կտուրին,
Թե թթի դեղին չորացող պաստեղ։
Օ՜, տեր իմ, օ՜, տեր … Այստեղ ամեն ինչ
Հեռու մանկության բույրով է խնկում,
Խնկում են օդը, խոտեր ու եղինջ
Ու ճանապարհի աղուրը քնքուշ։
Ուր որ է հիմա տատս շվարած
Պիտի ինձ բակից ընդառաջ վազի
Եվ մանկան նման իմ կրծքին փարած
Օրհնություն տեղա ու աղոթք ասի։
Ու հետո հոգնած կմտնեմ ես տուն,
Հոտը կշնչեմ նոր շփխած կավի,
Եվ իմ մանկության սպիտակ կատուն,
Ոտքիս փաթաթված, պիտի մլավի։
Հետո կսպասեմ ես մերոնց գալուն,
Որ տուն կբերեն այգեստան ու կալ …
… Հեկեկո՞ւմ էր միշտ մեր դռան առուն,
Թե՞ նոր սկսեց այսպես հեկեկալ։
ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐ
Եվ ես այդ գիշեր քնեցի մեր տան
Կավե կտուրին,
Եվ ես այդ գիշեր իմ մանկության հետ
Մնացի մենակ,
Եվ ես այդ գիշեր մանկան խոսքերով
Աղոթում լռին,
Օրհնում էի քեզ, հայրենի տնակ։
Եվ մանկության պես հովն էր փաթաթվում
Բարդու սոսափին,
Եվ մանկության պես աստղը շեկլիկ էր,
Շողուն էր ու տաք,
Ու ես մանկորեն գլուխս նորից
Դրել իմ ափին,
Սուզվում էի լուռ ամպերում ճերմակ։
Եվ հետո քամին դաղձի բուրմունք էր
Խառնում երազիս,
Եվ բարձիս վրա կալի մղեղը
Ցնորք էր ցրում,
Դաշտից մեր գյուղի ամենասիրուն
Աղջիկն էր գալիս,
Ու կակաչի պես շորն էր թրթռում …
Աստղի ճաճանչն էր հսկումի կանգնել
Կոպերին իմ փակ,
Հովը հեւում էր, մայրական ձեռքը
Ճակատիս պահած,
Թաթի ծայրին էր ընթանում ասես
Առուն մեր հստակ,
Որ չխռովի իմ քունը խաղաղ։
Եվ հոգնությունս թեթեւ էր այնպես
Ու քունս` դյուրին,
Բարդու սոսափ էր, աստղի շշուկ էր,
Խշշոց էր արտի,
Ես երազիս մեջ խոնարհվում էի
Մեր կաթնաղբյուրին,
Եվ շուրթիս հա’մն էր մայրական կաթի …
ԱՄՌԱՆ ՕՐ
Այստեղ տո՛ն է եղել, հող ու ջրի հանդես,
Աստվածներն են այստեղ խրախճանել հարբած,
Եվ ամառն իր խարտյաշ գիսակները քանդել,
Նրանց համար այստեղ պարել է մերկ ու բաց։
Ծղրիդները ոսկե սրինգներ են սուլել,
Ու բամբիռ են զարկել առուները արծաթ,
Ընթացել են ճերմակ, կորովաբիթ ցուլեր,
Եղջյուրների վրա հողի փառքը բարձած։
Անցել դանդաղորեն, անցել ծանրակճղակ,
Երակների մեջ հորդ մի արարիչ մոլուծք,
Եվ ռունգներով ամռան արեգակը շնչած,
Բառաչել են երկար արեւի դեմ ցոլուն։
Մկանների եռքից մի տաք դող է առել
Ու թրթիռ է առել նրանց մեջքը ողորկ,
Ընթացել են նրանք առողջ, որպես տարերք,
Եվ գեղեցիկ, որպես խոյահարող բողոք։
Ու տարել են նրանք արեգակը արդար
Ճակատների րա ու աչքերում թախծոտ,
Եվ բառաչից նրանց` երինջները մատաղ
Բռնկվել են հեռվում երանելի քաղցով։
Բառաչի դեմ` բառաչ … Ձգվել երկար ու ձիգ,
Սաստկացել է արյան մի արարիչ կարոտ …
Ամռան օր է եղել, եղել արեւ ու կիրք,
Եղել կարմի’ր, կանա’չ, անծայրածի’ր արոտ …
ԿԱԼԸ
Ես կալ եմ գնում … Մղեղը դեղին
Իր ցոլցլանքն է փռել աջ ու ձախ,
Ու թվում է թե արար աշխարհին
Ծուփ ծավալել է անձայն մի ծիծաղ։
Բարդին շոգի մեջ կարկամել շվար
Ու որոնում է ստվերն իր կապույտ,
Թուխ արտույտները թեւում վեր ու վար
Եվ թեւիկներից օրհնանք են թափում։
Ամեն ինչ այնպես պայծառ է ու պարզ,
Եվ ամեն ինչից զնգոց է ելնում …
Մի ոտաբոբիկ, թխորակ մի հարս
Կալի մեջ կանգնել, ցորեն է էրնում։
Լեփ-լեցուն մաղը պարզում է երկինք,
Ու մաղից թել-թել արեւ է ծորում,
Ամեն շարժումից ստինքները գիրկ
Ծոցի մեջ մի տաք դող են օրորում։
Մազերին ոսկե մղեղ է իջել`
Լուսապսակ է ու լուսե կամար,
Ասես երկնքի ու հողի միջեւ
Կանգնել է խարտյաշ մի աստվածամայր։
Մանուկը թռչում, կանգնում է կամին,
Եվ քայլ են անում եզներն սպիտակ …
Բացում է հանկարծ թափառիկ քամին
Այդ աստվածամոր ծնկածալը տաք։
Արեւի մեջ է նա ոտից գլուխ,
Արեւի մեջ է աշխարհը արար,
Խաղաղությո՜ւն քեզ, հայրենի իմ գյուղ,
Խաղաղությո՜ւն քեզ, իմ ծննդավայր …
ՎԱՅՐԻ ՄԵՂՐ
Եվ շեկ ժայռերի խոռոչների մեջ
Բույր կար ու բզզյուն,
Եվ շեկ ժայռերի խոռոչների մեջ
Շեկ մեղուները մեղր էին նյութում,
Որ ծանր լույս էր
Ու լույծ արեգակ։
Եվ մեղրի բույրն էր
Տոթի պես կանգնել ժայռերի միջեւ,
Այդպես շեկ հողն է
Բուրում ամառվա անձրեւից հետո,
Այդպես է բուրում ծաղիկը խարտյաշ,
Բուրում է հացը,
Մարմինը կնոջ …
Եվ շեկ ժայռերից
Մինչեւ շեկ հովտի ծաղիկները շեկ
Ձգվում էր բարակ, մեղրոտ մի ճամփա,
Մի աներեւույթ, ոսկեղեն մի լար,
Որ զրնգում էր
Ինքնաբաշխումի խաղաղ բերկրությամբ։
Եվ շեկ ժայռերի
Խոռոչներն ի վար կախվում էր մեղրը,
Որ ծանր լույս էր
Ու լույծ արեգակ …
ԻՐԻԿՆԱՄՈՒՏ
Ծիրանի լույսն ամպի տակ հոգեվարեց ու հանգավ
Եվ Տավրոսի լանջերին թողեց մոխիրն իր կապույտ,
Հեռու վանքից ղողանջեց իրիկնային մի զանգակ
Եվ կարկաչեց դաշտերով արեւահար ու թափուր։
Ծննդավայրս է ահա ձորալանջին ծվարել
Կտուրներով իր կավե, բարդիներով վիթխարի,
Ցերեկն ամբողջ` արեւից իրենց կողերը վառել
Եվ հիմա տաք են շնչում ապառաժներն այս վայրի։
Կտուրներին աղջիկներն առվակի ջուր են ցողել,
Ու խոնավ կավն է բուրում երիցուկով եւ ուրցով,
Ամռան գիշերն է նստում կտուրներին այդ հողե
Հողվորների հոգնությամբ եւ աստղերի զրույցով։
Հայացքի տակ աստծո իրիկնահացն է դրված
Ու բուրմունքներն են փռված ցորեն հացի ու դաղձի։
Ղողանջում է լռությունն ու կապույտի մեջ խրված
Բարդիներն են օրհներգում արդարությունն այդ հացի։
Հետո հեռու կտուրից մորմոքում է անտունին,
Այդպես տխուր ու մոլոր ո՞ւմ է կանչում, արդյոք, ո՞ւմ …
Իսկ մի ուրիշ կտուրից աղջիկը` աչքն անհունին,
Լսում է երգնու հետո վերմակի տակ հեկեկում։
Բարդիները լուսնի հետ կտրում են արծաթ երազներ,
Թափթփում են հոգնաբեկ հողվորների կոպերին,
Ծղրիդի երգը ելել, երկնքի դուռն է հասել,
Խաղաղություն հայցելու ոլորտներից այդ վերին …
ԱՄՌԱՆ ԳԻՇԵՐ
Գիշեր է, լուսնյակ է ու լույս,
Ծղրիդը արծաթ է մանում,
Տերեւ դողում է քամուց
Եվ աստղին աչքով է անում,
Իմ գյուղը վրան է առել
Կապույտն ու խշշոցը բարդու,
Իսկ հովը տանիքից տանիք
Հայրեն ու տաղիկ է տանում։
-Ախ, հոգի, սոխակը եկել,
Եկել է, վարդին է թառում,
Մի չար ձեռք իմ ու քո մեջտեղ
Սեւավոր բոցեր է վառում,
Մանուկ եմ քեզ սիրել, հոգի,
Սիրել ու կարոտս չառել,
Քո ձեռքով պաղ ջրիկ տուր ինձ,
Ծարա’վ եմ, սրտիկս է մարում։
Ու տաղը թրթռում թեթեւ,
Թառում է տերեւի դողին,
Տերեւը տաղի հետ մարում,
Շողեր է թափթփում հողին,
Իսկ ուրիշ կտուրից ահա
Հնչում է մանրիկ մի ծիծաղ,
Աղջկա մի ձայն է հնչում.
Պատասխան նետում երգողին։
– Սոխակը թառել է վարդին,
Բայց սրտին փշիկն է հասել,
Ինչքան էլ խաղ ու տաղ կանչես`
Ոչ ջրիկ կտամ ու ոչ էլ սեր,
Բոցի պես քեզ այնքան վառեմ
Ու ծարավ պահեմ քեզ այնքան,
Մինչեւ որ ծուխ ու մուխ ելնի
Թուխ ու մուխ այդ դունչիկդ ի վեր։
Ծառերը ծիծաղում են մանրիկ,
Խփում են լուսնյակի լարին,
Առվակը աստղեր է առել,
Զնգոցով զարկում է քարին,
Հայրենը տանիքից տանիք
Շշուկ ու ծիծաղ է տանում,
Տանում է, լույսի պես փռում
Հանդերին, լանջերին, սարին։
– Երդիկից կհանեմ քեզ դուրս
Ու բարձրիկ լեռներս կելնեմ,
Վախվորած տատրակի նման
Քեզ կառնեմ ձեռքերս, կելնեմ,
Խոցոտ է, ա՛խ, շատ է խոցոտ
Սրտիկը սիրուտեր մարդու,
Ով էլ գա ու դեմս ելնի,
Իմանամ մեռնելս, կելնեմ …
Գիշեր է, լուսնյակ է ու լույս,
Ծղրիդը արծաթ է մանում,
Տերեւը դողում է քամուց
Եվ աստղին աչքով է անում,
Ծղրիդը, տաղիկը, քամին
Թել-թելի երազ են հյուսել,
Անհունը նայում է վերից,
Օրհնություն ու սեր է մաղում։

