Էդգար Ալլան Պո | Անաբել Լի

Դեռ վաղուց էր, շատ տարիներ առաջ
Ծովամերձ քաղաքում անվանի
Լինում էր, չէր լինում մի աղջնակ,
Որի անունն էր Անաբել Լի:
Նա ապրում էր լոկ մտքով անարատ,
Որ սիրեմ նրան, ու նա ինձ սիրի:
Երեխա էի ես, և նա՝ երեխա
Ծովամերձ քաղաքում անվանի,
Բայց սիրում էինք անսահման միմյանց
Ես ու իմ Անաբել Լին:
Մի սիրով, որ երկնից ուղարկվել էր ցած
Նա և ես համակված էինք:
Հենց դրանից էր, որ մի օր՝ շատ վաղուց,
Ծովամերձ քաղաքում անվանի
Պաղ քամի փչեց, ու ընդմիշտ սառեց
Իմ սիրուն Անաբել Լին:
Հայտնվեց վեհազնյա գերդաստանը նրա՝
Տանելով նրան հեռու ինձանից,
Որ հավերժ փակի սիրունիս շիրիմում
Ծովամերձ քաղաքում անվանի:
Դրախտում մեզ երանի էին տալիս,
Քչփչում շարունակ նախանձից,
Ու հենց դա էր պատճառը (բոլորը գիտեն
Ծովամերձ քաղաքում անվանի),
Որ քամին փչեց գիշերով չարագույժ,
Ու մարեց իմ Անաբել Լին:
Բայց մեր սերն առավել էր սիրուց նույնիսկ նրանց,
Որ վաղուց էին հյուր այս երկրում,
Որ ճերմակ էին ու իմաստուն.
Ու անգամ երկնի հրեշտակները,
Ոչ էլ չարքը ծովի հատակի
Չեն կարող բաժանել հոգիները մեր,
Իմ չքնա՛ղ Անաբել Լի:
Լուսնի շո՛ղ չի փայլում առանց քո պատկերի,
Իմ սիրո՛ւն Անաբել Լի.
Աստղերն են աննկատ առանց վառ աչքերիդ,
Գեղանի՜ Անաբել Լի:
Գիշերվա եզերքին կպառկեմ քո կողքին,
Թանկագին իմ, արև՛ իմ, իմ հա՛րս…
Տապանիդ ծովամերձ, շատ հեռվում,
Շիրիմիդ ծովամերձ քաղաքում:

Թարգմանությունը անգլերենից՝ Եվա Մկրտչյանի

 

 

ԱՆԱԲԵԼ ԼԻ

Տարիներ առաջ այս երկնքի տակ
Կար երկիր անվանի.
Ապրում էր այնտեղ սիրունիկ մի աղջնակ,
Անունը՝ Անաբել Լի:
Աղջիկը չուներ ուրիշ երազանք
Ինձ սիրելուց ու ինձնից սիրվելուց բացի:
Երեխա էր նա, երեխա էի ես,
Այս ծովի ափին,
Սակայն սերը մեր սիրուց էլ էր վես –
Ես ու իմ Անաբել Լին.
Սերովբեներն անգամ տենչում էին մեզ,
Տենչում մեր հոգին:
Հենց այդ պատճառով աղետ եղավ մեծ
Այս ծովի ափին,
Երկնից ահավոր մի քամի փչեց,
Սառե՜ց իմ Անաբել Լին:
Մերձավորները եկան ծանրումեծ,
Նրան փակեցին
Մի դագաղի մեջ, ու հավե՜տ քնեց
Իմ աննման Անաբել Լին:

Սակայն սերը մեր սիրուց էլ էր խոր,
Բոլոր մեծերից,
Իմաստուններից.
Անգամ դրախտի հրեշտակները բոլոր,
Չարքերը ծովի հատակից,
Ախ, չեն բաժանի հոգիս ոչ մի օր
Իմ Անաբելից:
Լուսինն ինձ շողով երազ է բերում,
Իմ սիրո՛ւն Անաբել Լի.
Աստղերն ինձ քո վառ աչքերն են բերում,
Աննման Անաբել Լի:
Ու գիշերվա մեջ պառկում եմ մենակ
Քո կողքին, անգի՛ն ու միա՛կ,
Քո դագաղի մոտ՝ այս ծովի ափին,
Գերեզմանիդ մոտ՝ այս ծովի ափին:

Թարգմանությունը անգլերենից՝ Սամվել Մկրտչյանի

Share Button

1 Կարծիք

  • Arsen says:

    Brilliant translation! However, if this was meant as a comparison, I think, Eva did a better job with rhymes and conveying Edgar Allan Poe’s message completely.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *