Անահիտ Ղազարյան | Երևանյան

Արևելյան նիրհ
Ու արևմտյան տագնապ,
Որ իրարից թաքուն ապրում են կողք-կողքի
Իբր իրարից անտեղյակ
Ու իրար հակասող հատկանիշ,
Որը կում-կում խմվում է
Ամեն բացվող առավոտվա սուրճի
Ու Արարատի ենթադրվող տեսարանի հետ։
Ինքն իրեն թաքցնող,
Ինքն իրեն նորոգող
Ու միշտ ջահել ծտի տեղ դնող քաղաք։
Փոքր է,
Մարդաչափ է,
Ու քաղաք է։
Երևան։
Օդի մեջ միշտ պաչիկ կա,
Որտև հաստատ մի ծանոթի կտեսնես
Ու կպաչես ձևական։
Թե բա՝ ոնց ես, ինչ կա չկա։
Ակորդեոն փողոցներ, որ ծալվում են իրար վրա,
Իրար մեջ ու մարդկանց իրար գլխի լցնում։
Կամ բացում, փռում արևին։
Երևանը պարզ ու դանդաղ, չարաճճի ու մեծամիտ նվագ արևի տակ։
Ակորդեոն ռիթըմ։
Ու կարաս արթնանաս մի օր եսիմում ծանր շնչառությունից։
Քաղաքն էսօր փռշտաց ու տասնյակներ ընկան իրա վրա՝
Ծանոթ-բարեկամ-ընկեր-դասարանցի։
Էստեղ չկա Նյու Յորքի չափ տեսախցիկ
Ու միջին երևանցին չի նկարվում
Նյույորքցու չափ։
Բայց դե պրծում չունես։
Կֆիքսվես, կպահվես։
Ծանոթները կհոգան։
Հանգիստ։
Քաղաքացիական Կագեբե։
Անձնականի արխիվացում
Որպես հանրայինի սեփականություն։
Հաստատ մի սրճարանում կտեսնես ընկերուհուդ սիրածին
Մի ուրիշի հետ նստած։
Ու նյույորքյան խցիկը
Ոչինչն է քո խցիկի դիմաց,
Որն արդեն ուղարկել է պատկերը
Բոլոր մանրամասնություններով։

Ակորդեոն ռիթըմ։

Քաղաքն ապրում է ինքն իր մտքի մեջ
Որպես ուշ առավոտ։

Անհարթ լանդշաֆտ
Որն անհարմար է հեծանիվ քշելու համար։
Ուր միշտ պիտի ջանք անես,
Որ հաղթահարես բլուրը
Որն ասֆալտ է։
Անտառ չկա։
Կա բնությունից տրված
Գոգավորություն առանց բնության հղումի։
Ակորդեոն ռիթըմ։
Կարաս ճզմվես,
Կարաս լայնանաս։
Ու միշտ զսպանակվես։
Մի ակնթարթ
Օդ շպրտվես
Ու էլի գետնին թրմփաս
Ու էլի օդ շպրտվես
Որ էլի գետնին թրմփաս։

Ակորդեոն ռիթըմ։

Բարձրուցածր բնապատկեր։
Բսնած խաղող ամեն ծակից։
Ամեն բակից։
Քարի միջից։
Քարի տակից։
Քարին։

Ու էդ ամենի վրա կախված
Թամանյանի անունն ու մի հատակագիծ
Որին հղում են շատերը
Տեսել՝ քչերը։
Ակորդեոն ռիթըմ։

Քաղաքը պտտվում է ինքն իր մեջ,
Ու պատրանք է, որ ոչ թե դու ես շարժվում։
Դու անշարժ՝ քաղաքն է շարժվում ոտքիդ տակ։
Պարուրաձև։
Ինքն իրեն կուլ տվող
Ինքն իրեն դուրս թքող քաղաք,
Որն ինչքան տարածված մակերես է
Տասն էդքան էլ խորացող վիհ։
Քաղաք է,
Ուր չի գրվում դեդեկտիվ
Ուր հույզն է
Աբսուրդի հասնող ծանոթ
Ու կրկնվող
Ու ապրվող մարդկանց կողմից
Որպես կոլեկտիվ անհատական։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *