Մարդիկ հավատալիքներ ունեն: Լավ. ի՞նչ կարելի է անել: Պարզ ու գյուղական մարդիկ հին ու ծիծաղաշարժ մտքեր ունեն: Այդ մտքերն իրենց արմատներում վաղնջական Կենաց ծառին հասնող այնքան ժամանակ ու տարածություն ունեն, որ գուցե որևէ մեկն էլ չիմանա՝ դրանք արմատներ ունենան երկնքում:
Մենք չենք հավատում: Մեզ ընդհանրապես ձեռնտու չէ, որ այդ խոսքերին հավատանք: Բայց ի՞նչ կարելի է անել:
Նրանք ասում են՝ եթե մի գիշեր երկնքից աստղ վայր ընկնի, բոլոր հիվանդները կապաքինվեն, կվերանան բոլոր ցավերը, չոր ու ամուլ հողերն ընտիր բերք կտան, ամեն մի տխրություն կդառնա ուրախություն, կնճիռները կհարթվեն մարդկանց դեմքերին, գյուղացու ցանած ամեն մի բերք ութսուն սերմ կտա, յուրաքանչյուրի երազանքը կիրականա, ամեն սիրահար կհասնի իր սիրեցյալին, թշնամությունը հավերժ կանհետանա, իսկ թռչուններն էլ այլևս վատ չեն երգի: Այո՛, նրանք ասում են՝ մի գիշեր անպայման երկնքից աստղ է ընկնելու: Սա նրանց հավատալիքն է: Լավ. ի՞նչ կարելի է անել: Պարզ ու գյուղական մարդիկ հին ու ծիծաղաշարժ մտքեր ունեն:
Մի գիշեր, մի շատ տարօրինակ գիշեր երկնքից անձրևի փոխարեն աստղ ընկավ: Գիշերն ընկղմված էր աստղի մեջ, բայց ամենից տարօրինակն այն է, որ ոչ ոք այդ գիշերը չի հիշում:
Աստվա՛ծ իմ, ախր հազար տարի անց, չէ՛, հարյուր հազար տարի, ո՛չ, ո՛չ, աշխարհաստեղծումից մի ամբողջ հավերժություն հետո՝ մի գիշեր, երկնքից անձրևի փոխարեն աստղ ընկավ: Ինչո՞ւ ոչ ոք չի հիշում այդ գիշերը: Առհասարակ, ինչպե՞ս եղավ, որ այդ անձրևը ոչ ոք չտեսավ:
Պատմությունն այսպիսին էր.
Մայրամուտին մոտ էր, երբ ամպի լուսավոր, կարմրավուն, բիլ ու անբիծ մի քուլա երկնքի հեռավոր անկյունից ճամփա ընկավ: Քամին բռնեց ամպի փափուկ ձեռքը և այն՝ ինչպես մի հարսնացուի, որին ուղեկցում են իր փեսայի տուն, մեղմիվ տարավ իր փոքրիկ քաղաքի վրայով. իսկ քաղաքը՝ գույնզգույն ամպե գլխարկը գլխին, կանգնած էր հողի վրա: Անհնար է նկարագրել, թե այս ամպն ինչ չքնաղ էր, բայց բավականին տարօրինակ է, որ այս ամենը ոչ ոք, գոնե մեկը չտեսավ:
Ախր ինչպե՞ս հազար տարի անց, չէ՛, շա՜տ ավելի տարիներ անց, երբ այդքան երջանիկ, բյուրեղյա ու լուսառատ մի ամպ եկավ, ոչ ոք չտեսավ:
Պատմությունն այսպիսին էր.
Մարդիկ, որ խումբ-խումբ կամ առանձնացած վերադառնում էին իրենց գործերից՝ ինչպես սգավոր ագռավներ, չէին մտածում ամպի մասին:
Մտածելու այնքան բաներ կային, այնքան հոգսեր ունեին, իրենց տներում քնած այնքան հիվանդ, հաց ու ջրի, պարտքի ու փողի այնքան մտածմունքներ կային, որ այլևս ոչ ոք ամպի մասին մտածելու տրամադրություն չուներ, և իրոք, տարօրինակն այն է, որ այս ողջ քաղաքում և այս բոլոր մարդկանց մեջ նույնիսկ մի հավատացյալ գոյություն չունի: Քանզի, եթե գոնե մեկը Աստված ունենար, կեսգիշերին գլուխը կբարձրացներ ու կշշնջար. «Ո՜վ Աստված, մի գթության անձրև պարգևիր», և աչքը կընկներ ամպին ու կասեր. «Փա՛ռք ամենակարող Աստծուն, ով գոյություն ունեցողներց ամենաարդարն է»:
Այսօր մեր սիրտը վշտով է լցված, նույնիսկ մեր երեխաների սիրտն է վշտով, և ամենից վատն այն է, որ ծովի սիրտն էլ է լցված բազում վշտերով, սիրտը, որն ինչքա՜ն ալիք է ծնել: Հիմա ինրպե՞ս եղավ, որ նման մի ալիք ծովի միջից բարձրացավ. սա էլ իր պատմությունն ունի.
Պատմությունն այսպիսին էր.
Բոլոր սադափները մարգարիտ էին տվել, ողջ կապույտ քարերը՝ փիրուզներ, կանաչ քարերը՝ զմրուխտներ, իսկ բոլոր ջրահարսները՝ մանյակներ:
Ծովերի թագուհին ավերել էր իր պալատը. պալատ, որի մի կեսը արծաթից էր, մյուս կեսը՝ ոսկուց: Ծովաստղիկները, երբ տեսան ծովերի թագուհու պալատը՝ դատարկ սադափներով ու ծովային անգին քարերով, տխրեցին, գնացին նրա մոտ և ասացին.
– Ո՜վ ծովերի արդար թագուհի, քա՜նի հազար ծովային տարի ձգվեց, մինչ մենք քեզ համար արծաթից ու ոսկուց պալատ կառուցեցինք. և դու այդ ամենն ինչո՞ւ քանդեցիր ու տվիր մի ամպի: Գիտե՞ս, որ ծովին այլևս ոչինչ չի մնացել: Դու աղքատացրիր ծովը, ո՛վ ծովերի բարի դշխուհի:
Ծովերի թագուհին պատասխանեց.
– Մի՛ տխրեք, ի՛մ ընկերներ, գիտնականները ծովերի համար մի նոր կյանք են հայտնաբերելու երկրի վրա, և մենք բավականին կհարստանանք: Դուք իմ հանդեպ բարեգութ եղեք և ձեր փոքրիկ ծովաստղիկներին խառնեք այս գունավոր ամպին: Ես ուզում եմ՝ աստղազարդ քաղաքում ապրել:
Ծովաստղիկներն իրենց զավակներին տվեցին, ձկները՝ իրենց արյունը, արևը՝ իր ջերմությունը… և պատմությունն այսպիսին էր. ինչքան ամպ էր արարվել ու գունավոր գխարկի պես նստել քաղաքի բարձունքին, այդ գագաթից մի ամպ նայեց ներքև ու տեսավ, որ մարդիկ խումբ-խումբ կամ առանձնացած՝ ինչպես սգավոր ագռավներ, վերադառնում էին իրենց բները: Ամպն այն անճարությունից, որ ոչ ոք գլուխը չի բարձրացնում, որ իրեն նայի, տխրեց, շրվեց իր կողմը, էլի շրջվեց, և ի վերջո, նրա ճիչը բարձրացավ.
– Ո՜վ անցորդներ՝ սգավոր ագռավեր, ի՛նձ նայեք. ես ձեր հին հեքիաթն եմ, մի ամպ եմ՝ աստղերի հատիկներով:
Ողջ քաղաքի գլխին ամպրոպ էր պատել:
Մարդիկ, ովքեր լսեցին ամպի ճիչը, այն վախից, որ երկնքից ջուր, կարկուտ ու ցեխ է թափվում գլխներին, վազեցին իրենց տները:
Կարճ ժամանակ անց քաղաքը լռեց: Էլ ո՛չ մարդ էր գնում, ո՛չ էլ՝ գալիս: Քաղաքի փողոցներում միայն յոթ կույր մուրացկաններ էին մնացել, ովքեր ստիպված էին ձեռնափայտերով գնալ: Դանդաղորեն քայլում էին պատերի կողքով և քթի տակ հայհոյում կյանքն ու բարձրաձայն ասում.
– Օգնե՛ք մեզ: Մենք այս քաղաքի կույր մուրացիկներն ենք: Ամեն մեկիս ձեռքին յոթ սոված կին ու մանուկ է նայում: Օգնեք մեզ, ա՛յ մարդիկ: Ախր երկնքից հո նոր կյանք չի՞ գալու: Դուք, ո՛վ անցորդներ, պիտի օգնեք կույր մուրացկաններին…
Ամպը մի փոքր հապաղեց ու տեսավ, որ չէ՜… ոչ ոք, այլևս ոչ ոք նրան չի նայում, այլևս փողոցում մարդ չի մնացել, և այդ լուռ վշտից լաց եղավ, բայց անձրևի կաթիլների փոխարեն, աստղերի փշուրներ էին թափվում:
Առաջին մուրացիկն ասաց.
– Ոնց որ երկնքից քարեր թափվեն:
Երկրորդը նրա խոսքը հաստատեց: Երրորդ մուրացկանն ասաց.
– Երևի Աստված էս մարդկանց պատժում է, որ մեզ չեն օգնում:
Իսկ երկիրն ու քաղաքի գիշերային երկինքն ընկղմված էին աստղերի մեջ: Աստղերը սպասում էին, որ փառաբանվեն, հարգանք ու պատիվ տեսնեն, որ մարդիկ առանձին-առանձին հրճվանքով նստեն անձրևի տակ, աղաղակեն, երգեն, բայց տարօրինակ էր, շատ էր տարօրինակ, որ այսքան տարի անց (Է՜ հազար դար անց), երբ մի գիշեր երկնքից աստղ ընկավ, նույնիսկ մեկը չտեսավ ծովաստղիկների էության մաքրությունը:
Աստվա՛ծ իմ, մի՞թե հնարավոր է՝ մի քանի տարին մեկ ամպերից աստղեր թափվեն:
Ամեն ինչ անցավ ու վերջացավ:
Արդեն դու ես տեսնելու աստղակաթիլների երազը: Արդեն այս ամենից հետո գուցե դու լսես աստղակաթիլների հեքիաթը ծեր տատիկի կամ պապիկի շուրթերից:
Վերջապես ամպը հանդարտվեց, և անձրևը կտրվեց: Աստղերը պատեցին հողի, ծառի, պատի ու տանիքների մակերեսը: Եվ երկինքը կրկին նույն երկինքը դարձավ: Մի տաք քամի եկավ արևմուտքից և ծոր տվեց ծառերի ու պատերի լույսի կաթիլները: Ու տանիքների վրայի ծոր տված աստղերը վազեցին դեպի ջրհորդանները: Հոսող լույսի մի ալիք անցնում էր գիշերային քաղաքով, և լույսերը ծորացին, մինչև հասնեն առվակի, ծոր տվին, մինչև հասնեն վտակին, ծորացին, որ հասնեն ծովին…
Աստղը միայն մի տուն սողոսկեց, որի տանիքը ճաքած էր: Այս տանը բոլորը քնած էին բացի երեք տարեկանից փոքր մի տղայից, ով արթուն խաղում էր ինքն իր հետ ու ծիծաղում: Տեսավ, որ տանիքի անկյունից լույսի կաթիլներ են ծորում: Սահեց գետնի վրայով ու հասավ փոքրիկ աստղիկներին. Դրանք վերցրեց ու խաղաց, խաղաց այնքան, որ քունը տարավ:
Առավոտյան, երբ տան տղամարդը քնից արթնացավ, գունավոր կտորտանքներ նկատեց երեխայի ամուր պահած ձեռքում, իսկ մանկիկը դեռ չէր խոսում: Տղամարդը երեխայի մորից հարցրեց, թե այդ հատիկները որտեղի՞ց. նա չգիտեր: Ոչ ոք չգիտեր:
Արդեն երկինքը նախկին հին երկինքն էր, և ողջ քաղաքում տխուր աստղի ոտնահետքն էլ չէր մնացել:
Բայց ոչ ոք չգիտեր, թե այդ գույնզգույն կաթիլն ինչ է…
***
Լավ: Ի՞նչ կարելի է անել: Պարզ ու գյուղական մարդիկ հին ու ծիծաղաշարժ մտքեր ունեն: Նրանք ասում են՝ եթե մի գիշեր երկնքից աստղ ընկավ, բոլոր ցավերը կվերանան, բոլոր սիրահարներն իրենց սիրեցյալներին կհասնեն, ամեն ընկեր՝ իր ընկերոջը:
Եվ սա էլ մի գյուղական պատմություն է: Մի պարզսիրտ մարդ, որ աստղային անձրևի ժամանակ երեք տարեկանից էլ փոքր էր, դեռ չի խոսում: Հետո այս աստղերի հատիկներից մի մանյակ պատրաստեց ու գցեց իր սիրեցյալի պարանոցը:
Չե՞ք հավատում:
Լավ:
Ի՞նչ կարելի է անել:
Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի