Լիլ Հովհաննիսյան| Անգույն հետագիծ

Լիլ ՀովհաննիսյանՀղկված քարերի քաղաք էր, ճիշտ այն քարերից, որոնց տաշում են մահարձան շինելու, մեռնողի հիշատակին տաղավար սարքելու համար և նրանցից, որոնք լցված են մեր քաղաքի այգի չհիշեցնող խոտածածկ տարածքում (մի մեծահարուստի կարճ խելքով արված բարեգործություն էր՝ քարից սառը նստարաններ մանկական այգում)։
Հունիսի կեսերն էր, պապին մահացավ։ Նախորդ գիշերը հայրս, մայրս ու քույրիկը գնացողի ողբագին ճառերի մեջ էին։ Եղբայրս իր տասնմեկայմա փոքրության մեջ քաշվել էր հյուրասենյակի մի կողմը՝ հուզմունքից ծնոտը պարբերաբար կախկխելով։ Առաջին անգամն էր, որ տանից էին թաղում, ուրիշ օրերին մեռելը դրսից էր, ուրիշ օրերին մեռելը բարևից հետո ոտքը կախ գցելու առիթ էր, հարցուփորձ՝ «Ինչպե՞ս պատահեց», մխիթարություն՝ «Դե ոչի՛նչ, մեծ էր» ու կրկնվող հոգոցների անվերջանալի շարք՝ «Է՜հ, Աստված հոգին լուսավորի»։ Այն օրերին մեռելատները ժանիքավոր քարանձավներ էին, իսկը հոլիվուդյան ֆիլմերի տաղավար, որ մեզնից հեռո՜ւ-հեռո՜ւ էին և մոտենում էին միայն քչփչոցների ժամանակ։ Այն օրերից բացի, երբ պապիկի անշնչությունը տունը լցրել էր ծանոթ ու անծանոթ դեմքերով, երբ դռան «տու՛կ-տու՛կ»-ը դարձել էր սև կոշիկավորների համաչափ «չը՛փ-չը՛փ», մնացած բոլոր օրերին մեռելը խորթություն էր, սուրճի սեղանը լցնող մեկենաս, չրթվող արևածաղիկներ ու բամբասանք հովանավորող առիթ։ Ոմանք մեռելին բրդում էին հոգիների, այլմոլորակայինների խոսակցություններում, իսկ մեզնից հեռու՜-հեռու՜ էր։ Այն օրերին անտանելի էր մեռելահոտը, վախ կար մեռելներից, այսօր սիրելի է առավելապես, բոլոր աթոռավորներից ու ոտավորներից առավել սիրելի։
Տունը լիքն էր, թեև մեկի ծպտունը չէր լսվում։ Այսօր մայրս մոռացել էր սենյակիս դուռը բացելու ձևը։ Ասելը թողել էր հորս վրա։
Զանգեց.
-Հա՜, պա՛պ։
-Վե՛ր կաց, մամային օգնի՛,- ու անջատեց։
Գլխի էի ընկել, բայց չէի սիրում թաղում։ Դեռ ինձ համոզում էի, որ սովորական օր է, որ պապին դեռ անկողնում գամված ցավերի մեջ է։ Ականջս լարեցի մի հոգոց որսալու համար։ Միայն խոհանոցի դռան բացվել-փակվելը լսվեց ու մի քանի կոշիկավոր դմբդմբոց։ «Եթե ապերն էլի կոշիկով խալու վրա անցած լինի…» ,- խաբողական զայրույթով միտքս բերեցի։ Տեսան, որ ուշանում եմ, եկան։ Մայրս էր։
-Հը՞,-ասաց,- պապան չի՞ զանգել։
-Տարե՞լ են։
-Հա, մի ժամ կլինի։
-Ե՞րբ մահացավ։
-Գիշերը երեքին։
-Հագնվեմ գամ։
Գիշերը երեքին։ Ճիշտ երեքին քնաթաթախ վեր էի թռչել, մի բան խփել էր, բայց էլի հավատալով ականջս սրելու փորձին՝ հյուրասենյակից լսել էի ծանր շնչառության ձայնն ու հանգիստ քնել։ Պապիկի ցավն ինձ հանգստություն էր բերել, դեռ կորցրած չլինելու հանգստությունը։ Բայց արի ու տես՝ գենը խաբել էր, ուրիշ մարմնից էր հոգոցը եղել, նույն արյունը կրող ուրիշ մարմնից։ Հայրս էր շնչել ու արտաշնչել, երբ գիշերը գնացել էր գլուխ քաշելու ու տեսել, որ…։ Գլխի չէի ընկել, ինչպես առաջ, երբ սովորությանս համաձայն սենյակիցս փորձում էի կռահել, թե ով է տուն մտնողը ու հաճախ պապիկի դանդաղացած շարժուձևը շփոթում էի հորս քայլերի հետ։ Ամեն օր, երբ նա դեռ կար, երբ մորս ասում էի, թե պապիկն ուշադրության համար է չխոսող ձևանում, թե դրանից է, որ դժվար է ուտում և հաճախ ցավեր ունենում, ավելի ու ավելի էի համոզվում, որ հենց այնպես եմ ասում, խուսափելու համար, որ ինձ մոտիվացնում եմ մի մտքի, որը բավականին տհաճ է կուլ գնում, երբեմն՝ կանգնում կոկորդիս։
Դուռը բացեցի։ Պապիկի անկողինը տեղափոխվել էր հյուրասենյակի մեջտեղը, միայն թե առանց բարձ ու վերմակ (դրանք ինքը հետը կբերեր, երբ վերադառնար բժիշկների մոտից)։ Բժիշկներն այս օրերին դառնում են բարի, հագուկապդ են տեղը բերում, անգամ դիմահարդարում, տեղը տեղին նկարում են ու ճամփու դնում։
Հայելիները հունիսի կեսին զարմանալիորեն սկսեցին մրսել, և մայրս ծնողի մտահոգությամբ բոլորին հատ-հատ մի բան հագցրեց։ Ինչպես հեքիաթում, մենք նույնպես անճոռնի ճուտիկ ունեինք։ Սենյակիս հայելին էր, անսքող մնաց։
Վաղ տարիքից լսել էի, թե մեկը երազել էր հարստանալ, առաստաղին փող էր նկարել ու ամեն գիշեր մինչև քնելը, պառկածության մեջ աչքը վերևն էր միայն։ Ասում էին տարիներ հետո գրպանը կարգին էլ լցվել էր։ Վեց, թե յոթ էի կամ ավելի փոքր, որ հայելուս յուղամատիտով լողոզեցի «Երգչուհի»։ Սանրն էլ՝ իբրև բարձրախոս, ափիցս անպակաս էր, երբ հայելու երեկոյան դիտումներս էի անցկացնում։ Տարիները թռան, ցանկությունս փախավ, բայց յուղամատիտի մանուշակագույնը հոծ գծերով դեռ պահում էր գրվածը։
Ետ դարձա սենյակ։ Բացեցի պահարանիս Անճոռնիին։ Սկզբում թևս պարզեցի ու հայելու մեջ միայն թև երևաց։ Հետո երևաց իմ ողջ կիսանդրին։ Միայն ես էի ու հետևի պատը, էլ բան չկար։
-Բա էլ ինչո՞ւ են մյուսները փակել,- մտածեցի,- դրա ժամանակը չէ։
Դուռս նորից բաց արեց իրողությունը։
Մարդ-մուրդ դեռ չկար ու քանի դեռ չէին լցվել, ճանճերը մեկ-մեկ մոտենում ու վերջին հրաժեշտն էին տալիս պապիկին։ Երևի ամառը, երբ պապիկը մենակ էր բակում սրճում, ճանճերն անցնելիս էին եղել ու եկել ընկերակցելու։ Երևի հենց այդ օրերից էին ընկերներ դարձել։ Մայրս ասում էր՝ պապիկն ընկերներ չունի, վերջին շրջանում բոլորի հետ հրմշտոցների մեջ է, բայց տես, որ ճանճերից մենք անտեղյակ էինք, ու նրանք առավել հոգատար էին գտնվել, քան մենք, որ ժամանակը դրսերին էինք տալիս։ Ես շուտ գլխի ընկա, բայց քույրս դեռ անտեղյակ՝ ընկուզենու ճյուղով քշում էր նրանց։ Բայց դրանք վիրավորվել չունեին, գալիս էին, հա գալիս։
-Քեզ համբերություն, բալե՛ս,- ասաց մի կին ու հարմար տեղավորվեց աթոռներից մեկին։
Դեմքը ծանոթ չէր, բայց արդեն սովորել էի բոլոր անծանոթներին հարազատի հայացք ձգել, հայրս ամիսը մեկ նոր հորքուր-հոպարներ էր բերում յոթ պորտ հեռուներից։
-Հարութ հոպարը բարևում ա, բալա՛ս,- ասում էր հեռախոսից։
-Հարութ հոպարն ովա՞, պա՛պ,- զարմացած ձայնում էի երևանյան փողոցներից։
-Իյա՞,- հասկացնելով, որ կողքից լսում է,- ասումա դասերդ լավա՞։
-Հա՜, պա՛պ ջան, դու էլ բարևի՛, նորմալ, հասցնում եմ։
Բայց այս նորեկն այդքան էլ հորքուրի պես չէր։ Աչքը չորս արած նայում էր ինձ ու քրոջս՝ ինչ-որ գեներատորային հայացքով։ Հետո փսփսում կողքինի ականջին։
-Տես ոնցա է մեծը լացում, բա պապինա, պահել-մեծացրելա,- ասում էր։
Հետո ինձ դարձավ.
-Լացի՛, ցա՛վդ տանեմ, լացի՛ թեթևացի։
Դեմքիս հայտնվեց երբևէ ունեցած հայացքներիցս ամենաատելին։
-Բա քո պապին ա, բա դու չլացես, ով պիտի լացի։
«Ա՜յ քեզ անասուն, սրան էլ հորքուրակերպ մի բան էի կարծում։ Թու՜հ, թքես ու դուրս գաս կամ դուրս շպրտես»։
Զզվելի էր, հանդիսատեսն ավելանում էր, մուտքը ազատ է, բնական է՝ կգան։ Աթոռները վերջացրել էին լիքոտություններին ու ծղոտակերպներին կրելը։ Ու ես ինքնակամ, անփորձ քայլերով եկել նստել էի բեմի մեջտեղում։ Սրանք կարծում էին, թե ահա մի բառ, մի պատմություն կորսան ինձնից, որ կպատմեմ, թե ինչ էր սրտիս տեղը, երբ երեկ գիշեր բռնել էի այս նույն սառը ձեռքը, երբ միայն ձեռքն էր, որ վերջույթներով պարբերաբար արձագանքում էր անիմաստ հուսադրող խոսքերիս։ Երեկ սառն էի։ Այն բանից հետո, երբ տեսա, թե ինչպես էին տանեցիները արցունք կաթեցնում պապիկի վրա, ես ձիգ մնացի։ Պապիկն ամեն արցունքից ավելի էր ջղաձգվում։ Բերանից կտրվել էր խոսելու լարը, մեկը կտրել էր։ Մի լարի պատճառով իրար էին խառնվել բոլորը։ Պապիկը չէր խոսում, բերանը մոռացել էր խոսելը վերջին փորձի ճանապարհին ու բաց մնալով՝ արտազատում էր լավայական մի տաք գոլորշի՝ նախազգալով ներսի մոտալուտ ժայթքումը, որ եկել էր սարերում թավալված յոթանասունիննի ապրվածից։ Պապիկի ձեռնափայտն անափ էր մնացել։ Երեկվա ձայնս խաբող վստահ էր, մատներս կեղծված տաքություն էին ստանում նրա մատներից։ Սուտ էր, նա շնչում էր, իսկ ես խաղում էի հուսադրող բլբլոցով, իսկ հիմա, երբ շունչը չկա, դիմացից, կողքից ու թիկունքից անգամ բոլոր ժանիքավորները ջանում էին լսել թեկուզ տզզոցս՝ ճանճերի լեզվով, բայց ծպուտս անգամ դուրս չեկավ։ Չեմ խաղա, նրանց առաջ չեմ խաղա ու էլ երբևէ չեմ խաղա, կլինեմ անկեղծ, ինչպիսին պապիկի վերջին կաթիլ արցունքն էր՝ գործող մարմնի վերջին ֆունկցիան, որ հարկ համարեց աչքից գլորվել հանուն իմ ստացված ներկայացման։ Պապիկը չամիչ էր, հա՛, խաղող ժամանակներից չամիչ դարձաց, սմքած, փափկացած, բայց մեկ է՝ չամիչ։ Իմ երեխա ժամանակների չամիչը։ Երբ ես էլ տարիներ հետո միանամ չամիչական ծերությանը, երբ ես էլ խաղող օրերին քաղցր եղած լինեմ, թոռներիս պապի կպատմեմ, չէ՛, իր մասին չէ, պարզապես պապի։
Երկու-երեք օր, վերջին օրերն են, որ պիտի տեսնեմ, ու ամեն կողմից հարամ է։ Թոռ ու պապ չկա, մնացել է թոռը, որից չգիտես՝ ինչու լաց են պահանջում։ Մինչ դեռ այնպես էի տենչում մի կարճ երկվայրկյան նվիրվել պապիկին, ի՛նձ համար։
Վերջին հոտը խունկի հետ նստել էր բոլորի քթին՝ իբրև վերջին հաղորդություն մարմինների միջև։ Քրոջս ձեռքերում դեռ օրորվում էր ընկուզենու ճյուղը։
-Ինչի՞ ես ճոճում։
-Հոտը կոտրումա, համ էլ ճանճերը շատ են նստում դեմքին,- աչքը սրբելով պատասխանեց քույրս։
«Համբուրում են, Ալի՛ն, համբուրում եմ պապիի ճակատը»,- ուզում էի գոռալ, որ տեսե՛ք՝ պապիս ի՜նչ ընկերներ ունի, չեն կշտանում հրաժեշտից։
Ալինը կամացուկ սկսեց շշնջալ պապիկի երգը.
-Պարտեզու՜մ վարդեր բացված՝ կսպասեմ սոխակի․․․
Ինչքա՜ն էինք ծնկներին պարում սրա տակ, ո՜նց էինք վազվզում, երբ պապիկը մեզ հողամաս կամ սար էր տանում։ Այդ նույն հողամասում ինչքա՜ն եմ թաքուն խմել «փոքրերին չի կարելի» սուրճը, պապիկի քաղցր սուրճը, մինչդեռ հիմա ես դառն եմ խմում։ Բոլոր համտեսումներն էլ քաղցրով են սկսվում և ավարտվում մի պարզ դառնությամբ։ Լացը չի փրկի, լոկ կնպաստի։ Պետք էր ձիգ մնալ։
-Սիրուհի՜ս, ու՜ր ես գնում, ա՜խ, սիրտս կդողա,- կոկորդը վեր ու վար քաշքշելուց հետո շարունակեց քույրս։
Վեր կացա, թե չէ հայրս խնդրեց՝ բարձրացնեմ Գասպարյանի դուդուկը։ Համակարգիչը ծաղիկների մոտ էր՝ չերևացող մի անկյունում։ Մոտեցա։ Էկրանին ես, Ալինն ու պապիկն էինք։ Ալինի նշանդրեքի նկարներից էր։ Տեսնել պապիկին բաց աչքերով ու նույն սառնասի՞րտը մնալ։ Փախչել էր հարկավոր։ Բակը տղամարդիկ էին գրավել, խոհանոցում վտվտում էին գործ անողներից մի քանիսը, որոնք շուտով անցան հյուրասենյակ։ Միակ ուրախությունը, որ դռներն այդ օրերին բերեցին, Աշի բացելն էր։ Գրկեց, ու հերիք էր։ Բան չխոսեցինք։ Պապիկի քույր-եղբայրներն արդեն քանի ժամ էր՝ ներսն էին։ Մի քանիսը լավ չէին զգում։ Սուրճ դրեցի, մայրս տարավ։ Երկու բաժակ էլ ես ու Աշը ձեռքերներս առանք, քաշվեցինք թախտի վրա ու մակերեսային ֆրթոցով բերան տարանք սուրճի մի տաք շերտ։
-Հիշու՞մ ես, որ քեզ մի օր տուն ճանապարհելուց դրսի դուռը բացեցի, պապին դեմներս եկավ ու վախից թպրտաց։
-Ինձնից շուտ-շուտ էր վախենում։
-Բա հիշու՞մ ես, որ խալուն նստած դաս էինք անում մի օր, ու պապին զալի կամարի մոտ էլի նույն ձև եղավ, ինչ էն օրը։
-Որ ասեցի, պապին էլի վատացավ,- կես ծիծաղով շարունակեց Աշը։
-Ինքն էլ թե՝ չէ՜, բալե՛քս, մեշկս եմ քորում, մի՛ վախեցեք,- ու մի պահ  իմ մռութն էլ կախ ընկավ։
Աշը մի կում էլ արեց։
-Մի օր եկավ տուն, ոտից գլուխ արյուն էր, ասեցի՝ պապի՛, ի՞նչ ա եղել, ո՞րտեղ ես ընգել, ասեց՝ ա՜հ, իմ համար քայլըմ իմ, ասվալտը էլավ զարկավ էրեսիս,- մի կում էլ ես արեցի, որ սրբվի գնա կոկորդիս թացը,- մեռնեմ ջանին։ Ինձ որ չէր կանչում «բիջո՜ս», ասում էի՝ հը՞ պապի, ասում էր՝ ա մե կոֆե տիր, խմենք։ Ա՛շ, ուզում եմ կողքը մնամ, չի լինում, ավելի հեռու եմ զգում։
-Շատ մարդ կա, դրանից ա։
-Մի տարի նստեցինք փիչի կողքն ու պապին սաղ պատմեց՝ առաջին սիրուց սկսած։ Ասում էր՝ Մե մատիտ կամ տետրակ ես իյմ տալի, մեյն՝ ինքը։ Ասում էր, որ առաջին դասարանի սեր էր։ Տենց էին սիրում իրանց թվերին։
Աշը գնաց։
Պապիկից էլ չպատմեմ։ Թաղումից զզվելի բան չկա կյանքում, երբ հողը դառնում է ատելի մի բան, երբ բարեկամների տաքությունը չի թողնում հասկանալ, որ մարդ է մեռել, որ էլ մարդ չկա, իր փոխարենը չկա, որ սպիտակեղենն էլ չի քաշքշվելու ցավերից, որ ձեռնափայտը մնալու է ուղղակի ձեռնափայտ ու ո՛չ՝ պապիկինը։ Պապիկն էլ չի ծիծաղելու, էլ չի ծամելու՝ ամուր ատամները շխկշխկացնելով, էլ առավոտյան շտապ-շտապ չի մտնելու սենյակ, որ «Երաժշտական փոստարկղը նայի» ու ինձ խնդրի մի նամակ էլ իր անունից ուղարկեմ։ Ու ես նրան էլի անմտածված չեմ մերժելու։ Եվ եթե մի ժամանակ սա առօրյա էր, ապա հիմա դառնալու էր հիշողություն, վերջ։ Դրսի բոլորը դառնալու էին ծիկրակող բամբասանքներ, թե՝ սեղանի կտորն ինչի՞ց էր, դագաղն ի՞նչ որակի էր, ո՞վ էր բնական ու ո՞վ արհեստական ծաղկեպսակներ բերել ու թե՝ ի՞նչ հաց կտա Արամը։ Հայրս շատ էր խեղճացել, ու օգնել չէի կարող։ Դարպասների մոտ, երբ պապիկը վերջին անգամն էր իր ձեռքի սարքածը տեսնում, երբ ամեն կողմից կռանում էին իր վրա, հայրս հասցրեց ձեռքս ցավեցնել անօգնական սեղմումով։ Ճիշտ այն նույն հայացքն ուներ, որը նկարներում էի տեսել, այն նկարներում, ուր ֆոտոխցիկի սևն ու սպիտակը գերեզմանաքարի պես կանգնեցրել էին մահացած հորեղբորս թումբի ու կողքին հավաքվածների մռայլ ժամանակը։ Պապիկից էլ չեմ գրի, ցավեցրեց։ Մեկ է, բոլորն էլ ավելի ուշ սկսում են նկարել իրենց տխրությունը, քան հավատալ նրան, որ ցավն էլ անցողիկ բան է։
Քնելու առաջին փորձը եղավ: Ես ու Ալինը միտեղ պառկեցինք։ Էլի չհերիքեց․ մթության մեջ աչքներս զառանցում էին։ Վախեցանք։ Մաման էլ բան ու գործ թողեց եկավ կողքներս, ինչպես տարիներ առաջ էր գալիս քնեցնելու։ Ա՜խ, ո՜նց էի կարոտել։ Կպա ու էլ պոկ չեկա, պոկ չեկա մինչև առավոտ, բայց պարզվեց՝ մաման դեռ գիշերն էր գնացել կողքներիցս։
Նախորդ գիշերվա անհարմարություններից կուշտ լինելով՝ եկող գիշերը մենակ քնեցի։ Միտքս գլուխ էր առել ու դոփում էր պատերին.
«Աշխարհը գժվել է, զառանցում է աշխարհը։ Ո՞ւմ է ուզում ցավեցրած լինել, ու՞մ է ցույց տալիս։ Որ ի՞նչ։ Տանում ես՝ տա՛ր, ցույց մի՛ տուր, որ չկարոտենք տեսածներս. չտեսածներն անկարոտելի են։ Խլի՛, տա՛ր, կե՛ր, կու՛լ տուր, բայց վերջում հե՛տ տուր․ չէ՞ որ տարիներով տրորում ենք մեջքդ, գոնե հե՛տ տուր, որ ստանանք։ Հե՛տ հուր, անշու՛նչ հող։ Տանում ես, որ ի՞նչ։ Գոնե գիտե՞ս, թե ում ես տանում կամ ում համար։ Չէ՛, քեզ այլ կերպ են հարցնում՝ ումի՞ց ես տանում ու ու՞մ համար։ Ներո՛ղ կլինես։ Դու հավանաբար ինձ չես էլ լսի»։
Մեջքս տարուբերեցի ու էլի ներսիցս մի բան պոռթկաց աշխարհի վրա.
«Մի՞թե տրորելը, մեջքիդ այդքան խփելը չի արագացնում հետ տալուդ ընթացքը։ Չէ՜, դու կասեիր՝ հետ է գալիս այն, ինչ զզվելի է կուլ գնացած լինում, պապիդ նրանցից չէր։ Բա էլ ի՜նչ եմ հետ պահանջում, եթե դու հաճույքով ես կուլ տվել, նույնիսկ՝ կտոր-կտոր, տարիների մեջ դանդաղ ծամելով, քիչ-քիչ, հատ առ հատ ու վերջում՝ չիք։
Քո որդնած կեղևը՝ այդ չորացած հողակույտը, նախանձից է սնվում, որ սնուցվի։ Կուլ է տալիս մեր ուրիշներին, որ ոչ թե հետ տա, այլ հետ գա ինքը։
Ինքը՝ քո ինքը։ Քո ինքի դիմաց մեր ուրիշնե՞րը։ Վե՛րջ տուր, խեղկատա՛կ, չեմ ասում վերջը տուր, ասում եմ վե՛րջ տուր խաղիդ, անվերջ լափելու մսաղացային կյանքիդ վե՛րջ տուր։ Մարդկային փափուկը, միևնույնն է, չի վերացնի քո կոշտանքը, կոպիտ հողաթումբը կրծքիդ…
Աշխա՛րհ, լսու՞մ ես ինձ, այո՛, դու հատակում ես, հենց այս ճաքճքած հողաթմբի տակ,- ու կրունկներս, ի մտածում պապանձ բերանիս, «դը՛մփ»-ով իջան ներքև, դեպի հատակը,- դու միայն այդ ես՝ տակի՛նը։ Վերևում կատարվողը դու չես, դա միայն քո վաղեմի երազանքն է՝ աշխարհ կոչելու մարդու ֆանտազիան՝ շենքերը, պուրակը, լճերն ու փողոցները։ Դու՝ ոչնչության երախ ես։ Ու էլի կուլ ես տալիս, անգամ հիմա, երբ պիտի լսես, դու կուլ ես տալիս հենց ինձ ու ծամում ուրիշի փափուկը։ Գրո՛ղը տանի, ե՞րբ է ավարտվելու քո միայնակ ճաշկերույթը։ Ա՜յ քեզ տխմար հարց. այն ավարտվում է ամեն երկվայրկյան, ամեն միկրո, մանո և բոլոր մ-երով սկսվող ակնթարթներում։ Ճաշկերույթն ավարտվում է ամեն կյանքի ավարտին, այդժամ միայն պակասում է ուտեստներից մեկը՝ թաղվողը, մեռելը, մեռելատան գլխավորը, հը՞, ո՞րն է ավելի սուր։ Բայց ծամելդ դեռ ընթացքի մեջ է։ Ծամելն՝ իբրև շարժում, արդարացիորեն հոշոտում է. ծամվում են բոլորը, բոլորի ուրիշները, և բնական է, քանզի Բալզակն ասում է, թե ամեն բանը շարժում է, և եթե կա Աստված, ապա այն հենց շարժումն է»։
Աչքս վերջապես կպավ։
Մի քանի օրից դուռը ներս բերեց երկու կանանց։ Մեկը երեսունի մոտ, մյուսը՝ վաթսունի։ Մայր ու աղջիկ էին։ Սեղան նստեցինք։ Պարզվեց՝ եկել են շնորհակալություն հայտնելու։ Հայրս ամիսներ առաջ բոխու գնալիս մի ժայռի տակ գտել էր ներկայիս վաթսունամայ կնոջ ամուսնու դին։
-Ախր առողջ էր։ Ուժը տեղը, ձեռքը բանում էր, մեր սաղ հողերը ինքն էր մշակում,-հացի ժամանակ սկսեց կինը։
-Ով էլ էտ ժայռից ընկներ, իհարկե ներո՛ղ կլինեք, բայց կենդանի չէր մնա,- շարունակեց հայրս,- ես էլ մի կերպ պրծա էտ թեք քարերից։
-Ը՛հ, թե ասա՝ բոխին կարևո՞ր էր,- աչքերն ոլորելով վրա տվեց մայրս՝ մի պահ մոռանալով հյուրերի մասին։
-Վերջին վարուցանքն էլ ինքը արավ, հետո նոր գնաց բոխու ու էլ չեկա՜վ,- թաշկինակը գրպանից հանեց,- հավաքելու վախտն ա, իրա ձեռի վերջին ցանածն ա, չեմ ուզում կպնեմ, բայց որ չհավաքեմ էլ չի լինի, կմնա կփչանա։
Տասը րոպեից ըմբռնողական մթնոլորտ տիրեց։ Երկու ընտանիք կիսում էին նույնատիպ ցավեր։ Ականջովս մեկ պապիկի մասին պատմություններ էին անցնում, մեկ էլ՝ բոխու գնացած այդ ուրիշի, որի մասին լսելուց հետո ևս մեկ հարազատի ցավ կուտակվեց սրտիս վրա։ Սկզբում խուսափում էի սեղան նստելուց, բայց հիմա շնորհակալ եմ մորս, որ ստիպեց, ու պատիվ ունեցա քաղաքի մոլախոտերին չհանդիպած գյուղացու անկեղծ բերանից լսել հետևյալը.
-Վիրավորվում էի, երբ մխիթարում էին՝ ասելով «Դե ոչի՛նչ. մեծ էր»։ Քառասուն տարի մի տուն ենք ապրել, մի անգամ մազս ծռած չկա։
Հետը կիսած տարիների շատությունն էր, որ կնոջն այսօր խեղճացած ցավի տեր էր դարձրել։ Իսկ, ահա, քաղաքակիրթ մոլախոտերը մարդու սերն ավարտի էին դնում այն կետում, ուր վերջանում էր երիտասարդությունը։ Ու ով էլ մեռներ բարձր տարիքում, սիրո մասին խոսելը կնմանվեր զվարճալի կատակի։ Սա էր նրանց կրթված քարոզը։
Գիշերն ուզեցի խմել։ Բաց խանութ կար, բայց գրպանս էր դատարկ։ Անհարմար էր ծնողներից փող ուզել ու հայտնել, որ խմելով հեշտ է պարտակել ցավն ու գլուխը դնել բարձին, այն դեպքում, որ նրանք օրվա առնվազն հինգ ժամը նվիրում էին ալբոմներին ու արցունքներին, իսկ ես մի կարճ գիշեր հրաժարվում էի մտաբերել քսան տարիներիս անկյունում տեղավորված պապիկիս։ Ուզեցի խմել, բայց այս ցանկությունը, միևնույնն է, ծալված մնաց դատարկ գրպանումս։ Գիշերը տանելի եղավ։
Հիմա մի բան․ հատ առ հատ հավաքածս իրողությունները վերջապես առիթ տվեցին բարձրաձայնել այն փաստերը, որոնք հաճախ են տանջել ինձ և անտեսվել կողմնակիների անտարբերության պատճառով։ Երբեմն էլ հաճույքի անսահման քանակով այնպես եմ ողողվել, որ գիտակցածս կամ գուցե և ցնոր մտքերիս պատառիկները ոչ մեկի հետ չեմ կիսել՝ զերծ մնալով ավելորդ դատարկաբանական կոչերից։
Երեկվա երազս․ սկսեմ նրանից, որ ստորև գրվող տողերի համար ավելի սկզբունքային է երազը փոխարինել տեսած բառով, քանի որ երազն իմ պատկերացմամբ ավելի անիրական, օդացած մի բան է, քան այն, ինչը տեսա։ Չեմ հերքում, գուցե հավատացածիս մինչև վերջ տեր կանգնելու որոշումն է դրդել երազը կոչել առավել քան արդի փաստ։ Ինչևէ, ինձ գոհունակություն է պատճառում այսչափ անհարկի խորանալն ամեն մանրուքում․․․դրանք ինձ նոր մտքերի են բերում, որոնց բացարձակապես դեմ չեմ խցկել ուղեղածալքերումս( դե լա՛վ, ուղեղս այդքան էլ լիքը չէ․ կարելի է խցկելու փոխարեն տեղավորել)։ Կարելի է քնել որպես հասարակ մարդ և արթնանալ փիլիսոփա, քնել իբրև անհույս երազող և բաց աչքերով բռնել սցենարիստի, կյանքը նկարողի ուղին կամ որ ամենաքիչն է՝ ըմբռնելով արթնանալ և մի տեղում քեզնից թաքցնել տեսածդ։ Մեզնից թաքուն է պետք պահել գիշերվա մեր իսկ տեսածը, որ չաղճատվի գիտակցականի կաթ-կաթ ներարկվող ջնջումից։
Հղկված քարերի քաղաք էր, ճիշտ այն քարերից, որոնք տաշում են մահարձան շինելու, մեռնողի հիշատակին տաղավար սարքելու համար, և նրանցից, որոնք լցված են մեր քաղաքի այգի չհիշեցնող խողատածածկ տարածքում( մի մեծահարուստի կարճ խելքով դատած բարերարություն էր՝ քարից սառը նստարաններ նախատեսված երեխաների համար)։ Պապիկի հետ քայլում էինք։ Ինչ-որ պաշտոնական էր քայլվածքը։ Երևի իմ ենթագիտակցությունը երազս բերել էր մեռելների դուռը։ Պապիկը չէր եկել, ես էի գնացել: Մեր մարմինների տարբեր վիճակներն այստեղ անգործ էին, զգայարան չկար, որ տարբերվեր իր սառն իմ տաքից։ Մենք ուղղակի․․․ ճանապարհն ուղղություն չուներ, գույնը մեկն էր՝ անգույն, այլ էր այստեղի աշխարհը, այն այլ էր մնացած իմ բոլոր երազների գունավոր բովանդակություններից։ Կարճ ու կոնկրետ քայլեցինք։ Մենակ էինք, որովհետև շուրջբոլորը միայն գերեզմանաքարեր էին ու հիշատակի տաղավարներ։ Մյուս մեռելները երևի գնացել էին ուրիշների երազներում քայլելու։ Քարերի քաղաքում ես պատահաբար չէի, գիտեի, որ պապիկը չկա ու իրեն էլ կարոտով էի նայում, բայց չշեղվելով երազի կանոններից՝ ձևացրի, թե նա կենդանի է ու քարսիրտ մնացի։
Բայց մինչ պապիկին հանդիպելը, երազումս մի քանի ֆանտաստիկ տեսարան եղավ։ Ես ու Ալինը պապիկի գյուղում իր հայրական տունն էինք կարգի բերում, ու հանկարծ մի օձ (գուցե ուրիշի երազից եկած), թակեց տան պատուհանը։ Այն պահից, երբ Ալինը չգիտես, թե ինչու օձի բերանն անգույն քարեր լցրեց, օձը պատկանեց իմ երազին․չէ՞ որ երազս քարերի մասին էր։ Տունն էլ քարից դարձավ, իսկ հյուրասենյակի մեջտեղում, որտեղ պիտի պապիկին պառկեցեինք, մի մեծ փոս գոյացավ։ Նայեցի մեջը՝ սև էր։ Հետո ամեն ինչ սևացավ։ Ապա աչքերիս էկրանը սևությունից ազատվեց ու արդեն պապիկի հետ էի։ Պարբերաբար գիրկս ընդունում էր նրան։ Առանց զգայարան այնպես հարմար էր, զգացողը ես էի, ոչ թե գործառույթ կատարող զգայարաններիցս որևէ մեկը։ Պապիկը գրպանից դուրս բերեց երկու հազարանոց, մեկնեց ինձ, չվերցրի (երկար էր այնտեղ մնալու. պետքը կգար)։ Հետո մյուս գրպանից մի կոպեկ հանեց։
-Քանի՞ դրամանոց է,- հարցրեց։
-Քսան։
-Դե վերցրու՛։ Շաքվա կոպեկ է։
-Մեռնեմ ջանի՜ն,- ու լաց եղա։
-Հյուրերի մոտ չեն լացում,- խիստ հայացքով արձագանքեց կարգավիճակիս։
-Դու հյուր չես,- համարյա գոռալով։
-Գնանք էն նստարանին նստենք։
Կոպեկը՝ որպես վերջին հաղորդության մասունք, գիտակցաբար դրեցի շալվարիս ձախ գրպանում ու քայլեցինք նստելու։
Արթնանալս հանգիստ եղավ։ Խոհանոցում թեյը լցրել էին։ էլի մարդ էր եկել տուն։ Վեր կացա բարևելու։ Մի ձեռքս փոխեց հայելու ուղղությունը, որ չերևամ, մնամ երազինը, մյուսն էլ շալվարս մոտեցրեց։ Դեռ ոտքս չէի խոթել մեջը, երբ ձախ գրպանից մի քսան կոպեկանոց դուրս թռավ՝ օդի մեջ թողնելով ինչ-որ քարերի անգույն հետագիծ։

Share Button

1 Կարծիք

  • Ամեն ինչ այս աշխարհում ունի արժեք ու հուսով եմ որ քո աշխատանքներ կդասվեն ամենա գնահատված ու արժեքավորների դասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *