ԱՆԻ ՀՈՎՆԱՆՅԱՆ | Ավանդական մոտիվների զարգացումը արդի կենացներում

Ապրեք, էրեխեք, բայց մեզ պես չապրեք:
Հ. Թումանյան

Թերևս չի կարելի պատկերացնել որևէ հայկական տոնակատարություն, ծես կամ առատ սեղանով ուղեկցվող որևէ այլ խնջույք` առանց սեղանի մաղթանքների կամ բաժակաճառերի:Իհարկե,ժամանակակից իրականության մեջ խնջույքները հեռացել են ավանդական ձևից, սակայն որոշ վայրերում տակավին շարունակում է կենցաղավարել բանահյուսական ավանդական ժանրերից մեկը` կենացը: Այս տեսակը ամենաքիչ ուսումնասիրվածներից է. հաճախ կենացները նույնացվել են բարեմաղթանքների հետ, և հենց այդ կողմից էլ ուսումնասիրվել: Սակայն փաստ է, որ այն բարեմաղթանքների հետ առնչություն ունենալով հանդերձ` առանձին ժանր է, որը կարոտ է ուսումնասիրության: Կենացների բովանդակությունն ու բնույթը մեծապես կախված է դրա կիրառման միջավայրից, նպատակից և այն փաստից, թէ ով է ասում և ում է ուղղված տվյալ կենացը: Եվ սա առանձնակի դժվարացնում է կենացների թեմատիկ բաժանումը: Մենք պայամանականոերեն կենացները բաժանել ենք երկու մեծ խմբի.
– Ծիսական կամ տոնակատարային (դրանք ծննդյան, մկրտության, հարսանիքի և թաղման առիթով ասված բաժակաճառերն են, որոնց ուսումնասիրությունը սերտորեն աղերսվում է ազգագրության հետ)
-Ոչ ծիսական կենացներն են, որոնք կարող են ասվել նաև ծեսերի ժամանակ:
Կենացները բովանդակում են բարեմաղթանք-գովեստներ ինչպես սեղանակիցների կամ նրանց հետ կապ ունեցող որևէ անձի մասին, այնպես էլ ողջություն և առողջություն ցանկացող բարեբանություն առհասարակ` առանց նշելու, թե ում է ուղղված խոսքը: Ընդգծելով կենաց բառի ստուգաբանությունը, որի հիմքում ընկած է կեանք, ապրել բառը, հարկ ենք համարում նշել, որ կենացներում բավական մեծ թիվ են կազմում ողջություն, երկար կյանք և առողջություն մաղթող կենացները` Ողջ-առողջ, ողջ-լեր, սաղ ըլնենք և այլն: Ի դեպ, վերջին կենացը ունի նաև բազմաթիվ այլ տարբերակներ, որի լրացումները արտահայտում են տարբեր իմաստներ.
1.Սաղ ըլնենք, նամարդ չըլնենք, նամարդ մարդկանց կամրջով մի անցեք,
թող սելավը ծեզ տանի, սաղ ըլնենք, նամարդ չըլնենք:
2. Սաղ ըլնենք, սարսաղ չըլնենք:
3.Սաղ ըլնենք, չաղ ըլնենք:
Եթե վերջին կենացը անհոգության, թեթև ու հեշտ ապրելու կոչ կարող ենք դիտել, որը ունի նաև անեկդոտիկ բնույթ (այսպիսի կենացները շրջանառվում են առավելապես երիտասարդության շրջանում), ապա առաջին երկու կենացները ունեն բարոյախրատական բովանդակություն: Այսպիսի կենացներին առավելապես բնորոշ է առակային ձևը, որի դեպքում փոխաբերական իմաստ ունեցող սյուժեին հաջորդում է բարոյախոսական հորդոր-մաղթանքը. այդպիսին է հետևյալ կենացը.
«Երկու վարդ է լինում` կարմիր և դեղին: Անապատով գնում են ու շատ ծարավում: Սատանան ասում ա.«Էկեք ջուր տամ, բայց փոխարենը ինձ ձեր թերթիկներից մի հատ պիտի տաք: Դեղին վարդը համաձայնում է և տալիս, իսկ կարմիրը ծարավ-ծարավ շարունակում է: Գնում են, գնում: Էլի սատանան դուրս է գալիս ու էլի մի թերթիկ ա ուզում ջրի դիմաց: Դեղինը տալիս է, կարմիրը` ոչ: Ու մինչև տեղ են հասնու, դեղինի վրա ոչ մի թերթիկ չի մնում, և երկուսն էլ մահանում են, բայց կարմիրը գեղեցիկ և իսկաան մահով, իսկ դեղինը մի չորացած ճյուղի պես: Խմենք ճիշտ ու գեղեցիկ կյանքի կենացը, ու եթե մեռնել, ապա գեղեցիկ ու ճիշտ մահով: Կյանքում էլ ապրենք ազնիվ ու մաքուր»:
Իհարկե, աստվածաշնչյան մոտիվներով այս առակ-կենացը կարելի է նաև այլ կերպ վերլուծել` շեշտադրելով գաղափարական ինչ-ինչ այլ գծեր, սակայն տվյալ տարբերակում կենացասացի համար կարևորվում է ոչ թե տվյալ բաժակաճառի սյուժետային, այլ խրատական մասը: Ընդ որում, վերջին հատվածը կարող է կենցաղավարել նաև առանց առաջամասի կամ այլ առակով: Թեպետ հարկ է նշել, որ ծաղիկները կամ ծաղկելը հայկական կենացներին բնորոշ սիմվոլ են, որոնք խորհրդանշում են երիտասարդություն, գեղեցկություն, թարմություն: Պատահական չէ, որ ավանդաբար հարսի և փեսայի կենացն ասելիս նրանց անվանում են «զույգ ծաղիկներ», իսկ մանուկներին ուղղված կենացներում բարեմաղթում են. «Ծլես, ծաղկես, զորանաս» կամ  «Խմենք մեր լույս բալիկների թանկ կենացը: Թող որ նրանք ծիլի նման քարն էլ ճեղքեն, բարով ծաղկեն հեր ու մերով, քուր-ախպերով: Թող Աստված էլ մեզ այնքան կյանք ու կարողություն տա, որ մենք ոչ միայն մեր զավակների, այլև նրանց զավակների կանաչ-կարմիրը կապենք, նրանց զավակներին էլ իրենց նպատակին հասցնենք ու չոր աչքերով, առոք-փառոք նրանց ձեռքերով հող մտնեն»:
Առհասարակ, կենացներին բնորոշ մոտիվ է Աստծուց բարիք, առողջություն կամ նպատակների իրականացում խնդրելը: Քրիստոնյա հայը իր և իր հարազատների համար ակնկալվող ամեն բարին, լուսավորը կապում է Աստծո հետ: Թեև կենացներում Աստված հաճախ դադարում է ընկալվել զուտ կրոնաբարոյական իմաստով. Նա այստեղ լույսի և բարության աղբյուր է, որը պիտի պատժի չարին և «ամեն մարդու սրտի չափ իրեն տա»: Կենացները, որոնք սովորաբար ուղեկցում են առատ ու լի սեղաններին, առատության, լիության, իրար հետ կտրած «աղ ու հացին» հավատարիմ մնալու կոչեր են բովանդակում, ինչը բնորոշ է հայ մտածողությանը: Հին Արևելքում էլ միմյանց հետ «հաց կիսած» ծանոթները բարեկամ էին համարվում ընդմիշտ: Այսպիսի աշխարհայացքի դրսևորումները երևում են նաև մեր կենացներում.
Սաղ ըլնենք, չմոռանանք, ուտենք, չուրանանք:
կամ
Մենք նստել ենք սեղանակից, Չնեղանանք մեկ մյուսից, Շնորհակալ ենք օջախից, Մենք լիացանք էս օջախից:
Օջախ բառը, որ գործածվում է տուն, ընտանիք, երբեմն նաև հայրենիք իմաստով, հաճախ բնորոշվում է սուրբ մակդիրով, որն արտահայտում է հայ մարդու վերաբերմունքն առ հարազատ տունն ու ընտանիքը և առհասարակ հայի տունը: Եթե սուրբ օջախը հայի տունն կամ հայրենիքն են, ապա դրանից ելնող ծուխը տան հավերժության, շարունակելիության սիմվոլն է: Վերջինիս կիրառությունը հայոց շրջանում գալիս է դեռևս հնագույն ժամանակներից` հասնելով մինչև մեր հնագույն վիպերգերից մեկը` «Արտաշես և Արտավազդը».
Ո՞ տայր ինձ ծուխն ծխանի եւ զառաւաւտն նաւասարդի…
Անկարելի է պատկերացնել որևէ ընտանեկան հավաքույթ, որտեղ բաժակ չբարձրացնեն մայրերի համար: Հաճախ, ի բնորոշումն մեր մտածողության, մայրերի և հայրենիքի կենացը նույնանում է, քանի որ մայրն ու հայրենիքը դիտվում են որպես հավասար սրբություններ` արժանի խոնարհման և ծնրադրման: Հատկանշական է, որ երիտասարդության շրջանում համեմատության եզրերը հաճախ փոփոխություն են կրում. դրա մասին է վկայում հետևյալ կենացը. «Խմենք երեք սուրբ մայրերի կենացը. առաջինը` Մարիամ Աստվածածնի, երկրորդը` մեր հարազատ մայրերի և երրորդը` այն կանանց, որոնք պետք է դառնան մեր երեխաների մայրերը»:
Սիրած կնոջ, սիրելիի հանդեպ վերաբերմունքի դրսևորումները այդքան էլ բնորոշ չեն եղել մեր ավանդական կենացներին, և միայն վերջին ժամանակներում են իրենց արտահայտությունը գտել երիտասարդների մոտ: Հետաքրքրական է, որ երիտասարդների և մեծերի մոտ շրջանառվող կենացներում բովանդակային որոշակի տարբերություններ կան, որը բնականաբար բացատրվում է աշխարհայացքների տարբերությամբ: Առավել բնորոշ են այն կենացները, որոնք յուրացրել են ավանդական կենացի ձևը` որոշակի լրացումներով: Բնութագրական օրինակ է «Դուք մեր գլխից անպակաս, մեր ձեռն էլ ձեր գրպանից» կենացը: Նկատելի է, որ արդի կենացներում աառավել զգալի թիվ են կազմում երգիծական, անեկդոտիկ բնույթ կրող կենացները: Հայկական կենացներում հանդիպող բոլոր բարեբանություններն ու մաղթանքները, խրատները վկայում են հայ մարդու հոգեկան գեղեցկությունների, առաքինությունների, ընտանիքին նվիրվածության և հյուրամեծարության մասին: Ցավալի է, որ այսօր անհետացման եզրին են գտնվում ժողովրդական մտածողությունն ու աշխարհայացքն արտացոլող այս պարզ, բայց գեղեցիկ ու խորիմաստ նմուշները, որոնք, իրավամբ, հայ բանահյուսության անկրկնելի գոհարներ են:

Share Button

5 Կարծիք

  • Hasmik Karapetyan says:

    Շատ հետաքրքիր և գեղեցիկ նյութ էր!

  • Հռիփսիմե Գալստյան says:

    Ապրես Ան ջան…գրչիդ սահուն ընթացք..:Ճ

  • Aslanian, Aslan says:

    Հեղինակը մոռացել է նշել, որ կենացներով կարելի է նաև որոշել խնջույքի ռաբիսության մակարդակը:

  • Ani Hovnanyan says:

    Հարգելի Ասլան, մենք խոսել ենք միայն ժողովրդական կենացների մասին, որոնք դժվար թե ռաբիսություն ունենան: Խնջույքը քննարկելը մեր գործը չէ!

  • Araqs Ohanyan says:

    An jan shnorhaworum em,hetaqrqir ashxatanq er,,apres…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *