Սլավիկ Ալավերդյան | 9+12. «Հիշողություն»

Սլավիկ Ալավերդյան

Մենք ապրում ենք մի խայտաբղետ աշխարհում, որտեղ իրերն ու երևույթները հանդես են գալիս տարբեր, բայց հաճախ ոչ տեղին գործառույթներով:
Մինչդեռ կար ժամանակ, երբ «ժամանակ» չկար: Եվ ոչինչ չկար: Կամ կար ամեն ինչ, բայց թվում էր, թե չկար: Չէր թվում, որովհետև չկար որևէ մեկը, ում կարող էր թվալ:
Գուցե մենք սխալվում ենք: Գուցե …

* * *
Պատկերացրեք նորածնին, ով փորձում է ճանաչել և հասկանալ իրեն շրջապատող աշխարհը: Նրա համար ամեն մի նոր բացահայտում անսահման ուրախության առիթ է, մինչդեռ իր ցանկացածին չհասնելը նույն չափ տխրեցնում է նրան և երբեմն գցում անհասկանալի իրավիճակի մեջ:
Երբ նա սկսում է խոսել, օրական տալիս է միջինում 437 հարց, սակայն դրանք նրան չեն բավարարում, հատկապես, երբ հարցերին հավատ ներշնչող պատասխաններ չեն տրվում:
Անցնում են տարիներ: Նա մեծանում է, առաջանում են հետաքրքրություններ. գիտություն, սպորտ, արվեստ, քաղաքականություն… Զուգահեռաբար հայտնվում են հետաքրքրությունները բավարարելու նոր միջոցներ՝ ընկերներ, գրքեր, համացանց և այլն:
Գալիս է մի շրջան, երբ նա դառնում է դյուրագրգիռ, բարկանում ամեն ինչից և հաճախ անմեղ մարդկանց վրա: Շատերը սովորում են կառավարել իրենց զգացողությունները, բայց դա դյուրին չէ: Ուժեղ կամքի և նյարդերի «պակաս» ունեն բոլորը: Դրանց պատճառները բազում են՝ միջավայրից և դաստիարակությունից մինչև բնածին խառնվածք և ժառանգական դարեկան ծածկագրված տեղեկություն, որի կրողները շատ փոքր են:

* * *
Վերջին հարյուրամյակի կեսերի նվաճումներից մեկը Տիեզերքի ընդարձակման բացահայտումն էր: Այս երևույթը դեռ շարունակվում է և դեռ երկար է շարունակվելու: Բայց անվերջ և հավերժ թվացող այս պատրանքում ամեն ինչ իր սահմաններն ունի:

* * *
Երկիր մոլորակը խաղաղ չէ: Ժամանակին «խաղաղությունը» հասկացվում էր որպես պատերազմների բացակայություն, սակայն այսօր ավելի մեծ անհանգստություն և խառնաշփոթ առաջացնող երևույթներ կան, որոնք փոքր են պատերազմների հետ համեմատած՝ ահաբեկչություն, խարդախություն, թմրամոլություն, քաղաքական պայքար և այլն: Հաճախ մտերիմի հաջողությունների համար չենք ուրախանում, այլ սպասում ենք նրա անհաջողություններին:
Ի վերջո մարդը չի դիմանում և պոռթկում է …
Պոռթկում… Սա մի բառ է, որ նկարագրում է, թե ինչ տեղի կունենար մարդու հետ եթե դա չլիներ: Մարդն իր մեջ կուտակելով այդքան չար հայացքներն ու խոսքերը, լցնելով համբերության դանայան տակառը, որ թվում է, թե չի լցվելու երբևէ, պոռթկում է, այլապես նա ուղղակի կպայթեր այդ ամենի հզոր ճնշման տակ. ճնշման, որ դրսից էր թափանցել իր ներսը:
Եվ պոռթկումը կարելի է նմանեցնել պայթելու հետ:
Շատերն ասում են, որ սա բնորոշ է բոլոր կենդանի օրգանիզմներին (չէ որ երբեմն գազաններն էլ են պոռթկում և հարձակվում իրենց բարեկամների վրա):
Բայց ամեն ինչ ավելի խորն է նստած մարդու ենթագիտակցության մեջ, որը բացվում է և նա հիշում է իր չտեսածը գերլարված իրավիճակներում: Հիշենք Լույս-Արեգակին, հիշենք Վնասատուին, հիշենք Անտեսվածին …
Այսօր երեխաները պայթեցնում են խաղալիքներ, մեծերը խաղում են իսկական ռումբերի հետ: Ոմանք հետաքրքրասիրությունից դրդված ցանկանում են իմանալ դրա հետևանքները, մյուսները գիտեն և հաճույք են ստանում դրանից:
Բնությունը շարունակում է իր պոռթկումները՝ կայծակ և ամպրոպ, երկրաշարժ և հրաբխի ժայթքում … Սրանք հաճախ լինում են կործանարար, բայց ոչ ուսանելի:

* * *
Ընդարձակվող Տիեզերքի մասին մենք մեր պատկերացումներն ունենք: Միլիարդավոր տարիներ առաջ, երբ ոչինչ չկար, կամ կար ամեն ինչ, բայց թվում էր թե չկար, թեև չէր կարող թվալ, քանզի չկար մեկը, ում կարող էր թվալ, ներկա ընդարձակվող Մեծ Եզերքը պարփակված էր մի խտացած կետում և ցանկացավ պոռթկալ, կամ պայթել, կամ պարզապես ընդարձակվել և տեսնել, թե ինչ կկատարվի, քանի որ չէր հիշում, թե ինչ է եղել նախորդ անգամ: Սա միակ դեպքն էր, երբ պայթյունի արդյունքում ոչ թե կործանվեց, այլ ծնվեց խայտաբղետ և գեղեցիկ մի աշխարհ:

* * *
Մենք հաղորդագրություն ուղարկեցինք և այդպես էլ չստանալով պատասխան մեր ենթադրած քաղաքակրթություններից՝ վերացանք մեր Արեգակի հետ միասին: Սակայն նրանք, այնուամենայնիվ, ստացան դա: Բայց այդ ժամանակ նրանք ականատես էին լինում մեկ այլ հետաքրքիր երևույթի: Միլիարդավոր տարիներ ընդարձակվող Տիեզերքը սեղմվում էր: Դա քիչ էր, ժամանակը ևս սկսեց իր հետընթացը. ներկան նախորդում էր անցյալին, հետևանքը՝ պատճառին: Ոչինչ անել հնարավոր չէր, քանզի ամեն ինչ արվել էր արդեն:
Տիեզերքը սեղմվում է իր նախնական վիճակին մոտ, որ կրկին պայթի, կամ ճայթի՝ ստեղծելով նոր աշխարհ, որը չի հիշի իր անցյալը:

Գրված՝ Փետրվար-նոյեմբեր 2012
Միավորված/ձևափոխված՝ 26.06.2014, Իջևան-Երևան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *