Հուսիկ Արա | Անի. Կարս. Մուշ. Վան. Մհերի դուռ. Աղթամար կղզի

Սահման

Հայ-վրացական անցակետն է ու… Ջավախք աշխարհը: Անցնում ենք հայաբնակ գյուղերով, հայտնի Կարծախով, հայկական Ջավախքով: Վրաց-թուրքական անցակետից հետո Արդահանն է: Ես Հայաստանից գնում եմ… չէ ՛, արդեն եկել եմ Հայաստան. Արևելյան Հայաստանից Արևելյան Հայաստան:
Միայն անցակետերն են, որ ինձ հուշում են, թե ես սահման եմ անցնում. հայ-վրացական, վրաց-թուրքական: Լոկ քարտեզն է, որ բարակ գծերով ու այլ գույներով նշում է տարբերություն, զատում, սահման, մեկ էլ ճանապարհներին հանդիպող նշումները, օտարագիր տեղանունները:
Սակայն կա մի անշոշափելի, անբռնելի աշխարհ, որն օդում չէ, մարդու մեջ է, մարդու տիեզերականության մեջ, որին ասում ենք` ոգի, արյան կանչ, գենի հիշողություն: Տիեզերքում մարդու այդ անեզրի վրա չի կարող որևէ ներգործություն կամ սահմանափակում ունենալ ո’չ անցակետը, ո’չ էլ քարտեզը: Այդ չծերացող ու չմեռնող երևույթը թռչուն է, որ ազատ ճախրում և իջնում է այնտեղ, որտեղ հարազատ է որպես բույն իր թևերի համար:
Ես ժամեր առաջ Հայաստանում էի, հիմա կրկին Հայաստանում եմ, թեպետ հատել եմ երկու սահմանային անցակետ:

 

Ծովակն Հյուսիսո

Առաջին կանգառը Արդահանում է: Մեր մեքենան կանգնում է Ծովակն Հյուսիսո լճի ափին: Թուրքերեն գրված է` Չլդր, այսինքն` գիժ: Շատ հանդարտ է լիճը ամպամած օրվա մեջ: Ճայերը սահում են ափամերձ ջրի երեսին, երբեմն դուրս գալիս խճաքարերի վրա` մարդկանցից կերակրվելու սովորությամբ: Իսկ ամպերը սահում են սարերի կատարներով ու բլրալանջերով, քսվում քարերին, սադրում դրանց անշարժությունը: Թեթև ու հանգիստ չեն, կծկվում ու բացվում են, գալարվում ընդոստ ու չափավոր մոլեգնությամբ, ինչպես կենդանի օրգանիզմներ` ճերմակ միս ու արյունից:
Նախաճաշում ենք` ով ինչ ունի տնից հետը վերցրած, սեպտեմբերյան պաղ առավոտի մեջ, լճափի փայտաշեն տաղավարում: Մոտենում է սպիտակ շունը, հայկական գամփռ է հիշեցնում, բայց կարծես զտարյուն չէ, խառնածին: Մի քիչ փնթի է, սպիտակ մազերի մեջ գորշավուն փշեր կան: Չէ՛, հայկական գամփռն այդպիսի վարք ու կենցաղ չունի: Իմ մի պատառ բրդուճից բաժին եմ հանում շանը: Հետո էլի շներ են մոտենում` հիշեցնելուվ բարաք կամ քերծե: Նրանց էլ ենք կերակրում:
Որպես հրաժեշտ ձեռքս սուզում եմ ջրի մեջ`խճաքարերի երեսի մամուռին կքած, որ ալիքներն են ափ նետել: Մեկը լողում է ալիքների մեջ, ուրիշ խմբից է: Կարևոր չէ ազգությունը: Այդ մարդկանց դեմքերին տարբեր գունային երանգներ կան, երբեմն իրար հակասող մշակութային նրբագծեր: Բոլորն են լուսանկարվում և տեսագրում, կինեմատոգրաֆիական արվեստը առաջնահերթ և ամենան է այստեղ ու այլուր: Դրանից վեր ու վար կարծես ոչինչ չկա ժամանակակից մարդու համար:
Ծովակն իր բլուրներով, ամպակույտերով ու անհանգիստ մշուշով, ճայերով ու շներով մնում է կոպերիս տակ, հայացքիս մեջ ու հեռախոսով արված լուսանկարներում: Հրաժեշտիս մեջ վերադարձ կա, որովհետև ջրով հրաժեշտը վերադարձի խորհուրդ ունի իր մեջ:

 

Կարսը` հպանցիկ. թողնում ենք վերջում

Ոտքս դնում եմ Կարսի կենտրոնական փողոցի մայթեզրին: Նեղլիկ, համեմատաբար լայն մայթերով փողոց է: Քիչ հեռվում խաչմերուկն է` նրբին հատումով: Ոտքս վստահ են դնում առաջ, վարժ ու սովոր: Բայց դու առաջին անգամն ես այստեղ, չէ՞: Կարծես թե` չէ՛:
Չորս-հինգ հարկանի բնակելի շենքեր են, առաջին հարկերը` առևտրի սրահներ, խիտ-խիտ, իրար կպած: Անընդհատ անցուդարձ է, առևտուր, հանդարտ առօրյա ընթացք: Մարդիկ` սովորական հագնված, երբեմն էլ ազգային տարազներով կանայք: Փողոցը վեր ու վար անելուց հետո` խաչմերուկից խաչմերուկ, նստում եմ մայթեզրի նստարանին, վառում հերթական ծխախոտը:
Ոչ ոք ուշադրություն չի դարձնում ինձ վրա, ես ուշադրություն չեմ դարձնում որևէ մեկին: Տարօրինակ ոչինչ չկա, և չգիտեմ` պե՞տք է լիներ: Կարծես իմ հերթական օրն է, որ սկսվում է այս քաղաքում. ես տեղացի եմ, իսկ փողոցով քայլողները` զբոսաշրջիկ: Չեմ կարող բացատրել այդ զգացողությունը: Կան զգացողություններ, որ բառի շրջանակից դուրս են, որ չես կարող մեկնել, պարզեցնել ու մատուցել անգամ ամենահին ու շքեղ լեզվում:
Ուրեմն հանգիստ թողնենք այս անբառ երևույթները: Այդպես հոգին է զգում հոգուն, մարմինը` մարմնին: Հոգու լեզու, մարմնի լեզու: Մարդու մինչև վերջ չբացված հոգին և քաղաքի թաքուն հոգին, որ երեկ կառուցված շենքերի արանքում չէ, հողի մեջ է: Ուղղակի չես կարող չտեսնել:
Կարսը այդպես թողնում ենք` ուղևորության վերջին օրը շրջելու համար: Գնում ենք Անի:

 

Անի

Կամարով հատվող կամ նույնացող պարիսպները բլրեբլուր ելևէջում են աջ և ձախ թևերով, ի վերջո միանում, դառնում են շրջան, հավանաբար` ձվաձև, ինչպես երկրագունդն է: Որ ավելի շատ գեղանի են` կանացի իշխանական հմայքով, քան առնական: Անին կին է և՛ դրսից, և՛ առավելապես ներսից. արքայադուստր, դիցուհի, ինչպես ուզում ես բնորոշիր. երկուսն է կան` և՛ հողեղենը, և՛ աստվածայինը. մի ամբողջություն: Կիրք է սրտակեր կնոջ, արուին հողին հավասարեցնող և երկինք հանող: Աստվածային է, բայց կին է` սովորական այրին արքայություն ներշնչող:
Մինչև պարիսպների կամարակապ մուտքին հասնելը սրճարան է, սալահատակ բակով քարաշեն սրահներ` խանութ հիշեցնող, և տաղավարներ` հուշանվերներ վաճառող: Լայն ճեմուղու մի եզրից մյուսը պարաններին ծածանվող թուրքական դրոշներ են փռած լվացքի պես: Մինչ կհասցնես մոտենալ կամարին` խնամքով ուղղահայաց թիթեղներին անգլերեն գրված տեղեկություններ են քաղաքի մասին: Սմբատ, Գագիկ Բագրատունի և այլք, սակայն որևէ տեղ նշված չէ, որ այդ արքաները հայեր էին, որ արքայական տոհմը հայկական էր:
Կամարով ներս` անմիջապես դիմացդ, սրբատաշ բարձր որմին Բագրատունիների արքայական զինանշանն է` հովազ թեթև քայլքի մեջ: Անմիջապես ձախ, մի քիչ խորք` խորշանման, դարպասն է կամ դուռը, վերնամասում հայատառ, հայալեզու մեծ ու երկար արձանագրություն` մասամբ ավերված: Իսկ աջ կողմում փոքրիկ սևատուֆ վրացերեն արձանագրություն է` Թամար թագուհու ժամանակ արված, երբ Զաքարյան իշխանները վրաց զորքի օգնությամբ Անին ազատագրեցին արաբներից:
Դարպասն անցնում եմ, պարիսպներն են արդեն ներսից. դիմացս քաղաքն է, որ ընդգրկում է հայացքս ամբողջովին: Կիսավեր ու խոնարհված, համարյա ավերակ, այնքան ջնջված, որ խոտ է բուսնել: Փոշոտ ու հողե, ավազածածկ ճանապարհներ` ոլորվող, բլրից ընկնող, քարակույտեր ելնող:
Դժվար է հասկանալ իրար հաջորդող ժամանակները, որոշել դարերի փոշին, որ դարսվել է շերտ առ շերտ ավերին ու այս չքնաղ ավարին պատմության: Ժամանակն ինքն է այստեղ կանգ առել անորոշ, անհասկանալի, անդավաճան: Չես կարող վերականգնել քաղաքը հայացքիդ մեջ իր ուրույն տեսքով, ողջ կենսականությամբ, զգալ երբեմնի հմայքն ու փառքը, վարքն ու կենցաղը: Կարմիր հող է, կարմիր ավազ, ավերակներ են տների՞, թե՞ այլ շինությունների. դես ու դեն թափված քարեր: Բեկորաթափ է, ու միայն եկեղեցիներ` ավեր, կիսավեր և գրեթե ամբողջական:
Բայց այդքանով հանդերձ ընկած կամ փողոցի կին չի հիշեցնում Անին: Բավական է հայասքդ ուղղես Մայր տաճարին, Տիգրան Հոնենց եկեղեցուն, կամ թեկուզ մեջտեղից կարծես թրով հավասար ու ուղղահայաց կիսված ու կես կանգուն Սուրբ Փրկչին. կանացի նրբակերտ հմայքը քեզ կտրում է կարմրավուն հողից ու քարակույտերից և իր մեջ առնում` փափուկ, նուրբ կրքով: Այդպես է, եթե անգամ հայացքդ չես ուղղել Մայր տաճարին կամ Հոնենց եկեղեցուն, ուղղակի խոնարհվել ես խանարհվածին:
Անիի մոգական հմայքը օդի ամեն ումպի ու կաթիլի մեջ է, որ լցվում է աչքերդ, շնչում ես թոքերիդ մեջ և անդիմադրելի կուլ տալիս: Այդպես է մինչև քաղաքին մոտենալը, հեռվից, պարիսպները տեսնելիս: Ուղղակի կախարդում է, իր ազդեցության տակ առնում. հմայումի մեջ անգիտակից ու միայն իրեն գիտակցող:
Ո՛չ ոք, աշխարհում ուրիշ ո՛չ ոք, միայն հայը կարող է ոտքը դնել Անիի հողին, գորշ, անհրապույր, դարուփոս, հին ճանապարհից մնացած ինչ-որ խոտորվածի վրա և ոտքի ու հողի արանքում երկինք զգալ: Միայն տերը կարող է այս ավերակների մեջ խոնարհվել, կծկվել, խեղճանալ ու նույն անճարակության մեջ վեհանալ, բարձրանալ և արքայական հայացքով նայել վերևից ներքև, ներքևից` վերև: Այս հազար ու մեկ եկեղեցիների, արքաների քաղաքում. տոհմանշանը` հովազ, առյուծ ու արծիվ: Այս արքաների ժառանգն է հայը, այս քաղաքի ժառանգորդը:
Աշխարհում չկա մեկ այլ երևույթ, քան Անին, որ այդքան հայ ու հայկական լինի, աղոթք լինի քարեղեն և բառից խոսուն: Միայն հայն է, որ իր առանձնության մեջ և առանձնակի է հղում առ Աստված: Միայն իրեն է հատուկ. աշխարհում տրված իր գիծն է ու կորը:
Տրդատ Ճարտարապետի կերտած Գագկաշեն զվարթնոցատիպ տաճարում եմ` հիմնովին ավերված: Ի~նչ վեհություն կա այս խանարհության մեջ, այս քանդուքարափ ավերակների մեջ: Հսկայական բազալտե սյուներ, խոյակներ ու կամարների ամբողջական մասեր` տիտանների ուժին վայել: Ո՛չ Սասնա Սանասարը, ո՛չ էլ Մհերն ու Դավիթը կարող էին դնել քարը քարին այսպես: Տեր աստված, ո՞նց են արել: Ինչ վեհություն կա այս ընկած, տապալված ու հողին զարնված բեկորների մեջ:
Տիգրան Հոնենց եկեղեցին է` դրսից սքանչելի զարդաքանդակներ, ներսում հրաշալի որմնանկարներ: Ջավախքեցի Անդրանիկը` մի ընտիր պատանի, թե` Հուսիկ Արա, կուզե՞ս դու էլ նկարվես: Ինձ է պարզում կարմիր կտորե ժապավենը վրան` հայերեն ու անգլերեն գրված Հայաստան: Այն ոգևորությամբ, կարծես առաջին անգամ եմ տեսնում, հարցնում եմ` ո՞նց ես անցկացրել: Թե` հագուստներիս տակ լավ պահել էի: Վերցնում եմ, պարզում գլխիցս վեր, ինչպես ոչ մի անգամ, ու լուսանկարվում եկեղեցու վեհության վրա: Տիգրան Հոնենցը Ախուրյանի աջ ափին է, ձախ ափին ՀՀ պետական դրոշն է բարձր ծածանվում, շատ մոտիկ, եթե ձեռքս մի քիչ երկար լիներ` առասպելական չափումների հանգույն, հանգիստ կբռնեի: Ներկա Հայաստանն է ու Անին` քարափների մեջ Ախուրյանով նույնացած:
Անիի Մայր Տաճարն է. վերականգնում են թուրք վարպետները: Ինչպե՞ս. ի՞նչ կպահեն, ի՞նչ կջնջեն, չգիտեմ: Ներս չեմ կարողանում մտնել:
Քիչ վերև, կիսով չափ ավերված եկեղեցուն կից մինարեթ են սարքել թուրքերը և քանդված գմբեթի փոխարեն թիթեղյա հարթ տանիքով ծածկել ու վերածել մզկիթի: Բաց դռնից երևում է հատակին փռած գորգը, հանած կոշիկները, և մի քանի երիտասարդ աղջիկ ու տղա ներսում: Ու հանկարծ բարձրախոսից հնչում է մոլլայի նամազը: Ես միշտ ապշել եմ այս երևույթի՞ց, թե՞ պատուհասից: Որևէ մզկիթ, եթե Հայ Առաքելական Եկեղեցու վերածեին, վստահ եմ, որ ոչ մի հայ չէր մտնի ու աղոթի, թե սա այլևս քրիստոնեական տաճար է: Այդ ինչպե՞ս է մահմեդական թուրքը անում, երբ տեսնում է, որ կառույցը քրիստոնեական է:
Իսկ երբ դարպասից ներս էի մտնում և դանդաղ քայլերս ուղղում պարսպի ձախ թևը, աչքի պոչով տեսնում ու ականջի ծայրով լսում եմ. թե այս քաղաքը կառուցած ժողովուրդը անհետացել է, ջնջվել պատմությունից և անհայտ է: Թուրք զբոսավարն է. մի քիչ թիկնեղ, միջինից բարձր հասակ, փոշոտ կիսաճտքավոր կոշիկներով է, փոքր ինչ փնթի` իր հատուկ համազգեստի մեջ: Թավ ձայնով ու կտրուկ, ձեռքերի հատու շարժումներով ներկայացնում է հավանաբար իր հայրենակից երկու տղամարդու` տարեց ու երիտասարդ, երևի պապ ու թոռ են: Չեմ նայում այդ կողմը. ես այստեղ հետաքրքրասեր չեմ, առավել ևս` զբոսաշրջիկ: Ես այս քաղաքը կառուցած արքաների և ժողովրդի զավակն եմ, ես տեր եմ այստեղ և այս քաղաքին` ըստ պատմության և իրավունքի. պարզապես ժամանակն է մի քիչ սայթաքել ու խոտորվել: Դիմացը Հայաստանի դրոշն է ծածանվում, և ամեն արևածագի ստվերն ընկնում է այս քաղաքի վրա` Անի:
Անիի կամուրջն է Ախուրյանի վրա, քանդ ու ավեր, որի վրայով ժամանակին Անիի քարհանքերից` անմիջապես Ախորյանի ափից, քարը բերել ու քաղաքն են կառուցել, հետո էլի կառուցել ու վերակառուցել: Նայում եմ, ախր, ինձ կամուրջ պետք չէ, ջուրն այնքան հանդարտ է, բարակ ու ծանծաղ, որ կարող եմ հանգիս քայլելով անցնել, թեկուզ մինչև գոտկատեղս թեթև-թրջվել լողալով: Բայց չեմ կարող, փշալար կա: Ինչո՞ւ: Ի՞նչն է ինձ խանգարում: Փշալար՞ը:
Ինձ ոչ ոք չի հիշեցնում, պարզապես ես երբեք չեմ մոռանում: Մենք այս չքնաղ գեղեցկուհուն, որ երբեմն տարակուսում ես` երկրայի՞ն է, թե՞ երկնային, հանձնել ենք, վաճառել: Ուղղակի տարել և քաղաքի բանալիները դրել ենք թշնամու առաջ և մեր պատանի արքային մատնել գերության:
Խոնարհվել, հավասարվել եմ նախնիներիս խոնարհված արժեքներին: Ընկճված եմ, ճնշված ու կոտրված: Հասկանում եմ, որ այդ կոտրվածքը երբեք չի կպչի ու վերականգնվի որպես ազդրոսկր: Գուցե չպետք է գայի, որ ավելի ազնիվ կլիներ: Գնալուս մեջ նույն զգացողությունը չէ, ինչ զգացողություն էր, երբ գալիս էի: Ինչո՞ւ է այդպես, չեմ կարող ասել, էլի բառերն անկարող են, որոնց կարողությանն անվերապահ վստահել եմ միշտ: Չգիտեմ և չեմ ուզում իմանալ, որովհետև կան բաներ որոնց չիմանալն ավելի ճիշտ է, քան իմանալը:

 

Վանը, Վանա լիճը, Աղթամար կղզին, պատարագը Սուրբ Խաչում, Վանի բերդ, Մհերի դուռ

Իրիկնամուտի միջով մտնում ենք Վան: Մինչ այդ ճաշել էինք թուքի տանը, այգում բացված երկար սեղանի շուրջը, որ նախատեսված էր հյուրեր ընդունելու համար. տուն-ռեստորան: Շրջել կանաչ ու խոնավ սիզամարգին` ծիրանենիների ու խնձորենիների տակ, հանգստացել օրվա ծանր ու թեթևից: Իսկ Բայազետի ճանապարհին մատնացույց են անում մի ապուշ սար կիսամշուշի մեջ, թե Արարատ լեռն է. միայն Մասիսը` ինչ-որ կողքից, Սիսը չի երևում: Լուսանկարիր: Ասում եմ` այս հիմարությունը ո՞նց կարող է Մասիսը լինել: Արարատը Արարատ է, երբ իմ տնից է երևում` Արարատյան դաշտից:
Գիշերային Վանի փողոցներով մարդիկ ուղղակի հոսում են գետի նման. աշխույժ ու աղմուկ: Սովորական ու ժամանակակից հագնված, պորտաբաց ու մերկ ազդրերով կանայք, անգամ ծխախոտով, և նրանց մեջ հիջաբով ու երկարափեշ կանայք, գլուխը փաթաթծ տղամարդիկ, կոկիկ ու չսփրված: Չգիտես, ով է տեղացի, ով զբոսաշրջիկ և ով ինչ կրոն է դավանում: Մի քիչ փնթի ու թափթփված մայթեր, խանութներ, սրճարան ու խորտկարան. աղմուկ, առևտուր ու ժամանց: Փողոցներում` եվրոպական մեքենաներ, մայթերին` սայլեր, որոնց վրա դասված են հագուստների հակեր, միրգ ու քաղցրավենիք, թեյ ու տարատեսակ սնունդ: Չի հստակեցվում. Արևե՞լք է, թե՞ Արևմուտք, հոգնե՞լ ես, թե՞ կիրք ես զգում, որ ծակում են աչքերդ կանանց ասեղող հայացքից: Սակայն մշակույթների, կենցաղի այդ բախումն ու հակասությունը չեն խանգարում մեկմեկու կողք կողքի համատեղվել:
Նախ Մհերի դռան արձանագրությունն է. սեպագիր լեզու` փորված բարձր ժայռին: Մեր ինքնության վկայականն է, իրավական փաստաթուղթը. քարագիր, քարեղեն տախտակ, որ խոսել է հազարամյակների միջով, խանգրել, մաշվել ու հոգնել ժամանակների մեջ, տեղ-տեղ շերտաթափ ու անընթեռ: Մագլցում եմ ժայռը, կանգնում փակ դռան շեմին, մատներով շոշափում սեպիկները, ձեռքիս ափով զգում շունչը, լսում ձայնը: Մեջքով հպվում եմ դռանը, որ թիկունքիս լինի: Ես ե՛ս եմ, ինքը ի՛նքն է, բայց մենք` ես ու ինքը, մե՛նք չենք հիմա: Ես գնացել էի, արդ եկել եմ. էլի եմ գնում և չգիտեմ` գալո՞ւ եմ նորից: Բայց ինքը սպասո՞ւմ է եկող ու գնացողին, թե՞ միշտ մնացողին: Սա այն փաստաթուղթն է, որ հետդ չես կարող վերցնել. դո՛ւ պիտի մնաս իր հետ: Սրանից մեկն էլ Երևանում է, մեր անձնագիրը, հավանաբար նույն ժամանակ սեպագրված:
Մինչ նավախորշ մտնելն ու զբոսանավին մոտենալը, կառամատույցի մուքի մոտ ժանդարմները մանրակետ ստուգում, խուզարկում են անխտիր բոլորիս, տնտղում իրերը, անգամ հագուստների վրայից շոշափում մարմինը ուսերից մինչև ոտնաթաթեր` կղզում ահաբեկչություն կամ սադրանք կանխելու նպատակով: Մի կնոջ պայուսակում գտան Հայաստանի դրոշը, պարտադրեցին ետ տանել` հետը գնալ տեսնելով` արդյո՞ք թողեց մոտիկ սրճարանում:
Թունդ կապույտ, լողակագույն, զուլալ ու ջինջ, մանուշակի պես ջինջ. Վանա լճի ջրերն են: Թրթռում, վետվետում են. ալի՞ք են, թե՞ փակագիծ հիշեցնող ջրե կորեր: Նավը համաչափ ճեղքում է ջուրը, որ թույլ, բայց հստակ շառաչում է. իջնում ու բարձրանում է թեթև ալիքների վրա և ջրի շիթերը գեղանի նետում ` օդի մեջ բաց կապույտ, իսկ ծովի մակերեսին` թունդ կապույտի մեջ, և անշեղ գնում է կղզի: Աջ կողմում, ջրերից ելած Սիփանա սարն է երկնագույն կապույտի մեջ: Դիմացը Արտոսն է` չոր ու կտրուկ հայացքով, դարձյալ կապույտ: Կապույտներն իրար հաջորդելով, ամեն շերտ` ավելի թափանցիկ, ստեղծում են մի տիեզերական ներդաշնակություն` կապույտի բոլոր երանգներով:
Որքան մոտենում, այնքան մեծանում է կղզին երկնածավ մշուշի և արևի մեջ` ծովի անդրադարձով, և ուրվագծերը դառնում են որոշակի, հստակ ու շոշափվող: Ի վերջո քո առջև է իր ողջ վեհությամբ, եկեղեցու տեսանելի գմբեթով ու խաչով Աղթամար կղզին: Նայում եմ. էն տղան հատկապես ափի ո՞ր մասից է մտել ծովը ամեն գիշեր. հասել ու չի հասել Թամարին:
Կանգնել եմ նավացռուկի մոտ, հենվել բազրիքին, նեղ աչքերս լան բացած նայում եմ մերթ ծովին, մերթ երկինք, աջ թևիս սարերին, հետո` ձախ թևիս, կղզուն, կղզու թիկունքի սարերին, անգամ ետ եմ նայում. ամբողջը` ծովահայաց: Ադպես սիրած էակին են նայում, ընդգրկում վերջին անգամ: Բայց ես առաջին անգամն եմ այս իրականության մեջ, ինչո՞ւ է վերջին անգամվա զգացողություն մեջս:
Նավի վրա խառնանբոխ է. հայ, թուրք, քուրդ ու էլ չգիտեմ ինչ` տարբեր աշխարհագրական վայրերից: Նավարկում ենք «Գինի լից» երգի հնչյունների տակ, հատկապես հայերի տաքացող մարմնախաղի մեջ: Ափ իջնելուց հետո, հարցնում եմ` մերո՞նք էին երգը դրել: Թե` չէ՛, թուրք նավավարը: Երբ տեսնում է հայեր կան նավի վրա, այդ երգն է դնում, որովհետև ամենից շատ հենց այդ երգն են պատվիրում հայերը: Այդպես` Թալեաթին գետնին փռելով, մտնում ենք կղզի:
Կղզին, այս առանձնարանը, տանում է նախաստեղծ սկիզբ: Թվում է ջրերի վրա շրջող Աստծու ոգին է նյութեղենացել, նախ դարձել է ժայռակույտ, հետո տաճար, երբ ջուրը ցամաքից դեռ չէր զատվել: Սուրբ Խաչի բաց խորանից հնչում է պատարագը միջնադարյան կամարների տակ ու որմնանկար պատերից ներս, գմբեթից ելուստվում առ Աստված: Ներսում ասեղ գցելու տեղ չկա, բայց ոևէ մեկը սրտի թուլություն չի զգում փակ տարածքի տոթի մեջ: Դժվար է որոշել, թե ով ինչ ազգության է և հավատի. միայն կարելի է աղոտ ենթադրություն անել դիմագծերից ու հագուկապից: Աստված մեկն է և կրոնից վեր է. սա հայկական պատարագի խորհուրդն է Սուրբ Խաչում:
Երևանում կամ մեկ այլ տեղ` եկեղեցում, պատարագն ադպես չեմ լսել ու զգացել: Չեմ էլ կարող ասել, թե ինչ եմ զգում այստեղ: Իմ ամբողջ ուղևորությունը չգիտեմների ու անբացատրելիի շարան է: Պարբերաբար խաչակնքում եմ չհասկանալով` տեղի՞ն է պահը: Գուցե Սուրբ Խաչի ներողամտությունն եմ աղերսում ենթագիտակցաբար, որ մերոնք թողել են իրեն:
Պատարագը դուրս է գալիս եկեղեցուց և շարունակվում գավիթում` խռնված հասարակության մի քանի շերտ խտությամբ շրջանակի մեջ, սրբազանների երգասացությամբ ու պատրիարք Մաշալյանի առաջնորդությամբ: Թուրքական դրոշներ են մուտքի զանգակատան երկու կողմում, և աչալուրջ ժանդարմներ ամեն տեղ: Թուրքական հեռուստաալիքներ ու մամուլ: Տարվա մեջ այս մեկ օրն է, որ թուրքական իշխանությունները թույլ են տալիս պատարագ մատուցել Սուրբ Խաչում, իսկ տարվա մնացյալ օրերին թանգարան է եկեղեցին: Այս տարի այդ մեկ օրը սեպտեմբերի 10 է:
Պատարագից հետո մոտենում եմ Հաղորդություն ստանում` լեզվիս վրա առնելով Փրկչի մարմնի նշխարը:
Կղզու մատչելի մասում, որին շարունակում են անմատչելի քարաժայռերը, մարդկային ահռելի կուտակում է, ինչպես հանրահավաքում: Հայաստանից, Լիբանանից, Սիրիայից, Թուրքիայի մոտ ու հեռվից և, հավանաբար, աշխարհի այլ ծայրերից: Քրիստոնյա, մահմեդական և, ով իմանա, թե էլ ինչ հավատի մարդիկ. հիջաբով ու երկարափեշ կանայք` սև ու երկնագույն: Նրանց բոլորին նույնացնում է առերևույթ չերևացող մի բան` Աստված: Եվ` շատ սևազգեստ ժանդարմներ:
Ջուրն եմ մտնում համալսարանական ընկերոջս` համակուրսեցուս` Մանվելի հետ: Հավատում եմ, որ ամեն հայ նույն կերպ է զգում Վանա ծովակը, լինի կին թե տղամարդ, աստվածավախ թե սատանայապաշտ, հայրենիք սիրող թե հայրենադավ:
Բարձր, կանաչ ծառերի տակ մի թեթև սրճարան է` հովանոցներով ու փայտե սեղան-աթոռով, որ ցանակած պահի կարող են հեշտությամբ հավաքել հողից: Սրճարանատերը դավանափոխ հայ է, ծպտված, բայց չի մոռացել արմատները: Իսկ աղջիկը մատուցում է սեղանները: Հանդիպում եմ ծանոթների Երևանից, Գյումրիից. խմում ենք մի բաժակ խորհրդանշական կոնյակ: Չկան խաշանոցներ, խորովածի մանղալներ: Ես չգիտեմ, լա՞վ է, թե՞ վատ, որ կղզին մերը չէ: Ամբողջ Վանա լճի ափերին չտեսա խորտկարան, ռեստորան, սեփականաշնորհված տարածքներ, ինչպես Սևանա լիճն է: Տխուր եմ, որ հյուր եմ, գուցե ավելի տխրեի, եթե լինեի տեր: Վանա գեղեցկուհուն էլ կուսազրկելու էինք, փչացնելու` դարձնելով փողոցի կին:
Իմ տեսած սրճարանը կղզի տանող կառամատույցի դիմաց է, երկար, բացօթյա, միայն սյուների վրա հենված փայտե ծածկ ունեցող սրահով, որ նաև ճաշելու համար է: Մատուցող երիտասարդը նույնպես հայ է, դավանափոխ ու թրքախոս, բայց մեզ ողջունում է հայերեն: Ցույց է տալիս, թե ինչպես տառեխը մեջքից բացենք, որ հեշտությամբ փշազերծ լինի: Ինձ համար չորս խորոված տառեխը շատ է, բայց ուտում եմ խնամքով ու մանրամասն, գրեթե անմնացորդ: Մի քիչ դառնահամ է, մի քիչ տտիպ, բայց այնպիսի յուրօրինակ անուշ զգացողություն ունեմ, որ չեմ գտնում համեմատության եզր: Կրկին և վերստին չեմ կարող բացատրել, թե ինչու է այդպես:
Մի ոչ մեծ ապակեպատ երկհարկանե տնակում հռչակավոր Վանա կատուներն են` մի քանի հատ. սպիտակամազ, մի աչքը դեղին, մյուսը` կապույտ: Ալարկոտ, դանդալոշ, լուսանկարվելու պատրաստ. սպասում են, թե ով կկերակրի: Փող տուր, ներս մտիր, մոտիկից տես, ձեռի հետ էլ կերակրի ու դուրս արի: Սրանք մեր ամեն ինչն են մեզ վրա ծախում ու փող աշխատում: Իսկ բակում հուշանվերների տաղավարներ են ու վաճառատուն: Հուշանվերներ գնել, էրգրից հող ու ջուր բերել չեմ սիրում, բայց քանի որ կատուներ պահող եմ, Վանա կատվի փոքրիկ, կլոր գիպսե մի քանդակ եմ առնում` 15 լիրա:
Վանի բերդի բլրի ստորոտում առատ ջրով եռածորան աղբյուր կա. ժամանակին հայերն են ջրագիծը բերել: Լվացվում ենք, խմում ջրից, մեր շշերի թորած ջուրը դատարկում ու աղբյուրի ջրով ենք լցնում ճանապարհի համար: Կոշտ, փշոտ սալարկած զառիվեր ուղին բլրալանջով բարձրանում հասնում է բերդի կամարակապ մուտքին: Հին, կավաշեն պարիսպների մնացորդներն են, ով գիտի` ո՞ր դարից ու հազարամյակից եկող. ասում են` Ուրարտուից: Թուրքերը քարաշեն բարձր պարիսպներ են կառուցել` հեռվից վեհորեն երևացող, և դրձրել զբոսաշրջության կենտրոն: Իսկ մենք Երևանի բերդը հիմնահատակ քանդեցինք: Վերականգնում ու պահպանում են մեր եկեղեցիները, սակայն մենք Պողոս-Պետրոսը մի գիշերում պայթեցրեցինք, որ բացառիկ էր աշխարհում առաջին յուղաներկ որմնանկարներով:
Բերդի կենտրոնում շատ բարձր խոյանում է լայնածավալ թուրքական դրոշը` բոլոր կողմերից տեսանելի: Իսկ ներսի պարսպի ճակատին Քեմալի մեծադիր նկարն է: Այդպիսի բարձր դրոշներ և ավելի մանրերը ամենուր են, պարզապես դրոշների առատություն է, շատություն: Իսկ Քեմալի տարատեսակ նկարներն ու տարաբնույթ արձանները ամեն ինչի վրա են ու ամեն տեղ, ինչպես խորհրդային երկրում Լենինն էր: Բերդի ներսի մուտքի մոտ թուրքերը մզկիթ են կառուցում. բանվորները վրան են խփել: Իսկ պարիսպներից ներս գրեթե ոչինչ չկա, միայն տեղ-տեղ քարակույտեր են, և դարուփոս բլուրն է` արևից խանձված կարճ խոտածածկութով:
Վան քաղաքում երկու փողոց եմ ոտքով քայլում` գիշերով: Ոչինչ չեն ասում, պարզ է, իմ մասին: Իսկ ես միտք ունեմ իմ նախնիների հետքերը փնտրել: Արմատներիցս մեկը Վանում է. մորս հայրը Վանի Աղբակ գավառից է: Մահարին և՛ հետս է, և՛ հետս չէ: Սա Մահարու Վանը չէ: Չեմ հասցնում գնալ Այգեստաններ, միայն` հեռվից: Իսկ Վարագա վանքի համար ժամանակ չկա:
Վանա լճի ավազանում է ձևավորվել հայ էթնոսը: Վանը մեր ինքնությունն է: Չպետք է կորցնեինք Վանը: Արարատ լեռը մեր ոգին է. չպետք է հանձնեինք Արարատը: Ինքնությունն ու ոգին հանձնած, կորցրած ժողովուրդ ենք, որ հեռվից ենք միայն տեսնում և զգում որպես հյուր:
Թողում ենք Վանը` տեսած ու չտեսած, շարժվում Մուշի ուղղությամբ:

 

Մուշ

Ամեն քաղաք իր խորհրդանիշն ունի թուրքական տարածքում: Վանում տառեխն է ու կատուն: Արձաններ կան և՛ տառեխի, և՛ կատվի: Կարսում պանիրն է. պանրի արձան: Մուշը կակաչների քաղաք է: Փողոցի լուսարձակները կակաչներ են պատկերում. երկու կողմի մայթեզրերից խոնահված ճանապարհներին: Խաչմերուկներում կակաչների մեծ մետաղական ուրվապատկերներ են դրված: Ծաղկանոցներում` բնական կակաչներ, հյուրանոցների պատերին` կակաչների լուսանկարներ:
Շենքերը հիգ-յոթ հարկանի են, հիմնականում սպիտակավուն: Փողոցները համեմատաբար լայն են, կոկիկ ու մաքուր` ի տարբերություն Վանի: Մուշում և այլուր չես գտնի ճարտարապետական արժեք ներկայացնող կառույց, եթե չկան հին հայկական շինություններ: Խիտ-խիտ շենքեր են լուցկու տուփերի նման` շնչահեղձ անող, բոլորի առաջին հարկերը` խանութ: Ամենուր առևտուր է: Ճակատային մասերը կամ ներկած պատեր են, կամ երեսպատված են սինթետիկ ու պլաստիկ հիշեցնող ինչ-որ նյութով:
Դուրս եմ գալիս հյուրանոցից մենակ, ձեռքերս գրպաններս խոթած` քայլում գիշերային Մուշի փողոցներով: Հանդարտ, անաղմուկ ընթացք է քաղաքում: Մտնում եմ այգի, շրջում, հետո նստում եմ նստարաններից մեկին ու ծխում: Կողքիս նստարանին երկու թրքախոս աղջիկ են զրուցում, դիմացս տղաներ են` այգու զուգահեռ երիզին, իսկ մյուս կողքիս` տարեց կին ու տղամարդ: Գուցե այս մարդիկ հետաքրքիր են ինձ, բայց ես հետաքրքիր չեմ որևէ մեկին:
Մարդիկ նույն տարբերն են, տարաբնույթ հագ ու կապով, դեմքերի հակասական արտահայտությամբ և իրարամերժ շարժ ու ձևով: Փողոցի աղոտ լուսավորության մեջ` հյուրանոց իջնելիս, երկու վարտիքավոր, բոլորովին մերկ ազդրերով աղջիկ եմ տեսնում: Սպիտակամաշկ ու մի քիչ շիկավուն: Չգիտեմ, տեղացի՞ են, թե՞ հյուր: Քիչ վերևում երկարափեշ կանանց էի հանդիպել: Մշակույթների, կեցության ու կենցաղի այս բախումն է` Արևելք ու Արևմուտք, միջնադար ու մեր ժամանակներ, մզկիթ-մինարեթ ու «Hotel Pariz», որ զարմացնում է ինձ. անդաշնորեն ներդաշնակվում են մի ամբողջության մեջ, միմյանց ժխտող, ոչնչացնող գունապնակ, սակայն համակ, խաղաղ, անխոչընդոտ կեցություն:
Ջուր վերցնելու և արագ սնունդ հայթայթելու նպատակով ճանապարհի կանգառների ժամանակ, որ սովորաբար բենզալցակայաններում էին լինում, կից խանութների վաճառողները, երբ իմանում էին, որ հայ ենք, իսկ դա հասկանում էին անմիջապես, պարտադիր հայկական երգ ու երաժշտություն էին միացնում, մասնավորապես` Սուպեր Սաքո: Ժպտում, ջերմ ընդունելություն էին ցույց տալիս. միայն թե առևտուր արա, փող թող: Չեմ պատկերացնում. թուրքը մտնում է Հայաստանի որևէ խանութ և տերը թուրքական երաժշտություն է միացնում, թեկուզ հանուն փողի, անգամ շատ փողի: Եթե անգամ անի էլ, կողքից կտանք կսպանենք կամ կփչացնենք հարիֆին:
Թուրքը չունի խնդիր, խնդիր ունի հայը: Հաղթել է, տիրել, քո քաղաքներն ու մշակույթը իրենով արել: Հիմա գնա, փող տուր, տես ու ետ արի: Չգիտեմ էլ, մեր հետևից ծիծաղո՞ւմ են, թե՞ կարեկցում: Անգամ հյուրանոցներում կտեսնես հայկական փոքրիկ դրոշ Թուրքիայի, Ամերիկայի, Ֆրանսիայի, Իրանի և այլ երկրների դրոշների կողքին: Ի դեպ, որևէ տեղ չտեսա Ադրբեջանական թեկուզ ամենափոքրիկ դրոշ: Իսկ մեզ տեղափոխող մեքենայի թուրք վարորդն ազերիների մասին ուղղակի ասաց` խառախուռա:
Առավոտյան գնում ենք քաղաքի հին թաղերից մեկը: Սուրբ Մարինե եկեղեցու ավերակներն են: Գմբեթը քանդվել է, ներսում հողակույտ է ու աղբ, շիվեր ու թփեր են աճել: Միայն անհրապույր պատերն են: Աջ կողմում երկհարկանի հայի տուն է. քրդեր են ապրում: Ասում են, որ տանտերը գալիս գնում է. չի ուզում կորցնել պապերից մնացածը: Դիմացը ձորն է ու ելնող սարը. լանջին` հովիվն ու ոչխարի հոտը, իսկ գլխին Գևորգ Չաուշի գերեզմանն է ծառերի տակ:
Պարտադիր գնում ենք Սուլուխի կամուրջ: Հայերիս երդվյալ կանգառն է: Այստեղ է կռվել և մահացու վիրավորվել Չաուշը 1907-ի չքնաղ մայիսի 20 և 7-ին: Հիմա տարածքը սելջուկ սուլթանի անունով արգելոց է: Քայլում եմ քարակերտ կամարներով կամրջի մի ծայրից մյուսը, նստում ու նայում շուրջս և հետո ետ գալիս մյուս ծայրը: Հենվում եմ եզրերին, գլխահակ նայում ջրերին ու չգիտեմ, թե էլ ի՞նչ պիտի անեմ: Հա՛, պարտադիր լուսանկարում եմ:
Չաուշն է, կամուրջը ու ես: Արագահոս, լայնահուն Արածանին է` կապտապարզ ջրերով: Իսկ ժամանակին հայերի դիակներ է տարել: Հետաքրքիր է, գետը ունի՞ հիշողություն:
Մուշից Կարս ահռելի երկար ճանապարհ է, հատկապես հայերիս համար, որ մեր երկիրը բերել, ի վերջո տեղավորել ենք մի փոքրիկ սահմաններում: Սահուն ու սրընթաց ճանապարհներ, լեռներ, ժայռեր, բնական հուշարձաններ` անձեռակերտ ու չքնաղ. բնությունը թանգարան է բաց երկնքի տակ: Փշատերև անտառներ են, երբ մոտենում ես Սարիղամիշին: Անծայրածիր տարածքներ են, չավարտվող սարեր: Սարալանջերին գյուղեր են 15-20-25 տուն, երբեմն էլ մի քիչ ավելի` ասենք 50. իրարից շատ անջատ ու հեռու, և ահռելի արոտավայրեր ու անասնապահություն, վարելահողեր` ցորեն, արևածաղիկ, եգիպտացորեն: Դրախտային առատություն: Վայելի՛ր:
Մուշից Կարս տանող ճանապարհի մեր վերջին կանգառը Հովվի կամուրջն է` այն ջրերի վրա, երբ Արաքս և Մուրց գետերը խառնվում են իրար: Կամորջով քայլում եմ մինչև վերջ: Մյուս ծայրին, մեջքով ինձ, նստած են մի տղա ու մի երիտասարդ` ձեռքին ճիպոտ: Կամրջի տակից ելնող էգ շանն է կանչում` ճիպոտը ոտքերի տակ` ավազին խաղացնելով: Մոտեցող շան կախ ծծերից երևում է, որ ձագերին նոր է կերակրել: Շրջանցում եմ, դիմացները կանգնում, ձեռքս օդում` թույլ բարևում եմ. ես էլ եմ շանը կանչում` քուչ-քուչ: Շեշտակի նայում եմ, դիմագծերից ակնհայտ երևում է, որ քուրդ է, քուրդ հովիվ: Հարցնում է` Հայաստանի՞ց ես, ասում եմ` հա՛: Մուշի՞ց ես գալիս: Հա՛, Կարս եմ գնում: Հարցնում եմ` քո՞ւրդ ես: Ասում է` հա՛, քուրդ եմ:
Ամուր միմյանց ձեռք ենք սեղմում: Անմիջապես ջերմություն ու մտերմություն ենք զգում միմյանց նկատմամբ: Ընդամենը մեկ րոպե: Եվ բնավ էլ լեզու իմանալը պայման չէ մեկմեկու հասկանալու համար: Նա խոսում էր թուրքերեն, որ ես չգիտեի, ես խոսում էի հայերեն, որ ինքը չգիտեր: Արդեն մեքենայի բաց պատուհանից, երբ կամրջի այս ծայրն էր հասել քուրդ հովիվը, ձեռքով ողջունում եմ, որ պատասխանում է նույն կերպ` ինչպես հին ընկերներ, որին մինչ այդ չէի տեսել և, հավանաբար, չեմ տեսնելու այսուհետ էլ:

 

Կարս

Երկար փողոցը ուղիղ իջնում է խաչմերուկ, ինսուն աստիճան անկյունով շրջվում ձախ, և դիմացդ Կարսի բերդն է: Նման ձիու քայլի` ինչպես շախմատում: Ամենուր, փողոցի երկու կողմերում հայկական շենքեր են` 19-րդ դարի ճարտարապետության դրսևորումներով: Կիսափակ աչքով էլ տեսնում ես կառուցող հայ վարպետներին: Սա Կարսն է, հայկական Կարսը, հայի Կարսը: Օտարության, հեռացումի, փոքր ինչ հասալքության զգացում ներշնչող ցածրահարկ բնակելի շենքերը` ինչ-որ դեղնավուն ու կապտավուն ներկված տեսքով, խիտ-խիտ, շատ մոտ-մոտ, ասես սերմնացանի ձեռքով շաղ տված ուղղակի հողի վրա, մնում են թիկունքում, օդի մեջ արձակված ու ցնդած ծխախոտի ծխի պես:
Ճաշում ենք 1855թ. կառուցված շենքի սրահում: Ոչինչ չեն փոխել ու վերաձևել: Տախտակածածկ հատակ, կիրով սպիտակեցրած պատեր, անգամ որմնախորշում դրված է բուդ գզելու փոքրիկ սարքը` սանդերքը: Հայերով ճաշում ենք հայկական օջախում. Կարսում ենք: Տան ներկա տերերին հարցնում ենք` ի՞նչ գորգեր են հատակին, պատասխանում են` հայկական կամ ռուսական: Սակայն նման գորգեր, ավելի ճիշտ` մեծ կարպետներ գործում էին հայերը:
Փողոցը թեքվում ենք, դիմացը` բարձր բլրին, Կարսի բերդն է, վեհ ու առնական, խրոխտ, անզիջում, այլընտրանք չթղնող, մի քիչ էլ դաժան: Միջնաբերդի վրա, շատ բարձր, փողփողում է թուրքական ծավալուն դրոշը` բոլոր կողմերից երևացող: Չի խանգարում: Հետս սպիտակ շունն է, խաչմերուկում է ընկերացել, ուղեկցում է բերդ տանող ճանապարհին:
Նախ Առաքելոց վանքն է. ոչինչ չեն փոխել, միայն գմբեթի խաչն են փոխարինել կիսլուսնով: Հիմա մզկիթ է: Ստիպված ենք կոշիկները հանել և նոր միայն դռնից մտնել, քայլել գորգանման ինչ-որ փալասների վրայով: Չգիտեմ, ինչպես վարվեմ իմ հավատի հետ: Արգելափակվում է, վերևից չի հոսում ու լցվում սիրտս ու հոգիս: Մի քիչ հեռու է, մի քիչ օտար, սփրթնած ու դալուկ. չենք հասնում իրար: Հոգին հանած մարմին է տաճարը, նայում եմ պատերին, գմբեթին. ջերմություն կամ զովություն, ուղղակի շունչ չեմ զգում: Դրսից ինքն է, ներսում ես չկամ: Նկատում եմ կողքի դռան մեջ ինչ-որ մեկին, քայլ է անում առաջ, քայլ` ետ, ծիկրակում է, ի վերջո չի դիմանում ու պահվում է դռան հետևում: Հավանաբար մոլլան է կամ ծառայություն անող մեկը: Ինձ համար գոյություն չունի. ի՛նքը տեղը չի գտնում իմ ներկայությունից: Այսպես ենք հանդիպում ես ու իմ տաճարը, որ չգիտենք ինչպես վարվենք մեր հավատի հետ. ո՛չ բարև ենք ասում իրար, ո՛չ ցտեսություն:
Սալարկված ճանապարհով բարձրանում եմ բերդ, որովհետև արագ հնարավոր չէ, որքան էլ ուզես շուտ տեսնել ներսից. անառիկ է ու անմատչելի նույնիսկ բաց ու ազատ ելումուտի մեջ: Նայում եմ բարձր ու չկասկածող պարիսպներին, դարպասներից ներս ճանապարհին` բերդի ու միջնաբերդի արանքում: Բակում դրված է մի հին թնդանոթ. մարած վկայություն բերդի երբեմնի ռազմական փառքի: Լռության, այս խոսուն անխոսության մեջ ձայներ եմ լսում շշուկով, շշնջյուններ են, հեռո՞ւ, թե՞ մոտ, այսօրի՞ց է, թե՞ անցած մի ժամանակից:
Քարե, բարձր, կտրուկ զառիվեր աստիճաններով բարձրանում եմ: Նոր ընկերս` սպիտակ շունը հետս է: Միջնաբերդի մուտքը կողպած է երկաթե դռնով: Մետաղի ու պատի ճեղքից ծիկրակում եմ ներսը: Շունը պիրկ թաթերով հարվածում, ճանկռում է հաստ թիթեղները, հևասպառ ուզում է ներս մտնել, որտեղ վեհորեն փողփողում է թուրքական դրոշը, իսկ ճակատին Քեմալի մեծադիր նկարն է: Անճարակությունից, վեհ խեղճությունից կռանում, շանն եմ շոյում: Շո՛ւնս, եթե հնար լիներ, հետս Երևան կտանեի քեզ:
Իսկ բակի հակառակ ծայրին բերդի եկեղեցին է. ձախ կողմում, պատին կպած, կիպ կպած, զուգարան են շինել թուրքերը: Մեկ անգամ էլ նայում եմ շուրջս, մեռնում ու հարություն եմ առնում, հարություն առած` նորից մեռնում: Արա, ո՞նց եք հանձնել Կարսը: Բերդի դարպասը, դռները բացել ու թուրքին ներս եք թողել, ոտատակը տվել: Ո՞նց: Ո՛չ ապշելու է, ո՛չ ցնդելու. ուղղակի էշից է՛շ:
Ավելի վեհ, առնական ու անառիկ են Բայազետի բերդի պարիսպները, երբ մեքենան արգելակում ենք ճանապարհին ու նայում: Ասում են` ճանապարհից նայելու համար է: Իսկ ներսում մզկիթ է մեծ, որ երևում է հեռվից: Այսպես հայերը գալիս` հեռվից նայում են ու գնում: Իսկ թուրքը մզկիթ է դրել ու նամազ է անում. քո բերդում, որ ժամանակներ է խոնարհել իր պարիսպների վրա, բայց ինքը չի խոնարհվել. խոնարհված մենք ենք: Արդյո՞ք փոխվել ենք: 1000 տարի առաջ Անի ենք հանձնել, 100 տարի առաջ` Կարս, 1 տարի առաջ` Շուշի. քո վերջին բերդաքաղաքը: Ուզո՞ւմ ես խելագարվիր. ո՛չ ժամանակների տնգլին է, ո՛չ էլ պատմության: Քո այբուբենի առաջին տառը ա-ն է, որով գրվում է նաև ավանակ:
Վարդանի նշանավոր կամուրջն է. քայլիր վերից վար ու շոյիր քարե բազրիքները: Մի ամբողջության մեջ է այս եռակառույցը. Առաքելոցը, բերդը, կամուրջը: Մենակ չեմ, Չարենցը հետս է: Չարենցի Կարսն է` Երկիր Նաիրին, որ մորմոք է, ցնորք է ու զառանցանք. հիմա՛, հենց հիմա՛: Իրականը թուրքի հարսանիքն է, որ հարսանեկան զույգը պտտվում է Առաքելոցի շուրջը: Մերը բակում վաճառվող հուշանվերն է. ա՛ռ ու գնա՛:
Հայերեն բարձր գոռալով ինչ-որ բան եմ ասում խաչմերուկի մի կողմից մյուս կողմը. Կարսում ենք, փողոցում հայեր են:
Կարսն ուրիշ է, այլ կերպ է քեզ տանում, այսինքն` քեզ բերում է քեզ:
Կարսը չեն հանձնում, Կարսը չեն կորցնում. ուղղակի՛, պարզապե՛ս, անտարակո՛ւյս:
Հետս վերցնում եմ հաց ու պանիր, պանիր և հաց` Կարսից:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *