Աննա Դավթյան | Խաննա

/Հատվածներ վեպից/

Ամռանը, երբ Խաննան գյուղում էր, Աբգարը նրան ամեն իրիկուն հրավիրում էր գիշերային պտույտների: Նստում էին փոքրիկ, կարմիր Մարչը ու քշում էին գյուղի միջով: Գյուղի մեջտեղով միջպետական Գյումրի – Երեւան ճանապարհն էր անցնում, որն անտանելի փոսավոր էր գյուղից դուրս գալու հենց եզրից: Հասնում էին մինչեւ փոսերը, մեքենան կայանում էին գյուղի անունը նշող ցուցանակի տակ, Աբգարը գարեջուր էր խմում Կիլիկիայի շշից, իսկ Խաննան շարունակ ծխում էր: Ցուցանակի անմիջապես կողքին գյուղի տանձուտն էր, որ վարձակալության էր հանձնված գյուղի բնակիչներից մեկին: Տանձուտից հետո ցորենի մի փոքրիկ դաշտ էր, ու դաշտից անմիջապես հետո սկսվում էին մյուս գյուղի տները` իրենց խավարին տված լուսամուտներով:
Խաննան ծխում ու նայում էր լապտերների տակ լուսավորված փոսավոր ճանապարհին, որի թակարդն ընկած գալիս էին հատուկենտ մեքենաներ, որ իրենց հասնելիս՝ հարցական հապաղում էին, ապա շարունակում էին ճանապարհը փոսերից զերծ ասֆալտով: Աջ կողմում խորը ապրում էր տանձուտը` իրեն որպես ցանկապատ եզերող բարդիներով, ու լսվում էր թռչնի բվվոց բավականին մոտիկ ծառի վրայից:
Գյուղի ցուցանակի տառերին նայելով էր, որ Խաննան Աբգարին տվեց իր հարցը` ի՞նչ կլինի, եթե համբուրվենք: Կողքին ծառերի, մացառների մթությունն էր ու թնջուկը, որոնց ֆոնին լուսավորվում էր Աբգարի ամուր կիսանդրին, մետաղական դեմքն ու կոկորդի վերուվար անող խնձորակը: Արդեն դատարկած շշերից մեկը դրված էր նստարանների արանքում, ու Աբգարը խմում էր երկրորդը: Խաննային էր հասնում թթվաշ ալկոհոլային հոտը նրա բերանից ու վզին ցանած մոր օծանելիքի բուրմունքը: Խաննան չէր հասկանում, թե ինչու էր այդ կանացի բույրը այդքան սազում նրան, այլ տղամարդու վրայից դա պարզապես զզվելի կլիներ:
Աբգարը զարմացած չմնաց հարցից, կուլ տվեց գարեջրի` բերանն առած ումպը, շրջվեց դեպի Խաննան ու ասաց` մեռնեմ թե չէի ջոկել: Խաննան անակնկալի եկավ նրա` անակնկալի չգալուց, ձեռքը տարավ ու դանդաղ ականջի հետեւը դրեց աչքերին ընկած մազափունջը: Հանեց ակնոցը: Խոր շնչեց, չիմանալով ինչ անել` ակնոցը հետ դրեց աչքերին ու գլուխը կախեց մեքենայի սեւ պատյանի վրա: Իրեն ենթակա մտքերի մեջ Աբգարի այս պատասխանը չէր եղել, չգիտեր` ինչպես էր պետք շարունակել զրույցն ու ավարտել սկսածը: Մի տեսակ շնչող լռություն տիրեց, որի մեջ լսվում էր անգամ մեքենայից արտածվող լույսերի ձայնը, կողքից խզզալով շարունակում էին աճել ծառերը, մեքենայի կիսամութի մեջ օդի մասնիկների բզզոց կար։
Հանկարծ Աբգարը մատը դրեց շրթունքներին ու լարված ասաց` սո՜ւսսսսս: Խաննան լռության տիրույթից հետ եկավ, սթափվեց։ Անհավանական էր, որ Աբգարն իրավիճակն իր ձեռքն էր վերցնում, Խաննան չգիտեր` հաջորդ քայլն ինչ է լինելու, սպասում էր` ձեռքը, չգիտես ինչու, գցած կառավարման վահանակին: Աբգարը կրկնեց` սո՛ւս: Խաննան մթության մեջ նկատեց, որ նրա աչքերը օդի մեջ ինչ – որ բան են լսում, հակվել են աջ վերեւի անկյունին ու անշարժացել: Կարծես վտանգի սպասող լիներ։ Հիասթափության զգացողությունը չհասցրեց ամրապնդվել, միանգամից փոխարինվեց վախով, տեղանքը միանգամից դարձավ Ղարաբաղինը, տանձուտը` ահարկու անտառ, Աբգարը` ՊԲ զինվոր` դիպուկահար, ու կատարվելիքը անսպասելի ու արյունոտ դիվերսիա, որի ակամա մասնակիցն էր դառնում ինքը: Խաննան սպասում ու չէր լսում կրակոցները, աղմուկ – աղաղակը, մեքենայի դիմապակին գնդակից չէր ծակվում ու ցխվում, ժամանակը կանգ էր առել դիմացը տնկված ցուցանակի նման:
Աբգարը, դեռ մատը բերանին, զգուշորեն բացեց մեքենայի դուռը, Խաննան շշմած հետեւում էր, կատվի նման զգուշորեն մի ոտքը դուրս դրեց մեքենայից, հետո կիսաբաց դռնից քաշեց – հանեց ամբողջ երկար հասակը, կամաց դուրս դրեց երկրորդ ոտքը, դուռը բաց թողեց ու ձեռքերով սկսեց դես – դեն անել մացառների փափուկ ցողունները: Կարծես պատրաստվում էր ճահիճ մտնել։ Խաննան հիացած էր կատարվողով ու մի աներեւակայելի արդյունք էր սպասում այս ամբողջ շփոթից: Աբգարը կորավ մացառների մեջ: Խաննան մի պահ հապաղեց, բայց հետո գոռաց հետեւից: Մի քանի անգամ կանչեց անունը։ Ձայն չկար, բվի ձայնն էր: Լուսնի տակ շողշողում էին տանձի բոլոր ծառերը, թափահարում էին տերեւների ձիգ – ձիգ թիրախները, իսկական դիվերսիոն հանդես էր: Խաննան, ոտքերն անցկացնելով վահանակի վրայով, տեղափոխվեց Աբգարի տեղը, դուռը դեռ բաց էր, վառվում ու հանգչում էին մեքենայի զգուշացնող լույսերը: Դուռն ավելի բացեց, մի քիչ նայեց մթության մեջ, ականջ դրեց, ապա դուռը շրխկոցով փակեց: Մտածեց` հավանաբար փախավ: Հավանաբար, քանի որ ջոկել էր, դա էլ մշակած նախնական պլանն էր: Մտածեց մեքենան գործի գցել, գնալ, թողնել նրան իր փախուստի մեջ, հեռանալ, բայց փոշմանեց, հետո ծխախոտ վառեց: Մի քանի րոպե նստեց անորոշության մեջ, մատի վրա պտտում էր արծաթե մատանին:
Ահավոր վախեցավ, երբ ապակու մեջ հանկարծ հայտնվեց Աբգարի դիք մարմինը: Խաննան կռացավ, ապակու միջից նայեց վեր՝ նրա լուսավորված դեմքին։ Ժպտում էր: Խաննան բացեց մեքենայի դուռը, առաջ եկավ, սպասում էր, թե ինչ կասի: — Ոզնի էր,— ասաց նա,— չկարողացա բռնել: Կորցրի:
Երբ էլ անցնի այդ ցուցանակի մոտով, միշտ հիշելու է այն պահը, երբ տվեց իր հարցը ու ստացավ պատասխանը:

***

Աքսելը ապրիլյան պատերազմի մասնակից էր: Բանակում էր` Ղարաբաղի Սրխավենդ գյուղի զորամասում, երբ պատերազմը սկսվեց: Դիպուկահար էր ու ընտրյալների այն փոքրիկ զորախմբի ավագը, որ տարբեր մարտական առաջադրանքներ էր կատարում սարերում ու ձորերում: Աբգարը պատմում էր, թե ոնց էր այդ խումբն ընտրվում` չափելով թեւերի շրջագիծն ու մտքի սրությունը: Միտքը պետք է հաշվարկ աներ, թվեր գումարեր ու հաներ, զգար քամին, օդի դիմադրությունը, հեռավորությունն ու զենքի վիճակը: Աբգարն էլ էր եղել մեկ այլ փոքրիկ ջոկատի դիպուկահարը եղբորից մեկ տարի առաջ նույն զորամասում ու բազմաթիվ մանրամասներ էր պատմում, որոնք Խաննային անհավանական էին թվում:
Աքսելը Աբգարի պես չէր. նրա հոգում տարօրինակ նեղություն կար աշխարհի անհոգատարության հանդեպ, ու շատ էր կիսում իր մտքերը Խաննայի հետ, թե ինչու է աշխարհը այդքան անուղիղ: Ու պատերազմը հանդիպեց նրան:
Քանի որ հատուկ ջոկատ էր, ուղարկվում էր առանձնապես թեժ կետեր, ու Աքսելն առաջնորդում էր իր զինվորներին դեպի այն մարտական առաջադրանքները, որոնք զորամասի մականունավոր ղեկավարն էր դնում վրան: Ջոկատն ուղարկվեց Թալիշ, որտեղ ադրբեջանցիներն արդեն մի քանի քաղաքացիական դիակներ էին թողել` կտրելով ու հետները տանելով նրանց ականջները:
Խումբը տեղավորվեց ավերված գյուղի անտառում` բեռնված զենքերով, գարնան անձրեւի ու տիլի մեջ: Վեց օր մնացին անտառներում` կրակի ու ռմբակոծության տակ: Ընկնող ռումբի ձայնն էր անընդհատ ականջներում, թե ոնց էր շվվալով գալիս ու տրաքում մի քանի մետր այնկողմ, որտեղից հենց նոր էին հեռացել: Ոչ մի օր չքնեցին, քարշ եկան ահավոր ցեխի մեջ ու աջուձախ կրակեցին` առանց ուտելու:
Պատմում էր, որ սկզբից կրակում էր ոտքերին, չէր կարողանում սպանել, ու մականունավոր հրամանատարը դա նկատում է: Այնպիսի մի թարս սիլլա է հասցնում, որ Աքսելի աչքերից պեծ է թռնում. ապտակը նշանակում էր՝ կրակիր գլխներին: Խաննան այդտեղից խնդրում էր իրեն մանրամասներ չպատմել ու ցույց չտալ հեռախոսի մեջ պահված դիակների նկարները:
Բայց մայրը հետաքրքիր խասյաթ ուներ, կմնար – կմնար ու Խաննային կպատմեր բաներ, որոնք նա հետո չէր կարողանում մոռանալ: Մոր ունեցածը այնպիսի տարօրինակ կենսունակություն էր, կյանքի բնականությունն ընդունող այնպիսի ներս, որ տոկուն էր ու ապրող, մինչդեռ Խաննան ցնցվում էր մինչեւ խորքը: Մայրը կարող էր լացել ֆիլմերի իրադարձությունների վրա, հուզվել Մալախովի հաղորդման հերոսների պատմություններից ու ճմռթված թաշկինակը ձեռքին` անդադար սրբել արցունքները, բայց երբ բանը վերաբերում էր կյանքին, կանգուն էր` ինչպես ծառի քոթուկը, ապրեցնող ու ուժեղ:
Աքսելը, Աբգարը, նաեւ քեռակինը խնայեցին, չպատմեցին Խաննային, բայց մի օր, երբ հեղափոխությունից հետո նոր իշխանությունը ձերբակալեց բանակի բաժինը գողացած գեներալին, մայրն ասաց իր նախադասությունը, որով երբեմն սկսում էր Խաննային բաներ պատմել:
— Չէի ուզում քեզ ասեի,— ասաց,— բայց իմացա՞ր` ինչ է եղել: Երբ դաշտում սպանված, թափված են եղել ադրբեջանցի զինվորները, սույն գեներալը գնացել է Թալիշ, գտել է Աքսելին` որպես պատասխանատու, ու հոխորտացել վրան, թե ինչու են սպանել, դրանք իրեն ողջ էին պետք: Խուժանը…
Խաննան միանգամից է փլվում, միանգամից սկսվում է տագնապի նոպան, սիրտը զարկում է հազարի վրա ու մորն աղաչում է լռել: Գեներալի պատմությունը չի, որ հուզել է նրան, այլ չի կարող ընդունել այն բառերը, որ Աքսելն ի վերջո սպանել է, որ ստիպված է եղել սպանել, որ ապրելու է այդ բեռով, որ ինքը չի կարողանալու այլեւս նայել նրան այնպես, ինչպես առաջ էր նայում: Որ այդ նախադասությունն ասվեց, մայրն ասեց, ու հիմա այն կա օդում, ու այլեւս հետ բռնել, տեղը դնել հնարավոր չէ: Անկախ իրենից, առանց ուզելու` պատկերացնում է պահը` բոլոր մանրամասներով. Աքսելի դիպուկահար հրացանից դուրս եկած գնդակը սվվալով օդի մեջ զարկվում է մարդկային գլխին, ցբխում, մասերի է բաժանում ու թափում գետնին` որպես լպրծուն նյութ, մարմինը մի պահ տատանվում է, ապա տապալվում շաղ եկած ուղեղի ու գանգի մնացորդների վրա` արյունոտվելով սեփական գլխից: Խաննան չի մտածում, թե ինչ էր գեներալն անելու ողջ մարմինների հետ` տանջելո՞ւ էր, թե՞ փոխանակելու: Մինչ մայրը փորձում է դրանից խոսել, Խաննան ինքն է ցբխված Աքսելի սպանելու պատմությունից:
Փոքր ժամանակ շատ էր լսել գեներալի մասին` դահիճ ու դաժան: Բայց ավելի շատ տպավորել էր նրա սիրո պատմությունը` այն հեքիաթային էակ Նազիկի հետ, ում մասին պատմում էին Խաննայի հայրական տանը` անլույս ու տաք գիշերներին: Ինչպես է գեներալը սիրահարվել իր մարտական ընկերուհուն, ինչպես է ամուսնացել հետը, դրել իր հորինած դրախտում: Խաննայի հոգում հառնում էր Նազիկի կերպարը. երկնագույն, թափանցիկ զգեստը հագին՝ շրշելով քայլում է դեպի ավազանը, որի կողքին եղնիկներ ու սիրամարգեր են պտտվում: Նրան երբեք մոտ չի եկել պատերազմը, նա լճի փերի է` գտնված առնական տղամարդու սիրով: Նրա անունը, նրա անունի նրբությունն ու արյունարբուի սերը՝ այնքան գեղեցիկ հեքիաթ:
Հետո Խաննան տեսավ նրան այսքան տարիներ անց, երբ համացանցում լուրեր տարածվեցին, թե Նազիկն իբր ինքնասպան է եղել ամուսնու ձերբակալությունից հետո: Նազիկ, դու Նազիկ. խոսում էր տեսախցիկի առաջ` հերքելով իր ինքնասպանության լուրը, պատմելով սեփական դուխից ու թափից, ու Խաննան հայտնաբերեց, որ Նազիկի եղածը սրտաճմլիկ մի ղառղառ էր ընդամենը: Ցնդեցին կապույտ երազն ու անունը: Բոլորն էին տեսել գեներալի պահեստները` զինվորներին հատկացված պահածոներով, մայկա – տռուսիկով ու երեխաների նամակներով, ովքեր կարծել էին, թե օգնություն են ուղարկում բանակին:
Աքսելը վերադարձավ բանակից` ավելի նեղացած ու կորցրած աշխարհի թելը: Մինչ այդ նկարներ էր ուղարկել` երկու ձեռքերում մեկական երկար օձ, որ բռնում էին, խորովում ու ուտում: Գեներալը չէր թողել ապրանքը նրանց հասնի: Սոված էին եղել օր ու գիշեր: Մի շաբաթ ցեխից չէին լողացել, նրա նուրբ մաշկը խորովվել էր հողի մեջ:
Հետը բերել էր Թալիշի թալանված տներից մեկից վերցրած հողով մի ծաղիկ, ուրիշ բանի վրա աչք չէր ունեցել: Փայփայել էր ամբողջ ընթացքում, ջրել ու խնամել, որ չչորանա: Հասկանում էր բույսերի ու կենդանիների միտքը մարդու պես: Հողին հոգով էր նայում: Արթիկի շուկայի փոքրիկ գյուղատնտեսական խանութից տուն էր կրում պարարտանյութեր ծառերի ու բույսերի համար, խոզին ու հավին` դեղ, շանը` պատվաստանյութ, էտելու մկրատ ու պատվաստի շիվ: Ամեն ինչից հասկանում էր, կերակրում, դեղում ու դողում վրան: Գիտեր նաեւ հեքիմական հնարքներ, որ տատից էր սովորել: Փորը լուծ խոզին գարի էր բովում, կերցնում: Խոճկորներին եղինջ չէր տալիս, ստամոքսներին վատ էր: Ձվերից հանում էր ճտերին ու տեղավորում մոր տակ: Բոլոր նոր ծառերի վրա, որ տնկել էր Լեւի բոստանում, կապույտ ժապավենով փաթաթված` շողին էր տալիս նոր պատվաստի վերքը, ու նրանցից մի երկուսի վրա փոքրիկ ճյուղին անհամապատասխան` այս աշնանը կախվել էին արդեն մի քանի սեւ սալոր:
Բայց Խաննան զարմանում էր, թե ոնց է կենդանի մորթում, մանավանդ նրանց, որոնց կերակրել էր ու խնամել: Մորթել էր վրան հարձակված աքլորին, որ հզոր ու գունեղ շորորում էր փետրաթափ հավերի ու տըկ – տըկ ճուտիկների մեջ: Մի անգամ Խաննայի գալուն մորթեց նապաստակներին, Խաննան տեսավ գոմի դռանն ընկած բարակ մորթով նրանց պոչիկները, որ առանց մարմնի նման էին ոչ մի բանի, երկու մորթե գունդ էին` արյան կաթիլներով: Վշվշաց ու տառապեց, ավելի շատ` Աքսելի մորթելու համար: Ընդհանրապես դժվարություն ուներ նրան արյան հետ մեկտեղելու, նրա հռչո թաթերի մեջ մահ պատկերացնելու:
Շանը` հսկա պիտբուլին, վազեցնում էր կիլոմետրեր, վզին ծանր երկաթներով հավաքած օղակ էր հարմարեցրել, որպեսզի վազի, մկան գցի: Եթե նրան կերակուրի մնացորդ չէր հասնում, Աքսելը յուղով ու ձվով հատուկ ճաշ էր սարքում ու տալիս: Տատը շան կերածը հարամ ու կորած էր համարում, մի կենդանի, որ ոչ ձու է տալիս, ոչ կաթ, ոչ միս: Մի անգամ, երեւի կինոն էր նայել, երշիկի մեջ դրել էր իր սպիտակ Ասպիրիններն ու փորձել կերակրել, բայց շունը հանել էր դեղի կոճակներն ու կերել փայլուն բժշկական երշիկը: Անդադար ձեւեր էր մտմտում նրանից ազատվելու համար` հարուցելով Աքսելի կատաղությունը:
Աքսելը հավանաբար պատերազմի իր հիշողությունները հողին էր տալիս, դրանից ծլում էին վարունգ ու ոլոռ, ու Աքսելի հոգին երեւի ավելի քիչ էր մզզում:

***

Երազում նախկին սիրածներից մեկն էր, որ անուն էր հանել արդեն ու ֆռռըցնում էր իմիջային կերպարը էկրաններին ու տպագիր նյութերի մեջ։ Երազում նորից դարձել էր հին տղան՝ անանուն ու ջինջ, բաներին վախվորած հավատացող, մտածկոտ ու երեւակայության բերումով սուտասան, որ գալիս էր Խանջյանի իրենց տունն ու նստում բակի բաղեղի տակ՝ միշտ լալկան հայացքով, միշտ լալկան գլխով, ու ասես ինչ – որ բան էր աղերսում Խաննայից՝ սեր կամ մի ուրիշ բան:
Օրերով մեքենայի մեջ լացեց սիրո համար՝ մանկական փափուկ մազերը դրած Խաննայի գրկին, տվեց նրան իր անիրագործելի խոստումները, իր կամակորությունը, բամբասանքն ու սիրտը: Պատմեց աշխատատեղի անցած – դարձածից, որտեղ հոգեբանական խոշտանգումների էր ենթարկվում կամ այդպես էր պատմում, ինչպես թելադրում էր պատմասացության կանոնը: Խաննան նրան հավատալու ու չհավատալու մեջտեղում էր միշտ, բայց նրան երբեք չէր քաշում իրականությունը պատմելու պարտադրանքի առաջ: Ընդունում էր նրա ստերի աշխարհը ու փափուկ ոտք էր կոխում այնտեղ՝ առանց նախապաշարումների: Հովերի աշխարհում էին երկուսով: Գրքերի միջից դուրս էին գալիս թեյի գրպանիկներ կամ մի ծալված հինգ հազար դրամանոց, որով փորձում էր օգնել Խաննային:
Նրա պատմություններից մեկն ընդգրկում էր այն, որ շեֆին որպես կաշառք ձուկ էին նվիրել իբր՝ մեծ, թարմ, թեփուկներով: Այսքանից հետո Խաննան բացարձակ չի հիշում պատմության մնացած մասը, թե ինչու էր պատմում ձկան պատմությունը, ինքն ինչ դերակատարություն ուներ այնտեղ, ինչն էր հանգուցալուծումը: Այդպես էր, օյմռում էր փոքր մանրամասներից ու Խաննային դարձնում էր դրանց մասնակիցն ու կիսողը:
Երազում հենց այդ կաշառքի ձուկն էր, վստահ էր Խաննան, գետնին հոսող փոքր առվի մեջ թպրտում էր: Թեփուկները ծիածանագույն լույս էին արձակում: Խաննան ամբողջովին մերկ էր, չոքած առվի վրա՝ մեջքով հենված հետեւում կանգնած մոր ծնկներին, որ կարծես մսե արձան լիներ: Տղան Խաննայի ծնկների վրա մի տարօրինակ իր էր պահել, որ ձեւով նման էր անատոմիայի գրքերում նկարված արգանդի՝ իր փողերով: Փայտ ու միս էր միաժամանակ: Փողերի բերաններն ու արգանդի վզիկը չգիտես ինչ մեխանիզմով ջուր էին ստանում տակից հոսող առվից ու շրջապտույտի մեջ էին դնում՝ անընդհատ հոսեցնելով: Տղան ամանը պահել էր Խաննայի ծնկների վրա ու կրկնում էր.
Ես գնացի, գնացի, բայց չեմ գնացել,
Ես մնացի, մնացի, բայց չեմ մնացել:
Հատուկ ոչ մի զգացողություն չկար՝ ոչ սիրո, ոչ կարոտի, ոչ ցանկության, պարզապես մի ձկնային իրականություն էր՝ աղջիկը հենված մոր ոտքերին: Հետո անմիջապես տեսնում է մոր կուչ եկած մարմինը՝ պառկած կողքի վրա, որ ոչ տառապում է, ոչ մի այլ բան, պարզապես իրականությունն է այդպես: Տղան վեր – վեր բարձրացնում է արգանդի թասիկը, որից ջուրը ցող – ցող լցվում է արդեն ամբողջ առվի, ձկան ու Խաննայի վրա: Մոր մարմինը ձախ կողմում պառկած է լուռ ու կենդանի: Ձուկը ադամանդե ցոլքեր է գցում վերեւից թափվող ջրի կաթիլների մեջ, ամբողջ իրականությունը լուսարձակում է, ու մոր սպիտակ, փափուկ մարմինը՝ ձախ կողմում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *