Հովհաննես Գրիգորյան | Նամակ, որ քեզ երբեք չի հասնելու

Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

ՆԱՄԱԿԸ, ՈՐԸ ՔԵԶ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՍՆԵԼՈՒ

Ամեն ինչ բաժանված է արդեն,
և աստղերը, և արևը, և լուսինը:
Ես գլխահակ եմ գալիս քեզ մոտ,
ես ամաչում եմ սարսափելի,
որովհետև ոչինչ չունեմ քեզ նվիրելու,
որովհետև ամեն ինչ բաժանված է ու նվիրված:
Եվ այս բառերը՝ օտար արևներ,
և մերկ ծառերը, և քո կարոտը
անչափ տխուր են, անչափ հուսահատ,
որովհետև այս նամակը երբեք քեզ չի հասնելու,
որովհետև նորից փնտրելու եմ քեզ ամենուրեք,
որովհետև նորից քեզ հիշելու եմ ամենուրեք,
գլխահակ քայլելու եմ նույն փողոցներով,
որովհետև ես սարսափելի ուշացած սիրահար եմ,
որովհետև ես ոչինչ չունեմ քեզ նվիրելու,
որովհետև ամեն ինչ բաժանված է ու նվիրված:

 

***

Այն, ինչ չտվեցի քեզ,
այն, ինչ չուզեցիր վերցնել, այն, ինչ չդարձավ միրգ,
ու վերջապես՝ այն, ինչ չտվեցի քեզ,
թող մնա իմ մոտ այսօր, վաղը,
թող մնա իմ մոտ առհավետ:
… Հանդարտ ու սահուն ընթանում է առավոտվա արարողությունը:
Այն, ինչ խմորվում է հիմա իմ մեջ,
գերեզմանաթմբիս կդառնա ծաղիկ, վարդ
կամ գուցե բոլորովին ուրիշ բան՝
սենտիմենտալ ու եղերական մի բույս,
իր թերթերով, տերևներով և վերջապես ցողունով,
որը անպայման կզարմացնի գիտությանը իր հոտով, ձևով,
որը անպայման կզարմացնի գիտությանը իր գույնով:
… Կարճատև է արևի իշխանությունը սրտերի վրա:
Այն, ինչ դու չուզեցիր ստանալ որպես խոստում, ահա ես այրում եմ
և նետում տարբեր ուղղություններով, իհարկե,
սոսկալի տանջվելով ցավերից ու վշտերից:
Իսկ մենակության հրաշալիքները կամաց-կամաց պարզվում են իմ դեմ,
և ես մի կերպ ուղղում եմ մեջքս, ոտքերս,
և ես մի կերպ ուղղում եմ հայացքս:
… Գուցե լավ է, երբ երգը կեսից է ընդհատվում:
Ես լալիս եմ նրանց համար,
ովքեր չեն հասկանա այս խոսքերի իմաստը:
Ես լալիս եմ, որովհետև վերջնական ու հավիտյան է
իշխանությունը գիշերվա:
Իմ ողբը շարունակվում է առանց ընդհատվելու,
որովհետև ես հիշում եմ հանկարծ, որ այն, ինչ չտվեցի քեզ,
որ այն ին չուզեցիր վերցնել, որ այն ինչ չդարձավ միրգ,
խմորվելու է իմ մեջ անընդհատ ու անընդհատ
և գերեզմանաթումբս ծակելով նետվելու է դուրս՝
սենտիմենտալ ու եղերական ճիչով:

 

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Դու այս դատողությունը կհամարես պարզունակ: Թող այդպես լինի:
ՎԻՆՍԵՆԹ ՎԱՆ ԳՈԳ

Ամեն անգամ ինչ-որ բան կորցնելիս ես հիշում եմ քեզ.
ամենադժվարը քեզ կորցնելն էր – ես ոչինչ չէի հիշում,
իսկ հիմա նույնիսկ թերթ կարդալիս ես ապահով եմ՝
ոչ ոք չի խոցի ինձ թիկունքից:

Այդ ե՞րբ էր՝ առաջին անգամ վառեցին գրքերը…
կիսամերկ մարդիկ էին վազում փողոցներով,
ցեխաջրի մեջ լողում էին վարդերը,
և ոսկեզօծ կառքերն էին սուրում
երջանկությունից խելագարված:

Ամեն անգամ ինչ-որ բան գտնելիս ես կորցնում եմ քեզ.
ամենահեշտը քեզ գտնելն էր – ես ոչինչ չէի հիշում:

Դժվար է երջանկությունը պահել երկու ձեռքերով,
երբ աչքերիդ մեջ արցունքի կաթիլներ կան:

Իսկ անտառը կամաց-կամաց սափրվում է երկրի երեսից,
կապիկներին մարդ դառնալուց զատ ուրիշ ելք չի մնում,
անխելք կենդանիներ, զգո՞ւմ եք ձեր անխոհեմ քայլը՝
դուք վեպերի հերոսներ կդառնաք,
դուք վերարկուներ կհագնեք,
ինտրիգներ կսարքեք,
կսիրահարվեք և կխորտակվեք վերջնականապես:

Ես երգում եմ այս երգը ամենավերջին անգամ:
Իսկ վաղը գուցե պատերազմ սկսվի.
կապիկները վառվելով՝
թիթեռների թեթևությամբ կթափվեն ծառերից,
և կիսամերկ մարդիկ կվազեն փողոցներով:

Դժվար է երջանկությունը պահել երկու ձեռքերով,
երբ աչքերիդ մեջ արցունքի կաթիլներ կան:

 

 

* * *
Փողոցներում, որտեղ հիմա դու չկաս, գարուն է
և մարդիկ քայլում են ոչ մի փոփոխություն չնկատելով:
Քաղաքում, որտեղ դու չկաս,
չգիտես թե ինչու տոն է այս սովորական օրով,
և խմբերով աղջիկներ են անցնում
գույնզգույն շորեր հագած՝
ոչ մի փոփոխություն չնկատելով…
Իսկ նվագախումբը դուրս է ցայտում ամենաանսպասելի  անկյուններից՝
իր ետևից տանելով հրոսակախումբը
ցնծությունից խելակորույս երեխաների –
ամբողջացնելով գարնան պատկերը կանաչավուն:

Ի՜նչ հեշտ է սիրել այն ամենն, ինչ հեռվում է,
և ինչ բավականություն՝ պատկերացնել այն, ինչը  չես տեսնում…
Բայց ամենահեշտը քեզ մոտ տխրությունն է ստացվում,
Օ, ինչքան ես վարպետացել դու այդ ասպարեզում:
Փիլիսոփայելու համար դու ընտրեցիր երեկոն
և սկսեցիր քեզ որոնել այնտեղ, ուր չկաս ինքդ,
և հայացքդ թափառեց փողոցներով,
մարդկանց մեջ, սրճարաններում,
և հոգնությունից արցունքոտվեց հայացքդ՝
ոչ մի փոփոխություն չնկատելով:

Իսկ նվագախումբն արդեն երկինք է բարձրանում՝
իր ետևից տանելով ցնծությունից ոչինչ չնկատող
հրոսակախումբը երեխաների…

Ինչ հեշտ է մոռացվում նա, ով հեռվում է,
և ինչ ծանր է ընդունել այս տխուր միտքը,
երբ ինքդ ես հեռվում…

 

 

ՆՈՐԻՑ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Երջանկությունն այն է, ինչ մենք կորցնում ենք ամեն օր
և այն, ինչ մենք կորցնում ենք ամեն ժամ,
երբ ձեռքերդ մեկնած ցանկալի ուղղությամբ
անհրաժեշտ բառեր ես որոնում՝
հանկարծակի հայտնված արցունքներդ  մեկնաբանելու համար:
Իսկ սիրտդ պիտի բաբախի անհնարին ցնծությամբ.
անմոռանալի թափառումներ երաժշտության  նրբանցքներում,
և քրտինք, որ հեղեղել է մարմինդ ոտից մինչ գլուխ,
և տղամարդու դժվարին ու անիծյալ մի կյանք,
արև ու անապատ ու չվերջացող քայլեր…
Երջանկությունը…
դու դեռ երկար պիտի խոսես այս ամենի մասին,
որովհետև երջանկությունը հենց այն է,
ինչի մասին խոսում են երկար ու առանց կեղծիքի,
որովհետև այն, ինչ մենք թողեցինք հեռվում
և ինչից հեռանում ենք քայլ առ քայլ,
պիտի մոռանանք արևի տակ շուռումուռ գալով,
ցատկոտելով ջրի մեջ, հիանալով փողոցների  անթերիությամբ,
աղջիկների ետևից նետելով աններելիորեն կոպիտ բառեր
և խոսելով, անվերջ խոսելով:
Դու այս խոսքերը կլսես ամենավերջում,
գուցե անձրև լինի, և դու կծկվես շենքի մուտքի մոտ,
և դու, երբ հեռվից տեսնես, դժվարությամբ տեսնես,
որ մոտենում եմ քեզ – թրջված ու ողբալի – կիմանաս,
որ երջանկությունն այն է, ինչ հեռվից մոտենում է քեզ
և պիտի անցնի քո կողքով թրջված ու ողբալի,
անծանոթ ու օտար, ինչպես անտարբեր մեկի պատմած
ձանձրալի ու տխուր մի իրողություն:
…Ծանր է մենակ մնալ անծանոթ քաղաքի ուղիղ  կենտրոնում,
բայց դու քայլում ես՝ ոտքերդ զգուշորեն դնելով
աղավնիներից ազատ տարածության վրա:
Ոչ, դու ձկնորսներ չես տեսնում քո աչքերի առաջ
և ոչ էլ ջրահարսեր՝ մոդայիկ սանրվածքով,
բայց դու քայլում ես մի խաղաղ անկյուն գտնելու հույսով,
որտեղ կարելի է նստել մենակ ու հանգիստ,
ծխել ու մտածել դանդաղորեն մաշվող մի կյանքի մասին
և երջանկության մասին ծխել ու մտածել.
և հետո կսկսես անհրաժեշտ բառեր որոնել՝
հանկարծակի հայտնված արցունքներդ  մեկնաբանելու համար…

 

ՎԱՂԸ ՁՅՈՒՆ ԿԳԱ

Պիտի լիներ այսպես,
պիտի լիներ տխուր,
պիտի լիներ տխուր
մի սենտիմենտալ աշուն:
Օրորվեին պիտի տերևները
ու լինեին սոսկալի դեղին
և խարույկ պիտի դառնային մի օր
ու բոցը բարձրանար երկինք:
Ես պիտի քայլեի փողոցով,
սոսկալի, սոսկալի մենակ,
և տրամվայները պիտի անցնեին
լույսերը պայծառ վառած:
Եվ դու պիտի անցնեիր փողոցով
աչքերդ զարմանալի կապույտ…
և
այս
ամենի
վրա
վաղը ձյուն կգա…

 

ՀՐԱԺԵՇՏԻ ԵՐԳ

Երբ ես մտա ներս
և գնացի նստեցի իմ սովորական տեղում՝
անկողնու վրա,
գլուխս առա ափերիս մեջ
և զգացի,
որ այլևս երբեք չեմ լինելու երջանիկ:
Եվ դրա համար կանգնեցի հայելու դիմաց,
երկար նայեցի աչքերիս մեջ
և երկար որոնեցի մխիթարանքի խոսքեր:
Հետո ես արագ, շատ արագ շուռ եկա,
ավելի և ավելի արագ շուռ եկա,
ես շուռ եկա ավելի ու ավելի արագ,
բայց չկարողացա չտեսնել
հայելու մեջ,
աչքերիս մեջ,
արցունքի
անմխիթար
կաթիլները…

 

 

* * *
Այսպես նստել իրար դեմ
և այսպես երկար լռել:
Ու երբեմն թվում է ինձ,
թե երկուսս էլ
փայտից ենք պատրաստված
կամ, ասենք, աշնան չորացած տերևներից:
Այսպես նստել իրար դեմ
ու երկար նայել իրար:
Չունենալ ոչ մի հիշողություն,
կարծես հենց նոր ենք ծնվել:
Մեր կողքին մարդիկ կծիծաղեն,
մենք չենք լսի նրանց,
կասկածանքով կնայեն մեզ,
իսկ մենք՝ իսկապես փայտից,
մեր կողքին մարդիկ կտխրեն,
հետո դանդաղ կծերանան…
Այսպես նստել իրար դեմ
և այսպես երկար լռել:
Հետո երկնքից մոխիր կթափվի:
Հետո կլինի քամի:
Եվ քանի որ մենք պատրաստված էինք
աշնան դեղին տերևներից,
կցրվենք դես ու դեն
և էլ չենք լինի:

 

ՍՊԱՍՈՒՄՆԵՐ

Հրեշտակներ չեկան քո հոգին փրկելու
կամ գոնե մարմինդ:
Նրանք ամուր փակեցին առասպելների դռները,
և ստիպված հավատացիր, որ գոյություն չունեն նրանք:
Ծովի ընկերությունը քեզ մատուցվեց որպես հարգանք:
Դու նայեցիր ավազին և մտածեցիր՝
ի՜նչ երկար է ճանապարհդ:
Դու հենց այդպես մտածեցիր նաև,
երբ քայլում էիր ծովի երկայնքով:

Հետո ճայերի անտանելի ձայները հասան քեզ:
Իսկապես, ի՞նչ լավ բան կա այդ ամենի մեջ:

Ներիր ինձ, ես արդեն կանոնավոր չեմ սափրվում,
չէ՞ որ դու իմ մասին ավելի մեծ կարծիք ունես:

…Բայց դու ամեն օր
բաց ես թողնում քո լուսամուտները,
որովհետև հաստատ հավատում ես, որ կգան նրանք,
որոնց անգոյությանն էլ ես հաստատ հավատում…

 

 

ՄԻ ԵՐԵԿՈ ԾԵՐԱՑԱԾ ՕՐԻՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ

Նրանք ժպտում էին և արագ-արագ թարթում
ներկած և խոշոր աչքերը,
որոնց մեջ օրորվում էին
դատարկ օրորոցներ,
իսկ իմ ձեռքերը դողում էին,
և ծխախոտի մոխիրը թափվում էր
թանկարժեք և հազվագյուտ գորգին,
իսկ իմ ձեռքերը դողում էին:
Իսկ դրսում անձրև էր գալիս,
և ես նրանց պատմում էի անձրևի մասին
և մարդկանց մասին,
որոնք արագ-արագ անցնում էին պատուհանի տակով:
Իսկ իմ ձեռքերը դողում էին,
իսկ նրանք ժպտում էին անվերջ ու անվերջ
և նրանք կլանված լսում էին ինձ,
խնամքով թաքցնելով տառապանքը
դիմափոշու հաստ շերտի տակ:
Բայց երբ երաժշտությունը լռեց,
բայց երբ դադարեց անձրևը,
ես մոտեցա,
հերթով մոտեցա նրանց
և դողացող ձեռքերով սրբեցի ժպիտը
նրանց դեմքերից,
դողացող ձեռքերով սրբեցի տառապանքը
նրանց այտերից
և օրորոցները, որ նրանց աչքերի մեջ
օրորվում էին դատարկ՝
լցվեցին արցունքով…

 

ԿՈՐԱԾ ՆԱՄԱԿՆԵՐ
1
Ես այլևս չեմ հիշում քեզ:
Ես բոլորովին չեմ հիշում քեզ:
Հիմա ուրիշ են արցունքները,
նրանք իրենք իրենց են գալիս,
հենց այնպես,
թեթև ու հեշտ:
Իսկ ժամացույցը, որ առավոտ է ցույց տալիս,
նման է քո անունին,
միակը, ինչ մնացել է քեզանից,
և ես նրանով եմ սկսում իմ օրը:
Բայց չէ՞ որ դու կաս հիմա ինչ-որ մի տեղ,
դու խոսում ես ինչ-որ մեկի,
անծանոթ ու օտար մեկի հետ:
Ես քո ձայնը չեմ լսում՝
հազարավոր պատեր կան աշխարհում,
ամուր ու հուսալի պատեր,
որոնց ետևում մարդիկ միացրել են հեռուստացույցները,
և ռադիոընդունիչները՝ բարձրաձայն, բարձրաձայն,
որոնց ետևում քնում են, զարթնում, ապրում,
ծիծաղում են ու լալիս՝ բարձրաձայն ու բարձրաձայն,
և ես չեմ լսում քո ձայնը:
Բայց ես գիտեմ, որ դու հիմա խոսում ես
երգող թռչունների, գունավոր ծաղիկների
և անձրևների մասին,
և չգիտես, բոլորովին չգիտես,
որ հազարավոր պատերից այն կողմ կա մեկը,
որի մի սովորական մեխից կախված է քո անունը,
և այդ անունը միայն առավոտ է ցույց տալիս:
Եվ կա մի հոգնած ու ձանձրալի մարդ,
որը այլևս չի արտասվում,
որովհետև հիմա ուրիշ են արցունքները,
նրանք իրենք իրենց են գալիս՝
հենց այնպես,
թեթև ու հեշտ…

 

2
Ես թեքում եմ հայացքս դեպի ժամացույցը,
որը կեսօր է ցույց տալիս:
Ես հիմա կապրեմ իմ օրվա այն հատվածը,
որտեղ դու չկաս:
Ես դուրս եմ գալիս փողոց:
Դիմացի կրպակում լրագրեր են վաճառում,
ես գնում եմ մեկը
և դանդաղ քայլին դեպի այգին,
որտեղ գեղեցիկ կանայք են զբոսնում
իրենց երեխաների հետ:
Իսկ նրանցից ամենագեղեցիկը
շրջում է մենակ:
Այգում գեղեցիկ կանանց արձաններ կան,
իսկ նրանցից ամենագեղեցիկը
մերկ է բոլորովին:
Ես նստում եմ այդ արձանի մոտ,
դեմքս ծածկում եմ լրագրով
և թաքուն հետևում եմ նրան.
– Բայց չէ՞ որ դու նա ես,
ում ես այլևս չեմ հիշում,
ում ես բոլորովին չեմ հիշում,
ում ես նամակներ եմ գրում ամեն օր:
Հենց նա, որը նայում է բոլորին
և չի տեսնում նրան,
ով միայն իրեն է նայում:
Հենց նա, որի անունն է մնում միայն
տարիներ հետո,
և ցավը, որը անուն չունի…
…Քաղաքում ոչ ոք չգիտեր, որ հիմա կեսօր է,
և այդ պատճառով զարմանքով նայում էին
այգու վերևում կախված պայծառ արևին:
Սկսեցին լաց լինել երեխաները,
որոնց տուն էին տարել գեղեցիկ կանայք,
իսկ նրանք համոզում էին երեխաներին,
որ ուշ է արդեն, և քնելու ժամն է հիմա:
Եվ միայն նա, որը ամենագեղեցիկն էր
և որը շրջում էր միայնակ,
կծոտում էր շրթունքները,
շշնջում՝
ցավի մեջ աչքերը փակած.
– Աստված իմ, այս ինչ սարսափելի կեսօր է:
Այս ինչ սարսափելի կեսօր է, Աստված իմ:

 

3
Ես այլևս չեմ հիշում քեզ:
Ես բոլորովին չեմ հիշում քեզ:
Ես հիմա
ընդամենը մի հոգնած ու ձանձրալի մարդ եմ,
որը հազվադեպ է տանից դուրս գալիս,
և որի հաճույքը միակ
իր հին ու բազմաթիվ ժամացույցներն են,
որոնք բոլորն էլ
տարբեր ժամեր են ցույց տալիս
և ինձ պահում են հավերժական անդորրի,
հավերժական անշարժության մեջ:
Իսկ երբ երեկոյան,
սովորականի նման ներս մտավ նա
ու սկսեց պատմել մեր անցյալի մասին,
երգող թռչունների, գունավոր ծաղիկների
և անձրևների մասին,
ես նրան ցույց տվի իմ ժամացույցները,
ես նրան պատմեցի քո մասին,
և հարցրի՝ գուցե տեսե՞լ է քեզ,
և հարցրեցի՝ գուցե հիշո՞ւմ է քո դեմքը,
ես նրան ասացի,
որ ինձ շատ բան պետք չէ՝
ընդամենը մի պատառիկ, մի բառ,
մի որևէ թել, մի փոքրիկ մանրամասն…
Նա լուռ սեղմեց իմ ձեռքը,
նա լուռ հեռացավ՝ աչքերը խոնարհած ներքև:
Իսկ ես փնտրեցի ժամացույցներիցս այն մեկը,
որը խոր գիշեր էր ցույց տալիս,
և բացելով փեղկը,
պառկեցի նրա պատյանի մեջ
քնելու:

 

 

* * *
Աշնան մեջ կա մի պատուհան, և մի աղջիկ է
նստած պատուհանի դեմ, որը թե դուրս նայի
տխուր հայացքով՝ իրիկնային ցուրտ անձրև
կտեղա, և հուսահատ կդեղնեն տերևները:
Ի՜նչ սև է թրջված ասֆալտը, ի՜նչ ամուր է
պատուհանը փակված, և աշնան մեջ
ինչքան միայնակ է աղջիկը,
և ես ինչքան միայնակ եմ
հանկարծ:

 

* * *
Երևի սա հենց այն ձյունն է, որի մասին
ասում են, թե իջնում է և երջանկություն է
բերում իր հետ: Երևի սա հենց այն ժամն է,
երբ մարդիկ հանդիպում են իրար և խոսում են
կարևոր բաներից: Երևի սա հենց այն աղջիկն է,
որին պիտի հանդիպեի առաջին ձյան փաթիլների
տակ ու պիտի խոսեինք կարևոր բաներից:
Եվ երևի սա հենց այն երազանքն է,
որն ամենավերջինն է
երևի:

 

* * *
Բուխարու մեջ ճարճատում են
վառվող փայտերը,
իսկ դու փակել ես աչքերդ
և բազկաթոռի մեջ ընկղմված
սպասում ես,
որ հիմա ինչ-որ մեկը կթակի դուռը,
և դու արագ ոտքի կցատկես
և դու արագ կբացես դուռը
և դու նրան կասես՝ սիրելիս…
Եվ դու դանդաղ բացում ես աչքերդ–
բուխարու մեջ կրակը վաղուց հանգել է,
և դու մի կերպ ուղղում ես մեջքդ
և դու ցրտից լրիվ փայտացել ես՝
սիրելիս…

 

* * *
Արդեն գարո՞ւն է,–
զարմանքով և ուրախացած
հարցրեցի ես՝ տեսնելով դեմքիդ
ձյունաճերմակ սավանի վրա
երկու չափազանց կանաչ տերև։
Օրորեցիր գլուխդ և աչքերդ փակեցիր,
և կանաչ տերևներն անհետացան
ձյունաճերմակ սավանի
ցուրտ ձմռան խորքերում։

 

ԻՍԿ ԵՐԲ ԵՐԵԿՈՅԱՆ

Իսկ երբ երեկոյան դու քայլեցիր ավազների վրայով –
ծովահարսերը շրջապատեցին քեզ,
և չգիտես ինչու ընկճվեցիր նրանց առատությունից:
Ու մինչ հայացքդ նրանց թեփուկավոր
պոչերն էր ուսումնասիրում մանրազնին,
միտքդ աշխատում էր մեկ այլ ուղղությամբ –
քեզ տանջում էին բոլորովին ուրիշ հարցեր,
նախ՝ թե ինչով են սնվում սրանք,
չե՞ն հիվանդանում սառը ջրի մեջ,
և հետո՝ չե՞ն ամաչում մերկ թափառել ծովափով
և այլն:
Հետամնաց, խավար ու մութ ցեղ,
որ մաշում է կյանքը սիրավեպեր կարդալով,
և շարունակ նամակներ է գրում Աբբահայր Պրևոյին՝
Մանոնի մասին նոր տվյալներ ստանալու խնդրանքով…
ավելորդ հոգս ու գլխացավանք դառնալով
նավաստիների առանց այդ էլ խիստ ու դաժան կյանքում,
որոնք կարկտի պես արտահերթ պատիժներ են ստանում
նավերի ամենաանհարմար տեղերում
ամենօրյա հայտնվող գրությունների համար
(«Կեցցե սերը»,
«Ախ, կյանքս կտամ մի համբույրի դիմաց» և այլն),
որոնք չափազանց դժվարությամբ էին ջնջվում,
որովհետև ծովահարսերն օգտվում էին ինչ-որ զարմանալի ներկից,
որը նրանց համար հայթայթում էին թանաքաձկները
անսպառ քանակությամբ…
Իսկ երբ դու երեկոյան քայլեցիր ավազների վրայով,
և ծովահարսերը շրջապատեցին քեզ,
դու առանց ամաչելու արտասվեցիր նրանց առաջ
և պատմեցիր,
որ քեզ լքել են կապույտ աչքերով աղջիկները,
որ կանաչ աչքերով աղջիկները լքել են նույնպես
և պատմեցիր քո կյանքը՝ առավոտյան գնում ես աշխատանքի,
երեկոյան վերադառնում ես տուն, քնում ես
և առավոտյան նորից գնում ես աշխատանքի,
երեկոյան վերադառնում ես տուն,
քնում ես և նորից
առավոտյան գնում ես աշխատանքի…
Եվ ծովահարսերն արտասվեցին քեզ հետ միասին
և փորձեցին համոզել՝ ձեռ քաշել այդ ամենից
և իրենց հետ միասին իջնել ծովի հատակը,
ինչից դու հրաժարվեցիր կտրականապես…
Բայց երբ
ծովի ալիքների մեջ անհետացան ծովահարսերը  դալկադեմ,
և երբ մնացիր մենակ ավազների վրա նստած,
զգուշորեն նայեցիր չորս կողմդ
և ապա դողդոջ մատով գրեցիր խոնավ ավազին.
«Ախ, կյանքս կտամ մի համբույրի դիմաց»
և գլխակորույս վազեցիր,
ինչպես գողը, մարդասպանն է փախչում
հանցանքի վայրից:

 

ՉԿԱ ԼՌՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՏԱՆՋԱՆՔԻ

Ինչպես տեսնում ես, սա նույն նամակն է
և նույնն է սերը՝ ձմեռ է թեև:
Եթե դու լինեիր իմ կողքին հիմա
էլ չէիր հարցնի
թե այս երբ ձյունը իջավ ծառերին:
Եթե դու լինեիր իմ կողքին հիմա,
ես չէի մոլորվի հայացքում մարդկանց,
խաղաղ կընդունեի սկիզբը ձմռան,
ինչպես առաջին հնչյունները հին, ծանոթ մեղեդու,
աչքերիս առաջ կպսպղային
առաջին ճերմակ փաթիլները ձյան…
Ինչպես տեսնում ես սա նույն ձանձրույթն է
և ձյունը միայն գույն է և ոչինչ,
և կարկամել եմ և էլ չեմ կարող
ձմռան խիստ ֆոնին
ավելացնել թեկուզ երկու բառ
կապված սիրո և ծաղիկների հետ…
Եթե դու լինեիր հիմա իմ կողքին
ինձ այցի չէին գա մտքերը տարտամ
և չէի մտածի,
որ կույրի համար ձմեռը ցուրտ չէ,
որովհետև նա չի տեսնում ձյունը
և չի հասկանում իր խուլ ընկերոջ բողոքը համառ,
որ լավ կլիներ չտեսնել այն, ինչ
ինքը տեսնում է,
բայց չի հասկանում,
քանի որ պետք էր այն լսել նաև –
Եվ տառապում են աչքերս հիմա՝
քեզ չգտնելու ցավն այնքան մերկ է ճերմակ ձյան վրա,
իսկ լռությունը… չկա լռություն
առանց տանջանքի
այլ կամ միայն ես ու մի մենություն,
ինչպես վերարկուն
գորշ ու հնամաշ վերջին վերարկուն
ծեր տղամարդու…

 

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՕՐՎԱ ՍԿԻԶԲ

Ես հիմա հետզհետե մեռնում եմ քո սիրուց,
որովհետև քո սերը հետզհետե մեռնում է իմ մեջ:
Հիմա այնքան կարևոր գործեր կան,
այնքան կարևոր հոգսեր:
Եվ որտեղի՞ց ժամանակ գտնեմ
նստելու ծովի ափին,
նայելու ալիքների խաղին, որոնք երևի նախկինի նման
մեկ խփվում են ափին,
մեկ գլորվում են ետ,
որտեղի՞ց ժամանակ գտնեմ նայելու լուսնի դեմքին,
որը մի դեպքում արցունքի կաթիլ է,
մեկ՝ կարոտով սպասող աչք
և շատ ավելի հաճախ՝ հավերժական վկա՝
բաժանումների, սիրո, հանդիպումների, մոռացության:
Սիրելիս,
դու հիմա մի հերթական անուն ես՝
գրված իմ օրացույցի թերթիկին
և կողքին՝ հեռախոսիդ համարը,
մի քիչ վերև՝ ինչ-որ գրասենյակի համար,
մի քիչ ներքև՝ մի հեռավոր բարեկամի, որի տղան
այրվում է որևէ բուհում սովորելու ցանկությունից…
Սիրելիս, ես հիմա մտազբաղ նայում եմ օրացույցին,
հոգոց եմ քաշում և նայում եմ նորից
և հետո վերցնում եմ ինքնահոսը
և գրասենյակի կողքին գրում եմ՝ հարկավոր է զանգել,
հեռավոր բարեկամիս կողքին՝ հարկավոր է հետաքրքրվել,
իսկ քո անվան կողքին գրում եմ՝ հարկավոր է սիրել
և երկու հաստ գիծ եմ քաշում այդ բառերի տակ…

 

ՌՈՄԱՆՍ

Ես հիմա կուզենայի պառկել մի որևէ հարմար տեղ
և մեռնել քո սիրուց – մեռնել ամենաիսկական մահով,
մեռնել ամենաիսկական սիրուց:
Իսկ որտեղի՞ց գտնել մի հարմար տեղ,
գուցե քաղաքային այգո՞ւմ, մաքուր խուզած խոտերի մե՞ջ,
ծառերի արանքում… բայց թնդում է փողային նվագախումբը,
բայց որոտում են բարձրախոսները և կարուսելներն են ճռնչում,
և երեխաներն են վազվզում ամենուրեք,
իսկ թոշակառու կանայք փնթփնթում են՝ թո՜ւ, այս ո՞վ է
պառկել խոտերի մեջ, երևի հարբած է, չի էլ ամաչում…
Գուցե տո՞ւն գնամ, պառկեմ բազմոցին,
փակեմ դուռ ու լուսամուտ…
բայց հեռուստացույցը երգում է բարձրաձայն,
բայց հեռախոսը զնգում է անդադար,
իսկ վերևի հարկում հայրը դաստիարակում է երեխային,
իսկ ներքևի հարկում երեխան դաստիարակում է հորը,
և դժգոհում են իրարից անթույլատրելի եղանակներով,
գումարած ծորակը, որից ջուր է կաթում անդադար…
Միգուցե գնամ քաղաքից դո՞ւրս՝ հեռու մարդկային ժխորից,
վերջին լուրերից, տրամվայից, պինոչետից, ասպիրինից,
կպառկեմ բաց երկնքի տակ, գլուխս կդնեմ չոր քարին,
կնայեմ լուսնին և քո դեմքը կտեսնեմ,
քո աչքերը կտեսնեմ և սիրտս կմարի ցավից…
Բայց քաղաքը ոչ մի կերպ չի վերջանում, այլ շարունակվում է
քաղաքատիպ ավանով, հետո ավանատիպ
գյուղերն են սկսվում, և ապա դարձյալ նույն քաղաքն է
ծավալվում քո դեմ, շատ պարզ պատճառով՝ որովհետև
երկրագունդը կլոր է, և ամենուրեք նույն կլոր լուսինն է,
կլոր ու ծանոթ, ինչպես նույն մուտքի բնակիչ,
որի անունը չգիտես, բայց բարևում ես կանոնավոր,
և նույն երկինքն է՝ Մենդելեևի աղյուսակի
նման ձգված վերևում, և աստղերը շարված են
ամեն մեկն իր վանդակում, և ահա, աղյուսակում, վերջապես,
գտնում եմ մի դատարկ վանդակ,
գնում պառկում եմ ապահով,
և մեռնում եմ քո սիրուց, ամենաիսկական մահով –
ամենաիսկական սիրուց…

 

ՌԻԳԱ

Մի բարակ անձրև է հարկավոր քեզ նորից հիշելու համար,
մի թեթև քամի, որ օգնելու է
թերթելու այս գիրքը հաստաբեստ՝
լցված սև-սպիտակ նկարներով:
Ի վերջո հրաշալի էր ծխել Բալթիկ ծովի ափին,
երբ քեզ հետ լռում են համերաշխ,
և ինչ է երջանկությունը՝ մի տուփ ծխախոտ,
լուցկի, որ խոնավությունից այլևս չէր վառվում,
և զարմանալիորեն մանր աստղեր,
ավելի մանր, քան ավազը՝ ծովեզերքին տարածված,
կամ գուցե երկինքն էր շատ բարձր,
և երազները սավառնում էին շատ վերևում,
և ահա թե ինչու են լատվիացիները բարձրահասակ այդքան,
այլ կերպ ինչպես կերազես այդքան բարձր երկնքի տակ,
կամ գուցե ծովն էր շատ ծանծաղ,
ինչպես սկսնակ բանաստեղծի տողացի թարգմանությունը,
որն արդեն քանի օր է ընկած է սեղանիս…
Տրամվայի մի հեռավոր զնգոց էր հարկավոր
քեզ նորից տեսնելու այնպես,
ինչպես հենց այն պահին, երբ մեկն ինձ լատվիերեն
ինչ-որ բան հարցրեց,
իսկ ես, ամենևին չտարակուսելով, պատասխանեցի  հայերեն,
և հետո
սկսեցինք բարձրաձայն ծիծաղել ինչ-որ խառը լեզվով,
թփթփացնել իրար ուսի և նորից ծիծաղել…
Ի վերջո հրաշալի էր ծիծաղել Բալթիկ ծովի ափին,
երբ բարակ անձրև էր գալիս,
և քամին չգիտես օգնում էր, թե խանգարում
թերթելու այս գիրքը հաստաբեստ,
որ հիշողություն է կոչվում…

 

 

* * *
Ես հիմա քեզ էլ չեմ որոնում,
որովհետև գիտեմ, թե որտեղ ես,
ես հիմա քեզ էլ չեմ կորցնում՝
արդեն վաղուց եմ կորցրել:
Ինչպես հին գիրք, թերթում եմ էջերդ՝
խունացել է կազմը, հնացել,
իրիկվա այս ժամին ի՜նչ հեշտ է
տառապել անցած տառապանքները,
կրկնել տխրությունն անցած,
բաժանման դառնություններն ու ցավերը.–
ծերացած թռչնի պես հիացած
շոյում եմ վանդակիս ճաղերը…

 

ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ ՄԻԱՍԻՆ ԵՐԳԵԼՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ես անընդհատ մոռանում եմ հարցնել՝ ո՞ւր կորան
հանկարծ այն անձրևները, երբ կարելի էր թափառել
կիսախավար փողոցներում՝ ոչ մի բանի մասին չմտածելով,
երբ ես շոյում էի քո թաց մազերը,
երբ դողացող մատներով սրբում էի անձրևի կաթիլները
թրջված այտերիցդ: Ուզում եմ հարցնել և անընդհատ
հետաձգում եմ՝ իսկ ի՞նչ պատահեց գիշերվան,
որը, մի՞թե չես հիշում, այնպես թեթևորեն տանում էր
երազների աշխարհ, և ընդհանրապես, այս ի՞նչ փակ դուռ է
երազների աշխարհը ծածկել, ինձ միշտ թվացել է,
թե այնտեղ դուռ չի եղել երբեք: Հիշո՞ւմ ես,
աստղերն ինչքան շատ էին, իսկ հիմա, նայիր,
եթե շատ հոգնած չես, մի քանիսն են մնացել,
մի քանի չնչին գրոշ անցյալի ոսկու դեզերից…
Իսկ ամենակարևորը, չմոռանամ հարցնել, որտե՞ղ ես դու,
ի՞նչ պատահեց քեզ, ինչո՞ւ չեմ տեսնում
այսքան ժամանակ, քեզ, որին տեսնում էի նույնիսկ
փակ աչքերով: Իսկ հիմա աչքերս բացել և միայն
լուսինն եմ տեսնում՝ կողպեքի պես կախված
երազների աշխարհ տանող ծանր դռան վրա…

 

ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Իսկ երբ անջատված հեռուստացույցի պես քաղաքն է մարում,
և մի հերթական գիշեր փոխարինում է  մի հերթական ցերեկվա,
դանդաղ լարում եմ զարթուցիչս հին
և սարսուռով խրվում երազներիս մեջ…
Երազներ, ուր ես ուժեղ եմ և ամենակարող,
անարգել անցնում եմ պատերի միջով
և, որն ամենակարևորն է, թեթևորեն սավառնում եմ օդում
և տեսնում եմ ամեն ինչ,
միայն քեզ չեմ տեսնում ոչ մի տեղ:
Իսկ ես քեզ որոնել եմ բոլոր գրքերի մեջ,
ուր աշխարհի ամենաուրախ քաղաքներն են ապրում,
ուր միայն հանդիպում են մարդիկ
և այլևս չեն բաժանվում:
Բայց դու չկայիր, չկայիր ոչ մի տեղ:
Ես քեզ որոնել եմ կինոների հերթերում,
կինոներ՝ անդավաճան սիրո պատկերներով լեցուն,
և միայն դու չկայիր, չկայիր ոչ մի տեղ:
Շրջել եմ կայարաններում՝ հեռու և մոտիկ,
և դիմավորել գնացքները բոլոր,
բայց դու չես գալիս ոչ մի գնացքով…
Եվ երազն անգամ մաշվում է գրքի պես,
գնալով դժվարանում է անցնելը պատերի միջով,
իսկ ամենավատն այն է, որ պարզապես
անհնարին է դառնում այս աշնան ցրտին
սավառնելն օդում բարակ քնաշորով…
Եվ տարիքս էլ այն չէ, հոգնել եմ արդեն,
ներիր, այլևս չեմ կարող թռչել,
չեմ կարող թռչել…

 

 

* * *
Առաջին սերը – անվերջ մոռանում ես նրան.
ցերեկները չես կարող հիշել, որովհետև դու
զանգում ես հեռախոսով, որովհետև քեզ
զանգում են հեռախոսով, որովհետև ինչ-որ
թղթեր ես ստորագրում, որովհետև քեզ ինչ-որ
թղթեր են ուղարկում՝ ցերեկները դու ծերանում ես
աննկատ, և երեկոյան դու ծերանում ես աննկատ,
և միայն գիշերը, երբ թևիդ ժամացույցն արձակելով
դնում ես սեղանին՝ հիշում ես առաջին սերդ, որը  չի ծերացել բոլորովին:
Դու գիտես, հազարավոր պատեր այն կողմ
նա ապրում է իր կյանքը, և դու
ապրում ես քո կյանքը, թեև արձակել ես
թևիդ ժամացույցն ու դրել ես սեղանին,
և վայրկյանները, մրջյունների պես դուրս վազելով
ժամացույցից, հեռանում են քո կյանքից՝ կորչելով
սեղանին թափթփված գրքերի ու թղթերի արանքում:
Դու գիտես, հազարավոր պատեր այն կողմ գիշեր է:
Եվ հանգած են լույսերը: Ճիշտ այսպիսի մի լուսին
կախված է լուսամուտից և անտարբեր նայում է
նրան, ում կորցրել եմ վաղուց, ում մոռանում եմ
ցերեկները և երեկոյան մոռանում եմ դարձյալ,
և միայն գիշերները, երբ մնում եմ մենակ, հանում եմ
թևիս ժամացույցը, դնում եմ աչքերիս առաջ
և անձայն լալիս եմ անցնող կյանքիս համար,
և արցունքները կորչում են
սեղանին թափթփված գրքերի և թղթերի արանքում:

 

ՍԻՐՏ

Հին բառերի մեջ ամենաշատը դու կարող էիր խաբվել,
դու, թեև այնպես
խնամքով ու հոգատար թաքնված էիր մարմնի
ամենախորքում, ամուր ու ճկուն ոսկորներով  ցանկապատված:
Դու, ամենանուրբն ու ամենազգայունն ու նաև
անհրաժեշտն ու միաժամանակ՝ խաբվածը բոլորից:
Դու ցանկացել ես տեսնել, և աչքերը փակել են աչքերդ,
դու ցանկացել ես գրկել, և ձեռքերը բռնել են ձեռքերդ,
իսկ ձեռքերը կախվել են խաչված՝ դատապարտված
ստրուկների նման՝ հին Հռոմի ճանապարհին:
Դու ցանկացել ես լսել, և ականջները խուլ են ձևացել,
դու ցանկացել ես վազել, իսկ ոտքերը
տարել են քեզ բոլորովին ուրիշ ճանապարհով…
Դու անվերջ ինչ-որ բաներ ես ցանկացել,
բայց քեզ հաճախ խեղդել են ծխախոտի ծխի մեջ
և կամ թմրացրել գինով և օղիով դաղել:
Դու, անզոր ու անօգնական,
ինչպես երեխա՝ բարուրի մեջ ամուր փաթաթած…

 

ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ

Առաջին սերը, որը թաքնվում է ստվերների մեջ,
քաղաքում, ուր ոչ ոք քեզ չի հիշում, ուր ոչ ոք
չի նայում քեզ, բայց ասում են առանց նայելու՝
տխուր է, և ավելի է տխուր, երբ շրջում ես հայացքդ
և զըրընգ-զընգ-զըրընգ… ղողանջում են քաղաքի
բոլոր եկեղեցիները, և պատերի տակ մորթվող
ճերմակ աղավնիների հայացքում արնաքամ է լինում
առաջին սերդ, որը թաքնվում է ստվերների մեջ,
փափուկ փետուրները քսելով սև ու հարթ պատերի
կույր ու սգավոր աչքերին…
Իսկ նրանք չեն նայում քեզ, բայց ասում են առանց
նայելու՝ իզուր է, բայց ավելի է իզուր, երբ շրջում ես
հայացքդ և գլխիվայր նետվում տարիների ջրհորի մեջ
և լացն ու հեկեկոցը ծանր հոգոցի պես պոկվում են
մարմնիցդ ու կնճիռներն են պոկվում մարմնիցդ,
և մանկությունդ լցվում է աչքերիցդ ներս և սեղմում է
սիրտդ… սեղմում է սիրտդ… Եվ խեղդվողի պես՝
զարմանքից ու հիացմունքից բացում ես բերանդ
ճչալու համար, որովհետև տեսնում ես նրան… Նրան…
խորքում, ամենահեռվում, ամենավերջում,
ստվերների մեջ՝ ճերմակ աղավնին – սերը առաջին,
որը մեկիկ-մեկիկ պոկում է իր փափուկ փետուրները,
մեկիկ-մեկիկ բացում է իր արնածոր վերքերը,
և խեղդվողի պես՝ ցավից ու կսկիծից բացում ես բերանդ
ճչալու համար և… զըրընգ-զընգ-զըրընգ
ղողանջում են քաղաքի բոլոր եկեղեցիները…

 

ՍԻՐԱՅԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ  ԳՐՎԱԾ ԱՆՊԱՏԵՀ  ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Դու արդեն վաղուց չկաս՝ ի՜նչ տարօրինակ զուգադիպություն,
չէ՞ որ ես ինքս էլ վաղուց չկամ: Ներիր, սիրելիս,
որ նորից դառնացնում եմ քո հոգին, բայց արդեն չեմ հիշում,
թե դու երբ, իսկ ես վերջին անգամ զոհվեցի երկրաշարժի ժամանակ, հենց առաջին ցնցումից հետո:
Եվ երբ
գնդակը խոցեց ինձ ինչ-որ ցեխակոլոլ խրամատում –
դու արդեն շատ վաղուց չկայիր: Ու թեև դեռևս տասնամյակներ առաջ թուրքական յաթաղանը երկու կես էր արել
իմ սիրտը, որի մի կեսը ժողովրդի ցավով էր տառապում,
իսկ մյուսը լցված էր քո սիրով, բայց ամենադաժանը երևի
37 թիվն էր, երբ ես հրաժեշտ տվեցի քեզ՝ չկարողանալով
նայել քո աչքերին, որովհետև հաջորդ օրն ինձ գնդակահարելու էին որպես ժողովրդի թշնամու:
Բայց, սեր իմ, հավատա, ամենածանրը քաղցից մեռնելն է,
պատերազմից հետո, հիշո՞ւմ ես, վազում էինք
սայլերի ետևից, որոնք քուսպ էին տանում,
և սայլապանի մտրակից ուշակորույս մարմինս ճզմվեց
ետևից եկող սայլի ծանր… թրթուրների տակ
գերմանական տանկի… բայց ոչ, դա ավելի շուտ էր,
երբ մենք հանդիպեցինք երկրորդ անգամ, գետափին,
երբ գետը դեռևս հոսում էր դեպի ծով, ճիշտ այնպես, ինչպես քարտեզին է նկարված՝ կապույտ, քո շրջազգեստից
ավելի կապույտ, թե՞ քո շրջազգեստն էր ավելի…
Ներիր, սեր իմ,
ես արդեն խառնում եմ ամեն ինչ իրար, ծերացել եմ
սարսափելի, ու եթե, Աստված տա, մի քիչ էլ շարունակվի
այսպես, երևի թե այս անգամ, առաջին անգամ, պատկերացնո՞ւմ ես, ինձ հաջողվի մեռնել բնական մահով, թեև,
չգիտեմ, էլ ի՞նչ իմաստ ունի ապրելը հիմա,
երբ դու արդեն վաղուց չկաս,
չգիտեմ, էլ ի՞նչ իմաստ ունի մեռնելը մանավանդ,
երբ ես ինքս էլ չկամ վաղուց:

 

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԳԱՂՈՒԹՈՒՄ

Աշուն է: Բանտարկյալների համար ոտանավոր կարդալու
լավագույն ժամանակը:

Ճերմակ ներկած դահլիճում հավաքված էին գույնզգույն
լաչակավոր մարդասպաններ, գողեր, ավազակներ…
Մի խոսքով, սովորական կանայք, որոնց կարելի է
հանդիպել ամենուրեք՝ փողոցներում, թատրոններում,
տոնավաճառներում, և հատկապես, ընտանեկան
հաճելի մթնոլորտում՝ հարազատներով շրջապատված:
Ոգևորված խոսում էի անկախությունից, ազատությունից,
բազմակուսակցությունից և հարաբերություններից   միջազգային:
Նրանք ծափահարում էին խանդավառ և հետո խնդրեցին ինձ՝
սիրային բանաստեղծություններ կարդալ, որոնց մեջ
խոսք չլիներ անկախության և հատկապես ազատության մասին:

Աշուն է: Բանտարկյալների համար սիրային և հատկապես
բաժանման բանաստեղծություններ կարդալու  լավագույն ժամանակը:

Եվ ահա, սեր իմ, ես հիշեցի քեզ և կարդացի մեր կարճատև
հանդիպման և երկարատև բաժանման,  հեռավոր աշնան մասին,
երբ ծառերը սովորականից շուտ տերևաթափվեցին, և ես
թեթև հագնված հանկարծ խորացա ձյուն ու ձմեռվա մեջ
և այլևս չվերադարձա… Հուզմունքից խզված ձայնով
կարդում էի, և արցունքները գետի պես հոսում էին
աչքերիցս, և հանկարծ նկատեցի, որ բարձր, ձայնը
գլուխները գցած, առանց ամաչելու լալիս են նաև
գույնզգույն լաչակավոր մարդասպանները, գողերը,
ավազակները… Սովորական կանայք, որոնց, արդեն
գիտեք՝ որտեղ կարելի է հանդիպել…

Աշուն է:
Առանց ամաչելու: Բարձր: Ձայնը գլուխը գցած
լաց լինելու լավագույն ժամանակը:

 

 

* * *
Ընդամենը մի կղզի է մնացել,
ուր ապրում են սիրելի մարդիկ:
Ընդամենը մի պայծառ արև,
որը երբեք մայր չի մտնում:
Ընդամենը մի քանի ծառ՝ քաղցր պտուղներով:
Ընդամենը մի երազ,
ուր դու ապրում ես այդ կղզում,
պայծառ արևի տակ,
որը երբեք մայր չի մտնում,
սիրելի մարդկանց հետ ու ծառերի մեջ,
որոնց ճյուղերից քաղցր պտուղներ են կախված…

Ընդամենը մի երազ, որի համար արժե քնել
և այլևս չարթնանալ –  թույնի և մաղձի այս օվկիանոսում:

 

 

* * *
Ո՞ւմ ես թողնում ինձ ու գնում, չես էլ ասում թե ուր,–
հարցրեցիր, երբ շատ կարճ ժամանակ էր մնացել  գնացքի շարժվելուն:
Ոչ դժոխքի ճամփան գիտեմ,– ասացի,– և ոչ էլ Դրախտի,
եսիմ ուր է տանում այս գնացքը վերջին, բայց, դե,
հոգուս խորքում դեռ հույսը չի մարել, որ գուցե
Քավարան ընկնեմ, ի վերջո, մեդալ ունեմ Խորենացու:

Ո՞ւր ես թողնում ինձ ու գնում և ինչո՞ւ չես ջղայնանում,
թե այս ցրտին ինչո՞ւ եմ տանից դուրս եկել  այսքան թեթև հագնված,–
հարցնում էիր էլի ու էլի ու փոքրիկ բռունցքներով  խփում էիր կրծքիս,
մինչդեռ օդակայանում քիչ հետո կհայտարարեն,
որ ուղևորները պատրաստվեն թռիչքի,
և ես հանկարծ հիշեցի.
նավը վաղուց սպասում է ինձ, վերջին նավը և ինքնաթիռը
վերջին, ամբողջովին բեռնված դեղին տերևներով,
անձրևներով, որ քիչ-քիչ փոխվելու են ձյան և ապա
արցունքների, իսկ հետո
կլսվի քո լացի ձայնը, որն անվերջ կհետապնդի ինձ,
կչանգռի ու կարյունոտի սիրտս
քեզանից հեռացող բոլոր ճանապարհների վրա,
վերջին գնացքի մեջ, անհայտության մեջ,
որովհետև չգիտեմ
ոչ Դրախտի և ոչ էլ Քավարանի ճամփան
և միայն մի բան գիտեմ –
քեզանից հեռացող բոլոր ճանապարհները Դժոխք են տանում:

 

* * *
– Ցավ զգո՞ւմ եք,– հարցրեց բժիշկը՝ զարմանքով  ուսումնասիրելով
ծաղիկը, որն աճել էր ուղիղ սրտիս մեջ – ճերմակ թերթիկներով
բարալիկ ծաղիկ էր, որը ես հանկարծ նկատեցի,
երբ հայելու առաջ,
մինչև գոտկատեղս մերկ, առավոտյան
սափրվում էի՝ ածելին զգուշորեն սահեցնելով
այտիս վրայով: Կրծքիս սև մազերի միջից պարզ երևում էին
ծաղկի դալուկ թերթիկները, այնքան նուրբ,
որ վախեցա ձեռք տալ –
թերթիկները չպոկվեն հանկարծ…
– Այս տարիքո՞ւմ և ձմռան այս ցրտի՞ն,– գլուխը տարուբերեց
մեկ ուրիշ բժիշկ, որին հրավիրել էին մի հեռավոր երկրից,
որտեղ, ասում են, դա սովորական երևույթ է
և փողոցներում կարելի է հանդիպել մարդկանց՝
ամբողջովին ծաղիկների մեջ կորած…
– Բայց դե, այդ երկրում հավերժական գարուն է,
տաք ու անձրևոտ են եղանակները,– նկատեց
բուսաբանը և խոշորացույցով ծաղիկը մանրակրկիտ
զննելուց հետո շարունակեց.– Սա քո վերջին ծաղիկն է,
որը չպետք է թողնես թառամի,
այլապես ինքդ էլ կթառամես նրա հետ, ուրեմն,
պիտի հեռու պահես չար աչքից ու չար փշից
և պիտի ջրես օրը երեք անգամ…
…Իսկ երբ նրանք բոլորը հեռացան, ու ես նորից կանգնեցի  հայելու առաջ,
սափրվելս հասցնելու ավարտին, պարզորոշ լսեցի,
թե ինչպես ծաղիկն ասաց.
– Ես կթառամեմ, եթե սերը չորանա սրտիդ մեջ,
և կմեռնեմ, լսո՞ւմ ես,– ձայնը բարձրացրեց ծաղիկը,–
եթե հանկարծ ուրիշ ծաղիկ բացվի այնտեղ.
և զգուշացնում եմ՝ դու էլ կմեռնես ինձ հետ,
և մեզ կթաղեն նույն շիրմաթմբի տակ –
ամբողջովին ծաղիկների մեջ կորած:

 

* * *
Երևի նորից գարուն է,– մտածեցի՝
նայելով պատուհանից դուրս,
ծառին, որի ճյուղերին փոքրիկ
տերևներ էին հայտնվել,
թռչուններին, որոնք ջանասիրաբար
թափահարում էին թևերը, հավանաբար
օդում մնալու համար:
Երևի պայծառ օր է,– մտածեցի՝
նայելով ծայրեծայր կապույտ
երկնքին և արևին, որը բարեխղճորեն
լուսավորում ու տաքացնում էր բոլորին:
Երևի դու դեռ սիրում ես ինձ,– մտածեցի՝
նայելով պատուհանից դուրս, աշնանը,
երբ մանր անձրև էր գալիս:

 

ՄԻ ՕՐ

Մի օր, մի ամպամած երկուշաբթի առավոտ,
երբ ես կհոգնեմ քեզ սպասելուց,
կնստեմ առաջին իսկ պատահած նավն ու
կհեռանամ այս ամպամած աշխարհից,
ուր ինձ այլևս ոչ ոք չի սիրում: Մի օր,
հատկապես երկուշաբթի վաղ առավոտյան,
կնստեմ առաջին իսկ պատահած գնացքն ու
կհեռանամ, հուսահատված, որ բոլոր կիրակիներին
անխտիր հաջորդում է երկուշաբթին, իր գորշ
ու վաղ առավոտներով, երբ պատուհանի առաջ
կանգնած մտածում ես՝ ի՞նչ իմաստ ունի
սափրվելը, չէ՞ որ դու հեռանալու ես
առաջին իսկ պատահած ինքնաթիռով,
երկուշաբթիներով բերնեբերան լցված այս աշխարհից,
ուր այլևս ոչ ոք քեզ չի սիրում:

 

Շարքը հրապարակաման պատրաստեցին՝ Արքմենիկ Նիկողոսյանն ու Հասմիկ Հակոբյանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *