Աննա Դավթյան | Ցրիվ

Լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի

 

Մի ձայն մթության մեջ։ Չէր թեքվելու անգամ՝ նայելու դրա ուղղությամբ։ Ձայներ՝ խուլ դնգոցներ։ Այնքան որ անլրելի էր աշխարհը։ Ընդարձակվող բազում փեշերից։ Մարմրող լույսեր հեռուներում։ Ամեն մեկից փոքրիկ մի հետք։ Ոչինչ՝ բացի դրանց կուտ-կուտ կումերը՝ ցած սահող խավարի լարերից։ Չհետեւել։ Պարզապես պառկել մթության մեջ ու կրկնել, քնելու համար կրկնել՝ թող ոչ բոլորը ինձ սիրեն։ Գլխից հեռացնել տպավորությունները որոճալու սովորությունը։ Տպավորությունների սուտլիկ որսկան։ Այնքան տարիներ հետո հասկացավ ու ուզեց սովորել քնել։

Երազում այլեւս չէր տեսնում նրան։ Նա, ով մահվան մեջ մտավ։ Քանի որ այլ փորձառության տեղ չէր մնացել։ Մնացել էր միայն լքել մորը։
Հիմա նրա սպիտակ շապիկի տակ այլեւս չկա այն մարմինը, որը կլանում ու անդրադարձնում էր արեւից եկող ստվերը։ Մեռած է ու դասված։ Առանց որոշակի հատկանիշների։
Նրա սպիտակ շապիկը դրված է բազմոցի գլխին, սենյակում։
Մայրը հույս ունի պահպանել հոտը։
Ապակու տակ դրված է նրա գրպանի վառված նոթատետրը։ Չի պարունակում անօդաչու սարքերի մասին հիշատակումներ։ Երազանքներ են։ Ինչպիսին ունենում են երիտասարդները։ Շատ երիտասարդները։ Երիտասարդները պետք է տեսիլքներ տեսնեն։ Ասում է Հին Կտակարանը կամ ինչ-որ աղանդ։ Մանանեխի չափ երիտասարդները։

Մոռանում եմ, բայց երբ հիշում եմ, ապուշ եմ կտրում։

Երկու փոքրիկ լույս՝ այն երկուսը։ Իրար փարված տղաներ։ Ջուր են խմում իրար բերանից։ Երկրորդը բոլորովին գինի չի խմում, միայն կակաո ու ընկերոջ ծլուլ-քրտինքները։ Ձեռքը տանում է նրա մեջքի վրայով, փայփայում է կողերը։ Սրբում է թիակների ջուրը։ Ակնկալում է հիացմունք։ Լուծում է մոր վրեժը իրպեսից։ Վարժեցրել է նրան, ընտանի են։ Մայրը թաղված է հեռու մի գերեզմանոցում։
Սրանց էդ հեռու դաշտերից վերջին ճարով ետ բերեց։ Աղոթեց ու աղոթեց առանց աստծո։ Կապկտուր ընկած, դիմելով ում պատահի։ Սաստիկ էր կարիքը, ինչ խոսք։ Նայում էր դաշտերի երախներին։ Որտեղ փշերի վրա մնացել էին կախված վերջին կյանքերը։ Աշնան ամեն մի ծաղիկ՝ արնակալ մռութը սրբող քոռ։
Մարմնամասեր՝ մակաղած դաշտի երեսին ու փոսերի մեջ։ Ցփնված ու չհամարակալված։ Ում անունը՝ ում գրպանի մեջ, նաեւ ձեռքը։ Հետո ծածա՜ն-ծածան եռագույն դրոշներ։ Նրանց հոգիները ծվարած բլրի ծառերի քամիների մեջ։

Ինչպե՞ս գրկել այս երկրի ձյուները։
Ինչպե՞ս ժողովել՝ հարցնում է ժողովողը։

Երբ դուք այնտեղ էիք, ես դողում էի։ Բոլոր 44 օրերին անկողինս գցված մնաց հյուրասենյակի բազմոցին։ Որից ցած էր սահում սեպտեմբերի, հոկտեմբերի ու նոյեմբերի վերմակը։ Հետո ցնծություն, երբ մենք պարտվեցինք, քանի որ դողում էի։

Հետո ուշի-ուշադիր նայել, սովորել ով եք։

Ներել ձեր փոքրիկ թերությունները։ Դրանք սկսել են մեծանալ իմ աչքում՝ պատերազմի հեռանալու հետ։ Իմ հատուցման մի մասն էլ ներելն էր։ Ուրիշ բան չկար անելու, բայց դե, գիտեք, ինչքա՞ն։

Հիանալ, որ մի դռան շուն եք։ Որ գաղտնիքն ի՞նչ է, որ ձեր միջեւ չկա։ Տեսնել մեկիդ մարմնի անարգումը մյուսիդ աչքերում։ Տեսնել, որ սարսափել եք իրար դիակ տեսնել։ Նաեւ երբ ասել են՝ գնացեք, դիակները հավաքեք, կատաղի քրֆել եք։ Չեք գնացել։ Ոչ մեռել եք, ոչ էլ դիակ եք հավաքել։ Համարյա հաղթած եք։ Կերեք իրար։ Ջահել ատամների կափկափոցը դիմացինի ջահել դնչի վրա։ Ո՞վ է ձեր այսքան երիտասարդությունն հոգալու։ Ո՞վ է հոգալու ձեր սերը։ Ձեր հույսն ինձ վրա։ Փհա՜յ…

Գլխի վերեւում կախված է լուսավոր ջահի մոլեկուլը, որ ստվերներ ու կնճիռներ է գցել։

Հետո՞ ինչ, որ անկուշտ ենք։

Փախեք։

Ու իբր… բռնվեցի՞ր, սիրտիկս։ Սա արդեն էլ ավելի ուրիշի մասին է, որ նշան բռնելու համար ինձ ասել էր sugar mama։ Ու դա ձանձրալի է, ոչ թե ուրիշ բան։ Նա սիրում է այն աղջկան՝ գեղեցիկ կրծքերով, որոնց ճարպի մեջ հին ուտելիք է։ Նրանք ձեւ արեցին ու չպարեցին իրար հետ։ Ձեւ արեցին ու պարեցին ինձ հետ։ Բայց նրանք իրար հետ էին, ինձ հետ չէին։ Բնավ։

Իսկ էկրանին մլմլում է սիրուն կոկորդ ունեցողը։ Ես նայում եմ։ Որտե՞ղ կդրվեր դանակը։ Դանակը կնոջից շուտ է հասնում տղայի վզին։ Այդպիսին է երկիրը։ Պարանոցով սրում են դանակների շեղբերն, ու կուրծքը ստուգում է գնդակի սրությունը։ Կնոջը ի՞նչ է մնում անել։ Ողբալ ու ինքդ բերել էն մեկին, որին կսիրես։ Ուրիշ ի՞նչ։ Ինչպե՞ս պոկել դրանց, բերել-հասցնել գիրկը։ Քանի որ այնքան տարված են իրենց ջահել գործով՝ մեռնելով։

Ու հին ապրողից փոխ առած հանգով՝ o՜, անմխիթար հույս ու ջերմություն պաղած։ Օ, վշտի ծավալուն վրաններ։ Սպիտակ քողարկիչ կտորներ սպիտակ ձյան վրա։ Այնպես որ վերեւից համարյա չես տարբերակի՝ մեռա՞ծ է, թե՞ պարել է ձեւացնում։

Ու հարցնելով հին մեռելներին՝ վե՞րջ, թե՞ էլի կմագլցի, կճոճվի լարին։ Իբր թե ապրել գիտի։ Իբր թե խելքը գնում է խելքահան անելու համար։ Մահից հետ դարձնելու։ Իբր թե աչքատակերն արդեն մանուշակագույն չեն դառել։ Մտածելով՝ գեղեցիկ գույն է։ Փոքրությանը նկարած զանգակների գույնը։ Ու մանուշակագույնի հոտը, որ տարբեր էր։ Թքած մանուշակների վրա։
Լալ, անելիք չունեցողի պես լալ։ Անհրճվանք, անմոլի, անաղ։

Իմացել եմ, որ թափել են կանանց ամբողջ գնդի աղիքները։

Դրանք հնարավոր չէ թաքցնել։

Ոչ մի փորի տակ։

Ճարպի տղան ինձ ասաց.
– Որ ֆլիրտ անեմ, չես դիմանա։
– Կդիմանամ։ Ես դիմանում եմ մահվան գայթակղությանը,- չասացի։ Ասացի՝ լավ։

Սեղանի վրա դրեց գեղեցիկ, մազոտ թեւերն ու կարմրեց սիրածի գալուց։ Աչքերի գույնը շաղ եկավ, կտրվեց խոսակցության թելը։ Չհավատաց, որ երկար չեն սիրում։ Նայում էր դիմացը, բայց տեսնում էր հետեւը, որտեղ աղջիկն էր, թվում էր՝ մի ամբողջ կյանք կա սիրելու։ Ջանի՜կ։

Հեռախոսը դրված սպասում էր ծնգոցի։

Ես ոչինչ անել չէի կարող։

Նայել մութ պատուհանից դուրս, որ ներսն է ցույց տալիս, ու տեսնել տղայի խռչակը։ Մտքում դնել դանակը վզին ու տառապել, ահավոր տառապել ցավից։ Մինչ նրա գլխում սուրում են ապագայի սարքերը՝ ինչպես օձի լեզուներ։ Նա կարծում է՝ ապագան կա եւ իրենն է։ Նա կարծում է՝ սերը կա եւ իրենն է։ Նա կարծում է՝ ես կամ, եւ երբ ուզի՝ իրենը։ Ես կարծում եմ՝ ամեն ինչ բաժանված է ու նվիրված։

Ցոլացում, ցոլք, ցոլացում, ցաք։
Որսացանցը՝ լղպոր քարերին։ Ոչ թե կակուղ թառանչուն նեոններ՝ խոտոր խոստումներով, այլ հին ձեթով ճրագներ՝ անջրպետն ի վար։ Մարդու խոսելն իսկ չի գալիս։ Ուր մնաց՝ անդունդով ցած վազելը։

Եւ, ուրեմն, ո՞վ է մնում։ Նրանցից ո՞վ է մնում։

Ես դեռ մնո՞ւմ եմ։

Ցաքուցրիվ, անկար ու ներկայի մեջ ճապաղված։

Նրանցի՞ց ով է մնում։

Ապավինելու իմ արգասավորությանն ու ամլությանը։

Մարմրող լույսեր հեռուներում։

Ո՞վ է կարող ցանկության վրա ցանկություն գլխել։

Ո՞վ է կարող հեռու հրել խավարի սայլը։

Ո՞վ է կարող ճրագը կախել ապագայի վզից։

Ո՞վ է կարող մրցել՝ որ մեկս է սպանելու։

Մռնչալ անորոշ անցյալի վրա։

Սեղանին դրված է մեղվի չափ թանաքամանը։

Ո՞վ է կարող ետ պատմել:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *