Ծովային պահմտոցի
Ես ընդամենը 4 տարեկան էի, երբ Հոնգորա ծովը կուլ տվեց մայրիկիս ու տարավ իր ստորջրյա թագավորություն: Ես ու հայրիկը տխրությունից փոքրացել, մրջյունի չափ էինք դարձել, բայց նրան գտնելու հույսը չէինք կորցնում: Մեր գլխավերևում գրեթե միշտ սև ամպեր էի տեսնում ՝ բարձր որոտներով անձրևող: Բայց մենք անընդհատ փնտրում էինք մայրիկիս, անկախ եղանակից ու անկախ նրանից, թե հանգամանքներն հետո ոնց կդասավորվեն: Հայրս միշտ քաջալերում էր ինձ, մեր փնտրումը վերածում խաղի: Իսկ օրվա վերջում՝ որպես մրցանակ, հանձնում խոստացված կոնֆետը: Ես էլ միամիտի պես կարծում էի, թե աշխարհի կարգն է էդպես. բոլորի մայրիկները թաքնվում են, որ հայրիկների հետ փնտրենք նրանց, ու դրա համար էլ մրցանակ-կոնֆետ էինք ստանոմ: Բայց ես հոգեպես ազնիվ չեմ լինի ձեզ հանդեպ, եթե չխոստովանեմ, որ տխրությունս այդ ժամանակ ոչ մի կոնֆետով էլ չէին վերադարձնի: Ես ներսս այնքան էի լցրել տխրությամբ, որ չափազանց կուշտ էի կոնֆետի համար: Իսկ երբ հայրիկից հեռու էի, լցված կոկորդով իմ զսպված լացն էի լալիս, որովհետև շուրջս ամեն ինչ նույնն էր ու իրենց հին տեղերում, միայն մայրս էր պակաս, նա , ով ցանկացած կոնֆետից քաղցր էր ինձ համար:
Ինձ ուրախացնելու համար հայրս գնեց աշխարհի ամենամեծ ռետինը, մոտավորապես իմ հասակի և ջնջեց բոլոր տխրություններս: Մի օր էլ ճակատս գրկած՝ մի հրաշալի բան ասաց.
– Մեր մայրիկն հիմա ծովերի թագուհին է և ամեն օր հազարավոր ձկների է փորձանքից փրկում: Ուրեմն պետք է մի քիչ համբերող լինենք ու նրան գտնելու համար մի մեծ սուզանավ կառուցենք: Այդ ժամանակ դու արդեն մեծ աղջիկ կլինես ու մայրիկիդ պես գեղեցիկ:
Իմ կարծիքով հայրիկն իրավացի էր: Մայրս անհետ չէր կորել, նա ուղակի նոր պաշտոն էր ստանձնել՝ ծովերի թագուհու: Եվ հենց այս միտքն էլ ինձ հոգեպես ուժեղ դարձրեց, սուզանավ կառուցելու չափ ուժեղ: Իսկ մեծանալը խնդիր չէր: Ես ամեն օր դիմափոշի ու կարմիր շրթներկ էի քսում երեսիս, որ ավելի շուտ մեծանամ …
Պեպենոտ հսկան
Ասում են՝ Հոնգորա ծովը գոյացել էր մի պեպենոտ հսկայի արցունքներից: Պատկերացրեք՝ ոչ մի կաթիլ երջանկության քաղցրահամ արցունք չէիր գտնի ծովում, որովհետև ասում էին՝ հսկան իր տխրությունն էր լացում: Իսկ տխրությունը միշտ աղի է: Օրը բացվում էր, տխրություն էլ հետը: Հսկան գնում, նստում էր մի բարձր ժայռին ու լացում, որովհետև իրեն բարի լույս ասող չկար, որովհետև մարդիկ, երբ տեսնում , զարմանքից աչքերը կլորացնում ու վախեցած նայում էին վեր՝ այսինքն իրեն: Լալիս էր, որովհետև իր հասակի ընկեր չուներ և կարծում էր՝ երբեք չի գտնելու: Լալիս էր նաև նրա համար, որ քաղաքից քաղաք ընդամենը երկու ոտնաչափ է ու ոչ մի հետաքրքիր ճամփորդություն: Նա երբեք ոչ ոքից ոչինչ չէր գողանում, բայց մարդիկ՝ այդ կարճ ու հաստլիկ արարծները, կորցրածի համար նրան էին միշտ մեղադրում: Եվ քանի որ ոչ մի մխիթարող չկար, առիթից օգտվելով՝ մի քիչ էլ լացեց ցածր թռչող ամպերի համար, որ քայլելուց անընդհատ գլուխը հարվածում էր նրանց ու սառեցնում: Մի փոքր էլ լացեց իր բաձր փռշտոցների համար, որ մարդիկ ամպրոպի տեղ էին դնում: Լաց էր լինում հոնգուր-հոնգուր և այնքան աղեկտուր, որ լսողը կկարծեր, թե սիրտը մսաղացի մեջ դրած՝ աղում են: Այնտեղ՝ ժայռին նստած, նա պատրաստ էր ևս 2 ծով լցնել իր արցունքներով: Իսկ երբ վերջին կաթիլ արցունքն էլ թափեց, սիրտը ցամաքեց ու վերածվեց մի ծռմռված, պեպենոտ ժայռի: Եվ իսկապես, ի՞նչ միտք ուներ ապրելը, երբ ամբողջ աշխարհում դու մեն-մենակ ես, երբ փռշտոցդ որոտի տեղ են դնում, երբ քաղաքից քաղաք ընդամենը երկու ոտնաչափ է: Ի՞նչ միտք ուներ ամեն օր քնել ու արթնանալ, երբ բարի լույս կամ մնաս բարով ասող չկար:
Հսկան լուռ քարացավ ու կարծում էր, որ աշխարհն էլ իր հետ կփլվի, որ կցամաքի Հոնգորա ծովը, ամպերը երկնքից ցած կընկնեն, ոչ ծաղկավետ այգիներ կլինեն, ոչ էլ շնչավոր արարած: Բայց ոչ՝ աշխարհը խավարեց նրան ի պատասխան: Շուրջն ամեն ինչ խաղաղ էր ու կանաչ: Եվ այնքան սեր կար օդի մեջ, որ շուտով հսկա ժայռի պեպեններն էլ ծաղկեցին: Ափսոս խեղճը քարից էր ու չէր կարող տեսնել: Ո՞վ գիտե, գուցե այն ժամանակ տխրությունն անցներ ու հասկանար, որ աշխարհը շատ քաղցր է տխրելու համար, որ շնչելն ու ապրելը հրաշալի բաներ են: Ու ոչինչ, որ քաղաքից քաղաք ընդամենը երկու ոտնաչափ է, իսկ ամպերը հենց գլխիդ վրա, որովհետև շտապող մարդկանց համար կարող էր քայլող ինքնաթիռ դառնալ: Եվ ով գիտե, գուցե այդպես գտներ և՛ ընկերներ, և՛ իր կորցրած ուրախությունը…
Ծեր ամպը
Այն ահավոր օրից անցել էր 10 տարի:Սուզանավի կառուցումն ավարտեցի՝ այս ողջ ընթացքում երազելով մորս գտնելու մասին ու միլիոն անգամ այն մանրամասն պատկերացնելով: Բայց ամբողջ ցավն այն է, որ հայրս տխրությունից ճերմակել էր ու չափազանց թույլ էր ծով դուրս գալու համար: Եվ ստիպված անճար գյուտարարի պես ջրային լուսարձակ սալյուտ հորինեցի, որ ծովից հորս ազդանշան տամ մայրիկին գտնելու առթիվ: Իսկ քանի-քանի միլիոնավոր սալյուտներ կպայթեին իմ հոգում այդ պահին, աչքերս երջանկությունից կպղտորվեին ու մորս դեմքը աղոտ կտեսներ: Առանց շտապելու կգրկեի նրան ու կշնչեի ամեն միլիմետը առանձին-առանձին: Ու թեկուզ աղոտ, թեկուզ կիսափակ աչքերով, բայց կզգայի իմ մանկության հոտը ու մեկլ էլ կզգայի, որ մենակ չեմ: Ես հաճախ էի ընկնում երազների գիրկը ու այնտեղ մնում այնքան, ինչքան սիրտս ուզեր: Ու թեև երազներում մայրս առաջվա պես փամփլիկ էր ու տաք, բայց հավատացեք, երազում տեսածդ ուզածիդ չափ կենդանի չի ստացվում: Մնում էր միայն վստահությամբ և հույսով լցվել, որ սուզանավի կառուցումը շուտով կավատրվի, որովհետև ծովը երբեք իր սեփական կամքով չէր զուլալվի այնքան, որ ափից մայրիկիս տեսնեի: Սուզանավի կառուցումն ավարտելուց հետո գնացի հորս հրաժեշտ տալու, որովհետև վստահ էի, որ ժամանակն է ճանապարհ ընկնելու: Հայրս` այն ծեր ու սպիտակ հսկա ամպը, որ այդքան տարի ամպի պես կերպարանափոխվելով քանի ու քանի ձևեր է ստացել ինձ ուրախացնելու համար, իր հերթական կերպարանափոխությամբ դարձավ խուճուճ ծաղրածու, որ հրաժեշտի տխրությունը հանկարծ չներխուժի սիրտս, որ չզգամ ավերիչ ռումբերի պայթյունը հոգումս: Ու ես կյանքումս առաջին անգամ ինձ մեղավոր զգացի իր ուրախ կերպարանափոխման համար: Պինդ գրկեցինք իրար , սովորականից ավելի երկար ու պինդ: Գուցե վերջին անգամ էր, որ զգում էի հայրական գիրկը՝ ամենաապահով ապաստարանը : Եվ աստված վկա, ինչքան էլ հեռու լինեմ, թեկուզ ծովի հատակին, թեկուզ մեկ այլ մոլորակի վրա, կսիրեմ հորս գիրկը աշխարհի բոլոր տեղերից ավելի շատ: Բայց ինձ վիճակված էր դուրս գալ ծով, մորս գտնել, իսկ նրա հետ՝ նաև իմ կորած մանկությունը:
Սուզանավը մթերքներով բեռնավորված՝ դուրս բերեցի ծով: Չգիտեի՝ ինչ էր լինելու, բայց դա երազանքից իրականություն տանող իմ առաջին կայարանն էր:
Այստեղ ավարվեց իմ ցամաքային կյանքը: Իսկ առջևում Հոնգորա ծովն էր՝ իր կապույտ-կանաչ գաղտնիքներով…
Ծովահեն Խեցգետնուկը
Եթե ինչ-որ մեկը ձեզ համոզի, որ ծովագնացությունը հրաշալի բան է, չհավատաք: Արդեն երկու օր նավարկում էի, և անընդհատ ճոճվող հատակն ինձ օրեցոր անտանելի էր թվում: Մի անվերջանալի եզերք, գլխապտույտ, մենություն, իսկ մնացած դժվարությունների մասին մեծահոգաբար լռում եմ: Այնպես որ ինձ հակառակը մի համոզեք, անգամ եթե հաստ բեղերով, անվախ հերոս եք: Իսկ երբ շուրջդ ոչինչ չի՛ փոխվում, երբ ոչ մի կենդանի արարած չկա, իսկ եղանակն էլ միշտ նույնն է ու առանց ալեկոծության, ծովագնացությունը վերածվում է դատարկ գործի: Դեռ մի քանի օր էլ պետք էի նավարկեի բաց ծովում, մինչև կհասնեի առանցքին, որովհետև ասում էին՝ ամենախորը իջվածքը ծովի հենց կենտրոնում է: Սուզանավի ղեկը պտտեցի հենց այդ կողմը: Մեկ էլ դիմացի կղզուց ինձ օգնության կանչող մի անծանոթ արարծ նկատեցի հեռվից: Ես ոգևորված առաջ սլացա ու որոշեցի նրան ինձ հետ վերցնել: Ախր անծայրածիր ծովում առանց ընկեր նավարկելը այնքան ձանձրալի էր, երբ մանավանդ երազանքդ արդեն մոտ է ու իրական է թվում: Մի ամբողջ ժամ նավարկելուց հետո հասա կղզուն: Պարզվեց՝ օգնություն կանչողը ծովահեն Խեցգետնուկն էր: Նրան այդպես էին կոչում, որովհետև խեցգետնի պես զրահե փոր ուներ և ուր բեղեր:
-Ո՜վ բարի աղջիկ,- քաղաքավարի տոնով սկսկեց նա ու ծնկի իջավ իմ առջև,- վերցրու ինձ քեզ հետ: Ծովի մակարդակն օրեցոր բարձրանում է: Իսկ իմ հին կղզուց ոչինչ չի մնացել, ընդամենը մի տաս ոտնաչափ,- ողբում է աղեկտուր ու կեղծ փռշտում,- հափչի՜: Այդքան էլ ճիշտ:
Ու թեև նա ինքնավստահ, պնդաճակատի մեկն էր երևոմ, ես ամեն դեպքում նրան ինձ հետ սուզանավ վերցրի, որովհետև բաց ծովում ավելի լավ է Խեցգետնուկի նման փչան ուղևոր ունենաս, քան ոչինչ չունենաս: Իմ մեծահոգությանը հակառակ՝ խորամանակ ծիծաղեց ու թռավ սուզանավի մեջ: Հավանաբար սկզբում ինձ անխելքի տեղ էր դրել և ուզում էր ամեն գնով թալանել.
-Մտքովդ էլ չանցնի ինձ թալանել: Ես ոչ մի գանձ չունեմ, բացի իմ երազանքից:
– Ուրեմն երազանքդ կթալանեմ,- ինքնագլուխ որոշեց նա:
– Ցավում եմ, բայց չես կարող: Այն շատ ծանր է ու թափանցիկ, մեջքդ կցավեցնես:
– Ուշադիր ինձ լսիր, փոքրի՛ կս,- սպառնաց նա՝ համբերությունից դուրս գալով,- եթե հենց հիմա ինձ ցույց չտաս երազանքիդ տեղը և չասես ինչ կա մեջը, որ այդքան ծանր է, ես քեզ ծովը կնետեմ: Վստահ եմ, գիշատիչներին այնքան դուր կգաս …
Ես խոստացա նրան ցույց տալ երազանքս, եթե հարցիս պատասխանի.
– Դու մայր ունե՞ս,- հնչեց հարցս ամենայան լրջությամբ:
– Քե՞զ ինչ,- բղավեց նա ու մի քիչ շփոթվեց:
– Պարզ է, այդպես էլ գիտեի: Ցավում եմ շատ: Իսկ իմ մայրիկին ծովն է կուլ տվել: Գնում եմ նրան ազատելու: Եվ գիտե՞ս, ոչ մի թանկարժեք իր ինձ հետ չեմ վերցրել, միայն նրան գտնելու երազանքս, որ լցրել եմ կարոտով: Դրա համար էլ այդքան ծանր է:
Նա լսեց, լսեց, հետո գլուխը տխուր կախեց: Իսկ ես միևնույնն է , զարմանում էի, թե ինչու՞ էր չարագործ ձևանում զրահի տակ թաքնված այդ փափկասունը: Հետո իմ խոսքերից նա ամոթից կարմրեց և այդպես կարմիր էլ մնաց:
– Նշանակում է ես ոչինչ չե՞մ թալանելու այսօր: Ախր ես ծովահեն Խեցգետնուկն եմ,- հառաչեց նա այնքան խղճալի, որ փորձեցի մխիթարել մի քիչ:
– Ես բոլորովին չէի ուզում քեզ վիրավորել: Ախր դու այնքան լավն ես, իզուր ես չարագործ ձևանում: Եթե ուզես՝ կըկերանանք, բայց նախ պետք է մի բարի գործ անես:
– Բարի գո՞րծ,- ուրախությունից աչքերը պսպղացրեց Խեցգետնուկը,- իսկ որտեղի՞ց այն գողանամ:
– Գիտե՞ս, չափազանց անքաղաքավարի է ուրիշի սուզանավի վրա գողություն անելը: Հետո էլ բարի գործը չեն գողանում, նվիրում են: Այ օրինակ դու կարող ես ինձ օգել՝ մայրիրկին գտնենք: Եթե օրինակ կամքի ուժ դրսևորես և դիմանաս ինչոր բան գողանալու գայթակղությանը:
– Ուրեմն ոչ մի թալա՞ն:
– Ոչ մի:
– Համաձայն եմ, ուրեմն շտապենք մայրիկիդ գտնելու:
Ես երբեք չեմ մոռանա, թե ինչ կատարվեց այդ պահին ինձ հետ: Ցամաքում ես առաջ ոչ մի գրոշ չէի վաստակել և վաստակելու ձևն անգամ չգիտեի: Իսկ այնտեղ՝ ծովի վրա, իմ բարության դիմաց առանց գրոշի ես վաստակել էի ինչ-որ մեկի վստահությունը և հարստացել մի նոր ընկերով: Բայց երազանքիս կշիռը ծանրանալու փոխարեն զարմանալիորեն թեթևացել էր: Մենք լողում էին առաջ ու կատակներ անում: Իսկ երբ վերջապես հասանք ծովի առանցքին, մինչև սուզվելը Խեցգետնուկը որոշեց ինձ հյուրասիրել ծովի ամենահամեղ պատառով՝ կնճիթավոր ձուկիմոներով, որոնց ափին մոտ լողալիս երբեք չէիր տեսնի: Կարթալարը դեռ նոր էր ծովը նետել, երբ թխպոտ ամպի հոտ զգացինք, ու ծովը վայրկյանական փոթորկվեց: Խեցգետնուկի դեմքին տագնապ ու վախ հայտնվեց, երբ ջրի խորքից ինքնաթիռի արագութամբ դեպի մեզ մոտեցող հսկա ստվեր նկատեցինք: Զարմացա՞ք, սպասելի էր, որովհետև սկսզբում ես էլ զարմացա և կարծում էի, որ տեսածս իմ վառ երևակայության արդյունքն է: Բայց ոչ, համենայնդեպս նա կենդանի էր, ինձ նման ողջ, նույնիսկ ավելի ողջ քան ես, որովհետև հաղթել էր ինձ ու իմ վառ երևակայությանը: Մի պահ քարացանք ես ու Խեցգետնուկը, հալվեցինք վախից ու դարձանք երկու գթալ շաքարավազ հսկա ծովի բաժակում: Ու թեև ցամաքից հազարավոր կիլոմետրեր հեռու էինք, մեր շնչառությունը վերագտնելով՝ դադարեցինք վախենալ, հուսալով, որ հրեշավոր արարածը շուտով կհեռանա: Բայց երբ նա ծովից դուրս ցատկեց մեր գլխավերևով, Խեցգետնուկը լեղապատառ իրեն նետեց ծովը, որ լողա դեպի իր ապահով կղզին:Պարզապես նա էլ ինձ պես չէր ուզում այդ ծովահրեշի երախն ընկնել: Նա լողաց հեռու, և ես նրան այլևս չտեսա: Իսկ ծովահրեշը դեռ շարունակում էր կատաղի հարվածներ հասցնել սուզանավին՝ կարծես սպառնալով ինձ խորտակել: Եվ զարմանալին այն էր, որ նա հայտնվեց հենց այն պահին, երբ Խեցգետնուկը կարթալարը նետեց ծովը: Ուրեմն ենթադրեցի, որ ծովահրեշը գուցե ծովային հսկիչ է և փրկում է թափառող ձկներին մեր վտանգավոր հյուրսիրությունից: Իսկ սառը ամպը, որ արձակում է իր մեծ երախից, երևի ծովագնացներին մոլորեցնելու համար է: Շուրջս այլևս ոչինչ տեսանելի չէր, միայն նրա զարհուրելի ձայնն էր լսվում: Ես այլևս չունեի Խեցգետնուկի պես ընկեր, ոչ էլ՝ ծովում կամ ցամաքում ողջ մնալու հույս: Միակ բանը, որ ունեի, սարսափն էր, բայց դա էլ մեծ բան էր անծայրածիր, բաց ծովում, քան ոչինչ չունենալը: Չսպասելով այլևս ոչ մի հրաշքի, որոշեցի վերջապես սուզանավի փեղկերը փակել ու սուզվել: Եվ հենց այդ ժամանակ էլ պատահեց անսպասելին: Ծովահրեշն իր մեծ երախով կուլ տվեց ինձ էլ, սուզանավն էլ, մայրիկին գտնելու երազանքն էլ: Ես ոչինչ չէի զգում այլևս: Անզգայնության րոպեներ էին: Ու վստահ եմ, եթե նույնիսկ աշխարհն էլ պայթեր, ես մի քանի րոպե ոչինչ չէի զգալու…
Ծովային առաքիչը
Տարիներ առաջ ես հայտնվեցի մի ցուրտ ու կիսախավար աշխարհում, որտեղից քիչ էր մնում անհետանայի: Երբ հսկա ծովահրեշն ինձ կուլ տվեց, իր կոկորդի մութ ու նեղլիկ թունելով սահեցի ներքև և ուժգին ճլմփոցով ընկա իր ստամոքսի խոր ջրհորի մեջ: Սկզբում անսովոր սառնությունից բացի հնարավոր չէր բան զանազանել: Թե կուզեք իմանալ ստամոքսի եղանակը, դա էլ ասեմ: Իսկական հունիսյան ձմեռ էր, տարվա հինգերորդ եղանակը, որ ցամաքում երբեք չի լինում: Իսկ հետո, երբ ծովահրեշի նեղլիկ կոկորդից մի աղոտ լույս թափանցեց ներս, քիչ էր մնում, վախից խելագարվեի, որովհետև իմ անորոշ հարցերին պատասխան գտնելու փոխարեն, տեսածս ինձ ավելի շփոթեցրեց: Երբեք մտքովս չէր անցնի, որ ինձ կուլ կտա մի հսկա ծովահրեշ, որ ես կհայտնվեմ նրա որովայնում բլթբլթացող սառը գոլորշու մեջ և ինչպես վեր տնկված իմ մազերիցս ենթադրեցի՝ առաստաղից կախված: Նշանակում է՝ ջրհորը թարս է: Եվ չկար խելքը գլխին ոչ մի տրամաբանական պատասխան իմ տեսածին: Միգուցե ծովահրեշը ինքնաթիռի արագությամբ ինձ տանում էր այնտեղ, որտեղ վաղուց երազում էի լինել: Իսկ բլթբլթացող սառը գոլորշին գուցե նրա համար էր, որ մարմինս դիմանար ծովի այդ խորությանը ու չբաժանվեր միլիոնավոր մասերի: Առանց հետևանքների մասին մտածելու՝ ես որոշեցի ինքնուրույն գլխիս ճարը տեսնել ու առաստաղից կախված՝ լողացի դեպի ամենամոտ անկյունը, որ մագլցելով բարձրանամ վեր: Երբ վերջապես ձեռքերով շոշափեցի որովայնի պատերը, մնացի ապշած՝ հասկանալով, որ ծովահրեշի որովայնը ներսից քարից է ու մի քիչ էլ մամռակալած: Նշանակում է՝ քարերը շատ հին են, մոտավոր տարիքով գուցե ծովի չափ հին: Նշանակում է՝ ես իրավունք ունեմ ենթադրելու, որ ծովահրեշը հենց այն պեպենոտ հսկայի հոգին է, որ տխրությունից ցամաքել ու քարացել էր: Միգուցե ենթադրությունս ձեզ անմիտ թվա, բայց հավատացեք, հենց այդպես էլ կար: Երբ ծովահրեշը հրթիռի արագությամբ վայրէջք կատարեց դեպի ամենախոր իջվածքը, ես առաստաղից պոկվեցի ու թարս ջրհոր հետ սահեցի ներքև: Թվում էր՝ այդպես բանտված էլ պետք է մնայի իր քարե ստամոքսում ու չափազանց տխուր էի այդ մտքից: Եվ ահա հենց այդ ժամնակ էլ կատարվում է անսպասելին: Ծովահրեշը ասպետություն է ցուցաբերում ու բլթբլթացող մառախուղի հետ ինձ դուրս է փչում իր երախից: Այս ու այն կողմ գլորվելով՝ մի կերպ փորձում եմ ոտքի կանգնել ու որոշել օդը, որ ոչ ջրային է, ոչ էլ թթվածնով լի: Այն մի թափանցիկ սառնություն է, որ քեզ միշտ օդի մեջ է պահում: Ես կամաց-կամաց սկսկեցի ընտելանալ անսովոր միջավայրին, շնչառությունս էլ գտա ու տիեզերագնացի պես օդում լողալով՝ շարժվեցի առաջ: Պարզվում է, ժամանակն այստեղ շատ դանդաղ է անցնում: Այնքան դանդաղ, որ ջրային կրիան երբ ձու է ածում, ձվի վայրէջքը տասը րոպե է տևում: Դիմացս գիշատիչ կորալներն էին: Նրանք բաց երախով ծաղկել ու սպասում էին իրենց զոհին: Հետո ջրային քաղաքը կենդանացավ, լուսավորվեց ու փողոցները լցվեցին մեծ ու փոքր գունավոր բնակիչներով: Փողոցի ամենախուլ անկյունում մի ապակեպատ շինություն նկատեցի: Այնտեղ կողք կողքի դասավորված էին մարդկանց ջուրը գցած լավությունները: Ամենավերջին շարքում ծովահեն Խեցգետնուկն էր, ում փրկել էի խորտակվող կղզուց: Նշանակում է ես էլ մի մեծ լավություն էի արել ու ջուրը գցել: Այնքան ուրախ էի նրան ողջ ու առողջ տեսնելով: Ուրախ էի նաև իր տեսքի համար, որ առաջվանից լավ էր և այլևս կարմիր չէ: Նշանակում է՝ ամոթալի արարքներ այլ չի գործում: Փողոցի ամեն անկյունում մի զարմանահրաշ տեսարանի էի ականատես լինում և վստահ էի, որ շուտով մորս էլ կտեսնեմ: Մի կուշտ լաց կլինեմ ու կպատմեմ, թե ոնց էինք հայրիկի հետ ամեն օր նրան փնտրում: Հայրս էլ քաջալերում էր ու մրցանակ կոնֆետներ տալիս, որոնք այդպես էլ չկարողացա ուտել: Ու թափառելով անծանոթ փողոցներով՝ հերթով մտաբերեցի այն արկածները, որոնց միջով անցել եմ: Քիչ անց մի ծանոթ ձայն կանչեց: Մարմնովս դող անցավ: Շրջվեցի: Մայրս էր… Եվ Աստված վկա աշխրահիս երեսին դեռ չկա իմ զգացումին բնորոշ այն բառը, որ այդ պահին ապրում էի: Ես նրան գտա ճիշտ այն տարիքում, որ տարիքից կորցրել էի: Եվ կարևորը հասկացա մի բան, որ առաջ երբեք մտքովս չէր անցել: Երբ երազանքդ իրականություն է դառնում, երբ լցվում ես բառերով ու ներսդ երջանկությունից խուտուտ է գալիս, ասելու այնքան քիչ բան է մնում: Մենք երկար գրկվեցինք, ու դա երազ չէր, ես նրան կենդանի էի ապրում: Մենք երկար ժամանակ լուռ էինք, մեկս մյուսի գրկում ջերմության լեզվով էինք խոսում: Հետո նկատեցի, որ առաջվա պես եռանդուն ու հմայիչ է, ամենաիսկական մայրիկն է , դրա համար էլ ծովահրեշը հենց նրան է փախցրել, որ ունենա աշխարհի ամենաբարի մայրիկին:
-Տեսնու՞մ ես այս գիշատիչներին,- հարցրեց մայրս,- մենք որսում և ուտում ենք նրանց, դրա համար նրանք էլ մեզ են ուտում: Եվ միմյանց ուտելու այս պայքարը վերջ չունի: Իսկ դա լավ չէ: Ծովահրեշն էլ այս պեպենոտ հսկայի հոգին է: Ես նաև նրա մայրն եմ:
Ծովահրեշը նայեց մեզ ու ժպտաց: Եվ հենց այդ ժամանկ ես նրա դեմքին հատիկ-հատիկ ուրվագծեցի այն քարակերտ հսկայի պեպենները: Հետո մայրս պատմեց, որ ծովահրեշը աշխարհի բոլոր լավությունների առաքիչն է: Մարդիկ լավություն են անում, գցում ջուրը ծովահրեշն էլ վերցնում, խնամքով դասավորում է այն ապակե թանգարանում: Հետո մայրս նրան անհասկանալաի լեզվով ինչ-որ բան խնդրեց: Ծովահրեշը լուռ հնազանդվեց ու որոշեց մեզ կուլ տալ: Ու ջրային վերելակի պես իր երախում բարձրացանք վեր: Մտքովս չէր անցնի, որ նա մի օր մեզ բաց կթողնի այնտեղ, որտեղ մեզ սպասում է ծեր ու հսկա ամպը: Եվ ինչքան զարմացա, երբ պարզվեց, որ մայրիկը բուժել է նրա տխրությունը և այլևս մնալու կարիք չկար:
Այդ պահին ես հավատացած էի, որ մորս բարության շնորհիվ Հոնգորա ծովը շուտով կդառնա աշխարհի միակ քաղցրահամ ծովը, որովհետև հսկայի հոգին արդեն ժպտում էր, իսկ ուրախությունը միայն քաղցրահամ արցունքներով են լալիս…