Սոնա Համբարձում | Մեկ ու կես հաց

Ավելի քան ութ ամիս շրջափակված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ քաղաքի փողոցները երեկոները ծանրաբեռնվում են, ավելի կոնկրետ մայթերը լեփ լեցուն են դառնում՝ մարդիկ հավաքվում են հացի փուռերի, վաճառակետերի առջև։ Երեք ամիս է խանութներում ոչինչ չեն վաճառվում, բանջարեղենն ու միսն այնքան հազվադեպ են ստանում, որ հերթերն աննկատ են լինում: Վառելիքի սղության պատճառով հացը վաճառվում է միայն թխելու վայրերում, բացառապես մի քանի կետերի, որոնք ստանում ու վաճառում են՝ այն էլ շատ քիչ թվաքանակով: Կեսգիշերին հացի փուռերի կամ վաճառակետերի մոտակա փողոցի բնակիչներից մեկը թուղթ ու գրիչով մոտենում և հերթագրում է հավաքվածներին, որպեսզի առավոտյան նույն ցուցակն ընթերցելով հացը գնեն:
-134, արդեն կնոջ հերթ է,-ասաց հերթագրողը։
Չգրված կարգ է՝ երեք կնոջ, երկու կամ մեկ տղամարդու անուն են գրում։
-Իմ հերթն է,-հազիվ հրմշտելով առաջ է գալիս մի կին,-հինգ երեխաներս քնած են արագ գրեք, գնամ։
Չնայած ոչ ոք համոզված չէ, որ այդ թվերի հերթը կգա, ագրեսիվ ամբոխը խղճաց կնոջը՝ 1624-րդն է։
Էլիզան ափի մեջ ամուր սեղմեց իր հերթի թուղթը՝ 2023, ինչպես այս թվականը։ Հեռանալով հացի հերթագրվողների աղմուկից` քայլերի տեմպը թուլացրեց։ Նրա աչքերից հոսում էին անհույս արցունքները՝ հիշեց ինչպես է 3 տարի առաջ ռումբերի դղրդյունի տակ ու ծխացող տների կողքով կիսավազելով անցել այս նույն փողոցներով, շնչակտուր, սպանելով արցունքները, որպեսզի կարողանա կարդա զոհերի ու վիրավորների ցուցակը, շախմատի դպրոցից հասել է հանրային հեռուստատեսության շենք /մոտ 3 կիլոմետր/, շունչ հավաքել՝ քիչ մնաց, հասել՝ զինվորական հոսպիտալ ու դողացող մատը սահեցնելով ընթերցել բոլոր անունները։
-Արմեն Վարդանյան, Արմեն Ս..,-փակեց աչքերը, վախով մտածեց որ որդին է, ուժ հավաքեց և կրկին բացեց աչքերը,- Սարդարյան,- ուրիշի որդին է՝ լացեց բարձրաձայն։
Այդ ցուցակներում Սարումյան Արմեն չկար, չկար նաև հանրապետական հիվանդանոցի ցուցակներում։
2020 թվականի 44-օրյա պատերազմում որդին 19 ամսվա ժամկետային զինծառայող էր /ծառայության ավարտին 5 ամիս/՝ Եղնիկներ կոչվող լեգենդար դիրքում՝ որպես հետախույզ։ Ահա, 30-րդ օրն է լուր չուներ տղայից, իսկ Ստեփանակերտ քաղաքը տնքում էր վիրավորների ձայների ու զոհերի լռության մեջ։
Նա հիշեց՝ այդ օրը 1992-ին էր հոր զոհվելու լուրը ստացան, տան երեք երեխաներն իրար գրկած լաց եղան, մայրը զրկվեց իր ընկերոջից: Ընտանիքի հայրը, տերը նահատակ դարձավ՝ հանուն երկրի ազատության։ Նա հիշեց՝ մի օր փոքր քույրը դպրոցից չվերադարձավ: Մոր և եղբոր հետ փնտրեցին թոնրատանը, անասնագոմում, նկուղում՝ չգտան: Հեռվից տեսան տատը գոգնոցը բռի մեջ հավաքած շնչակտուր վազում էր դեպի իրենց.
-Լուսո՜ն, Լուսինեն գերեզմանոցում էր, հոր հողի վրա պառկել ու քնել էր,- ձեռքում ճզմած գոգնոցը մոտեցրեց ճակատին ու մաքրեց քրտինքը,- պապիկը տուն բերեց՝ չանհանգստանաս:
Գերեզմանոցը գյուղի մյուս ծայրում էր, Էլիզայի տատիկի տան դիմաց: Այդ օրվանից տնից փախչող փոքր քրոջ գտնվելու վայրը հայտնի էր՝ հայրիկի ջերմությունն էր փնտրում հողի մեջ: Մոր դողացող ու չարցունքվող հայացքում Էլիզան հուսալքություն չէր տեսնում. դա նրան ստիպեց խոստանալ ինքն իրեն ուժեղ լինել ու չվախենալ պատերազմից:
Փողոցի լապտերներն անջատվեցին, մութի մեջ շարունակում էր քայլերը՝ հացի փուռը տնից 5 կիլոմետր էր հեռու։ Ավելի մոտ գտնվողները արդեն չէին աշխատում: Աչքերն անընդհատ շենքի անկյուններում է՝ գուցե ուրիշ փուռ գտներ, այս հերթական համարով դժվար հաց հասներ նրան։ Տուն հասավ գիշերվա 3-ին, ուրիշ փուռ չէր գտել։
Հարևանուհու բարձր գոռգոռոցը քնել չէր թողնում։
-Էհհ, Մարինա, ինչո՞ւ չես բժշկի գնում, ախր և մեզ ես խանգարում, և փոքրերիդ,-փակ աչքերով մրթմրթաց Էլիզան։
Մարինան 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ Մարտակերտի շրջանի օկուպացված Մատաղիս գյուղի բնակիչ էր, այս շրջափակման առաջին իսկ օրվանից խնդրում, հիմա էլ ստիպում է ամուսնուն Երևան ուղարկել իրեն ու հինգ անչափահաս փոքրերին, այլևս չի կարողանում հերթերում կանգնել, նույնիսկ գումարը չէր հերիքում։ Երեխաները սոված էին, ինքն էլ նյարդերից օրեցօր քաշն էր կորցնում։ Զինվորական ամուսինը շաբաթվա մեջ հազիվ երկու գիշերն էր հասցնում տուն գալ՝ այն էլ ստիպված լսում է կնոջ բողոքները և համբերատար փորձում հանգստացնել նրան։
Հեռախոսը զնգաց՝ զարթուցիչն էր։ Էլիզան հագնվեց, առանձնակի մտածելու բան չուներ իր ամենօրյա դրսի հագուստն է. երկամյա տաբատը և չորսամյա շապիկը, կոշիկները նոր էին՝ ապորտային, հազվադեպ էր հագնում, բայց բլոկադայի օրերին ստիպված էր հագնել՝ գնեց։
Տնից դուրս եկավ աննկատ, առավոտյան 7-ն էր՝ երեխաները չարթնանան։ Աստիճաններին հանդիպեց Մարինային:
-Բարև:
-Դու էլ ե՞ս հացի փուռ գնում,-կիսաբարկացած հարցրեց Մարինան։
-Ի՞նչ անեմ, երեկ առանց հաց ենք մնացել, աղջիկս ամբողջ գիշեր չի կարողացել հերթագրվել։
Քայլում են նույն փուռի ուղղությամբ։
-Իսկ Ալիևն ասում է, որ ճանապարհը բաց է, մենք էլ սոված ուժասպառ ենք լինում այստեղ, հաց, լոլիկ, կարտոֆիլ, ամեն ինչ հերթով ու ահավոր թանկ, ճաշ պատրաստելու համար էլ էլեկտրականության գրողի տարած գրաֆիկին պիտի հետևեմ՝ առավոտյան 9-11-ը, 15-17-ը, 21-23-ը լույս չկա, հաջորդ օրը այլ ժամերի չկա, ի՞նչ ենք անելու հետո, հետո՛, ավելի հետո- հիվանդագին անհանգստությամբ ասաց Մարինան ու հանկարծակի կանգնեց:
Նա նայեց շուրջբոլորը, ձեռքերի օգնությամբ, հանգիստ նստեց գետնին ու բարձրաձայն լաց եղավ.
-Եթե այս անգամ էլ հաց չտանեմ, երեխաներս ոչինչ չեն ունենա նախաճաշելու։
-Հանգիստ, ես քեզ հետ եմ, այսօր կառնենք,-զուսպ հուզմունքով ասաց Էլիզան։
Կես ժամ անց արդեն լուռ քայլում էին, ամեն մեկն իր մտքում աղոթում էր՝ Տեր, գոնե շատ ալյուր լինի ստացած այդ փուռը, շատ հաց թխեն ու հասնի բոլորիս։
Հացի փուռը շրջապատված էր բազմաթիվ մարդկանցով, մինչ բլոկադան թաղումների ու հարսանիքների ժամանակ են այդքան մարդ հավաքվում միմյանց մոտ:
-Այսօր շատ են ստացել ալյուրը,-լսվեց մեկի ձայնը:
-Վաղվանից հաց չի լինելու դրա համար, վերջին ալյուրն է,-ասաց մյուսը:
Էլիզան, այդ կողմնակի ձայներից հասկացավ, որ 4 օր առանց հաց է լինելու Ստեփանակերտը: Ադրբեջանն ալյուրի օգնություն է ուղարկելու Ակնայի ճանապարհով, որպեսզի հետո բացի նաև Լաչինի միջանցքը:
-Տե՛ր, գոնե այսօր մեզ հաց հասնի,-աղոթեց նա:
Ժամեր անց հերթը հասավ:
-2023 Էլիզա, – կարդաց հերթագրողը:
-Այո, ես եմ, երկու հաց:
-Ցավոք, ոչ, մեկական ենք տալիս, չի հերքում:
Գնեց մեկը, Մարինան ևս գնեց: Տխուր էին, բայց գոհ, որ գոնե այդ մեկն էլ կարողացան ունենալ: Էլիզան կիսեց իր հացը.
-Վերցրու Մարին, քո ընտանիքը մեծ է:
-Աստված իմ, կուզենայի ասել չէ, ախր քո տղան էլ սահմանն է պահում, որ իմ երեխաները կարողանան մեծանալ, բայց կուզենայի ընդունել,- դողալով ասաց Մարինան:
Երբ տուն հասավ, Էլիզան կես հացը դրեց սեղանին, պառկեց անկողնում, գրկեց բարձը և բարձրաձայն լացեց: Աղջիկն ու տղան խեղճ հայացքներով նայեցին մորը: Հանգստանալով վեր կացավ անկողնուց, նստեց ու անտարբեր ասաց.
-Պետք է մի բան մտածել, ասում են 4 օր հաց չի լինելու, ջեռոց չունենք, էլեկտրական ինքնաշեն պլիտան թույլ է աշխատում, ալյուր նույնպես չկա ու չի էլ վաճառվում,- մտատանջ լռությունից հետո, ծանր հոգոցով շարունակեց,-մի խոսքով, եկեք չընկճվենք ու առանց հացի ուտենք ինչ-որ կա, մենք պիտի հաղթահարենք, երկար չի տևի, աղոթենք, որ երկար չտևի:
Հուսադրել ստացվեց, նա ուժեղ կին է, վստահ ձայնով ու ազդեցիկ արտաքինով:
Չիրականացված երազանքներ շատ ուներ, դրա համար ամեն ինչ անում էր, որ երեխաները կարողանան նպատակներ ու երազանքներ ունենալ և իրագործել դրանք: Երբ դպրոցը նոր էր ավարտել երազում էր բժիշկ դառնալ, սակայն բժշկականի համար պետք է Երևան գնար, վարձով ապրեր և ուսման թանկ վարձ վճարեր, իսկ նրա այրիացած մայրը չէր կարող դա ապահովել: Բավարարվեց Ստեփանակերտում բժշկական քոլեջ ընդունվելով, այստեղ մոտ էր գյուղից, նաև քաղաքաբնակ մորաքրոջ տանը կմնար: Վերջին կուրսի ուսանող էր՝ ամուսնացավ: Ամուսինն արգելեց նրան սովորել, ասաց, որ ինքը հոգ կտանի ընտանիքի մասին, սակայն մի քանի տարի անց ամեն ինչ խառնվեց: Ամուսինն ընտրեց ալկոհոլն ու թափառումները, իսկ նա մեծացրեց երկու երեխաներին՝ աշխատելով ամեն տեսակի սովորական ոլորտներում, բացի բժշկությունից:
Նա այսօր էլ հուսադրեց ու հուսադրվեց…
Առանց հացի չորս օրերն անցան մեռելային լռության քաղաքում: Լուսացույցները չէին աշխատում, քանի որ վառելիքի չկար ու մեքենաներն էլ հազվադեպ էին: Անգամ միջքաղաքային տրանսպորտ չէր աշխատում, երբեմն գյուղից եթե որևէ օգնություն էին բերում Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցի, հիվանդանոցների համար, այդ դեպքում էր միայն մայրը կարողանում խնամքով փաթաթած կտորների մեջ մի քանի ձու և կարտոֆիլ ուղարկել:
Ամեն ինչ վնասվել է շրջափակման պատճառով, ամեն ինչ խեղաթյուրվել է:
-Գերեզմանոց գնում ենք առանց ծաղիկների, գյուղ գնալն անթույլատրելի ճոխություն է, խանութներում քաղաքապետարանից տրամադրված տեխնիկական աղն են վաճառում, արդեն սովորականից 100-ապատիկ թանկ ու դեռ անհրաժեշտ է եփել, որ կերակրի աղի վերածվի: Երևի մտածում են, որ ձմռանը ևս ավտոների շարժ չի լինելու, ճանապարհներին աղ ցանելու անհրաժեշտություն ևս չի լինելու՝ հիմա վաճառում են, որ գոնե հացը աղով թխենք, կերակրի մեջ օգտագործենք: Բայց էլի լավ է, ապրում ենք, -viber-ով ժպտում է երևանաբնակ քրոջը,- մի անհանգստացիր, լոլիկ ու վարունգ ենք ուտում նախաճաշին, մորաքույրը ձեթ ու շաքարավազ է տվել, ընկերուհիս 4 գդալ սուրճ, ասում են դիմանանք, որ Ակնա-Աղդամով ճանապարհ չտանք թուրքերին, մենք էլ դիմանում ենք:
Բոլոր զանգերին զվարթ է պատասխանում, որ չանհանգստացնի բարեկամներին: Միակ օգնականն ու սրտակիցը մորաքույրն է, նրան ամեն ինչ պատմում է և նրա մոտ է կարողանում դժգոհել իրականությունից.
-Մինչև ե՞րբ կարող ենք համբերել, ոչ ձմեռային պահածոներ ունենք, ոչ էլ փայտ ու վառարան: Գիտե՞ս, մեր գործարանն էլ փակեցին՝ շիշ չկա, արդեն մրգեր էլ չկան հյութի համար:
Հինգերորդ օրը, երբ հայտարարեցին, որ յուրաքանչյուր ընտանիքի անդամի 200 գրամ, այսինքն կես հացի կտրոն են տրամադրում, Էլիզան կանգնած էր հերթում՝ իրեն հասանելիք մեկ ու կես հացի կտրոնը ստանալու համար:
Մտքերով 2020 թվականում էր, երբ եղբայրը որոշել էր ընտանիքով Հայաստան տեղափոխվել ու բոլորը նրան համոզեցին մնալ Արցախում, գյուղի տունը վերանորոգել, այգին ու արտը անմշակ չթողնել, չէ որ հայրը, մորաքրոջ ամուսինը, զարմիկը և իր որդու ընկերները հանուն հայրենիքի են զոհվել: Եղբայրը փոխեց իր որոշումը և շարունակեց ապրել հայրենի գյուղում:
Ձիու դոփյունը նրան ասես արթնացրեց, երկու հոգուց հետո իր հերթն է:
-Աղջիկներ, ճամփա տվեք այս ձիավորն անցնի, նա շատ հեռու փողոցից է գալիս, համարյա սահման է, Շուշիի հարակից տներում է ապրում,- ասաց կտրոններ տվող պետական աշխատողը:
-Գոնե ինքը փոխադրամիջոց ունի, ես էլ ոտքով պիտի տուն հասնեմ, երեկ ճնշումս իջել էր՝ ընկել էի ասֆալտին, նայե՛ք ունքիս վրա երեք կարը երեկ են դրել բժշիկները- ասաց Էլիզայից առաջ կանգնած փոքրամարմին կինը:
-Լավ է՝ վիրաբույժ կար, շատերն արդեն լքել են երկիրը, չե՞ք տեսնում որքան մարդիկ են սպասում Կարմիր խաչով Հայաստան հասնելուն, որ գոնե առողջությունը պահպանեն,-լսվեց հեռու կանգնածի ձայնը:
Էլիզան իր տեղը զիճեց այդ տղամարդուն: Կտրոնները ստացան:
Հաջորդ օրը կրկին փողոցները հերթերով ու բարկությամբ լեցուն էր: Առավոտյան շուտ տնից դուրս եկավ ու առաջին հանդիպած հացի վաճառակետում կանգնեց:
-Ո՞վ է վերջինը,-ասաց նա:
-Մի՛ սպասիր, այստեղ «ժիվոյ օչրեդ»՝ կենդանի հերթ չէ, մենք հերթագրվել ենք,- ասաց հացավաճառին ամենամոտ կանգնածը:
-Դեռ առավոտ է, կարծում եմ, ուրիշ տեղ էլ կգտնեմ,- մտածեց Էլիզան ու իջավ Ստեփանակերտի դատարկ փողոցներով:
Կրկին հերթ.
– Ո՞վ է վերջինը:
– Աղջիկս, երևի հաց չհասնի մեզ, դու ջահել ես ուրիշ տեղ փնտրիր, քանի ժամանակ կա,- ասաց մի կնճռոտ ու բարի դեմքով ծերունի, որ արդեն թփթփացնելով հեռանում էր հերթից:
Ընդամենը մեկ ու կես հացի համար շրջել ամբողջ քաղաքը և սոված տուն վերադառնալն ավելի ցավոտ էր, քան հաջորդ հերթը փնտրելը, հետևաբար Էլիզան կանգնեց այլ հերթում, որտեղ նույնպես հերթագրվածների անուններ էին կանչում: Հոգնածությունն ու բարկությունը, տխրությունն ու հուսահատությունը դողացնում էին Էլիզայի երիտասարդ, բայց արդեն կոշտացած մատները, ոտքերը հաստատուն կանգնել էին հողին, ինքն իրեն զսպելու հրամանները միտքը հանգիստ չէին տալիս: Նա զուսպ ու անտարբեր սպասեց:
-Սասուն, 38-րդ համար,-հերթական մարդուն կանչեց հերթագրողը,-Սա-սուն:
Մի պահ շուրջբոլորն ուսումնասիրեց և վայրկյենական ճչաց Էլիզան.
-Մորաքրոջս տղան է, ես եմ, ահա, մոտենում եմ:
80 հոգու հրմշտելով՝ նա հասավ վաճառողի պատուհանին տվեց 500 դրամանոց կոպեկը և կտրոնը, վերցրեց 600 գրամանոց մեկ ու կես հացը: Հացն էլ բլոկադային տեսք ուներ թափանցիկության աստիճանի բարակ ու կիսասև:
Նա դուրս եկավ հերթից, արցունքները հոսեցին նրբամաշկ այտերին: Հացից հազիվ մի կտոր պոկեց ու ծամեց: Ամենօրյա շպարով էր ու հարդարված մազերով, ուղիղ մեջքն ու թեթև քայլվածքը նրա արտաքինին այնպիսի փայլ էին հաղորդում, կարծես կես վայրկյան առաջ էր իջել մերսեդեսի ղեկից ու պայուսակում դասավորված վիզա քարտերը սպասում էին հերթական ծախսերին: Նա շտապ մտավ մորաքրոջ տուն, գրկեց նրան ու հեկեկաց.
– Ինչ-որ մեկի հերթը ստիպված գողացա, հոգնել եմ փնտրտուքից, սա ավելի դաժան է, քան պատերազմում գտնվող որդուն սպասելը, սա ավելի դաժան է, քան տանտիրոջ մուննաթը, երբ ուշացնում եմ վարձը, սա անտանելի է…

09.09.2023թ.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *