Արթուր Միկոյան | Արագացրո´ւ, ասա´ հաջորդ բառդ

Ինչ-որ մեկն ստեղծել է բառերը, որ մենք կուլ չգնանք մեր լաբիրինթոսաձև հոգու ոլորապտույտներում։ Բացվող օրվա լույսերի հետ մեր բառերը թրթիռներով համբարձվում են ձայնատնից և հազվադեպ է պատահում, երբ կատաղությամբ, բարկությամբ չեն քերծոտում դեռևս քնաթաթախ մեր բառերի ներսն ու դուրսը։ Մի օր՝ սովորական թվացող մի գիշեր, երազիս եկավ խիտ սարդոստայնի մեջ նստած դալարագեղ հրապույրով կանացի ստվերը։ Նա ինձ պատմեց մի պատմություն, որի արտասովորությունից գժված՝ երազաթաղանթս ոռնալով փորձում էր պայթել։
Ստվերն ասում էր․ «Բառերը միանման օրերի հոգսերով ծածկված մանրիկ, հուշիկ քայլերի ձայնաթուրմով էին հանգստանում, երբ համր մարդկանց մոլորակաբնակների առաջին ներկայացուցիչները եկան՝ փրկելու հոգեվարքի մեջ գտնվող բառերին անճաշակ մարդկանց շիզոֆրենիայից։ Նրանք իրենց հատուկ սարքերն արագ լիցքավորելով բառերով, աննկատ ետ վերադարձան իրենց երկիր՝ ձեր մոլորակը թողնելով կատարյալ անբառության մեջ։ Անբառ հանկարծակիությամբ սարսափած մարդիկ անօգնական ծղրտում էին։ Դուք սկսեցիք նամակներով և ժեստերով միմյանց հետ խոսել այնքան ժամանակ, քանի դեռ մի այլ մոլորակում բառերն արժեզրկվեցին ու ձեր մտքի տրանզիտով ետ վերադարձան ձեզ։ Խոհեմությունն անհանգստության, վախկոտության թերի դատողություն չէ, այն մարդկային բնազդային խղճի ընտելացված գույնն է, որ շողարձակում է քաղցած շան աչքերում՝ ձեր կողմից ցուցաբերվող հոգատարության պահերին»։Կանացի ստվերն այդքանն ասաց, և ես նրա վերջին բառի հետ արթնացա։ Սկզբում վախեցա խոսել։ Կարծես ձայնս խնայողության ռեժիմ էր ընկել՝ հարգանքի տուրք մատուցելով երազիս խորհրդին։ Մտածում էի` անկարելի կլինի խոսել սրտերը կայունացնող բառապաշարով, որ սրտի կաթվածով շնչազերծվողը վերջին բառերի մեջ չդաջի անունս անեծքի խարանով։ Ուղեղումս գծագրվող տառերը բառեր էին դառնում և ցանվում դիմացիս տափաստանային դաշտում։ Ես կիսամերկ վազում էի դեպի այդ բառապատ դաշտը և թաղվում դրանց մեջ։ Ինձ թվում էր, թե բոլոր բառերը ժամադրվել են հետս և ես դարան էի մտնում՝ թռչուն բռնելու, որ հաստատեմ իմ գոյության փաստը՝ կենդասիրությամբ լցված տարաներիցս գոնե մեկը դատարկելու նրանց մեջ։ Ես թաղվել էի բառերի մեջ, որ երբեք բառերը չլքեն ինձ, որ Սատանայի բերանի բացվելուն սպասող ճանճը թողնի իր երկարամյա սպասումները և հանգստություն գտնի իմ շուրթերի վրա։ Անեզր լեռները բառախողավակներով ներսս էին խուժում և ես զարթնում էի հերթական իմ երազից, որ աչքերս բաց էի տեսնում։Անկողնուցս արագ վեր կացա, հագնվեցի ու գնացի մարդաշատ հրապարակ։ Ճանապարհին անընդհատ կմճթում էի ինձ՝ ստուգելու, որ հաստատ քնած չեմ։ Հրապարակում պատահական հավաքված խմբերի հետ զրույցի մեջ էի մտնում և կասկած չունեի, որ ամեն վարկյան հաղթում եմ անգին ժամանակին։ Շատերն ինձ գժի տեղ էին դնում, բայց ես ուրախ էի այդքան շատ բառերի մակընթացությամբ։ Աստված եգիպտացորեն էր ցանում հրեշտակների համար, իսկ երեխաս անհայտում աննկատ մեծանում էր։ Մարդիկ հարյուր հազարավոր բառեր մոռացել են բառարաններում, օգտագործելով ընդամենը մի քանի հազար բառ։ Լավ կլիներ բոլոր բառերն օգտագործեինք։ Այդ ժամանակ մենք այդքան արագ չէինք հասնի կարճատև կյանքի եզրագծին, քանզի բառերի բազմաքանակության մեջ են թաքնված հավերժության բացիլները։ Դա կլիներ շարունակական տեղաշարժ՝ տարերայնորեն ազատ անհատական հավերժությամբ։ Մտածում էի ես և որոնում իսկական նպատակից շեղված իմ ուղին՝ անհագ շփումը մարդկանց հետ։ Ոչ մի կերպ չէի կարողանում դուրս գալ երազիս ազդեցությունից, վախենում էի ընդմիշտ կորցնել բառերս։ Խրատներ էի տալիս մարդկանց խմբերին՝ բառերի անգնահատելի արժեքի մասին։ Բայց նրանք արհամարհական ծաղրանքով ինձ իրենցից վանում էին։ Դժվար է մարդկանց շեղել նախասահմանված կյանքի ստանդարտ երջանկությունից։ Բառակորուստն ինձ համար հավասարազոր էր անէության։ Ես բառն ընտելացնում էի ձայնիս, ձայնալարերիս, կոկորդիս, թոքերիս, լեզվիս, ատամներիս, շուրթերիս, բերանիս։ Այնքան լավ եմ ընտելացնում նրանց, որ նրանք անհասանելի զգայընկալմամբ ամենահավատարիմ բառաշների են վերածվում։ Բառերը բերանիցս ամեն անգամ դուրս են գալիս թեթև կլանչոցով, հաչոցով։ Եվ այդ ժամանակ բառաշներն ինձ ընդունում են որպես յուրայինի, իսկ կատուները ֆսսոցով խուսափում են ինձնից։ Զգում եմ տասնյակ հազարավոր շնաբառերի հոսքն իմ ներսում և ուրախանում, որ այլևս չեմ ապրում շարունակական ձգձգման հարատևության մեջ։ Այլևս շնաշարքա էի, ով ցանկացած հեղձուցիչ խավարում անորոշ կետերին հենված գոհունակության ակորդներ կգտնի։ Քանի~ հազար բառաշնատեսակ ունեմ։ Դեռ բազմամարդ հրապարակում եմ։ Թիկունքումս՝ գետնին նստած, ծեր մարդը թզբեխը հանելով ծոցից՝ սկսեց արագ մատներով խաղացնել։ Մատների արագ խաղը մի պահ օդը կագնեցրեց՝ մարդկանց շարժը ենթարկելով իր մատների ռիթմիկ համահնչունությանը։ Մարդիկ սկսեցին մեծ շրջան կազմել և միմյանց ուսերի կագնել։ Կարծես «Բերդ» պարն էին ցուցադրում։ Շրջանասյունը բարձանում էր` 2, 3, 4, 5, 6, 7 …: Անհասկանալի էր` ինչպես են ներքևինները դիմանում այդ ահռելի ճնշմանը։ Շրջանասյունն այնքան մեծացավ, որ նմանվեց մեծ երկնաքերի։ Պառավն անընդհատ աղոթամրմնջում էր․ «Աստվա´ծ, տո´ւր մեզ հողի ժպիտը»։ Շրջանասյունն աստիճանաբար կորավ երկնքում՝ դատարկելով մարդկանցից ամբողջ հրապարակը։ Հողը գունաթափվեց, շիկացավ ու շրջանասյունը պինդ մեխի նման խրթալով մտավ գետնի տակ՝ իր ետևից թողնելով մի անհատակ անդունդ։ Ծերունին չքվեց։ Չէ, էս է, անդունդի եզրին է։ Վազեցի նրա մոտ։ Նա ինձ տեսնելով՝ արագ թզբեխը շպրտեց բերանիս մեջ։ Թզբեխը կուլ գնաց։ Նա թռավ անդունդը։ Նայեցի նրա գահավիժմանը։ Դալարագեղ կանացի ստվերը պատին ծածանվեց. «Եթե անդունդի հատակը սպասում է մարդու հետ գրկախառնմանը, դա չի նշանակում, որ այնտեղ սերն է իշխում։ Նա պարզապես միօրինականության ձանձրույթից հոգնած՝ ուզում է յուրաքանչյուր ինքնասպանի միջոցով աշխարհի թարմ պատկերները, ձայները, տրամադրությունները վերցնել։ Մարդու ինքնասպանությունն անդունդի հատակի հրճվանքն է։ Անդունդի հատակին վերջին շնչում գտնվող ինքնասպանը զգում է այդ հրճվանքն ու վերջին անգամ երջանկությամբ է փակում աչքերը։ Մեզ ինչ կա․ մեր ականջներն անսահման ձայնագրման ստուդիաներ են, աչքերը՝ տեսագրման»,- ինձ հարազատ, հանգստացնող ձայնով ասաց նա՝ ձուլվելով աչքերիս շողերի մեջ։ Գլուխս ետ քաշելով անդունդից, մի կերպ կոկորդումս մարսելով իրականության աբսուրդի զգացողությունը՝ գնացի տուն։ Սոված էի, եթե չուտեի շնաբառերը, արդեն շները, իրենց կլանչոցներով, կաղկանձներով այնքան կխնդրեին ինձ, որ արագ սնվելուց սիրտս կխառներ։ Հետևաբար պիտի ուտեի, որ չտեսնեի փսխուքիս մեջ խեղդվող իմ սիրելի շներին։ Ես հիմա անընդհատ շփոթված եմ, որովհետև շներն իմ կուլ տված թզբեխը կրկնօրինակելով բազմացրել են և օր ու գիշեր ներսիս պատերի տակ նստած՝ ծերունաբար թաթերի մեջ խաղացնում են այն և ես հազիվ եմ հասցնում հետևել հաճախակի փոփոխվող իրականություններիս անկանխատեսելի, խելակորույս ընթացքին։

27.10.2018

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *